Մարութ Վանյանի աչքով
Հեղինակ՝ naira
Մտքի դեգրադացիա․ Արցախյան շարժման առաջնորդները այլ երազանք ունեին
«Ես արցախցիների կյանքում փոփոխություններ չեմ ակնկալում և դեմ եմ շրջադարձի երազանքային պատկերացումներին. մեզ համար կարևոր է կենդանի պահել Արցախ վերադառնալու գաղափարը։ Մենք ոչ մեկի հրաժարական չենք պահանջում, մենք կողմ ենք համերաշխության»։
Այս մասին այսօր Բագրատ Սրբազանի հետ հանդիպումից հետո ասաց Արցախի Ազգային ժողովի փոխնախագահ եւ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը։ Մի քանի տողի մեջ խտացված է գաղափարախոսության ամբողջ դեգրադացիան, որը Արցախը եւ հիմա ամբողջ Հայաստանը հասցրեց լուծարման եզրին։
Արցախի Շարժումը՝ իրավունքի իրացման շարժում էր, եւ այն ղեկավարում էին մտքի կատարյալ ազատության տեր մարդիկ, որոնք երազել եւ երազանքները կատարել գիտեին։ Հողի, ժառանգության, իր հազարամյա երկրում ապրելու բնիկ ժողովրդի իրավունքը երազանք չէ եւ չի կարող կասեցվել։ Այդ իրավունքը ճանաչվում է բոլորի կողմից, նույիսկ զավթիչների, որոնք չեն թաքցնում, որ զավթել են այն, ինչ ուրիշին է պատկանում։ Զավթել են, քանի որ տերերը երազելու եւ իրավունքների համար պայքարելու ունակությունը կորցրել են։
Տարիների ընթացքում Արցախի ղեկի մոտ հայտվեցին մարդիկ, որոնք նույիսկ երազել չէին կարող, իրավունքների անսահմանության ընկալման եւ մտքի ազատության մասին էլ չասենք։ Ի՞նչ է նշանակում՝ “դեմ եմ շրջադարձի երազանքային պատկերացումներին, մեզ համար կարևոր է կենդանի պահել Արցախ վերադառնալու գաղափարը”։ Ինչպես 106 տարի վա՞ռ եք պահում Արեւմտյան Հայաստան վերադառնալու գաղափարը։ Դա՞ եք համարում Արցախի չեղած “լիդերների” առաքելությունը։ Նման “առաքելություն” կարելի է առանց ձեզ էլ իրականացնել։
Արցախի լուծարման փաստաթուղթը չեղարկված է, բայց Հայաստանի իշխանությունները չեն խոսում այդ մասին
Ստեփանակերտ, սեպտեմբերի 19
Արցախի լուծարման փաստաթուղթը չեղարկված է, բայց Հայաստանի իշխանությունները չեն խոսում այդ մասին, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նա դիմեց ՔՊ-ականներին, ովքեր մեղադրում են Արցախի իշխանությանը Արցախը հանձնելու հարցում։ «Ի՞նչ տեղի ունեցավ Արցախում՝ հպարտությամբ այստեղից ասում եք՝ սեպտեմբերի 19-ին ստորագրվեց Արցախի լուծարման փաստաթուղթը։ Քիչ է մնում տոն հայտարարեք այդ օրը, դա ողբերգություն է, այդ փաստաթղթով որեւէ մեկը չի հպարտանում։ Բայց գիտե՞ք, թե որն է ձեր ստորագրածի ու այդ փաստաթղթի տարբերակը, մոռանում եք անընդհատ ասել, որ այդ փաստաթուղթը չեղարկվել է այդ փաստաթուղթը ստորագրած մարդու կողմից։ Եվ դուք դրա մասին իրազեկվել եք»,- ասաց պատգամավորը։
Նա նշեց, որ սեպտեմբերի 19-ի հարձակման ժամանակ անհավասար պատերազմում Արցախը մեկ օրում Ադրբեջանին 4 անգամ ավելի շատ զոհ պատճառեց, քան 44-օրյա պատերազմում միջին թիվն էր։ Դա այն դեպքում, երբ Արցախի Պաշտպանության բանակը մենակ էր մնացել։ «Արցախի բանակը մենակ էր մնացել, քանի որ աշխարհում միակ ուժը, որն ուներ սահմանադրական պարտականություն՝ պաշտպանելու եւ Արցախի կողքին կանգնելու, դա չարեց։ Դա Հայաստանի Հանրապետությունն է, որի ղեկավարը դուք եք։ Մենակ մնալով, 9 ամիս սոված մնալով, եղավ այն աղետը, որը եղավ՝ ստորագրվեց այդ փաստաթուղթը, որով ոչ մեկը չի հպարտանում։ Եվ առաջին հնարավորության դեպքում չեղարկվեց այդ փաստաթուղթը։ Այն սուտը, որն այստեղից հնչում է, չգիտեմ՝ դուք ո՞ւմ եք մեղադրում, ասում եք՝ դաշնակցականների կողմից լուծարվեց Արցախը։ Ո՞ր մեկն էր դաշնակցական, Սամվել Շահրամանյանը երբեք չի եղել դաշնակցական։ Այո, դաշնակցական է Դավիթ Իշխանյանը, եւ եթե մի քիչ մարդ լինեիք, էլ չասեմ՝ եթե հայ լինեիք, այդ մարդու անունը, որը հիմա Բաքվի բանտում է գտնվում, այդպես չէիք շահարկի»,- հայտարարեց Քրիստինե Վարդանյանը։
Ստեփանակերտի շենքերը քանդում են․ համալսարանի դիմացի թաղամասը չկա
Այս ամենը շատ ավելի վայրագ ու արագ կերպով տեղի ունեցավ Արցախի հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն այսօր հանդիպում է ունեցել Արցախի պատգամավորների, կառավարության անդամների ու հասարակական-քաղաքական գործիչների հետ։
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Այստեղ արդեն արցախցու, իջեւանցու, գյումրեցու կամ երեւանցու կռիվ չէ, սա հայի կռիվ է։ Լինել-չլինելու հարց է ընդհանրապես։ Եվ այս շարժումը ոչ թե հույս է վաղվա, այլ սա հավատ է, վստահություն է, ինչու չէ, նաեւ վերադառնալու Արցախ։ Անկախ իշխանություններից, մենք միշտ ունենալու ենք նույն պահանջը՝ արցախցիների իրավունքների պաշտպանությունը միջազգային հարթակներում։ Եվ Բագրատ սրբազանի առաջնորդած այս շարժմամբ այդ հույսը դարձել է հավատ ու վստահություն»։
Անդրադառնալով ՀՀ իշխանության ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե արցախցիներն Արցախը հանձնել են, հիմա էլ ուզում են Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, Մետաքսե Հակոբյանն ասաց․ «Այդ նույն տրամաբանությամբ Կիրանցը կիրանցիներն են հանձնում, որովհետեւ նույն բանն է տեղի ունենում։ Ես փորձում եմ համեմատություններ չանել, բայց երբեմն անհնար է լինում, որովհետեւ այն, ինչ մեզ հետ տեղի է ունեցել պատերազմից հետո երեքից ավելի տարիների ընթացքում, հիմա տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Երբ զինված թշնամին քեզնից ընդամենը մի քանի մետրի վրա է, այդ վախը բերելու է նրան, որ մարդիկ ուղղակի չեն կարողանալու ապրել այնտեղ, որովհետեւ միասին ապրել նման թշնամու հետ, դա ուղղակի անհնար է։ Այդ ամենը շատ ավելի վայրագ ու արագ կերպով տեղի ունեցավ Արցախի հետ։ Սա այս իշխանությունների թեզն է, արցախցին մինչեւ վերջին վայրկյանը զոհվել է, նահատակվել է իր հողում, բայց չի թողել հողը»։
Ո՞վ է ասում, որ այդ ամրացված գիծը կարող է 100 տոկոսով մեզ պաշտպանել, բայց մենք այնուամենայնիվ ստեղծում ենք․ Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին այսօր լրագրողները հարցրին՝ լսե՞լ է Ալիեւի հայտարարությունը, ով պարբերաբար սպառնում է, թե «մեր պահանջով թշնամի Հայաստանը վերադարձրեց Ղազախի 4 գյուղերը, եւ այսուհետ այդպես է լինելու»։
«Ես չեմ լսել դա եւ պետք է ասեմ, որ չեմ ուզում իրեն մեկնաբանել։ Դա իր ներքին լսարանի համար նախատեսված բան է։ Օրինակ՝ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցը բարձրացնում ենք, եւ մեզ համար մշտապես զարմանալի ու անընդունելի է, որ կարելի է բանակցությունների ժամանակ այլ լեքսիկոն օգտագործել։ Երբ ես բանակցում եմ իմ գործընկերոջ հետ, առնվազն դիմացի կողմից ընենց տպավորություն է, որ շատ երկար սպասված, շատ սիրալից հանդիպում է։ Եվ կա այլ խոսույթ, դրա համար մենք կարծում ենք, որ այդ ատելության խոսքը պետք է նվազեցնել, այդ հռետորաբանությունը պետք է հանել, որովհետեւ դա չի բռնում իրական բանակցությունների հետ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Հարցին, թե ի՞նչ հույսեր ունեն իրենք՝ բռնապետ Ալիեւը իրական սահմանազատմա՞ն ու խաղաղության ճանապարհո՞վ է գնալու, չի՞ «քցելու» Հայաստանի իշխանություններին, Ալեն Սիմոնյանը պատասանեց․ «Բնական է, այդ քցելու տրամաբանությունը միշտ կա։ Բայց դու պետք է անհրաժեշտ քայլերը ձեռնարկես, որ իմանաս՝ այդ հավանականությունը դու նվազեցնում ես։ Խաղաղության պայմանագիրը, հստակ սահմանը ամենանվազեցնող բանն է, որը կարող է լինել։ Տեսեք՝ ասում ենք, որ ամրացված գիծ ենք ստեղծում։ Ո՞վ է ասում, որ այդ ամրացված գիծը կարող է 100 տոկոսով մեզ պաշտպանել, բայց մենք այնուամենայնիվ ստեղծում ենք, եւ դա կարեւորագույն գործողություն է։ Սահման ունենալը, խաղաղության պայմանագիրն ամրացված գծից էլ ավելի պինդ ու ուժեղ փաստարկ են, որը պետությունը պետք է անի։ Բայց, ինչպես տեսնում ենք, նույն Ուկրաինայում կամ աշխարհում տեղի ունեցող պատերազմները այլ բան են ցույց տալիս։ Դրա համար զուգահեռ նաեւ զբաղվում ենք բանակի ամրապնդմամբ»։
Բնակարանային աջակցության ծրագիր․ սահմանափակումներն ու պահանջները չեն բխում նպատակից
Step1.am-ի զրուցակիցն է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։
-Պարո՛ն Ավետիսյան, Հայաստանի կառավարությունը հաստատեց բռնի տեղահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը։ Ըստ այդմ՝ 2-5 մլն դրամ աջակցություն կտարամադրվի յուրաքանչյուր բռնի տեղահանված անձի՝ բնակարանային խնդիրները լուծելու համար։ Արդյոք այս փոխհատուցումը բավարա՞ր է, ինչպե՞ս եք գնահատում այս ծրագիրն ընդհանրապես։
-Ընդհանուր եթե գնահատենք Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար իրականացվող ծրագրերը, դրանք համարժեք չեն առկա իրական կարիքներին։ Եվ երկրորդը, այսօրվա կառավարությունն ավելի շատ ներկայացնում ու գովերգում է, քան իրականում այդ ծրագրերը կան։ Կան բազմաթիվ խնդիրներ՝ սկսած տեխնիկական խնդիրներից մինչեւ իրավական անորոշություններ եւ ֆինանսական աջակցության անհամարժեքություն։ Այս ծրագիրը երկար ժամանակ գովերգում էին, սպասումներ էին առաջացնում, բայց ինքնին ծրագրի բովանդակությունը եւ նպատակը միմյանց չեն համապատասխանում։ Այսինքն՝ դրանով հնարավոր չէ լուծել ամենակարեւոր խնդիրը՝ պետական աջակցությամբ մեր հայրենակիցներին բնակարանով ապահովման հարցը։ Այդ ծրագրով դրված են սահմանափակումներ ու պահանջներ, որոնք անտրամաբանական են եւ բացառապես չեն բխում դրված նպատակի օբյեկտիվ հիմքից։ Հետեւաբար, շահառուների շրջանում կա օբյեկտիվ դժգոհություն։
Մի վտանգավոր թեզ էլ կա՝ այս իշխանություններն իրենց անգործությունը եւ պոպուլիզմը քողարկելու համար փորձում են նորից հակադրություններ ստեղծել եւ անուղղակիորեն այն թեզն են առաջ քաշում, որ Հայաստանում եւս կան բնակարանի խնդիր ունեցողներ։ Փորձում են հիմա էլ հակադրել արցախահայության կարիքները ՀՀ քաղաքացիների ունեցած կարիքներին։ Դա ինքնին բարոյական չէ, եթե ավելի կոպիտ չասեմ։
Արցախցիներին աջակցելու ծրագրերն իրականացվում են նաեւ միջազգային հանրության աջակցությամբ։ Այնպես չէ, որ միայն այս կառավարությունն է այդ ծրագրերը ֆինանսավորում, եւ մեծ հաշվով, իրենց հոր տանից չեն այդ գումարները բերում, դրանք մեր պետական բյուջեի հարկային եկամուտներից գոյացող միջոցներն են։ Եվ, այո, օբյեկտիվ հանրային ընկալումը կա, որ պետք է այդ ծրագրերն իրականացվեն։ Ի վերջո, մեր հայրենակիցները բառիս բուն իմաստով ամեն ինչ կորցրած՝ գտնվում են մեր աջակցության օբյեկտիվ կարիքի ներքո։
Սա է իրականությունը, բայց մենք գործ ունենք իշխանության հետ, որը նախորդ 6 տարիների ընթացքում բացառապես առաջնոդրվել է սեփական իշխանությունն ամեն գնով պահելու բացառիկ շահով։ Եվ դա այլեւս վաղուց հակադրված է մեր ժողովրդի ու երկրի ազգային ու երկարաժամկետ զարգացման ցանկացած շահի։
-Ընկալելի՞ է, թե ինչո՞ւ են բնակապահովման ծրագրից օգտվելու համար պարտադիր պայման սահմանել ՀՀ քաղաքացիություն ստանալը։
-Այստեղ կա անորոշություն։ Սկզբում իրենք փորձում էին ներկայացնել, որ քաղաքացիության անհրաժեշտություն չկա, եւ իրենք արցախահայության սոցիալական բոլոր իրավունքները համահարթեցրել ու հավասարեցրել են ՀՀ քաղաքացիների իրավունքներին։ Բայց հետո այս պահանջն է դրվել, հիմա էլ փորձում են բացատրել, որ դրանով է հնարավոր այդ ծրագիրն իրավական առումով իրականացնել։ Արցախցի մեր քույրերի ու եղբայրների հիմնական մտավախությունն այն է, որ իրենք հետագայում կկորցնեն իրենց հայրենիք վերադառնալու ու հատուցում պահանջելու իրավունքը։ Սա է մարդկանց հիմնական մտավախությունը։ Այս իշխանություններն իրարամերժ հայտարարություններ են անում, մի մասն ասում է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալը որեւէ կերպ չի ազդելու իրենց իրավունքների վրա, մի մասն ավելի անորոշ ձեւակերպումներ են անում։ Եվ մարդկանց մոտ օբյեկտիվորեն առաջանում են կասկածներ ու անորոշություն։ Եվ սա ըստ էության խանգարում է այդօրինակ աջակցության ծրագրերի՝ ամբողջ ծավալով ու արդյունավետ իրականացմանը։
Այսինքն՝ այս իշխանություններն այդպես էլ չկարողացան հստակ պատասխանել՝ բռնի տեղահանված արցախցին, ընդունելով ՀՀ քաղաքացիություն եւ օգտվելով այդ ծրագրերից, արդյոք հետագայում չի՞ կորցնելու իր՝ հայրենիք վերադարձի իրավունքը եւ նաեւ իրենից բռնազավթածը հետ ստանալու կամ դրա դիմաց որոշակի հատուցում ստանալու իր իրավունքը։
–Խնդրահարույց է նաեւ այն, որ արցախցիները ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ամիսներով սպասում են, արդյոք համակարգը կհասցնի՞ սպասարկել ավելի քան 100 հազար բռնի տեղահանված անձանց, թե՞ մարդիկ կհոգնեն ու կհեռանան Հայաստանից։
-Դա էլ հարցի մյուս կողմն է։ Այո՛, մենք բազմաթիվ հերթեր ենք տեսել պետական մարմիններում։ Եվ որքան շատ են իրենք խոսում այն մասին, որ գտնում են լուծումներ, այնքան խնդիրը խորանում է։ Չեն կարողանում աշխատանքն այնպես կազմակերպել, որ ովքեր ցանկություն ունեն, կարողանան հեշտացված ու արագացված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Երբ նմանատիպ ծրագրերն առաջանում են լրացուցիչ պահանջարկ, զուգահեռ նաեւ լրացուցիչ դժվարություններ են լինում։ Եվ ես վստահ եմ, որ այս իշխանությունը եւ այս առաջնորդությամբ կառավարումը նման հարցերը չեն կարողանա եւ մեծ հաշվով ցանկություն էլ չունեն արագ լուծել։
–Արդեն կան կանխատեսումներ, որ Հայաստանից արտագաղթող արցախցիների թիվը կմեծանա, դուք նման միտում տեսնո՞ւմ եք։
-Դա ակնհայտ է, եւ այստեղ խորքային վերլուծության անհրաժեշտություն չկա։ Այն պրակտիկան ու վերաբերմունքը, որը կա այս խնդիրների նկատմամբ, ամբողջությամբ հանգեցնում է դրան։ Բայց այնպես չէ, որ ՀՀ քաղաքացիները չունեն արտագաղթի պատճառներ։ Մակրո իրավիճակը, որը մեր երկրում ստեղծվել է՝ անվտանգային հարցերից մինչեւ ներքին անկայունություն, այդ ամենը, ցավոք սրտի, արտագաղթի պատճառ են։ Եվ այսպես շարունակվելու պարագայում, այո, արտագաղթի մեծ ալիքի ականատեսը կդառնանք, եւ ոչ միայն արցախցիների շրջանում։
Ռոզա Հովհաննիսյան
Ալեն Սիմոնյանը համոզված է, որ Հայաստանն ունի հստակ սահման՝ իրավական հիմքերով
«Պարո՛ն Մինասյան, ստացվում է, որ դուք ձեր բառապաշարով պնդում եք, որ Հայաստանը որեւիցե սահման չունի՞, հա՞։ Մենք ինչ-որ սահմանով անկախացել ենք, չէ՞»,- ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Արծվիկ Մինասյանն ԱԺ ամբիոնից, դիմելով ՔՊ-ին, ասել էր․ «Առանց հաշվի առնելու տարրական իրավական գիտելիքը, դուք օգտագործում եք «սահմանի վերարտադրություն» արտահայտությունը։ Բացեք տեսեք՝ ՀՀ որեւէ օրենքում «սահմանի վերարտադրություն» հասկացություն կա՞»։
Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Հիմա դուք ԱԺ ամբիոնից հայտարարում եք, որ Հայաստանի Հանրապետությունը սահման չունի։ Հիմա որ մեր հակառակորդը գա, ձեր գրասենյակի մոտ պոստ դնի, ասի՝ Արծվիկ Մինասյան ասել է՝ սահման չկա, այդ ժամանակ ի՞նչ եք ասելու։ Հետեւեք ձեր բառապաշարին, Հայաստանն ունի հստակ սահման՝ իրավական հիմքերով»։
Ասկերանից Այնթապ․ տիկին Ռուզանան պայմաններ ունի վերադարձի համար
Անկախ ամեն ինչից, դու քո Հայրենիքը պետք է սիրես․ ուսուցչի պատգամը
Ռուզաննա Հայրապետյանն իր կյանքն առանց դպրոց չէր պատկերացնում, 35 տարի աշխատել է դպրոցում, աշակերտների համար բացել մաթեմատիկայի ու ֆիզիկայի գաղտնիքները։ Ասում էր` ոչ մի առիթ չէր կարող պատճառ դառնալ դպրոցից բացակայելու համար։ Տիկին Ռուզաննայի վերադարձի հույսը չի մարել, ասում է` 99 տոկոսով հավատում եմ, բայց են մի տոկոսը շատ է խանգարում, երբ նայում եմ պատմական փորձին, թուրքը դեռ ոչ մի բռնազավթած հողակտոր չի վերադարձրել։
Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Ռուզաննա Հայրապետյանը Արցախի էթնիկ զտման արդյունքում հայտնվել է Այնթապ գյուղում։ Շատերի նման նա էլ է ստիպված նոր մասնագիտություն ձեռք բերել ընտանիքի հոգսերը հոգալու համար։ Արդեն 3-րդ ամիսն է զբաղվում է կարուձևով։ Դեռ 2020 թվականի պատերազմից հետո, երբ վերադարձել են Ասկերան, այնտեղ մաս է կազմել «Ասկերանի զարգացման կենտրոն» ՀԿ-ին, որը օգնում էր շրջանի ձեռներեց կանանց զարգացնելու իրենց փոքր բիզնեսները։ Ասկերանում նա փորձել է մանկավարժությանը զուգահեռ զբաղվել նաև թռչնաբուծությամբ։ Սակայն 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձազերծված պատերազմը խափանել է բոլոր ծրագրերը։
«Հայաստանում որոշել եմ զբաղվել կարուձևով, ձեռագործությամբ»,- ասում է տիկին Ռուզաննան։ «Ի բարեբախտություն մեզ՝ «Ասկերանի զարգացման կենտրոն» ՀԿ-ն իր գործունեությունը շարունակում է նաև Երևանում, որի միջոցով ես ձեռք եմ բերել կարի մեքենա և կարում եմ մանկական անկողնային պարագաներ, փոքրիկ բարձիկներ, ուժերս փորձում եմ նաև ձեռագործության, ասեղնագործության մեջ։ Սկզբից ինքնուս էի, սովորում էի համացանցում տեղադրված ուսուցողական տեսանյութերից, հիմա ես մասնակցում եմ «Բարի մամա» բարեգործական ծրագրի երկամսյա դասընթացներին նոր հմտություններ ձեռք բերելու, ինչու չէ նաև ընդլայնվելու համար։ Անկեղծ ասած ձեռքի աշխատանք միշտ սիրել եմ, որը գենետիկորեն գալիս է մորական կողմիցս, ովքեր հայտնի էին գորգագործությամբ, կարպետագործությամբ։ Երևի դա էր պատճառը, որ ընտրեցի այս ուղղությունը։ Իսկ թե ինչքանո՞վ է ճիշտ ընտրությունը, ցույց կտա ապագան»։
Առայժմ տիկին Ռուզաննան սեփական արտադրանքը իրացնում է համացանցի միջոցով, այդ հարցում նրան օգնում են աղջիկն ու հարսը։ Հետագայում մտածում է համագործակցել նաև խանութների հետ։
Լուսանկարները՝ Ալվարդ Գրիգորյանի
-Եթե ընձեռվի վերադարձի հնարավորություն, կվերադառնա՞ք։
– Ես հա, կվերադառնամ, չնայած մտածում եմ, նման դեպքում ես մենակ կգնամ, երեխաներիս դեռ չեմ տանի, բայց վստահ եմ՝ տղաներս ինձնից առաջ են գնալու։ 5 տարեկան թոռս ասումա՝ տատի, մի մտածի, հեսա ես զինվոր դառնամ, կգնամ Արցախը կազատագրեմ, որ դուք էլ գաք։ Ցավոտ հպարտությամբ ժպտում է․․․
– Իսկ ի՞նչ պայմաններով կվերադառնա՞ք։
– Եթե Ադրբեջանի կազմում լինենք, դա բացառվում է։ Խորհրդային տարիներին էլ, երբ իբր հարևաններ ենք եղել, վախը մեր մեջ միշտ եղել է։ Մենք չպետք է Բաքվին ենթակա լինենք, ուզումա ինքնավարության պայմաններում, ինչ ուզումա լինի, դա պետք է բացառել։ Ու անկախ նրանից, թե ինչ միջազգային երաշխիքներ կլինեն, մենք պետք է անվտանգության սեփական երաշխիքն ունենանք։ Որ քաղաքական շահերի փոփոխության դեպքում, էլի մանրադրամ չդառնանք, ոնց որ այս անգամ։
Ռուզաննա Հայրապետյանը շատ է կարոտում իր դպրոցը, ուսուցչական կոլեկտիվը աշակերտներին, որոնց հետ իհարկե կապը պահում է։ Մտքով անգամ չէր անցել, թե երբևէ այդ ամենը կդառնա թանկ մի հուշ, որին վերաբերվում է գուրգուրանքով։
– Որպես մանկավարժ, ի՞նչ կասեք Ձեր աշակերտներին։
– Կասեմ անկախ իշխանություններից, թե ովքեր են, դու քո Հայրենիքը պետք է սիրես ու պայքարես այդ Հայրենիքի համար։
Արմինե Հայրապետյան
Դուք այս ի՞նչ եք անում, դուք ոտնահարել ու այլանդակել եք բոլոր համակարգերը
Արծվիկ Մինասյանն ասաց, որ ԱԺ նստաշրջանի օրակարգում ներառված չեն այսօր հանրությանը հուզող օրակարգային հարցերը։
«Առանց հաշվի առնելու տարրական իրավական գիտելիքը, դուք օգտագործում եք «սահմանի վերարտադրություն» արտահայտությունը։ Բացեք տեսեք՝ ՀՀ որեւէ օրենքում «սահմանի վերարտադրություն» հասկացություն կա՞։ Դուք այս ի՞նչ եք անում, դուք ոտնահարել ու այլանդակել եք ոչ միայն իրավական, քաղաքական, բարոյական համակարգերը, դուք ամեն ինչ տանում եք, հանձնում եք, ինչի՞ համար՝ ձեր աթոռների համար, որ մնաք այդ աթոռին կպած։ Կպեք, ինչքան կպնեք, այնքան կսոսնձվեք, բայց որ հեռացվեք, աթոռն էլ ձեզ հետ է հեռացվելու եւ փոխարինվելու է նորմալ ազգային աթոռով»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը։
«Հրանտ Մաթեւոսյան՝ «եթե ես հրաժարվեմ Արցախից, թշնամին էլ է ինձ արհամարհելու»։ Հրաժարվել եք, արհամարհվում եք»
Ազգային ժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն իր ելույթում ասաց․ «Հրանտ Մաթեւոսյան՝ «եթե ես հրաժարվեմ Արցախից, թշնամին էլ է ինձ արհամարհելու»։ Հրաժարվել եք, արհամարհվում եք»։
«Ալիեւը «նաոլդու Փաշինյան» է շվշվացնում, էլի է ուզելու, էլի եք արհամարհվելու։ Բայց հիմա միայն թշնամին չէ, ժողովրդի անունով եկել եք, այսօր ժողովրդից եք արհամարհված։ Ձեզ մի խաբեք, այս սրբազան շարժումը զուտ հայկական է, այն ընդլայնվելու է, մաքրելու է Հայաստանն ատելությունից, ստից, կեղծիքից, դավաճաններից, չհայերից։ Այս շարժումը նաեւ ձեր փրկության համար է, մի քանիսիդ չհաշված»,- հայտարարեց Աղվան Վարդանյանը։
Բա սխալվեիք, այդ սահմանազատումը Ջերմուկից սկսեցիք, թե՞ վախենում էիք
«Այն, ինչ երեկ տեղի ունեցավ, դա արդեն սահմանազատում չէ, դա մանր ջեբկիրություն է, մանր գողություն, սովետի լավագույն ավանդույթներից եկած ինչ-որ մի բան է»,- ԱԺ նիստում այսօր ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի տարածքները հանձնելու հարցին։
«Պարզվում է՝ երբ ՀՀ-ն կադաստրի վկայական է տվել մեր հայրենակցիներին, իրենք սխալվել են, եւ բնականաբար, սխալվել են ի վնաս մեր հայրենակիցների։ Այս իշխանություններն էլ «սխալվել» են՝ կադաստրի քարտեզները գծելով։ Լավ, բա սխալվեիք, մի 100 մետր էլ Ադրբեջանից ավելի վերցնեիք, թե՞ վախենում եք։ Բա սխալվեիք, այդ սահմանազատումը Ջերմուկից սկսեցիք, թե՞ վախենում էիք։ Դե վեր կացեք ու ասեք՝ վախենում ենք, այստեղ սխալ չկա, կամ էլ ընդունեք, որ մանր գողություն եք անում։
Ասում էին՝ սահմանազատումը պետք է լինի Գենշտաբի 1974-1979 թվի քարտեզներով, բայց երեկ պարզվեց, որ 1969 թվի մասին են խոսում։ Իսկ ինչո՞ւ 1969 թվականի Գերագույն խորհրդի նախագահությունների որոշումներ, այլ ոչ թե 1988 թվականի միջպետական արձանագրան հիման վրա, որովհետեւ 1988 թվին էլի ի շահ Հայաստանի էր, Հայաստանը կարողացավ հետ բերել Ադրբեջանի կողմից գողացված տարածքներ, բայց դուք էլի վախենում եք դա ընդունել։ Իսկ կլինի՞ Ադրբեջանից վախենալու փոխարեն՝ սեփական ժողովրդից վախենաք»,- ասաց Արթուր Խաչատրյանը:







