ԼՂ-ում ուժ է կիրառվել, և մենք դիտարկում ենք դրան պատշաճ արձագանք. ԱՄՆ ՄԶԳ տնօրեն

Չնայած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և իր տեղակալ Յուրի Քիմի հայտարարություններին, որ Լեռնային Ղարաբաղում զինված ուժի կիրառումն անընդունելի է՝ այդ ուժը կիրառվել է, և ԱՄՆ-ն դիտարկում է, թե ինչը կարող է պատշաճ արձագանք լինել դրան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Յուրի Քիմը հայտարարել է, որ ԼՂ-ում ուժի կիրառումն անընդունելի է, սակայն Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիայի է դիմել:

«Նույն բանն ասվել է պետքարտուղար Բլինքենի կողմից: Բայց այդ ուժը կիրառվել է: Եվ մենք դիտարկում ենք, թե ինչը կարող է լինել պատշաճ արձագանք դրան: Ինչպես պետքարտուղարի տեղակալ Յուրի Քիմը նշեց՝ մենք վերանայում ենք մեր անվտանգային աջակցությունը, բայց ես որևէ եզրահանգում չեմ ուզում ներկայացնել այս պահին ԱՄՆ արտաքին քաղաքականության և արձագանքի վերաբերյալ»,-ասաց Փաուերը:

Պաշտոնյան հստակեցրեց՝ դիտարկում են վերջին իրադարձություններին արձագանքի ընդհանուր շրջանակ: «Եվ ամենակարևորը՝ մենք ուզում ենք, որ հրադադարը պահպանվի, որ մարդիկ կարողանան դուրս գալ ԼՂ-ից, եթե դա իրենց ընտրությունն է, և իրենց իրավունքները, արժանապատվությունն ապահովված լինեն»,-ասաց Փաուրեը:

Նա չնշեց, թե ԱՄՆ-ն ինչ գործիքներ կարող է կիրառել այս հանգամանքների համատեքստում՝ վստահեցնելով, որ իրենց տրամադրության ներքո ունեն բավականին գործիքներ: «Վաշինգտոնում շատ բարձր մակարդակում քննարկումներ ընթանում են, թե որոնք կլինեն համարժեք գործողություններ»,-նշեց նա:

USAID կաջակցի Արցախից տեղահանված անձանց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում է եղել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել է Սամանթա Փաուերի այցը մեր երկիր այս դժվար ժամանակաշրջանում: «Կարծում եմ, տեղյակ եք ընդհանուր իրավիճակից, քանի որ հնարավորություն ենք ունեցել քննարկել այս իրավիճակն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամների հետ, երկու օր առաջ հեռախոսազրույց եմ ունեցել պետքարտուղար Բլինքենի հետ։

Մեր գործընկերները կապի մեջ են և կարծում եմ շատ կարևոր է, որ ունենք այս հնարավորությունը՝ քննարկելու մեր տարածաշրջանի ներկա իրավիճակի բոլոր մանրամասները։

Դուք տեղյակ եք, որ, դժբախտաբար, այս պահին Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտման գործընթացը շարունակվում է, այն հենց հիմա տեղի է ունենում, և դա շատ  ողբերգական  փաստ է։ Մենք փորձում էինք միջազգային հանրությանը տեղեկացնել, որ այս էթնիկ զտումը տեղի է ունենալու, բայց, դժբախտաբար, մեզ չհաջողվեց այն կանխել։ Բայց այս իրավիճակը և լարվածությունը մեր տարածաշրջանում շարունակում է աճել, և այժմ շատ կարևոր է կոնկրետ քայլեր ձեռնարկել հետագա էսկալացիան և նույնիսկ ավելի մեծ խնդիրները կանխելու համար։ Շատ ուրախ եմ այս հնարավորության համար և ողջունում եմ Ձեզ մեր երկրում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Ըստ աղբյուրի՝ Սամանթա Փաուերը շնորհակալություն է հայտնել վարչապետին իր գլխավորած պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար։ «Գիտեմ՝ որքան զբաղված եք՝ հաշվի առնելով տվյալ իրավիճակը։ Նախագահ Բայդենն ինձ և իմ պատվիրակությանը գործուղել է այստեղ՝ ընդգծելու ԱՄՆ-ի խորը նվիրվածությունը Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության հանդեպ։ Գիտեմ, որ ԱՄՆ ՄԶԳ-ն աշխատում է հայ ժողովրդի հետ, և Հայաստանի կառավարությունը երբեք անվճռականություն չի ցուցաբերել այս հարցում, և դա շատ կարևոր է։

