Հավաստագրով տուն ենք ձեռք բերել, ընկել վարկային պարտավորությունների մեջ

Լիդա Գաբրիելյանն Արցախում ապրում էր 1-ին խմբի հաշմանդամ մոր հետ։ Նա նույնպես հաշմանդամություն ունի՝ 3-րդ խմբի։ Տեղահանությունից հետո հաստատվել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Մի քանի ամիս առաջ հավաստագրով ձեռք են բերել 1 սենյականոց բնակարան։

-Արցախից միանգամից մեկնել ենք ՌԴ Ստավրոպոլի երկրամաս, որտեղ ապրում են իմ երկու քույրերը, սակայն մի քանի ամիս հետո վերադարձել ենք, քանի որ չենք կարողացել հարմարվել այնտեղ։ Ռուսաստանից եկել ենք Հրազդան ու բնակարան վարձակալել։ Այս քաղաքին ծանոթ էի։

Հետագայում, երբ կառավարության կողմից որոշվեց, որ Հրազդանը նույնպես մտնում է 4 մլն դրամանոց գոտու մեջ, որոշեցինք հենց այստեղ էլ բնակարան ձեռք բերել։ Ինչքա՞ն կարող էինք վարձավճարով ապրել, երկուսս էլ հաշմանդամ։ Հիվանդությունից հետո մայրս բոլորովին չի շարժվում, առանց իմ օգնության մի քայլ անգամ չի կատարում։

Հավաստագրով, իհարկե, չկարողացանք համարժեք տուն գտնել, քանի որ տների գները հանկարծակի աճեցին։ Որպեսզի անտուն չմնանք, ստիպված էինք ոսկու գրավադրմամբ վարկ վերցնել, միաժամանակ մեր բոլոր խնայողությունները ավելացրինք հավաստագրի գումարին։

Կարելի է ասել, մեզ համար բան չի փոխվել, քանի որ ամեն ամիս վարկ ենք փակում, միայն գիտենք, որ տուն ունենք արդեն։

Մեր ընտանիքը հրատապ աջակցություն չի ստանում։ Մայրս, որպես թոշակառու, ստանում է բնակվարձի համար նախատեսված 30 հազար դրամ աջակցությունը։ Թոշակներով ապրում ենք, բոլոր կենցաղային ծախսերը հոգում, միաժամանակ վարկը մարում։

Տաք եղանակներին աշխատում էի Հրազդանի խանութներից մեկում, սակայն ձմեռվա նախաշեմին ազատվեցի աշխատանքից՝ հիվանդությանս սրացման պատճառով։ Բայց գարնանը կրկին կվերադառնամ աշխատանքի, քանի որ առանց դրա անհնար է։

Իհարկե, շատ դժվարությունների ենք հանդիպում։ Մեր տունը 4-րդ հարկում է, և մեծ խնդիր է մորս տանել որևէ փաստաթուղթ ստորագրելու համար։ Պատկան մարմինները պահանջում են անձամբ ներկայանալ։ Մինչև հունվարի 20-ը նա պետք է ներկայանա բանկ, որպեսզի թոշակի քարտ ստանալու համար ստորագրություն թողնի, սակայն չգիտեմ, ինչպես եմ նրան տանելու։ Ինչքան էլ խնդրում եմ, բանկից չեն գալիս, որ հաշմանդամ մայրս տանը կատարի իր պարտականությունը։ Ստիպված եմ ներկայանալ միասնական սոցիալական ծառայություն, գուցե հնարավոր լինի ընդառաջել մեզ։

Բնակարան ձեռք բերելուց հետո մայրիկիս տրվող 30 հազար դրամ աջակցությունը դադարեցվել է, սակայն դիմում ներկայացնելուց հետո կրկին վերակագնվել։ Կարծում եմ՝ այդ աջակցությունը անհրաժեշտ է բոլորին՝ և՛ տուն ունեցող, և՛ դեռևս տուն չունեցող տեղահանված արցախցիներին։

Գիտեմ, որ մեծամասնությունը, ով հավաստագրով բնակարան է ձեռք բերել, խրված է վարկային պարտքերի մեջ, և պետության կողմից ցանկացած աջակցություն խիստ անհրաժեշտ է բոլորին, – ասում է Լիդան, ապա ավելացնում, – կարոտի ցավն ամենածանրն է, անտանելին։ Չեմ հասկանում, թե ինչպես ենք ապրում առանց Արցախի։ Հիշողություններն ու հետվերադարձի հույսն է ապրեցնում մեզ։

Արցախում Գաբրիելյանները թողել են երկհարկանի սեփական տուն՝ տնամերձ հողամասով, պտղատու այգիներով։ Հողի հետ աշխատող մարդիկ էին, ստեղծող ու բարիք արարող։ Արցախ վերադարձի հույսը չեն կտրում, ապրում են հավատով։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Ազգային եկեղեցական ժողով կհրավիրվի, մինչդեռ “բարենորոգման” խորհրդի անդրանիկ նիստ է կայացել

Հայ առաքելական եկեղեցին նախատեսում է առաջիկայում Ազգային եկեղեցական ժողով հրավիրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախկին նախարար, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը։

«Շուտով դուք դրա մասին ևս կիմանաք։ Երբեք չթվա, թե այդ նիստը սարերի հետևում է։ Չէ՛, շատ մոտ ժամանակներում այդ նիստը կլինի, և բոլորդ էլ կհամոզվեք, որ այն ենթադրյալ պառակտվածությունը, որ իբրև թե կա եկեղեցում, իրականում չկա։ Կան մի քանի անհատներ, ցավալի է, որ կան, և մենք մեծ հույս ունենք, որ ամեն ինչ կընկնի իր տեղը, նրանք կսթափվեն, կհասկանան, նաև համարժեք կգնահատեն ճնշումները և կլինեն եկեղեցու մեջ»,– ասել է Դանիելյանը։

Դանիելյանը հիշեցրել է, որ Ազգային եկեղեցական վերջին ժողովը գումարվել է 2017թ–ին։ Դրանից հետո Հայ առաքելական եկեղեցին ստիպված է եղել պարբերաբար հետաձգել նման միջոցառումները համաճարակի, պատերազմի, ռազմական դրության պատճառով։

Ազգային եկեղեցական ժողովը Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու իշխանության գերագույն մարմինն է, համազգային ու համաեկեղեցական ամենահին ժողովական կառույցը։ Ազգային եկեղեցական ժողովի նիստը հրավիրում է Ամենայն հայոց կաթողիկոսը:

Ազգային եկեղեցական ժողովն է ընտրում Ամենայն հայոց կաթողիկոսին, որոշումներ է ընդունում ազգային-եկեղեցական հիմնահարցերի, դավանաբանական, ծիսական, կանոնական, ինչպես նաև վարչական կառավարման էական հիմնահարցերի վերաբերյալ, ընդունում է Հայ առաքելական սուրբ եկեղեցու Սահմանադրությունը և դրանում կատարված փոփոխություններն ու լրացումները, սահմանում է եկեղեցական կառույցների կարգավիճակը` հոգևոր իշխանության, պատասխանատվության, միմյանց հետ փոխհարաբերությունների սահմաններն ու կարգը, ինչպես նաև դրանց գործունեության նկատմամբ վերահսկողության ընթացակարգերը։

Մինչ այսօր Գարեգին Բ-ն խոսում է եկեղեցու անսասան լինելու մասին, չպատրաստվելով հրաժարական տա։

Մինչդեռ երեկ տեղի է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Բարենորոգման» խորհրդի առաջին նիստը։ Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը։ Այդ խորհրդի կազմում են 10 եպիսկոպոսներ և ինքը Փաշինյանը։

Առանց կանոնների աշխարհը կարող է ուժեղին վերածել «սեղանի վրա դրված ուտեստի»

Աշխարհի առաջնորդները, որոնց հավակնությունները սահմանափակվում էին միջազգային իրավունքով, ուրախ շփում են ձեռքերը և հայտարարում, որ այլևս կանոններ չկան, որ աշխարհն այժմ գործում է ուժի սկզբունքով, և յուրաքանչյուրը կարող է վերցնել այնքան, որքան ուզում է։

Մադուրոյի առևանգումից և Վենեսուելայի «գրավումից» հետո Ալիևը առաջիններից մեկն էր, որ խոսեց «ուժի իրավունքի» մասին՝ կրկին հիշելով «Զանգեզուրի միջանցքը»։ Նա վկայակոչեց «Թրամփի ճանապարհը», և չնայած պնդում էր, որ այն, իբր, կանխում է «հայկական ագրեսիան», իրականում խոստովանեց, որ «Թրամփի ճանապարհը» խանգարում է հենց Ալիևին գրավել միջանցքը և ոչնչացնել Հայաստանը։ Այսինքն՝ ուժին էլ պատնեշներ կան։

Էրդողանը, որն իր սիրիացի պրոքսիների միջոցով նոր գործողություն է սկսել Հալեպում և մտել Իսրայելի հետ Մերձավոր Արևելքի «բաժանման» գործընթաց, նույնպես հայտարարեց, որ այժմ գործում է ուժի օրենքը, բայց զգուշացրեց համը չհանել։

Հունվարի 7-ին Էրդողանը հայտարարեց, որ միջազգային իրավիճակը գնալով լարվում է, և Արևմուտքը կորցնում է իր նախկին ազդեցության գործիքները։

«Մենք հայտնվել ենք ռեսուրսների համար դաժան պայքարի կենտրոնում, որտեղ նրանք, ովքեր չեն մասնակցում բանակցություններին, դառնում են «սեղանին դրված ուտեստ», – հայտարարել է Թուրքիայի առաջնորդը։

«Ուտեստ» ասելով՝ Էրդողանը նկատի ուներ ոչ միայն Սիրիան, Հայաստանը և Հունաստանը, այլև Իրանը, որն այժմ բոլորի ուշադրության կենտրոնում է։ Ալիևի և Էրդողանի «գինը» կորոշվի իրանական «գործողությանը» նրանց մասնակցությամբ։ Սակայն ուժի իշխանության աշխարհում ռիսկերը չափազանց մեծ են. միշտ կարող է ի հայտ գալ ավելի ուժեղ ուժ, իսկ միջազգային իրավունքը կարող է ազատվել բալաստից և դառնալ ամենակարող ուժ։

Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով Միացյալ Նահանգները դուրս է գալիս 66 միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո գործող 31-ից։ ԱՄՆ-ի դուրս գալը այս կազմակերպություններից, որոնցից շատերը կախված են ամերիկյան սուբսիդիաներից, նշանավորում է բյուրոկրատիայի լիակատար քայքայման սկիզբը, որը խեղդում է միջազգային իրավական համակարգը։ Հարցն այն է, թե ով և երբ կհաստատի նոր «միջազգային իրավունք»։

Ակունին Չխարտիշվիլին գրում է, որ դիտել է Թրամփի ամենամոտ օգնական Սթիվեն Միլլերի հետ հարցազրույցը։ «Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալը հանգիստ հայտարարեց, որ Գրենլանդիան պատկանում է Միացյալ Նահանգներին, և ոչ ոք չի կարող կանխել դրա բռնակցումը։ Այնուհետև նա շարունակեց ասելով հետևյալը. «Մենք ապրում ենք մի աշխարհում, իրական աշխարհում… որը կառավարվում է ուժով, որը կառավարվում է հզորությամբ, իշխանությամբ։ Սրանք աշխարհի երկաթե օրենքներն են ժամանակների սկզբից ի վեր»»։

Ոչ մի երկիր, առավել ևս՝ Հայաստանը, չի կարող ապրել այս պայմաններում՝ հին չափանիշներով, երբ միջազգային իրավունքը ընկալվում էր որպես երաշխիք։ Նման տուրբուլենտ պայմաններում սակայն իշխանությունը կարող է հեշտությամբ սահել կոշտ ճգնաժամային կառավարումից դեպի ավտոկրատական ​​”բեսպրեդել”, որը կկործանի երկիրը։

Հալեպում բախումները շարունակվում են, հայերը դեռևս տարհանման կոչեր չեն ստացել

Սիրիայի Հալեպ քաղաքում արդեն երկրորդ օրն է, ինչ մոլեգնում են կենտրոնական կառավարության բանակի և քրդական ուժերի միջև մարտերը: Հալեպը հայերի ավանդական բնակավայր է, և տեղական լրատվամիջոցները ներկայումս փորձում են հավաստի տեղեկատվություն տրամադրել հայ համայնքի իրավիճակի մասին։

Բերիո հայոց թեմի մամուլի քարտուղար Մարիա Գաբրիելյանի խոսքով՝ Հալեպում անցումային կառավարության զորքերի և քրդական ուժերի միջև բախումների հետևանքով վնասվել են մի քանի հայերի տներ։

Նրա խոսքով՝ քրդաբնակ տարածքներից խաղաղ բնակիչների տարհանումը շարունակվում է։

«Հայ համայնքի անդամների շրջանում զոհեր չկան, սակայն նրանք նյութական վնասներ են կրել։ Մասնավորապես, վնասվել են մի քանի տներ», – նշել է Գաբրիելյանը։

Համայնքը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին պատրաստ է ապաստան տրամադրել այն հայ ընտանիքներին, որոնց վիճակը վտանգավոր է։ Սա հատկապես վերաբերում է քրդաբնակ տարածքներում գտնվող տներին։ Գործում է նաև թեժ գիծ։

Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը հայտնել է, որ հյուպատոսական հարցումների համար կարելի է զանգահարել +963 964 422 005 և +963 942 000 690 հեռախոսահամարներով։

Հայ քրիստոնյաները մեկ տարի ապրել են զգուշավոր սպասման մեջ։ Հայերը դեռևս չեն ստացել իրենց տները լքելու կոչեր։

Իշխանությունները հայտարարել են Հալեպի օդանավակայանում գործողությունների դադարեցման մասին, և քաղաքում դպրոցները, համալսարանները և կառավարական գրասենյակները նույնպես փակվել են։

Սիրիական ժողովրդավարական ուժերը (SDF) վերահսկում են երկրի հյուսիսային և հյուսիս-արևելյան մեծ տարածքներ՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ։

Դամասկոսում ինքնավար քրդական վարչակազմի խոսնակ Աբդուլ Քարիմ Օմարը AFP-ին ասել է, որ Հալեպի քրդական տարածքները «լիակատար պաշարման մեջ են»։

Նա հերքեց այն պնդումները, որ այդ տարածքներից կրակոցներ են եղել՝ ընդգծելով, որ դրանք վերահսկվում են քրդական անվտանգության ուժերի կողմից, «որոնք ունեն միայն թեթև զենքեր»։

Տեղացի դիտորդները նշում են, որ Թուրքիան կարող է կրկին միջամտել Դամասկոսի և քրդերի միջև ձգձգված դիմակայությանը, հայտնում է ВВС-ն։

Անցյալ տարի Բաշար ալ-Ասադի տապալումից հետո Թուրքիան սերտ կապեր հաստատեց Դամասկոսի նոր կառավարության հետ և այժմ Սիրիայի հիմնական դաշնակիցներից մեկն է։

Թուրքիան իր սահմանին ուժեղ քրդական զինված խմբավորումների առկայությունը համարում է սպառնալիք և սիրիական պատերազմի ընթացքում մի քանի հարձակումներ է սկսել սահմանային տարածքներում՝ SDF-ին հետ մղելու համար։

Մեր տեսանյութի հետքերով․ Ոոզա տատիկին օգնություն է պետք

Ռոզա տատիկին արդեն բոլորն են ճանաչում. բլոկադայի օրերին ստիպված թողել էր տունը եւ ապաստան գտել Ստեփանակերտի եկեղեցում:

Օրեր առաջ Step1.am-ը հրապարակել է Մարութ Վանյանի այս տեսանյութը, որը նկարահանվել է 2023թ. սեպտեմբերի 23-ին: Երկու օր անց տեղի ունեցավ Արցախից գաղթը, արցախցիները տեղափոխվեցին Հայաստան՝ ով որտեղ կարողացավ:

Ռոզա տատիկն այսօր Տաշիրում մի հանրակացարանում է ապրում, դուստրը` Տոման է նրա եւ երկու անչափահաս երեխաների համար հոգ տանում:

«Գոնե ողջ ենք մնացել, ինչի համար շնորհակալ եմ Աստծուն, բայց այստեղ կյանքը շատ է դժվարեցել մեզ համար։ Որպես միայնակ մայր 30,000 դրամ եմ ստանում, բայց ո՞ր մի կարիքը կարող եմ հոգալ: Հատկապես հիմա շատ դժվար է, երեխաներին ձմեռային հագուստ է պետք, սնունդ ու դեղորայք է պետք։ Ես աշխատելուց չեմ խուսափում, բայց եթե նույնիսկ աշխատանք գտնեմ, չեմ կարող ​​համատեղել երեխաների և անկողնային մորս հետ։ Ես չեմ ասում, որ Ղարաբաղում հարուստ եմ ապրել, բայց այսպիսի նոր միջավայրում ավելի դժվար է ամեն ինչ հասցնել», – ասում է Տոման:

Ընտանիքը սոցիալական ծանր վիճակում է գտնվում եւ մեր բոլորիս աջակցության կարիքն ունի:

Քարտի համար

4454 3000 0561 7029

 

Հաշվի համար

2470091869710000

 

Արդշինբանկ

TADEVOSOVA TAMARA MIKAYELI

Ադրբեջանը չի մասնակցի Երևանում կայանալիք հրաձգության Եվրոպայի առաջնությանը

Ադրբեջանի հրաձգության ազգային հավաքականը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա փետրվարի 27-ից մարտի 5-ը Երևանում: Այս մասին հայտնել է Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ Իրադա Աշումովան, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Աշումովայի խոսքով՝ մասնակցության հարցը նույնիսկ չի քննարկվել:

«ԱՊՀ 3-րդ խաղերի ժամանակ Ադրբեջանի կողմից հայ մարզիկներին անվտանգության երաշխիքներ էին տրվել։ Նրանք չեկան և այստեղ ելույթ չունեցան։ Հետևաբար, մենք նույնպես որոշել ենք չմասնակցել Եվրոպայի այս առաջնությանը։ Մենք նույնիսկ պետական ​​մարմիններին չենք դիմել այդ հարցով»,- ասել է Աշումովան։

Արցախցիների “սերտիֆիկատները” նպաստել են ՀՀ-ում բնակարանների թանկացմանը

2025 թվականի տարեվերջին 2024-ի տարեվերջի համեմատ Հայաստանի մարզերում անշարժ գույքի գներն աճել են։ Այս աճը հիմնականում պայմանավորված է արցախցների համար իրականացվող բնակապահովման ծրագրի գործոնով։ Այս մասին բազմիցս ասել են եւ ծրագրից օգտվել ցանկացող ացախցիները, եւ տարբեր գործիչներ։

Նախորդ տարվա հուլիսի 3-ին կառավարությունը փոփոխություն կատարեց բնակապահովման ծրագրում, ըստ որի՝ սահմանվեց 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի նոր ցանկ՝ 452-ի փոխարեն 611 բնակավայր։ Այսինքն՝ այս բնակավայրերում յուրաքանչյուր արցախցու 4 մլն դրամ է հատկացվում՝ անշարժ գույք ձեռք բերելու համար։ Եվ այս որոշման ընդունումից հետո հատկապես երեւանամերձ մարզերում, որտեղ տեղկայված են բռնի տեղահանված արցախցիների մեծ մասը, բնակարանների գները կտրուկ աճեցին։

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ եթե 2024 թվականի տարեվերջին Արարատի մարզի Մասիս քաղաքում բնակարանների մեկ քմ շուկայական միջին արժեքը 230 200 դրամ էր, ապա 2025 թվականի տարեվերջին գինը հասել է 256 700 դրամի։ Վաղարշապատ համայնքում 2024-ին բնակարանների մեկ քմ շուկայական միջին գինը 270 100 դրամ էր, իսկ 2025-ի տարեվերջին՝ 325 606 դրամ, Աբովյան քաղաքում 2024-ի տարեվերջին 311 500  դրամ էր, իսկ 2025-ի տարեվերջին՝ 365 000 դրամ, Հրազդանում՝ 2024-ին մեկ քմ գինը 151 050 դրամ էր, իսկ 2025-ի տարեվերջին՝ 200 000 դրամ։

Նշենք, որ արցախցիները հիմնականում տեղակայված են երեւանամերձ Մասիս, Վաղարշապատ, Աբովյան, Հրազդան, Արարատ, Արմավիր եւ մյուս համայնքներում, քանի որ աշխատանք գտնելու խնդիր ունեն։ Սակայն երեւանամերձ համայնքներին զուգահեռ աճել են նաեւ հեռավոր մարզերի անշարժ գույքի գները։ Մասնավորապես, ավելի վաղ step1.am-ն ահազանգ էր ստացել, որ Գեղարքունիքի մարզի հեռավոր համայնքներում եւս անշարժ գույքի գները թանկացել են այն բանից հետո, երբ ընդունվել է կառավարության վերոնշյալ որոշումը։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Վարդենիսում 2024-ի տարեվերջին բնակարանների մեկ քմ միջին գինը 70 000 դրամ էր, իսկ 2025 թվականի տարվերջին դարձել է 85 100 դրամ, Մարտունիում 2024-ի տարեվերջին 135 000 դրամ էր, իսկ 2025-ի տարեվերջին՝ 156 000 դրամ, Սեւանում՝ 2024-ին 160 100 դրամ, իսկ 2025-ի տարեվերջին՝ 210 000 դրամ։ Շիրակի, Սյունիքի, Լոռու, Արագածոտնի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում նույնպես անշարժ գույքի գները թանկացել են մեկ տարվա կտրվածքով։

Մարզերին զուգահեռ անշարժ գույքի գները թանկացել են նաեւ Երեւանի բոլոր վարչական շրջաններում, չնայած արցախցիների մեծ մասն իրենց հատկացված հավաստագրի գումարի շրջանակներում Երեւանում չեն էլ բնակարաններ գնել։

Մինչ այդ Արցախի Հանրապետության մեր հայրենակիցներն առանձին-առանձին, կամ կոլեկտիվ կարող են հայցեր ներկայացնել միջազգային դատարան

Սկիզբը՝ այստեղ, այստեղ եւ այստեղ 

Step1.am-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը։

-Ադրբեջանը ցեղասպանական գործողություններ է իրականացրել Արցախի ժողովրդի դեմ՝ ուժով օկուպացնելով Արցախը։ Հիմա ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ միջազգային դատական ատյաններում չեն բարձրացնելու այս հարցերը։ Ի՞նչ պետք է անել, ի՞նչ ճանապարհներ կան Ադրբեջանին դատարանի առաջ կանգնեցնելու, եթե պետությունը չի բարձրացնում այդ հարցը։ Եվ արդյոք այն, որ ՀՀ այսօրվա իշխանությունները հրաժարվում են Արդբեջանի իշխանություններին պատասխանատվության ենթարկելու հարցը բարձրացնելուց, դա նշանակո՞ւմ է, որ այդ հարցում հետագայում հնարավոր չէ արդյունքի հասնել։

Ոչ միայն Ադրբեջանին հնարավոր կլինի պատասխանատվության ենթարկել, այլև Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկել այն ժամանակ, երբ Հայաստանում կձևավորվի օկուպացված Արցախի Հանրապետության և մասամբ օկուպացված Հայաստանի Հանրապետության ազգային, պետական շահերը սպասարկելու ցանկություն, կարողություն, ունակություն և կամք ունեցող վարչակազմ:

Մինչ այդ Արցախի Հանրապետության մեր հայրենակիցներն առանձին-առանձին, կամ կոլեկտիվ կարող են հայցեր ներկայացնել միջազգային դատարան, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի, սակայն դա չի կարող ունենալ այն ազդեցությունը, ինչը կարող էր ունենալ պետության՝ տվյալ պարագայում Հայաստանի Հանրապետության անունից ներկայացվելու դեպքում:

-Եթե անդրադառնանք արցախցիների սեփականության հարցին, ինչպե՞ս պետք է վերականգնվի այս իրավունքը, արդյոք նախքան խորհրդային շրջանը եղած տոհմային ժառանգությունը եւ սեփականության իրավունքները կարո՞ղ են դեր խաղալ։

-Քանի որ նախորդ հարցի պատասխանի մեջ արդեն անդրադարձա արցախահայության սեփականության իրավունքի պաշտպանության հնարավորությանը, այդ մասով կրկնությունից խուսափելու համար ձեռնպահ կմնամ կրկին անդրադառնալ հիշյալ հարցին:

Ինչ վերաբերում է ժառանգական իրավունքին, այդ համատեքստում սեփականության իրավունքի իրացման հնարավորության դիտարկմանը նախախորհրդային շրջանում, պետք է նշել, որ այդ հնարավորությունը խիստ նվազ է: Թեև Արցախի առանձին տոհմերի, մասնավորապես՝ Արցախի ամենահին իշխանական տոհմի՝ Հասան-Ջալալյանների վերաբերյալ կան ժառանգական իրավունքին վերաբերող փաստեր և փաստաթղթեր, սակայն դրանք այսօր չունեն իրավական ուժ, քանզի արդեն պատմական այդ փաստաթղթերն ընդունվել են միապետական կառավարման ձև ունեցող երկրների՝ սկզբում շահական Պարսկաստանի, իսկ 1813 թվականից ցարական Ռուսաստանի վարչակազմերի օրոք:

1917թ. ցարական Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխության հետևանքով այնտեղ հաստատվել է հանրապետական կառավարման ձև: Իսկ հանրապետական կառավարման ձև ունեցող Ռուսաստանը չի ճանաչել միապետական Ռուսաստանի իրավահաջորդությունը:

Ժառանգական իրավունքին վերաբերվող փաստաթղթերը կարող են իրավական ուժ ստանալ, երբ Հայաստանում, իսկ դեօկուպացիայից հետո նաև Արցախում հանրապետական կառավարման ձևին փոխարինի միապետական կառավարման ձևը: Եվ ժառանգական իրավունքով ձևավորված իշխանությունը որոշում կայացնի իրավական ուժ տալ այդ փաստաթղթերին:

ԱՀՀ-ն դրամաշնորհ է տրամադրել «Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտում և ոչնչացում. Հայոց ցեղասպանության վերջին գլուխը» բաժնին

2025 թվականի դեկտեմբերի վերջին Ամերիկայի Հայկական Համագումարը հայտարարեց Ջեբեջյան-Այվազյան ընտանեկան հիմնադրամի կողմից Հայկական ազգային ինստիտուտին (ANI) խոշոր նվիրատվության մասին։

100,000 դոլարի նվիրատվությունը նպաստում է ANI-ի աշխատանքների ընդլայնմանը և ARMA առցանց թանգարանին, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումների հետ կապված վերջին ողբերգություններին։

ANI-ի կառավարիչների խորհրդի նախագահ և Հայկական Համագումարի պատվավոր նախագահ Վան Զ. Գրիգորյանը ողջունեց նվիրատվությունը. «Ես ուզում եմ մեր խորը երախտագիտությունը հայտնել Հայկական ազգային ինստիտուտի մեթոդներին և նախագծերին այս նշանակալի աջակցության համար, և հատուկ շնորհակալություն տիկին Շաքե Ջեբեջյանին, որը խրախուսեց մեր ծրագրերն ու առաջարկները: Շաքեի և նրա ընտանիքի այս նշանակալի ներդրումը ցույց է տալիս մեր անցյալն ուսումնասիրելու արժեքը՝ մեր ապագան պաշտպանելու համար»։

«Լեռնային Ղարաբաղի կազմաքանդման հետ կապված իրադարձությունները լավ փաստաթղթավորված են, թեև ակտիվորեն հերքվում են: Առավել համոզիչ փաստաթղթերի մեծ մասը գալիս է հենց ադրբեջանական և թուրքական աղբյուրներից, այդ թվում՝ ցեղասպանական մտադրության խոստովանություններ 2023 թվականի սեպտեմբերից առաջ, ընթացքում և հետո: Եթե նախկինում որևէ կասկած կար, ապա այսօր նրանց սեփական խոսքերն ու գործողությունները ապացուցում են, որ հանցագործների վերջնական նպատակը միշտ եղել է հայ ժողովրդի, մեր քրիստոնեական ներկայության և մշակույթի լիակատար ոչնչացումը Արցախում՝ որպես ներկայիս Հայաստանի Հանրապետության դեմ գործողությունների նախադրյալ», – հավելեց Գրիգորյանը։

«Նյութապես իրենց նպատակներին հասնելով՝ ցեղասպան ռեժիմները անմիջապես սկսում են խեղաթյուրել ապացույցները և ստեղծել ժխտման ինդուստրիա: Այս կայքը և փաստերի վրա հիմնված մեր շարունակական  աշխատանքը կանխում են մինչ օրս արված ժխտման կոպիտ փորձերը, ինչպես նաև ավելի բարդ ժխտումներն ու կեղծ պատմությունները, որոնք ժամանակի ընթացքում ակնկալվում են Ալիևի և Էրդողանի ավտորիտար կառավարություններից»:

Իննսուներեքամյա Շաքե Ջեբեջյանը Ջեբեջյան և Այվազյան ընտանիքների միակ կենդանի մնացած անդամն է։ 1915 թվականին նրա տատիկն ու պապիկը իրենց փոքր երեխաների հետ փախել են ցեղասպանությունից և բնակություն հաստատել Հյուսիսային Աֆրիկայում՝ բրիտանական պաշտպանության ներքո, որտեղ էլ հանդիպել են նրա ծնողները։ Շաքեն ծնվել է 1932 թվականին, իսկ քույրը՝ Ազնիվը, ծնվել է կարճ ժամանակ անց։

Ջեբեջյան քույրերի պատմությունը վկայում է հայկական սփյուռքի դիմադրողականության մասին։ Շաքեն և Ազնիվը հաճախել են Սուդանի գյուղական վայրերում գտնվող հայ համայնքի կողմից ղեկավարվող դպրոց։ Իր բացառիկ կարողությունների շնորհիվ Շաքեն տեղափոխվել է Խարթումի բրիտանական միսիոներական դպրոց, որտեղ նա անցել է բրիտանացի քրիստոնյա միսիոների խնամքի տակ, որը օգնել է նրան տիրապետել անգլերենին։ 1950-ականների սկզբին Շաքեն որպես փախստական ​​ներգաղթել է Մեծ Բրիտանիա։ 1957 թվականին նա ներգաղթել է Միացյալ Նահանգներ։

Միացյալ Նահանգներում Շաքեն բնակություն է հաստատել Ֆիլադելֆիայի արվարձանում գտնվող հայկական համայնքում։ Նա աշխատանք գտավ որպես ավագ գործընկերոջ վարչական օգնական մի հեղինակավոր իրավաբանական ընկերությունում, որտեղ աշխատեց մինչև 1980-ականների վերջերին թոշակի անցնելը։ Ամերիկյան քաղաքացիություն ստանալուց հետո Շաքեն հովանավորեց մոր և քրոջ ներգաղթը։ Ամերիկայում Ազնիվը շարունակեց աշխատել British Airways-ում։ Քույրերից ոչ մեկը չամուսնացավ, և երկուսն էլ իրենց կյանքի ընթացքում մնացին համեստ քրիստոնյաներ և Հայ Առաքելական Եկեղեցու հավատարիմ հետևորդներ։

2024 թվականին ANI-ն հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկմանը հանգեցրած ցեղասպանությունը փաստագրող նոր կայքէջի գործարկման մասին: Նոր կայքը, որը տեղակայված է ANI website-ի գլխավոր կայքում, որը ավելի քան 25 տարի հանդիսանում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը նպաստող տեղեկատվության առաջատար աղբյուր, ամբողջությամբ հիմնված է պաշտոնական փաստաթղթերի վրա, որոնք վկայում են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության լիակատար վտարմանը հանգեցրած իրադարձությունների ցեղասպանական բնույթի մասին:

ANI կայքի նոր բաժինը կոչվում է «Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումները և ոչնչացումը. Հայոց ցեղասպանության վերջին գլուխը» The Ethnic Cleansing and Destruction of Nagorno-Karabakh: The Latest Chapter of the Armenian Genocide և պարունակում է հազարավոր էջեր, լուսանկարներ և ավելի քան 370 պաշտոնական փաստաթղթեր պաշտոնական, միջազգային և պետական ​​կազմակերպություններից, որոնք դիտարկել կամ հաղորդել են իրադարձությունների մասին: Առաջարկվում է փաստաթղթերի լայն տեսականի՝ սկսած ՄԱԿ-ի և ԵԱՀԿ փաստաթղթերից մինչև Միացյալ Նահանգների, Եվրոպայի և այլ երկրների օրենսդրական և գործադիր փաստաթղթեր, իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներ, ամերիկյան համալսարանների հետազոտական ​​նախագծեր և այլ ստուգված նյութեր:

Ուշադրության կենտրոնում է 2023 թվականի սեպտեմբերին հայ ժողովրդի զանգվածային արտագաղթը։ Փաստաթղթերը ներառում են իրադարձությունների լայն շրջանակ՝ փաստագրելով 2020 թվականի 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած փուլային լիակատար շրջափակման և հայ բնակչության սովամահության սպառնալիքի հետևանքները, մինչև 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված վերջնական ցեղասպանական էթնիկ զտումը, ինչպես նաև պատմական հայկական եկեղեցիների և քրիստոնեական ներկայության շարունակական պղծումն ու ոչնչացումը։

Սա բազմաթիվ միջազգային հաստատությունների և մարդու իրավունքների կազմակերպությունների պաշտոնական փաստաթղթերի համապարփակ հավաքածու է։

Վլադ Ավագյան. Ես կվերադառնամ, երբ դուք այստեղ չեք լինի

Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղությունը անհնար է առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման։ Դրա վկայությունն են ինչպես արցախցիների դիրքորոշումը, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի կողմից նախաստորագրված «խաղաղության պայմանագրի» ֆոնին տարբեր միջազգային հարթակներում ձեռնարկված քայլերը։ Մինչդեռ Հայաստանի իշխանությունները պնդում են, որ Արցախի հարցը փակված է և մոռացված, մեր հայրենակիցները պայքարում են իրենց իրավունքների համար՝ ապրելով հարկադիր տեղահանության դժվարին պայմաններում և շարունակում են տուն վերադառնալու հույս ունենալ։

Վլադիսլավ Ավագյանը, որի մասին մենք մի քանի անգամ գրել ենք, 2023 թվականին տեղահանվել է արդեն երկրորդ անգամ։

Նա ծնվել է Բաքվում։ 1988 թվականին հինգ տարեկան էր, երբ Ավագյանների ընտանիքը, ինչպես Ադրբեջանի ողջ հայ բնակչությունը, բռնի կերպով տեղահանվեց։ Նրանք ստիպված էին տեղափոխվել Սանկտ Պետերբուրգ։

Ծնվելուց հետո Վլադիսլավի մոտ ախտորոշվեց ուղեղային կաթված, որը հանգեցնում է մկանային-շարժական համակարգի խնդիրների, և նա 4 անգամ ենթարկվել է վիրահատության։

1990 թվականի սկզբին Վլադիսլավը և նրա ընտանիքը տեղափոխվեցին Արցախ, ինչպես ինքն է պնդում՝ արմատնրի կանչով։ Վլադիսլավի հայրը ծնունդով Մարտունու շրջանի Ննգի գյուղից է։

Բաքվում բժիշկները պնդում էին, որ Վլադիսլավը իր ողջ կյանքը գամված կլինի անվասայլակի, բայց նրա հսկայական կամքի ուժի և վճռականության, ինչպես նաև Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի մասնագետների ջանքերի և ընտանիքի հսկայական աջակցության շնորհիվ նա ոտքի կանգնեց։

Վլադն ավարտել է Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան թիվ 3 դպրոցը և միաժամանակ սովորել է դաշնամուր Կոմիտասի անվան երաժշտական ​​դպրոցում՝ գերազանցությամբ ավարտելով այն։ 2002-2007 թվականներին սովորել է Երևանի պետական ​​համալսարանում՝ սոցիոլոգիայի և սոցիալական կառավարման մասնագիտությամբ։ Գրում է բանաստեղծություններ և ստեղծագործում երաժշտություն։ 2019 թվականից աշխատել է որպես սպորտային մարզիչ Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում։

Չորս պատերազմ, շրջափակում և էթնիկ զտումների երկու ալիք վերապրած Վլադը ուժ է գտել զբաղվելու էպիգենետիկայով (հոգեբանության առաջադեմ ձև)։ Նա աշխատում է «Կյանքի որակ» հոգեբանական կենտրոնում՝ որպես իր եղբոր՝ հայտնի էպիգենետիկ Գեորգի Ավագյանի օգնական, օգնելով մարդկանց, այդ թվում՝ արցախցիներին, հաղթահարել կյանքի դժվար պահերը։

Ամեն ինչից անկախ, նա երբեք չի դադարում հավատալ, որ բարին կհաղթանակի, և որ մենք շուտով կվերադառնանք տուն։

Ներկայացնում ենք Վլադի հետ հարցազրույցը շրջափակման, տեղահանության և կյանքին վերադառնալու մասին։

Արսեն Աղաջանյան

Տավուշում և Սյունիքում գարնանային տրամադրություն է

Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տավուշում և Սյունիքում գարնանային տրամադրություն է, Իջևանում, Բագրատաշենում, Գորիսում, Կապանում և մի շարք այլ բնակավայրերում ժամը 14։00 դրությամբ +14․․․+18 աստիճան է»։

Աշխատանքային պայմանագիր կնքող յուրաքանչյուր անձ պետք է ունենա էլեկտրոնային ստորագրություն

2026 թ. հունվարի 1–ից էլեկտրոնային ստորագրությունը կլինի միակ տարբերակը ՀՀ–ում աշխատող դառնալու համար։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։
Նա հիշեցրեց, որ համաձայն «ՀՀ աշխատանքային օրենսգրքում» կատարված փոփոխությունների, որոնք ուժի մեջ են մտել այս տարվա սկզբից, 2026 թ. հունվարի 1–ից աշխատանքային պայմանագրերը պետք է բացառապես կնքվեն էլեկտրոնային տարբերակով։
«Էլեկտրոնային տարբերակը բավականին հեշտացնում է գործընթացը, քանի որ լրացման համար բոլոր անհրաժեշտ կետերը ներկայացված են առցանց, կան նաև հուշումներ։ Մինչ այս մենք ունեցել ենք դեպքեր, երբ աշխատողներն իրենց աշխատանքային պայմանագրի օրինակը չեն ստացել կամ ավելի ուշ են ստացել, քան նախատեսված էր «ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ»։ Էլեկտրոնային տարբերակով այս խնդիրը լուծվում է, երբ աշխատողը «Ես եմ» համակարգում ստորագրում է պայմանագիրն իր էլեկտրոնային ստորագրությամբ»,– ընդգծեց Սարգսյանը։
Նա տեղեկացրեց, որ այսպիսով այլևս հնարավոր չի լինելու հետին թվով համաձայնագրեր կնքել։
Նախարարության պաշտոնյան նշեց, որ էլեկտրոնային ստորագրության առկայությունը պարտադիր չի լինի միայն մի շարք բացառությունների դեպքում։
«Կան խմբեր, որոնք շարունակելու են այս համակարգից դուրս իրենց աշխատանքային հարաբերությունները կարգավորել։ Դրանք մասնավորապես վերաբերում են գաղտնի ծառայության աշխատակիցներին»,– նշեց Սարգսյանը։
Նա ավելացրեց, որ աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային հարթակը նախատեսված է միայն աշխատանքային պայմանագրերի համար, և այն չի գործելու քաղիրավական կամ կամավորական, կամ էլ փորձնական աշխատանքի վերաբերյալ պայմանագրերի դեպքում։
Նոր անձնագրեր ստացած արցախցիները էլեկտրոնային ստորագրության համար պետք է ունենան անձը հաստատող քարտ՝ ID։ 070 կոդով անձնագրեր և ժամանակավոր պաշտպանության վկայականներ ունեցող արցախցիները կարող են դիմել մոբիլ նույնականացման քարտի համար ցանկացած բջջային օպերատորի սպասարկման գրասենյակ։