ԱՄՆ չգիտի՞, որ հայերը հեռանում են․ “մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից գազի եւ ջրի մատակարարումների վերականգնման վերաբերյալ հայտարարված պարտավորությունը”

Մենք նախկինի պես խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով եւ կոչ ենք անում Ադրբեջանին պահպանել հրադադարի ռեժիմը եւ խուսափել ռազմական գործունեության ցանկացած վերսկսումից: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Ռ. Քարփենթերը։

«Ինչպես սեպտեմբերի 26-ին նախագահ Ալիեւի հետ զրույցում ընդգծել է պետքարտուղար Բլինքենը, ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ Լեռնային Ղարաբաղում հետագա ռազմական գործողություններից եւ ապահովել անարգել հումանիտար հասանելիություն։ Ուժի կիրառումն անընդունելի է եւ հակասում է տարածաշրջանում արդար, հարատեւ եւ արժանապատիվ խաղաղության համար պայմաններ ստեղծելուն ուղղված ջանքերին:

Միացյալ Նահանգները շարունակում է խորապես մտահոգված մնալ Լեռնային Ղարաբաղի ներսում ստեղծված հումանիտար իրավիճակով: Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից գազի եւ ջրի մատակարարումների վերականգնման վերաբերյալ հայտարարված պարտավորությունը եւ կոչ ենք անում Ադրբեջանին կատարել այդ եւ այլ պարտավորությունները: Մենք կոչ ենք անում միջազգային մարդասիրական կազմակերպություններին անարգել մուտք գործել տարածաշրջան՝ կարիքավոր բնակչությանը կանոնավոր մարդասիրական մատակարարումների համար։

Բացի այդ, մենք կողմերին կոչ ենք անում ապահովել հումանիտար աշխատողների պահպանությունն ու անվտանգությունը։ Մենք աջակցում ենք Հայաստանի կառավարության ջանքերին՝ օգնելու տեղահանվածներին ապաստան եւ հարմարավետություն գտնել Հայաստանում եւ շարունակելու ենք աջակցել Հայաստանի կառավարությանը նրա ջանքերում:

Lեռնային Ղարաբաղի էթնիկ հայերը պետք է հնարավորություն ունենան իրենց տներում մնալ խաղաղության եւ արժանապատվության մեջ։ Նրանց, ովքեր ցանկանում են հեռանալ եւ վերադառնալ, պետք է ապահով անցում ապահովվի չեզոք, անկախ երրորդ կողմի հսկողության ներքո: Ադրբեջանը պատասխանատվություն է կրում քաղաքացիական բնակչության պաշտպանության եւ բոլորի նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի ապահովման համար։

Ադրբեջանը նաեւ պատասխանատվություն է կրում իր ուժերի կողմից միջազգային իրավունքի պահպանման ապահովման համար, ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքը, որը կարգավորում է ռազմական գործողությունների վարումը, քաղաքացիական բնակչության պաշտպանությունը եւ մարտիկների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքը: Մենք ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղի այն բնակիչները, ովքեր մեկնում են Հայաստան, կկարողանան ազատ վերադառնալ իրենց տները։

ԱՄՆ-ն հանձնառու է մարդասիրական օգնություն ցուցաբերել տարածաշրջանին։ USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերը սեպտեմբերի 26-ին Գորիսում հայտարարել է ավելի քան 11,5 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ մարդասիրական օգնություն հատկացնելու մասին՝ աելի քան 23 միլիոն ԱՄՆ դոլարից զատ, որը ԱՄՆ-ն արդեն տրամադրել է որպես մարդասիրական օգնություն 2020 թվականից ի վեր։

Մենք ընդգծել ենք Բաքվի եւ Լեռնային Ղարաբաղում բնակվող էթնիկ հայերի միջեւ երկխոսության կարեւորությունը եւ հույս ունենք ապագայում տեսնել բովանդակալից քննարկումներ։

ԱՄՆ-ն կշարունակի ամենաբարձ մակարդակով համագործակցել Ադրբեջանի եւ Հայաստանի հետ՝ կայուն խաղաղություն հաստատելու համար»,-նշել է նա։

Պեսկով․ ամեն ինչ կարգին է, կարեւորը՝ հումանիտար խնդիրն է

Կրեմլը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացմանը, ներառյալ դրա հումանիտար ասպեկտին։ Այս մասին հայտարարել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի՝ 2024 թվականի հունվարի 1-ից Արցախի գոյությունը դադարեցնելու մասին հրամանագրի ստորագրումը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան՝ Պեսկովն ասել է. «Մենք ընդունում ենք ի գիտություն, ուշադիր հետևում ենք իրավիճակին, առաջին հերթին, իհարկե, հումանիտար ասպեկտը, դա ամենակարևորն է»։

«Մեր խաղաղապահները շարունակում են օգնել մարդկանց։ Շատերը ցանկություն են հայտնում տեղափոխվել Հայաստանի տարածք։ Ցանկացողներին աջակցություն է ցուցաբերվում»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։

Մամուլի քարտուղարը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հրապարակված փաստաթղթի կետերից մեկում ասվում է, որ բնակչությունը պետք է ծանոթանա Բաքվի առաջարկած վերաինտեգրման պայմաններին։ «Մենք, իհարկե, կշարունակենք ուշադրություն դարձնել այս հումանիտար ասպեկտներին», – հավելել է Պեսկովը։

Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը, Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային արտագաղթի իրավիճակում, ամենաշատը մտահոգված է հումանիտար ասպեկտով. կարևոր է, որ մարդկանց ապահովվեն նորմալ պայմաններ։ «Հավանաբար, դժվար թե հնարավոր լինի խոսել այն մասին, թե ով է մեղավոր, քանի որ նման գործողությունների անմիջական պատճառ չկա, բայց, այնուամենայնիվ, մարդիկ ցանկություն են հայտնում լքել Ղարաբաղի տարածքը։ Նրանցից ոմանք կարող են ցանկություն հայտնել դա անել ընդմիշտ, ոմանք՝ ժամանակավորապես՝ տրանսֆորմացիայի ժամանակաշրջանում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, թե ով է մեղավոր, և որն է, իր կարծիքով, Ղարաբաղի հայերի արտագաղթի հիմնական պատճառը։

«Այստեղ գլխավորն այն է, որ նման որոշում կայացրածներն ապահովված լինեն նորմալ կենսապայմաններով։ Այսինքն՝ մեզ ամենից շատ անհանգստացնում է այս խնդրի զուտ մարդասիրական կողմը»,- նշել է նա։

Հայաստանը մեծ տարողությամբ ավտոբուսներ կուղարկի Ստեփանակերտում մնացած բռնի տեղահանված անձանց տեղափոխելու համար

Գորիսում մոբիլիզացված են 35 մեծ տարողությամբ ավտոբուսներ, որոնք պետք է ուղևորվեն դեպի Ստեփանակերտ՝ այնտեղ մնացած բռնի տեղահանված անձանց Հայաստան տեղափոխելու համար։

Այս մասին սեպտեմբերի 28-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի գործընկերներից տեղեկացված են՝ բավական մեծ թվով մարդիկ կան, որ սեփական տրանսպորտային միջոցներ չունեն՝ դեպի Հայաստան ուղևորվելու համար։  «Կա պայմանավորվածություն, որ այդ անձանց կաջակցենք ավտոբուսներ տրամադրելով։ ՌԴ խաղաղապահների հետ կա համաձայնություն, որ կապահովեն ուղեկցումը։ Ճանապարհը ծանրաբեռնված է, և ավտոբուսները դեռ չեն շարժվում դեպի Ստեփանակերտ, կշարժվեն ծանրաբեռնվածության փոքր-ինչ թեթևացումից հետո»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնեց փոխվարչապետը։

Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը գերբեռնված է, քանի որ Ստեփանակերտից դեպի Կոռնիձորի անցակետ հասնելու համար զբաղեցված են ավտոճանապարհի բոլոր գծերը՝ թե դեպի ՀՀ եկող, թե Լեռնային Ղարաբաղ գնացող։ Փոխվարչապետը տեղեկացրեց, որ մինչև սեպտեմբերի 27-ի երեկոյան ուշ ժամերը ճանապարհին՝ դեպի Կոռնիձորի անցակետ, միջին հաշվով մեկ մեքենան եղել է 30-35 ժամ։

«Եթե ավտոբուսներն ուղղվեն դեպի Ստեփանակերտ, դրանք ստիպված կլինեն ավելի քան 12 ժամ գտնվել ճանապարհներին։ Երթևեկության թեթևացման պարագայում հնարավոր կլինի անցումն ավելի քիչ ժամանակում կազմակերպել։ Բացի դրանից, միայն մեկ անգամով հնարավոր չի լինի Ստեփանակերտում բոլոր մնացածներին տեղափոխել։ Հավանաբար, կարիք կլինի երկու անգամ տեղափոխման գործընթաց կազմակերպել»,-իրավիճակը ներկայացրեց Խաչատրյանը։

