«Հայաստանը և ԵՄ-ն՝ ԼՂ հայաթափումից հետո» խորագրով համաժողով Բրյուսելի Ազատ Համալսարանում

Բրյուսելի Ազատ Համալսարանում (ULB) տեղի ունեցավ «Հայաստանը եւ ԵՄ-ն՝ ԼՂ հայաթափումից հետո» խորագրով համաժողով, որը կազմակերպվել է «Նաիրյան» միության եւ Բրյուսելի Ազատ համալսարանում ՄԱԿ-ի համայնքի ջանքերով։ Համաժողովի բանախոսն էր Բելգիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ԵՄ-ում մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դեսպանն ուսանողներին ներկայացրեց 1988-2023 թվականների ընթացքում տեղի ունեցած զարգացումները, ԼՂ պատմությունն՝ իր բոլոր շերտերով՝ շարժում, պատերազմներ եւ բանակցություններ։

Դեսպանն անդրադարձավ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացում ՀՀ տեսակետներին, ԵՄ հետ երկկողմ հարաբերություններին, համագործակցության խորացմանն ու ապագա համատեղ ծրագրերին։

«ՀՀ արտաքին քաղաքականությունը ո՛չ շրջադարձ է դեպի Արեւմուտք, ո՛չ էլ շրջադարձ է դեպի Արեւելք: ՀՀ արտաքին քաղաքականությունը շրջադարձ է դեպի հայոց պետական շահը», – նշեց դեսպան Բալայանը։

Ներկա ուսանողներից շատերին հետաքրքիր էր իմանալ Հայաստանի ԵՄ անդամակցության հնարավոր թեկնածությունը։ Տիգրան Բալայանն իր պատասխաններում շեշտեց՝ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին մոտենալ այնքան, որքան ԵՄ-ն է պատրաստ դա անել։

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջպետական գանգատներից հրաժարվելու անթույլատրելիության վերաբերյալ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թ․ մարտի 12-ին  հրավիրված ասուլիսի ընթացքում պատասխանելով այն հարցին, թե ՀՀ օրակարգում կա՞ արդյոք միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի գանգատներից հրաժարվելու հարց, հայտնել է. «Բանակցությունների ընթացքում այդպիսի հարց քննարկվել է և քննարկվում է։  Մեր դիրքորոշումը հետևյալն է. դա մի հարց է, որը կարող է քննարկվել ամենավերջում, երբ, ըստ էության, խաղաղության պայմանագրի դրույթները համաձայնեցված կլինեն և արդեն ակնհայտ կլինի, որ երկու կողմերը պատրաստ կլինեն ստորագրել։ Եվ դա տրամաբանական է, որովհետև երկու կողմերը ստորագրում են պայմանագիր՝ ինչի՞ են շարունակում իրավական պատերազմներն իրար դեմ։ Իսկ եթե չեն կնքում խաղաղության պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության համար դա մի գործոն է, որը կարևոր է նաև մեր ասելիքը և օրակարգը առաջ մղելու համար»։ Ադրբեջանի դեմ ներկայացված գանգատներից հրաժարվելու հնարավորության մասին օրերս նշել էր նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ղեկավարների կողմից արտահայտած դիրքորոշումները խիստ մտահոգիչ են, որևէ պայմաններում անընդունելի, և ներքոստորոգրյալ հասարակական կազմակերպությունները պահանջում են Հայաստանի Հանրապետության Կառավարությունից որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), և՛ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում։

Նման պահանջ բխում է հետևյալ հիմնավորումներից՝

  • Դատական հայցերով հայցվող իրավունքների պաշտպանությունը որևէ կերպ չի կարող ստորադասվել կամ փոխարինվել քաղաքական գործընթացներով և դրա արդյունքում ընդունվող քաղաքական փաստաթղթերով,
  • Դատական ատյանների կողմից կայացված որոշումները, ի տարբերություն քաղաքական փաստաթղթերի, ունեն գործադրման մեխանիզմ, ինչը իրական հնարավորություն է տալու հասնել խախտված իրավունքների վերականգնմանը,
  • Դատական հայցերից հրաժարումը ձեռնտու է Ադրբեջանի Հանրապետությանը, քանի որ դա թույլ է տալու խուսափել պատասխանատվությունից մարդու իրավունքների կոպտագույն խախտումների համար, 
  • Խաղաղությունը չի կարող լինել կայուն ու երկարատև, եթե չի նախատեսվում արդարությունը վերականգնելու որևէ փորձ, որի նպատակն է ոչ միայն վերականգնել խախտված իրավունքը, այլ նաև կանխել ապագայում հնարավոր համանման խախտումները,
  • ՄԻԵԴ-ում մինչպետական գանգատներից հրաժարվելը զոհերին զրկելու է արդյունավետ պաշտպանության միջոցից, քանի որ բաց են թողնվել անհատական բողոք ներկայացնելու ժամկետները, քանի որ զոհերը չեն իրացրել իրենց այդ իրավունքը միջպետական գանգատի միջոցով պաշտպանված լինելու ակնկալիքով,
  • Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է հստակ պարտավորություն՝  իր իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովել այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, այդ թվում՝ արդյունավետ պաշտպանության միջոցի իրավունքը։

Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցերը ինչպես Արդարադատության միջազգային դատարանում, այնպես էլ ՄԻԵԴ-ում վերաբերում են բացառապես հարյուր հազարավոր անձանց մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, որոնց բոլորի մեջ կարմիր թելով անցնում է ատելության շարժառիթը՝ որպես Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հովանավորվող քաղաքականություն։ Ադրբեջանում հայատյացությունը պետական քաղաքականություն է, և հայերի դեմ հանցագործությունները և մարդու իրավունքների խախտումները քաջալերվում են պետության ամենաբարձր մակարդակով՝ երաշխավորելով հանցագործների անպատժելիությունը։ Ադրբեջանում հայատյաց քաղաքականության հիմնավորումները և ապացույցները բազմաթիվ են՝ հաստատված ինչպես ՄԻԵԴ վճիռներով, այնպես կամ Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպայի խորհրդի  մարդու իրավունքների մարմինների և մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունների կողմից։

Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը նահանջ չի արձանագրել։ Այդ քաղաքականության արտացոլումն է, ի թիվս այլնի, Արցախի բռնի հայաթափումը, հայկական մշակութային ժառանգության շարունակվող այլասերումն ու ոչնչացումը, հայկական գերեզմանների և սեփականության ոչնչացումը՝ Ադրբեջանում հայկական հետքի վերացման միտումով։ Ավելին, ադրբեջանական հայատյաց քաղաքականությունը լրացվել է «Արևմտյան Ադրբեջանի» հորինված խոսույթի հիման վրա քաղաքականության զարգացմամբ և առաջմղմամբ, ինչն ուղիղ և անթաքույց սպառնալիք է Հայաստանի Հանրապետութան տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ։

Մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված դատական գանգատները որևէ կերպ չեն կարող որակվել որպես տարածքային պահանջներ որևէ երկրի նկատմամբ։ Դրանք բացառապես մարդու իրավունքների պաշտպանությանն են ուղղված, իսկ դրանց ներկայացումը ներկայիս համատեքստում ոչ միայն իրավունք է, այլև պարտավորություն։ Մարդու իրավունքների զանգվածային և համակարգային խախտումները չեն կարող համարվել պետության ներքին գործը, և մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատվության ենթարկելու նպատակով իրավական մեխանիզմների կիրառումը որևէ կերպ չի կարող որակվել որպես պետության տարածքային ամբողջության նկատմամբ ոտնձգություն կամ ներքին գործերին միջամտություն։

Պետություններն ունեն պաշտպանության պարտավորություն, և Հայաստանի Հանրապետությունը ունի առաջնային պարտավորություն պաշտպանելու իր իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի իրավունքները զանգվածային և համակարգային խախտումներից։ Ներկայացված բոլոր գանգատները Հայաստանի այս պարտավորության կատարումն են և դրանցից հրաժարումը իրավունքների պաշտպանության առումով ոչ միայն ակնհայտ հետընթաց է, այլև հրաժարում իր ստանձնած հանձնառություններից և պարտավորություններից։ Ավելին, Հայաստանի Հանրապետության կառավարության նման որոշումը կհանգեցնի պատերազմական հանցագործությունների անպատժելիության, ինչը նաև իր միջազգային պարտավորությունների ուղղակի խախտում է հանդիսանում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած Միջազգային քրեական դատարանի կանոնադրությամբ սահմանված պարտավորությունների խախտում և դրանց կատարումից հրաժարում։

Ներկայացված դատական հայցերը, ի թիվս այլնի, վերաբերում են Արցախի բնակչության բռնի տեղահանման, ռազմագերիների և քաղաքացիական անձանց դիտավորյալ սպանությունների և բռնի անհետացման, խոշտանգումների և այլ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկելու, ազատության իրավունքի, արդար դատաքնության իրավունքի կոպտագույն խախտումների, սեփականության իրավունքի, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու  և այլ հիմնարար իրավունքների խախտումների, որոնցից հրաժարվելու պայմաններում անձինք, ում իրավունքների պաշպտանության համար այդ հայցերը ներկայացվել են, զրկվելու են իրավունքների պաշտպանության որևէ արդյունավետ միջոցից հենց Հայաստանի Հանրապետության պատճառով, քանի որ այս դատական ատյանները միակ արդյունավետ միջոցն են Ադրբեջանի դեմ։ ՄԻԵԴ մի շարք վճիռներով արդեն իսկ արձանագրել է, որ հայ ազգի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը չունի իր խախտված իրավունքների պաշտպանության որևէ միջոցի հասանելիություն Ադրբեջանում։

Որևէ դեպքում մարդու իրավունքների պաշտպանությունը չի կարող դառնալ քաղաքական սակարկության առարկա։ Ադրբեջանը որևէ գործողություն չի կատարել և չի կատարում մարդու իրավունքների խախտումների փաստը ճանաչելու, դրանք քննելու և հանցագործներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, մարդու իրավունքների խախտումների համար փոխհատուցում տրամադրելու, հավաստելու և երաշխավորելու ապագայում նման խախտումներն ու հանցագործությունները բացառելու ուղղությամբ։ Ավելին, խաղաղության պայմանագրի գործընթացում հրապարակայնորեն քննարկվող սկզբունքներում ևս ակնարկ չկա որևէ մեխանիզմի կամ երաշխիքի, որ Ադրբեջանը ստանձնում է պատասխանատվություն այդ խախտումների համար և քաղաքականությունը փոխելու հանձնառություն, ինչը կարևորվել էր նաև ՀՀ կատարած այցից հետո Ճշմարտության, արդարության հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցողը։

Ավելին, դա ուղերձ է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս, որ ապագայում ցանկացած իրավունքների խախտման դեպքում չակնկալել Հայաստանի Հանրապետության կողմից պաշտպանությունը և քայլերի ձեռնարկումը Ադրբեջանի դեմ՝ դրանով տալով նաև հստակ ուղերձ Ադրբեջանին։ Միջպետական գանգատներից հրաժարումը բերելու է Ադրբեջանի կողմից իրականացրած մարդու իրավունքների խախտումների և հանցագործությունների համար տոտալ անպատժելիության և նոր խախտումների և հանցագործությունների։

Միջպետական գանգատներից հրաժարումը խաթարելու է իրավապաշտպան գործունեությունը միջազգային ատյաններում, քանի որ Կառավարության այս գործելակերպն ընկալվելու է որպես իրավունքից կամ պահանջից հրաժարում՝ խթանելով ադրբեջանական նարատիվների հաստատումը։

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները՝ ներքոստորոգրյալ հասարակական կազմակերպությունները պահանջում են․

  • Հայաստանի Հանրապետության Կառավարությունից որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, և՛ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում,
  • շարունակել անհրաժեշտ ռեսուրսներ ներդնել և պատշաճ ջանասիրություն գործադրել դատական գանգատների արդյունավետ ներկայացման և պաշտպանության ուղղությամբ։

 

1․ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 

2․ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

3․ Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ

4․ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

5․ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

6․ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

7․ Խաղաղության երկխոսություն ՀԿ

8․ Հելսինկյան Ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

9․ Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

10․ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե

11․ Քաղաքականության հետազոտական կենտրոն

12․ Էկոլուր տեղեկատվական ՀԿ

13․ Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն ՀԿ

14․ Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

15․ Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

16․ «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ՀԿ

17․ «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ

18․ Փինք իրավապաշտպան ՀԿ

19․ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

20․ «Սի-Փի-Այ» մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն

21․ «Առաքելություն Հայաստան» ՀԿ

22․ «Արցախի Թեքեյան մշակութային միություն» ՀԿ

23․ «Ստեփանակերտ» մեդիա-ակումբ

24․ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հասարակական խորհուրդ

25․ «Կաճառ գիտական կենտրոն» ՀԿ

26․ «Արցախի արվեստագործների միություն» ՀԿ

27․ «Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» ՀԿ 

28․ «Աջակցություն արցախահայությանը» ՀԿ

29․ «ԳԵՆ նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ

30․ «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ

31․ «Հանուն Հադրութի» ՀԿ

32․ «Դիզակ Արտ» ՀԿ

33․ «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ

34․ «Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ

35․ «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ

36․ «Հարմոնիա» Շուշիի կանանց ՀԿ

37․ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար

38․ «Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ

39․ «Քաղաքացիական հաբ» ՀԿ 

40․ «Տուն-տեղ» ՀԿ

41․ «Հայաստանի սոցիալական ուսումնասիրությունների անկախ կենտրոն» ՀԿ

42․ Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ

Մոսկովյան պայմանագրի 103-ամյակը. քաղաքաիրավական, ներգիտակցական և հոգեբանական հետևանքները

