Խնապատը կանգուն էր մնացել մինչև պատերազմի վերջին վայրկյանը

«Հենց սկսեց պատերազմը, դուրս եկանք տնից և շարժվեցինք դեպի օդանավակայանի ՌԴ խաղաղապահների զորամաս։ Մենք մեր մեքենայով էին, գյուղը ոչ ոք չեր տարհանել, խաղաղապահներ չկային, նույնիսկ գյուղապետին ոչինչ չեն ասել։

Օդանավակայանում մնացինք մոտ 2 օր։ Սկզբից բավականին լավ էին ընդունել մեզ, տեղավորեցին զորանոցներում, որտեղ մնացինք 2 օր։ Հետո զինվորները սկսեցին իրենց այպես պահել, կարծես պատերազմ չէ՝ բարձր ծիծաղելով դես ու դեն գնալ, որ մենք մեզ վատ զգանք։

Երկրորդ օրը ասացին, որ խանգարում ենք զինվորներին, նրանք մեր պատճառով չեն կարողանում ազատ լինել և կազմակերպել իրենց առօրյան, և մինչև վաղվա առավոտյան 11-ը ժամանակ տվեցին զորանոցը լքելու համար։

Զորանոցը առավոտյան լքեցինք և մի քանի ժամ մնացինք փողոցում և երեկոյան եկանք Ստեփանակերտ բարեկամի տուն։

Օդանավակայանի շրջակայքը լցված էր մարդկանցով, որոնք օրերով ապրում էին այդտեղ։

Վերջին անգամ գյուղ վերադարձանք սեպտեմբերի 25-ին, արագ վերցրինք մի քանի իր և թշնամու կրակոցների տակ դուրս եկանք գյուղից։

Խնապատը կանգուն էր մնացել մինչև պատերազմի վերջին վայրկյանը։ Խնապատի հարևանությամբ գտնվող Քարագլխի դիրքի զինվորնեերը 2 օր շարունակ ոչնչացնում էին թշնամուն և 1 մետր նույնիսկ հետ չէին գնացել։ Տղերքը դիրքից իջան միայն սեպտեմբերի 22-ին, երբ արդեն պարզ դարձավ, որ Արցախը հանձնել են»,- Step1.am- ին պատմել է Խնապատի բնակչուհի Լիլիանա Գաբրիելյանը։

Հայկ Հարությունյան

Պատասխանատու չկա․ ո՞ւմ դիմի քաշաթաղցի 5 երեխատեր ընտանիքը

Եպրաքսիան իր ամուսնու և 5 անչափահաս երեխաների հետ 2020թ. տեղահանվել էր Արցախի Քաշաթաղի շրջանի Արախիշ համայնքից: Երեխաներից մեկն ունի լուրջ առողջական խնդրիրներ, ինչի պատճառով 2 տարով նշանակվել էր նպաստ, 2023 թ. բժշկական զննություն անցնելուց հետո սեպտեմբերին նորից նպաստ է նշանակվել կրկին 2 տարով:

Սակայն սեպտեմբերից մինչ այսօր նրանք չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք հաշմանդամության նպաստը: Եպրաքսիան պատմում է, որ սկզբում ասում էին, որ նման ծրագիր չկա, հետո նրանցից պահանջեցին հաշվառվել, մի առ ժամանակ հետո ասացին, որ ամուսինը ևս պետք է հաշվառվի: Ամուսնու հաշվառումից հետո ասացին, որ ծրագիր չկա պետք է սպասել:

Եպրաքսիան այս անգամ արդեն դիմեց Մալաթիա-Սեբաստիայի միասնական ծառայություն՝ դիմում է գրել, բայց հունվարին դիմումը մերժվել էր, քանի որ երեխան ևս պետք է հաշվառվեր: Հաշվառումից հետո ասացին, որ հիմա էլ պետք է անձնագիրը փոխել, այն հարցին, թե ինչու հիմա են ասում, պատասխանեցին, որ հրամանը նոր է:

Փետրվարի 8-ին նորից փորձեցին դիմում ներկայացնել, սակայն որպես արցախցի նոր անձնագրերով չէր ստացվում դիմում ներկայացնել, քանի որ համակարգը ցույց էր տալիս, որ նրանք ՀՀ քաղաքաիներ են, իսկ այդ դեպքում դիմում նախատեսված չէր:

Վերջին տարբերակը թեժ գիծն էր, որտեղ ասացին, որ պետք է դիմեն Նալբադյան 13: Նալբանդյան 13-ում էլ ասացին 10-15 օր պետք է սպասել, նորից դիմել տարածքային կենտրոն:

