Սկսվեց․ Բաքուն միացավ “խաղին”

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 12-ին՝ ժամը 10։05-17:50-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»։

Հայաստանում քաղաքական “բյուրեղացման” ֆոնին Բաքվի “միջամտությունը” սպասելի էր։

Փաշինյանը ժողովրդին պատերազմ է հայտարարել. Պարույր Հայրիկյան

«Ազգային ինքնորոշում միավորումը» հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«ԱԻՄ-ը խստորեն դատապարտում է 2024 թ.-ի հունիսի 12-ին Ազգային Ժողովի դիմաց խաղաղ ցուցարարների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով կիրառված զանգվածային բռնությունները, մարդկանց խոշտանգումները եւ մեր իրականության համար աննախադէպ մարդկանց առևանգումները։

Իր հակաօրինական գործունեությամբ՝ Հայաստանը ոչ իրավական պետություն դարձրած Նիկոլ Փաշինյանն ու իր «կոռուպցիոն հանցակիցները» այս գործողություններով արդեն բացահայտ պատերազմ հայտարարեցին հայ ժողովրդին, եւ մեր բոլորի պարտքն է միահամուռ ոտքի կանգնել հանուն երկրում իշխանությունը իրական տիրոջը՝ քաղաքացիներին՝ ժողովրդին վերադարձնելու բարձր նպատակի»։

Փաշինյանը Տեր-Պետրոսյանի իշխանությունը կղերաֆեոդալական էլիտա անվանեց

2019 թ

Ազգային ժողովի նիստում այսօր Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ կրկնեց իր այն թեզը, թե միջազգային հանրությունն Արցախը ճանաչել էր Ադրբեջանի մաս։

Նա կրկնեց, որ 1996 թվականի դեկտեմբերի 3-ի Լիսաբոնի գագաթնաժողովում ձեւավորվել էր կոնսենսուս մինուս մեկ իրավիճակ, որտեղ մինուս մեկը Հայաստանն էր։

«Միջազգային հանրությունն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի հիման վրա, եւ ԼՂ-ն պետք է բարձր կառավարման կարգավիճակ ստանա Ադրբեջանի կազմում։ Ես այս մասին այսքան ժամանակ խոսում եմ, ճիշտն ասած, երեկ իմ շրջապատի եւ միջավայրի անձանց շրջանում մի փոքր հարցում անցկացրի, պարզաբանելու՝ արդյոք նրանք ծանո՞թ են այն փաստաթղթին, որի վրա ես արդեն երկու տարի հղում եմ  անում։ Ու հետո զարմանքով արձանագրեցի, որ այդ փաստաթուղթը, որը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ըստ էության միջազգայնորեն ընդունված սահմանադրությունն է, մեր իրականության մեջ ընթերցված չէ։ Ես հիմա կկարդամ այդ թուղթը, որը գործող նախագահողի հայտարարությունն է 1996 թվականի ԵԱՀԿ գագաթնաժողովի արդյունքներով։ Այդ ժամանակ եղել է Շվեյցարիայի արտգործնախարարը։ Մեջբերում եմ՝ թարգմանած հայերեն․ «Դուք բոլորդ գիտեք, որ վերջին երկու տարիների ընթացքում որեւէ առաջընթաց ձեռք չի բերվել՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եւ Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության խնդիրը։ Ցավում եմ, որ Մինսկի համաժողովի համանախագահների ջանքերը՝ համաձայնեցնելու կողմերի տեսակետները կարգավորման սկզբունքների շուրջ, հաջողության չեն հասել։ Երեք սկզբունքները, որոնք պետք է դառնան ԼՂ հակամարտության կարգավորման մաս, առաջարկվել են Մինսկի խմբի համանախագահների կողմից։ Այդ երեք սկզբունքներին աջակցում են Մինսկի խմբի բոլոր անդամ երկրները։ Այդ սկզբունքներն են՝ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, ԼՂ իրավական կարգավիճակ՝ արտացոլված ինքնորոշման վրա հիմնված համաձայնագրում, որը Լեռնային Ղարաբաղին կշնորհի ամենաբարձր աստիճանի ինքնակառավարում՝ Ադրբեջանի կազմում։ Լեռնային Ղարաբաղի եւ նրա ողջ բնակչության անվտանգության ապահովում՝ ներառյալ կողմերի կողմից փոխադրաձ պարտավորություն՝ երաշխավորելու համապատասխանությունը կարգավորման սկզբունքներին։ Ցավում եմ, որ մասնակից պետություններից մեկը՝ Հայաստանի Հանրապետությունը չկարողացավ սա ընդունել։ Այդ սկզբունքներին աջակցում են մասնակից բոլոր պետությունները, ԵԱՀԿ բոլոր պետությունները։ Այս հայտարարությունն ընդգրկվելու է Լիսաբոնի գագաթնաժողովի փաստաթղթերում»»։

«Սա ԼՂ խնդրի կարգավորման միջազգայնորեն ընդունված սահմանադրությունն է։ Սա նշանակում է, որ հայկական իրականության մեջ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ հասկացությունը սխալ է հասկացվել։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը նշանակել են, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Իսկ հայկական իրականության մեջ այս ամենը սխալ է հասկացվել, որովհետեւ 1996 թվականից հայ հանրությունը հասանելիություն չի ունեցել այդ փաստաթղթին։ Հայաստանի կղերաֆեոդալական էլիտան, Լիսաբոնի փաստաթուղթը թաքցնելով եւ նենգափոխելով, ԼՂ հարցն օգտագործել է՝ Հայաստանում իշխանությունը զավթելու եւ պահելու համար»,- հայտարարեց նա։

Հիշեցնենք, որ 1996 թ․ ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթնաժողովի հայտարարության վրա վետո է դրել այն ժամանակ նախագահող Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը 2022-ին Փաշինյանին “պատուհաս” է անվանել։

Փաշինյանը հայտարարեց հաջորդ երեք քայլերի մասին

Երեկվա հայաստանյան իրադարձություններից հետո քննարկման հիմնական թեման բախումներն են, ուժի կիրառման համաչափությունը և ծեծկռտուքը խորհրդարանում։ Բայց ակնհայտ է, որ այս ամբողջ կոշտ խաղը նպատակ ուներ ապահովելու, որ խորհրդարանում հնչեն այն ծրագրերը, որոնք Հայաստանի կառավարությունը մտադիր է իրականացնել Փաշինյանի գլխավորությամբ  մոտակա ժամանակներս։

Երբ փողոցում մարդիկ պահանջում էին նրա հրաժարականը, Փաշինյանը երեք կարևոր հայտարարություն արեց․

Սահմանազատումը և հաղորդակցությունների բացումը տեղի կունենա մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Սա նշանակում է, որ Փաշինյանը պատրաստ է անգամ վաղը բացել սահմաններն ու ճանապարհները՝ իմանալով, որ ներքին ընդդիմությունը դա չի վիճարկելու։ Այնպես, ինչպես ընդդիմությունը չդիմեց իրավական և քաղաքական քայլերի՝ բողոքարկելու «սահմանազատման» քողի տակ իրականացված հայկական հողերի հանձնումը։ «Սահմանազատումից» և հաղորդակցությունների բացումից հետո «խաղաղության պայմանագիրը» կդառնա կապիտուլյացիայի ակտի ամրագրում և կստորագրվի Բաքվում։

Մինսկի խումբը փաստացի չի գործում, ՀԱՊԿ-ը փուչիկ է, բայց մենք դեռ այնտեղից չենք հեռանա։ Սա նշանակում է, որ Փաշինյանը վերջ է դնում արցախյան կարգավորման և Հայաստանի սահմանների որոշման միջազգային ձևաչափին՝ այն ԵԱՀԿ մակարդակից տեղափոխելով ՀԱՊԿ “փուչիկ” մակարդակ։ Միջազգային  կաչաղակները սկսեցին գոռալ, իբր Փաշինյանը հայտարարել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, սակայն Հայաստանի ԱԳՆ-ն անմիջապես պարզաբանեց, որ Փաշինյանն ընդհանրապես չի խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։ Հայաստանի ԱԳՆ-ն միաժամանակ չի պարզաբանել, թե արդյոք Փաշինյանը ընդունել է Ալիևի առաջարկը՝ դիմելու ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի մանդատը հետ կանչելու պահանջով։ ԱԳՆ-ի լռությունը նշանակում է, որ հենց դա էլ լինելու է։

Դեռ 2018 թվականին ես պիտի հայտարարեի, որ Ղարաբաղը Ադրբեջան է։ Փաշինյանն առաջին անգամը չէ, որ նման հայտարարություն է անում, բայց երեկ դա հնչեց որպես հաջորդ քայլի նախերգանք՝ Ալիևի հետ գնալ “Խանքենդի” և Շուշիում ընտանեկան թեյախմություն անել։

Ցուցարարները, ովքեր անկեղծորեն փորձում են փոխել իրադարձությունների այս ընթացքը, չեն արձագանքում Փաշինյանի հրամայական հայտարարություններին՝ դրանով իսկ ապահովելով այդ ծրագրերի անխոչընդոտ իրականացումը։

Նաիրա Հայրումյան

Փաշինյանը հայտարարեց, որ Բելառուս չի այցելի, քանի նախագահը Լուկաշենկոն է

«Արձանագրում եմ, որ ես այլեւս երբեք Բելառուս չեմ այցելի, քանի Բելառուսում նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Եվ այս պահից ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի ընդհանրապես»,- այսօր ԱԺ նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին՝ Փաշինյանն ասաց․ «ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարում է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, հավատացել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Բա դրանից հետո ես պետք է գնամ, Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հարց քննարկե՞մ։ ՀԱՊԿ հետ կապված՝ կարո՞ղ է արդյոք որեւէ բան փոխվել, տեսականորեն չի կարող բացառվել, եթե, օրինակ, Բելառուսն ինքը որոշի ՀԱՊԿ-ից դուրս գալ կամ Բելառուսի նախագահը Հայաստանի ժողովրդին ներողության ու բացատրության այնպիսի խոսքեր ասի, որն ընդունելի կլինի ՀՀ ժողովրդի կողմից»։

Փաշինյանը չնշեց, որ Լուկաշենկոն այցելել է օկուպացված հայկական Շուշի, ասել, որ տարածաշրջանը վերջապես մաքրվել է /հայերից/, որ Ալիեւից երկրորդ սխրանքն է սպասում՝ Ղարաբաղի վերականգնումը։ 

Մանուչարյան եղբայրներ․ Տեղահանվածներիս կյանքի գիրքը երկու գլխից է բաղկացած՝ մինչև և հետո

Ռոբերտ և Լարիսա Մանուչարյանների ընտանիքն Ասկերան քաղաքի լուսավոր ընտանիքներից մեկն էր։ Հարուստ էին, և նրանց հարստությունը չորս զավակներն էին՝ երեք որդի ու մի դուստր․ Կարեն, Դավիթ, Գևորգ, Նորա․․․

Երբ Ասկերանի մայրաբերդն անցնում ու մտնում էիր քաղաք՝ անմիջապես այդ օջախի առօրյան էիր տեսնում․ տան դիրքն էր այդպիսին։ Համերաշխ, հյուրասեր ու բարեխիղճ այդ ընտանիքի տան դարպասները բաց էին, իսկ բակում միշտ աշխատանքներ էին եռում։ Թեև զավակներն ամուսնացել ու ամեն մեկն իր առանձին տունուտեղն ուներ, սակայն հայրական օջախի ձգողական ուժն ու մայրական ճաշի համն ու կարոտն ուրիշ էին․․․

․․․Տան բակի մի մասում սեփական այգուց հավաքված, արդար քրտինքով ստեղծած բերք ու բարիքն էր շարված, մի մասում տղաները հերթով փայտ էին կտրատում, դասավորում, մայր ու աղջիկ ձմեռվա չիր ու չամիչ էին պատրաստում, իսկ հայրը միշտ մեքենայի վրա էր աշխատում՝ այն սարքին պահելու համար։ Գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջան էր։ Ազնիվ, մաքուր քրտինքով ապրող ընտանիքն ասես գաղտնիքներ չուներ ասկերանցիներից։ Երանելի օրեր էին, ինչքա՜ն երջանիկ էր Լարիսան՝ բազմազավակ մայրը։ Նրա դեմքը միշտ ժպիտով  էր պարուրված, քաղցրածոր լեզվով խոսում և իր դրական էներգիան էր հաղորդում բոլորին։ Բայց այս ամենը արցախցիներիս նախկին կյանքում է այլևս․․․ Տեղահանվածներիս կյանքի գիրքը երկու գլխից է բաղկացած՝ մինչև և հետո․․․

2023 թվականի սեպտեմբերի 19-ի մեկօրյա պատերազմից հետո Լարիսան փառք էր տալիս Աստծուն, որ անկորուստ մնացին։ Սակայն Արցախի գլխավերևում կուտակված ամպերը չէին հեռանում։ Եկավ այն պահը, երբ արցախահայությունը ստիպված էր տեղահանվել Հայրենիքից։ Ինչպես բոլոր արցախցիները՝ Մանուչարյանները ևս պատրաստվում էին հեռանալ։ Տղաները վառելիքի փնտրտուքի մեջ էին։ Սեպտեմբերի 25-ին, երբ լսեցին, որ Ստեփանակերտի ներքևում Հայկազով տեղամասում գտնվող բենզինի պահեստում վառելիք են բաժանում, Դավիթն ու Գևորգը շտապեցին այնտեղ՝ հարազատներին հորդորելով հավաքել ամենաանհրաժեշտն ու սպասել։

Սպասել․․․ինչքա՜ն դժվար է այդ սպասել կոչվածը․․․

Բենզինի պահեստի ողբերգական դեպքը չշրջանցեց նաև Մանուչարյաններին։ Պատերազմներով անցած և շրջափակում հաղթահարած երկու եղբայր նույն վայրում ու նույն վայրկյանին կրակի զոհ դարձան։ Որդեկորույս մոր ողբի աղաղակները դեռևս մեր ականջներում են, երիտասարդ կանանց շվարած ու ցավատանջ դեմքերը, անմեղ երեխաների լացը՝ մեր աչքի առաջ․ մի՞թե Աստված դաժան չգտնվեց, մի՞թե ճակատագիրն անողոք չէր․․․

Հարազատները սկզբից չէին ցանկանում հավատալ, սպասում էին ինչ- որ հրաշքի։ Տղաներին անընդհատ փնտրում էին անճանաչելի դարձած վիրավորների ու զոհվածների ցուցակների մեջ։ Ավա՜ղ, չկային․․․Ավելի քան մեկ ամիս անց, ԴՆԹ փորձաքննությունից հետո հողին հանձնվեցին եղբայրների աճյունները։ Ասում են՝ հողը թեթևություն է բերում։

Սեպտեմբերի 25-ը գլխիվայր շուռ է տվել Մանուչարյանների մեծ ու համերշախ գերդաստանի հանգիստ ընթացքը։ Այսօր բոլորը ցրված են տարբեր տեղերում։

Դավթի և Գևորգի ընտանիքները տեղափոխվել ու ապրում են Ռուսաստանում։ Ծնողները ևս մեկնել են Ռուսաստան՝ ավագ որդու մոտ․ գո՞ւցե կարողանան մի քիչ փարատվել այնտեղ։ Հայաստանում մնացել է ընտանիքի մինուճար դուստրը՝ եղբայրների պաշտելի քույրը։ Նա խնամում ու խնկարկում է եղբայրների շիրիմները, ծաղիկներով պատում գերեզմանները։

Այո՛, դառն է արցախցու ճակատագիրը, սակայն նա բոլորից տարբերվում է նրանով, որ ունի փյունիկի նման վեր հառնելու առաքելություն։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

«GEN»-ը խումբ է ստեղծել արցախցիների կուտակային կենսաթոշակների հարցերով

«GEN» նախաձեռնությունների կենտրոնը ստեղծել է խումբ, որը կզբաղվի արցախցիների կուտակային կենսաթոշակների խնդրով։

Կենտրոնի հիմնադիր Արմինե Ավագիմյանը նշեց, որ խումբը մտադիր է այս հարցի շուրջ խորհրդակցություններ սկսել փորձագետների հետ։

«Հինգ տարի շարունակ կուտակային կենսաթոշակային համակարգում ներդրումներ են կատարել շուրջ 34,5 հազար Արցախի քաղաքացիներ՝ ընդհուպ մինչեւ արտաքսում։ Սա մոտ 17 մլրդ դրամ է։ Օրերս ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ արցախցիների կուտակված միջոցները փոխանցվելու են այլ հիմնադրամների, այսինքն՝ Հայաստանի կուտակային կենսաթոշակային համակարգ։

Որքան գիտենք, մինչ օրս գումարը չի փոխանցվել հիմնադրամներին։

Կան արցախցիներ, ովքեր աշխատանք են գտել Հայաստանում և պատրաստ են շարունակել ներդրումները կուտակային համակարգում։ Սակայն մեծ թվով քաղաքացիներ դիմում են «GEN» նախաձեռնությունների կենտրոն՝ խնդրանքով պարզել, թե ինչո՞ւ չեն կարողանում ստանալ կուտակված միջոցները։ Մարդիկ հեռանում են՝ կա՛մ հիվանդության պատճառով, կա՛մ շահառուն զոհվել է պատերազմի ժամանակ, կամ ընտանիքը սոցիալական ու կենցաղային դժվարություններ է ապրում, և այս գումարը կարող է շոշափելի աջակցություն լինել։ Խոսքը մեկ անձի համար 800 հազարից 1,5 միլիոն դրամի մասին է։

Նշենք, որ ծրագրում հաշվի են առնված կենսաթոշակների կուտակային մասը շահառուի` մինչև կենսաթոշակային տարիքի լրանալը ստանալու ուղիները։

Ալվարդ Գրիգորյան

Մոսկվայի բորսան դադարեցրել է դոլարի և եվրոյի առուվաճառքը ԱՄՆ պատժամիջոցներից հետո

Մոսկվայի բորսան հունիսի 13-ից կդադարեցնի դոլարով և եվրոյով առուվաճառքը։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել չորեքշաբթի՝ հունիսի 12-ին, բորսայի պաշտոնական կայքում։ Թանկարժեք մետաղների և արժեթղթերի շուկաներում նույնպես կդադարեցվի ԱՄՆ և եվրոպական արժույթներով առևտուրը։

Մի քանի ժամ առաջ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարեց պատժամիջոցների նոր փաթեթի մասին այն անձանց և ընկերությունների դեմ, որոնք կապված են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետ։ Ցուցակում ընդգրկվել է 33 մարդ և մոտ 300 ընկերություններ ու կազմակերպություններ, որոնք գրանցված են Ռուսաստանում, Չինաստանում, Թուրքիայում, Ղազախստանում, Ղրղզստանում, Բուլղարիայում, Սերբիայում, ԱՄԷ-ում, Բելառուսում, ինչպես նաև Բրիտանական Վիրջինյան կղզիներում։

Ի թիվս այլոց, սահմանափակումների են ենթարկվել Մոսկվայի բորսան, Ազգային քլիրինգային կենտրոնը (NCC) և Ռուսաստանի Դաշնության Ազգային հաշվարկային դեպոզիտարիան:

Փաշինյանը Մինսկի խմբին ավելի շուտ կթաղի, քան ՀԱՊԿ-ին

ԵԱՀԿ Մինսկի խումբը որպես այդպիսին դե ֆակտո գոյություն չունի։ Այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։ «ԵԱՀԿ Մինսկի խումբը մեր իրականության մեջ մեր քաղաքական մտքի համար սրբապատկերի նման մի բան է։ Բայց մենք հասկանում ենք, որ 2022 թվականի փետրվարից ի վեր եւ դրանից առաջ էլ փաստացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ անդամներն իրար հետ չեն խոսում։ Այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը որպես այդպիսին դե ֆակտո գոյություն չունի»,- ասաց նա։

Փաշինյանն ասաց, որ 2016 թվականից բանակցային գործընթացի առանցքային կետերից մեկը եղել է ԼՂ լուծարումը, ԼՂ-ում գոյություն ունեցող կարգի լուծարումը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն արձագանքեց Փաշինյանին․ «Դուք սուտ եք ասում ծայրից ծայր։ Դուք անընդհատ խոսում եք այն մասին, որ նախկինները բանակցել են Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մասին, դուք մի հատ վերհիշեք ձեր իսկ տեսաուղերձը, որը հղել եք ՄԱԿ-ին պատերազմն սկսելուց երկու օր առաջ։ Դուք ասել եք, որ, այո՛, միջազգային հանրությունն ինքնորոշման իրավունքն ընդունել է։ Եվ Ադրբեջանին ուղղում եք, որ գնա այդ ուղղությամբ։ Ցեղասպանության մասին եք խոսում, այն ժամանակ եք ճիշտ ասել, թե՞ հիմա։ Դուք ասում եք՝ Մինսկի խումբ գոյություն չունի, բա որ Մինսկի խումբ գոյություն չունի, Իլհամ Ալիեւը ձեզ ինչո՞ւ է առաջարկում համատեղ դուրս գաք Մինսկի խմբից։ Իր ամբողջ կյանքի երազանքն է եղել, որ այդ Մինսկի խումբն ընդհանրապես չաշխատի, որովհետեւ միշտ աշխատել է Ադրբեջանի դեմ։ Դուք պատմությունը չեք կարող աղավաղել»։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին պատասխանելով՝ նա խոսեց Ռուսաստանի առաջնորդած կառույցի մասին՝ շեշտելով՝ իրենք կորոշեն, երբ դուրս գալ այդ դաշինքից։

«Մեղավորը նրանք ենք , ովքեր ձևավորել են մի հատ փուչիկ դաշինք, որի անդամները, պարզվեց, գնացել, Ադրբեջանի հետ պլանավորել են մեր դեմ պատերազմը», – ասաց նա։

Ընդդիմադիր պատգամավորների դիտարկմանը, որ այդ դեպքում ինչո՞ւ դուրս չեն գալիս այդ դաշինքից, Փաշինյանը հակադարձեց. – «Դուրս կգանք, դրանով էլ վախեցնո՞ւմ եք։ Լավ ենք անում… մենք կորոշենք՝ երբ դուրս գանք, բա ձեր կարծիքով հաջորդ քայլը ո՞րն է, բա կարո՞ղ է հետ գնանք»։

Ստացվում է, որ Փաշինյանը Մինսկի խմբին ավելի շուտ կթաղի, քան ՀԱՊԿ-ին։ 

Եւ մշտապես հիշե’ք, որ հանդուրժելն ու հարմարվելը մեզ հասցնելու են ավելի նեղ պայմանների

«ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոնը Արցախի բնակիչներին կոչ է անում հեզորեն չընդունել սոցիալական ցանցերում ներկայացված բոլոր տեղեկությունները

Արցախցինե’ր,

Խնդրում եմ ուշադիր լինել ֆեյսբուքի առանձին սոցիալական խմբերում ձեզ մատուցվող ինֆորմացիային։ Այդ խմբերը հիմնականում օգտագործվում են մեր մասով անընդունելի, հակաարցախյան, հակամարդկային որոշումները մեզ լսեցնելու, հարմարեցնելու համար։ Սոցիալական ծրագրերը և մնացած հիմնախնդիրների լուծումների մասին ինֆորմացիան նշվում է որպես իմպերատիվ,  այսինքն իբրև դրանք այլընտրանք չունեն և պարտադիր են։ Օրինակ, ՀՀ քաղաքացիություն ստանալու պարտադրանքը, բնակապահովման ծաղր֊ծրագրերը և այլն։

Այդ խմբերում գործող հիմնական դերակատարները (բլոգերներ, ադմիններ) հստակ օրակարգ ունեն և ֆինանսավորում։

Եւ մշտապես հիշե’ք, որ հանդուրժելն ու հարմարվելը մեզ հասցնելու են ավելի նեղ պայմանների։ Այդպես էր Արցախում 10 ամիս շարունակ, քանի որ փորձեցինք հարմարվել բլոկադային, այդպես է հիմա ՀՀ֊ում, այդպես է ամենուր …

79 տուժած ու մոտ 100 բերման ենթարկված ԱԺ-ի մոտից

«22։15֊-ի դրությամբ բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան»,- տեղեկացնում է առողջապահական գերատեսչությունը։

6 պացիենտ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։

«22.00-ի դրությամբ 98 բերման ենթարկված կա»,- փոխանցում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նախնական տվյալներով՝ 10 ոստիկան է վիրավորվել։

«5 իրավապաշտպանների նախաձեռնության» անդամ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրեց՝ 21.40-ի դրությամբ տեղեկություններ ունեն քրեական վարույթով 6 ձերբակալվածի մասին։