Տաթև Թովմասյան անունով օգտատերը տեսագրություն էր տարածել՝ խնդրելով Հայաստանի իշխանություններին օգնության հասնել և տեղափոխում ապահովել տարբեր շրջաններից բռնի տեղահանված ու Ստեփանակերտում մնացած ԼՂ բնակիչների համար։ Նա հուզմունքով նշում էր, որ բավական մեծ թվով մարդիկ են մնացել, որոնք գիշերում են դրսում, ծանր հոգեվիճակում են՝ վախի մթնոլորտում և անորոշության  մեջ, քանի որ չունեն սեփական փոխադրամիջոց և քաղաքում նկատելի չեն ավտոբուսներ, որոնք կկազմակերպեն իրենց տեղափոխումը։

ԱՄՆ 96 կոնգրեսական կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ալիևի կառավարության նկատմամբ՝ ԼՂ-ում մարդու իրավունքների խախտումների համար

ԱՄՆ Կոնգրեսի սենատի և ներկայացուցիչների պալատի 96 անդամներ նամակ են հղել երկրի պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ֆինանսների նախարար Ջենեթ Յելենին՝ կոչ անելով պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են Լաչինի միջանցքի շրջափակման և Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նամակի համահեղինակները կոչ են անում մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ կիրառել «Մագնիտսկիի օրենքը»։

«Մենք կոչ ենք անում Պետքարտուղարությանը և Ֆինանսների նախարարությանը՝ անհապաղ գործադրել հայեցողական լիազորություն՝ Մարդու իրավունքների հաշվետվողականության Գլոբալ Մագնիտսկիի օրենքի (Գլոբալ Մագնիտսկիի օրենք, վերնագիր XII, P.L. 114-328 ենթավերնագիր F, 22 U.S.C. §10101 և դրան հաջորդողը) համաձայն պատժամիջոցներ սահմանելու Ադրբեջանի կառավարությունում այն ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումների և Լեռնային Ղարաբաղի դաժան շրջափակման հետ։ Այս գործողությունները ներկայացնում են մարդու իրավունքների կոպիտ խախտում և բռնի հակամարտության իրականացում, որոնք երկուսն էլ ուղղակի հարձակում են ամերիկյան արժեքների և շահերի վրա։ Մարդու իրավունքների այս խախտումների հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն Միացյալ Նահանգների կողմից», – գրված է նամակում։

Նամակի հեղինակները նաև ներկայացնում են 2022 թ. դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակը, դրան հաջորդող հարձակումը և պայթյունը, որոնք է՛լ ավելի են խորացրել արդեն առկա ճգնաժամը։

«Իսկ «վերաինտեգրման» մասին Ադրբեջանի կառավարության հայտարարությունները մտահոգություններ են առաջացնում էթնիկ զտումների և մշակութային ցեղասպանության վերաբերյալ», – գրում են նամակի համահեղինակները։

Եզրափակելով՝ կոնգրեսականները շեշտում են, որ ԱՄՆ-ն համաշխարհային առաջատար է միջազգային մարդու իրավունքների հարցերում և պետք է շարունակի որպես միջնորդ ծառայել և աջակցել տարածաշրջանում խաղաղությանը։ Նամակի հեղինակները ևս մեկ անգամ ԱՄՆ երկու գերատեսչություններին կոչ են անում անհատական պատժամիջոցներ սահմանել «Ալիևի կառավարության անդամների նկատմամբ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների խախտումների համար կամ մասնակցել են դրանց»։

Ռուբեն Վարդանյանին «ահաբեկչությունը ֆինանսավորելու» մեղադրանք են առաջադրել

Ադրբեջանի իշխանությունները մեղադրանք են առաջադրել Ռուբեն Վարդանյանին:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Պետական ​​անվտանգության ծառայության տեղեկատվության մեջ ասվում է.

«Հավաքված ապացույցների հիման վրա բացահայտվել են հանցավոր արարքների էական կասկածներ 1968 թվականին ծնված Ռուբեն Կառլենովիչի Վարդանյանի նկատմամբ, ով ներկայումս հանդիսանում է ՀՀ քաղաքացի՝ 214-1 հոդվածներով (ահաբեկչության ֆինանսավորում), 279.3 (մասնակցություն օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծման և գործունեության մեջ) և ԱՀ ՔՕ 318.1 (Օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ապօրինի ժամանումը Ադրբեջանի Հանրապետություն):

Նրան առաջադրված մեղադրանքի համաձայն՝ պարզվել է, որ Ռուբեն Վարդանյանը, լինելով օտարերկրյա քաղաքացի, 2022 թվականի սեպտեմբերին ահաբեկչական սադրիչ գործողություններ կատարելու նպատակով ապօրինի հատել է ԱՀ պետական ​​սահմանը՝ շրջանցելով անցակետերը և մուտք գործել ՀՀ տարածք։

