Դուք վստահո՞ւմ եք ռուսներին։ Ես չեմ վստահում. ԱԺ նախագահ

«Խոսքը գնում է այն մասին, որ վարչապետը փաստացի արձանագրել է՝ մեր չմասնակցությունն իրենից ներկայացնում է սառեցված հարաբերություններ։ Եվ, այո, մենք ՀԱՊԿ-ին մի հարց ենք տվել, որը մնացել է անպատասխան՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին։ Դուք ՀՀ սահմանը ճանաչո՞ւմ եք, ՀՀ-ն ՀԱՊԿ-ին անդամագրվելով՝ ո՞ր սահմանով է անդամագրվել։ Քանի դեռ այդ հարցի պատասխանը չկա, իմ անձնական կարծիքն է, որ ՀԱՊԿ-ն ինքնին իրեն անջատել է եւ չի աշխատում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։  Հարցին, թե ինչո՞ւ այդ դեպքում Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Սպասում ենք, տեսնենք՝ ինչ կլինի։ Ուզում եմ մի փոքր վստահեք մեր քաղաքական դիրքորոշմանը եւ մարտավարությանը։ Շատ բաներ կան, որոնք չեմ կարող բարձրաձայն ասել»։ Ըստ նրա՝ այլընտրանքը յուրաքանչյուր հնարավոր միջոցով ՀՀ անվտանգությունն ապահովելն է, եւ ամբողջը մեկ զամբյուղի մեջ չդնելը։

Ալեն Սիմոնյանն անդրադարձավ տեղեկությանը, որ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահները դուրս կբերվեն։ «Ես նման քննարկման մասնակից չեմ եղել, բայց կարծում եմ, որ իրենք այնտեղից պետք է դուրս գան։ Մենք մեր երկրի սահմանները կպաշտպանենք, իսկ ես վստահ չեմ, որ իրենք մեր երկրի սահմանները կպաշտպանեն։ Դուք  վստա՞հ եք, ես վստահ չեմ։ Ապացուցվեց մի քանի անգամ, որ իրենք չպաշտպանեցին։ Հլա էլ չեմ ասում, որ հաճախ նաեւ ձեւ արեցին, ամեն ինչ արեցին, որ էդ սահմաններն ավելի խոցելի լինեն։ Եկան Լեռնային Ղարաբաղ, ի՞նչ արեցին, հայ ժողովրդին դուրս ուղեկցեցի՞ն, հա՞։ Հետո էլ իրադարձություններից 5 ժամ հետո հինգ հոգի մարդ ռուս խաղաղապահներից մահացան, ասացին՝ տեսաք, մենք ոնց էինք աշխատում, մեր խաղաղապահներն էլ մահացան։ Այսինքն՝ եկան ուղեկցեցին հայերին դուրս, դա՞ էր պաշտպանելը։ Մի օր էլ գան Զվարթնոցից ինձ ու ձեզ ուղեկցե՞ն դուրս»,- ասաց նա։

Հարցին, թե ռուսական ռազմաբազան Հայաստանի կհանվի՞, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Շատ եք շտապում, շատ եք գնում առաջ, կքննարկենք կհասկանանք։ Այդպես չի կարելի մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն գնալ»։

Հարցին՝ «ՀՀ իշխանություններն ասում են՝ ՀԱՊԿ-ը չի ճանաչում ՀՀ սահմանները, իսկ դուք ճանաչո՞ւմ եք ՀՀ սահմանները, երբ ասում եք՝ «կադաստրի թուղթ» չունենք», Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Այո՛, մենք նախ ճանաչում ենք, մենք կարող ենք մետր առ մետր ցույց տալ Հայաստանի Հանրապետության սահմանը։ Եվ դրա հիմքը հանդիսանում է Ալմա-Աթայի հռչակագիրը։ Մենք մի քանի փաստաթղթով արդեն գծերը ցույց ենք տվել, ասել ենք՝ սա է։ Կա փաստաթղթավորված քարտեզ, որն ընդունվել է Հայաստանի ու Ադրբեջանի իշխանության կողմից»։

Անդրադառնալով ռուսական կողմի գործողություններին՝ Սիմոնյանն ասաց․ «Մշտապես պլանը եղել է ՀՀ-ն ներքաշել լայնամասշտաբ պատերազմի մեջ եւ վերջում խաղաղապահի դեմքի արտահայտությամբ, բայց ոչ այնքան էլ բարի մտադրությամբ գալ եւ հերթական խաղաղությունը հաստատել տարածաշրջանում եւ օղակ գցել երկու երկրների վզին, որպեսզի իրենք որեւիցե տեղ չփախչեն»։

Հարցին, թե իրավական ի՞նչ հիմքով են ռուսները տեղակայվել Ներքին Հանդում, Ալեն Սիմոնյանն ասաց, որ տեղյակ չէ իրավական հիմքերի մասին, բայց այդ հարցը եւս քննարկման առարկա է․ «Ինչ-որ ժամանակահատվածում, երբ իրավիճակը լարված էր, այդտեղ ինչ-որ մաս պատասխանատվության գոտի վստահվել է իրենց, եթե չեն սխալվում։ Կարծում եմ, որ այս իրավական հարցը մենք պետք է լուծենք»։

 

Սիմոնյան․ Արտահերթ ընտրություններ չեն լինելու, մենք մինչեւ վերջ գնալու ենք

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպմանը, որը տեղի կունենա փետրվարի 28-29-ին՝ Բեռլինում։

Հարցին, որ Ադրբեջանը մի շարք պահանջներ է առաջ քաշում, այս հանդիպման շրջանակներում ի՞նչ է քննարկվելու, Հայաստանը կատարելո՞ւ է բոլոր այն պահանջները, որոնք Ադրբեջանը շարունակաբար հնչեցնում է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ես մշտապես ասել եմ, որ բոլոր գործողությունները պետք է լինեն հայելային։ Եվ պահանջ ներկայացնելը, կարծում եմ, ճիշտ հռետորաբանություն չէ, առավել եւս, երբ մի քանի օրից մենք հանդիպումներ ունենք։ Ժամանակին, երբ բանակցություններ էին տեղի ունենում, Ալիեւը մշտապես կրակում էր մեր զինվորների վրա, մշապես հարձակումներ էին գործում, դրանով փորձելով բանակցությունների վրա ճնշում գործադրել։ Ես ձեզ խնդրում եմ՝ որպես ՀՀ ժողովուրդ, եկեք իր այն փորձերը, որպեսզի ինքը մեր երկրում օրակարգ թելադրի, թույլ չտանք, որ իրականություն դառնան։ Տեսեք, դուք միջանցքի օրինակը բերեցիք, միջանցքի օրինակը բերելով հանդերձ՝ դուք ապացուցում եք այն բանը, որ ինքը բերեց, շրջանառության մեջ դրեց միջանցքը, մենք շատ դժվարությամբ այդ միջանցքի խոսույթը հանեցինք, իրենք հիմա սկսել են ասել՝ մենք հո չենք ասում միջանցք, մենք ասում ենք՝ միջանցք էլի։ Հիմա էլ ասում են՝ դե որ դուք չեք ուզում, մենք Իրենով կանցկացնենք այդ միջանցքը։ Տեսեք՝ ոնց են խաղում։ Խնդրում եմ ձեզ՝ մի մտեք այս տրամաբանության մեջ, որն ինքը փորձում է ներդնել հայկական իրականության մեջ։ Հայաստանի Հանրապետությունը երբ կորոշի, որ իր Սահմանադրության կամ օրենսդրության մեջ բան պետք է փոխի, այն ժամանակ կփոխի։ Իրենք հիմա այս ամեն ինչը նստած նայում են, վերլուծում են, թարգմանում են, քննարկում են, խաղում են այդ ամենով։ ՀՀ-ն կանի այն քայլերը, որոնք բխում են իր շահերից»,- ասաց նա։

Ալեն Սիմոնյանը նշեց, որ 2020 թվականի սկզբին իրենք սահմանադրական փոփոխությունների գործընթացն սկսել են․ «Այն ժամանակ ի՞նչ պատերազմ, ի՞նչ բան»։ Հարցին, եթե Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հանելու որոշում կա՞, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Չէ, ոչ մի որոշում չկա։ Մենք ինչո՞ւ ենք այս խոսակցությունն սկսել, մենք այս խոսակցությունն սկսել ենք հանրության հետ, որ մեզ քննադատեն, որ մեզ հարց տան, մենք դրա մասին խոսենք, հասկանանք՝ հասարակության որ մասն ինչ է կարծում»։

Նա նաեւ հարցադրում արեց․ «Ի՞նչ սահմանադրական հանրաքվե, մենք ասել ենք, որ ապագայում սահմանադրական հանրաքվե՞ է լինելու։ Կարող է այդ փոփոխությունը, ենթադրենք, լինի 2030 թվականին։ Կա քննարկում, ես կարծում եմ, որ, այո, շատ բաներ պետք է փոխվեն եւ համապատասխանեցվեն։ Այդպես էր կարծում ՔՊ թիմը նաեւ 2020 թվականի հունվարին»։

Հարցին, թե Ալիևի պահանջ-պարտադրանքով Հայաստանը կարո՞ղ է հրաժարվել միջազգային դատական ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերից, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ես մանրամասներ չգիտեմ, բայց եթե իրենք իրենց հայցերից հրաժարվեն, հնարավոր է՝ մենք էլ հրաժարվենք։ Մեր հանրապետության դեմ եւս հայցեր կան»։

Ալեն Սիմոնյանը նաեւ ասաց, որ արտահերթ ընտրությունների հարց չի քննարկվում․ «Նոր ընտրություններն անթույլատրելի են, դա պատասխանատվությունից փախչել է։ Եվ ՀՀ քաղաքացիներն արդեն իրենց ընտրությունը կատարել են, նման հարց չի քննարկվում եւ չի քննարկվել։ Մենք վերցրել ենք պատասխանատվություն, մինչեւ վերջ կտանենք,  մենք առաքելություն ունենք՝ դա Հայաստանի Հանրապետությանը եւ մեր տարածաշրջան խաղաղություն բերելն է»։

Ալեն Սիմոնյան․ եթե Զելենսկին գա, դա կլինի տարածաշրջանային այց

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Ուկրաինայի նախագահ Զելենսկու՝ Հայաստան այց կատարելու մասին լուրերին։

