Կարեւորը՝ որ ես կարողացա բոլորին կենդանի հասցնել Հայաստան. սովորական սխրանք

«Սեպտեմբերի 19-ը սկսվեց որպես սովորական բլոկադային օր. նվազագույն սննդամթերք, մտքեր, որ մեկ օր էլ կանցկացնեն շուկայում կամ կրպակներում, որտեղ գյուղերից հազվադեպ ուտելի բան են բերում։ Այն քիչը, որ կառավարությունը հատկացրել է Տուն-ինտերնատի համար, օգտագործվում էր խնայողաբար։ Այսպիսով, օրը սկսվեց մտածելով, թե ինչ պիտի պատրաստեմ այսօր: Ժամը 13.00-ին մեր թաղամասում ըստ ժամանակացույցի միացվել է հոսանքը։ Եվ մոտավորապես ժամը 13.15-ին հրետակոծությունը սկսվեց։ Առաջին արկերը դիպել են մոտակայքում և ինտերնետի բակին։ Պատուհանները կոտրվել են, փոշի ու մշուշ բարձրացավ, ճիչեր ու լաց։ Բոլորին սկսեցին ուղարկել ապաստարան, պառկածներին նույնպես»։

Ժասմեն Մելքումյանն այսպես սկսեց 2023 թվականի պատերազմի պատմությունը։

Step1.am-ն արդեն պատմել է այս ուժեղ կնոջ պատմությունը https://step1.am/blog/2024/03/01/11932/։ 2020 թվականի պատերազմից հետո, երբ նրա հայրենի Շեխեր գյուղը գրավեցին, կինը առաջին խմբի հաշմանդամ քրոջ հետ հայտնվել է Ստեփանակերտի Տուն-ինտերնատում։ Այստեղ ապրում էին տասնյակ ընտանիքներ օկուպացված տարածքներից։ Շատ տարեցներ կային, միայնակ, հիվանդ մարդիկ։

Երբ եղավ 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմը, իսկ հետո տեղահանությունը, կնոջ ուսերին ընկան ինտերնատի անօգնական բնակիչների հոգսերը։

Ստեփանակերտի ռմբակոծության առաջին ժամերին մտածում էին, որ հրետակոծությունը շուտով կավարտվի։ Սակայն հրետակոծությունը շարունակվել է ավելի քան մեկ օր։ Կինը մե՛կ վազում էր դեղորայքի, մե՛կ վերմակների, մե՛կ անհրաժեշտ այլ բանի հետեւից։ Իսկ երբ նրանք դուրս են եկել կացարանից, Ժասմենը նկատել է, որ ջրի հետ ինչ-որ խնդիրներ կան։

«Ծորակի ջուրը պղտորվեց, ծածկվեց յուղոտ թաղանթով և տհաճ հոտ էր գալիս: Ես վախեցա և բոլորին զգուշացրեցի, որ ջուրը չօգտագործեն։ Քայլող բնակիչների հետ սկսեցինք ջուր բերել մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող արտեզյանից։ Էլեկտրականություն չկար։ Ծանոթներիցս մեկն ինձ ալյուր տվեց, և ես սկսեցի լավաշ թխել միայնակ ծերերի համար: Այսպես ինտերնատը ապրեց մի քանի օր՝ մինչեւ սեպտեմբերի 27-ը»։

Մինչ այդ հնարավորություն ունեցող ընտանիքները լքել են ինտերնատը։ Մնացածների համար կառավարությունը ավտոբուսներ տրամադրեց, իսկ Ժասմենին ասացին, որ ինքն է լինելու պատասխանատու ինտերնատի մարդկանց տեղափոխելու համար։

«Երբ ռմբակոծությունն ավարտվեց, խաղաղապահները սկսեցին բոլոր շրջաններից գյուղացիներին բերել Ստեփանակերտ։ Նրանք ասում էին, թե իբր մարդկանց տարհանում են, քանի որ ադրբեջանցի զինվորականները, մտնելով բնակեցված տարածքներ, սպանում են մարդկանց։ Ես դեռ զարմացած էի, մի ռուսի հարցրի, թե՞ ինչու չեն կանգնեցնում ադրբեջանցիներին, ասաց՝ «նման հրաման չկա» ու գնաց։ Ինտերնետում տեղավորվել են հիմնականում միայնակ տարեցներ։ Այն լիքն էր ծերերով՝ նստած-պառկած»։