Նրան առաջադրված մեղադրանքի համաձայն՝ պարզվել է, որ Ռուբեն Վարդանյանը, լինելով օտարերկրյա քաղաքացի, 2022 թվականի սեպտեմբերին ահաբեկչական սադրիչ գործողություններ կատարելու նպատակով ապօրինի հատել է ԱՀ պետական ​​սահմանը՝ շրջանցելով անցակետերը և մուտք գործել Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղյան տնտեսական շրջանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման տարածք, մասնակցել է ԱՀ օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների ձևավորմանն ու գործունեությանը, ինչպես նաև մասնակցել է զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի, ռազմական տեխնիկայի և բանակային իրերի մատակարարմանը այդ ապօրինի ռազմական կազմավորումներին, որոնք հարձակումներ են իրականացրել գերատեսչությունների, կազմակերպությունների և անհատների վրա, որոնք հանգեցրել են մահվան և այլ ծանր հետևանքների։

Բացի այդ, Վարդանյանը մասնակցել է ահաբեկչության ֆինանսավորմանը՝ միջոցներ հատկացնելով այդ ապօրինի զինված խմբավորումների ահաբեկչական գործունեությունը կազմակերպելու համար։ Կատարված ապօրինի գործողությունների համար Ռուբեն Վարդանյանը 2023 թվականի սեպտեմբերի 27-ին ձերբակալվել է և որպես մեղադրյալ ենթարկվել է քրեական պատասխանատվության, նրա նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քրեական գործով քննչական և օպերատիվ միջոցառումները շարունակվում են»։

Ռուսաստանցի գործարար և բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ադրբեջանցիները երեկ բերման են ենթարկել Լաչինի միջանցքում։

ԱՄՆ-ն առաջիկա օրերին քայլեր կձեռնարկի ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելու ուղղությամբ

Ադրբեջանի կառավարությունը կողջունի միջազգային դիտորդական առաքելության ուղարկումը Լեռնային Ղարաբաղ, և ԱՄՆ-ն այդ ուղղությամբ առաջիկա օրերին կաշխատի իր դաշնակիցների և գործընկերների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Կարող եմ ասել, որ մենք ողջունեցինք քիչ առաջ՝ նախքան իմ ամբիոն բարձրանալը, Ադրբեջանի կառավարության մեկնաբանությունն այն մասին, որ նրանք կողջունեն նման միջազգային դիտորդական առաքելությունը։ Պետքարտուղարն ուղղակիորեն նախագահին (խմբ՝.  Ադրբեջանի) հորդորում էր դա անել, և մենք ուրախ ենք տեսնել, որ նա համաձայնեց դրան։ Եվ մենք կաշխատենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ առաջիկա օրերին, որպեսզի վերջնական հստակ տեսք հաղորդենք այդ առաքելությանը», – ասել է Միլլերը։

Նա նաև կրկնել է այն մի շարք առաջնահերթ նպատակները, որոնց Վաշինգտոնը ցանկանում է հասնել տարածաշրջանում, որոնք, Միլլերի խոսքով, շեշտել են ինչպես ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, այնպես էլ Հայաստանում գտնվող ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը։

«Առաջին՝ մենք ցանկանում ենք տեսնել, որ հրադադարը պահպանվում է, երկրորդ՝ մենք ցանկանում ենք տեսնել, որ բավարարվում են հումանիտար կարիքները, ինչը նշանակում է բաց պահել Լաչինի միջանցքը, ապահովել հումանիտար մատակարարումների մուտքը։ Դա նաև նշանակում է միջազգային դիտորդական առաքելության ուղարկում՝ երաշխավորելու, որ այդ կարիքները բավարարվեն», – նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը։

Մեթյու Միլլերը հավելել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է, ի վերջո, տեսնել, որ կողմերը վերադառնում են բանակցային սեղանի շուրջ, որտեղ կարող են վերջապես հասնել արժանապատիվ, կայուն խաղաղության։ Նա շեշտել է, որ ԱՄՆ պետքարտուղարն ուղիղ շփումների մեջ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարների հետ, իսկ ամերիկյան մի շարք պաշտոնյաներ ԼՂ-ի նկատմամբ Ադրբեջանի վերջին օրերի բռնություններից հետո այցելել են տարածաշրջան։

Շեշտելով, որ Վաշինգտոնն արել է ամեն բան, որպեսզի խնդիրը լուծվի դիվանագիտական ճանապարհով՝ Միլլերը նշել է, որ համաձայնության պետք է հասնեն հենց կողմերը, որոնք ունեն ուղիղ տարաձայնություններ։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը նաև անդրադարձել է Ռուսաստանի դերին վերջին օրերի ընթացքում։

«Անշուշտ, չեմ կարծում, որ Ռուսաստանն արդյունավետ դեր է կատարել վերջին շաբաթվա ընթացքում։ Մենք երբեմն տեսել ենք, որ որոշ դեպքերում նրանք նպաստել են բանակցություններին, և մենք դա ողջունել ենք, սակայն, անշուշտ, վերջին շաբաթվա ընթացքում նրանց դերն ադյունավետ չի եղել այս իրավիճակում», – ասել է պաշտոնյան։

Նա նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը։

«Մենք տեղյակ ենք ձերբակալության մասին։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին», – եզրափակել է նա։

Հայաստան է տեղափոխվել ԼՂ-ի հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժօգնություն ստացող 25 պացիենտ

Գիշերը Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժօգնություն ստացող 25 պացիենտ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, պացիենտները բուժումը կշարունակեն առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող համապատասխան բժշկական կազմակերպություններում:

Ստեփանակերտում 5-ամյա աղջիկ և 83-ամյա տղամարդ են կորել

Ստեփանակերտում 5-ամյա աղջիկ է կորել և մեկ տարեց տղամարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել տեղի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Երեխան` Մանիկա Վանյանն, ունի ձեռքի և աչքի խնդիր, հագին` կարմիր գույնի վերարկու։ Մոր`Վերանիկա Վանյանի հեռախոսահամարն է 097 74 80 89։ Տեսնողներին խնդրում ենք ուղեկցել կառավարության շենք` օպերատիվ շտաբ։

Տարեց տղամարդն 83 տարեկան է, հագին եղել է մոխրագույն տաբատ, վանդակավոր վերնաշապիկ։ Երեկ կեսօրին 1-ին դպրոցից դուրս է եկել և չի վերադարձել։ Տեսնողներին խնդրում ենք զանգահարել 097 24 14 60 հեռախոսահամարին»,- ասված է հայտարարության մեջ:

Հարությունագոմերի մեկ շաբաթ անհետ կորած 6 բնակիչներին գտել են Ասկերանի Խաչեն գյուղի տարածում եւ տեղափոխել Ստեփանակերտ

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ երեկ գիշերը փրկարարները Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի վարչական տարածքից հայտնաբերել ու Ստեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող, Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղի 6 բնակչի։ Այս մասին տեղեկանում է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից:

«Վերջիններիս հետ մեկ շաբաթ կապ հաստատել չէր հաջողվում։

Այժմ նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Արցախի նախագահի հրամանագրով Արցախի Հանրապետության գոյությունը 2024 թ․ հունվարի 1-ից դադարեցվում է

Լեռնային Ղարաբաղի նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է հրամանագիր Արցախի տարածում բոլոր պետական հիմնարկներն ու կազմակերպությունները լուծարելու վերաբերյալ։ այս մասին հայտնում է Տեղեկատվական շտաբը։

Հրամանագրում նշվում է, որ հաշվի առնելով ստեղծված ռազմաքաղաքական ծանր իրավիճակը և ելնելով ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից, հաշվի առնելով ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության միջնորդությամբ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունն այն մասին, որ հաշվի է առնվելու ԼՂ բնակիչների՝ սեփական ունեցվածքով ու տրանսպորտային միջոցներով ազատ, կամավոր և անխոչընդոտ անցումը Լաչինի միջանցքով, որոշվել է․

«Մինչև 2024թ․ հունվարի 1-ը լուծարել իրենց գերատեսչական ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, և ԼՂ (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։

Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, այդ թվում՝ հանրապետությունից դուրս գտնվող բնակչությունը սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանում է Ադրբեջանի ներկայացրած վերաինտեգրման պայմաններին՝ ապագայում ԼՂ-ում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին անհատական որոշում կայացնելու նպատակով»։

Հրամանագրում նշվում է նաև, որ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար․ Դավիթ Բաբայան

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը գրել է․

«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, կուսակցականներ,

Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սեւ ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։

Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ մերձավորներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։

Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատավոր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ։

Աստված օրհնի մեր ժողովրդին, թող Ամենազորը կրճատի նրա տառապանքը և ամոքի նրա վերքերը»:

Ժամը 08:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 65036 անձ է տեղափոխվել ՀՀ

Ժամը 08:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 65036 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումից: