ՄԱԿ-ը մուտք է գործել Արցախ, որ համոզվի՝ “все чисто”

ՄԱԿ առաքելության այցն Արցախ արդեն ուշացած է, ինչպես նաեւ մյուս մարդասիրական բոլոր կազմակերպությունների այցը, դա ձեւական բնույթ է կրում, քան թե բովանդակային: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը` մեկնաբանելով ՄԱԿ առաքելության ուշացած այցն արդեն հայաթափված Արցախ:

«Ես կամավորական աշխատանք եմ կատարել, ինչքան մարդ եղել է նկուղներում, թեկուզ հոգեկան հիվանդություններ ունեցող, որ չեն հասկանում՝ ինչ է կատարվում, իմ ձեռքով նստացրել եմ ավտոբուս, հանել ենք Ստեփանակերտից: Սոցիալական ցանցերով ինֆորմացիա էր պտտվում, որ 7 երեխաներով մայր է մնացել, ամուսիններ, նորից ենք պտտվել ամբողջ քաղաքով, ոչ մեկին չենք գտել: Հիմնական բնակչություն չի մնացել Ստեփանակերտում, եթե լինեն՝ մատների վրա հաշված մարդիկ: Իմ տեղեկություններով՝ դեռ Արցախում են գտնվում նախկին նախագահները եւ քաղաքական ղեկավարությունը»,- ասաց նա:

ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք հոկտեմբերի 3-ից կարող են դիմել միանվագ 100- հազարական դրամ աջակցությունն ստանալու համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները հոկտեմբերի 3-ից կարող են դիմել միանվագ 100-հազարական դրամ ստանալու համար: Հոկտեմբերի 1-ից 6-ամսյա ժամկետով տրամադրվող աջակցության ծրագրերի ավարտից հետո, պետությունը այլ ծրագրեր կներկայացնի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

«Հաշվառումը տեղի կունենա Երևանից դուրս` բոլոր մարզպետարաններում և խոշոր համայնքապետարաններում գործող միասնական սոցիալական ծառայությունների միջոցով։  Հոկտեմբերի 2-ին մենք կհրապարակենք կարգը, իսկ հոկտեմբերի 3-ից տեղահանվածները հնարավորություն կունենան դիմելու։ Անչափահասների դեպքում ծնողները կարող են նշել, թե ում բանկային հաշվին են ցանկանում, որպեսզի գումարը փոխանցվի»,- նշեց Խաչատրյանը։

Նա տեղեկացրեց` բոլոր այն անձանց համար, որոնք ունեն բանկային հաշիվներ կամ քարտեր, այս գործընթացը համամետաբար արագ կկատարվի, իսկ ովքեր դեռևս չունեն, նրանց համար տեխնիկապես այդ ամենը պատրաստելու համար մի քանի օր ժամանակ կպահանջվի:

Պետության կողմից տրամադրված կացարաններից օգտվել է 45 516 արցախցի

Պետության կողմից տրամադրված կացարաններից օգտվել է 45 516 արցախցի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Ըստ մարզերի քաղաքացիները տեղաբաշխվել են հետևյալ կերպ. Արագածոտնի մարզում ժամանակավոր կացարան է ստացել 2262 մարդ, Արարատի մարզում` 12 638, Արմավիրի մարզում` 3943, Գեղարքունիքի մարզում` 3516, Լոռու մարզում` 2252, Կոտայքի մարզում`11 132, Շիրակի մարզում` 2114, Սյունիքի մարզում` 3655, Վայոց Ձորի մարզում` 1756 և Տավուշի մարզում` 2129։

Ուփսս, չհաջողվեց փրկել Հայաստանի հարավը. Ռուսաստանը ստիպված օկուպացրեց

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ելույթ ունենալով Եվրախորհրդի խորհրդարանների ղեկավարների եվրոպական համաժողովում, ասաց. “Հույս ունենք, որ հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադայում Հայաստանի, Ադրբեջանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ ղեկավարների հանդիպումը կլինի մի քայլ առաջ։ Հայաստանը վճռականորեն է տրամադրված խաղաղ համաձայնությանը, որը համաձայնեցվել է վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի կողմից և որը ձևակերպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը”։ Նա ընդգծեց, որ Երևանը ողջունում է ապագա տրանսպորտային համաձայնագրերը, որոնք հարգում են ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության սկզբունքները, և կոչ արեց միջազգային հանրությանը, ներառյալ ԵԽ-ին, աջակցել այս գործընթացին։

Փաստորեն, Սիմոնյանի խոսքերից ակնհայտ է դառնում, որ Հայաստանի իշխող կուսակցությունը «խաղաղության պայմանագիրը» կապում է հաղորդակցությունների «ապշրջափակման», այլ կերպ ասած՝ միջանցքի բացման և Սյունիքի հանձնման հետ։ Ըստ ամենայնի, Սյունիքի հարցը լուծված է։ Հարցը միայն այն է, թե ում հսկողության տակ է անցնելու նոր միջանցքը։

Ռուսաստանն ու Թուրքիան արդեն տերերի իրավունքով պատրաստվում են։ «Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության և լոգիստիկայի զարգացման ծրագրեր կան։ Սա չափազանց կարևոր է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի համար»,- ասել է Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը։ Այսինքն՝ ամեն ինչ կբաժանվի իրար մեջ՝ առանց Եվրոպայի եւ այլոց։

Հայաստանի իշխող կուսակցությունն իբր հույս ունի, որ միջանցքոի վերահսկողական գործառույթը կստանձնի Եվրամիությունը։ Բայց Արցախում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, թե ինչպես է զարգանալու Սյունիքի օկուպացիան։

Ժամանակին Փաշինյանը հայտարարեց, որ թույլ չի տա էթնիկ զտումներ Արցախում, հետո ասաց՝ «ցավոք, զտումները չհաջողվեց կանխել»։ Բայց ոչինչ, գլխավորն այն է, որ Հայաստանում պահպանվել է ժողովրդավարական իշխանություն, այսինքն՝ Փաշինյանը՝ որպես ժողովրդավարության մարմնացում մնաց իշխանության ղեկին, այնպես որ Եվրոպան կարող է երջանիկ լինել։

Ռուսաստանն ու Թուրքիան պարտավորվեցին «համոզել» Իրանին. իզուր չէր, որ Շոյգուն սեպտեմբերի 19-ին Թեհրանում էր և այաթոլլաներին պարզ բացատրում էր ամեն ինչ։ Իրանին ասվել է, որ Մոսկվան ու Անկարան թույլ չեն տա Արևմուտքին մտնել տարածաշրջան։ Այնպես որ, Իրանը դժվար թե պատերազմ սկսի Ռուսաստանի և Թուրքիայի հետ։

Հիմա Ալեն Սիմոնյանը դիմում է Եվրոպային՝ «հաղորդակցությունների ապաշրջափակման» հարցով. Հետո, երբ ռուս-թուրքական էքսպեդիցիոն կորպուսը բռնակցի Սյունիքը, Սիմոնյանը կասի. «Ուփս, չստացվեց պահպանել Սյունիքը, բայց գլխավորն այն է, որ մենք՝ դեմոկրատներս, մնացինք իշխանության»։ Իսկ Եվրոպան կխոստանա առաքելություն ուղարկել Սյունիք՝ կարիքները գնահատելու համար։

Հարազատ Հերհեր․ կյանքի ամենադաժան օրերը /լուսանկարներ/

Լիա Գրիգորյանը 16 տարեկան է, իր ողջ կյանքը ապրել է Արցախի Հերհեր գյուղում, որի մոտ գտնվում է հանրահայտ Ամարասի ամառանոցը։

Պատմում է, որ սեպտեմբերի 19-ին սովորականի պես դպրոցում էր, երբ լսվեց առաջին պայթյունի ձայնը, հաղորդակցություն ստացավ, որ նորից պատերազմ է, հասցրեց տուն հասնել, բայց ասում է, որ ամեն րոպե ավելի բարձր էին լսվում ձայները։

Նույն օրը կապերը արդեն խզվել էին, կապ հաստատել բարեկամների հետ չէր ստացվում։ Մնացին տանը մինչ այն պահը, երբ ռումբը հայտնվեց հենց նրանց բակում:

Ասում է, որ հրաշքով փրկվեցին, և արդեն գյուղի ողջ բնակչությունը տեղափոխվեց դպրոց, որը համեմատաբար ապահով էր։

Այդ մի քանի օրերը իրենց կյանքի ամենադժվար և ամենադաժան օրերն էին։ Հետո արդեն հայտարարվեց, որ այլևս գյուղում անհնար է մնալ, թուրքերը գրեթե գյուղում են, իսկ դուրս գալու համար վառելիք չկա։

Գյուղացիների միահամուր ուժերով և տրակտորներով կարողացան մեքենաները քարշ տալով հասցնել Ճարտար գյուղ, որտեղ գյուղապետը կարողացավ որոշակի վառելիք գտնել մինչև Ստեփանակերտ։

Ստեփանակերտում մնացին 1 օր, մինչև վառելիք գտան և ընդամենը մի քանի ճամպրուկով, կարոտով լցված սրտով ճանապարհ բռնեցին դեպի Գորիս, թողնելով տունը, դպրոցը, նախնիների գերեզմանները և 16 տարիների լավագույն օրերը։

Նյութին կից Լիայի ֆոտոշարքն է հարազատ գյուղից, որը արվել է երկար հրաժեշտից առաջ։

Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ

Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանի և  պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ։

Նշվում է, որ այս և հետախուզման մեջ գտնվող այլ անձանց մասին մանրամասները շուտով կներկայացվեն հանրությանը:

ՄԱԿ-ը ձեռ է առնում հայերին

ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է Լեռնային Ղարաբաղ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ առավոտյան առաքելության անդամները  Աղդամով մեկնել են Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ։

«Առաքելության նպատակն է տեղում ծանոթանալ իրավիճակին և որոշել բնակիչների հումանիտար կարիքները:

Առաքելության կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների ներկայացուցիչներ»,- ասվում է հաղորդման մեջ։

Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ և ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողներ կմնան Արցախում և կիրականացնեն որոնողափրկարարական աշխատանքներ

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը հայտնել է․

«Այս օրերին, երբ Արցախի բնակչությունը գրեթե ամբողջությամբ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, ՆԳՆ  ԱԻՊԾ և ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողներ` ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի գլխավորությամբ,   հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, շարունակում են մնալ Արցախում և ամենօրյա ռեժիմով` միանգամից մի քանի ուղղություններով իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ։

Սա չափազանց բարդ աշխատանք է՝ այն դեպքում,  երբ որոնվողի գտնվելու վայրին ծանոթ ուղեկցողները Արցախում չեն։

Իսկ սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետն ավելի է բարդացրել ու կրկնապատկել աշխատանքը։

Խումբը դեռևս կաշխատի, քանի դեռ  ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողներ ու  քաղաքացիական անձինք կան, որոնց մասին առայժմ որևէ տեղեկություն չկա։

Հայտնաբերված աճյուններն ու մասունքները կտեղափոխեն Հայաստան՝ դատաբժշկական փորձաքննության միջոցով ինքնությունները պարզելու նպատակով»։

Ադրբեջանը շինծու մեղադրանք է առաջադրել Լևոն Մնացականյանին

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով երկրի գլխավոր դատախազության տեղեկատվությանը՝ հայտնում են, որ ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա 2002 թվականին իբր խոշտանգել է գերության մեջ գտնվող ադրբեջանցի զինծառայողների։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լևոն Մնացականյանը ձերբակալվել էր նախօրեին Լաչինի միջանցքի Հակարիի ապօրինի անցակետում։

Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ 2006 թվականի նոյեմբերի 8-ին դատարանը որոշում է կայացրել Մնացականյանին մեղադրանք առաջադրել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 113 հոդվածով (խոշտանգում), նույն թվականի նոյեմբերի 14-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և Մնացականյանի նկատմամբ Ինտերպոլի միջոցով հայտարարվել է միջազգային հետախուզում։

Հակարիի կամրջի ապօրինի անցակետից բերման ենթարկվելուց հետո Լևոն Մնացականյանը տեղափոխվել է Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության քննչական մեկուսարան։ Նախաքննությունը շարունակվում է։

Ֆրանսիան դադարեցնում է Ֆրանսիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամական խմբի գործունեությունը

Ֆրանսիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամական խումբը դադարեցնում է գործունեությունը։ Այս մասին հայտնել է խմբի ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Պիեռ Վատինը։

«Ֆրանսիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամակն խումբը, որը ես ղեկավարում եմ Ազգային ժողովում, դադարեցնում է իր գործունեությունն ու հարաբերությունները Ադրբեջանի խորհրդարանի Ադրբեջան-Ֆրանսիա բարեկամական խմբի հետ»,-ասել է նա։

Դավիթ Բաբայանը ձերբակալվել է ադրբեջանցիների կողմից

Ադրբեջանական լրատվամիջոցները հղում կատարելով երկրի գլխավոր դատախազությանը՝ հայտնում են ԼՂ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի ձերբակալման մասին։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ավելի վաղ Դավիթ Բաբայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել էր, որ ինքնակամ մեկնում է Շուշի՝ ադրբեջանական կողմի պահանջած հետաքննության համար։

«Ես ընդգրկված եմ Ադրբեջանի սև ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ մերձավորներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։ Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատավոր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ։ Աստված օրհնի մեր ժողովրդին, թող Ամենազորը կրճատի նրա տառապանքը և ամոքի նրա վերքերը»,-գրել էր Բաբայանը։