Արդյունքում ստացվում է, որ Մալաթիայի տարածքային կենտրոնը դիմում չի ընդունում, իսկ Նալբանդյան 13-ում ասում են, որ դիմումը ընդունվել է:

Ակնհայտ է, որ հարցին լուծում տալու ճանապարհները ոչ ոք չգիտի, քանի որ միտումնավոր ստեղծվել է լղոզված համակարգ, որտեղ ոչ ոք ոչ մի բանի համար պատասխանատու չէ։

Իսկ ժամանակը մինչև մարտի 11-ն է, հակառակ դեպքում ՝ այս ամիսների նպաստը զրոյացվելու է:

Քրիստինա Ալավերդյան

Ինչո՞ւ ԱՄՆ եւ Բրիտանիայի դեսպանները Նավալնիի հիշատակը հարգեցին Չարենցի արձանի մոտ

Եղիշե Չարենցի արձանի դիմաց ԱՄՆ և ՄԵԾ Բրիտանիայի դեսպանները տեղադրել են ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի լուսանկարները։

Նախօրեին ՄԹ եւ ԱՄՆ դեսպանները Չարենցի արձանի մոտ հարգել էին Նավալնիի հիշատակը:  Թե ինչու Նավալնիի հիշատակը հարգելու համար Չարենցի արձանն է ընտրվել, կարելի է միայն կռահել․ հայ գրականությունը եւ փլիսոփայությունը խորհրդանշող Չարենցը սովետական բիրտ համակարգի զոհն է դարձել։

Փաշինյանի երկու հայտարարություն 2020 թվականի պատերազմից առաջ

2020 թվականի օգոստոսի 29-30-ը՝ 44-օրյա պատերազմից մեկ ամիս առաջ, Նիկոլ Փաշինյանը այցելեց Ստեփանակերտ և ելույթ ունեցավ մրցանակաբաշխության ժամանակ։ Նա ասաց.

“Սարդարապատը շատ խորհրդանշական տեղ է մեր ժողովրդի պատմության համար, մեր ազատամարտի պատմության համար, բայց Ստեփանակերտը պակաս խորհրդանշական տեղ չէ: Այստեղ էլ մենք ունենք խորհուրդ. Առաջին Հանրապետության մեր ժամանակների հիմքում դրված իրադարձություն` Սարդարապատ, և Երրորդ Հանրապետության ձևավորման, ազատ Արցախի, անկախ Արցախի ձևավորման ահա այս ամբողջությունը, այս խորհրդանիշը, որը չափազանց կարևոր է:

Ընդհանրապես միտքը, մտայնությունը, ընկալումը շատ կարևոր է: Վերջերս մենք ազգային անվտանգության ռազմավարություն ընդունեցինք և շատ կարևոր համարեցինք այդ ռազմավարության հիմքում որպես նախաբան դնել մեր ակունքների և արժեքների մասին հիշատակում”:

Այս իրադարձություններից երեք տարի անց Փաշինյանը տրամագծորեն հակառակն է ասում. Ընդ որում, չեն փոխվել ոչ Սահմանադրությունը, ոչ ազգային անվտանգության ռազմավարությունը, ոչ էլ ՀՀ այլ հիմնադիր փաստաթղթերը։ Իշխանությունն էլ չի փոխվել։ Բայց հիմա Փաշինյանն ասում է, որ պետք է հրաժարվել անցյալից, պատմական արդարությունից, Ղարաբաղից։

“Հռչակագիրն ի՞նչ է, մենք հռչակում ենք, հռչակել ենք, թե մենք ինչի համար ենք պետություն ստեղծում, որովհետև հռչակագիրը նրա մասին է, որ մենք սկսում ենք անկախ պետություն ունենալու գործընթաց: Եվ երեք ուղենիշ ենք նշում մենք, մեկը՝ պատմական արդարությունը, մյուսը՝ հայ ժողովրդի իղձերը և երրորդը՝ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի վերամիավորման որոշումները: Մենք օրինակ՝ միշտ նայում ենք Ադրբեջանի տեսակետից, իսկ մենք ինչի՞ չենք նայում՝ մեր ուրիշ հարևանները ո՞նց են ընկալում: Ո՞նց են ընկալում այս բանը, որ մենք ասում ենք՝ պետություն ենք ստեղծում, որ պատմական արդարությունը վերականգնենք: Ի՞նչ է նշանակում պատմական արդարությունը վերականգնել”:

Ազգային-պետական ​​ռազմավարության նման կտրուկ փոփոխությունը, նույնիսկ եթե այս տարիների ընթացքում «գետնի վրա» պատերազմներ ու վերափոխումներ են տեղի ունեցել, ենթադրում է իշխանության հրաժարական, եթե այն ժողովրդավարական ճանապարհով է ընտրված, այլ ոչ թե ժառանգաբար է փոխանցվում: Եթե ​​իշխանությունը, որն այդքան արմատապես փոխեց իր հայացքները, հրաժարական չի տալիս, նշանակում է՝ շահարկելով ժողովրդի ընտրությունը, այն ագենտուրային գործունեություն է ծավալում։

Կարծիք կա, որ Փաշինյանը դա անում է իր դեմ որոշակի կոմպրոմատների պատճառով՝ Դուշանբեի վերելակում և այլն։

Այս առնչությամբ հիշենք Փաշինյանի մեկ այլ մեջբերում, որը նա արել է 2020 թվականի սեպտեմբերի 25-ին՝ պատերազմից 2 օր առաջ՝ Երևանում ընդունելով Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանին. “Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա”:

Նա այդպես էլ չի հրապարակել «գաղտնի տեղեկատվություն» Ալիևի մասին՝ ակնհայտորեն չցանկանալով ապակայունացնել իրավիճակը Ադրբեջանում։

Եվրոպայի նորընծա չեմպիոն Արման Անդրեասյան

Հաղթանակս նվիրում եմ 44-օրյա պատերազմում անմահացած եղբորս, Տարոն Անդրեասյանին եւ բոլոր զինվորներին, որոնք պահպանում են մեր սահմաննեը: Տարոնի շնորհիվ ես ընտրեցի ըմբշամարտը: Նրա խորհրդով եմ հաճախել ըմբշամարտի: Երջանիկ եմ, որ իմ հաղթանակը մեծ ուրախություն պարգեւեց մեր ազգին, իմ հարազատներին, ընկերներին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռումինիայից ասաց Եվրոպայի նորընծա չեմպիոն Արման Անդրեասյանը:

Ալիևը չի կարող հասնել իր «հաղթանակների» օրինականացմանը. ԵԱՀԿ-ն չի չեղարկի ՄԽ մանդատը

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են բաց հարցերը լուծել առանց նոր բռնությունների. Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Գերմանիան և Եվրոպան պատրաստ են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Ես դա հաստատել եմ երկու երկրների հետ բանակցությունների ժամանակ։ Լավ է, որ երկու կողմերն էլ պայմանավորվեցին բաց հարցերը լուծել առանց նոր բռնությունների»,- գրել է նա։

Շոլցի միջնորդությամբ տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը տեսանելի արդյունք չտվեց և կազմակերպվեց միայն մեկ նպատակով՝ կանխել մեծ բռնությունները որպես քաղաքական փաստարկ։

Ալիևն ու Փաշինյանը պատերազմը «վաճառում են» աշխարհաքաղաքական մեծ սակարկությունների խաղում։ Ալիևը փորձում է լեգիտիմացնել նախկին «ձեռքբերումները» միջազգային մակարդակում՝ սպառնալով նոր պատերազմով՝ Ռուսաստանի օգնությամբ։

Մյունխենի հանդիպումից ընդամենը մի քանի օր առաջ Ալիևը սպանեց չորս հայ զինյալների։ Մյունխենում նա տարբեր հանդիպումների ժամանակ առաջ է քաշել իր պայմանները՝ ԵԱՀԿ-ն պետք է հետ կանչի ԵԱՀԿ Մինսկի խմբի և անձնական ներկայացուցչի մանդատը, ճանաչի Ղարաբաղի խնդիրը որպես «ուժով լուծված», ԱՄՆ-ը չպետք է կառուցի իր հարաբերությունները Բաքվի հետ՝ դա պայմանավորելով Հայաստանի հետ հարաբերություններով։ Երեւանը պետք է փոխի Սահմանադրությունը եւ հրաժարվի իր միջազգայնորեն ճանաչված իրավունքներից։

Փաշինյանն իր հերթին «վաճառում է» պատերազմը հայ հասարակությանը՝ ցույց տալով, որ միայն օրինական դիմադրությունից, պապական իրավունքներից, ազգային ինքնությունից և պետական ​​հիմքերից հրաժարվելը կարող է կասեցնել պատերազմը։ Ավելին, Փաշինյանն Արևմուտքի աչքում Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում արդարացնում է «ռուսական զորքերի վերահսկողության» գոտում ռազմական միջադեպերով՝ ակնարկելով, որ Մոսկվայի դեմ ցանկացած «շարժում» կարող է հանգեցնել պատերազմի։ Մոսկվան դա հաստատում է սակրալ  սպանություններով. Մյունխենի նախորդ օրը սպանվեց Պուտինի հակառակորդ Ալեքսեյ Նավալնին։

Համաշխարհային առաջնորդները շատ լավ տեսնում են այս ամենը, և այն, որ ԵԱՀԿ-ն հետ չի կանչում իր մանդատը, որ ոչ մի երկիր (բացի Ռուսաստանից) պաշտոնապես չի հայտարարել, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է ուժով, այն, որ ԱՄՆ-ն պայմանավորում է իր հարաբերությունները Բաքվի հետ Երևանի հետ հարաբերություններով և 907-րդ ուղղումը ուժի մեջ է, հաստատում է, որ Բաքուն չի կարող հասնել իր «ձեռքբերումների» օրինականացմանը։ Միայն Երեւանի օգնությամբ։

Շոլցի հայտարարությունն այն մասին, որ կողմերը պայմանավորվել են բաց հարցերը լուծել առանց բռնության, վկայում է այն մասին, որ Ալիևին և Փաշինյանին հասկացրել են՝ ռազմական սադրանքների նպատակներն ակնհայտ են։ Բայց հիմնական արտահայտությունն է՝ «Եվրոպան կաջակցի իր հնարավորությունների սահմաններում»: Որո՞նք են այս հնարավորությունների սահմանները: Պատրա՞ստ է Եվրոպան Հարավային Կովկասում դիմակայել Ռուսաստանին և Թուրքիային։ Դա կախված է հայկական դիմադրությունից, որը կոտրվում է նրա կառավարության, ռուսամետ ընդդիմության և ռազմատենչ պացիֆիստների կողմից, որոնց սնուցում են արևմտյան ազատական ​​հիմնադրամներից:

Նաիրա Հայրումյան

Աշխատանքն ու բնակարանային ապահովումը արցախցիների հիմնական խնդիրներն են

Փետրվարի 16-ին Երևանում տեղի է ունեցել Արցախի արհմիությունների հիմնադիր ժողովը։ Ֆեդերացիան կշարունակի աշխատել Հայաստանում՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի աջակցությամբ։

Արցախի արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Արա Ղաhրամանյանի խոսքով, չնայած այն բանին, որ դեռևս տեխնիկական աշխատանքներ պետք է կատարվեն, արցախցիները կարող են իրենց հարցերով, խնդիրներով և առաջարկություններով կապ հաստատել ասոցիացիայի հետ։ Այս ամենը կներկայացվի համապատասխան մարմիններին։

Ղահրամանյանի խոսքով՝ մինչև գրասենյակի բացումը համաքաղաքացիները կարող են կապ հաստատել Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի միջոցով։

«Արցախցիների խնդիրները շատ են։ Բայց եթե Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում, որ արցախցիները լքեն երկիրը, պետք է կենտրոնանան երկու հիմնական խնդրի վրա՝ զբաղվածության և բնակարանային ապահովման»,- ասաց նա։

Ալվարդ Գրիգորյան

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԱՄՆ պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Նինա Հաչիգյանի հետ

«Փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետդեպարտամենտի քաղաքային և նահանգային դիվանագիտության հատուկ ներկայացուցիչ Նինա Հաչիգյանի հետ»,- հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել առաջիկա միջոցառումներին, ինչպես նաև քաղաքների, համապատասխանաբար մարզերի ու նահանգների միջև համագործակցության հնարավորություններին։

Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում վերջին զարգացումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության քառակի չեմպիոն

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության քառակի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 57 կգ քաշային կարգի եզրափակիչում Արսեն Հարությունյանը մրցեց թուրք Մուհամեդ Կարավուսի հետ: Հարությունյանը հաղթեց 10:0 հաշվով` մեկ րոպեում:

Արսեն Հարությունյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն դարձել է 2019, 2022 և 2023 թվականներին: Նա աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր է:

Թումանյանի հեքիաթները արցախյան բարբառով՝ ավելի քան 200 երեխաների համար

«Համազգայինի» Արցախի մասնաճյուղի նախաձեռնությամբ Արարատի մարզի Մասիս քաղաքում, որտեղ բնակություն են հաստատել Արցախից տեղահանված մեծ թվով ընտանիքներ, հանդես է եկել «Արցախի Ծիլ» տիկնիկային ստուդիան։

Հատուկ երեխաների համար ստուդիան ներկայացրեց Հովհաննես Թումանյանի «Բարեկենդանը» ներկայացումը Արցախի Մարտունի շրջանի բարբառով։ Վերջում տիկնիկավար Արմեն Գաբրիելյանը երեխաներին բացատրեց Բարեկենդան տոնի խորհուրդը և կազմակերպեց հայկական ավանդական խաղերի մրցույթներ։

Նախաձեռնությունն իրականացվել է Մասիս համայնքի ղեկավարին կից կանանց խորհրդի, Մասիսի ՀՅԴ գրասենյակի աջակցությամբ։

«Ավելի քան 200 երեխա Մասիս քաղաքից և համայնքի մի քանի գյուղերից կարողացան դիտել ներկայացումը։ Երեխաների համար հատկացվել են հատուկ ավտոբուսներ։ Դահլիճում ոչ միայն արցախցի երեխաներ էին, այլեւ տեղացիներ։ Մենք սերտորեն համագործակցում ենք Համազգայինի հետ և հույս ունենք պոզիտիվ իրադարձությունների, նոր նախաձեռնությունների»,- ասաց Կանանց խորհրդի ներկայացուցիչ Ծաղիկ Սաֆարյանը։

«Համազգային»-ի Արցախի գրասենյակի ղեկավար Հերմինե Ավագյանը նշեց, որ ներկայացումներ կկազմակերպվեն այլ համայնքներում, որտեղ բնակվում են արցախցիներ։ Ծրագրի նպատակներից մեկն էլ արցախյան բարբառի պահպանումն է։

Ալվարդ Գրիգորյան

Ինչի մասին է Իրանը զգուշացրել Հայաստանի փոխվարչապետին և ով է «հսկում» Կապանը

Հայկական լրատվամիջոցները գրում են, որ Իրանի նախագահը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած հայկական պատվիրակությանը իբր «զգուշացրել է», որ Թեհրանը հավանություն չի տա ռուսական զորքերը դուրս բերելու և դրանք արևմտյան անվտանգության համակարգով փոխարինելու Հայաստանի որոշմանը։

Կասկածից վեր է, որ Իրանը չի ցանկանում, որ արեւմտյան զորքեր հայտնվեն տարածաշրջանում, հատկապես հայ-իրանական սահմանի մոտ։ Բայց ակնհայտ է, որ Իրանն ավելի շատ չէր ցանկանա այնտեղ ռուսական զորքեր տեսնել։ Եվ այս համատեքստում ակնհայտ է, որ ռուսական զորքերի դուրսբերմանն Իրանի անհամաձայնության «թեզը» ներդրվել է Մոսկվայից։

Իրականում Իրանում, ի տարբերություն հայկական շատ շրջանակների, հստակ տեսնում են, որ ռուսական զորքերը գործում են թուրքական զորքերի հետ համատեղ՝ որպես գործիք օգտագործելով Բաքուն։ Բաքուն, ինչպես գրում են միջազգային լրատվամիջոցները, ի հեճուկս իսլամական համերաշխության, չի նախատել Իսրայելին Գազայում իր գործողությունների համար։ Իրանը տեսնում է, որ Էրդողանն իրեն արդարացնելու համար թատերականացված հայտարարություններ է անում Իսրայելի դեմ, մինչդեռ Բաքուն շարունակում է նավթ մատակարարել Իսրայելին և շատ ավելին:

Ռուսաստանը շարունակում է իր ներկայությունը Արցախում, և Ակնայում գտնվող ռուս-թուրքական կենտրոնի հայացքի ներքո Իսրայելը Բաքվի հետ միասին Իրանին սահմանակից ղարաբաղյան օկուպացված տարածքները վերածում է հակաիրանական ցատկահարթակի։

Ինչո՞ւ սրանից հետո Իրանը պետք է ցանկանա, որ ռուսական զորքերը Հայաստանում լինեն։

Բացի այդ, Իրանն ամեն ինչ անում է ցույց տալու, որ միայն Թեհրանի ներկայությունն է զսպում այն ​​ուժերին, որոնք ցանկանում են գրավել Հայաստանի հարավը։

Երեկ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթազա Աբեդին Քարամին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց. «Լավ հիշում եմ Կապանում Իրանի հյուպատոսության բացման օրը, այդ օրվա համեմատ Կապանում մարդիկ ավելի հանգիստ են զգում, իրավիճակը փոխվել է 180 աստիճանով»։ Սա հայ-իրանական սահմանը «պահպանող» ռուսական զորքերի իրական գնահատականն է։

Նաիրա Հայրումյան