«Նման տեղեկություն այս պահի դրությամբ գոյություն չունի։ Բայց եթե նման այց լինի, ես կարծում եմ, որ դա կլինի տարածաշրջանային այց, այլ ոչ թե Հայաստան»,- ասաց նա։

Անդրադառնալով այս այցի շուրջ խոսակցություններին, Սիմոնյանն ասաց․ «Հիբրիդային պատերազմ Հայաստանի Հանրապետության դեմ տարվում է շատ վաղուց եւ շատ ինտենսիվ ու բացահայտ ձեւով։ Տարբեր ռուսական քարոզիչներ, ցավոք սրտի, հաճախ հայկական աղավաղված ազգանուններով, Հայաստանում միտինգներ ու երթեր են անոնսում ու դրա մասին խոսում։ Ուստի, հիբրիդային պատերազմի մասին խոսելն արդեն մովետոն է, որովհետեւ դա արդեն հաստատված փաստ է»,- ասաց նա։

Ալեն Սիմոնյանը, որի հետ նորերս տհաճ պատմություն է տեղի ունեցել, փաստորեն, կրկին ձիու վրա է։ Հայտնվեց եւ լավ լուր հայտնեց․ ես նորից ուժի մեջ եմ, իսկ Վահան Քերոբյանը՝ տնային կալանքի տակ։ Չեմ ասի, ով է նրա դեմ ցուցմունք տվել եւ ազատ արձակվել։ 

Արցախցիների բնակարաններով ապահովումը կիրականացվի մի քանի տարբերակով. նախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովումը կիրականացվի միանգամից մի քանի տարբերակով։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ ներկայում Տարածքային կառավարման նախարարության, տարբեր գերատեսչությունների ու մարզպետարանների ընդգրկմամբ քննարկումներ են ընթանում ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրի շուրջ, որը դեռևս վերջնական տեսքի չի բերվել։

«Բավականին մեծ ու կարևոր ծրագիր է և բավարար քննարկումներ են պետք, որպեսզի իսկապես լավ ծրագիր լինի և մի կողմից կարողանանք իրականացնել, մյուս կողմից իսկապես տա այն արդյունքները կամ լուծի այն սոցիալական խնդիրները, որոնք մեր առջև ծառացած են»,-ասաց նախարարը։

Անդրադառնալով բնակապահովման տարբերակների հարցին՝ գերատեսչության ղեկավարը մանրամասնեց, որ քննարկվել են մի քանի տարբերակներ։

«Ընդ որում՝ չի բացառվում, որ մենք մեկ ուղղությամբ չենք գնա։ Տարբեր ուղղություններով կգնանք. դրանք կլինեն և՛ առկա բնակարանների հետ կապված, և՛ նորերի կառուցման, և՛ վաուչերային որոշակի համակարգի։ Այսինքն՝ տարբեր մոդելներ ու մեթոդներ են քննարկվում։ Չի բացառվում, որ դրանք միաժամանակ կիրառվեն»,-պարզաբանեց Սանոսյանը։

Սեփականության վերաբաշխումը սկսված է՝ Արցախ, Հայաստան, Ռուսաստան և այլ

Աշխարհակարգի փոփոխությունը, որպես կանոն, ուղեկցվում է սեփականության կոշտ վերաբաշխմամբ, հատկապես այն երկրներում, որոնք ազգային արիստոկրատիա, այսինքն “տեր” չունեն։ Եվ այս գործընթացը ակտիվ փուլ է մտել Հայաստանում և Ռուսաստանում, որոնց տնտեսությունները կապված են մեկ թելով։ Ռուսաստանն իր ակտիվները «փոխանցում» է հիմնականում Չինաստանին, իսկ Հարավային Կովկասում՝ Թուրքիային։

Հայաստանում գույքի վերաբաշխումը հատկապես նկատելի է բանկային հատվածում։ Բրիտանական HSBC բանկի հեռանալը նշանավորեց Ռուսաստանից Հայաստանի «հարաբերական անկախության դարաշրջանի» ավարտը։ Բայց Ամերիաբանկի հետ կապված պատմությունը կդառնա դասագիրք, որով հնարավոր կլինի հետևել ռուսական կայսրության վերջնական փլուզման շրջանում սեփականության վերաբաշխման գործընթացին։

Ամերիաբանկի հիմնական սեփականատեր Ռուբեն Վարդանյանին, ով հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից և մշտական ​​բնակութուն հաստատել Արցախում, ռուսական զորքերը նետել են Բաքվի բանտ։ Նրա ձերբակալությունից հետո 5 ամսվա ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունները ոչինչ չեն արել ռուսահայ միլիարդատիրոջը ազատելու համար։ Սակայն վրացական բանկը, որի բաժնետերերը կարող են լինել թուրքական ծագում ունեցող գործարարներ, հաճույքով «գնեց» Ամերիաբանկը։ Հայաստանում իշխանամետ գործիչները համոզում են, որ դա «փրկագին չէ»։ Իրոք, փրկագին չէ, դա բիզնեսի “քաղաքացիության” պարզ փոփոխություն է։

Մինչ այս վերաբաշխում էր տեղի ունենում Հայաստանի խոշոր հանքարդյունաբերական ձեռնարկություններում, այդ թվում՝ Լիդիանը, որը համառորեն ցանկանում է արդյունահանել Ամուլսարի ոսկին, անկախ նրանից, թե ինչ դրոշի ներքո դա կլինի։

Փաստորեն, այն ամենը, ինչ տեղի ունեցավ, սերտորեն կապված է Արցախի հետ։ Ռուս-թուրքական «մոնիտորինգի կենտրոնը» Ակնայում «ընդունման-հանձնման» կետ է, և պատահական չէ, որ Արցախի ցեղասպանության վերջին ակտը սկսվեց Արցախի հանքային ռեսուրսների սեփականության մասին «վեճով»:

Սեփականության վերաբաշխումը Հայաստանում տեղի է ունենում Ռուսաստանի հետ զուգահեռ, որտեղ միանգամից մի քանի խոշոր ձեռնարկություններ անցան պետական ​​վերահսկողության տակ։ «Գործարանները դառնում են ազգային սեփականություն»,- գրում են ռուսական լրատվամիջոցները։

Դատարանի որոշումներ են կայացվել Չելյաբինսկի էլեկտրամետալուրգիական կոմբինատի, Սերովի ֆերրոհամաձուլման գործարանի և «Կուզնեցկի ֆերոլալյուզ» ԲԲԸ-ի պետությանը փոխանցելու մասին: «Անբարյացակամ երկրների» ժամանակակից ձեռնարկությունները նույնպես ենթակա են ազգայնացման։ Ուլյանովսկի հաստոցաշինական գործարանը, որը պատկանում է գերմանական Gildemeister Beteiligungen GmbH-ին (ճապոնա-գերմանական DMG Mori-ի դուստր ձեռնարկություն), արդեն փոխանցվել է Գույքի կառավարման դաշնային գործակալության ժամանակավոր կառավարմանը: Իվանովոյի ծանր հաստոցների գործարանը եւս ազգայնացվեց:

Փաստորեն, Ռուսաստանում սկսվել է սեփականության վերաբաշխման, այլ կերպ ասած՝ կուլակաթափման գործընթացը, որը միշտ ուղեկցել է այս երկրում քաղաքական գործընթացները։

Առայժմ խոսքը «երկրորդ կարգի» գործարանների մասին է, բայց վտանգի տակ են նավթի և գազի, միջուկային, ադամանդի և այլ խոշոր ձեռնարկությունները։

«Կուլակաթափման» առաջին ցուցակներում՝ հայկական ազգանուններով օլիգարխներն են։

Ֆրանսիական դատարանը կալանք է դրել ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի վիլլայի վրա, հայտնում է Le Monde-ը։Հրապարակման համաձայն՝ գույքը պաշտոնապես պատկանում է Կարապետյանին, սակայն Փարիզի դատախազությունը պնդում է, որ իրական շահառուն «Գազպրոմ նավթ» դուստր ձեռնարկությունն է:

Իր հերթին, Ռուսաստանում արդեն սկսվել է հայ գործարարների ձեռնարկությունները հօգուտ «բարեկամ երկրների» «քամելու» գործընթացը։ Հայկական «անբարյացակամ» ձեռնարկությունների ջարդերը չեն ուշանա, ինչպես նաև Հայաստանում ռուսական ակտիվների փոխանցումը «բարեկամ» թուրքերին։

Կոնդը կօտարվի. «Բաքվի գողտրիկ անկյունը Երևանի կատարին»

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ով ոչ մի բանի առաջ կանգ չի առնում, ասաց, որ «Կոնդը կօտարվի»։ Կոնդում տները կճանաչվեն հանրային գերակայության գոտի, հողը կանցնի Երեւանի քաղաքապետարանի տիրապետության տակ, իսկ Կոնդի բնակիչներին կտրամադրվի համեստ փոխհատուցում։ Հայկական լրատվամիջոցներն արդեն գրում են, որ Երևանի հնաբնակ համարվող Կոնդի բնակիչների վտարումը նման է Երևանի կենտրոնի տեղահանմանը ներկայիս Հյուսիսային պողոտայի տեղում և կարող է դառնալ «սև օր Փաշինյանի համար»։

Նշվում է, որ այս տարածքում 1 քմ հողատարածքի կադաստրային արժեքը կազմում է 214 եւ 139 հազար դրամ, այսինքն՝ 500-600 դոլար։ Սրանք ծիծաղելի գումարներ են այսօրվա Երևանի, հատկապես կենտրոնի համար։ Բայց խոսքը ամենևին էլ փողի մասին չէ։

«ադրբեջանի և թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչման» համատեքստում Փաշինյանի իշխանությունն արդեն հրաժարվել է Արցախից, հրաժարվել է Իրան-Հայաստան մայրուղուց, հրաժարվել է Երասխում գործարանի կառուցումից և պատրաստվում է հրաժարվել «անկլավներից»՝ հարակից բոլոր տարածքներով և միջպետական ​​նշանակության ավտոճանապարհներին և հայ-իրանական սահմանին հսկողությամբ հանդերձ։

Բայց գլխավոր “առաքելությունը” Երևանինն է՝ վերադարձնել «Կոնդը», որը նշանակում է «գլուխ, կատար»։ «Բարձրունք» Երևանի կենտրոնում, որը Բաքուն պահանջում է որպես կապիրտուլյացիայի երաշխիք։

Դեռևս 2022 թվականին մի խումբ ադրբեջանցի «գիտնականներ» և հանրության ներկայացուցիչներ դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ Երևանի Կոնդ թաղամասի կապակցությամբ։ Նրանք մտահոգված էին «Թեփեբաշի», այսինքն՝ Կոնդ թաղամասի ճակատագրով, որը հռչակեցին « ադրբեջանական»: Ավելին, Կոնդը անվանեցին «վերջին ադրբեջանական ազգային-մշակութային և պատմական ժառանգությունը» Երևանում։

Նրանք դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ բողոքելով, որ “Իրեվանում” իրենց մշակութային ժառանգության «ցեղասպանություն» է տեղի ունեցել։

«Կոնդը կօտարվի»,- ասում է Ավինյանը։ Կօտարվի՝ հօգուտ Բաքվի՝ ի նշան խաղաղության, խաչմերուկի և այլ պոզաների։

Բորելը հայտարարեց Արևմուտքի գերակայության ավարտի և Գլոբալ Հարավի ազդեցության աճի մասին

Եվրամիության երկրները պետք է պատրաստ լինեն Ռուսաստանի հետ լարվածության երկար ժամանակաշրջանին, որը կարող է ցանկանալ «առաջիկա ամիսներին ակտիվացնել իր քաղաքական և ռազմական սադրանքները ՆԱՏՕ-ի երկրների դեմ»։ Այս մասին կիրակի օրը՝ փետրվարի 25-ին, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Մենք պետք է էապես ուժեղացնենք մեր անվտանգությունը և պաշտպանական կարողությունները», – գրել է Բորելը փետրվարի 16-18-ը կայացած Մյունխենի անվտանգության համաժողովն ամփոփելով իր բլոգում:

Միաժամանակ նա եվրոպական երկրներին կոչ է արել մշակել Գլոբալ Հարավի հետ հարաբերությունների ռազմավարություն։ Եթե ​​ներկայիս աշխարհաքաղաքական լարվածությունը շարունակի զարգանալ «Արևմուտքն ընդդեմ մնացած աշխարհի» ուղղությամբ, «Եվրոպան կկանգնի մռայլ ապագայի առջև», զգուշացրել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

«Արևմուտքի գերիշխանության դարաշրջանն իսկապես ավարտվել է։ Թեև սա տեսականորեն հասկանալի էր, մենք միշտ չէ, որ գործնական եզրակացություններ էինք անում այս նոր իրականությունից»,- ասել է Բորելը: Նրա խոսքով, Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան և Գազայի հատվածում պատերազմը «էականորեն մեծացրել են Արևմուտքի և Գլոբալ Հարավի միջև առճակատման այս ռիսկը, որն արդեն «կարելի է տեսնել Սահելում և Աֆրիկայի այլ մասերում»:

Դիվանագետը նշել է, որ Գլոբալ Հարավի շատ երկրներ մեղադրում են Արևմուտքին «երկակի ստանդարտների» մեջ, և «Ռուսաստանին հաջողվեց օգտվել ստեղծված իրավիճակից»։ «Մենք պետք է պայքարենք այս խոսույթի դեմ և դա անենք ավելի քան պարզապես խոսքերով: Առաջիկա ամիսներին մենք պետք է հսկայական ջանքեր գործադրենք մեր գործընկերների վստահությունը վերականգնելու համար»,- ընդգծեց նա։

Ո՞վ է «ռումբը» տեղադրել Քաղաքացիական պայմանագրի գրասենյակի մոտ

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը փետրվարի 26-ին քաղաքացուց ահազանգ է ստացել որ Գյուլբենկյան 30/3 շենքի մոտ (շենքում գտնվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արաբկիրի գրասենյակը – խմբ. ) սև տոպրակով կասկածելի իր է դրված։ Դեպքի առթիվ ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերված զինամթերքի նմանվող առարկաները վերցվել են, դրանց բնույթն ու նշանակությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով առգրավվել են տարածքը տեսանկարահանող տեսանկարահանման սարքերը, կատարվում են ապացուցողական և վարույթային գործողություններ։

Քննչական նույն բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնված նաև փետրվարի 22-ին Երևան քաղաքի Գ.Գյուլբենկյան փ. 33 շենքի դիմացի հատվածում զինամթերքի նմանվող առարկաների հայտնաբերման դեպքի առթիվ։ Դրանով նախաքննությունը ևս շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Երկու դեպքերով էլ քննություն է իրականացվում նշված առարկաները համապատասխան հասցեներում տեղադրած անձանց հայտնաբերելու, քննության համար էական նշանակություն ունեցող մյուս հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Հետաքննության մարմնին տրվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ։

Ավելի վաղ հաղորդվել է, որ կեղծ ռումբ է հայտնաբերվել։ Ինչ-որ մեկը փորձել է թափանցիկ հաղորդագրություն փոխանցել իշխող կուսակցությանը, կամ էլ «վհուկների որսի» և ռեպրեսիաների առիթ է «գցել»։

 

Արարատ Միրզոյանը և Վոլկեր Տյուրկի հետ է քննարկել արցախցիների խնդիրները

Ժնևում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 26-ին հանդիպել է ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության համակարգի շրջանակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերին և ձեռքբերումներին, որոնց շնորհիվ Հայաստանը միջազգային տարբեր հեղինակավոր կառույցների վարկանիշներով տարածաշրջանում զբաղեցնում է առաջատար դիրքեր:

Աշխարհի տարբեր անկյուններում մարդու իրավունքների պաշտպանության հարցում առկա մարտահրավերների առնչությամբ ընդգծվել է առկա գործիքակազմի արդյունավետ օգտագործման կարևորությունը, քանզի հակառակը հանգեցնում է լրջագույն խախտումների կանխարգելման հարցում ձախողման ու աղետալի իրավիճակների կրկնության։

«Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտմանը՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է իրենց հայրենիքից բռնի տեղահանված հայ բնակչության կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերը»- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Վոլկեր Տյուրկը մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում վերջին զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումները՝ հիմնված տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության, ինքնիշխանության առանցքային սկզբունքների աներկբա հարգման վրա։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ այս սկզբուքներին հստակ հավատարմության, ինչպես նաև տարածաշրջանում ագրեսիվ հռետորաբանությունից և գետնի վրա իրավիճակի սրմանն ուղղված քայլերից զերծ մնալու պարագայում հնարավոր կլինի առաջ շարժվել խաղաղության գործընթացում։

Harmony Room. ներդաշնակություն ներսից ու դրսից

Արցախի բնակչուհի լրագրող Քնարիկ Կարապետյանը Ստեփանակերտից տեղահանվելուց հետո Երևանում հիմնել է իր անձնական փոքրիկ բիզնեսը:

Harmony Room –ը մինիմալիստական ճաշակ, կազմակերպվածություն, հարմարավետություն ստեղծելու մասին է: «Ձեռքի աշխատանքի հանդեպ հետաքրքրվածությունը միշտ է ուղեկցել: Մտերիմներիս հավաստմամբ ես օժտված էի այդ ձիրքով: Տանը միշտ պահում էի գեղեցիկ փաթեթներ, ժապավեններ: Ստեփանակերտում մի քանի տարի առաջ ես ու եղբայրս բիզնես ունեինք` կավից զարդեր, մագնիսներ էին պատրաստում»,- վերհիշում է Քնարիկը:

Շրջափակման ընթացքում հնարավոր չէր շարունակել հանդիսավարի աշխատանքը և պետք էր նոր զբաղմունք, որը նաև եկամուտ կբերեր: Կարգուկանոնի հանդեպ սերը ստիպեց մտածել հելյունով զամբյուղներ գործելու մասին: Քնարիկը խոստովանում է, որ երբեք հելյունագործություն չի ուսումնասիրել, ընդամենը յութուբյան ալիքներում մի քանի տեսահոլովակ է նայել, բայց դա իրեն բավարար էր գործընթացն իրականացնելու համար:

Դրական արձագանքներից հետո որոշեց ապրանքատեսակները դնել վաճառքի: Չնայած նոր է ֆեյսբուքյան էջ բացել, բայց արդեն պատվերներ է գրանցել: Հետագայում միտք ունի տեսականին ընդլայնել` ավելացնելով խաղալիքներ, վերմակներ, նորածինների համար զամբյուղներ:

Տաթև Ազիզյան

Սումգայիթից 36 տարի անց․ դամոկլյան սուրը կախված է Հայաստանի Հանրապետության վրա

«Այն, ինչ կատարվել է Սումգայիթ քաղաքում, դա ընդամենը ադրբեջանական ԽՍՀ տարածքում հայերի ցեղասպանության դրվագներից մեկն է»,- այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը։

Նրա խոսքով՝ 1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում հայերի նկատմամբ տեղի ունեցածը ջարդեր չէին, ցեղասպանություն էր, որը համապատասխանում է ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման մասին կոնվենցիայի դրույթներին։ «Դա կազմակերպել են ոչ թե, ինչպես ժամանակին ասաց Գորբաչովը, խուժանները, այլ դա Ադրբեջանի խորհրդային հանրապետությունում պետական մակարդակով էր կազմակերպվել։ Ադրբեջանական նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հուշեր կան, համաձայն որոնց՝ ի սկզբանե ծրագրվում էր այդ ցեղասպանությունը կատարել 1988 թվականի այդ օրերին Բաքու քաղաքում։ Եվ կորուստները կլինեին տասնապատիկ ավելին, քանի որ Բաքվում հայ բնակչության թիվն ավելի մեծ էր։ Պարզապես Բաքվի խորհրդի առաջին քարտուղարը ժամանակին որոշակի գործողություններ ձեռնարկեց, որպեսզի ջարդարարներով լի ավտոբուսները չմտնեին Բաքու քաղաք։ Եվ նրանք հետ էին վերադարձել ու իրենց սեւ գործը Սումգայիթում էին կատարել։

Իրենք ունեին բոլոր ցուցակները, բոլորի տվյալները։ Մարդիկ ահազանգում էին ոստիկանություն, շտապ օգնություն, բայց ոչ ոք չէր արձագանքում։ Բացի դրանից, պետք է հիշենք, որ այս ամբոխին առաջնորդեց Մուսլիմզադեն՝ Սումգայիթի քաղխորհրդի առաջին քարտուղարը՝ վերցնելով ադրբեջանական դրոշ եւ առաջնորդելով այդ գազազած ամբոխին»,- ասաց Գրիգորի Այվազյանը։

Նա հիշեցրեց, որ 1988 թվականի փետրվարի 26-ին եւ 28-ին Ադրբեջանի պատվիրակությունը գնացել էր Արցախ, ամենաբարձր մակարդակով սպառնացել էին հաշվեհարդար տեսնել։ «Ասել էին, որ Աղդամում կանգնած են 100 հազարավոր ադրբեջանցիներ եւ կմտնեն Արցախ, սպանդ կկազմակերպեն։ Զգուշացրել էին, բայց հարվածը հասցրել էին ոչ թե Արցախում, այլ Սումգայիթում, որտեղ մարդիկ ավելի անպաշտպան էին։ Ադրբեջանի ամենաբարձրաստիճան ղեկավարությունը Աղդամում անընդհատ խորհրդակցություն էր անցկացրել այդ ժամանակահատվածում՝ ինչպես հայերին ահաբեկել, պատժել եւ ստիպել արտագաղթել, որովհետեւ նրանք իրենց համար համարվում էին որպես պետության գոյության սպառնալիք նաեւ Արցախի հարցի համատեքստում։ Խորհրդային միությունում ԿԳԲ-ն չէր կարող տեղյակ չլիներ այդ իրադարձությունների նախապատրաստություններին եւ կատարմանը։ Անշուշտ՝ Կրեմլը գիտեր, թե ինչ է կատարվում Սումգայիթում։ Ես հեռու եմ այն մտքից, որ հենց Կրեմլն էր կազմակերպիչը, բայց Կրեմլի թողտվությամբ դա տեղի ունեցավ, վերեւից չեն ճնշել այդ իրադարձությունները, որովհետեւ նրանք նույնպես կարծում էին, որ հայերին պետք է իրենց տեղը ցույց տալ»,- ասաց Այվազյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ ցեղասպանական գործողությունների հետեւանքով զոհերի թիվն իրականում ավելի մեծ է, քան  պաշտոնական աղբյուներով են ներկայացվել։ Ըստ նրա՝ ադրբեջանիցները հատուկ են հորինել «Խոջալույի դեպքերը», որպեսզի ստվերեն Սումգայիթի իրադարձությունները։ «Ամբողջ աշխահում ոռնում են՝ Խոջալու, բայց ադրբեջանական լրագրողները, երբ նկարել են, թե որտեղ են հայտնաբերվել մարմինները, դրանք հայտնաբերվել են ադրբեջանական վերահսկողության տարածքում։ Եվ այստեղ որեւէ համեմատություն չի կարող լինել Սումգայիթի հետ, որովհետեւ այն, ինչ կատարվեց Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, եղել են նախքան ռազմական խոշոր բռնկումները եւ բախումների գոտուց շատ հեռու՝ խաղաղ բնակչության նկատմամբ, որոնք որեւէ կապ չունեն հակամարտության հետ։ Այստեղ որեւէ հակադարձում չի կարող լինել»։

Գրիգորի Այվազյանն ասում է, որ տարիների ընթացքում ոչ Սումգայիթում ու Բաքվում հայերի ցեղասպանության դրվագը, ոչ Կիրովաբադ-Գանձակի հայաթափումը չեն ստացել իրավաքաղաքական պատշաճ գնահատական։ Եվ դա բերեց անպատժելիության մթնոլորտի ձեւավորմանն Ադրբեջանում։ Դա համաշխարհային հանրության հայացքի ներքո հանգեցրեց Արցախի հանդեպ լայնածավալ ագրեսիային, էթնիկ զտումներին, բռնագաղթին։ Փաստացի Արցախի տարածքում տեղի ունեցավ ցեղասպանություն, որին ոչ ոք չի միջամտել, չի տվել իրավաքաղաքական գնահատական։ Անգամ կասկածի տակ են դրել՝ դրանք էթնիկական զտումներ են, թե՞ ոչ։

«Արցախցիների հետ կատարվածը կասկածի տակ է դրվում թե եվրոպական երկրների, թե մեր այսպես կոչված դաշնակից երկրների կողմից։ Այնպես որ, մենք ունենք պատմության չսերտված դասեր։ Իսկ մենք գիտենք, որ պատմությունը չի սովորեցնում, ինքը պատժում է իր դասերը չսերտածներին։ Մենք չենք սերտել ոչ Սումգայիթի, ոչ Բաքվի ցեղասպանության դրվագների դասերը, ոչ «Կոլցո» օպերացիայի դասերը։ Եվ, ահա, արդեն 21-րդ դարում ամբողջ քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ ականտես եղանք ցեղասպանության կրկնությանն Արցախում, որը մինչ օրս դատապարտված չէ։ Մենք քաղում ենք մեր սխալի դառը պտուղները։ Իսկ սխալն ավելին է, քան հանցանքը, մենք իրավունք չունենք սխալներ գործելու»,- ընդգծեց Գրիգորի Այվազյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ այսօր արդեն դամոկլյան սուրը կախված է Հայաստանի Հանրապետության վրա։ Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական կողմն արդեն շրջանառության մեջ մտցրել է «հայ-ադրբեջանական պայմանական սահման» խոսույթը։ «Եվ ուրեմն, մենք պետք է հասկանանք, որ հիմա արդեն Ադրբեջանն իր ցեղասպանական մեքենան պատրաստում է ամբողջ ծավալով՝ խոսույթի մեջ մտցնելով «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթը։ Ֆիլմեր են նկարում, Ադրբեջանի չակերտավոր պատմամշակութային ժառանգության, Սյունքիում «ադրբեջանական ավանների» մասին՝ նախապտրաստելով ու գազազեցնելով ամբոխին՝ հայերի նոր ցեղասպանություն կատարելու համար՝ արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում, որն ամենեւին չի սահմանափակվելու Սյունիքի տարածքով»,- նշեց նա։

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս պետք է դիմակայել թշնամու ծրագրերին, Այվազյանն ասում է․ «Համենայնդեպս այդ հրեշավոր ծրագրին դիմակայելու մեկ ճանապարհ կա։ Եվ դա բոլորին այն չէ, որ մենք պետք է հրաժարվենք մեր Սահմանադրությունից եւ Ադրբեջանին չգրգռելու համար այնտեղից հանենք հղումն Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակվում է Ցեղասպանության, Արեւմտյան Հայաստանի, Հայաստանի ու Արցախի վերամիավորման մասին։ Ադրբեջանն արդեն իր որոշումը կայացրել է՝ նոր ցեղասպանություն Հայաստանի Հանրապետության տարածքում։ Իրենք ուղղակի սպասում են իրենց համար առավելագույն նպաստավոր ռազմաքաղաքական իրավիճակի ստեղծմանը, որպեսզի ամբողջ ծավալով հարձակման անցնեն։ Դրա մասին են նաեւ հուշում Ադրբեջանի կողմից նոր զենքերի ձեռք բերումը։ Մենք պետք է փորձենք դիվանագիտական դաշտում անել առավելագույնը, միավորվել, ոչ թե միմյանց բզկտել։  Այնպիսի մթնոլորտ են ստեղծել մեր երկրում, որ տպավորություն է, թե Հայաստանում իրար ավելի են ատում, քան թշնամուն։

Մենք պետք է միավորենք մեր բոլոր ուժերը՝ Սփյուռքը, Հայաստանը, արցախցիները։ Մենք չպետք է մոռանանք, որ Արցախի պաշտպանության բանակն իր մարդկային ներուժով հիմա Հայաստանում է գտնվում։ Մենք միայն մեր միասնականությամբ կարող ենք դրան հակադրել, մեր ուժը կենտրոնացնենք ընդդեմ ընդհանուր թշնամու։ Եթե հիմա հանկարծ սկսենք իրար կոկորդ կրծել ու ներքաղաքական հաշվեհարդարներով զբաղվել, ապա, ինչպես Հայաստանի վերջին վարչապետը՝ Սիմոն Վրացյանն էր ասում՝ մենք կթերթենք Հայաստանի պատմության վերջին էջը։ Ես հույս ունեմ, որ մեր ժողովուրդն ինքնապաշտպանության բնազդը դեռ չի կորցրել, ողջախոհ կգտնվի ու կմիավորվի մոտալուտ ցեղասպանության վտանգին ընդառաջ, որը սպառնում է նաեւ երեւանաբնակներին»։

 

Փետրվարի 28-29-ը Բեռլինում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը Բեռլինում՝ համաձայն Մյունխենում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը:

Առաջիկա հանդիպման մասին ավելի վաղ պաշտոնական Բաքուն էր հաղորդել։ Ադրբեջանի արտգործնախարարը, սակայն, փակագծեր չէր բացել, թե կոնկրետ որտե՞ղ է կայանալու այդ հանդիպումը, ի՞նչ ֆորմատով` երկկո՞ղմ, թե՞ միջնորդի մասնակցությամբ։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այսօր հիշեցրել էր, որ մյունխենյան համաժողովի ժամանակ Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո էր որոշում կայացվել վերսկսել խաղաղության գործընթացը։

«Առաջիկա օրերին խաղաղության պայմանագրի շուրջ նախատեսվում են բանակցություններ հայաստանյան պատվիրակության հետ։ Ինչպես գիտեք, թեև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները տեղի չէին ունենում, բայց տեքստի շուրջ քննարկումները շարունակվում էին», – ասել է Բայրամովը:

Նա ընդգծել է, որ թեև վերջին հինգ ամիսների ընթացքում որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, սակայն Հայաստանի հետ սահմանին խաղաղություն էր և անդորր։ Ընդ որում՝ առանց անուններ տալու մեղադրել է «որոշ շրջանակների» լարվածություն հրահարելու համար։

«Անցած հինգ ամիսները եղել են ամենահանգիստ շրջանը Ադրբեջանի և Հայաստանի պայմանական սահմանին։ Երբ մենք դիտարկենք այդ ժամանակահատվածը, ապա կտեսնենք, որոշ շրջանակներ անհանգստացած են այդ հանգամանքով և անում են հնարավորը իրավիճակը փոխելու և լարվածություն առաջացնելու համար», – ասել է Բայրամովը: