Սահմանային սյունը տեղադրվեց Ցեղասպանության տարելիցի նախօրեին

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ապօրինի “սահմանին” տեղադրված առաջին սյան լուսանկարն է տեղադրել ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի նախօրեին։ Փաշինյանը վաղը կհայտարարի, որ ճանաչում է Թուրքիայի սահմանները Ալմա-Աթայի հռչակագրին համաձայն։ Եւ դա կանի Ծիծեռնակաբերդում։

Ոչ մի այլ փաստաթղթով Հայաստանը Թուրքիայի ներկայիս սահմանը ճանաչել չի կարող։ Այն գծվել է 1921 թ․ ռուս-թուրքական պայմանագրերով, որոնց առավելագույն ժամկետը սպառվել է։ Հիմա հայ-թուրքական ապօրինի սահմանը պահպանում են ռուս սահմանապահները։

Մոսկվան ու Անկարան 1921 թ․ պայմանագրերը չեն կարող ոչ դենոնսացվեն /քանի որ Նախիջեւանը, Կարսը եւ Արարատը ստիպված կլինեն Հայաստանին վերադարձնել/, ոչ երկարացնել, քանի որ այդ դեպքում Ռուսաստանը պետք է ճանաչի Հայաստանի զավթումն ու գաղութացումը։ Ռուսաստանը չի կարող անկախ Հայաստանի տարածքի մասին պայմանագիր ստորագրել կամ երկարացնել, ահա թե ինչու է ընտրվել ամենաէժան տարբերակը․ Հայաստանը զինքը ճանաչում է Խորհրդային հանրապետության սահմաններում եւ պայմանագիր կնքում Թուրքիայի հետ։

Այսօր Ալիեւն հայտարարել է, որ Հայաստանը համաձայնվել է “խաղաղության պայմանագրում” չներառել Ղարաբաղի հարցը։ Նա չի հիշատակում սակայն եւս մեկ կարեւր հարց՝ Նախիջեւանը։ Ալիեւը նաեւ հայտարարել է, որ համաձայնվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում։

Հիշեցնենք, որ օրերս Հայաստանում էր գտնվում Ղազախստանի նախագահը, որը հայտարարեց հայ-թուրքական սահմանին երկու հյուպատոսական գրասենյակ բացելու մասին։ Դա անհրաժեշտ է Հայաստանը Ջերմուկ-Սիսիան-Երասխ-Մարգարա գծով մասնատելու համար։

Իշխող եւ “ընդդիմադիր” հայկական վերնախավը չի հիշատակում այն փաստաթղթերը, որոնք Հայաստանի սահմանների հենք են, չի պահանջում պարզել, արդյո՞ք ուժի մեջ են Սեւրի պայմանագիրը, 1921 թ․ ռուս-թուրքական պայմանագրերը, 1989 թ․ դեկտեմբերի 1-ի Հայաստանի եւ Արցախի միաորման մասին որոշումը, Մինսկի խմբի մանդատը, ՀՀ օրենքում ամրագրված պահանջը՝ Արցախը Ադրբեջանի մաս չճանաչելու մասին։ Թե՞ միայն Ալմաթիի հռչակագրով կարելի է իրականացնել Հայաստանը վերացնելու պլանը։

Ապրիլի 23-ին ՀՀ ապօրինի սահմանին առաջին սյուն դնելը Հայաստանի լուծարման հերթական հանգրվանն է։ Հաջորդը կդնի Ղազախստանը՝ Արթիկում։

Նաիրա Հայրումյան

Ռուսները առանց արյունահեղության Հայաստանից դուրս չեն գա. հնարավոր սցենարներ

Փաստորեն ռուսական բանակի մի մասն Արցախից մտավ Սյունիք: Սրանից լավ հոտ չի գալիս:

Ես բազմիցս նշել եմ, որ ռուսները առանց արյունահեղության Հայաստանից դուրս չեն գա: Վերջի ամիսների ընթացքում մի փոքր հույս կար, որ ի շնորիվ Արևմուտքի, հատկապես Ֆրանսիայի, ռուսների փափուկ դուրս բերումը կարող է տեղի ունեննալ:

Բայց ռուսների ու թուրքերի կամակատար նիկոլը բացեց Սյունյաց դարպասները կարմիր բանակի առջև:

Եւ այս տարվա ընթացքում նոր ռուս-թուրքական ագրեսայի հնարավորություները ավելի են բացվում: Ռուսների աջակցությամբ, ադրբեջանական ագրեսիա Սյունիքում, քաոս Երևանում ու Հայաստանի թաթարաստանացման փորձ ու ինչու ոչ` ուղիղ ռուսական ագրեսիա Վրաստանի զավթումով:  Թեև վերջին երկու տարբերակները քիչ հավանական են Ռուսաստանի թուլացման և տարածաշրջանում Արևմուտքի դերի պատճառով, սակայն Սյունիքում ռուսական զորքերի աջակցությամբ ադրբեջանական ագրեսիան բավականին սպասելի է։

Ոչ Ոսկեպարի մատուցներում և ոչ էլ սահմաններում ելք չի լինի: Վերջնական ելքը կարող է լինել միայն Երևանի փողոցներում:

Միայն ազգային գիտակցություն ունեցող ՀՀ բազմաթիվ քաղաքացիների ներկայությամբ Երեւանի փողոցներում։

Նիկոլի թուրքական ռեժիմի հեռացման հարցը մոտակա ամիսներում գոյաբանական խնդիր է դառնում:

Վաղը` ապրիլի 24-ին, ժ. 18:00-ին, ազատության հրապարակ արի:

Օրինակ վերցնենք վրաց ժողովրդից.

Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ

Քամինգ-աութ․ Փաշինյանն ասում է, որ հայերը չեն ուզում իրենց հողի տերը լինել

Շատերին է հետաքրքրում, թե ինչու են արևմտյան առաջնորդները հանկարծ դարձել նախկին խորհրդային սահմանների երկրպագուները և պատռում են խնամված ձեռքերը՝ Ալմա-Աթայի հռչակագրի քարտեզով Փաշինյանի պերֆոմանսին ծափահարելու համար:

Կա մի նուրբ հոգեբանական հնարք, որը խաղում են, օրինակ, ոչ ավանդական կողմնորոշման տեր մարդկանց հետ։ Որպեսզի սովորաբար իրենց կողմնորումը գաղտնի պահող մարդիկ քամինգ աութ անեն, «ծիածանի» զանգվածային արշավներ են իրականացվում, նույնիսկ օրենքներ են ընդունվում։ Իսկ հետո հիվանդագին հետաքրքրությամբ հետեւում, թե ովքեր կբացահայտեն իրենց ինտիմ երևակայությունները։

Հիմա նույնը տեղի է ունենում քաղաքականության մեջ՝ Արևմուտքի «օվացիաների» ներքո Հայաստանը, ի դեմս Փաշինյանի, «քամինգ աութ» է անում՝ բացահայտելով այլասերված քաղաքական նախասիրություններ։ Նոր աշխարհակարգի կառուցման համատեքստում այն ​​ազգերը, որոնք իրենց չեն համարում սեփական հողի տերը, իրավունք չեն ունենալու պետություն ունենալ։ Եվ «ծիածանի փառատոների», Ալմա-Աթայի հռչակագրերի, պատերազմների և այլ բաների օգնությամբ նման ազգերը բացահայտվում և դուրս են բերվում ապագա աշխարհակարգի փակագծերից։

Նիկոլ Փաշինյանն առաջինը դա արեց՝ հրաժարվելով Արցախի հանդեպ ազգային իրավունքից. Դժվար էր հավատալը, բայց նա նորից ու նորից հաստատում էր, որ Հայաստանը չի ցանկանում իր հողին տիրանալ՝ գերադասելով, որ տիրանան իրեն։

Սրանից հետո մնում է տեխնիկական հարց՝ Հայաստանի բաժանումը նրանց միջեւ, ովքեր հավակնում են լինել ապագա աշխարհակարգի մաս։

Ընդհանուր առմամբ 350 արցախցի անվճար ապրում է հանրակացարաններում և պանսիոնատներում

Արցախցի փախստականները, որոնց տրամադրվել է ժամանակավոր անվճար կացարան, չեն կարողանա օգտվել ՀՀ կառավարության կողմից հատկացված 40+10 հազար դրամի ֆինանսական աջակցության ծրագրից։

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տվյալներով՝ այսօր Արցախից մոտ 350 ներքին տեղահանվածներ անվճար ապրում են հանրակացարաններում, պանսիոնատներում կամ շենքերում։ Արագածոտնի մարզում 19 նման փախստական ​​կա, Արարատում՝ 97, Արմավիրում՝ 27, Լոռիում՝ 29, Կոտայքում՝ 13, Շիրակում՝ 107, Սյունիքում՝ 38, Տավուշում՝ 19։

Այս գործընթացները սպառնում են Նոյեմբերյան համայնքի անվտանգությանը

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Աղամյանը բնակչության հետ հանդիպման ժամանակ ասաց, որ կառավարությունում երեկվա հանդիպումից դժգոհ են։ «Երեկ տեղի է ունեցել հանդիպում կառավարությունում՝ փոխվարչապետի գրասենյակում, եւ այն առաջարկությունները, որոնք ներկայացվել են, մենք համարում ենք, որ դրանք սպառնում են Նոյեմբերյան համայնքի անվտանգությանը, լրացուցիչ խնդիրներ են ստեղծում»,- ասաց նա։

«Մենք համարել ենք դա միակողմանի զիջումներ եւ պաշտոնապես հայտարարել ենք, որ այլեւս չենք մասնակցելու այդ բանակցություններին ու գործընթացին։ Եկեք համախմբված լինենք, տիրապետենք մեր էմոցիաներին»,- հայտարարեց Աղամյանը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբի կազմում պետք է ներգրավվեն նաեւ Տավուշի համայնքապետերը, բայց կառավարությունում երեկ տեղի ունեցած հանդիպումից հետո համայնքապետերը հայտարարել են, որ հրաժարվում են մասնակցել գործընթացին։

Նախագիծ․ առոչինչ է ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու միջոցով ձեռք բերված ցանկացած միջազգային համաձայնություն

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այսօր կքննարկվի «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ» հայտարարության նախագիծը։

Ըստ նախագծի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումն ու սահմանագծումը պետք է համապատասխանի միջազգային լավագույն պրակտիկային ու նորմերին եւ պետք է բխի ՄԱԿ-ի Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի, Հելսինկյան եզրափակիչ ակտի եւ ԵԱՀԿ քարտուղարության «Պետական սահմանների սահմանազատում եւ սահմանագծում, հրատապ հարցեր եւ լուծման ուղիներ» փաստաթղթի հայեցակարգային նորմերից, այդ թվում՝ հիմնարար սկզբունքներից, համաձայն որի՝ առոչինչ է ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու միջոցով ձեռք բերված ցանկացած միջազգային համաձայնություն։

Նախագծի հեղիանակները նաեւ կարծում են, որ սահմանազատումն ու սահմանագծումը կարող է իրականացվել վստահության մթնոլորտի պայմաններում, որի ձեւավորման կարեւոր նախապայմաններից են ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը, Ադրբեջանի ագրեսիայի եւ ծավալապաշտական հռետորաբանության դադարեցումը, բոլոր ռազմագերիների եւ պահվող անձանց վերադարձը, ինչպես նաեւ մշակութային ժառանգության պահպանումը։

«Ընդ որում, ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումն ու սահմանագծումը որեւէ կերպ չի կարող սահմանափակել Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով Լեռնային Ղարաբաղ հավաքական վերադարձի իրավունքը, ինչպես նաեւ կանխորոշել Արցախի վերջնական կարգավիճակը»,- նշվում է հայտարարության նախագծում։

Նշենք, որ այս նախագծին ՔՊ խմբակցությունն ավելի վաղ դեմ էր քվեարկել։

Արդյո՞ք Ժնևի կոնվենցիաները պաշտպանում են ժամանակակից պատերազմների զոհերին

Գրեթե ամեն օր լսում ենք, որ ինչ-որ մեկը խախտում է Ժնևի կոնվենցիաները։ Բայց մենք ընդհանրապես չենք լսում, որ որևէ մեկը պատասխանատվության ենթարկվի այս խախտումների համար. ո՛չ մի դատավարություն, ո՛չ մի ձերբակալություն, պարզապես անհանգստության շարունակական արտահայտություններ: Ստացվում է, որ Ժնևի կոնվենցիաները հիմա խախտվում են առանց որևէ հետևանքի։ Պետությունները ռմբակոծում են հիվանդանոցները, սպանում քաղաքացիական անձանց, բռնաբարում, թալանում, խոշտանգում և սպանում բանտարկյալներին՝ առանց հետևանքների: Ժամանակը չէ՞ մտածելու այս կոնվենցիաները վերանայելու մասին, քանի որ դրանք չեն գործում։

Ժնևի կոնվենցիաների մասին կարդացեք BBC-ում

“Հանձնաժողովը” սկսում է աշխատանքը․ տավուշցի գյուղապետերը այլայլված են

Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասաց, որ համայնքապետերը գոհ չեն երեկ կառավարությունում տեղի ունեցած հանդիպումից։ «Երեկ գիշեր հանդիպել եմ Կիրանցի գյուղապետի հետ, պարզապես շատ այլայլված էր։ Ասացի՝ ի՞նչ է կատարվում, ասաց՝ այն, ինչ կար, մնաց նույնը, դեռ մի բան էլ ավել։ Իրենք բնակիչներին կտեղեկացնեն, թե ինչի միասին են խոսել։ Շատ այլայլված վիճակում էին»,- ասաց Բագրատ սրբազանը։

Նա նշեց, որ Տավուշի բնակչությանը փաստորեն խաբել են․ «Այս մարդիկ այնքան ազնիվ են, երեք տարի շարունակ ասում էինք, թե ինչ է կատարվում, բայց իրենք որ այդպես չեն, հավատում էին, որ այն մարդը, որն ի պաշտոնե իրենց տերը պետք է լինի, իրենց շահերը պետք է պաշտպանի, հենց այդպես էլ կանի։ Բայց փաստորեն երեկ ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, տեղի է ունեցել այս ամբողջ ընթացքի վերջին արարը»։

Տավուշի մարզի Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը հայտարարել է, որ ուզում է հրաժարական տալ։ NEWS.am-ի տեղեկություններով, այս մասին նա հայտարարել է գյուղապետարանի մոտ հավաքված քաղաքացիներին: Իսկ Բաղանիսի համայնքապետ Գևորգ Սահակյանը հրաժարվել է սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբին անդամ լինելուց։ “Ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ես իմ սահմանը չեմ ճանաչում փշալարով”,- ասել է նա:

Հիշեցնենք, որ “ապրիլի 23-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա”։

Ալմա-Աթայի փաստաթղթում գրված է «գոյություն ունեցող սահմաններով», եւ Ադրբեջանի այդ գոյություն ունեցող սահմաններում Արցախը չի եղել

Step1.am-ի հարցերին պատասխանել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։

Պարո՛ն Մանասյան, Նիկոլ Փաշինյանը, խոսելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, փորձում է առաջ մղել այն թեզը, թե իբր միջազգային հանրությունը, որը ստեղծել է «ինքնորոշում» եզրույթը, նկատի է ունեցել, որ ԼՂ ժողովրդի  ինքնորոշման իրավունքը պետք է արտահայտվի Ադրբեջանի կազմում ինքնավարություն ունենալով։ Այդպե՞ս է, միջազգային հանրությունն ի՞նչ նկատի ունի՝ ասելով ինքնորոշման իրավունք։

-Եվրոպան իրոք այդտեղ մեղք ունի, դա այն է, որ Ալմա-Աթա գնացած Ադրբեջանը ո՛չ հաստատված սահման է ունեցել, ո՛չ ինքնորոշված է եղել, ո՛չ էլ անկախության հանրաքվե է անցկացրած եղել։ Այնինչ, Արցախը 1991 թվականի դեկտեմբերի 10-ին արդեն իսկ հանրաքվեով ինքնորոշված էր։ Իսկ Ալմա-Աթա գնացած Ադրբեջանը հանրաքվե չի արել, բայց Եվրոպան նրան ասել է՝ մի հանրաքվե արա գոնե։ Եվ հանրաքվե է արել Ալմա-Աթայից հետո, որին Արցախը չի մասնակցել, որովհետեւ ինքն արդեն հանրաքվե անցկացրել ու անկախացել էր։ Նիկոլը դա պետք է իմանա՝ միջազգային իրավունքով Լեռնային Ղարաբաղը չի պատկանում ադրբեջանական հանրապետությանը։ Նիկոլը թող դա ասի, ոչ թե այն, թե ինչպես է Եվրոպան միտված եղել ճանաչելու այս Ադրբեջանը որպես խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ։ Ալմա-Աթայի փաստաթղթում գրված է «գոյություն ունեցող սահմաններով», եւ Ադրբեջանի այդ գոյություն ունեցող սահմաններում Արցախը չի եղել, թող դա ասի։ Եվ ոչ էլ այս չորս «անկլավներն» են եղել նրա գոյություն ունեցող սահմանները, որովհետեւ Հայաստանն անցկացրել էր անկախության հանրաքվե, բայց Ադրբեջանը չէր անցկացրել։

Այսինքն՝ գլխավոր միտքը սա է՝ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքով չի պատկանում Ադբեջանին։ Ինչո՞ւ է այդ մասին Նիկոլ Փաշինյանը համառորեն լռում։ Եվ եթե դու գնում ես Եվրոպա, ինչո՞ւ չես ասում՝ իմ ժողովուրդն այս հարցը տալիս է, ես ի՞նչ պատասխանեմ։ Այսինքն՝ ինքը պետք է հնչեղություն տա այն հարցին, որ ԼՂ-ն միջազգաին իրավունքով չի պատկանում ադրբեջանական հանրապետությանը։ Այո՛, դրսի ուժերը շահագրգռված են եղել, որպեսզի ԽՍՀՄ-ը հեշտ, ըստ միութենական հանրապետությունների բաժանվի։ Սակայն այդ հարցում Ադրբեջանն առանձնանում էր, որովհետեւ Ադրբեջան կոչված հանրապետություններից ոչ մեկի սահմաններում մինչեւ Ալմա-Աթան ոչ մի անգամ ինքնորոշման ակտ չի եղել, ոչ մի անգամ անկախության հանրաքվե չի եղել։ Այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղը՝ ի դեմս ԼՂ լիազոր ներկայացուցիչների համագումարի, ինքնորոշվել էր։ Եվ ինքնորոշվել է ոչ ռուսական կայսրությանը պատկանող տարածքներում, որովհետեւ կայսրությունը փլվել էր, ոչ էլ Ադրբեջանին պատկանող տարածքներում, որը կայացած պետություն չէր։

Արցախն ինքնորոշվել է միայն իրեն պատկանող տարածքներում։ Ինչո՞ւ Փաշինյանը դա չի ասում, եթե Եվրոպան այդպես է ցանկացել, դու պետք է լռե՞ս։ Եվ սա այն դեպքում, երբ այսօրվա Ադրբեջանը հրաժարվել է խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից։ Այսքանը հերիք է ասելու, որ այս տարածքների հետ նրանք կապ չունեն։

-Իշխանությունները հիմա էլ որոշել են Տավուշի չորս գյուղերը հանձնել Ադրբեջանին՝ փորձելով հիմնավորել, որ դրանք հայկական գյուղեր չեն։ Մեջբերում են Ալմա-Աթայի հռչակագիրն ու ԽՍՀՄ քարտեզները։ Սա ինչպե՞ս եք գնահատում։

-Այդ քայլերով խաղաղություն չի լինելու, նրանք լեռ առ լեռ մտել են հայկական տարածքներ, չի ասում՝ դուրս եկեք, հետո այդ հարցը կլուծենք։ Ինչո՞ւ չի խոսում Արծվաշենի մասին, պետք էր ասել՝ փոխանակեք, բայց անընդհատ ասում է՝ եկեք վերցրեք։ Ինչքան հարցերը զիջումներով ու առանց պատերազմի լուծվի, Եվրոպայի ու Արեւմուտքի համար ձեռնտու է, որովետեւ իրենք փող չունեն։ Բայց եթե իրենք դա են ասում, դու պետությո՞ւն չես, որ քո ճիշտ միտքն ասես։ Դրանք այն տարածքներն են, որոնք իբրեւ թե խորհրդային Ադրբեջան են, բայց Ադրբեջանը հրաժարվել է խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից։ Ավելին, ադրբեջանական հանրապետության անկախության սահմանադրական ակտում ո՛չ տարածքներ են նշված, ո՛չ սահմաններ։ Եվ առանց իրավական ինքնության Ադրբեջանը գնացել է Ալմա-Աթա՝ որպես ոչինչ։

Անընդհատ նրանց օգտին խոսելը սա մի խայտառակ բան է։ Ասում է՝ կանչեք այդ գյուղերի գյուղապետերին։ Սա պետություն է, ի՞նչ գյուղապետ, դա պետական տարածք է։ Միլիոնավոր տարածքներ կան, որտեղ Ադրբեջանը չի ապրում, բայց ասում է՝ սա իմն է, ինչո՞ւ ես դու շարունակաբար հանձնում։ Ադրբեջանն օկուպացրել է նաեւ Արծվաշենի չուրս կողմը, սարքել անկլավ, բայց նախկինում այդպես չի եղել։ 1927-1928 թվականների քարտեզներում ու Սովետական մեծ հանրագիտարանում նկարված է Հայաստանի պաշտոնական քարտեզը, որտեղ ՀՀ կազմում ներառված են նաեւ «Ալ լճերը»։ Ադրբեջանցիները ապօրինի ձեւով յուրացրել են ՀՀ տարածքները, բայց այս մարդը չի ասում՝ եկեք իրավական հիմքերը նայենք, տեսնենք դա ո՞ւմն է։ Իր նպատակը միայն զիջելն է։ Դե թող ադրբեջանցիները Ջերմուկից հեռանան, ո՛չ այդ «անկլավները», ո՛չ էլ մյուս տարածքներն իրենցը չեն, որովհետեւ Ադրբեջանը հրաժարվել է ԽՍՀՄ իրավահաջորդությունից։

Ի՞նչ լուծում եք առաջարկում այս իրավիճակում։

-Ես կարծում եմ, որ պետք է բարձրացվի Լեռնային Ղարաբաղի հարցը, եւ այս բոլոր հարցերը կփակվեն։ Լեռնային Ղարաբաղը չի պատկանում ադրբեջանական մերօրյա հանրապետությանը, եւ դա պետք է քաջաբար ասվի։ Ցեղասպանությամբ է ԼՂ ժողովուրդը դուրս եկել, նրանք կամավոր չեն լքել Արցախը։ Երբեմն եվրոպական քաղաքական գործիչներն ասում են՝ «Լեռնային Ղարաբաղը մեզ համար Ադրբեջան է»։ Այ մարդ, կա միջազգային իրավունք, ի՞նչ է նշանակում՝ «մեզ համար»։ Չենք կարողանում բարձր դիվանագիտական լեզվով միջազգային իրավունքը ներբերել մեր այսօրվա հարցերի լուծման համար, եւ մեր խնդիրներն այդտեղից են գալիս։

Ռոզա Հովհաննիսյան

Տավուշցիների երեկվա հանդիպումը փոխվարչապետի հետ դրական արդյունք չեն տվել

Տավուշի մարզում Ոսկեպար-Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Երեկ համայնքների ղեկավարները Երեւանում հանդիպում են ունեցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երեկվա քննարկումները դրական արդյունք չեն տվել։ «Ասել են, որ որեւիցե բան չի փոխվում, դեռ մի բան էլ ավելի վատ է լինելու, այսինքն՝ ամբողջական հանձնում է տեղի ունենալու՝ փուլային, բայց շատ արագ, օրերի ու շաբաթների ընթացքում։ Շատ կոնկրետ ասել են՝ որեւիցե բան չի փոխվում, եւ դեռ ամեն ինչ շատ վատ է, այդ հանձնումն անկասելի է։ Դա իրենց կարծիքն է, որ անկասելի է, իսկ իրականում անկասելի է, թե ոչ, կապրենք կտեսնենք»,- ասաց Սուրեն Պետրոսյանը։

Նա նշեց, որ քայլեր նախաձեռնվում են, որոնք այժմ չեն ուզում բարձրաձայնել։ Ըստ նրա՝ իշխանությունը փորձում է բոլորին փաստի առաջ կանգնեցնել՝ դրանով զրկելով մարդկանց ինքնակազմակերպվելուց ու գործողություններ անելուց։ «Բայց մի քանի օր սպասեք եւ կտեսնեք՝ ով է ում փաստի առաջ կանգնեցրել։ Փորձել են մարդկանց խաղաղացնել՝ ասելով, որ ամեն ինչ նորմալ է, կգանք կքննարկենք, եւ միանգամից անցել են գործողությունների։ Բայց ես ասում եմ՝ կապրենք կտեսնենք, թե ով է ում փաստի առաջ կանգնեցրել, իրենք են ամբողջ հայ ազգին կանգնեցրել փաստի առաջ, թե՞ մենք ենք իրենց կանգնեցրել փաստի առաջ»,- հավելեց Սուրեն Պետրոսյանը։

 

Արցախցի կինը քարից հաց քամող է, նա կհասնի իր նպատակին

“Ասկերանի զարգացման կենտրոն” ՀԿ-ն շարունակում է իր գործունեությունը

Արցախում գործող հասարակական կազմակերպություններից շատերն իրենց գործունեությունը շարունակում են նաև Հայաստանում։

2023 թվականի դեկտեմբերի 1-ից “Ասկերանի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունը վերագրանցվել է նոր՝ “Ասկերանցիներ” համայնքի զարգացման կենտրոն անվանմամբ։

Արցախից բռնատեղահանվելուց հետո ՀԿ նախագահ Ալլա Արզումանյանը չկարողացավ ձեռքերը ծալած նստել, և ինչպես ինքն է ասում, անմիջապես սկսեց նոր ծրագրերի իրականացման մասին մտածել։

– Կազմակերպության գործունեության սկզբունքներն ի սկզբանե եղել են օրինականությունը, խտրականության բացառումը, բարեխղճությունը, անդամների շահերի ընդհանրությունը, ինքնակառավարումը:

2021 թվականից ՀԿ գործունեությունը լայն թափ էր ստացել Արցախում։ Ծրագրեր էինք իրականացնում շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ, աջակցում էինք փոքր և միջին բիզնեսի զարգացմանն Արցախում, իսկ շրջափակման օրերին շարունակում էինք ավելի շատ աշխատել երեխաների հետ՝ կտրելով նրանց տխուր առօրյայից։

Կազմակերպությունն աջակցել ու աջակցում է խոցելի խմբերին, ծնողազուրկ երեխաներին, անապահով ընտանիքներին:

ՀԿ-ում ընդգրկված է հիսուն մարդ՝ տարբեր տարիքային խմբերից, բնակավայրերից: Կազմակերպության մեջ ներգրավված են Ասկերանի շրջանի տարբեր համայնքների բանիմաց ու գործունյա կանայք, որոնք տեղահանվելուց հետո ցանկանում են զբաղվել սեփական գործով։ Ներկա դրությամբ իրականացվում է կանանց հզորացման և զարգացման “Վերածնունդ” ծրագիրը։ 13 կանանց տրամադրվել է փոքր դրամաշնորհ՝ բիզնես սկսելու համար։ Տրամադրված գումարով նրանք ձեռք են բերել էլեկտրական վառարաններ՝ նախատեսված  ժենգյալով հացի, խմորեղեն պատրաստելու համար, վարսահարդարության համար սարքավորումներ, կարի մեքենաներ և այլն։ Կազմակերպության կանայք մասնակցել են վերջերս Երևանում անցկացված “Վըսկէ ծերքեր” փառատոնին։

Հաշվի առնելով, որ այսօր յուրաքանչյուր արցախցի կարիք ունի բարոյահոգեբանական աջակցության, կազմակերպել ենք 6 հանդիպում հոգեբաններ Ռուզաննա Մկրտչյանի և Զառա Հարությունյանի հետ։ Նրանք աշխատել են ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների 2 տարիքային խմբերի հետ։ Կապանում ունենք ևս մեկ խումբ, որի հետ աշխատանքները համակարգում է ՀԿ ակտիվ անդամ Սնեժանա Թամրազյանը։

Կազմակերպվել է նաև բիզնես-դասընթաց, որը վարել է  Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի նախագահ Նանա Հովհաննիսյանը։ Մեր կենտրոնի ձեռներեց կանայք իրենց առաջին քայլերը իրականացրել են հենց նրա խորհուրդների շնորհիվ։ Նրա ուղղորդմամբ կանանց բիզնես գաղափարները վեր են ածվում հաջողված բիզնեսի։

Նախատեսվում են նոր բիզնես ծրագրեր, նոր հանդիպումներ ու քննարկումներ: Մեծ ակնկալիքներ ու հույս ունեմ, որ ՀԿ կանայք կկարողանան ոտքի կանգնել ու զարգացնել իրենց բիզնեսները։ Արցախցի կինը քարից հաց քամող, աշխատասեր ու գործունյա է և անպայման կհասնի իր նպատակին,-ասում է Ա․Արզումանյանը։

Արցախից բռնի տեղահանվելուց հետո կազմակերպությունը բարեգործների աջակցությամբ դրամական օգնություն է տրամադրել առավել խոցելի խմբին, որի մեջ մտնում են պայթյունից տուժածների, զոհվածների ընտանիքներ։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Step1.am-ի համար

Բրիտանացի լրագրողները ապշած են․ ինչպե՞ս թե՝ Ղարաբաղը, Տավուշի գյուղերը հայկական հող չեն

Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար: Այս մասին բրիտանական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարցազրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը, բազկաթոռից պինդ բռնված։

«Հայաստանի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս որևէ հավակնություն չունի: Եվ մենք հույս ունենք, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կվերականգնվի»,- ասաց նա։

Փաշինյանը 2020 թվականից բացահայտ փորձում է փակել Արցախի դուռը, բայց այն ամեն անգամ խփում է նրա ճակատին։ Բրիտանացի եւ այլ լրագրողների հարցն այն մասին, թե ինչպես վարվեց ՀՀ վերնախավը իր երկրի մի կտորի՝ Արցախի հետ, դեռ երկար է հնչելու։ Նաեւ որպես հիշեցում Հայաստանի մնացած մարզերի բնակիչների՝ նույնկերպ վարվելու են ձեզ հետ։ Հեշտ ձեւ է՝ հռչակում ես տվյալ տարածքը “ոչ Հայաստան” ու ասում, որ չես կռվելու ուրիշի հողի համար։

Բրիտանացի եւ այլ լրագրողներ, որոնց երկրներում ամեն մետր հողը տեր ունի, ապշում են, թե ինչպես կարող է Օյկումենայի կենտրոնում հազարամյակներ ապրող ազգը հրաժարվել հողատեր լինելուց։ Բա ինչի՞ տեր եք ուզում լինել։

«Մենք պատրաստ ենք սկզբի համար եւս 4 գյուղ հանձնենք Տավուշում»,- ասել է Փաշինյանը։

Նա նկատեց, որ, ինչպես նշել էր մարզային այցելություններից մեկի ժամանակ ԼՂ-ից բռնի տեղահանված մի կնոջ հետ զրույցում, իրատեսական չի համարում հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորությունը։ Փաշինյանը նշեց նաև, որ իր գլխավորությամբ՝ Հայաստանի կառավարությունը փորձել է անել ամեն բան, այդ թվում և 2023 թվականի սեպտեմբերին, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանումը և էթնիկ զտումը տեղի չունենար:

«Բայց մեր ջանքերն արդյունք չտվեցին: Եվ ընդհակառակը, ակնհայտորեն կային ուժեր, որ այդ պայմաններում Հայաստանի Հանրապետությանն ուզում էին ներքաշել պատերազմի մեջ՝ հեռուն գնացող նպատակներով»,- նշեց Փաշինյանը:

Ի՞նչ է նշանակում “որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանումը և էթնիկ զտումը տեղի չունենար”։  Դա ինչպե՞ս էր պատկերացնում Փաշինյանը։

Ավելի վաղ նա ասել էր, որ 2023 թ․ հուլիսին, երբ Արայիկ Հարությունյանն էր դեռ նախագահը, կար հնարավորություն ուղիղ բանակցություններ վարել Բաքվի հետ եւ պայմանավորվել, որ մարդիկ մնան Արցախում։ Սակայն նա չի մանրամասնում, թե ի՞նչ պայմաններով հայերը պետք է մնային Արցախում, որը ինքը՝ Փաշինյանը ադրբեջան է անվանել։

Իսկ սցենարը պարզ էր․ ռուս “խաղաղապահներն” արդեն պատրաստվում էին ֆիլտրացիոն ճամբարներ ստեղծել արցախցի տղամարդկանց համար՝ պարզելու նրանց մասնակցությունը “ռազմական հանցագործություններին”։ Եւ քանի որ Արցախում չկար ընտանիք, որի տղամարդ անդամները մասնակցած չլինեին ինքնապաշտպանության, կստացվեր, որ առական սեռը կհայտնվեր ֆիլտրացիոն ճամբարներում, իսկ կանայք եւ երեխաները “կինտեգրվեյին” ադրբեջանի հետ։ Բոլորը գոհ կլինեյին։

Կա՞ր արդյոք այլ տարբերակ։ Փաշինյանը գիտի, որ չկար։ Արցախցիներն էլ գիտեին, դրա համար մեկ մարդու պես դուրս եկան, խառնելով ոմանց պլանները։ Եւ հիմա էլ ոչինչ չի փոխվել, այդ պատճառով էլ Փաշինյանն ասում է, որ վերադարձը անիրատեսական է։

“Ստեղծված իրավիճակում և այն ընկալումները, որոնք գոյություն ունեն մեր տարածաշրջանում, Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղի հայերի շրջանում, այդ ընկալումների պայմաններում ես դա իրատեսական չեմ համարում: Ես ասացի՝ չեմ կարող ես Ձեզ խաբել, որովհետև եթե դա իրատեսական լիներ՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանումը տեղի չէր ունենա»,- ասել է Փաշինյանը:

Այս սխեմայի մեջ “Լեռնային Ղարաբաղը” կարող եք փոխարինել հայկական ցանկացած այլ տեղանունով։ Հեյրիմլին մերը չէ, չենք կռվի դրա համար, իսկ եթե տղամարդիկ չեն ուզում Ոսկեպարում ապրել եւ իրենց կանանց թույլ չեն տա թշնամու հետ ինտեգրվել, կարող են դուրս գալ՝ մենք իրենց 40+10 հազար դրամ կտանք։ Բայց հողին տեր չենք։