Քենիայից եկած Արթուր և Արտակ Սարգսյանները ձերբակալվել են

Արթուր և Արտակ Սարգսյանները քննիչի որոշմամբ 72-ժամյա ռեժիմով ձերբակալվել են, հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

Բաբայանը նշում է, որ եղբայրները կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ, սակայն նրանց մոտ, նրա խոսքով, զենք չի հայտնաբերվել:

Փաստաբանը հավելել է, որ «Արթուր և Արտակ Սարգսյանների ձերբակալումն ամբողջությամբ ապօրինի է և պայմանավորված է բացառապես Սրբազան շարժմանը նրանց մասնակցությամբ»։

Քննչական կոմիտեն չի մեկնաբանում փաստաբանի այս տեղեկությունը:

Մի քանի օր առաջ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հարթակից ներկայացրել էր եղբայրներին՝ ասելով «մեր շատ սիրելի բարեկամները Քենիայից»։

Եղբայրները հայտնի են որպես Artur brothers։

Հայաստանը պետք է օգտագործի Իրանի հայտարարությունը. ժողովրդագրության փոփոխությունն անընդունելի է

«Իրանական կողմը աջակցում է բոլոր այն նախաձեռնություններին, որոնք կնպաստեն տարածաշրջանի զարգացմանը, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Թեհրանը, սակայն, դեմ է ցանկացած նախագծերի և նախաձեռնության, որոնք կփոխեն տարածաշրջանի ժողովրդագրությունը և տարածաշրջանի սահմանները»,- ասել է Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանին CNN Turk-ին տված հարցազրույցում, պատասխանելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի մասին հարցին։

Առարկան, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» նոր չէ, այն սկսել է քննարկվել անմիջապես 2020 թվականի պատերազմից հետո, երբ Հադրութի, Շուշիի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջանները հանձնվեցին ադրբեջանին։

Այն ժամանակ արդեն պարզ էր, որ պատերազմի այս փուլի նման հանգուցալուծմամբ շահագրգիռ կողմերը (մասնավորապես՝ ռուսաստանն ու թուրքիան) ձգտում էին վերականգնել խորհրդային տարիներին գործող Հորադիզից Երասխ երկաթուղային կապը։

Սակայն ի հայտ եկան բազմաթիվ խնդիրներ։ Նախ, ավելի քան 30 տարի Իրանը չի վերականգնում ճանապարհի Ջուլֆա-Աստարա հատվածը։ Երկրորդ՝ Ադրբեջանի հետ համատեղ Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանի ամբարտակի կառուցման ժամանակ Մինջևանի տարածքում գտնվող երկաթուղու մի մասը ջրի տակ է մնացել։ Այսինքն՝ երկաթուղու աշխատանքը վերսկսելու համար հսկայական վերականգնողական աշխատանքներ են անհրաժեշտ։

Ինչպես հայտնի է, դեռ 2021 թվականին և՛ Իրանը, և՛ Թուրքիան գործի դրեցին այն թեզը, որ ադրբեջանը կարող է Նախիջևանի հետ կապ հաստատել Իրանի տարածքով։ Բայց «Զանգեզուրի միջանցքի» թեման չի կորցնում արդիականությունը, և ադրբեջանը պարբերաբար հայտարարում է այդ «տրանսպորտային միջանցքին» տիրանալու ցանկության մասին։

200-300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստանի տարածք վերադարձի թեման, որը ահաբեկչական կազմավորումը  անվանում է «Արևմտյան Ադրբեջան», նույնպես քննարկվել է վերջին 3,5 տարիների ընթացքում։ Իսկ այս «վերադարձողների» վերաբնակեցումը նախատեսվում է Սյունիքում, Վայոց ձորում, Գեղարքունիքում։

Այս ամենը նորություն չէ, եւ հնարավոր է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը ենթարկվի ռուս-թուրքական-ադրբեջանական եռյակի քաղաքական այս ճնշմանը եւս։

Ալի Բաղերի Կանիի հայտարարությունը «ժողովրդագրության» մասին հարցեր է առաջացնում. Ինչո՞ւ է Իրանը հիմա անհամաձայնության հայտնում «Զանգեզուրի միջանցքի» երկայնքով ադրբեջանցիների տեղակայմանը։

Արդյո՞ք Իրանը 2020 թվականին չէր հասկանում, որ Հադրութի և Քաշաթաղի շրջանների օկուպացիան կհանգեցնի նրան, որ Թուրքիայի և Իսրայելի զինված ուժերը կտեղակայվեն անմիջապես Իրանի հետ սահմանին։

Արդյո՞ք Իրանը իսկապես չէր ենթադրում, որ ողջունելով «ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը», նրանք համաձայնություն են տալիս փոխել իրենց սահմանի ժողովրդագրական իրավիճակը։

26 տարի այս սահմանը պահպանում էին հայ սահմանապահները, ովքեր ասում էին, որ իրանական սահմանապահները հանգիստ, «հողաթափերով» սպորտային «բագգիներով», քայլում և հսկում էին սահմանը, քանի որ «այն կողմում» ոչ մի վտանգ չկար, այնտեղ կային բարեկամ հայեր, ովքեր իրենց հետ ոչ մի կոնֆլիկտ կամ պահանջ չունեն։

Ինչո՞ւ 2020 թվականին Իրանը թույլ տվեց ադրբեջանական, թուրքական զորքերին և սիրիացի վարձկաններին անմիջապես սահմանային գծի երկայնքով ներթափանցել Արցախի բանակի թիկունք և հասնել Հադրութ, որտեղ դաժանաբար սպանվեցին խաղաղ բնակիչները, ովքեր չեն հասցրել կամ չէին ցանկանում հեռանալ։

Իրանն իրոք չհասկացա՞վ, որ օկուպացիայից հետո այս տարածքում ադրբեջանցիներ (և գուցե այլ ազգի մարդիկ) կբնակեցվեն, և սահմանից այն կողմ ժողովրդագրական իրավիճակը կփոխվի։

Ինչո՞ւ է Իրանը հիմա խոսում սահմանների փոփոխության հետ մեկտեղ ժողովրդագրական իրավիճակը փոխելու անթույլատրելիության մասին։ Թե՞ միայն Սյունիքի մասին է խոսքը, որ խնդիր է դառնում Իրանի համար։

Իրանը, հավանաբար, այն ժամանակ էլ հասկանում էր, որ «տարածքային ամբողջականության վերականգնման» և «կոմունիկացիաների բացման» քողի տակ Ադրբեջանը բոլորովին այլ նպատակներ է հետապնդում, այն է՝ օտար տարածքների զավթում, սահմանների և ժողովրդագրության փոփոխություն ամբողջ տարածաշրջանում։

Այդ դեպքում ինչու հենց հիմա՝ 3,5 տարի անց, Իրանը հասկացավ, որ սահմանների և ժողովրդագրության փոփոխություններով Ադրբեջանը ձեռք է բերելու գերիշխող պետության կարգավիճակ՝ դրանից բխող հետևանքներով։

Փոքր արցախահայության շահերի ու իրավունքների հաշվին ահաբեկչական, ֆաշիստական ​​ադրբեջանի հետ սիրախաղը թանկ կարժենա նույնիսկ հսկայական Իրանի համար։ Նրան այլ բան չի մնում, քան ատամներով կառչել Հայաստանից։ Բայց Հայաստանը նույնպես պետք է օգտագործի այդ գործոնը ադրբեջանի հետ իր բանակցային դիրքերն ամրապնդելու համար։

Թե որքանով են սրան ընդունակ Հայաստանի իշխանությունները, ցույց կտա ժամանակը։

Մարգարիտա Քարամյան

Ալեն Սիմոնյան․ ԱԺ խորհուրդը կմերժի արտահերթ նիստ անցկացնելու պահանջը

Եկել են, ասում են՝ էն իշխանությունը, որ դուք ստացել եք 2021 թվականին, տվե՛ք Բագրատ Գալստանյանին: Մենք մեր վարչապետի թեկնածուն ունենք, ժոդղովրդի սատարումը ունեցող վարչապետ կա: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը:

«Ընտրությունները 2026 թվականին են: Էս մարդիկ իրենց սխալների վրա չեն սովորում:  Հիմա ով 10 կամ 20 հազար մարդ հավաքի փողոցում, պետք ա գա նոր վարչապետի թեկնածու առաջակի՞: Լու՞րջ եք ասում»,-հավելեց Ալեն Սիմոնյանը:

Հարցին, թե որքա՞ն մարդ պետք է լինի փողոցում, որպեսզի խոսք գնա վարչապետի նոր թեկնածուի մասին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես մարդկանց հաշվելով չեմ զբաղվում: Ես ասում եմ, որ ՀՀ-ում  նման պահանջ չկա: Երբ մարդիկ ուզում են իշխանություն փոխեն, գնում են ընտրությունների: Հիմա Բագրատ Գալստանյանն ա, հետո Վազգեն Մանուկյանն ա, հետո մյուսին բերեն, հո էդպես չի՞ ձևը»:

Հարցին, թե արդյոք պատրաստվում են մերժել արտահերթ նիստ հրավիրելու առաջարկը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Իսկ ինչի՞ պետք է չմերժենք: Տարին մեկ պիտի մարդ փոխե՞ն, գան նորից նույն բանն ասե՞ն: Հիմա եթե Վահրամ Բաղդասարյանով, Կարեն Ավագյանով մնացած հանրապետականներով նույն պալատկաները բերեն նույն տեղը շարեն, մենք պիտի բան փոխե՞նք»:

«Ես հարգանքով եմ մոտենում այն մարդկանց, ովքեր գալիս են և որևէ բանից դժգոհում: Բոլոր մարդիկ չեն կարող նույն կարծիքն ունենալ: Բայց երբ արդեն ակնհայտ է դարձել, որ դերակատարները կատարյալ նույնն են՝ անուն առ անուն, ես սա իշխանության կռիվ, աթոռակռիվ, ունեցվածքը վերականգնելու փորձ եմ դիտարկում և կատեգորիկ եմ դրան վերաբերվում»,-հավելեց Ալեն Սիմոնյանը:

Հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել իշխանությունը, նա պատասխանեց. «Ոչ մի բան: Ընտրություն կլինի, և մարդիկ, եթե մտածում են, որ «Քաղաքացիական պայմանագիրը» չի կատարում էս, էս, էս, էս, կգնան կընտրեն այն ուժին, որը իրենց որևէ բան կառաջարկի: Իսկ ընդդիմությունը իր հայտարարած օրակարգի մի տոկոսը կատարե՞լ ա»:

Դեռ պարզ չէ, արդյո՞ք ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները վայր կդնեն մանդատները, եթե իշխանությունը հրաժարվի արտահերթ ընտրություններից։ 

Բագրատ սրբազանն այսօր՝ ժամը 15:30-ին քաղաքացիներին հրավիրում է Բաղրամյան պողոտա

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը այսօր՝ ժամը 15:30-ին քաղաքացիներին հրավիրում է Բաղրամյան պողոտա՝ ԱԺ շենքի մոտ։ Ժամը 16։00-ին ԱԺ խորհուրդը պետք է նիստ գումարի՝ ԱԺ արտահերթ նիստ գումարելու հարցով։ Օրակարգում կառավարության հրաժարականի եւ նոր կառավարության ձեւավորման հարցն է։

Բագրատ սրբազանը Բաղրամյան պողոտայից դիմեց ժողովրդին․ «Լինելու եք այստեղ, եւ մենք մեր առջեւ դրված խնդիրները կատարում ենք։ Բոլորիդ անխտիր սպասում եմ՝ պատիվ եւ հայրենիք ունենալու համար։ Ժամանակը հիմա է, այլեւս սպասելը մի կողմ թողեք։ Եթե իսկապես ուզում եք, որ մեր երկիրը չդառնա թշնամու ծառայության վայր, եթե իհարկե, մնանք այստեղ, ժամ առաջ պետք է ազատվենք այս չարիքից»։

Միաժամանակ Բագրատ սրբազանն ասաց, որ իր՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին դեռ խոսք չկա, սա գործընթացի առաջին փուլն է, որով պահանջ է դրվում, որպեսզի այս կառավարությունը հրաժարական ներկայացնի։

«Մենք ամեն ինչ անելու ենք բոլոր ճանապարհներով՝ եւ իրավական, եւ օրինական, որպեսզի արդյունք արձանագրվի։ Իսկ արդյունքի արձանագրումը մեկն է՝ այս մարդու հեռացումը»,- ասաց նա։

 

Ինչու են արցախցիները դաժան ծեծի ենթարկվում պարեկային ծառայողների կողմից

Փաստաբան Ռոման Երիցյանը բարձրաձայնում է այն ցավոտ իրավիճակների մասին, երբ Արցախի քաղաքացին  պարեկային ծառայողների կողմից դաժան ծեծի ենթարկվելու պատճառով դիմել է փաստաբանական աջակցություն ստանալու համար:

Երևան քաղաքի կենտրոնական հատվածում գիշերվա ժամը 12-ին քաղաքացու մեքենան կանգնեցրել են` պարզաբանելով,  որ  ավտոմեքենայի ԱՊՊԱ պայմանագրի ժամկետը լրացել է: Կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն և քաղաքացուն առաջարկել են ստորագրել այն: Հրաժարվելուց հետո նրանք ցուցաբերել են ագրեսիվ վերաբերմունք և այդ խոսակցության ընթացքում հանելով իրենց մոտ պահվող արցունքաբեր գազը, լրիվությամբ դատարկել են քաղաքացու դեմքին` պատճառելով տարբեր աստիճանի այրվածքներ:

«Գրեթե կուրացած վիճակում գտնվող մարդուն 10-ից ավելի պարեկային ծառայողներ ծեծի են ենթարկել, տեղափոխել պարեկային ծառայության ավտոմեքենա, այնուհետև նորից հանել մեքենայից ցատկով հարվածել մեջքի հատվածին` ջարդելով ողերը: 7 րոպե ինտենսիվ ծեծվելու հետևանքով ներկայումս քաղաքացին ունի բազմաթիվ վնասվածքներ և տեսողության խնդիր: Պարեկային ավտոմեքենայի մոտ ոմն մայոր Առաքելյանը բացել է դուռը և ձեռքով հարված հասցրել քաղաքացու դեմքին` պատճառելով վնասվածքներ շրթունքների շրջանում»,- մանրամասներ է ներկայացնում փաստաբանը` նշելով, որ պատահական անցորդը, որը հորդորել է պարեկային ծառայության աշխատակիցներին հանդարտվել, արժանացել է նույն վերաբերմունքին: Ծեծվել է և տեղափոխվել ոստիկանության բաժին:

Տեղափոխվելու ընթացքում նույն ծառայողները հորդորում էին արցախցուն այս կապակցությամբ հաղորդում չներկայացնել իրավապահ մարմիններին: Մինչդեռ քաղաքացին ներկայացրել է և հարուցել է քրեական վարույթ, սակայն որևէ անձ դեռևս այս պահի դրությամբ չի ձերբակալվել` անգամ չի հարցաքննվել:

Քննիչի կողմից  առգրավվել են դեպքի վայրը տեսահսկած տեսախցիկների արձանագրությունից կոշտ կրիչները:  «Նշել են, որ զննվելու են հենց մեր ներկայությամբ և առաջին իսկ հնարավորության դեպքում ես կհրապարակեմ այդ տեսաձայնագրությունները, որոնցից հստակ հետևում է, թե ինչի են արժանացնում արցախցուն ընդամենը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը չստորագրելու պատճառով:

Տեղի ունեցածի իրական պատճառն այլ է: Այդ արցախցու հետ երթևեկում էին այլ արցախցիներ, որոնք աջակցում էին Բագրատ Սրբազանի շարժմանը: Ավելի քան ակնհայտ է, որ քաղաքացու հանդեպ դրսևորած վերաբերմունքը փոխկապակցված է ՀՀ-ում տեղի ունեցող հանրահայտ իրադարձություններին»,-նշում է փաստաբանը` զուգահեռներ անցկացնելով Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների նկատմամբ հարուցված վարույթների միջև` մասնավորապես Ասկերանի, Մարտակերտի, Ստեփանակերտի քաղաքապետերի նկատմամբ:

Փաստաբան Ռոման Երիցյանը ապուշությունից բացի այլ բառ չի գտնում մեկնաբանելու համար այն ամենը, ինչի մեջ մեղադրվում են կոնկրետ քաղաքապետերը: Օրինակ, Ստեփանակերտի քաղաքապետը մեղադրվում է խարդախության մեջ: Այն հարցին ի պատասխան, թե ում նկատմամբ է տեղի ունեցել խարդախություն` պատասխան չկա: Ով է տուժել` պատասխան չկա: Որն է հասցված վնասը` պատասխան չկա: Սրան զուգահեռ` դատարանը հիմնավոր կասկածի առկայությունը համարում է հաստատված և քաղաքապետին կալանավորում է 20 օր ժամանակահատվածով, որը բավարար կլիներ վերջիններիս կողմից իրենց հանրային հեղինակությունները օգտագործել ՀՀ-ում տեղի ունեցող հանրահայտ իրադարձություններին:

Կան նաև այլ գործողություններ, որոնք ձեռնարկվել են արցախցիների նկատմամբ, այդ թվում նաև պաշտոնատար անձանց նկատմամբ… Պարեկային ծառայողները արցախյան համարանիշներով ավտոմեքենա տեսնելիս առաջին հերթին կանգնեցնում են և եղած կամ չեղած տեղը ենթարկում վարչական պատասխանատվության: Փաստաբանը եզրակացնում է.«Այս  ամենի պատճառն այն է, որ արցախցիներն ինտենսիվ կերպով մասնակցում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը»:

Տաթև Ազիզյան

Ազգային ժողովի խորհուրդն այսօր՝ ժամը 16։00-ին նիստ պետք է գումարի. Գառնիկ Դանիելյան

Ազգային ժողովի խորհուրդն այսօր՝ ժամը 16։00-ին նիստ պետք է գումարի, որի օրակարգում ԱԺ արտահերթ նիստ գումարելու հարցն է լինելու։ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողներին ասաց, որ օրակարգում կառավարության հրաժարականի եւ նոր կառավարության ձեւավորման հարցն է։

Ընդդիմության առաջարկած նախագծով վարչապետի թեկնածուն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն է։

«Այն, ինչը մենք առաջարկել ենք, լրիվ օրինականության եւ տրամաբանության մեջ է մտնում։ Դա մեր գործիքակազմերից մեկն է, որը պետք է օգտագործենք։ Իսկ եթե իրենք փորձեն խոչընդոտել, կարծում եմ, իրենց մոտ չի ստացվի»,- ասաց Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՔՊ-ն չի խոչընդոտի՞ արտահերթ նիստի անցկացումը։

«Ամեն ինչ մեր ժողովրդին ձեռքում է, եթե մեր հայրենակիցները որոշեն, որ Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ն այլեւս իշխանություն չեն, իրենք իշխանություն չեն լինելու։ Բազմիցս ասում էին՝ շարժումը մարում է, երեկ տեսաք, որ հրապարակը լեփ-լեցուն էր։ Բայց հրապարակը լեփ-լեցուն լինելուց բացի շատ կարեւոր է, որ մարդիկ նաեւ մասնակցեն ակտիվ գործողություններին»,- հավելեց Գառնիկ Դանիելյանը։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն էլ ասաց․ «Այս պահին պահանջն այն է, որ ԱԺ խորհուրդը որոշում կայացնի, բայց ցանկացած պահի պահանջները կարող են փոխվել։ Այսինքն՝ բուն տրամաբանությունը չի կարող փոխվել, թե ինչի համար է այս քաղաքացիական անհնազանդությունը, բայց ձւերը կարող են ճկուն լինել ու փոխվել։ Օբյեկտիվ պատճառներն այնքան շատ են, որ գոնե 2020 թվականի տարեվերջին Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տված լիներ։ Եթե հրաժարական չի տվել, այսօր որեւէ այլ գործողություն, բացի հանրային ճնշումից, չի կարող իրեն ստիպել, որ ինքը հրաժարական տա»։

Իրանը դեմ է Հայաստանում 200-300 հազար «ադրբեջանցիների» բնակեցմանը

Իրանական կողմը հանդես է գալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օգտին, սակայն չի ընդունում տարածաշրջանային սահմանների փոփոխությունները։ Այս մասին CNN Turk-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանին, պատասխանելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին՝  հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստում։

«Իրանական կողմը աջակցում է բոլոր այն նախաձեռնություններին, որոնք կնպաստեն տարածաշրջանի զարգացմանը, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Թեհրանը, սակայն, դեմ է ցանկացած նախագծերի և նախաձեռնությունների, որոնք կփոխեն տարածաշրջանի ժողովրդագրությունը և տարածաշրջանի սահմանները»,- ընդգծել է Կանին։

«Ժողովրդագրությունը» նորություն է տարածաշրջանի վերաբերյալ Իրանի հրապարակային հռետորաբանության մեջ:

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Բաքուն և Թեհրանը բանակցում էին, որ «Ադրբեջանից» Նախիջևան, այնտեղից էլ  Թուրքիա ճանապարհն անցնի ոչ թե Հայաստանի, այլ Իրանի տարածքով։ Ալիևը միաժամանակ ասում է, որ դա չի նշանակում հրաժարվել «Զանգեզուրի միջանցքից»՝ ձգտելով Հայաստանի կողմից այն տարածքների «խաղաղ» հանձնմանը եւ վերաբնակեցմանը, որոնցով պետք է անցնի “միջանցքը”։

Վերջին շրջանում սկսել են ավելի հաճախ խոսել Հայաստանում, մասնավորապես Սյունիքում, Վայոց ձորում և Արարատում 200-300 հազար ադրբեջանցիների բնակեցման հնարավորության մասին։ Հայաստանի իշխանությունը չի հերքում նման հավանականությունը։ Իսկ Իրանը, ըստ երեւույթին, դեմ է արտահայտվում նման կարգավորմանը, որը կփոխի «ժողովրդագրությունը»։

Իրանը, սակայն, չխոսեց Արցախի բնիկ հայ բնակչության տեղահանությունից հետո «ժողովրդագրությունը» փոխելու մասին, թեկուզ իր հյուսիսային սահմանին ստանալով ևս մեկ անբարյացակամ տարածաշրջան։

Թեհրանը փորձում է խստացնել իր հռետորաբանությունը այն բանից հետո, երբ ուղղաթիռը, որում գտնվել է Իրանի նախագահն ու արտգործնախարարը, կործանվել է՝ Ալիեւի հետ հանդիպումից վերադառնալիս։

Հերթական սադրանքը․ ինչի է պատրաստվում Ռուսաստանը Հայաստանում «ՀԱՊԿ-ի միջոցով»

Ռուսաստանը պատերազմի վրա օրական ծախսում է 300 միլիոն դոլար և պահանջում է Հայաստանից տարեկան կես միլիոն դոլարի անդամավճար ՀԱՊԿ բյուջեում

Հայաստանի իշխանությունների հրաժարումը ՀԱՊԿ-ում գնահատված անդամավճար կատարելուց ստիպում է ճշգրտել կազմակերպության բյուջեն, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

2024 թվականին ՀԱՊԿ-ի աշխատանքի ֆինանսավորմանը մասնակցելուց Երևանի հրաժարվելու մասին մայիսի կեսերին հայտարարեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Ռուսական ԱԳՆ լուրը տարածվեց ողջ մամուլով՝ տպավորություն ստեղծելով, որ ՀԱՊԿ-ն ունի նույն բյուջեն և նույն անվտանգության համակարգը, ինչ, ասենք, ՆԱՏՕ-ն, և Հայաստանի՝ ներդրումներից հրաժարվելը կփլուզի այս համակարգը։

Ռուսաստանը, ըստ որոշ հաշվարկների, ամեն օր 300 մլն դոլար է ծախսում ուկրաինական պատերազմի վրա։ Որքա՞ն է Հայաստանի անդամավճարը ՀԱՊԿ-ում և ինչու է Ռուսաստանը այդքան «անհանգստացած» ՀԱՊԿ բյուջեով։

Հայաստանի 2023 թվականի պետական ​​բյուջեով շուրջ 2 մլրդ դրամ է հատկացվել տարբեր միջազգային կազմակերպություններին անդամակցելու համար։ Այս տարվա հունվարին Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ն չի հայտնել, թե որքան գումար է վճարում Հայաստանը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցելու համար։ «Հայտնում ենք, որ ԵԱՏՄ և ՀԱՊԿ ներքին ընթացակարգերի համաձայն՝ կազմակերպությունների տարեկան բյուջեների մասին տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»,- ասված է ԱԳՆ-ի պատասխանում։ Factor TV-ն հաշվարկել է, որ դա ոչ ավելի է, քան 1,5 մլրդ դրամ (մոտ 4 մլն դոլար)։