«Սեպտեմբերի 27-ին երեք երթուղայիններում նստեցրել եմ 76 հոգու, որոնցից 15-ը գամված են եղել անկողնուն։ Վերցրեցի ամբողջ մնացած ուտելիքը և մատրասներ, որպեսզի պառկածները տեղավորվեն նստատեղերի միջև ընկած միջանցքում: Որպեսզի երկար ժամանակ բոլորի համար բավարար սնունդ լինի, ես ստիպված էի մեկ կարտոֆիլը բաժանել երկուսի։ Ջուրը խնայորաբար էինք օգտագործում։ Առաջին գիշերն անցկացրեցինք Ստեփանակերտում՝ Սոցնախարարության շենքի դիմաց գտնվող ավտոբուսում։ Օգնում էի որոշ մարդկանց փոխել տակդիրները. այս պայմաններում ամոթի ժամանակը չէր, վիրակապ էի անում, վերահսկում դեղերի ընդունումը և օգնում լուծել այլ խնդիրներ: Սեպտեմբերի 28-ի առավոտյան երեք ավտոբուսներն էլ շարժվեցին դեպի Հայաստան»։

«Սոցիալական հարցերի եւ աշխատանքի նախարարության Դավիթ անունով աշխատակիցը մի քանի օր, ընդհուպ մինչև Ստեփանակերտից հեռանալը, մեզ հետ էր և ամեն ինչում օգնել է», – ասաց Ժասմեն Մելքումյանը։ Բայց, ցավոք, նա չգիտի նրա ազգանունն ու կոչումը։ Սեպտեմբերի 25-ից նա չի տեսել ինտերնատի տնօրինությանը։

«Ստեփանակերտում ինտերնատից մնացել են միայն Վարդանը, Հայկը, Արմենը և մի ամուսնական զույգ։ Ինչքան էլ աղաչեցի, չուզեցին ու փախան։ Ես չեմ փնտրել նրանց: Ստիպված էի գնալ առանց նրանց»:

Նա հիշեց, որ Հակարիի կամրջի վրա մի ադրբեջանցի մոտեցավ ավտոբուսին և հարցրեց, թե ինչու ենք մենք գնում, «ի վերջո, ադրբեջանցիները լավն են»։ Ի պատասխան Ժասմենը ցույց տվեց ինտերնատի մոտ պայթյունից վիրավորված ծերերին։

«Գլխավորն այն է, որ ես կարողացա բոլորին ողջ-ողջ բերել Հայաստան։ Առանց բավարար ջրի և սննդի։ Այստեղ Կարմիր Խաչը դիմավորեց բոլորին, օգնություն ցույց տվեց ու բաժանեց ում որ պետք էր։ Դե ես էլ վերցրի քրոջս, ու շատ դժվարություններից հետո հայտնվեցինք Լոռիում»։

Ալվարդ Գրիգորյան

Արցախցիների աջակցության ծրագրերում փոփոխություններ են իրականացվել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվել են փոփոխություններ սոցիալական աջակցության 3 ծրագրերում (միանվագ 100 հազար դրամ, վեցամսյա 40+10 հազար դրամ, ինչպես նաև երկամսյա 50 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառումներ)։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ եթե Դուք արդեն իսկ դիմել եք վերոնշյալ ծրագրերին և Ձեր անունով համակարգում առկա է առցանց դիմում, ապա նոր դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ տվյալ դիմումները կվերանայվեն և իրականացված փոփոխությունների շրջանակին համապատասխանելու դեպքում՝ կբավարարվեն։

«Այն անձինք, ովքեր դեռևս չեն դիմել վերոնշյալ ծրագրերին պետք է առցանց դիմում ներկայացնեն մարտի 31-ը ներառյալ՝

վեցամսյա 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի դեպքում անհրաժեշտ է մուտք գործել հղմամբ,

երկամսյա 50,000 դրամ ծրագրի դեպքում՝ հղմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նիկոս Դենդիասը հնարավոր է համարում Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա- Հնդկաստան քառակողմ համագործակցությունը պաշտպանության ոլորտում

Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հաջողված է համարում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությունը պաշտպանության ոլորտում և հնարավոր համարեց Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան քառակողմ համագործակցությունը։

«Մենք ստեղծել ենք հաջող եռակողմ պաշտպանական համագործակցություն Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև։ Բայց կարող են գոյություն ունենալ նաև այլ եռակողմ կամ քառակողմ հարաբերություններ Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ՝ կարևոր երկրների, կարևոր տերությունների, Հայաստանի և Հունաստանի շատ հզոր ընդհանուր բարեկամների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարության ժամանակ ասաց Նիկոս Դենդիասը։