Այսօր լրանում է ռուս-թուրքական ապօրինի պայմանագրի 103-րդ տարեդարձը, որից մի քանի ամիս անց բխեց բոլշևիկյան Կովբյուրոյի՝ Արցախը Հայաստանից օտարող որոշումը:

Կարծես թե, այս՝ 103-ամյա պայմանագիր կոչվածը և ստալինյան որոշումը ժամանակային վաղեմության պատճառով չպետք է կապ ունենային այսօրվա իրադարձությունների հետ, և, հետևաբար, իմաստ չունի խոսել այդ մասին:

Սակայն դա այդպես չէ: Հիմա կիմանաք, թե ինչու:

Այսօր խոսքը կգնա ոչ այդքան պայմանագիր կոչվածի քաղաքական կամ իրավական բովանդակության մասին, ավելի շատ կանդրադառնամ պակտի՝ ժողովրդի վրա թողած՝ հոգեբանական և ընկալումային վնասների մասին:

1921թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը և դրանից բխող ստալինյան որոշումը՝ հայերիս ինքնության և արժանապատվության տրորման, հոգեբանական ստրկացման և, քաղաքականապես  հայ մարդու ոչնչացման կարմիր բիծն էր:

1921թ. պայմանագրի և դրանից բխող ստալինյան որոշման քաղաքաիրավական, ինչպես նաև, հոգեբանական հետևանքները մենք այսօր զգում ենք մեզ վրա՝ մեր խեղված քաղաքական ընկալումներով և ազգային-պետական սուբյեկտացման կորստով:

Ինչո՞ւ…

1994 թ. մենք ազատագրեցինք Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս կազմող Արցախը: Սակայն, ելնելով ռուս-թուրքական Մոսկովյան այդ պակտից բխող ստալինյան որոշումից, ըստ որի Արցախը Ադրբեջանի մաս է հանդիսանում, մենք ընդունեցինք այդ ապօրինի իրողությունը: Հայաստանի Առաջին Հանրապետության իրավա-քաղաքական ժառանգությունն ընդունելու փոխարեն՝ ընդունեցինք Լենին-Աթաթուրքի և Ստալինի ապօրինի փաստաթղթային փաթեթը՝ Արցախը պոկելով Հայաստանից, ընդունեցինք անկախ Արցախ կեղծիքը՝ այդպիսով ազատագրված Արցախը փաստացի ճանաչելով որպես Ադրբեջանի մաս և՝ դե յուրե ճանաչելով Հայաստանի սովետական ապօրինի սահմանները: Այս ամենի հետևանքով 2020 – 23 թ. մենք կորցրեցինք Արցախը:

Այս հակապետական շոուն շարունակվում է, նույնիսկ, 44-օրյա պատերազմից հետո: Մենք չենք գիտակցում, որ Արցախի հարց, առանձին՝ որպես այդպիսին, գոյություն չունի, կա՛ հայկական հարց, որի լուծման փաթեթի մաս է նաև Արցախի հիմնախնդիրը: Արցախի ենթահարցը կարող է լուծվել միայն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության համատեքստում:

Ամփոփելով վերը նշված միտքս, նշեմ, որ 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի այդ պակտը և դրանից բխող ստալինյան որոշումը մեր գիտակցության մեջ մեզանից օտարել է Արցախն ու հայկական այլ տարածքները և մինչև այսօր այդ ապօրինի պայմանագրի ոգու տառի գերի դարձրել մեր գիտակցությունը:

Մի այլ հոգեբանական վնաս, որը, նույնպես, մնացել է Լենին-Քեմալ պակտից, հայության օբյեկտային աշխարհընկալումներն են: Սովետական կեղծ պատմագրությունից մնացած դոգմաները, իսկ եթե ավելի հստակ՝ աշխարհում ռուսներին և թուրքերին այլընտրանք չտեսնելը, որից գալիս է բոլորիս հայտնի «ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի» արատավոր արտահայտությունը, ինչպես նաև այնպիսի կեղծ պնդումներ, ինչպիսիք են «Եթե Հայաստան չմտներ կարմիր բանակը, և հետո Լենինը Քեմալի հետ պայմանագիր չկնքեր, թուրքերը վերջնականապես կցեղասպանեին մեզ»` մոռանալով, կամ, ավելի շուտ, պատմությունը կեղծելով և չխոսելով այն մասին, որ, հե՛նց ռուսներն են զինել թուրքերին և միասին ծրագրել Հայաստանի զավթումն ու իրար մեջ կիսումը:

Մեր տարածաշրջանում 44-օրյա ռուս-թուրքական զավթումով սկիզբ առավ և հետո Ուկրանիայի հանդեպ ռուսական ագրեսիայով սկսվեց աշխարհակարգի փոփոխությունը: Այն, ինչ կիսատ մնաց 1991թ.-ին, ավարտվում է մեր օրերում: Ռուսական կայսրությունը վերջնականապես հեռանում է տարածաշրջանից և իր հետ տանում է իր կողմից հեղինակած ապօրինի և հակահայ պայմանագրերը:

Հին աշխարհակարգի փլուզման և նորի կառուցման ընթացքում՝ տարբեր աշխարհամասեր կապող ճանապարհներ են կառուցվելու, սահմաններ են վերաձևվելու, նորարար աշխարհն է լայնանալու:

Իսկ մենք՝ հայերս, ինչպե՞ս ենք դիրքավորվելու նոր աշխարհում, դառնալո՞ւ ենք նորարար ինքնիշխան սուբյեկտ, թե՞ մնալու ենք հետամնաց օբյեկտի կարգավիճակում: Արդարացնելու՞ ենք Նժդեհյան և Արամ Մանուկյանական ոգին և երազանքները, թե՞ մնալու ենք այսպես կոչված 3-րդ հանրապետության ռուս-թուրքական այլընտրանքի և թուրքական վիլայեթի վերածվելու մշտական սպառնալիքի մեջ: Եվ, վերջապես, մնալու ենք «Լենին-Քեմալ» պակտի ապօրինի իրավաքաղաքական շրջանակներու՞մ, թե՞ բացելու ենք մեր թևերը, ունենալու ենք իրական դաշնակիցներ և հիշելու ենք Ազգերի լիգայի փետրվարի 24-ի զեկույց-առաջարկով և ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնից մեզ մնացած՝ Հայաստանի Հանրապետության իրական պետական անձնագիրը և սահմանները:

Միայն սուբյեկտայնություն ցուցաբերող ժողովուրդը կարող է ունենալ ինքնիշխան պետություն և վստահելի դաշնակիցներ; Միայն ինքն իրեն պաշտպանող ժողովրդին կարող են զինել և ռազմա-քաղաքական աջակցություն ցուցաբերել:

Մենք, վերջնականապես, պատռելու ենք այդ չարաբաստիկ ապօրինի փաստաթուղթը՝ փակելով պատմության ստրկացման այդ խայտառակ էջը և սկիզբ ենք դնելու հայոց ինքնիշխան պետության ու հայ մարդու արժանապատիվ վերադարձին:

Պատրաստվե՛ք Հայաստանի Հանրապետության ազատագրմանը:

Պատրաստվե՛ք դիմադրությանը:

Սամվել Ասլիկյան, Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամ

ՇՈՒՇԻ․ Գիսաստղի դժբախտ ճակատագրով հպարտության քաղաք

Շուշիի ճակատագիրը կամ բախտը նման է գիսաստղի շողարձակման, որ ժամանակ առ ժամանակ ուժեղ լուսարձակմամբ անցնում է նրա երկնակամարով։ Նրան կա՛մ տեսնում ենք փառքի գագաթին, կա՛մ դժոխքի հատակին։

19-րդ դարի նրա վերելքին հաջորդեցին 20-րդ դարի ողբերգությունները։ Դարասկզբի կոտորածներին ու ավերին հաջորդեց Շուշիի թրքացման (ադրբեջանականացման) գործընթացը, որը շարունակվեց մինչև 1992-ի ազատագրումը։ 2020 թվականին բռնազավթվելուց հետո, կրկին կյանքի է կոչվել նույն թրքացման քաղաքականությունը։

Խորհրդային տարիներին պաշտոնական Բաքվի հրամանnվ ստեղծվել էր քաղաքի պատմության նոր «քրոնիկոն»՝ որպես «ադրբեջանական մշակույթի կենտրոն», որպես «Ադրբեջանի մարգարիտ»: Այդ նպատակով 1920 թվականին ավերված հայկական քաղաքամասը խորհրդային տարիներին չվերականգնվեց, իսկ 1950-70-ականներին Շուշին սկսեցին “մաքրել” այդ ավերակներից։ 1960-ական թվականներին հայկական ինքնատիպ ճարտարապետական կառույցները մասայաբար քանդվեցին։ Հաշվեհարդարից անմասն չմնացին եկեղեցիներն ու գերեզմանոցները, որոնք Շուշիում հայկական տարրի բնիկության անխոս, բայց և ծանրակշիռ վկաներն էին։

Այս նյութում ես կանդրադառնամ Շուշիի հայկական եկեղեցիների ճակատագրին։

Կուսանաց վանքը  Շուշիի հին պաշտամունքային կենտրոններից էր, որը կառուցվել է 1816 թվականին բարեպաշտ օրիորդ Հռիփսիմեի օժանդակությամբ։ Այն ուներ մի շարք օժանդակ շինություններ, հյուրանոց-վերնատուն։ Մեծ հռչակ  էր վայելում իր այգիներով ու ծառուղիներով, իսկ ծառուղիներից մեկում հետագայում կանգնեցվել էին զարդանախշ տապանաքարեր ի հիշատակ վանքի ննջեցյալ աղջիկների։ Վանքը, կից շինություններն ու տապանաքարերը 1960-ականների կեսերին բուլդոզերներով քանդվել են, իսկ տեղում բնակելի տներ կառուցվել ադրբեջանցիների համար։

Ագուլեցոց Սբ Աստվածածին եկեղեցու մասին առաջին տեղեկությունները վերաբերում են 1785թ․, իսկ 1822 թվականին կառուցվել է քարաշեն եկեղեցին։ Որի մասին վկայում է հուշարձանի հարավային դռան ճակատակալ քարի վրա արված շինարարական ընդարձակ արձանագրությունը։ Մինչև Ղազանչեցոց եկեղեցու կառուցումը այս եկեղեցին համարվել է քաղաքի ամենամեծ եկեղեցին, որի համար էլ կոչվել է «ավագ»: 1905 թվականի հայ–թաթարական ընդհարումների ժամանակ հրկիզվել է, այնուհետև ավերվել 1920 թվականի մարտին քաղաքի հայկական թաղամասի ոչնչացման ժամանակ։ Կիսավեր մնացել է մինչև 1972 թվականը, երբ ադրբեջանցիները հիմնահատակ քանդել ու տեղը կառուցել են Շուշիի թիվ 4 ադրբեջանական դպրոցը։ Եկեղեցու շենքը ըստ ականատեսների, քանդում էր Այվազ Հուսեյնովի բրիգադը։ Մեծ դժվարությամբ քանդված եկեղեցու քարերը տեղափոխել ու կառուցվող շենքերի համար, որպես հիմնաքար են օգտագործել։

Մեղրեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցել են մեղրեցի ներգաղթյալները՝ համանուն թաղամասում` 1838 թվականին: Կառուցման արձանագրության մեջ հիշատակված է որպես սբ. Ամենափրկիչ Մեղրեցոց եկեղեցի, որը կառուցվել է Մահտեսի Հախումյանցի ծախսերով։ 1960-ական թվականներին այն քանդվել, հարմարեցվել և վեր էր ածվել ամառային բացօթյա կինոթատրոնի։ Եկեղեցուց մնացել էր միայն խորանը։ Ժամանակակիցները պնդում են, որ գրեթե անհնար էր քանդել ամուր և հաստ պատերը: Խորհրդային տարիներին ադրբեջանական իշխանությունների հրահանգով պայթեցումներով քանդել են պատերի մեծ մասը, իսկ մեկ մետրից բարձր պահպանված հիմնապատերը ներառել ասֆալտի տակ։

Կանաչ Ժամ կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, համաձայն շինարարական արձանագրության, կառուցվել է 1818 թ.։ Խորհրդային տարիներին վերածվել էր հանքային ջրերի ըմպելասրահի, որի հետևանքով խախտվել, կամ քողարկվել էին կառույցի ներքին առանձին հատվածներ։ Մասնավորապես բեմի վրա դրված երկաթե մեծ ջրավազանը լրիվ փակել, դահլիճից կտրել էր բեմը։ Արևմտյան զանգակատան հիմնական մուտքի աստիճանները քանդել ու նրանց փոխարեն կառուցել էին նորը, որը խաթարում էր եկեղեցու ճարտարապետական տեսքը։ Ջրավազանից հաճախակի թափվող հանքային ջրերը քայքայում էին պատերը։ 1992 թվականի Շուշիի ազատագրմամբ փրկվեց եկեղեցին։

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին  Ըստ տեղեկությունների 1847 թվականին քարե եկեղեցին արդեն վթարային վիճակում էր։ Հարավային շքամուտքի վերնամասում տեղադրված վիմագրում նշվում է, որ նոր տաճարը կառուցվել է Շուշի քաղաքի ծխականների հանգանակություններով 1868 – 1887 թվականին։ 1920 թվականին այս եկեղեցին նույնպես տուժել էր։ Իսկ 1940-ականներին Մայր տաճարն օգտագործվեց որպես պահեստ, այնուհետև 1950-ական թվականներին քանդել են եկեղեցու գմբեթը, ապամոնտաժել քարերը։

1960-ականների վերջին այն վեր էր ածվել գյուղտեխնիկայի կայանատեղիի։ Իսկ 1970 ականներին բարբարոսաբար և միտումնավոր պայթեցումներ ու հրդեհներ էին կազմակերպվում եկեղեցու ներսում, եղծվում՝ վավերագրերը: 1971 թվականին նախկին շուշեցի Արտաշես Առուշանյանը գրել էր ․ “60 տարի բացակայությունից հետո խոր ծերության հասակում եկա տեսնելու իմ հայրենի Շուշի քաղաքը։ Սակայն սրտի ցավով եմ գրում, որ այն գտնվում էր սոսկալի վիճակում։ Այստեղ քանդում, ավերում են հայ արվեստի արժեքավոր կոթողները։ Այստեղ հողի երեսից քերում են գերեզմանոցները, բնակելի տները, պատերից վիմագրությունները, բարձրաքանդակները։ Տվյալ պահին Ղազանչեցոց տաճարը վեր են ածել արտաքնոցի, Կանաչ ժամ եկեղեցին պահեստի, Ագուլեցոց և Մեղրեցոց եկեղեցիները քանդում են”։ /Շահեն Մկրտչյան, Արցախյան գրառումներ, էջ 353-354/

Այս ամենն անշուշտ մշտապես առաջացրել է հայ ազգաբնակչության բողոքը և հանրության ճնշման տակ 1981-82 թվականներին սկսվել էին Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները, որոնք սահուն չէին ընթանում: Վերականգնող վարպետ Վոլոդյա Բաբայանի վկայությամբ, Ադրբեջանի բարձր ղեկավարությունը խոչընդոտում էր գմբեթի կառուցմանը: Նրանք գիտակցում էին, որ դրանից հետո եկեղեցին կդառնա ոչ միայն Շուշիի, այլև Կարկառի ընդարձակ հովտի դոմինանտը։ Խորհրդային տարիներին Ղազանչեցոցի վերանորոգումը այդպես էլ չավարտվեց։ Վոլգոգրադում բնակվող Նինա Կաչորովսկայան հիշում է 1980-ականների սկզբին Շուշի կատարած իր ուղևորության մասին. «Շուշիում մեզ 1 ժամ պտտեցնում էին ադրբեջանական նորաստեղծ արձանների մոտ և երբ մենք հարցրեցինք , ո՞րտեղ է պատմական հայկական եկեղեցին, մեզ հայտնեցին , որ այն չի մտնում էքսկուրսիայի ցանկի մեջ: Մենք բոլորս ստիպված ինքներս հարցնելով անցորդներին`գտանք հայկական եկեղեցին, որը գրեթե ավերված էր» – («Սովետական ​​Ղարաբաղ» թերթ 12 հոկտեմբերի, 1988 թ.):

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիները եկեղեցին վերածել էին ռազմապահեստի։ Զանգակատան առաջին հարկի չորս անկյուններում կանգնեցված փողահար հրեշտակները քանդվել էին, միայն մեկն էր կանգուն մնացել մինչև 1989 թվականը։ Ազատագրումից հետո պարզվեց, որ ադրբեջանցիները դա էլ էին վայր գցելով ջարդել։ Եկեղեցու ավերված գմբեթի և ողջ համալիրի վերականգնումն ավարտվեց 1998 թվականին ։

Շուշիի հյուսիսային մասում, բերդապարիսպների անմիջանական հարևանությամբ, Հայկական Ղումլուղ թաղամասում 1830թ. -1970թ. պահպանվում էր հունա-ռուսական եկեղեցին։ Եկեղեցու 1840թ. նոյեմբերի 20-ին կազմված գծագիր-հատակագծի համաձայն, այն կոչվում էր «Սուրբ Նահատակ Գեորգի Պոբեդոնոսեցի» անվամբ։ Խորհրդային տարիներին վանքի շենքն օգտագործվել է որպես հացահատիկի պահեստ։ Այնուհետև այն ընդհանրապես գոմի էր վերածվել։ Իսկ 1970 թվականին իշխանությունների որոշմամբ եկեղեցին քանդվել և դրա փոխարեն մշակույթի տուն է կառուցվել։

Ցավոք, հիմա էլ նույն ողբերգական պատկերն է, ու Շուշիի հայկական դիմագիծը պահելու հնարավորությունները շատ քիչ, կամ էլ հակառակը՝ հնարավորությունները կան, ցանկությունը բավարար չէ։

Արմինե Հայրապետյան

Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնն արցախցի կանանց առաջարկում է անվճար բիզնես ուսուցում

Ծրագիրը նախաձեռնվել է միայնակ մայրերի և Լեռնային Ղարաբաղից տեղահանված կանանց համար։

Ծրագիրն անվճար է, հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 5-ը։ Բացի Երևանից, մասնակից կարող են դառնալ Շիրակի, Լոռու և Արմավիրի կանայք։ Ծրագրին մասնակցելու միակ և կարևոր պայմանը բիզնես գաղափարի առկայությունն է։

Ինչպես Step1.am-ին հայտնեցին Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում (ԳՏՏԿ), երեք ամսվա ընթացքում կանայք կստանան համապատասխան գիտելիքներ տարբեր ոլորտներում՝ հաշվապահություն, գրաֆիկական դիզայն, մարքեթինգ, առցանց վաճառք և այլն, իրենց բիզնես գաղափարներն իրականացնելու համար։ Ծրագիրը կնպաստի կանանց զբաղվածությանը։

Ուսումնական փուլում, դասընթացներին զուգահեռ, կանայք GITC-ի և մենթորների աջակցությամբ կկազմեն իրենց գաղափարներին համապատասխան բիզնես պլան, որը կներկայացվի ծրագրի հաջորդ փուլում ժյուրիին և կստանա ֆինանսավորում մինչեւ 2 մլն դրամի չափով։

«Նորարարական կրթության և բիզնեսի կենտրոն» կրթական ծրագիրը միայնակ մայրերի և Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանված կանանց համար իրականացվում է «Կանանց տնտեսական հզորացման արագացուցիչ» նախաձեռնության շրջանակում։

Ալվարդ Գրիգորյան

«2022 թվականի դեկտեմբերին մենք պետք է վերադառնայինք Արցախ, բայց սկսվեց շրջափակումը»

Լեռնիկ Ալթունյանը ծնվել է Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում 1987 թ.։ Հասուն կյանքի մեծ մասն ապրել է հայրենի գյուղում։ Ականատես է եղել երեք պատերազմի։

«Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ես փոքր էի և չէի հասկանում այն ​​ամենը, ինչ կատարվում էր։ Բայց չնայած պատերազմին, շատ վառ հիշողություններ ունեմ իմ մանկությունից։ Ես չեմ զգացել պատերազմի ժամանակի բոլոր դժվարությունները ընտանիքիս և ընկերներիս շնորհիվ: Բայց, ցավոք սրտի, իմ անհոգ կյանքը կարճվեց 16 տարեկանում։

2003 թվականի ամռանը ես և ընկերներս հանգստանում էինք գետի մոտ: Անհաջող ցատկեցի եւ արդյունքում ողնաշարի վնասվածք ստացա։ Վիճակը ծանր էր, մեքենայով տեղափոխումը անցանկալի էր, ուստի ուղղաթիռով ինձ տեղափոխեցին Երեւան։ Ես չորս ամիս բուժվել եմ զինվորական հոսպիտալում։ Հետո ինձ տեղափոխեցին Կարմիր խաչի վերականգնողական կենտրոն։ Վերականգնումը տվեց դրական արդյունքներ, և ես դարձա համեմատաբար անկախ:

Արցախ վերադառնալուն պես վերականգնողական գործընթացը շարունակեցի Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում, որն ինձ համար դարձավ երկրորդ տուն։ Ֆիզիոթերապիային զուգահեռ հաճախել եմ տարբեր խմբակներ՝ փայտամշակում, խեցեգործություն։ Ես շատ էի սիրում թենիս խաղալ և լողալ: Վերականգնողական կենտրոնում մեծ ուշադրություն էր դարձվում հիվանդների հանգստի կազմակերպմանը: Շատ հաճախ դուրս էինք գալիս բնություն, այցելում մշակութային ու պատմական վայրեր։

Վերականգնողական կենտրոնի շնորհիվ ես սկսեցի լիարժեք կյանքով ապրել և ապագայի ծրագրեր կազմել իմ հայրենիքում: Եվ ես երբեք չէի պատկերացնում ինձ հայրենիքից հեռու։

Սակայն 2020 թվականը կտրուկ փոխեց ամեն ինչ։ Մեր գյուղը գտնվում էր շփման գծից հեռու։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ շատերն ապաստան էին գտնում մեր գյուղում։ Ցավոք, այս անգամ զարգացումն այլ էր. հակառակորդը հարձակումը սկսեց Հադրութի ուղղությամբ և արդեն հոկտեմբերի սկզբին հայտնվեց մեր գյուղի մատույցներում։ Մենք, ինչպես Հադրութի շրջանի բոլոր բնակիչները, ստիպված եղանք թողնել տարիների ընթացքում ձեռք բերած ունեցվածքը և լքել հայրենի գյուղը։ Ես դուրս եկա հնարավորինս շուտ վերադառնալու մտքով։

Տեղահանությունից հետո մեզ ժամանակավոր տեղավորեցին Երևանում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների դպրոցում։ Մենք հույս ունեինք, որ Արցախում բնակարան կստանանք։ 2022 թվականի դեկտեմբերի սկզբին պետք է վերադառնայինք Արցախ, բայց սկսվեց շրջափակումը, և մենք այդպես էլ չկարողացանք վերադառնալ։

Այժմ մենք շարունակում ենք ապրել Երևանում։ Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի մասնագետները մեզ չեն մոռանում. հասարակական կազմակերպության շրջանակներում մեզ անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում։ Եվ կուզենայի, որ հետագայում Ք.Քոքսը անվան վերականգնողական կենտրոնը ամբողջ կազմով վերսկսի իր գործունեությունը Երևանում։

Չնայած այն ամենին, ինչ ես ապրել եմ, իսկապես հույս ունեմ Արցախը տեսնել ազատ ու հայկական։ Եվ ես հավատում եմ, որ կապրենք, կտեսնենք այս օրը»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց Լեռնիկը։

Արսեն Աղաջանյան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մարտի 19-ին կայցելի Հայաստան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 19-ին կայցելի Հայաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել դաշինքի մամուլի ծառայությունը։

«Մարտի 19-ին պարոն Ստոլտենբերգը կժամանի Երեւան, որտեղ հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ պարոն Վահագն Խաչատուրյանի և վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տարածաշրջանային այցի շրջանակում Ստոլտենբերգը մարտի 18-ին կմեկնի Ադրբեջան, որտեղ բանակցություններ կվարի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ:

Նույն օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի նաև Թբիլիսի: Այնտեղ նա կհանդիպի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ:

Միրզոյան․ մեկ էլ հոպ, երկու օրում գնացին ու լուծարեցին իրենց հռչակած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այսօր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացնում էր կառավարության ծրագրի՝ ԱԳ նախարարությանը վերաբեերող հատվածի հաշվետվությունը։

Արարատ Միրզոյանն իր հաշվետվությունում որեւէ խոսք չասաց Արցախի էթնիկ զտման մասին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հարցրեց․ «Արցախի հայաթափման հետ դուք հեչ կապ չունե՞ք, հիմնական դիվանագետը դուք եք եղել, մասնակցել եք բանակցություններին, ո՞նց է ստացվել, որ Արցախը հայաթափվել է։ 2023 թվականը, որի կատարողականը դուք եք ներկայացնում, հայ ժողովրդի պատմության մեջ մնալու է որպես սեւ էջ, որովհետեւ այդ ժամանակ հազարամյակներով բնակեցված Արցախը հայաթափվել է, դուք էլ հիմնական դիվանագետն եք եղել, ինչո՞ւ է այդպես ստացվել, ինչո՞ւ սրա մասին չեք խոսում»։

Արարատ Միրզոյնաը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները մեղավոր չեն Արցախի հայաթափման հարցում։ «Մենք իսկապես բոլոր ջանքերը գործադրեցինք, որ Լեռնային Ղարաբաղի հայաթափումը տեղի չունենար։ Դուք, որ հարցնում եք՝ դուք հայաթափման հետ կապ չունե՞ք, իհարկե, կապ չունենք։ Մենք փորձում էինք այնպես անել, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը մնար Լեռնային Ղարաբաղում, իր պատմական բնօրրանում եւ օժտված լիներ որոշակի անվտանգային երաշխիքներով։ Մենք բոլորս կհիշենք, թե Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ուղղված մեր ջանքերը եւ նույնիսկ ձեւակերպումները ոնց էին քննադատվում ձեր իսկ կողմից եւ ոնց էին քննադատվում նույն Լեռնային Ղարաբաղում, ինչ հավակնություններ էին արտահայտվում, այն պահին, երբ մենք կոչ էինք անում կառուցողական բանակցությունների, ինչպիսի պիտակավորումներով էին մեր կոչերը մերժվում։ Եվ վերջում ի՞նչ եղավ»։

Ըստ նրա՝ Արցախի հայաթափման պատճառն այն էր, որ Ադրբեջանը ռազմական ուժ գործադրեց։ «Լեռնային Ղարաբաղի քաղաքական էլիտան, որն զբաղված էր իշխանություն փոխելով, մի քանի օրվա իշխանությամբ օժտված մարդուն ուղարկեց, եւ նա Լեռնային Ղարաբաղի լուծարման մասին հրամանագրով հանդես եկավ։ Ձեր ընտրած պրոցեսների մեղավորության սլաքն այլ ուղղությամբ մի ուղղեք։ Մենք ամեն ինչ արել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը շարունակի այնտեղ ապրել՝ օժտված իրենց իրավունքներով։ Ախր փաստերն ակնհայտ են, երբ Հայաստանի կառավարությունը կոչ էր անում աշխատել ԼՂ ժողովրդի իրավունքների ուղղությամբ, դուք քննադատում էիք այդ քաղաքականությունը, եւ ձեր այդ քննադատությունը տասնապատիկ ավելի լսվում էր Ստեփանակերտում։ Այն պահին, երբ մենք կոչ էինք անում աշխատել այդ իրավունքների պահպանման ուղղությամբ, այնտեղ ընդունում էին բանաձեւեր զանազան տարածքների մասին, մեկ էլ հոպ, երկու օրում գնացին ու լուծարեցին իրենց հռչակած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Եթե դուք հարցեր ու մեղադրանքներ ունեք, գնացեք ուրիշ մարդկանց տվեք։ Մենք չենք դրա մեղավորը, մենք ամեն ինչ արեցինք, որ այդ իրավիճակը կանխենք։ Որոշեցին լուծարել, սովորական մարդիկ ստիպված եղան փախնել՝ իրենց կյանքը փրկելու համար, մենք միայն կարող էինք եւ դա արեցինք՝ գրկաբաց ընդունել այդ մարդկանց ու հոգ տանել»,- ընդգծեց նախարարը։

Աննա Գրիգորյանը հիշեցրեց․ «Դուք ասում եք՝ Արցախի իշխանություններն են մեղավոր, դուք Արցախը ճանաչել եք Ադրբեջանի կազմում, այն ժամանակ, երբ Արցախի վրա հարձակում է եղել, հեռու եք կանգնել։ Եվ այդ պայմաններում նույնիսկ, երբ Սամվել Շահրամանյանը եկել է իշխանության, ինքը պատրաստակամություն է հայտնել գնալ բանակցել»։

Միրզոյանի բառապաշարը ապշեցուցիչ է․ “իրենց հռչակած Լեռնային Ղարաբաղը”, “մարդիկ փախել են”։ Байрамов нервно курит в сторонке. 

Նկարում՝ Արայիկ Հարությունյանի երդմնակալությունը, Շուշի, 2020 թ․ մայիս

Արարատ Միրզոյանը խոստովանեց, որ Ադրբեջանի իշխանությունները չեն ճանաչում նաեւ Ալմա-Աթայի հռչակագրով ամրագրված սահմանները

«Մեկ տարի առաջ դուք այստեղ խոսում էիք Արցախում հայերի իրավունքների պաշտպանության մասին, մեկ տարի հետո մենք այն իրավիճակում ենք, որ քննարկում ենք Տավուշից գյուղեր հանձնելու հարցը։ Ձեր զեկույցից չի զգացվում, որ դուք ցեղասպանությունից մեկ դար անց նորից ցեղասպանված ժողովրդի պետական կազմավորման արտաքին գործերի նախարարն եք»,- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Արարատ Միրզոյանը նշեց․ «Ասում եք՝ Տավուշի մարզից գյուղեր եք հանձնում։ Հայաստանի Հանրապետության որեւէ պաշտոնյա իրավունք չունի վարել որեւէ բանակցություն, ոչ միայն Տավուշի մարզի, այլեւս ՀՀ տարածքի որեւէ այլ մարզի այլ գյուղ որեւէ մեկին հանձնելու վերաբերյալ։ Որեւէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել որեւէ այլ երկրի։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որի երաշխավորման համար նախատեսված են իրավական մեխանիզմներ։ Հետեւաբար, մենք Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չենք բանակցում»։

Քրիստինե Վարդանյանը հայտարարեց․ «Նիկոլ Փաշինյանի ասուլիսը լսե՞լ եք, դուք որոշել եք թիմով, թե որն է հայկական գյուղ, որը հայկական գյուղ չէ՞։ Փաստ կա, այն 4 գյուղը, որոնք Ադրբեջանը պահանջում է եւ որոնց վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ պիտի գնանք այդ ճանապարհով, պիտի գնամ հանրությանը համոզեմ, հայկական վերահսկողության տա՞կ են, թե՞ ոչ, Հայաստանի զինվորների թիկունքում են, թե՞ Հայաստանի զինվորների առջեւում։ Դուք կարող եք ասել՝ սովետական ժամանակ դրանք հայկական չեն եղել, փաստորեն դուք սահմանագծում-սահմանազատումն արել եք առանց փաստաթղթի ու արդեն պայմանավորվե՞լ եք»։

Միրզոյանը նշեց․ «Ես առաջնորդվում եմ ոչ թե հայկական գյուղ կամ ադրբեջանական գյուղ կատեգորիաներով, այլ Հայաստանի Հանրապետության գյուղ եւ Ադրբեջանի գյուղ։ Ես ձեզ նորից կարող եմ կրկնել՝ ՀՀ որեւէ պաշտոնյա իրավունք անգամ չունի բանակցել Հայաստանի Հանրապետության որեւէ գյուղ որեւէ մեկին տալու ուղղությամբ։ Մեր համոզմամբ՝ երկու երկրների միջեւ փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը եւ հետագա սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Սա նշանակում է, որ այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել երկու երկրների միջեւ Խորհրդային միության փլուզման պահին, պետք է վերարտադրվեն գետնի վրա։ Ինչ-որ այդ սահմանից կլինի ձախ, պետք է պատկանի Հայաստանին, ինչ որ կլինի այդ սահմանից աջ, կպատկանի Ադրբեջանին։ Այստեղ որեւէ գաղտնիք ու դավադրություն չկա»։

Միաժամանակ, Արարատ Միրզոյանը խոստովանեց, որ Ադրբեջանի իշխանությունները չեն ճանաչում նաեւ Ալմա-Աթայի հռչակագրով ամրագրված սահմանները։ Նա ասաց, որ ադրբեջանական կողմն ստորագրել է Ալմա-Աթայի հռչակագիրը, իսկ Ալիեւն այդ սահմանները ճանաչելու մասին գրավոր հայտարարության տակ ստորագրել է եւ Պրահայում, եւ Սոչիում, եւ Բրյուսելում։

«Ցավոք սրտի, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանում երբեմն առանձին դիրքորոշումներով հետընթացներ են լինում այն պայմանավորվածություններից, որոնք մենք արդեն ինչ-որ փուլում համարում ենք, որ ձեռք ենք բերել։ Բայց նաեւ ուզում եմ ասել, որ փոխըմբռնումն այս հարցով այս պահի դրությամբ ավելին է, քան մեկ ամիս առաջ։ Ես գոնե այս պահին տպավորություն ունեմ, որ մենք շատ մոտ ենք այդ հարցով փոխադարձ համաձայնության գալու»,- նշեց նա։

Միրզոյանը կրկնեց, որ պետք է հիմք ընդունվեն Խորհրդային միության փլուզման պահին եղած սահմանագիծը, պատգամավորների հարցին՝ ո՞նց են որոշելու այդ սահմանագիծը, նա պատասխանեց․ «Այդ գիծը հնարավոր է գտնել Խորհրդային միության իրավասու մարմինների կողմից կազմված իրավական անհրաժեշտ հիմք ունեցող, իրավական անհրաժեշտ գործընթացներով կազմված իրավական ակտերում եւ դրանցից բխող քարտեզներում։ Թե որոնք են դրանք, փոխադարձ համաձայնություն այս պահին չկա։ Գիտեք, որ մենք բազմիցս առաջարկել ենք եւ կարծում ենք, որ այդ գիծը լավագույնս արտացոլված է 1974-1978 թվականների ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզներում, բայց քննարկումները շարունակվում են»։

Միրզոյանը խոսել է արցախցիներին ինտեգրելու մասին, “եթե նրանք այլ որոշում չունեն”

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հարցրեց արտաքին գործերի նախարար Արարատ Միզրոյանին, թե Հսայաստանի կառավարությունն ի՞նչ աշխատանք է տանում՝ բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքը վերականգնելու հարցով։

«Արցախի հայերի վերադարձի իրավունք պաշտոնապես հետապնդվո՞ւմ է արտաքին գործերի նախարարության կողմից, թե՞ ոչ, ո՞նց է դա բարձրաձայնվում»,- հարցրեց պատգամավորը։

Ի պատասխան Արարատ Միրզոյանն ասաց․ «Մենք բախվել ենք մի իրավիճակի, երբ բռնի գործողությունների, ուժի գործադրման արդյունքում մեր ազգակիցները ստիպված են եղել թողնել իրենց տները եւ իրենց ընտանիքի անդամների կյանքի փրկության համար ապաստան են գտել Հայաստանում։ Նրանք բռնի տեղահանվածներ ու փախստականներ են, որոնց մենք պարտավոր ենք ոչ միայն առաջին օգնությունը ցույց տալ, այլ նաեւ հիմա արդեն խոսում ենք հնարավոր ամենալավ, ամենահարմար, ամենալայն ինտեգրման մասին Հայաստանի Հանրապետությունում, եթե չլինի իրենց կողմից այլ որոշում։ Մենք մեզ այդքան էլ իրավունք չենք վերապահում այս պահին հատկապես հրապարակային ուղղորդող հայտարարություններ անել»։

Միրզոյանը ճանաչեց այլոց ուժի իրավունքը եւ հրաժարվեց Հայաստանի ինքնապաշտպանության իրավունքից

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրեց, թե ինչու է Ալմա-Աթայի հռչակագիրը դարձել Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցությունների հիմք։

«Ալմա-Աթայի հռչակագիրն ընտրվել է, որովհետև սա այն առաջին և հիմնական փաստաթուղթն է, որտեղ Ադրբեջանը և Հայաստանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թվականի սահմաններով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում։

Հիշեցնենք՝ ԱլմարԱթայի հռչակագիրը միակ փաստաթուղթն է, որը Փաշինյանը կարողացել է պեղել, ապացուցելու համար Արցախի եւ Նախիջեւանի “պատկանելիությունը” ադրբեջանին։

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են փոխընբռման 1991 թվականին՝ ԽՍՀՄ փլուզման պահին երկու երկրների միջեւ եղած սահմանները՝ որպես սահմանազատման և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիմք ճանաչելու հարցի շուրջ, ասաց Միրզոյանը:

Փաշինյանը իր վեզիր Միրզոյանի հետ պնդում է 1991 թ․ սահմանները, հայտարարելով, որ դրանով “զրոյանում” է իրավիճակը։ Սակայն ամբողջ “հմայքը” կայանում է նրանում, որ Հայաստանը, փաստորեն, զրոյացնում է 1991-ից հայկական կողմի՝ ինքնապաշտպանոթյան իրավունքով ձերք բերածը եւ ճանաչում Բաքվի ուժի իրավունքը եւ վերջին պատերազմի արդյունքները։

Արարատ Միրզոյանն ասաց. «Աշխարհակարգը ոչ թե փոխվում է, այլ եղած աշխարհակարգն արեն չկա, փլուզվել է: Այդ աշխարհակարգին բնորոշ կանոնները համատարած չեն պահվում: Մենք ապրում ենք մի շրջան, երբ որոշներին թվում է, որ ուժն է ծնում իրավունք: Հանուն արդարության պետք է նկատել, որ այդ մոտեցումը այսօր որոշ դեպքերում լավ էլ արդարացված է:

Այս պայմաններում, երբ դու տեսնում ես, որ քո միջավայրը չկա, հարեւանությամբ կան կողմեր, որոնք առաջնորդնվում են «ուժն է ծնում իրավունք» սկզբունքով, դու պարտավոր ես  կառավարել այդ իրավիճակն այնպես, որ այդ մարտահրավերները քեզ չոչնչացնեն: Օրինակ,  կարգավորել հարաբերությունները կոնֆլիկտի կողմերի հետ, գտնել նոր գործընկերներ, կողմեր, որոնց հետ համագործակցությունը գոնե մի փոքր  կբարձրացնի պաշտպանվածության աստիճանը»,-ասաց Արարատ Միրզոյանը:

Այսինքն՝ ճանաչելով թշնամու ուժի իրավունքը, Հայաստանը չի պատրաստվում ինքնապաշտպանվել, հրաժարվելով իր ինքնապաշտպանության իրավունքից եւ “կարգավորելով հարաբերությունները” ագրեսորի հետ։

Իլհամ Ալիևն իր հերթին ՄԱԿ-ի ներկայացուցչին այսօր ասել է, որ “Ադրբեջանը վերջ դրեց հայկական օկուպացիային՝ օգտագործելով ինքնապաշտպանության իրավունքը՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն, և դրա արդյունքում այսօր տարածաշրջանն ավելի քան երբևէ մոտ է խաղաղությանը»։

 

Մարսելում այսօր կբացվի Սողոմոն Թեհլիրյանի կիսանդրին

Այսօր Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում տեղի կունենա հիշատակի միջոցառում՝ նվիրված Սողոմոն Թեհլիրյանին (Թեհլերյանին)։ Ելույթներին կհաջորդի փաստավավերագրական ֆիլմի ցուցադրություն՝ նվիրված Թեհլիրյանի դատավարությանը։

orer.eu-ն հայտնում է, որ այսօր ժամը 11։00-ին, Մարսելի հայաշատ Պոմոն թաղամասի Pasteur հրապարակում հանդիսավորությամբ տեղի կունենա հայ ժողովրդի արդարահատույց անհատի՝ Սողոմոն Թեհլիրյանի կիսանդրու բացումը։ Բացումից հետո, Պոմոնի Հայ Առաքելական եկեղեցու սրահում տեղի կունենա հիշատակի ձեռնարկ։

Հայ ազգային- ազատագրական շարժման գործիչ է, հայ վրիժառու, Հայոց ցեղասպանության վերապրող Թեհլիրյանը ծնվել է 1896թ ապրիլի 2-ին Բագառիճում՝ Օսմանյան կայսրությունում և մահացել է 1960թ մայիսի 23-ին Սան Ֆրանցիսկոյում։

1921 թվականին Թեհլիրյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում նա գնդակահարել է Թալեաթին և ձերբակալվել։ Սակայն 1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչել նրան։