Մենք ժամանել ենք Հայաստան, և, հուսով եմ, կրկին առիթ կունենամ գալու՝ քննարկելու մեր այն քայլերը, որոնք ուղղված են ձեր խորացող ժողովրդավարության ամրապնդմանը, բայց այս այցի ընթացքում մենք, իհարկե, կենտրոնացած ենք կոնկրետ ճգնաժամի, Լեռնային Ղարաբաղի մարդկանց մարդասիրական կարիքների, Լեռնային Ղարաբաղից փախուստի դիմած մարդկանց մարդասիրական կարիքների վրա։ Կարծեմ մոտ 5000 մարդ է անցել Հայաստան այսօր, և մենք իսկապես շատ լուրջ ենք վերաբերվում մեր պատասխանատվությանը՝ կենտրոնացնել ռեսուրսները, ինքներս մեզ, որպեսզի աջակցենք տեղական ինքնակառավարման մարմիններին՝ կեցության վայրեր և այլ աջակցության միջոցներ գտնելու գործում, բայց նաև խթանել, որ այլ երկրները նույնպես անեն նույնը։

Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակեն աշխատել թե՛ ձեր, թե՛ Ադրբեջանի կառավարության հետ՝ երկրների միջև տևական խաղաղության հասնելու ուղղությամբ, նաև հաշվի առնելով, թե ինչպիսի խորը տնտեսական շահույթ և կայունություն կապահովի այն հայ ժողովրդի համար։ Քայլերը, որ Դուք ձեռնարկել եք իշխանությունների տարանջատման հարցում, կոռուպցիայի դեմ պայքարում, այս ամենը ներդրումներ են Հայաստանի ապագայի մեջ»,- նշել է Սամանթա Փաուերը։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարը վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը:

Նշվում է, որ հաջորդիվ զրուցակիցները քննարկել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակին, ԼՂ մեր հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու հնարավորություններին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը:

ԱՄՆ նախագահի նամակը վարչապետ Փաշինյանին

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը: Նամակում ասվում է.

«Նորին Գերազանցություն

Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Երևան

Հարգելի պարոն վարչապետ,

Ձեզ և Հայաստանի ժողովրդին հղում եմ իմ լավագույն մաղթանքներն Անկախության տոնի առթիվ։ Այս տարի, երբ նշում ենք այս վեհ առիթը, մենք նաև սգում ենք Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի մահը։ Ես խնդրել եմ Սամանթա Փաուերին՝ իմ կաբինետի կարևորագույն անդամներից մեկին, անձամբ Ձեզ փոխանցել Միացյալ Նահանգների և իմ վարչակազմի ուժեղ աջակցությունը Հայաստանի ձգտմանը դեպի արժանապատիվ և կայուն տարածաշրջանային խաղաղություն, որը կերաշխավորի ձեր սուվերենությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդավարությունը։

Հայաստանը ցույց է տվել իր հավատարմությունն այդ նպատակին՝ ներգրավվելով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններում, ինչպես նաև իրականացնելով կարևոր տնտեսական բարեփոխումներ, բարելավելով կառավարության հաշվետվողականությունը և ամրապնդելով ժողովրդավարական ինստիտուտները: Վստահեցնում եմ ձեզ, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Հայաստանին երկրում ժողովրդավարության ամրապնդման և ձեր հարևանությամբ կայունություն հաստատելու ջանքերում։

Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել ձեր կառավարության հետ` հասցեագրելու վերջին բռնություններից բխող մարդասիրական կարիքները, որոնք տիկին Փաուերը Ձեզ հետ մանրամասն կքննարկի։ Մենք նաև կշարունակենք ամրապնդել մեր համագործակցությունն էներգետիկ դիվերսիֆիկացման, դիմակայունության և անվտանգության հարցերում, ինչպես ցույց են տվել մեր վերջին զորավարժությունները:

Հայաստանի հարուստ պատմությունն ամենուրեք ոգեշնչել է ազգերին և մարդկանց՝ ձգտելու ազատության և արդարության: Իսկ ամերիկահայ համայնքը շարունակում է ուժի աղբյուր մնալ իմ սեփական երկրում: Հույս ունեմ առաջիկա տարում շարունակել էլ ավելի խորացնել և ամրապնդել մեր պետությունների և ժողովուրդների միջև կապերը»։

Ֆրանսիայի դեսպանը արձագանքել է լուրերին, թե Ֆրանսիան պատրաստ է ապաստան տալ արցախցիներին

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին թվիթերի իր էջում արձագանքել է այն լուրերին, թե Ֆրանսիան պատրաստ է ընդունել և ապաստան տրամադրել Արցախի հայերին։ Հայաստանում Ֆրանսիայի գործողությունների մասին հավաստի տեղեկատվություն ստանալու համար նա խորհուրդ է տվել հետեւել Ֆրանսիայի դեսպանատան պաշտոնական էջերին։

Ավելի վաղ ռուսալեզու սոցցանցերում տեղեկություններ էին տարածվել, որ Ֆրանսիան ընդունելու է արցախահայերին, ու արցախցիներին կոչ էին արել շտապել Ֆրանսիայի հյուպատոսություն։

Բենզինի պահեստ է պայթել Ստեփանակերտի մոտ․ հաղորդում են բազմաթիվ տուժածների մասին

Պայթյունը տեղի է ունեցել Ստեփանակերտից դուրս, բայց մոտ քաղաքին: Բենզինի պահեստ է պայթել: Այդտեղից բենզին էին տալիս այն մարդկանց, որոնք ցանկանում էին իրենց մեքենաներով տեղափոխվել Արցախից:

Կան զոհեր։

 

Հայտարարություններ

Harut Hambardzumyan

Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար իմ ընկերություններում ավելացնում եմ շուրջ 50 նոր աշխատատեղ։

Մասնագիտություններ՝

1.Թարգմանչուհի

2.Հաշվապահ

3.Տուրիզմի մասնագետ

4.Վաճառքի խորհրդատու

  1. Կահուքագործ
  2. Բանվոր
  3. կահուքագործի օգնական
  4. Առաքիչ
  5. Վարորդ
  6. Կահույքի սրահում վաճառող խորհրդատու

Նաև վերը նշված բոլոր մասնագիտությունների մասով կկազմակերպենք անվճար ուսուցում։

Աշխատել կամ սովորել ցանկացողները ինքնակենսագրականները (CV) ուղարկեն այս էլ հասցեին՝

[email protected]

Վստահ եմ սա վարակիչ նախաձեռնություն է լինելու բոլոր գործարարների համար :

Hasmik Harutyunyan

Դիլիջանում մինչեւ 40 հոգու համար ազատ տեղ կա հյուրանոցային համալիրում (անվճար )

Կապվել . 098 137331 Միրան

 

Արցախցիների համար ստեղծվել է “Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ”

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց աջակցելու պատրաստակամ միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների և սոցիալական նախաձեռնությունների առկա ռեսուրսները գույքագրելու ու դրանց հետագա կիրառումը պլանավորելու նպատակով` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկում է «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզը»՝ https://map.socservice.am/login։

Ներկայում տեղահանված անձանց կարիքները գույքագրվում և բավարարվում են ՀՀ կառավարության կողմից` մարզպետարանների համակարգմամբ։ Այնուամենայնիվ կան մի շարք կառույցներ և հասարակական կազմակերպություններ, որոնք դիմում են պետական գերատեսչություններին՝ աջակցություն ցուցաբերելու նպատակով։

Վերոնշյալ հարթակում կազմակերպությունները հնարավորություն կունենան լրացնել իրենց ռեսուրսները, ինչից հետո հավաքագրված տվյալները հասանելի կլինեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, մարզպետարանների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների համար։ Հավաքագրված ռեսուրսները վերջիններիս կողմից կհամակարգվեն և ըստ անհրաժեշտության կօգտագործվեն:

Team Telecom Armenia-ն անվճար կապ կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներին

Team Telecom Armenia-ն անվճար ինտերնետ և հեռախոսակապ կտրամադրի Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին, հաղորդում է Team Telecom Armenia ընկերության մամուլի ծառայությունը։

Արցախցիները կարող են պահպանել իրենց հեռախոսահամարը և միանալով Team-ի ցանցին անվճար օգտվել ինտերնետից և զանգեր կատարել դեպի Արցախ և ՀՀ բոլոր ցանցեր։

Նոր հեռախոսահամար ցանկացողներին Team-ը կտրամադրի «Բիֆրի 2900» սակագնային փաթեթը 6 ամիս անվճար օգտվելու հնարավորությամբ։ SIM քարտը կարելի է վերցնել Team-ի բոլոր մասնաճյուղերից` Երևանում և մարզերում։

«Բիֆրի 2900» սակագնային փաթեթը ներառում է WhatsApp, Viber, Telegram, Facebook և այլ ամենապահանջված հավելվածներից անսահմանափակ օգտվելու հնարավորություն, 10 ԳԲ ինտերնետ և 450 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ, Կանադա, ՌԴ խոսելու համար։

Արցախի ՆԳՆ։ հայտնաբերվել է 105 մարմին

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքները շարունակվում է
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարների գործուն մասնակցությամբ, զոհված և անհայտ համարվող զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնողափրկարարական աշխատանքները սեպտեմբերի 21-ից շարունակվում են Արցախի ամբողջ տարածքում։
Սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասից հայտնաբերվել է քաղաքացիական 1 անձի մարմին։
Սեպտեմբեր 22-ին իրականացված որոնումների արդյունքում Շուշիի շրջանի Ղայբալիշենի տարածքից հայտնաբերվել և տարհանվել է վիրավորում ստացած մեկ զինծառայողի, իսկ Չարեքտարից`զոհված 2 զինծառայողի մարմին։
Սեպտեմբերի 23-ին տարհանվել է 68 մարմին, որից 4-ը` քաղաքացիական անձինք են Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղից, ընդ որում` 2 երեխա և տարեց ամուսիններ։
Նույն օրը Նախիջևանիկ և Սարուշեն գյուղերի տարածքից հայտնաբերվել է 2 քաղաքացի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Սեպտեմբերի 24-ին տարբեր ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է ընդհանուր 34 մարմին, իսկ Ասկերանի շրջանի Շոշ գյուղից` քաղաքացիական 3 անձ է հայտնաբերվել։
Որոնողակափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Արդյունքների մասին ԱԻ ծառայությունը պարբերաբար կհրապարակի տեղեկություններ։
Օպերատիվ շտաբ-047 95 75 51
ԱԻՊԾ թեժ գիծ` 911։

Ալիեւը եւ Էրդողանը Նախիջեւանում հավանական է վերջնագիր ներկայացնեն Հայաստանի՝ բացելու Զանգեզուրի միջանցքը

Քարնեգի Եվրոպական կենտրոնի փորձագետ Թոմաս դե Վաալը գրել է․

«Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացելու վերջնագիր ներկայացնել Հայաստանին։

Ադրբեջանի կողմից Ղարաբաղի ռազմական զավթումից մի քանի օր հետո նախագահներ Ալիեւը եւ Էրդողանն այսօր հանդիպում են Նախիջեւանում եւ, միանգամայն հավանական է, որ վերջնագրեր ներկայացնեն Հայաստանի կառավարությանը՝ բացելու Զանգեզուրի միջանցքը, այլապես Ռուսաստանի համաձայնությամբ, այնտեղ զորքեր կտեղակայվեն։

Կարո՞ղ ենք արդյոք իսկապես կրկնել 1918-21թթ. խաղաղությունը, երբ խոշոր տերությունները փորձում են ուժ օգտագործել Կովկասի քարտեզը վերաձեւելու համար։ Թող որ այդպես չլինի…»։

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ Սամանթա Փաուերը և Յուրի Քիմը ժամանել են Երևան

Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը սեպտեմբերի 25-ին ժամանել են Հայաստան՝ հաստատելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը, ինչպես նաև քայլեր ձեռնարկելու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին բռնություններից բխող հումանիտար կարիքների բավարարման ուղղությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանց օդանավակայանում դիմավորել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Փաուերը կհանդիպի Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ևս հաղորդագրություն է տարածել այցելության մասին, որտեղ նշվում է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել տարածաշրջանում արժանապատիվ ու տևական խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերին։
Նաև նշվում է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում
տիրող հումանիտար իրավիճակի մասին հաղորդումներով և կոչ է անում անարգել
մուտք ապահովել միջազգային հումանիտար կազմակերպությունների և կոմերցիոն
փոխադրումների համար։