Իսկ 2020 թվականին բռնի տեղահանված 30 հազար արցախցինե՞րը

Արդեն 5 ամիս է, ինչ Հայաստանի ղեկավարներն ու պաշտոնյաները, ինչպես նաև միջազգային հանրության ներկայացուցիչները խոսում են Արցախի Հանրապետության 100 հազար բռնի տեղահանված բնիկ բնակիչների մասին, որոնք 10 ամսվա շրջափակումից, ցեղասպանությունից հետո ստիպված էին լքել իրենց մշտական ​​բնակության վայրը։

Ինչո՞ւ հենց այս թիվը դարձավ Արցախից բռնի տեղահանվածների «խորհրդանիշը»։ Իսկ այն 30 հազար արցախցինե՞րը, ովքեր 2020 թվականին լքել են իրենց հայրենիքը 44-օրյա պատերազմի ժամանակ, որի արդյունքում գրավվեցին Հադրութի ու Շուշիի շրջանները, իսկ Արցախը Հայաստանի հետ կապող Քաշաթաղի ու Քարվաճառի շրջանները հանձնվեցին առանց մեկ կրակոց արձակելու։

Ինչո՞ւ է նման վերաբերմունք է դրսեւորվում ոչ պակաս տուժած, քան վերը նշված տարածքների մյուս բնակիչների, անձանց հանդեպ։ Ի վերջո, նրանցից շատերը հավատացին ռուսական խաղաղապահ զորախմբի և անձամբ ՌԴ նախագահ Պուտինի հավաստիացումներին, որ Արցախի ժողովուրդը «կապրի ապահով և ազատ» և նորից վերադարձան Արցախ՝ իրենց կորցրած տներին ավելի մոտ լինելու համար։

Արեւմուտքի դիրքորոշումը շատ չի տարբերվում։ Դեռևս 2020-2021 թվականներին, երբ բռնի տեղահանված արցախցիները ստեղծեցին իրենց հասարակական կազմակերպությունները՝ պաշտպանելու հավաքական իրավունքները, ԱՄՆ և ԵՄ դեսպանատների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ նրանց հստակ հասկացրին, որ Արցախն իրենց համար փակ թեմա է։ Մեկ անգամ չէ, որ նրանք երեսներիս ասացին, որ Արևմուտքը «չի ցանկանում խառնվել մեր հակամարտությանը» և մտադիր է միայն Հայաստանի կառավարության միջոցով լուծել տեղահանվածների սոցիալական և հումանիտար խնդիրները։

Դեռևս հայտնի չէ՝ արդյո՞ք ՀՀ կառավարության սոցիալական ծրագրերը (այդ թվում՝ Արցախի բնակապահովման մշակվող ծրագիրը) իրականացվել են օտարերկրյա պետությունների կողմից որպես օգնություն տրամադրված միջոցներով, թե՞ դրանք իրականացվել են հայ հարկատուների վճարած հարկերի հաշվին (ինչպես սիրում են արցախցիների աչք մտցնել հայ պաշտոնյաները):

Բայց նույնիսկ այդ չնչին միջոցները, որոնք տրամադրվել էին տեղահանվածներին 2020 թվականին՝ որպես բնակարանների վարձակալության փոխհատուցում, կասեցվեցին 2023 թվականին Արցախից մնացած հայերի արտաքսումից հետո։

Այսօր 2020 թվականի բռնի տեղահանվածները զրկված են բոլոր վճարումներից։ Ավելին, թոշակառուները, մասնավորապես՝ զինվորական թոշակառուները, որոնք կենսաթոշակ են ստացել ՀՀ բյուջեից, այն կորցրել են 2023 թվականի սեպտեմբերից։ Դադարեցվել է նաև հաշմանդամության և երեխայի նպաստների ֆինանսավորման ծրագիրը։

Դեռ հայտնի չէ, թե արդյո՞ք նրանք կընդգրկվեն բնակապահովության ծրագրին ցուցակների մեջ։ Բայց, ըստ ամենայնի, սրանից էլ կզրկվեն հադրութցիներն ու շուշեցիները, բացառությամբ Արցախ վերադարձածների և 2023 թվականին կրկին արտաքսվածների։

Ինչո՞վ է տարբերվում 2020 թվականի ագրեսիան 2023 թվականի ագրեսիայից և էթնիկ զտումներից։ Միայն թե 2020 թվականին Արցախի ամբողջական շրջափակում չկար, և պատերազմը տևեց 44 երկար օր։ Բնակավայրերի նույն գնդակոծությունը, խաղաղ բնակիչների սպանությունները, ովքեր ժամանակ չեն ունեցել կամ չեն ցանկանում լքել իրենց տները։

Բայց այն ժամանակ Ադրբեջանը այլ ձեւ գործեց. մարդկանց դաժանաբար սպանում էին (գլխատում, մասնատում, գնդակահարում) իրենց տներում կամ հողամասերում: Ինչու՞ այլևս չի նշվում 2020 թվականի ցեղասպանությունը։

Իսկ գուցե այն պատճառով, որ 2023 թվականին ցեղասպանությանը մասնակցել են նաև ռուս խաղաղապահները։ Չէ՞ որ նրանց աչքի առաջ են սպանել կամ գերի վերցրել սահմանամերձ գյուղերի բնակիչներին, հենց նրանք են մտել բազմաթիվ գյուղեր և ստիպել բնակիչներին լքել իրենց տները և տեղափոխվել Իվանյանի իրենց բազան (օդանավակայան):

Մենք ապացույցներ չունենք, բայց կարող ենք թույլ տալ եզրակացնել, որ Արևմուտքը կրկին դիտարկում է ցեղասպանության և տեղահանության ենթարկված արցախահայության խնդիրները Ռուսաստանի հետ հարաբերությունների և տարածաշրջանում ՌԴ ապագա դերի պրիզմայով։

Բայց եթե արտաքին խաղացողների հետ ամեն ինչ պարզ է, ապա ՀՀ կառավարության վարքագիծն ու ներքին քաղաքականությունը պարզապես տարակուսանք է առաջացնում։

100 հազար բռնի տեղահանվածների հիշատակումը և 2020 թվականին տեղահանվածների խնդիրների մասին համառ լռությունը տրամաբանության մեջ չեն տեղավորվում. Ի վերջո, 2020-ի տեղահանվածները նույն արցախցիներն են, որոնք նույնպես ռուս-թուրքական-ադրբեջանական համատեղ «համալիր գործողության» արդյունքում վտարվել են իրենց տներից, իրենց պապերի հողից “ծանր օպերացիայի արդյունքում”, ինչպես անվանել է այն ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն:

Այս առումով պետք է նշել, որ 2023 թվականի էթնիկ զտումներից առաջ ադրբեջանցիները ցուցադրում էին կադրեր Հադրութից, որտեղ պարզ երևում էր, որ քաղաքը նույն տեսքն ունի, ավերածություններ չկան և այլն։ 2023 թվականից հետո ցուցադրվում են կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են էքսկավատորներով ավերվում բնակելի և վարչական շենքերը, Հադրութի քաղաքային լանդշաֆտը ամբողջությամբ փոխվում է և, դատելով Ալիևի հայտարարություններից, այն կվերածվի «մահմեդական մշակույթի կենտրոնի»։

Այսօր արդեն կադրեր են հայտնվել Ստեփանակերտում խորհրդարանի և Ազատամարտիկների միության շենքերի ոչնչացման մասին։

Եվ այս ամենը Հայաստանի իշխանությունների անատամ, ապաշնորհ դիվանագիտության և արտաքին քաղաքականության արդյունքն է, որոնք շարունակում են իրենց հակապետական ​​կուրսը ռուս-թուրք-ադրբեջանական եռյակին հաճոյանալու համար, իսկ տրիոյի նպատակը պարզ է՝ հայկական պետականության ոչնչացում։ Եվ հայոց պետականությունը սկսել են ավերել Արցախի հանձնմամբ ու նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոչնչացմամբ։

2020 թվականին տեղահանվածների խնդիրները լռեցնելը հանցավոր ծրագրի մի մասն է, որն ի վերջո կհանգեցնի Հայաստանի ինքնիշխանության վերջնական կորստի։

Մարգարիտա Քարամյան

 

Որովհետեւ վերադարձի հնարավորությունը կա․ Սավադյան

Արցախցիների վերադարձի հարցը չպետք է դուրս գա օրակարգից։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը։ «Առաջին հերթին հենց վերադարձի մասին պետք է խոսենք, որովհետեւ դա է առաջնային հարցը։ Ամբողջ աշխարհը դրա մասին խոսում է, մենք չենք խոսում, դա սխալ է։ Վերադարձի հարցը պետք է միշտ ուշադրության կենտրոնում պահել, որովհետեւ վերադարձի հնարավորությունը կա»,- ասաց Սավադյանը։

Հարցին, թե ի՞նչ ռեսուրս կա՝ արցախցիների վերադարձն ապահովելու համար, նա պատասխանեց․ «Առաջին ռեսուրսը ժողովուրդն է, որը միանշանակ պատրաստ է վերադառնալ։ Մյուս ռեսուրսն այն է, որ եթե այդ հարցի մասին սկսենք խոսել, պրոցեսը կգնա, հարցը տեղից կշարժվի։ Եթե այդ մասին չենք խոսում, պարզ է, որ ոչ մի բան էլ տեղի չի ունենա։ Ամբողջ աշխարհն ասում է, որ այդ մարդկանց Ադրբեջանը բռնի տեղահանել է։ Իրենք էլ են ասում՝ թող հետ գան, ԱՄՆ-ն էլ է ասում, Ֆրանսիան էլ, անգամ Մարիա Զախարովան է այդ մասին ամեն օր խոսում։ Մենք էլ պետք է կանգնենք ու ասենք՝ պատրաստ ենք հետ գնալ, բայց մենք էլ ունենք մեր պայմանները։ Այդ պայմանների մասին շատ է խոսվել, դրանցից մեկն այն է, որ միջազգային խաղաղապահ ուժեր պետք է գան Արցախ։ ՌԴ խաղաղապահ ուժերը պետք է այնտեղից պարտադիր հեռացվեն»։

Ըստ Սավադյանի՝ մյուս պայմանն էլ այն է, որ Բերձորի միջանցքը պետք է անցնի ՄԱԿ-ի վերահսկողությանը։ Ադրբեջանի եւ զինուժը, եւ ոստիկանությունը, եւ կառավարման մարմինները պետք է դուրս գան Արցախից, այնտեղ պետք է լինի միայն հայկական իշխանություն։

«Սրանք են մեր պահանջները, այս պահանջների մասին պետք է պարտադիր խոսել։ Արցախի ժողովուրդը սա ուզում է, բայց պետք է լինեն մարդիկ, որոնք սայլը տեղից կշարժեն։ Առաջին հերթին Արցախի իշխանությունները պետք է այս հարցով զբաղվեն, բայց իրենք ոչինչ չեն անում։ Երբ իրենք տեղափոխվել էին Հայաստան, այդ մասին պետք է խոսեին ու կոնկրետ դրանով պետք է զբաղվեին։ Արցախի իշխանություններն այդ հնարավորությունն ունեն, մեծ շենքը վերցրել, իշխանություն են խաղում, եւ պետք է զբաղվեն ժողովրդի վերադարձի հարցով»,- ասաց նա։

Անդրադառնալով այն տեղեկություններին, որ Հայաստանի իշխանությունների կողմից ճնշում կա Արցախի իշխանությունների նկատմամբ, Վահան Սավադյանն ասաց․ «Եթե անգամ ենթադրենք, որ դա այդպես է, ճնշում կա, բայց Արցախի իշխանությունների կողմից գոնե մեկ փորձ եղե՞լ է։ Եթե գոնե մեկ փորձ երեւար, որ իրենք փորձել են այդ հարցով զբաղվել, բայց Հայաստանի իշխանությունը ճնշել է, այլ հարց  է։ Բայց փորձ էլ չի եղել, որ տեսնենք՝ ՀՀ իշխանությունը ճնշում է, թե՞ ոչ։ Մենք կողքից ինչքան կարող ենք, կօգնենք, բայց հենց իշխանությունները պետք է այդ հարցով զբաղվեն։ Եթե իշխանությունը չի անում, կգտվեն այլ մարդիկ, արդեն կան մարդիկ, որոնք դրանով զբաղվում են, եւ մոտ ժամանակներս արդյունքը կերեւա»։

Վահան Սավադյանը նաեւ նշեց, որ արցախցիների կորցրած գույքի գույքագրման աշխատանք չի իրականացվում։ Արցախի իշխանությունները համայնքների ղեկավարներին գույքագրման վերաբերյալ հանձնարարական չեն տվել․ «Համայնքի ղեկավարներից մեկն էլ ես եմ, իշխանության կողմից նման հանձնարարություն չի եղել։ Ճիշտ է, մենք արդեն վաղուց այդ գույքագրումն արել ենք, բայց ես միշտ կապի մեջ եմ, չկա նման հանձնարարական»։ Մեր հարցին, թե քաղաքական որոշո՞ւմ կա, որ գույքագրում չիրականացվի, Սավադյանը պատասխանեց․ «Չգիտեմ, անգործություն է, ուրիշ ոչ մի բան»։

 

Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Երևանում մարտի 4-ի և 9-ի ցերեկը,  6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 5-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Մարտի 6-ին կեսօրից հետո, 7-8-ին, 9-ի գիշերը սպասվում է անձրև։ Մարտի 6-7-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վ արագությամբ։

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝  նշելով, որ օդի ջերմաստիճանը մարտի 4-ի ցերեկը, 5-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4  աստիճանով, 7-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։

Մարզերի առանձին շրջաններում մարտի 4-ի, 5-ի և 8-ի ցերեկը, 6-ին, 9-ին սպասվում են տեղումներ։

Մարտի 7-ին, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին լեռնային շրջաններում՝ ձյուն։ Մարտի  5-ի  գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վ, մարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ, 7-ին՝ 15-20 մ/վ արագությամբ:

«Սիգի հետ հարաբերվող» Հայաստանի իշխանությունը չի շփվում Արցախի ժողովրդի հետ

Հայկական լրատվամիջոցները հիշեցնում են, որ «մոտ 2 տարի է՝ կալանքի տակ է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, ում մեղադրում են 2020 թ. հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Շուշիի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ժամանակ ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու մեջ, ինչի հետեւանքով, ըստ ՔԿ-ի, հակառակորդը գրավել է Շուշին, եւ հայկական ստորաբաժանումներն ունեցել են զոհեր ու վիրավորներ»։

Հայաստանի իշխանությունը, որը «որպես պետություն առաջին անգամ է հարաբերվել սիգի հետ», Արցախի օկուպացիայից, ցեղասպանությունից և բնիկ բնակչության տեղահանությունից գրեթե 6 ամիս անց համառորեն հրաժարվում է շփվել Արցախի ժողովրդի հետ և քննարկել ազգային պետական ​​և իրավական հարցեր։ Հայաստանի իշխանությունը զբաղվում է բացառապես արցախցիների «մարդասիրական» խնդիրներով՝ հնարավորինս նվաստացնելով արցախցիներին և մխրճելով նրանց անվերջանալի բյուրոկրատական ​​ճիրանների մեջ։

Հայաստանի կառավարությունը ընդամենը մեկ որոշմամբ կարող էր ճանաչել արցախցիների 070 ծածկագրով հայկական անձնագրերը որպես քաղաքացիության նշան՝ Հայաստանի քաղաքացի լինել չցանկացող արցախցիներին հնարավորություն տալով հրաժարվել անձնագրից և ստանալ փախստականի կարգավիճակ։ Սակայն իշխանություններն այլ որոշում կայացրին՝ 070 ծածկագրով Հայաստանի անձնագիրը օրենքից դուրս են հայտարարել։ Մարդիկ 3 ամիս հերթ են կանգնում փախստականի կարգավիճակ ստանալու համար, և հանկարծ նրանց ասում են, որ եթե ուզում են բնակարանի փոխհատուցում ստանալ պայմանական 3 միլիոն դրամի չափով, պետք է ընդունեն ՀՀ քաղաքացիություն։

Եվ հարց է առաջանում՝ եթե ՀՀ իշխանությունը Միքայել Արզումանյանին մեղադրում է Շուշին հանձնելու մեջ, նշանակո՞ւմ է դա արդյոք, որ Հայաստանի իշխանությունը Շուշին և Արցախը համարում է հայկական պետության մի ամբողջ մաս, որը հանձնելը հանցագործություն է։ Նշանակո՞ւմ է արդյոք այն, որ Հայաստանի իշխանությունը, չճանաչելով Արցախի բնակիչների հայկական անձնագրերը, ծաղրում է սեփական քաղաքացիներին ու վիրավորում հայկական պետության կողմից տրված պետական ​​փաստաթուղթը։

Ժամանակն է կողմնորոշվել՝ կամ սիգի հետ ես հարաբերվում, կամ ազատ ես արձակում Միքայել Արզումանյանին, կամ ճանաչում ես արցախցիների անձնագրերն ու ՀՀ քաղաքացիությունը։ Միասին դա չի լինում։

Նաիրա Հայրումյան

Լուսանկարը՝ «Չորրորդ իշխանություն» թերթից

Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը

Այսօր՝ մարտի 4-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Հաղորդվում է, որ Դենդիասը Հայաստան է ժամանել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով։

Տիրան Խաչատրյանն ազատ արձակվեց 5 մլն դրամ գրավի դիմաց

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն ազատ արձակվեց դատարանից։ Դատարանի այսօր՝ մարտի 4-ի որոշմամբ՝ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց 5 միլիոն դրամը, նաև՝ բացակայելու մասին արգելքը։

ԳՇ պետի նախկին տեղակալի փաստաբանները նախորդ դատական նիստի ժամանակ միջնորդել էին, որ խափանման միջոցը փոխվի, կիրառվի վարչական հսկողություն կամ տնային կալանք։

«Տիրան Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնել, այլընտրանքային խափանման միջոց ընտրել գրավը` 5 մլն ՀՀ դրամ, և բացակայելու արգելքը։ Մեղադրյալ Տիրան Խաչատրյանին անհապաղ ազատ արձակել։ Գրավի գումարը ենթակա է վճարման ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ Վճարումը հավաստող փաստաթուղթը եռօրյա ժամկետում պետք է ներկայացվի վարույթն իրականացնող մարմնին»,– նշեց դատավորը։

Որոշման հրապարակումից հետո դատարանում ծափեր հնչեցին։

Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը ձերբակալվել էր այս տարվա հունվարին՝ Արամուս գյուղի տարածքում գործող ռեստորանում արձանագրված միջադեպի գործով, իսկ օրեր անց կալանավորվել երկու ամիս ժամկետով։

Ըստ ՆԳՆ-ի՝ տեղի ունեցած վիճաբանության մասին ահազանգն ստացվել է հունվարի 11-ին՝ ժամը 23.00-ին։ ժամը 23.39-ին «Աբովյան» ԲԿ-ից հաղորդում էր ստացվել, որ Արամուս գյուղից «աջ դաստակի սալջարդ, պատռած վերք սալի ջլերի վնասումով» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1977թ ծնված մի տղամարդու։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Աբովյանի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար:

Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Խուլիգանությունը, որն իրականացվել է մի խումբ անձանց կողմից, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով), 335-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն կրելու ) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (զենքի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը)։ Կրակոցների հետևանքով տուժած անձն արդեն տուժող է ճանաչվել։

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը բերման է ենթարկվել Ջրվեժից,անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է CZ-75 տիպի մարտական ատրճանակ` 16 փամփուշտ փամփշտակալում, մեկ փամփուշտ էլ փողում:

Անարմատները ցանկանում են փոխել սեփական անցյալը՝ արմատախիլ անելով հայկական քաղաքակրթության հետքերը

Ալիեւը վախենում է Արցախում ազգային-պետական ​​խորհրդանիշներից ինչպես կրակից։ Նույն կրակից՝ «ատր»-ից, որը սանսկրիտից անցել է հայերեն և պարսկերեն լեզուների մեջ և հիմք է հանդիսացել Լենինի և Ստալինի կողմից հավաքված կեղծ պետության անվանման համար։

Ալիևի ցեղը երբեք չի ունեցել ազգային-պետական ​​խորհրդանիշների նշույլ՝ պարսկա-շիական իսլամիզմը, այլասերված թյուրքական քոչվոր բաշիբուզուկիզմով և ռուս-խորհրդային անարմատների վանդալիզմով։ Իսկ ազգային-պետական ​​մատրիցով քաղաքակրթության ֆոնին հատկապես ողորմելի է թվում անարմատության բարբարոսությունը։

Ստեփանակերտում հայկական պետականության, հայկական կազմակերպությունների և Արցախի իշխանությունների աղմկահարույց լռության ներքո տեղի է ունենում հայկական ազգային-պետական ​​խորհրդանիշների վերացում, որոնց ակունքները գալիս են այն ժամանակներից, երբ Ատրպատականն ընդամենը «կրակի երկիր» էր։

Քոչվոր ցեղերի՝ սեփական ազգային և պետական ​​խորհրդանիշները ձեռք բերելու ցանկությունը ոչնչացնում է բոլոր կենդանի էակներին իր ճանապարհին, ինչպես քոչվոր ցեղերի ոչխարները ժամանակին ալպիական մարգագետինները վերածում էին աղի ճահիճների՝ ստիպելով սեփական նրանց տերերին փնտրել նոր արոտավայրեր և նվաճել օտար քաղաքակրթությունները:

Մոնղոլական բարձրաստիճան պաշտոնյաներն այժմ ծիծաղում են ռուսական, օսմանյան «կայսրությունների» ճիգերի վրա, որոնք առաջացել են օտար տարածքում սեփական պետություն ունենալու քոչվոր ցանկությունից:

Հարստացած ու ամեն ինչ գտած որբը, միեւնույն է, ծանր մանկություն է ունեցել։ Արմատները հնարավոր չէ փոխել:

Արցախին, Գազային, Ուկրաինային «մարդասիրական օգնությունը»՝ ագրեսորին չկանգնեցնելու պատրվակ

ԱՄՆ-ն իրականացրել է Գազայի հատվածի բնակիչներին օդային ճանապարհով ռազմական ինքնաթիռների միջոցով մարդասիրական օգնություն հասցնելու առաջին գործողությունը։ Ամերիկյան երեք C-130 ինքնաթիռներ սնունդ են հասցրել մի տարածք, որտեղ, ըստ ՄԱԿ-ի տվյալների, առնվազն 576 հազար մարդ սովի եզրին է, գրում է Reuters-ը։ Կոնտեյներները նետվել են պարաշյուտով։

Ավելի քան 110 պաղեստինցի սպանվել է հինգշաբթի Գազա քաղաքում օգնության բեռնատարների շուրջ հավաքված ամբոխի հետևանքով։

Մարդասիրական օգնության առաքումը ագրեսիայի ենթարկված շրջաններ ուղղված է ռազմական գործողությունների երկարաձգմանը մինչև ագրեսորի նպատակների իրականացումը։ «Մարդասիրական» օգնության երկրորդ նպատակը՝ ագրեսիայի ենթարկվողների նվաստացումն է։

Արցախի շրջափակման 9 ամիսները, ըստ թշնամու պլանի, պետք է մարդկանց մեջ արթնացնեին կենդանական բնազդներն ու հուսահատությունը, ընտելացնեին ազատության ոգին։ Բայց արցախցին արեց այն, ինչ իրենից չէր սպասվում՝ ժամանակավորապես լքեց իր հազարամյա հայրենիքը՝ ցույց տալով, որ մտադիր չէ ենթարկվել հակաքաղաքակրթությանը և ագրեսիային։

Իրեն քաղաքակիրթ աշխարհի առաջնորդ կոչող ԱՄՆ-ն ագրեսորին կանգնեցնելու փոխարեն նվաստացուցիչ մարդասիրական օգնություն է ցուցաբերում՝ ստիպելով մարդկանց սպանել միմյանց մի կտոր հացի համար։

«ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը երկուշաբթի օրը Սպիտակ տանը կհանդիպի Իսրայելի ռազմական կաբինետի անդամ Բենի Գանցի հետ՝ քննարկելու իրավիճակը Մերձավոր Արևելքում: Պատերազմի դադարեցումը չի քննարկվելու։ Բանակցությունները կկենտրոնանան պաղեստինցի խաղաղ բնակիչների զոհերի կրճատման, ժամանակավոր հրադադարի ապահովման, Գազայում պատանդների ազատ արձակման և մարդասիրական օգնության ավելացման վրա»,- ասել է Սպիտակ տան պաշտոնյան:

«Փոխնախագահը կհայտնի իր մտահոգությունը Ռաֆահի 1,5 միլիոն բնակչության անվտանգության վերաբերյալ», – ասել է աղբյուրը՝ հավելելով, որ Իսրայելը եւս «ինքնապաշտպանության իրավունք ունի ՀԱՄԱՍ-ի կողմից շարունակվող ահաբեկչական սպառնալիքների պայմաններում»: Այսինքն՝ ագրեսիան «օրինական է», պարզապես չպետք է շատ զոհեր լինեն։ Հետաքրքիր է՝ ո՞վ է որոշում զոհերի ընդունելի թիվը։

«Գանցը վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավոր քաղաքական մրցակիցն է։ Դեկտեմբերին Բայդենն ասել էր, որ Իսրայելը կորցնում է իր կողմնակիցներին Գազայի հատվածը «անխտիր» ռմբակոծելու պատճառով և կոչ արեց Նեթանյահուին փոխել քաղաքականությունը: Հարիսը և Գանցը կքննարկեն նաև պատերազմի ավարտից հետո Պաղեստինյան ինքնավարության իշխանության ներքո Գազայի հատվածը վերականգնելու ծրագրերը», – ասել է Սպիտակ տան պաշտոնյան: