Արցախյան մշակույթի պահպանման հեռուստամարաթոն. մարտի 23

Արցախյան մշակույթը, որպես հայ դարավոր մշակույթի բաղկացուցիչ մաս, կանգնած է ոչնչացման իրական վտանգի առաջ։

Այս մշակույթի անմիջական կրողները արցախյան ստեղծագործական խմբերն են, որոնց միջոցով պետք է պահպանվի Արցախի մշակութային ու պատմական ժառանգությունը։

Չի կարելի թույլ տալ, որ լուծարվեն պատմական այս դժվարին ժամանակաշրջանում ստեղծված Արցախի ստեղծագործական խմբերը։ Եվ հենց այդ նպատակով է ստեղծվել «Արցախի մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել և ապահովել Արցախի ստեղծագործական խմբերի հետագա գործունեությունը, արցախյան մշակույթի ակտիվ ներկայացումը արտերկրում։

«Արցախի մշակույթի պահպանման կենտրոնը» հարթակ է, որտեղ համախմբվում են Արցախի պետական ​​և սիրողական բոլոր ստեղծագործական խմբերը։ Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնին աջակցելու նպատակով կկազմակերպվի հեռուստամարաթոն։

«Կոչով դիմում ենք Հայաստանի և արտերկրի բոլոր հիմնադրամներին, կազմակերպություններին ու հասարակական գործիչներին, բոլորին, ովքեր միշտ եղել են Արցախին մոտ և կարծում են, որ Արցախի հարցը փակված չէ։ Մասնակցեք հեռուստամարաթոնին և ձեր անձնական ներդրումն ունեցեք ազգային գործին։ Դարձեք արցախյան մշակույթի փրկիչներից մեկը։ Հավաքված միջոցները կուղղվեն Արցախի ստեղծագործական խմբերի զարգացմանը և նրանց միջոցով՝ արցախյան մշակույթի պահպանմանը։ Միջոցները կուղղվեն օկուպացված Արցախում մնացած մշակութային և պատմական ժառանգության ցուցահանդեսների կազմակերպմանը, զեկույցների պատրաստմանը, ղարաբաղյան բարբառի պահպանմանը։ Կհատկացվեն նաև Հայաստանի սահմանամերձ շրջաններում մշակութային և կրթական աշխատանքներին։

Արդյունքում կպահպանվեն Արցախի ստեղծագործական խմբերը, աշխատանքով կապահովվեն արցախցի 500 փախստականներ՝ մշակույթի գործիչներ։ Մեր կազմակերպությունը կնպաստի Հայաստանում մշակութային կյանքի զարգացմանը և արցախյան հիմնախնդրի առաջմղմանը արտերկրում։

Հեռուստամարաթոնը կանցկացվի մարտի 23-ին ուղիղ եթերում»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց հասարակական կազմակերպության հիմնադիր եւ նախագահ Ապրես Մարգարյանը։

Արսեն Աղաջանյան

«Որպեսզի մեր մյուս հանրահավաքին արդեն սյունեցիներն այստեղ չլինեն»

«Որպեսզի մեր մյուս հանրահավաքին արդեն սյունեցիներն այստեղ չլինեն, մենք պետք է հասկանանք, որ քիչ ժամանակ ունենք»,- «Ազատության» հրապարակում հրավիրված հանրահավաքում ասաց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Նիկոլ Փաշինյանը բերում է մեզ այնպիսի վիճակի, որ իրերի հետագա ընթացքն անպայման ենթադրում է պատերազմ։ Մարդ, որն Արցախը տվեց, որ ստանա խաղաղություն, խաղաղությունը չստացավ, հիմա էլ ասում է՝ այդ խաղաղությունը չկա։ Հլա մի կողմ թողենք հարցը՝ եթե խաղաղությունը չկա, դու ի՞նչ ես անում։ Ես սկսում եմ կասկածել, որ ինքն է զանգում, ասում՝ ես գնում եմ հաթաթա տամ հայերին, որ հեսա պատերազմ է լինելու։ Տպավորություն է, որ ինքն ասում է՝ եկեք արագացրեք էս պատերազմը, Սյունիքն էլ վերցրեք, ինչ թողնում եք թողեք։ Շատերն ասում են՝ ինքը դավաճան է, բայց ինքը մեզ ընկեր չէ, ո՞նց կարող է դավաճանել։ Ինքը անգամ դավաճան էլ չէ մեզ համար, դե հիմա հասկացեք, թե ում ենք բերել իշխանության։ Հիմա հասկանո՞ւմ եք, որ մեր խնդիր շատ բարդ է։ Որեւէ հարցի կպնում ես, անպայման առնչվում ես այն խնդրի հետ, որ Փաշինյանը չպետք է լինի»,- ասաց նա։

Հայրիկյան․ Ուղիղ մեկ շաբաթ հետո մենք դատախազության դիմաց պահանջելու ենք Նիկոլին ձերբակալել

«Նիկոլ Փաշինյանը ոչ թե պետք է պաշտոնից հեռանա, այլ պետք է բանտ տարվի»,- «Ազատության» հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։

Նա համախմբվելու կոչ արեց՝ այսօրվա մարտահրավերին դիմակայելու համար։ «Միայն այստեղ հավաքվածները եւ նրանց համակրած քաղաքական ուժերը չէ, որ հասկանում են Նիկոլի վնասակարությունը։ Մենք տարբեր քաղաքական ուժերով պիտի հայտարարի գանք։ Բոլոր քաղաքական ուժերը թող իրենց փեշերից քարերը թափեն եւ հասկանան, որ այսօր մենք հրատապ խնդիր ունենք։ Մի կանգնեք մի կողմ ու թամաշա արեք, սա բոլորիս պարտականությունն է»,- ասաց նա։

Պարույր Հայրիկյանը նշեց, որ ծրագիրը նպատակաուղղված է ավելի մեծ քանակությամբ մարդկային ուժեր հավաքելուն, որպեսզի աշխարհի համար ակնհայտ դառնա, որ Նիկոլ Փաշինյանն իր արատավոր դրսեւորումներով հայ ժողովրդին չի ներկայացնում։ «Նախորդ հանարահավաքում բաժանվեց փաստաթուղթ՝ 100 պատճառ, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Բայց այդ 100 պատճառներից նույնիսկ 5-ը բավական է, որպեսզի մեզնից յուրաքանչյուրը բանտ տարվի։ Նիկոլ Փաշինյանը ոչ թե պետք է պաշտոնից հեռանա, այլ պետք է բանտ տարվի։ Սեփական ժողովրդին այսքան կորուստներ ու չարիք պատճառած մարդն ի՞նչ իրավունքով պետք է հեռանա պաշտոնից»,- հայտարարեց Հայրիկյանը։

Նա հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամները 4 տարի ստացել են բարձր աշխատավարձ, բայց բարեփոխումները չեն արվել։ Ըստ Հայրիկյանի՝ սա կոռուպցիոն հանցագործություն է։ Տասներկու կուսակցություններ այս մասին հայտարարություն են ներկայացրել Գլխավոր դատախազին։ «Ուղիղ մեկ շաբաթ հետո ժամը 4 անց կես մենք դատախազության դիմաց պահանջելու ենք Նիկոլին ձերբակալել, տանել դատարան ու կալանավորել»,- ասաց նա։

Ստեփանակերտ, Գարեգին Նժդեհ․ Պալիտի թաղը

Ստեփանակերտի Գարեգին Նժդեհ թաղամասը գտնվում է քաղաքի ամենակենտրոնում՝ Մարտունու և Մագդա Նեյման փողոցներին կից: Փողոցից մի փոքր ներքև գտնվում է քաղաքի հրշեջ կայանը և հանրահայտ «պալիտի շենքը», ինչի պատճառով փողոցը անվանում են կամ «պաժարնուն տիյերի թյաղը», կամ «պալիտին տիյերի թաղը»:

Դեպի թաղամաս տանող խաչմերուկում գտնվում էր Ստեփանակերտի մամուլի ակումբը:

Նժդեհի փողոցի կենտրոնում «Բորիկ ձյաձայի մագազինն էր», իսկ խանութի առաջ փոքրիկ սեղան կար, որտեղ պապիկները խաղում էին՝ հիմնականում նարդի:

Փողոցում փոքրիկ հողաբլուր կար, իսկ հողաբլուրի հենց տակը աղբարկղեր: Ձմռանը դա երեխաների ամենասիրելի վայրն էր՝ սահնակ էին քշում: Առանձին մարտահրավեր էր երեխաների համար՝ սահնակ քշել մինչև հողաբլրի հենց ծայրը և աղբարկղերի մեջ չընկնելը:

Այդ փողոցի երեխաները, որոնք հիմա արդեն բավականին մեծ և հասուն մարդիկ են, հիշում են հենց ձմեռը, ցուրտ օրերը, տարաներով բերվող ջրերը՝ սառցադաշտ սարքելու համար և իհարկե այդ ամենի պատճառով ջղայն հարևաններին, որոնք ստիպված տան պատերից բռնած էին իջնում:

Քրիստինա Ալավերդյան

 

Նախարարները պայմանավորվել են շարունակել բանակցությունները

2024թ. փետրվարի 28-29-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում՝ Վիլլա Բորսիգում, կայացել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։

ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարները և նրանց պատվիրակությունները քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթների տեսակետները։ Արտահայտվել է փոխադարձ համաձայնություն՝ շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ։

Այցի ընթացքում նախարարները հանդիպում են ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափով։

Նախարար Միրզոյանն իր շնորհակալությունն է հայտնել Գերմանիային Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար։

Հայաստանն ու Ադրբեջանը գնում են խաղաղության պայմանագրի խիզախ և միևնույն ժամանակ դժվարին ճանապարհով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը՝ ամփոփելով Բեռլինում կայացած Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։

«Մենք՝ որպես դաշնային կառավարություն, աջակցում ենք խաղաղ բանակցություններին, որտեղ դա հնարավոր է, որպեսզի վերքերը բուժվեն, և մարդիկ խաղաղություն գտնեն: Ճանապարհի յուրաքանչյուր մետր նշանակություն ունի»,- գրել է Բերբոքը։

Եթե ​​Հայաստանի իշխանությունները հանուն խաղաղության ընդունեն ռազմական ագրեսիայի արդյունքը, ապա իրենց հասցեին օկուպացիայի մեղադրանքներ կստանան

Արցախյան հիմնախնդիրն անհրաժեշտ է անընդհատ բարձրաձայնել և ուշադրության կենտրոնում պահել։ Այդ մասին Step1.am-ի հետ զրույցում ասել է Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։

«Միայն Ադրբեջանի հանցագործությունների դեմ քաղաքական և իրավական պայքարի միջոցով Հայաստանը կարող է ձևավորել սեփական պաշտպանության մեխանիզմներ, բայց ոչ մի դեպքում՝ լռությամբ կամ զիջումներով։ Ադրբեջանը Արցախում պատերազմը սկսել է 1992 թվականին՝ խարխլելով միջազգային խաղաղ գործընթացները։ Եվ մինչ միջազգային հանրությունը ուտոպիստական ​​ծրագրեր էր առաջարկում, Ադրբեջանն ուժ էր հավաքում և 2020-2023 թվականներին կրկնակի ագրեսիա իրականացրեց, այս անգամ Արցախի ցեղասպանության արդյունքում հասնելով իր նպատակին։

Հենց սա պետք է հիմք հանդիսանա խաղաղ կարգավորման բանակցությունների համար։ Եթե ​​Հայաստանի իշխանությունները որոշեն աչք փակել Ադրբեջանի հանցագործությունների վրա՝ հանուն խաղաղության ընդունելով ռազմական ագրեսիայի արդյունքը, նրանք կստանան օկուպացիայի մեղադրանքներ և էլ ավելի մեծ ագրեսիա։ Ո՛չ Ալիևը, ո՛չ Փաշինյանը չեն կարող Ղարաբաղի հարցը հեռացնել տարածաշրջանային քաղաքական օրակարգից»։

Ալվարդ Գրիգորյան

Սոցիալական աջակցության 3 ծրագրերի շահառուների շրջանակը ընդլայնվում է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ 100 հազար դրամ միանվագ սոցիալական աջակցության ծրագրում կիրականացվեն հետևյալ փոփոխությունները․

  • շահառուների շրջանակն ընդլայնելու նպատակով՝ ծրագրից կկարողանան օգտվել նաև Լաչինի միջանցքի արգելափակելուց հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով ՀՀ տեղափոխված բուժառու անձանց ուղեկցողները, եթե անձը ներկայացրել է դիմում մինչև 2024թ․ հունվարի 31–ը, և նրա տվյալներն առկա են ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած ցուցակում։
  • ծրագրի վճարման ցուցակի ձևավորման ժամկետը կերկարաձգվի մինչև մարտի 20–ը։

Կոմունալ ծախսերի և ժամանակավոր կացարանների վարձավճարների համար՝ վեցամսյա 40+10 հազար դրամ աջակցության ծրագրում կիրականացվեն հետևյալ փոփոխությունները․

  • ժամանակավոր կացարանում բնակվելու համար նախատեսված 40 հազար դրամը կստանան նաև այն անձինք, ովքեր ունեն բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակվելու համար նախատեսված միայն մեկ անշարժ գույք, որի բաժնեմասին համապատասխան մակերեսը փոքր է 20 քառակուսի մետրից։
  • որոշ հանգամանքների պատճառով ուշ դիմած շահառուներին կվճարվի նաև նախորդ ամիսների համար, եթե այդ ամիսներին ՀՀ-ից 10 օրից պակաս են բացակայել։
  • դիմում ներկայացնելու ժամկետը մարտի 15-ի փոխարեն կսահմանվի մարտի 31-ը։
  • ծրագրի շահառու կդառնան նաև այն անձինք, որոնց դիմումները մերժվել են բնակչության պետական ռեգիստրում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը ՀՀ-ում հաշվառված լինելու պատճառով։
  • նշված փոփոխությունները կդիտարկվեն սկսած հոկտեմբեր ամսից։

Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Տիգրան Խաչատրյանին

Արցախի նախագահին առընթեր Հանրային խորհուրդը կոչ է անում Հայաստանի կառավարությանը սոցիալական ծրագրերը քննարկելիս և ընդունելիս լսել արցախցիների ցանկությունները, դիտողություններն ու առաջարկությունները և հաշվի առնել դրանք։

Հանրային խորհուրդը, մասնավորապես, դիմել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին՝ նշելով, որ բնակարանաշինության ծրագիրը բարելավում է պահանջում։ «Ձեր ներկայացրած ծրագրերը կպահանջեն առնվազն ևս վեց ամիս աշխատանք՝ խելամիտ բանի հասնելու համար։ Որովհետեւ դուք չեք հետաքրքրվել Արցախի ժողովրդի կարծիքով, դուք չեք հարցնում արցախցիների կարծիքը»:

Ահա թե ինչ է Եվրախորհրդարանն առաջարկում արցախցիներին

Եվրոպական խորհրդարանն ընդունել է արտաքին քաղաքականության և ԵՄ անվտանգության ու պաշտպանության քաղաքականության վերաբերյալ 2 զեկույց, որոնցում խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված և չարդարացված հարձակումը Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ու կոչ անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել հայ բնակչության անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ ամուր երաշխիքների ներքո։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է, որ արտաքին և անվտանգության քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցն ընդգծում է հայկական մշակութային, պատմական եւ կրոնական ժառանգության պաշտպանության կարեւորությունը՝ պահանջելով պաշտպանել դրանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշներին և Ադրբեջանի միջազգային պարտավորություններին համապատասխան։

Եվրախորհրդարանականները զեկույցում նշել են, որ Բաքուն խախտել է միջազգային եւ մարդու իրավունքները, ափսոսանք հայտնել, որ խախտել է նաեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարությամբ  և ԵՄ միջնորդությամբ իրականացվող բանակցություններում ստանձնած պարտավորությունները։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական երկխոսությունն առաջընթացի միակ կայուն ճանապարհն է և կոչ է արվում ԵՄ-ին ու նրա անդամ պետություններին աջակցել նման ջանքերին», – ասված է զեկույցում, որն ընդգծում է, որ արժանապատիվ և կայուն տարածաշրջանային խաղաղությունը, որը պահպանում է երկու երկրների ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը, կայունության նախապայմանն է։

Զեկույցը նախազգուշացնում է, որ ուժի կիրառմամբ և հարևան երկրների տարածքային ամբողջականության խախտմամբ նպատակներին հասնելու ցանկացած ջանք պետք է արժանանա ԵՄ-ի և միջազգային հանրության վճռական պատասխանին։ Կոչ է անում Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությանը (EUMA) ուշադիր հետևել տեղում զարգացող անվտանգության իրավիճակին, թափանցիկ հաշվետվություն տրամադրել խորհրդարանին և ակտիվորեն նպաստել հակամարտությունների կարգավորման ջանքերին,  աջակցություն ցուցաբերել Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով, մասնավորապես՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պաշտպանունակությունն ուժեղացնելու նպատակով՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության սահմաններից դուրս նրա անվտանգության տարածքը ընդլայնելու նպատակով։

ՔՊ-ականները կմկմում են՝ փորձելով բացատրել ռուսների ներկայությունը Սյունիքում

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին լրագրողները հարցրին՝ ինչպես են ռուս սահմանապահներն առանց իրավական հիմքի ու մանդատի տեղակայվել Սյունիքի մարզում։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն էր երեկ հայտարարարել, որ Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ եւ պայմանագիր գոյություն չունի։

«Դուք երեւի մոռացել եք, որ 2020 թվականին եղել է 44-օրյա պատերազմ, դրանից հետո խաղաղապահ զորքեր են մտցվել Արցախի տարածք, դրանից հետո ռուսական կոնտինգենտը շարժեր է ունեցել Սյունիքի մարզում, որպեսզի անվտանգային հարցեր լուծեն։ Իրավիճակով պայմանավորված, այո՛, այդպես է եղել։ Բայց հիմա ուսումնասիրություն է իրականացվում, որպեսզի այդ բոլոր իրավական խնդիրներին պատասխան տրվի՝ ով ինչ մանդատ ունի եւ որտեղ»,- ասաց Արմեն Խաչատրյանը։

Նա նշեց, որ Ներքին Հանդում տեղակայված ռուսները սահմանապահներ են։ «Այո՛, 2021 թվականին, իրավիճակով պայմանավորված, իրենք եկել տեղակայվել են այնտեղ՝ զուտ անվտանգային խնդիրներ լուծելու համար։ Դա այն ժամանակ պետք է եղել։ Նաեւ Գորիսում է տեղակայում եղել, որը պետք է ապահովեր Արցախի խաղաղապահ զորքի անվտանգությունը»,- ասաց Խաչատրյանը։

Հարցին, թե ի՞նչ գործառույթ են իրականացնում ռուսները հիմա Սյունիքում, Արմեն Խաչատրյանը կրկնեց, որ 2020 թվականի պատերազմից հետո տեղակայումն իրականացվել է զուտ անվտանգային նպատակներով։ «Բայց թե իրենց առջեւ դրված խնդիրները կատարել են, թե չեն կատարել, սա արդեն ուրիշ հարց է»,- հավելեց նա։

Եվրախորհրդարանի նոր բանաձևեր․ պատրաստվել Հայաստանի դեմ Ադրբեջանի պատերազմին

Եվրախորհրդարանն ընդունեց արտաքին քաղաքականության և ԵՄ անվտանգության և պաշտպանության քաղաքականության վերաբերյալ 2 բանաձև, որոնցով կոչ է անում անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եվրախորհրդարանն ընդունեց արտաքին քաղաքականության և ԵՄ անվտանգության և պաշտպանության քաղաքականության վերաբերյալ 2 բանաձև, որոնցից յուրաքանչյուրում ԵՄ-ին կոչ է անում.

Անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը:

Պատրաստ լինել թիրախավորված և անհատական ​​պատժամիջոցներ սահմանելու Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության դեմ, կասեցնել նավթի և գազի ներմուծումը Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում:

Ամրապնդել Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը, ավելացնել դրա չափը, երկարացնել դրա ժամկետը և դիտորդներ տեղակայել Թուրքիայի հետ սահմանին։

Կասեցնել Ադրբեջանի հետ նոր գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները»:

Ռուսաստան ներխուժելու փորձերը հղի են միջուկային զենքի կիրառմամբ և լայնածավալ հակամարտությամբ․ Պուտին

Պուտինը մի շարք ամպագոռգոռ հայտարարություններ է արել ՌԴ Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անհեթեթություն է անվանել այն պնդումները, թե Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել Եվրոպայի վրա։ Այդ մասին նա հայտարարել է Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում՝ սպառնալով, որ «Ռուսաստանի Դաշնությունում հնարավոր ինտերվենցիոնիստների համար հետևանքները շատ ավելի ողբերգական կլինեն, քան անցյալ դարաշրջաններում»։ Ռուսաստան ներխուժման փորձերը սպառնում են լայնածավալ հակամարտությամբ՝ միջուկային զենքի կիրառմամբ, ասել է նա։

Պուտինը նաև հիշեցրեց Ռուսաստանի Դաշնության հակառակորդներին, որ «այն ունի զենք, որը կարող է խոցել իրենց տարածքում գտնվող թիրախները»:

Միաժամանակ, ըստ ՌԴ նախագահի, Մոսկվան պատրաստ է երկխոսության բոլոր երկրների հետ՝ Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության նոր ուրվագիծ ստեղծելու համար։

Բացի այդ, Պուտինը վստահեցրել է, որ Ռուսաստանը «եղել և մնում է ավանդական արժեքների հենակետ, և նրա ընտրությունը կիսում են մարդիկ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Արևմուտքում»։