Քաղաքացիություն Ուկրաինայում կռվելու դիմաց․ Միգրանտների շուրջկալ Ռուսաստանում

Ռուսաստանում աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել. առաջին անգամ դատարանը Կենտրոնական Ասիայից երկու միգրանտի զրկել է երկրի քաղաքացիությունից՝ զինվորական հաշվառումից խուսափելու համար, հայտնում է Dialog.UA-ն՝ հղում անելով ՏԱՍՍ-ին։

Հաղորդվում է, որ դա տեղի է ունեցել Չելյաբինսկում։ Երկու միգրանտների քաղաքացիությունից զրկելը նախաձեռնել է տեղի ՆԳՆ-ն, որը նախկինում «Ապօրինի միգրանտ» ծածկանունով ռեյդեր էր իրականացրել։ Դրանցից մեկի ժամանակ բռնել են երկու տղամարդու՝ 21 և 24 տարեկան, ովքեր Ռուսաստան են մեկնել աշխատելու համար և ստացել ՌԴ քաղաքացիություն։ ՆԳՆ-ից նրանց հրահանգել են հաշվառվել զինծառայության համար, սակայն եղբայրները հրաժարվել են։ Այժմ նրանց վտարում է սպառնում։

Նշենք, որ ՌԴ նոր օրենքի համաձայն, միգրանտները կարող են արագացված կարգով ստանալ ՌԴ քաղաքացիություն զինծառայության անցնելու դիմաց։

Գազի գինը սահմանին 2024-ին չի փոփոխվի. փոխվարչապետ Գրիգորյան

Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի գինը 2024 թվականին չի փոփոխվի, ըստ այդմ չի փոփոխվի սակագինը նաև սպառողների համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Այս պահի դրությամբ մենք ունենք հստակ տեղեկություններ, որ 2024 թվականին սահմանին գազի գինը չի փոխվելու: Եվ վստահ եմ, որ, ըստ այդմ, նաև սակագինը չի փոփոխվի»,-ասաց Գրիգորյանը:

Փոխվարչապետի տեղեկություններով՝ հայաստանյան «Գազպրոմը» մայր «Գազպրոմ»-ի հետ 2024 թվականի համար արդեն կնքել է պայմանագիրը, որով գնի որևէ փոփոխություն նախատեսված չէ:

 Ռուսական գազի գինը սահմանին Հայաստանի համար կազմում է 165 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։

Հայաստանում օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Հայաստանի Հանրապետությունում օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-ի ցերեկը կնվազի 3-5, դեկտեմբերի 18-ի և 19-ի գիշերը՝ ևս 7-10 աստիճանով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

Երևանում դեկտեմբերի 15-ի ցերեկը, դեկտեմբերի 16-ին, 17-ի գիշերը, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 17-ի ցերեկը և երեկոյան սպասվում են տեղումներ։

Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 16-ին, 17-ի գիշերը, 18-ի ցերեկը, 19-ին, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն, դեկտեմբերի 18-ի առավոտյան ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, դեկտեմբերի 17-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում սպասվում է բուք։

Forrights «Ես ո՞նց գնամ երկու կոպեկի համար անձնագրով հրաժարվեմ Արցախից»

Forrights

Գրիգորյանների ընտանիքը Ստեփանակերտից հեռացել է սեպտեմբերի 28-ին՝ Արցախ ադրբեջանական ներխուժումից 9 օր անց։ «Արդեն թուրքը Ստեփանակերտի մատույցներում էր, կրակոցները պարզ լսվում էին, պահը կրիտիկական էր։ Ստեփանակերտից հեռացանք ամսի 28-ին, մնացել էինք էդքան էն հույսով, որ կարող ա բան փոխվի։ Բայց հասկացա, որ չէ, ոչ մի բան էլ չի փոխվի», -Forrights.am-ի հետ զրույցում ներկայացնում է ադրբեջանական հարձակման հետևանքով բռնի տեղահանված Կարեն Գրիգորյանը։

Երկու ընտանիքով Ստեփանակերտից Հայաստան բռնի տեղահանված Գրիգորյանները այնտեղ թողել են փոքր բիզնեսը, խանութն ու հարազատ միջավայրը։ Այստեղ ապրում են Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում, հարազատի տանը, որը շուտով ստիպված են ազատել։

«Երբ գազի պայթյունը տեղի ունեցավ, բժիշկները չէին կարողանում գալ, հասկացանք, որ վերջ, վախտն ա, որ մենք էլ գնանք։ Շատ դժվար էր, քո ձեռով տունը փակես, դուրս գաս։ Մաման վերջում տունը լվաց, ուբոռկա արեց, դուռը փակել ենք, դուրս եկել», -հիշում է Կարենը։ Տան բանալիները, ասում է, իրենց մոտ են․ դրանք անպայման վերադառնալու հույս են տալիս։

39-ամյա Կարեն Գրիգորյանը արցախյան առաջին պատերազմում կորցրել է հորը, հետո ինքն է մասնակցել Արցախում ծավալված բոլոր ռազմական գործողություններին, զինվորական թոշակառու է, ունի 3-րդ կարգի հաշմանդամություն։ Ասում է՝ իր հետ կարողացել է Հակարիով անցկացնել բոլոր շքանշաններն ու ռազմական գործողություններին մասնակցությունը վկայող փաստաթղթերը։

«Արցախում թողեցինք ամեն ինչ, ամեն ինչ, բայց ամենակարևորը՝ մեր տեսակն ենք թողել Ստեփանակերտում, մեր էությունը։ Ճիշտը որ ասեմ ստեղ օդը չի հերիքում, դուրս եմ գալիս տնից, ուզում եմ մաքուր օդ շնչեմ, բայց չեմ կարում, օդի պակաս եմ զգում», -ասում է Կարեն Գրիգորյանը։

Երկու անչափահաս երեխան, կինը և մայրն են Կարենի ընտանիքի անդամները։ Եղբայրն իր ընտանիքի հետ հաստատվել է Երևանում։ Փոքր Վեդիի տունը մոտ ժամանակներում ազատելու պայման է դրված ու առայժմ չեն կարողանում հարմար գնով մի բնակարան էլ իրենք գտնեն մայրաքաղաքում։ Կարենն ու իր ընտանիքը մի ամբողջ կյանք ապրել են Ստեփանակերտում և գյուղական բնակավայրին սովոր չեն։ Ասում է՝ չի կարող զբաղվել հողագործությամբ, անասնապահությամբ ու այժմ անորոշության մեջ է՝ ինչ անել, ինչպես ապրել․ «Գնաս ո՞ւմ ասես՝ ես ով եմ։ Էս տարիքում նորից զրոյից պիտի սկսեմ, չեմ էլ պատկերացնում՝ ինչ անեմ։ Շատ դժվար ա»։

Պետության պահանջը` հաշվառվել Հայաստանում, ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր և հետո միայն օգտվել դրանից բխող իրավունքներից ու ֆինանսական հնարավորություններից, ներքին ընդվզում է առաջացրել Կարեն Գրիգորյանի մոտ․ «Ես ո՞նց գնամ երկու կոպեկի համար անձնագրով հրաժարվեմ Արցախից։ Պետությունն ինձ ասում ա՝ տալիս եմ ժամանակավոր հաշվառում, ու եթե ես վաղը Արտաշատից գնամ ուրիշ տեղ, ընդեղ էլ պետք ա ստանամ ժամանակավոր հաշվառում։ Այսպես ժամանակավոր ինչքա՞ն»։

Կարենին այս օրերին հետաքրքրող միակ հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս է պետությունը պատկերացնում արցախցիների ապագան․«Եթե մեր ապագան չի տեսնում, ավելի ճիշտ կլինի ազնիվ լինեն ու հայտարարեն՝ ժողովու’րդ, ձեր գլխի ճարը տեսեք, որ իմանանք՝ ինչ անել։ Շատերը կան, որ արտագաղթել են, շատերս էլ անորոշության մեջ ենք, մտածում ենք՝ գնա՞լ, թե մնալ։ Ի՞նչ է մեզ սպասվում»։

Հասմիկ Համբարձումյան

Լուկաշենկոն ասում է, որ Փաշինյանը մեղավոր չէ. Այդ դեպքում ո՞ւմ են դատելու Հաագայում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ այն, ինչ տեղի է ունեցել, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղքով չէ։ Նրա խոսքով, «նա ժառանգել» է ստեղծված իրավիճակը։ Բատկան հիշեց իր զրույցը Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, որտեղ վերջինս 5 միլիարդ դոլար էր առաջարկում հինգ շրջանների դիմաց, իսկ հայկական պետության ղեկավարը չընդունեց նրա առաջարկը։

«Եթե համաձայնվեին, այս պատերազմը սկսելու պատճառ էլ չէր լինի։ Ամեն ինչ համաձայնեցված կլիներ։ Ինչո՞ւ այն ժամանակ դա չարեցին։ Ի՞նչ են ​​նրանք ստացել: Հայաստանը ավելի լա՞վն է դարձել. Ո’չ, Ադրբեջանի համար էլ հեշտ չէ. Իլհամն այս հարցում խելացի մարդ է»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

Ավելի վաղ Պուտինն էր հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանը մեղավոր չէ։

Իսկ 2018 թվականի ապրիլի 23-ին Հայաստանում Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու դեմ բողոքի ցույցերի գագաթնակետին Մարիա Զախարովան աջակցեց Փաշինյանի շարժմանը և, մասնավորապես, հայտարարեց, որ «ժողովուրդը, որն ուժ ունի նույնիսկ ամենադժվարին պահերին չբաժանվել և հարգալից մնալ միմյանց հանդեպ, չնայած կատեգորիկ տարբերություններին, մեծ ժողովուրդ է»:

Սերժ Սարգսյանի նկատմամբ թշնամանքը Ռուսաստանում երբեք չի թաքցվել, հատկապես այն բանից հետո, երբ Սարգսյանը գրեթե ավարտեց ԵՄ-ի հետ ասոցացման բանակցությունները։ Մոսկվան կտրուկ ընդհատեց այդ բանակցությունները՝ ստիպելով Սարգսյանին հայտարարել դեռևս գոյություն չունեցող Եվրասիական միությանը միանալու մասին։

Թուրքիան իր հերթին ամեն ինչում մեղադրում է Սփյուռքին, իսկ Հայաստանի հետ «խաղաղության» պայմաններից մեկը Անկարան առաջ քաշեց Հայաստանի «անջատումը» սփյուռքից, ինչն էլ արվեց (մնում է Արարատը զինանշանից հանել)։ Ալիևն ասում է, որ «Հայաստանի կառավարությունը» 1990-ականներին օկուպացրել է «ադրբեջանական հողերը» և արտաքսել «մեկ միլիոն ադրբեջանցիների»։ Հայաստանի կառավարություն ասելով նա նկատի ունի Փաշինյանից առաջ Հայաստանի իշխանություններին։

Եթե ​​Փաշինյանը մեղավոր չէ, ապա ո՞վ է դատվելու Հաագայում «խաղաղության պայմանագրի» կնքման արդյունքներով։ Ի վերջո, պայմանագիրը սովորաբար պարունակում է կետ «ռազմական հանցագործներին» պատժելու մասին։

Փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնում Հայաստանի՝ Միջազգային քրեական դատարանին միանալու մասին արձանագրությունը։ Երեկ Սերժ Սարգսյանի խափանման միջոցը փոխվել է և նրան թույլ են տվել մեկնել Հայաստանից դուրս։ Անվտանգ կլինի՞ նրա համար։

Միացյալ Նահանգները ողջունում է Թուրքիայի արդյունավետ դերը Հայաստանի և ազերբայդժանի միջև հակամարտության կարգավորման գործում․ Պետդեպ

Միացյալ Նահանգները ողջունում է Թուրքիայի արդյունավետ դերը Հայաստանի և ազերբայդժանի միջև հակամարտության կարգավորման գործում, ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունները։

Միլլերի խոսքով՝ Վաշինգտոնը, ինչպես Անկարան, աջակցում է խաղաղության հաստատմանն ուղղված ուղիղ բանակցություններին Երեւանի եւ Բաքվի միջեւ։

Ինչ վերաբերում է ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի վերջին բանակցություններին, ապա այս թեման, ըստ ամերիկացի դիվանագետի, քննարկվել է։

Միլլերի խոսքով՝ այս հարցը պարբերաբար վերանայվում է արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների կողմից։ Նա, սակայն, չի հրապարակել քննարկման մանրամասները։

Ռուսական դիվանագիտության ծուռ հայելին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանություն է տարածել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Այս հայտարարությունը ռուսական քաղաքականության դասագիրք է, որն ամեն ինչ փոխում է բոլորի աչքի առաջ։

Երևանում որոշ քաղաքական գործիչներ դժգոհություններ են հայտնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու Ռուսաստանի ջանքերից և խոսում են 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի «անարդյունավետության» մասին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ։

«Անհրաժեշտ ենք համարում պարզաբանել այս հարցերը։

Եռակողմ համաձայնագրերի շարքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ի, 2022 թվականի հոկտեմբերի 31-ի հայտարարություններից բաղկացած Բաքվի և Երևանի հաշտեցման ոչ այլընտրանքային «ճանապարհային քարտեզ» է։ Այն ընդգրկում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր առանցքային ոլորտները՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում, խաղաղության պայմանագրի կնքում և’ հասարակության, և’ փորձագիտական ​​շրջանակների ներկայացուցիչների միջև երկխոսության զարգացում: Այս համաձայնագրերը մնում են ուժի մեջ, կողմերից ոչ մեկը հետ չի վերցրել իր ստորագրությունը դրանց վերաբերյալ։

Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բացակայությունը, մենք չափազանց վտանգավոր ենք համարում այս կարևոր փաստաթղթերից հրաժարվելու փորձերը։ Նման քայլն անխուսափելիորեն կբերի լուրջ ռիսկերի, առաջին հերթին հենց Հայաստանի համար։ Արեւմտյան կեղծ միջնորդների օգնությամբ հնարավոր չի լինի կանգնեցնել այդ մարտահրավերները։ ԱՄՆ-ը և ԵՄ-ն, ի տարբերություն Ռուսաստանի, չեն ձգտում խաղաղություն և կայունություն հաստատել Հայաստանի և Հարավային Կովկասի այլ պետությունների համար, նրանց խնդիրն այլ է. մեզ և տարածաշրջանային մյուս խաղացողներին դուրս մղել, լարվածության նոր օջախ ստեղծել Բալկաններից, Մերձավոր Արևելքից և Ուկրաինայից հետո։

Չենք կարող չնշել Երևանի մի շարք գործողություններ, որոնց պատճառով հնարավոր չեղավ ամբողջությամբ իրականացնել եռակողմ պայմանավորվածությունները։ Մենք արդեն նշել ենք այս կետերը։

Բանն այն է, որ հայկական կողմը 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովում 180 աստիճանով փոխել է իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում՝ ճանաչելով նրա պատկանելությունն Ադրբեջանին և «մոռանալով», Եվրամիության խորհրդականների դրդմամբ, գոնե հիշատակել տարածաշրջանի հայ բնակչության իրավունքների և անվտանգության պատշաճ ապահովման անհրաժեշտությունը։ Այս որոշումը արմատապես փոխեց իրավիճակը այն տարածքում, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։

Բացասական ազդեցություն են ունեցել նաև հայկական կողմի կողմից Լաչինի միջանցքի օգտագործումը Ղարաբաղին զենք մատակարարելու համար՝ խախտելով եռակողմ պայմանավորվածությունները, և Երևանի չցանկանալն ապահովել հայկական զինված ստորաբաժանումների ամբողջական դուրսբերումը տարածաշրջանից, ինչը մեծապես հանգեցրեց սեպտեմբերի ռազմական բախումներին»,- նշել է նա։

«Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Երևանն էր, որ ժամանակ առ ժամանակ ամեն կերպ «սառեցնում էր» ելքը դեպի կոնկրետ պայմանավորվածություններ՝ Եռակողմ աշխատանքային խմբի միջոցով՝ փոխվարչապետերի համանախագահությամբ։ Մասնավորապես, հայկական կողմը երկար ամիսներ արգելափակում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման աշխատանքների մեկնարկը՝ հրաժարվելով կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի բարձր մակարդակի հայտարարության 9-րդ կետի դրույթները։

Չնայած Բաքվի և Երևանի միջև վերջին պայմանավորվածությունների կարևորությանը՝ գերիների փոխանակման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի վերաբերյալ համաձայնության, Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ, իրական սահմանազատման աշխատանքները, որոնց շուրջ երեք առաջնորդները պայմանավորվել էին դեռևս 2021 թվականի նոյեմբերին, դեռ չեն սկսվել։

Բարձրաստիճան ղեկավարների վերոնշյալ որոշումների կասեցումն ուղղակի հետևանք է Երևանի գործողությունների անհամապատասխանության, այլ ոչ թե Մոսկվայի քաղաքականության, ինչպես փորձում են պնդել ոմանք։

Այս բարդ իրավիճակից ելքն ակնհայտ է՝ վերադառնալ եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը, ինչի համար ռուսական կողմը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ բոլոր օգնությունները, որոնց արդիականությունն ու օգտակարությունը մեկ անգամ չէ, որ ապացուցվել է»,- նշել է նա։

Հիշեցում՝ ԼՂ հայրենակիցներին․ երկամսյա 50 հազար դրամ աջակցության ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է

Հիշեցնում ենք, որ առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար նախատեսված 50 հազար դրամ աջակցության ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը վաղն է՝ դեկտեմբերի 15-ը։

Նշված ծրագրի շրջանակում պայմաններին համապատասխանող անձինք դիմումները կարող են լրացնել՝ մուտք գործելով նշված հղումով՝ https://50.socservice.am

Դիմումի լրացման քայլերի հաջորդականությունը ներկայացված է հետևյալ հղումով՝ https://www.mlsa.am/news/539։

Հիշեցնենք, որ ծրագրից կարող են օգտվել 100 հազար դրամ միանվագ սոցիալական աջակցության միջոցառման շահառու հանդիսացող անձինք՝ որոշ բացառություններով։

Միջոցառման շահառու չեն հանդիսանում հյուրանոցներում կամ հյուրատներում 2023 թվականի նոյեմբերի 15-ի դրությամբ ժամանակավոր բնակվող, ՀՀ ում չգտնվող և բանկային հաշիվներում 2 մլն դրամական շեմից ավելի դրամական միջոց ունեցող անձինք (սահմանափակումը վերաբերում է անձին և ոչ ընտանիքի անդամներին)։

Բացառություն կկազմեն զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամից հատուցում ստացող անձինք, որոնց վրա բանկային հաշիվներում 2 մլն դրամ ունենալու դեպքում սահմանափակումը չի տարածվի։

Ծրագրի համար դիմումը լրացնելիս անձը պետք է տա իր բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների չափը 2023 թվականի հոկտեմբերի 2-ի դրությամբ 2 000 000 դրամը չգերազանցելու մասին տեղեկություն ստանալու վերաբերյալ համաձայնություն։ Վճարումներն իրականացվում են բանկերի միջոցով՝ անկանխիկ եղանակով՝ աջակցության գումարը քարտային հաշվին փոխանցելու միջոցով։

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Դա միջանկյալ որոշում էր. մեկ հոգի չի կարող որոշել, որ Արցախի Հանրապետությունը պետք է լինի կամ չլինի

«Արցախի Հանրապետությունը հանրաքվեով հռչակված պետություն է եւ մեկ հոգու որոշմամբ չի կարող լուծարվել»,- step1.am-ի հետ զրույցում ասաց Արցախի պահեստազորի մայոր Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրին։

«Դա միջանկյալ որոշում էր՝ Արցախի բնակչությանը փրկելու համար, բայց դա չի նշանակում, որ մեկ հոգի կարող է որոշել, որ Արցախի Հանրապետությունը պետք է լինի կամ չլինի։ Դա ժողովրդի հանրաքվեի միջոցով հռչակված հանրապետություն է՝ նախկին ԽՍՀՄ Սահմանադրության ու օրենքների պահպանմամբ ստեղծված։ Մենք այդ ինքնորոշման իրավունքը լրիվ օրինական ձեւով իրացրել ենք, կայացրել ենք, 30 տարի եղել ենք դե ֆակտո անկախ պետություն։ Եվ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։ Հիմա ստացվել է այսպես, որ մի քանի տարվա մեջ այդ 30 տարվա ձեռքբերումը ծախեցինք»,- ասաց Արմեն Պետրոսյանը։

Նա նաեւ հավելեց․ «Հայաստանի իշխանությունը ոչ թե հունվարի 1-ին է սպասում, այլ սեպտեմբերի 20-ից առաջ էլ Հայաստանի իշխանությունը չէր ընդունում Արցախի Հանրապետությունը։ Ոչ մի պետական հանդիպում չէր անցկացվում Արցախի իշխանությունների հետ, նույնիսկ ՀՀ իշխող կուսակցության պատգամավորը Արցախի պատգամավորների՝ Հայաստանում անցկացրած նիստը համարել է Հայաստանի Հանրապետությանը դեմ գործողություն։ Նրանք Արցախը մերժել են դեռեւս 2020, անգամ կասեի՝ 2018 թվականից»։

Արմեն Պետրոսյանի խոսքով՝ արցախցիների վերադարձը հնարավոր չէ այն պայմաններում, երբ Արցախն Ադրբեջանի վերահսկողության տակ է։ «Անկախ նրանից, ինչ ստատուս էլ լինի Ադրբեջանի կազմում, անիմաստ է վերադառնալը, դա  բացառվում է»,- ասաց նա։ Արցախ վերադառնալու համար, Արմեն Պետրոսյանի խոսքով, պետք է համապատասխան պայմաններ ապահովվեն։ Օրինակ՝ կա’մ կճանաչվի Արցախի անկախությունը, կա’մ Արցախը կճանաչվի Հայաստանի Հանրապետության մաս։

Կենսաթոշակները և նպաստները ԼՂ-ից տեղահանվածներին վճարվելու են 2024 թ. հունվարին

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց 2023 թ. կենսաթոշակի, նպաստների և պարգևավճարի վճարումն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:

Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանված ժամանակահատվածում վճարվելիք կենսաթոշակի, պարգևավճարի, պատվովճարի, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, չաշխատող անձի մայրության նպաստի, երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքի իրացման համար հատկացնել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին:

Ըստ հիմնավորման՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակ կամ նպաստ նշանակվելու է 11.12.2023-ից ներկայացրած դիմումների հիման վրա: Ընդ որում՝ պարբերական վճարների դեպքում վճարվելու են 2023 թ. հոկտեմբերի 1-ից:

Պարբերաբար վճարվող այն վճարները՝ կենսաթոշակները, պատվովճարները, պարգևավճարները, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, որոնք ԼՂ-ից բռնի տեղահանվածներին նշանակվելու են առաջին անգամ, ինչպես նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը 2023 թ. դեկտեմբերին ներկայացված դիմումների հիման վրա վճարվելու են 2024 թ. հունվարին:

Ընդ որում՝ 2024 թ. հունվարի գումարի հետ կվճարվեն նաև նախորդ ամիսների գումարները: Այդ բոլոր կարգավորումները նախատեսված են ՀՀ օրենսդրությամբ և կիրառվում են բոլոր դեպքերում: Սա նշանակում է, որ որոշմամբ առաջարկվող գումարներն ուղղվելու են բացառապես այն պարբերական գումարների վճարմանը, որոնք նշանակվել և վճարվել են ԼՂ-ում:

Միանվագ բնույթի վճարները 2023 թվականին կվճարվեն ըստ նշանակումների, որոնք կկատարվեն ներկայացված դիմումների հիման վրա:

Այսինքն՝ չաշխատող անձի մայրության նպաստը և երեխայի ծննդյան միանվագ նպաստը 2023 թ. դեկտեմբերին կվճարվեն, եթե ներկայացվի դիմում, և նշանակվի նպաստ:

Առնվազն 23 հաստատված բանտարկյալ դեռ Բաքվում է. Բեգլարյան

Առնվազն 23 հաստատված բանտարկյալ դեռ այնտեղ է. X-ի իր իկրոբլոգում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ բեգլարյանը։

«Նրանցից 14-ը քաղաքացիական անձինք են, որոնք գերեվարվել են ինչպես 2020-ին, այնպես էլ 2023-ին։ Կարծում եմ՝ 20-ն Արցախից են։ Նրանք բոլորը պետք է ազատ արձակվեն միջազգային ճնշման ներքո»,-գրել է նա։

Հնարավորություն կա՞, որ Արցախի ներկայացուցիչները ներկայացված լինեն ՀՀ Ազգային ժողովում

«Հայաստանի Ազգային ժողովում Արցախի ներկայացուցիչներ կլինեն, թե ոչ, դա կախված է նախ նրանից, թե Արցախից Հայաստան եկած անձինք որոշակի քաղաքական գործունեություն կիրականացնե՞ն, կուսակցություն կստեղծե՞ն, թե՞ հույսը կդնեն նրա վրա, որ այլ կուսակցություններ իրենց ներկայացուցիչներին կընդգրկեն իրենց ցուցակում»,- Step1.am-ի զրույցում այս մասին ասաց Գերագույն խորհրդի եւ ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում հնարավորություն կա՞, որ Արցախի ներկայացուցիչները կարող են ներկայացված լինել ՀՀ Ազգային ժողովում, ինչպես 1990-ականներին ներկայացված են եղել Գերագույն խորհրդում։

«Ինչ վերաբերում է նախկին փորձին, 1988 թվականից Արցախում կար բավական կազմակերպված մարդկանց խումբ։ Նախքան Հայաստանում Շարժման մեկնարկը, Արցախում 1988 թվականի փետրվարին մարզային խորհրդի նիստ էին արել եւ որոշել էին միանալ Հայաստանին։ Այն ժամանակ Արցախում կային մարդիկ, որոնք համագործակցում էին Ղարաբաղ կոմիտեի ու Հայաստանի այլ քաղաքական ուժերի հետ։ Եվ երբ Հայաստանում տեղի ունեցան 1990 թվականի ընտրությունները, Հայոց համազգային շարժումն իր կազմում ներգրավեց Արցախի ներկայացուցիչներին եւ ընտրություններում պայմաններ ստեղծեց, որ նրանք դառնան Գերագույն խորհրդի պատգամավորներ»,- ասաց Սադոյանը։

Նա նշեց, որ ժամանակն է, որ Արցախից բռնի տեղահանված գործիչները փորձեն Հայաստանում ստեղծել իրենց քաղաքական միավորումը՝ կուսակցություն կամ դրա պես մի կազմակերպություն, որը կարող է համագործակցել հայաստանյան կուսակցությունների հետ։ Ըստ նրա՝ համատեղ դաշինքների միջոցով հնարավոր է հաջողության հասնել։ «Այսինքն՝ չպետք է հույսը դնել այսօրվա իշխանությունների աջակցության վրա։ Դուք էլ եք լավ հասկանում, որ Հայաստանի իշխանությունները հակառակը, չեն ուզենա այդ զարգացումներին տոն տալ»,- հավելեց Արշակ Սադոյանը։

Մեր զրուցակիցը նաեւ ասաց, որ Արցախի հարցով քաղաքական գործունեություն ծավալելը շատ կարեւոր է, դա կարող է հետագայում նպաստել նաեւ բռնի տեղահանված արցախցիների վերադարձի խնդիրները լուծելուն։