Սեպտեմբերի 19․ ամուսինս եկավ ու ինձ համար սնունդ բերեց՝ հնդկաձավար, մի կտոր հաց ու մի կոնֆետ

“Հղիությունս ընթանում էր շատ դժվար, թերսնման ու վիտամինների պատճառով ունեի լուրջ խնդիրներ։ Երեխաս ծնվեց 7 ամսական և կշռում էր 1.600գ։ Երեխայիս ծնվելուց հետո մոտ 11 օր պահում էին թթվածնով, մարմնի ջերմաստիճանը չէր բարձրանում, ուտում էր գրամներով։ Ծննդատնից տեղափոխվեցի մանկական հիվանդանոց և 2 օր պառկելուց հետո եկավ անիծված 19-ը։

Կյանքում չեմ մոռանա այդ օրը։ Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում երեխաս պառկած էր ջերմության կարգավորման սարքի տակ և կաթիլային էր ընդունում։ Ժամը 1-2 կողմերին բարձր ձայն լսեցինք, ամբողջ հիվանդանոցն իրար խառնվեց, հեռվում ծուխ երևաց։ Անջատեցին սարքավորումները և ասացին, որ պատերազմ է սկսվել՝ պետք է իջնենք նկուղ։ Մի քանի ժամ նկուղում մնալուց հետո հասկացա, որ ինչքան էլ վիճակը վատ լինի, երեխայիս ջերմություն է պետք։ Բժիշկի խորհրդով բարձրացանք սենյակ բուժումը շարունակելու համար։ Այդպես անցավ գիշերը։ Հաջորդ օրվա կեսին նկատեցի, որ հիվանդանոցի թե՛ հիվանդները, թե՛ քույրերը կամաց-կամաց չքանում են։ Կապ ընդհանրապես չկար։ Մի կերպ կարողացա զանգել բարեկամներիս իմանալու համար, թե ինչպես են, իսկ ամուսնուս մասին, ով ծառայում էր, լուր չունեի։ Ամբողջ հիվանդանոցը խոսում էր մեր բոլոր խփված զորամասերի մասին։

Ժամանակի հետ պատերազմի ձայները մոտենում էին, և բուժքույրն ասաց, որ ապահովության համար պետք է իջնենք նկուղ։ Նկուղում մատրասներով մահճակալներ սարքեցինք ու մնացինք։

Գնալով վիրավորները շատանում էին, գյուղերից վիրավորված, սոված, մրսած երեխաներ էին բերում։ Հաջորդ գիշերը էլ նկուղում պառկելու տեղ չկար, մահճակալների վրա հազիվ մի քանի երեխաներ էին տեղավորվել։ Ահավոր ցուրտ էր։ Այդ պահին ամուսինս եկավ ու ինձ համար սնունդ բերեց. հնդկաձավար, մի կտոր հաց ու մի կոնֆետ։ Երեխային նույնիսկ չնայեց։ Շտապում էր։ Թողեց ու գնաց։ Ամսի 23-ին արդեն հիվանդանոցում հիվանդ չկար։ Բոլորը գնում էին՝ իրենք էլ չգիտեին ուր, մենակ թե փախչեն։ Հազիվ կապ հաստատեցի մերոնց հետ, իմացա, որ լավ են, բոլորը ողջ ու առողջ են։ Հետո շատ դժվար ամուսնուս զանգեցի, ասաց, որ ջոկատից մի քանի հոգի են մնացել, և չգիտի, ինչ անել։ Ամսի 24-ին ամուսինս եկավ հետևիցս։

Մոտեցա բժիշկ Մ.Կ. -ին, ով ինձ տվեց 2 տուփ կաթնախառնուրդ։ Հայրական տուն նույնիսկ չհասցրի մտնել։ Գնացինք քրոջս տուն, իմացանք ինչպես են և գնացինք գյուղ՝ Լուսաձոր։ Հասանք ցուրտ ու մութ տուն։ Սենյակս կարգի բերեցի, տեղաշորս փոխեցի, երեխայի տեղը սարքեցի։ Այդպես էլ չքնած, գիշերվա 3-ին ամուսինս ասաց, որ հիմա դուրս ենք գալիս և շատ արագ պետք է հավաքվենք։ Չհասկացա, ինչ էր կատարվում, ոնց ենք դուրս գալիս, երեխաս հազար ու մի խնդիր ունի։ Դեռ բուժում չստացած, զոնդով կերակրվող երեխային ո՞նց պետք է դուրս հանեյի։ Վերցրեցի երեխայիս շորերը, տակդիրներն ու ճանապարհ ընկանք։

Մոտ 6 մեքենաներով, բարեկամների հետ դուրս եկանք։ Երեխաս ամբողջ ճանապարհին նորմալ չէր ուտում։ Դե չասեմ ինչ խցանումներ էին։ Մի պահ նկատեցի, որ երեխաս կապտել է։ Շատ դժվարությամբ մարդկանց խնդրեցինք, տեղ տվեցին և ինչքան հնարավոր է առաջ գնացինք։ Ամուսինս բանակի շտապ օգնության մեքենան կանգնեցրեց բժիշկ գտնելու հույսով։ Մի աղջիկ մոտեցավ երեխային և ասաց, որ շտապ թթվածին է պետք։

Ճանապարհի քանդված հատվածով մի կերպ առաջ գնացինք և հասանք ռուսների անցակետ։ Ես ու մայրս երեխային վերցրեցինք և վազեցինք խաղաղապահների մոտ։ Իրենց հրամանատարի մեքենայով հասանք Հակարի։ Թուրքը անցնելիս հարցրեց երեխայի սեռը։ Վախից ես ասացի, որ աղջիկ է, մայրս էլ ասաց` տղա։ Այդ պահին սպասում էինք, որ չեն թողնի անցնենք, բայց հրամանատարը կարգի բերեց ամեն ինչ, ու արագ անցանք։

Կոռնիձորում արդեն մեզ էր սպասում շտապ օգնության մեքենան։ Գնացինք Գորիսի հիվանդանոց, քանի որ չկային համապատասխան բուժօգնության սարքերը։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Գորիսի բժիշկներին, անուն չեմ հիշում, իրենք օգնեցին ուտելիք ու շիշ գնել, մինչև ամուսինս գար հասներ ինձ։ Գորիսի հիվանդանոցում մեզ պահեցին մինչև ամուսնուս գալը։ Ամուսնուս գալուն պես շարժվեցինք դեպի Երևան և նույն գիշերը եկանք Մուրացանի վերակենդանացման բաժանմունք։

Փառք Աստծո, փրկեցինք երեխայիս կյանքը, ով արդեն 6 ամսական է»,- պատմում է Էլինա Աղաջանյանը։

Գրի է առել Հայկ Հարությունյանը

«Աշխարհի բոլոր երկրները զինվում են, Հայաստանն էլ է զինվում»

«Եթե մենք մտածում ենք, որ պետք է կայունություն ու խաղաղություն հաստատվի տարածաշրջանում, շատ կարեւոր կլինի սպառազինությունների վերահսկումը, որի վերաբերյալ հայտարարություններ են հնչել հայկական կողմից եւ երեկ նաեւ՝ արտգործնախարարի կողմից»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Ըստ Խանդանյանի՝ այս առաջարկին Ադրբեջանի արձագանքը նույնպես կարող է ցույց տալ, թե որոնք են Ադրբեջանի իսկական մտադրությունները։ «Աշխարհի բոլոր երկրները զինվում են, Հայաստանն էլ է զինվում։ Բայց մենք գիտենք, որ Հայաստանը զինվում է իր սահմանները պաշտպանելու համար։ Եվ նման պայմանագրային շրջանակը, եթե դա տեղի ունենա Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, կարող է գործուն երաշխիք լինել, որպեսզի վստահ լինենք, որ երկրները սպառազինություն ձեռք են բերում պաշտպանվելու նպատակով»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ Բաքուն հրաժարվել է սպառազինություններ վերահսկման վերաբերյալ հայկական կողմի առաջարկից, պարզ չէ՞, թե ինչ նպատակ ունեն, Սարգիս Խանդանյանը պատասխանեց․ «Դա կրկին Ադրբեջանի ոչ կառուցողական պահվածքի մասին է խոսում։ Մենք շարունակելու ենք այս գաղափարը հնչեցնել, որովհետեւ Ադրբեջանն էլ իրենց ներքին կամ արտաքին խոսույթում անընդհատ մեր զինվելու մասին է մտահոգություններ ներկայացնում՝ ասելով, որ Հայաստանը շարունակում է տարածքային պահանջներ ունենալ Ադրբեջանի նկատմամբ։ Մեր առաջարկը հենց դրա մասին է, որ մենք անկեղծ ենք մեր դիրքորոշումներում։ Եթե դուք եւս անկեղծ եք, ապա պետք է համաձայնեք դրան»։

Ծիծեռնակաբերդում Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի ջարդերի զոհերին նվիրված խաչքարերի մոտ տեղի է ունեցել ծաղիկների խոնարհում

Փետրվարի 28-ին, Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրը, ժամը 14-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Խաչքարերի հրապարակում, Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի ջարդերի զոհերին նվիրված խաչքարերի մոտ տեղի է ունեցել ծաղիկների խոնարհում անմեղ զոհերի հիշատակին։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների դահլիճում սկսվել է գիտագործնական հանդիպում, նվիրված 1988-1992 թթ. Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված հայկական ջարդերի զոհերի հիշատակին։

Զեկուցումներով հանդես են գալիս Հրանուշ Խառատյանը և Արսեն Հակոբյանը (ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատողներ, պատմ. գիտ. թեկնածուներ), Թաթուլ Մկրտչյանը (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր), Գրիշա Օգանեսովը («Самооборона армян Кировабада в 1988-1989 гг. глазами очевидцев» (Երևան, 2014) գրքի համահեղինակ և կազմող), Վիլեն Գաբրիելյանը («Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր), Մարիամ Ավագյանը («Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար» ՀԿ համակարգող, կենսաբ. գիտ. թեկն.), Հարություն Մարությանը (ՀՑԹԻ «Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության» բաժնի վարիչ, պատմ. գիտ. դոկտոր)։

Պարզվում է, “բանակցությունների ամբողջ իմաստն էլ դա է, որ լարվածությունը նվազեցվի”․ բա պետական իրավունքնե՞րը

«Խաղաղության պայմանագրի բանակցությունները շարունակվում են, այսօր եւ վաղը Բեռլինում արտաքին գործերին նախարարները հենց խաղաղության պայմանագիրն են բանակցելու։ Առաջարկների 7-րդ ռաունդն է եղել, եւ այսօր ու վաղը արտգործնախարարները տեքստի վրա կաշխատեն, դրանից հետո կհասկանանք, թե արդյոք առաջընթաց գրանցում են այս բանակցությունները»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Հարցին, թե Գերմանիայում այսօր կայանալիք հանդիպումը եռակողմ է, թե՞ երկկողմ, նա պատասխանեց, որ ձեւաչափին տեղյակ չեն, այսօր կիմանան։