Մինսկը, ընդհակառակը, բացահայտ հայտարարում է, որ «Բելառուսի Հանրապետության մասնաբաժինը ՀԱՊԿ բյուջեում կազմում է 10%: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 23-ի «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշմամբ հաստատվել է կազմակերպության 2024 թվականի եկամուտների և ծախսերի բյուջեն 532,2 միլիոն ռուսական ռուբլու չափով, ներառյալ՝ Բելառուսի Հանրապետության բաժնետոմսերի ներդրումը 53,2 մլն ռուսական ռուբլու չափով»։

Այսինքն՝ եթե նույնիսկ ենթադրենք, որ Հայաստանի մասնաբաժինը նույնպես 10 տոկոս է, ապա դա տարեկան մոտ 600 հազար դոլար է։

Այդ գումարները ծախսվում են ՀԱՊԿ գլխավոր շտաբի և քարտուղարության պահպանման վրա, քանի որ ՀԱՊԿ-ը չունի այլ մշտական ​​կառույցներ, ինչպես նաև համատեղ սպառազինություն, ռազմակայաններ և այլ բաներ։ Շտաբն էլ ինչ-որ տարօրինակ առանձնատան է տեղակայված Մոսկվայում, և վերջ:

ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը հերթական նախապատրաստական ​​սադրանքն է՝ ուղղված Հայաստանի «դավաճանությունը» ցուցադրելուն։ Հարցն այն է, թե ինչին է պատրաստվում Ռուսաստանը։

Պարզվում է, որ 2020 թվականին տեղահանվածներիս հասնում է 10 միլիոնի սերտիֆիկատ ու ժամկետը վերջանում է հուլիսի մեկին

Ֆեյսբուքյան օգտատեր Անի Հայրապետյանը գրում է.«Քանի որ թեման շատ խորն է և ուսումնասիրության կարիք ունի ու միայն իմ անձնական հարցը չէ, գրում եմ հանրային ու խնդրում բոլոր պատասխանատու մարդկանց նշել, որ մեր հարցը լուծվի:

Ուրեմն մենք տեղյակ չենք եղել, որ 2023 թվականին բռնի տեղահանվելով` համարվել ենք 2020 թվականի Շուշիիից բռնի տեղահանված մարդկանց բնակարանային ապահովման 10 մլն դրամ սերտիֆիկատի շահառու, ( որպես նաև Բաքվից փախստականի ընտանիք, նաև շահառու են վերաբնակիչները) վստահ եմ, շատերդ չգիտեք դրա մասին ու դուք էլ եք շահառու ու այդ սերտիֆիկատի ժամկետը լրանում է հուլիսի 1 ին:

Երեկ լրացնում եմ հայտը, որ ստուգեմ հաստատ շահառու եմ թե չէ, ( ինչքան փորձեցինք 2020 թվի տեղահանվածների սերտիֆիկատի շահառուների օղակը ճշտել, չհասկացանք, չգտանք ինֆո ): Լրացրեցի: Պարզվեց, որ շահառու ենք

4 ընտանիք` 1 սերտիֆիկատի տակ:

10 մլն դրամ 4 տարբեր ընտանիքի համար, որտեղ 2020 թվից հետո ծնվել են երեխաներ, մեկը ճանապարհին է, ու բոլորը առանձին ընտանիքներ են: 2023 թվականին տեղահանվելուց հետո ապրում ենք տարբեր քաղաքներում:

Հայտը կիսուրիս անվանի է` շահառուների ցանկում նա իր ամուսնու հետ, նրանց 3 տղաները ընտանիքների հետ: Նույնիսկ Շուշիում մենք միասին չենք ապրել (հիմա ով է՞ պատրաստ մեզ օգնել իրավական ճանապարհով կամ առանձնացնել այդ սերտիֆիկատները կամ հրաժարվել, ու որպես առանձին ընտանիքներ սպասենք 23 թվականի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին: Ես չգիտեմ, այստեղ ելքը որն է, միայն գիտեմ, որ 12 հոգի չենք կարող մի տուն գնել 10 միլիոնով և դա տուն համարվի:

 

Բաղրամյան պողոտան փակ է․ վրաններ են տեղադրել

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ գիշերել են Բաղրամյան պողոտայում: Այստեղ բազմաթիվ վրաններ կան, գիշերը խարույկ են վառել, որ տաքանան:

Նշենք, որ նախօրեին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ավարտին Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ երթ սկսեց դեպի Բաղրամյան պողոտա: Այստեղ ոստիկանական մեծաթիվ ուժեր թույլ չտվեցին երթը մտնի Դեմիրճյան փողոց: Ցուցարարների մի խումբ երթով շարժվեց դեպի կառավարական ամառանոցներ, սակայն այնտեղ եւս ոստիկանները թույլ չտվեցին Պռոշյան փողոցից մտնել Դեմիրճյան փողոց:

Ի վերջո երթը վերադարձավ Բաղրամյան պողոտա, որտեղ էլ հայտարարվեց, որ նստացույց են սկսում:

Բագրատ Սրբազանը Բաղրամյան պողոտայում իր աջակիցներին ասաց. ««Այսքան մարդ այս գիշերով այստեղ է, վստահ եմ՝  ինչքան էլ պետք լինի, մնալու են։ Բոլորին տեղեկացնում եք՝ խոստում են տվել լինելու այստեղ և, այո, մենք այս հարցը լուծելու ենք, սիրուն լուծելու ենք: Մնալու ենք այստեղ, վրաններ կլինեն, մեքենաներ։ Ես մնալու եմ այստեղ, դուք էլ, վստահաբար։ Ոչ մի տեղ էլ չենք գնալու, ուզում են հազարավոր զորք բերել»,- հայտնում է news.am-ը։

 

Մակրոնը ցրել է Ֆրանսիայի խորհրդարանը Եվրոպական ընտրություններից հետո

Ֆրանսիայում Եվրախորհրդարանի ընտրություններում ցենտրիստական ​​ճամբարի պարտությունից հետո երկրի նախագահ Էմանուել Մակրոնը ցրել է խորհրդարանի ստորին պալատը։ «Ես չեմ կարող վարվել այնպես, կարծես ոչինչ չի եղել։ Ես ցրում եմ Ազգային ժողովը»,- ասաց նա հունիսի 9-ի կիրակի երեկոյան։

Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հունիսի 30-ին, երկրորդ փուլը՝ հուլիսի 7-ին, ասել է Մակրոնը։ Նրա խոսքով, դրանով ինքը մտադիր է ֆրանսիացիներին իրավունք տալ ընտրությունների միջոցով որոշել խորհրդարանի ապագան։ «Այս որոշումը լուրջ է և դժվար, բայց ամենից առաջ վստահության ակտ է»,- հավելեց նա։

Ֆրանսիայում Եվրախորհրդարանի ընտրություններում աջ պոպուլիստական ​​«Ազգային միավորում» կուսակցությունը, որը հիմնել է Մարին Լը Պենը, ջախջախիչ հաղթանակ տարավ։ Ըստ exit poll-երի՝ այն ստացել է ձայների մոտ 32%-ը, իսկ իշխող Վերածնունդը՝ մոտ 15%-ը։ Երրորդ տեղը կզբաղեցնի Ֆրանսիայի սոցիալիստական ​​կուսակցությունը՝ մոտ 14% արդյունքով։

Լը Պենը ողջունել է Ելիսեյան պալատի որոշումը. «Մենք պատրաստ ենք իշխանության գալ, եթե ֆրանսիացիները մեզ վստահեն գալիք խորհրդարանական ընտրություններում»,- ասաց Ազգային միավորում Ֆրանսիայի խորհրդարանական կառույցի ղեկավարը՝ այս քաղաքական ուժի արդյունքը պատմական անվանելով։

Մինչդեռ, ընդհանուր առմամբ ԵՄ 27 երկրների թվում ամենաուժեղ քաղաքական ուժը, ամենայն հավանականությամբ, կլինի աջ կենտրոնամետ կուսակցությունների դաշինքը։ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) կարող է ստանալ 176 տեղ Եվրախորհրդարանում, գրեթե նույնը, ինչ 2019 թվականի ընտրություններից հետո, հաղորդում է գերմանական ARD հանրային մեդիա ընկերությունը՝ վկայակոչելով նախնական ոչ պաշտոնական արդյունքները և հետընտրական էքզիթ փոլերը։