Հեղինակ՝ naira
ԼՂ-ից Հայաստան բռնի տեղահանվածների թիվը հասել է 13 550-ի
Սեպտեմբերի 26-ին ժամը 08:00 դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին կառավարությունից, նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով:
Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:
Հայաստանից բժիշկների թիմն ուղղաթիռով մեկնել է Ստեփանակերտ
Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ` օգնության հասնելու Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցած պայթյունից տուժած մեր հայրենակիցներին։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապայության նախարարությունից, Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում պացիենտները նախապատրաստվում են տեղափոխման։
Պայթյունի հետևանքով յոթ մարդ հիվանդանոցում մահացել է․ տասնյակ տուժածներ ծայրահեղ ծանր վիճակում են
Ասկերանի շրջանում սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» ԲՄ, Իվանյանի բուժական կետ և ռուս խաղաղապահների բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։
Նրանց հիմնական մասը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։
7 տուժածի կյանք հնարավոր չէր փրկել և նրանք մահացել են հիվանդանոցում։ Պայթյունից տուժած տասնյակ մարդիկ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
«13 չճանաչված մարմին տեղափոխվել է Դատաբժշկական փորձաքննության բյուրո։ Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն», հայտնել են ԼՂ առողջապահության նախարարությունից՝ ընդգծելով, որ Ստեփանակերտում գտնվող բժիշկներն ու բուժանձնակազմն այս ծանր և սուղ պայմաններում կատարում են ամեն հնարավորը՝ վիրավորների կյանքը փրկելու համար: Զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կհայտնենք։
Ժամանակն է Հայաստանի խորհրդարան քննարկման բերել փաստաթղթեր, որոնց դեմ ոչ ոք փաստարկներ չունի
Հայաստան է ժամանել ԱՄՆ պատվիրակությունը՝ ԱՄՆ ՄԶԳ ղեկավարը, պետքարտուղարի տեղակալը, ազդեցիկ կոնգրեսականներ։ Խոսում են Ղարաբաղում ինչ-որ միջազգային ներկայության, տեղահանվածներին օգնելու մասին։ Միաժամանակ Բլինքենը հանդիպում է Թուրքիայի արտգործնախարարի հետ և խնդրում, որ օգնի Ղարաբաղին (անհեթեթություն)։ Իսկ Բայդենը Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ առանց վիզայի ռեժիմ է ապահովում Իսրայելի համար։
Թեև ակնհայտ է, որ եթե ԱՄՆ-ն իսկապես ցանկանում է օգնել Հայաստանին, ապա անհրաժեշտ են քաղաքական որոշումներ՝ Ազգերի լիգայի որոշման հիման վրա հայկական պետականության գոյության միջազգային իրավական հիմքի հաստատում, Հայաստանին ռազմական օգնություն և դաշնակցի կարգավիճակի տրամադրում։
Ռուսաստանն իր հերթին ոչնչացնում է իր նկատմամբ դրական վերաբերմունքի վերջին փշրանքները՝ նախքան տարածաշրջանը լքելը, փորձելով հնարավորինս մեծ վնաս հասցնել հայերին՝ կազմակերպել Արցախի տեղահանությունն այնպես, որ այն նմանվի «կամավոր գաղթի»։ Եվլախում, Իվանյանում հանդիպումների կրկեսը, լրատվամիջոցներում տեղեկատվական ստերը չեն կարող մաքրել հայերի արյունը Ռուսաստանից։ «Որտեղ մենք, այնտեղ մահ»՝ այսուհետ Ռուսաստանի ճակատին սա գրված կլինի. Ու թեև հույս չկա պարզելու, թե ով է սեպտեմբերի 25-ի երեկոյան գազալցակայան պայթեցնել Ստեփանակերտում, կատարելով արյունալի ոճրագործություն, սակայն այդ մարդկանց արյունը նույնպես Ռուսաստանի ու նրա կամակատար Ալիևի վրա է։
Երեւանը լի է աշխարհի տարբեր ծայրերից եկած ագենտներով, որոնք կործանարար ու դիվերսիոն ազդեցություն են գործում մարդկանց հոգեբանության վրա՝ ուռճացնելով ու խեղաթյուրելով առանց այն էլ սուղ տեղեկատվությունը։
Հայաստանի իշխանությունները ինտենսիվորեն պատրաստվում են հոկտեմբերի 5-ին «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը՝ թաքնվելով այն տեղեկատվական արշավի հետևում, որ եթե փաստաթուղթը չստորագրվի և Զանգեզուրի միջանցքը չտրվի, Հայաստանի պետականությունը կհայտնվի սպառնալիքի տակ։ Միևնույն ժամանակ, նրանք միտումնավոր խորհրդարանում քննարկման չեն ներկայացնում փաստաթղթեր, որոնք կարող են երկաթբետոնով ամրապնդել Հայաստանի պետականությունը և դարերով պաշտոնականացնել նրա «կադաստրային թուղթը»։
«40 տարի» ապակողմնորոշված հասարակությանը փողոցով տանող հայկական ընդդիմությունը խորհրդարան քննարկման չի բերում քաղաքական կարևոր փաստաթղթեր, չի հիշեցնում Նախիջևանի կարգավիճակի մասին, մեղադրանքներ չի հնչեցնում Ռուսաստանի և Թուրքիայի հասցեին՝ կենտրոնանալով Նիկոլի իշխանությունն ամրապնդելու մասին.
Կկարողանա՞ն հայերը գոյատևել այս աշխարհաքաղաքական մսաղացում, կախված է հայ հասարակության՝ իրավիճակը սթափ գնահատելու և ինքնակազմակերպվելու կարողությունից։
Կոնգրեսական Քրիս Սմիթը ներկայացրել է արցախահայության էթնիկ զտումները կանխելու օրինագիծ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Քրիս Սմիթը օրինագիծ է ներկայացրել՝ կանխելու Ադրբեջանի կողմից արցախահայերի հետագա վայրագությունները և էթնիկ զտումները։
Սմիթի ակտը, որը կոչվում է Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումների և վայրագությունների կանխարգելման ակտ 2023թ. մի շարք միջոցառումներ, այդ թվում՝
ԱՄՆ դիվանագետներ ուղարկել տարածաշրջան՝ իրավիճակը վերահսկելու և հետագա չարաշահումների մասին անհապաղ հայտնելու համար.
Հայկական մշակութային վայրերի 24-ժամյա տեսադիտարկում;
Մարդասիրական օգնության տրամադրում շրջափակումից և Լեռնային Ղարաբաղի վրա վերջին հարձակումից տուժած հայերին.
Լեռնային Ղարաբաղի շրջափակումն ու հարձակումը գլխավորած պաշտոնյաների դեմ նոր պատժամիջոցների կիրառում.
Օտարերկրյա ռազմական ֆինանսավորում տրամադրել Հայաստանի դեմոկրատական Հանրապետությանը, որն այժմ վտանգված է Ադրբեջանի կողմից.
Ամերիկյան ռազմական օգնության դադարեցում Ադրբեջանին՝ չեղյալ համարելով Ազատության աջակցության ակտի 907-րդ բաժնի բացառությունը:
«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը լուրջ վտանգի տակ է», – ասում է միջազգայնորեն ճանաչված իրավապաշտպան Սմիթը, ով երկու անգամ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Բաքվում՝ 2013-ին և կրկին 2014-ին, քննարկելու Ալիևի կոպիտ չարաշահումները։
Սմիթը հետագայում դարձավ Ադրբեջանում ժողովրդավարության մասին օրենքի հեղինակը 2015 թվականին: «Ցավոք, նրանք ստիպված եղան զինաթափվել և իրենց անկախությունը հանձնել անողոք բռնապետին, որի կառավարությունը տարիների ընթացքում բազմիցս սարսափելի չարաշահումներ է կատարել նրանց դեմ, ցանկություն է հայտնել էթնիկ զտումների և նույնիսկ նախաձեռնել ցեղասպանություն՝ շրջափակելով Լաչինի միջանցքը», – ասաց Սմիթը: «Մենք պետք է ապահովենք, որ անցումային շրջանը չնշվի շարունակական վայրագություններով»:
Սմիթի օրինագիծը հաջորդում է Կոնգրեսի մի շարք լսումների՝ նվիրված Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի ծանր վիճակին, այդ թվում՝ այս ամսվա սկզբին տեղի ունեցած արտակարգ լսումներին: «Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը, ինչպես միշտ, բոլոր իրավունքներն ունեն շարունակելու անվտանգ ապրել իրենց հինավուրց հայրենիքում», – ասել է Սմիթը: «Իմ օրինագիծը որոշակի թեթևացում կբերի և կխրախուսի Բայդենի վարչակազմին գործել հիմա՝ տարածաշրջանում անմեղ կյանքեր փրկելու համար»:
Բոլոր մտքերս վառելիքի պահեստի պայթյունից տուժածների հետ են․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
Բոլոր մտքերս այսօր երեկոյան վառելիքի պահեստի պայթյունից տուժածների հետ են։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Քոլոնան
«Ֆրանսիան պատրաստ է շտապ միջոցներ ուղարկել։ Ադրբեջանը պետք է թույլատրի մարդասիրական օգնության անհապաղ հասանելիությունը»,- գրել է նա։
Վաշինգտոնը կարծում է, որ անհրաժեշտ է միջազգային առաքելություն ուղարկել ԼՂ․ Միլլեր
ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ անհրաժեշտ է միջազգային առաքելություն ստեղծել, որի գործունեության նպատակը պետք է լինի վերահսկել իրավիճակն Արցախում։
«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է միջազգային առաքելություն ստեղծել, որը բաց և թափանցիկ գործունեությամբ կապահովի ԼՂ բնակիչների անվտանգությունն ու հանգիստ կյանքը»,- ասել է Միլլերը։
Նրա խոսքով՝ այժմ ակտիվ քննարկումներ են ընթանում այդ հարցի շուրջ։
«Վաշինգտոնը կարծում է, որ Ռուսաստանն անվտանգության ոլորտում հուսալի գործընկեր չէ»,- ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը՝ հավելելով, որ Արցախի բնակիչները պետք է հնարավորություն ունենան չլքել իրենց տները, մնալ և խաղաղ ու արժանապատիվ ապրել իրենց բնակավայրերում և ունենալ պաշտպանված իրավունքներ։
«Իսկ նրանք, ովքեր ուզում են հեռանալ այդ տարածքից, պետք է անվտանգ ելքի հնարավորություն ունենան՝ երրորդ՝ դիտորդ կողմի ուղեկցությամբ»,- ասել է ամերիկացի դիվանագետը։
Լեռնային Ղարաբաղում պետք է լինի միջազգային ներկայություն. ԱՄՆ ՄԶԳ տնօրեն
Լեռնային Ղարաբաղում պետք է միջազգային ներկայություն լինի՝ գնահատելու, թե արդյոք Ադրբեջանը կատարում է իր հանձնառությունները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում հրավիրված ասուլիսում:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին, որ պահպանի հրադադարը և կոնկրետ քայլեր ձեռնարկի՝ պաշտպանելու քաղաքացիական անձանց իրավունքները Լեռնային Ղարաբաղում: Նախագահ Ալիևը խոստացել է երաշխավորել էթնիկ հայերի իրավունքները, Ադրբեջանը պետք է կատարի այդ խոստումը»,-ասաց Փաուերը:
ԱՄՆ ՄԶԳ տնօրենը շատ կարևորեց, որ աշխարհը կարողանա ստուգել, համոզվել, որ Ադրբեջանն իր խոստումը կատարում է: «Բոլոր կողմերը պետք է թույլ տան, որ միջազգային հումանիտար գնահատում և հումանիտար ներկայություն լինի, որ տեսնեն, թե արդյոք Ադրբեջանը կատարում է իր հանձնառությունները, և այդ կառույցները կարողանան հաշվետվություն ներկայացնել միջազգային հանրությանը»,-ասաց Փաուերը:
Նա շեշտեց՝ Ադրբեջանը պետք է լիարժեք և մշտապես բացի Լաչինի միջանցքը ուղևորափոխադրումների, կոմերցիոն փոխադրումների և հումանիտար փոխադրումների համար: Իսկ ԼՂ բնակիչներին պաշտպանելու վերաբերյալ խոստումները սին կլինեն, քանի դեռ քաղաքացիական անձինք չեն կարող ազատ գնալ ու գալ, երբ դեղորայքի և սննդի պաշարները չեն կարողանում հասնել բնակավայրեր: «Եվ այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին է ԱՄՆ ՄԶԳ-ն, պետք է մուտք ունենան, որ առաջին անհրաժեշտության հումանիտար օգնություն ցուցաբերեն»,-շեշտեց Փաուերը:
ԱՄՆ ՄԶԳ-ն կհայտարարի ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար լրացուցիչ հումանիտար աջակցության մասին
ԱՄՆ միջազգային զարգացման գորակալությունը սեպտեմբերի 26-ին կհայտարարի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց լրացուցիչ հումանիտար աջակցություն տրամադրելու մասին, այդ թվում՝ դրամական:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը:
Փաուերը նշեց, որ 2020 թվականից ԱՄՆ-ն ապահովել է հումանիտար օգնություն՝ սնունդ, բժշկական պարագաներ, երեխաների համար անհրաժեշտ միջոցներ և այլն:
«Վաղը ես կհայտարարեմ լրացուցիչ հումանիտար աջակցություն տրամադրելու մասին: Մենք ապահովելու ենք առաջին անհրաժեշտության պարագաներ, վերմակներ, հիգիենայի պարագաներ՝ օգնելու մարդկանց, որոնք թողել, հեռացել են իրենց տներից, ԼՂ-ից և այժմ օգնության կարիք ունեն: Մենք պատրաստ ենք սննդամթերք, նաև դրամական աջակցություն, իրավական օգնություն, կացարան ապահովել այն անձանց, որոնք դրա անհրաժեշտությունն ունեն»,-ասաց Փաուերը:
ԱՄՆ ՄԶԳ տնօրենը նշեց նաև, որ սերտորեն աշխատում են Հայաստանի իշխանությունների հետ, այն համայնքերի հետ, որոնք իրենց դռները բացել են այդ բռնությունից հեռացող մարդկանց առաջ: Նա շեշտեց՝ ԼՂ բնակիչներն արժանի են, որ բռնությանը վերջ տրվի, որ կարողանան ապրել ապահով, կարողանան իրենց հայեցողությամբ ազատ տեղաշարժվել:
Փաուերը նաև հավելեց, որ ԱՄՆ-ն շարունակելու է աշխատել Ադրբեջանի և ՀՀ ղեկավարության հետ ամենաբարձր մակարդակում՝ հետամուտ լինելով խաղաղությանը։
Երևանի քաղաքապետարանը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին Կոռնիձորից տեղափոխելու համար ավտոբուսներ է տրամադրել
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Կոռնիձորից տեղափոխելու համար Երևանի քաղաքապետարանը տրամադրում է իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները: Ավտոբուսները սեպտեմբերի 25-ին ժամը 21:00-ին մեկնել են դեպի Կոռնիձոր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
Բենզինի պահեստի պայթյունից տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա. ԼՂ ՄԻՊ
Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով կան հարյուրավոր տուժածներ։ Վիրավորների և զոհերի հստակ թիվ դեռևս հնարավոր չէ պարզել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԼՂ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Հանրապետական բժշկական կենտրոնում և Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում բժշկական և դեղորայքային սահմանափակ հնարավորությունների պայմաններում բուժօգնություն է ցուցաբերվում տուժածներին, սակայն, այն բավարար չէ։
Տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա»,- նշել է Գեղամ Ստեփանյանը։
Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։