Իշխանության ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին, որ սկզբունքային կետերի շուրջ կա հետընթաց։ Հարցին, թե ի՞նչ հետընթացի մասին է խոսքը, Խանդանյանը պատասխանեց․ «Ես ենթադրում եմ, որ եղել են որոշակի հոդվածներ կամ դետալներ, որոնք ընթացքում համաձայնեցված են եղել, բայց հետագա խմբագրումների ժամանակ Ադրբեջանը հետ է կանգնել այդ համաձայնություններից։ Եվ մենք շարունակաբար պնդել ենք, որ այն, ինչ արդեն համաձայնեցված է, պետք է պահպանվի։ Ադրբեջանը հուսալի գործընկեր չէ, բանակցությունների ընթացքում բանակցված ու համաձայնեցված մի շարք դետալներ հետագայում փաստաթղթում իրենց արձանագրումը չեն գտնում։ Բայց եթե մենք ելնենք այն կանխավարկածից, որ մեկ է, հույս չկա, ինչ էլ ստորագրվի, հետագայում լարվածությունը չի ավարտվելու, ապա իմաստ չկա բանակցությունների։ Մեր բանակցությունների ամբողջ իմաստն էլ դա է, որ լարվածությունը նվազեցվի, բանակցային համագործակցության շրջանակ ձեւավորվի, որից հետո հնարավոր կլինի տարածաշրջանում կայունություն ունենալ»։

Ըստ Խանդանյանի՝ վերջին ամիսների ընթացքում բանակցություններում առաջընթաց չգրանցելն անընդհատ մտավախություն է առաջ բերում, որ հնարավոր է լարվածության աճ լինի։ Ըստ նրա՝ այսօր խնդիրը ոչ թե Ադրբեջանին արեւմտյան հարթակ բերելն է, այլ Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելն է։

«Մի բան հստակ է, եւ հստակ է նաեւ մեր միջազգային գործընկերների համար, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման եւ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար սկզբունքների շրջանակը համաձայնեցված է։ Եվ այդ սկզբունքների շրջանակներում պետք է հարաբերությունները կարգավորվեն։ Դրանից դուրս լրացուցիչ պահանջներն անընդունելի են»,- հավելեց Խանդանյանը։

Գերմանիան ձախողվեց՝ երբվանի՞ց է Փաշինյանը որոշում միջպետական ​​սահմանները

Փետրվարի 28-29-ը, այն օրերին, երբ հայ ժողովուրդը և աշխարհի նորմալ մարդիկ հարգում են Սումգայիթում Հայոց ցեղասպանության ժամանակ դաժանաբար սպանվածների հիշատակը, Բեռլինում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Գերմանիան, ըստ երեւույթին, ստանձնում է մոդերատորի դերը։

Հիշեցնենք, որ Փաշինյանն ու Ալիևը վերջերս հանդիպել են նաև Մյունխենում՝ Գերմանիայի կանցլերի միջնորդությամբ։

Ի՞նչ է առաջարկում Գերմանիան Հայաստանին։ 2015 թվականին, ինչպես գիտենք, Գերմանիայի Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և իր երկրի մեղսակցությունը Օսմանյան կայսրությունում հայերի դեմ հանցագործություններին։

Բացի այդ, 2023 թվականի մարտի 2-ին Փաշինյանի Բեռլին կատարած այցի ժամանակ կանցլեր Շոլցը երկու անգամ ընդգծել է, որ և՛ տարածքային ամբողջականության, և՛ ինքնորոշման իրավունքը համարժեք են։ Այնուհետեւ Փաշինյանը ոչ միայն չարձագանքեց ինքնորոշման մասին հիշատակմանը, այլեւ Գերմանիայի հայ համայնքի հետ հանդիպմանը կրկնեց, որ ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։

Թեկուզ ավելի վաղ՝ 2019-ին, Նիկոլ Փաշինյանը և Անգելա Մերկելը Բեռլինում խոսեցին ղարաբաղյան հակամարտության մասին, եւ Փաշինյանը պնդեց, որ ինքը չի կարող բանակցել Լեռնային Ղարաբաղի անունից, և որ Բաքուն պետք է խոսի Ղարաբաղի ժողովրդի ընտրված ներկայացուցիչների հետ։

Այդ ժամանակից ի վեր հայ իշխող և «ընդդիմադիր» դասի համառ ջանքերով փոխվել են միջազգային հանրության, այդ թվում՝ Գերմանիայի դիրքորոշումները։ Հայաստանի իշխանությանը հաջողվեց միջազգային օրակարգից հանել ինքնորոշման իրավունքը և աշխարհին համոզել, որ Ղարաբաղը Ադրբեջան է։

Իհարկե, մարդկային չափերը բոլոր դեպքերում հավասար են, բայց միջազգային իրավունքի տեսանկյունից Լեռնային Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի տարածքում և ոչ մի կերպ համեմատելի չէ ագրեսիվ պատերազմի հետ, որը Ռուսաստանը սանձազերծել է Ուկրաինայի ինքնիշխան տարածքի հանդեպ։.Այս մասին փետրվարի 27-ին Հայաստանում Գերմանիայի դեսպանատանը հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Գերմանիայի Բունդեսթագի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինքելմայեր-Բեքերը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Գերմանիան հանդես կգա նախաձեռնությամբ դիմելու Միջազգային քրեական դատարան՝ Ղարաբաղի բնակիչների բռնի տեղահանման գործի քննությունը սկսելու համար։

Ահա այդպես։ Պարզվում է, որ Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Իսկ ինչի՞ շուրջ էին 30 տարվա բանակցությունները ԵԱՀԿ հովանու ներքո, և ինչի՞ մասին է խոսելու Գերմանիայի կանցլերը Ալիևի և Փաշինյանի հետ, եթե բոլոր հարցերը պարզ են։ Իսկապե՞ս գերմանացի պատգամավորը հիմք է համարում Փաշինյանի բանավոր ցնդած հայտարարությունները։ Որտե՞ղ են Դոյչե բունդեստագի պատգամավորի խոսքերը հաստատող փաստաթղթերը։

Ի վերջո, եթե նույնիսկ Հայաստանի ողջ քաղաքական իսթեբլիշմենտը կրքոտ երգի ադրբեջանի կազմում Ղարաբաղի մասին, այդ կրքից չի ծնվի միջազգային փաստաթուղթ, որը կզրոյացնի բնիկ հայերի իրենց հայրենիքում պետական ​​կյանքով ապրելու իրավունքը: Թե՞ ֆրաու Վինկելմայեր-Բեքերն այլ կարծիք ունի։ Երբվանի՞ց է Փաշինյանը որոշում միջպետական ​​սահմանները։

Նաիրա Հայրումյան

Մարտի 1-ից դեղատոմսերը դառնում են էլեկտրոնային. Պացիենտը դեղատուն պետք է գնա անձնագրով

Դեղատոմսերը դառնում են էլեկտրոնային․ մարտից ուժի մեջ են մտնում նոր փոփոխությունները: «Այս պահին աշխատում ենք եւ էլեկտրոնային, եւ թղթային տարբերակով, սակայն կառավարության համապատասխան որոշումից հետո արդեն կբացառվի թղթային դեղատոմսի դուրսգրումը, կգործի միայն էլեկտրոնայինը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը:

«Այս պիլոտի շրջանակներում միայն կենտրոնացված գնումներով արդեն 1,7 մլն-ից ավելի դեղատոմս է դուրս գրվել, իսկ անվճար ու արտոնյալ պայմաններով՝ մոտ 600 հազար դեղատոմս: Այս դեղատոմսերը դուրս են գրվել առաջնային օղակի բժիշկների կողմից: Այս համակարգում ներգրավված են բոլոր պոլիկլինիկաները, թե քաղաքային, թե մարզային ու գյուղական ամբուլատորիաները:

Մարտից մենք ներառում ենք հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկրոբակտերային, հակավիրուսային դեղերը եւ իմունային շիճուկները, ինչպես նաեւ պատվաստանյութերը»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է գործելու համակարգը, Առողջապահության ազգային ինստիտուտի էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար Ծաղկանուշ Սարգսյանն ասաց. «Բժիշկը դուրս է գրելու դեղը էլեկտրոնային եղանակով, նշելու է դեղի ազդող նյութը, քանակը, ժամկետը, օրական քանի անգամ, ինչպես պետք է ստանա դեղերը, քանի հաբից պետք է ստանա, որից հետո  պացիենտը գնում է դեղատուն: Դեղատանը պացիենտի անունով որոնում են եւ տեսնում են դեղատոմսը: Այսինքն դեղատներին հասանելի չէ դեղատոմսը, քանի դեռ պացիենտը չի դիմել իրենց: Պացիենտը դիմում է դեղատուն, գտնում են դեղատոմսը, դեղատոմսում նշում են քանակը՝ ինչքան տրամադրեցին, եւ դեղատոմսը մարվում է, երբ բոլոր քանակները տրամադրվում են:  Սա նշանակում է, որ պացիենտը պարտավորված չէ մեկ դեղատնից միանվագ վերցնել բոլոր դեղերը, այլ կարող  է դեղերը վերցնել մաս-մաս, եւ դեղատոմսը կմարվի, երբ վերջին դեղահաբը կվերցնի պացիենտը, կամ դեղատոմսի ժամկետը կլրանա»:

Նրա խոսքով, այս համակարգը թույլ է տալիս, որ դեղատունը եւ բժիշկը  տեսնեն դեղատոմսերի ընթացքը. «Բժիշկը տեսնում է, որ պոցիենտը մոտեցել, վերցրել է դեղատոմսերի որոշակի քանակ կամ ամբողջությամբ ստացել է, ինչը նախկինում հնարավոր չէր վերահսկել: Թե ինչքան դեղ է սպառվել, ինչքան է դուրս գրվել, քանի պացիենտ է ստացել  դեղերը. Այս բոլորը գրանցամատյաններով հասանելի կլինեն եւ դեղատանը, եւ բժշկին, եւ բուժհաստատությանը:

Էլեկտրոնային դեղատոմսով հնարավոր կլինի հետագծելիությունը վերահսկել եւ ժամանակի ընթացքում ամբողջությամբ թվայնացնելու դեպքում հանրապետություն մտած դեղը մինչեւ պացիենտ, մինչեւ դրա կողմնակի ազդեցություններ, հնարավոր կլինի հավաքել եւ ստանալ ամբողջական պատկեր»,-ասաց Ծաղկանուշ Սարգսյանը:

Նրա խոսքով, եթե բուժառուն անձը հաստատող փաստաթղթով չներկայանա, դա նշանակում է, որ այդ դեղատունը իրավունք չունի այդ տվյալներին հասանելիություն ունենալ, որովհետեւ պետք է ինքն անի նույնականացում: «Բուժառուի փոխարեն կարող է լինել կոնտակտային անձը, բայց նա էլ  պետք է ներկայան անձը հաստատող փաստաթղթով, որպեսզի դեղատունը վստահ լինի, որ դեղը տալիս է  ճիշտ մարդու»:

Հարցին՝ բոլոր դեղատները տեղեկացվա՞ծ են այս համակարգից, Սարգսյանը պատասխանեց, որ դեղատնային գործունեություն ծավալող ընկերությունների մեծ մասն արդեն իսկ ներգրաված են, քանի որ ունեն պայմանագրեր բուժհաստատությունների հետ. «Մնացած դեղատների համար բոլոր տարբերակներով իրականացվել է իրազեկում: Ստեղծել ենք ուղեցույց, ուղարկել ենք իրենց, որպեսզի իմանան, թե ինչ քայլից սկսեն, ինչպես անեն, որ ունենան հասանելիություն համակարգին: Բնականաբար, երբ սկսենք, անընդհատ կապի մեջ կլինենք իրենց հետ»:

Դա արվելու է Արմեդ համակարգով, հետեւաբար, բոլոր դեղատները պետք է ընդգրկվեն Արմեդ համակարգում:

news.am

Տեղ գյուղի մոտ ադրբեջանցի զինվոր է վնասազերծվել

Փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Այս մասին հաղորդել են ԱԱԾ-ից։

«Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից։ Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Չի կարելի բացառել, որ Ադրբեջանը կարող է գնալ որոշակի սադրանքների․ Աբրահամյան

«Ադրբեջանը հիմնական քարոզչական միջոցներից մեկով կեղծ արտահոսք է կազմակերպել առ այն, որ Հայաստանը Ֆրանսիայի, արտատարածաշրջանային այլ ուժերի հետ միասին Ադրբեջանի դեմ ագրեսիա է նախապատրաստում։ Ըստ այդ կեղծ թեզի՝ այդ ագրեսիայի նպատակն առաջնագծի մի քանի ուղղություններով կարեւոր բարձունքների նկատմամբ վերահսկողություն հաստատելն է։ Ադրբեջանական կողմը փորձում է պնդել, թե Հայաստանի այդ նախապատրաստությունը արտահայտվում է վերջին մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներով, որոնց մասին Ադրբեջանը կեղծ տեղեկատվություն էր տարածել, ինչպես նաեւ՝ սահմանային ուղղություններից մեկում հայկական անօդաչու թռչող սարքի հետ կապված համապատասխան ինֆորմացիա։ Իրականում շատ ակնհայտ է, որ ադրբեջանական տարածած տեղեկությունները որեւէ կապ չունեն իրականության հետ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորի խոսքով՝ տպավորություն է, որ Ադրբեջանը որոշակի նախապատրաստություն է տեսնում, եւ, ինչպես նախորդ դեպքերում է եղել, ի սկզբանե փորձում է որպես ագրեսոր ճանաչել Հայաստանին, որպեսզի իր հետագա գործողությունները որակի որպես «կանխարգելիչ, զսպիչ կամ իրավիճակից ելնող» գործողություն։ «Նաեւ ուզում եմ հիշեցնել, որ այս ամենը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ բանակցային գործընթացում բավական բարդ իրավիճակ է։ Չնայած Մյունխենում տեղի է ունեցել հանդիպում, դրանից հետո հանձնարարություն է իջեցվել արտգործնախարարներին՝ շարունակելու հանդիպումները, բայց իրականության մեջ որեւէ լուրջ դրական դինամիկա այս գործընթացում չկա։ Եվ, բնականաբար, այս իրավիճակում չի կարելի բացառել, որ Ադրբեջանը կարող է գնալ որոշակի սադրանքների։ Եվ այդ սադրանքներին գնալու ճանապարհին փորձելու է պատասխանատվությունն ուղղել Հայաստանի ուղղությամբ»,- ասաց նա։

Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ տեսանելի է, որ Ադրբեջանը բավական սուր է արձագանքում Ֆրանսիայի քաղաքական հայտարարություններին, Ֆրանսիայի կողմից Հայաստանին մատակարարվող զենքի գործարքներին։ Թիրախավորում են նաեւ Ֆրանսիային։ Եվ այս իրավիճակում պատահական չէ, որ փորձում են ցույց տալ, թե իբր Հայաստանը ագրեսիա է իրականացնում Ֆրանսիայի աջակցությամբ։

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ այսօր կայանալիք հանդիպմանը՝ Տիգրան Աբրահամյանն ասաց, որ բուն բանակցային գործընթացի հետ կապված որեւէ դրական սպասում այս պահին չկա։ «Մյուս կողմից, բնական է, որ եթե Ադրբեջանը սադրանքի կամ էսկալյացիայի նմանվող որեւէ գործըթնացի պետք է գնա, ի սկզբանե ցույց չի տալու կամ չի հայտարարելու, որ դրան է գնալու։ Ինչպես եղել է տարբեր տարիներին, փորձել է խաղաղության դրոշի ներքո ներկայացնել գործընթացը, որտեղ հիմնական մեղավորը կարգվել է Հայաստանը։ Այս իրավիճակում ես կարծում եմ՝ շատ կարեւոր է միջազգային հիմնական դերակատարների հետ ինտենսիվ աշխատելը՝ հենց այս փուլում կանխելու Ադրբեջանի կողմից հնարավոր գործողությունները»,- ասաց նա։

Նոյեմբերի 9-ի թուղթը «Սումգայիթի» շարունակությունն է, հայության դեմ ցեղասպանության նոր փուլի մշակված սցենարը. վկայություններ

Հայության դեմ իրականացվող շարունակական ցեղասպանության դրվագները Մեծ Աղետի հետցնցումներն են, որ մեկ քողարկված ու կամ էլ անթաքույց ի հայտ են բերում հայության կենսատարածքին, հողին, ունեցվածքին ու բնական ռեսուրսներին տեր դառնալու դրանց նպատակներն ու անպատիժ հանցավորությունը: Ու հայության  ցեղասպանության հեղինակներն ու կատարողները անփոփոխ են, ինչպես և դրանց ծրագրերը:

Խորհրդային Սումգայիթում, որ մայրաքաղաք Բաքվից ընդամենը 30 կմ հեռավորության վրա է, 1988 թվականի փետրվարի 26-ից 29-ը իրողություն դարձավ հերթական չքողարկված ցեղասպանությունը ՝ 1918 թվականի Բաքվի 30 հազար հայերի ջարդերից հետո: Հրեա փաստաբան Պոլինա Շապոշնիկովան, ով ընդգրկված էր «Սումգայիթի» հետաքննության հանձնաժողովում, 1988-ի մայիսին կասի, որ եթե նույնիսկ մեկ հայ են սպանել Սումգայիթում, ապա այն փաստը, որ սպանել են ազգային պատկանելության համար, արդեն ցեղասպանություն է:

Իսկ թե ինչքան սպանեցին, մորթեցին, անդամահատեցին, բռնաբարեցին, տանջամահ արեցին ու ողջակիզեցին, խորհրդային Ադրբեջանի իշխանությունները հաջողված կկոծկեն՝ դատական ընթացքները սկզբից ցրելով Խորհրդային Միության ողջ տարածքով, ապա և ԽՍՀՄ-ի փլզումով պայմանավորված՝ դրանք կկասեցվեն:

Սակայն Ադրբեջանի իշխանությունները չեն կարող կոծկել ականատեսների վկայությունները, նրանց արթուն ու զգոն հիշողությունները, որ վերածվել են հարցազրույցների, գրքերի, չափածո ստեղծագործությունների, փորձագիտական հետազոտությունների, որոնք վկայում են, որ Սումգայիթում եղել է հայության մասշտաբային ջարդ, ու հազարավոր մարդիկ են զոհ դարձել, ընտանիքներ են ամբողջովին վերացել:

Սումգայիթից վերապրածները, նաև Բաքվից փախածներն ու ականատեսները վկայել են, որ փետրվարի 26-29-ը փողոցներում «արյունը գետի պես հոսում էր», փողոցները լվանալու համար Բաքվի իշխանությունները լրացուցիչ ջրցան մեքենաներ Բաքվից էին բերել:

Ալեքսանդր Արսենի Այիրյանը, ով Ադրբեջանական ԽՍՀ անտառային և փայտամշակման արդյունաբերության մինիստրն էր, լինելով ջարդերը հետաքննող հանձնաժողովի անդամ, 1988 թվականի մարտին հանձնաժողովի հետ այցելում է Սումգայիթի ինչ-որ պահեստ, որտեղ պահվում էին տանջված դիակները և դիակների մասերը: Այիրյանը տեղում վատանում է, վարորդն է գրկած դուրս տանում: Նա մի քանի ամիս անց մահանում է:

Տատյանա Երամյանցի մայրը աշխատում էր Բաքվի 6-րդ դպրոցում, նրա դասղեկական դասարանում աշակերտուհին Սումգայիթի մասին պատմելիս սկսում է հեկեկալ ու ասում, թե հայրը, ով պաշտոնատար անձ էր ու ընդամենը 35 տարեկան, եկել է Սումգայիթից լրիվ ծերացած, սպիտակած:

Աշոտ Համբարձումյանը 1988 թվականի փետրվարին սովետական բանակի օդադեսանտային բատալիոնի սերժանտ էր, դասակի հրամանատար: Դասակը փետրվարի 24-ի գիշերը արդեն գտնվում էր «Կարայի Բատ» շրջանում, այնտեղ էր տեղավորված Բաքվի բազմաքանակ կայազորը: Նա վկայում է, որ 28-ի առավոտյան ժամը 9-ին մտել են քաղաք, որ ենթաբաժինները իրականացնեն պարետային ժամ, դիակներն են հավաքել, «այդ մի գիշերվա մեջ 1000-ից ավելի հայ էին սպանել»:

Սումգայիթյան իրադարձությունները ուսումնասիրող Սամվել Շահմուրադյանը 1989 թվականի սեպտեմբերի 23-ին մի հավաքի ժամանակ բարձրաձայնում է, որ «փետրվարի 29-ին, սովետական զորքերի մուտքից մի օր հետո, Սումգայիթում զոհվել է առնվազն 1000 մարդ… այդ դեպքում ինչո՞ւ համար էին սովետական զորքերը եկել Սումգայիթ, ինչո՞ւ համար»-իր հարցը կրկնում է Շահմուրադյանը:

Սումգայիթցի Հովսեփյան Օֆելյան և ամուսինը` Աղասյան Ռաֆիկը վկայել են, որ իրենց փրկած «ադրբեջանցի» հարևանը, ով Սումգայիթի քաղկոմի բարձրաստիճան պաշտոնյա էր, տեղյակ է պահել, որ «ձեր ցեղակիցներին այս գիշեր թաղելու են, ինքնաթափերով տանելու են մասնատված դիակները, իսկ ավտոբուս-կատաֆալկաների մեջ ամբողջական դիակները, մեքենաները անցնելու են շենքի դիմացի փողոցով, տանելու են Բայիլովի տարածքում արդեն փորված խրամատում հողածածկ անելու»: Դա 1988 թվի մարտի 6-ից 7-ն էր` կեսգիշերին, Օֆելյան և Ռաֆիկը պատուհանի մոտ կանգնած հաշվել էին 5  ՊԱԶ-ավտոբուս ու  20-25 ԶԻԼ ինքնաթափեր, որոնց ուղեկցում էին զինվորական ԲՏՌ-ները: Օֆելյայի և Ռաֆիկի վկայության հիման վրա ամենազուսպ հաշվարկները թույլ են տալիս ենթադրել, որ ավտոշարասյունը Սումգայիթի դիարաններից և պահեստներից տանում էր ամենաքիչը 1500 դիակ, կամ էլ ընդհանուր առմամբ 1500-ից 3000 դիակ: Բայց դա միայն Սումգայիթի դիարաններից ու պահեստներից:

Կան վկայություններ, որ ցեղասպանության օրերին դիակները բեռնատարներով Սումգայիթից տեղափոխել են հանրապետության այլ քաղաքների դիարաններ՝ Բաքու, Մարդակյան և այլ բնակավայրեր:

Հաշվի առնելով բազում վկայությունները, մեր փորձագիտական եզրակացությունն է, որ Սումգայիթում 1988 թվականի փետրվարի 26-ից 29-ը` 4 օրում, սպանվածների թիվը ավելի քան երեք հազար է:

Սումգայիթի զոհերի աճյունները մինչև օրս էլ հայտնաբերվում են Սումգայիթի արվարձաններում նոր շինարարություն կատարելիս։

Սումգայիթի կազմակերպիչները այսօր էլ հայտնի են, նրանց շարքերում կան նրանք, որոնք դեռ ողջ են, բայց և անպատիժ:

Սումգայիթի ոճրագործությունը դատապարտել են Եվրախորհրդարանը (1988թ.), ԱՄՆ-ի Սենատը (1989թ.) և Արգենտինայի խորհրդարանը:

1990 թվականի փետրվարին Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհուրդը դա ճանաչել է ցեղասպանության շարունակություն։

«Սումգայիթը» հայատյացության ցցուն երևույթ է, գազանային ու վայրագ հակամարդ բնույթի հերթական բացահայտում: «Սումգայիթը» մերժում է ամեն սրբություն, երբ անզոր հոր աչքերի առաջ վայրագ գազանածին ամբոխը բռնաբարում է հոր երկու դստրերին, կամ ծննդատանը նորածին հայերի գլուխներն էին թռցնում՝ ինչպես չեն անի անգամ թռչնանոցում: Իսկ փողոցում այդ գլուխներով ֆուտբոլ պետք է խաղային ադրբեջանցի երեխաները, որ նրանք էլ դառնային հայատայացության մասնակից: Ու դարձան:

«Սումգայիթը» այնուհետև կտեղափոխվի Կիրովաբադ/Գանձակ, Գարդման, Նախիջևան, զուգահեռաբար Բաքու և Շիրվան, ապա և Մարաղա:

Ադրբեջանի ողջ տարածքում, որտեղ հայեր էին ապրում, տարածքներ, որոնք հակամարդ բոլշևիկների ու ստալինի կամայական որոշումներով հայտնվել էին նորածիլ պետության վերահսկողության ներքո, բացահայտ, անպատիժ, այլասերված մեթոդներով սպանում էին հայերին, բոլորին ու ամենուր, երկու տարվա ընթացքում՝ 1988 թվականի փետրվարի 26-ից մինչև 1990 թվականի հունվարի 19-ը:

Ինչքան սպանվեցին, անհայտ է:

Հազարավոր մարդիկ սպանվեցին:

«Սումգայիթը» ապացուցում է, որ եթե ցեղասպանությունը կազմակերպված է պետական մակարդակով իր իսկ քաղաքացիների դեմ, ապա ցաքուցրիվ ապրող հայության ինքնապաշտպանությունը չի դառնում փրկության միջոց: Միայն համախումբ ապրող հայությունը Կիրովաբադ/Գանձակում կկարողանա ինքնապաշտպանական կուռ գործողություններով խուսափել մեծամասշտաբ սպանդը:

1988-1992 թվականների ընթացքում Ադրբեջանը «խաղաղ» հայաթափվեց: Իսկ Ադրբեջանի երբեմնի տիտղոսային ժողովուրդը՝ հայությունը, կորցրեց իր կենսատարածքը Նախիջևանում, Գարդմանում, Շիրվանում, կորցրեց իր ուրույն համայնքային կյանքը, նիստուկացը, բարբառը, սովորույթները, գերեզմանոցները, եկեղեցիները, մշակույթը, լանդշաֆտը, անտառները, ջրերը, բնական ռեսուրսները:

Ցեղասպանության 1991 թվականի ալիքի տարածումը կասեցվեց ԼՂԻՄ-ի մատույցներում, փոքրիկ ու անպաշտպան Լեռնային Ղարաբաղը փրկվեց միայն ու միայն Հայաստանի և աշխարհասփյուռ հայության ուժերի միաբանման արդյունքում, հայեր, որոնք 1915-1923 թվականներին ցեղասպանության փրկվածների սերունդներ էին:

Բաքուն, որ 1918 թվականի սեպտեմբերին թուրքական կանոնավոր բանակի ուղիղ մասնակցությամբ և ցեղասպանության ընթացքով դարձավ նորածիլ Ադրբեջանի մայրաքաղաքը, մինչ այդ դա ռեգիոնալ արդյունաբերական, մշակութային ու  քաղաքական մտքի զարգացման կենտրոն էր, 1918 թվականի սեպտեմբերին ի սպառ վերածվեց ու այսօր էլ ցեղասպանությունների ծրագրերի մշակման կենտրոն է: Պատահական չէ, որ 1992 թվականի փետրվարին Ադրբեջանի վերահսկողության տակ Աղդամի մատույցներում ոչնչացվեցին Խոջալուի շուրջ 44 բնակիչները՝ թուրք մեսխեթցիները, և այս հակամարդ փաստը այնուհետև նավթային ռեսուրսների վրա փքվող բռնապետական համակարգը կիրառեց հայության դեմ, մի կողմից հայությանը մեղադրելով ինչ-որ «ադրբեջանցիների» ցեղասպանության մեջ, մյուս կողմից դրանով փորձեց ստվերել Սումգայիթը, Կիրովաբադը, Բաքուն:

Հայության անբացատրելի լռությունը և անգործությունը թույլ են տալիս, որ աշխարհաքաղաքական խարդավանքների համար մանրադրամ դառնա թե՛ Հայոց Մեծ Եղեռնը,  թե՛ դրա շարունակությունը՝ «Սումգայիթը»:

Խորհրդային միության իրավահաջորդ և շարունակող ՌԴ նախագահը 2020 թվականի հոկտեմբերի 22-ին, 29-ին, ապա նոյեմբերի 17-ին հիշեցրեց «Սումգայիթի» մասին: Եվ այն հարցին, թե ինչու է ՌԴ նախագահը հիշեցնում «Սումգայիթը», իրողությունների հետագա  զարգացումը կպատասխանի, որ դա պարզագույն շահարկում էր:

Եվ ոչ մի ներողություն խորհրդային «Սումգայիթի» համար՝ խորհրդային իմպերիայի իրավահաջորդի և շարունակողի կողմից:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախում հայության դեմ սանձազերծած ռազմական ագրեսիային հետևեց  նոյեմբերի 9-ի թուղթը: Դրա հեղինակը՝ ինչպես ինքն էր խոստովանել,  ՌԴ նախագահն է: Այդ թուղթը շատ արագ բացահայտեց հայության դեմ ցեղասպանության նոր փուլի մշակված սցենարը. նախ Արցախին զրկեցին հայության՝ Սփյուռքի ու Հայաստանի Հանրապետության աջակցությունից, նրան մտցրեցին սովամահության տանող ու հյուծող շրջափակման մեջ, ապա «խաղաղապահի» աջակցությամբ  զինաթափեցին ու զրկեցին ինքնապաշտպանության հնարավորությունից: Ու բոլոր պայմանները բավարար էին, որ իրենց բնորոշ վայրագությամբ ու մարդատյացությամբ իրականացնեին արցախահայության ջարդը:

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը ռազմական ագրեսիայով ջարդեցին դե ֆակտո և դե յուրե կայացած Արցախի Հանրապետությանը, ջարդեցին Հայաստանի Հանրապետության վահանը:

Այսօր հայկական Արցախում հայ չկա, շուրջ 150 հազար հայեր քշվեցին իրենց տներից, հողերից, հայրենիքից, կենսատարածքից, ու կրկին, ինչպես 1915 թվին էր ու 1988-1992 թվականներիին, ցեղասպանին մնացին հայերի ունեցվածքը, հողերը, ջրերը, անտառները, բնական ռեսուրսները, ամեն-ամեն ինչ:

Ու այսօր էլ ՌԴ-ն նոյեմբերի 9-ի իր հեղինակած ցեղասպանության սցենարով ռազմակալված Արցախում պահպանում է ցեղասպան Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»՝ վերահաստատելով 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության դրվագների իր հեղինակային իրավունքը՝ մոսկովյան ու Կարսի պայմանագրեր, 1921 թվի հուլիսի 5-ի որոշում, ապա և 1988-1992 թվականներին հայության պոգրոմներով ողջ Ադրբեջանի հայաթափում, 2020-2023 թվականներին Արցախի հայաթափում, ու մյուս կողմից այդ թղթով է, որ հող է պատրաստում Հայաստանի Հանրապետության կապիտուլյացիայի համար՝ տարածքների ռազմակալում ու հայության ցեղասպանության վերջին դրվագ:

«Սումգայիթին» հետևած «նոյեմբերի 9-ի թուղթը» այսօր էլ մեծ վտանգ է հայության համար՝ կենսատարածքի այս վերջին բեկորի վրա, քանի դեռ Բաքուն ու «խաղաղապահը» Արցախում են և իրենց ներկայությամբ արգելափակել են արցախահայության վերադարձը հայրենիք, իր կենսատարածք: Արցախահայությանը սպառնում է այն նույն ճակատագիրը, ինչ վրա հասավ Գարդմանի, Նախիջևանի, Շիրվանի հայությանը՝ համայնքային  ինքնության, բարբառի, նիստուկացի, մշակույթի, ամենի կորուստ:

Աշխարհասփյուռ հայությունը և հայկական պետականությունը պետք է վերահաստատեն ցեղասպանության կասեցման իրենց պատրաստակամությունն ու ջանքերի պահանջված լարումով ոչ միայն պահպանեն հայության կենսատարածքի մեզ մնացած բեկորը, այլև ինքնապաշտպանական և դիմադրողական քայլերով պարտադրեն արցախահայության վերադարձը իր հող ու հայրենիք, իր տուն ու տեղ, որպես հայության ցեղասպանության կասեցման կարևոր  պայման: Արցախահայության ցեղասպանությունից փրկությունը հնարավոր է միայն նրա կենսատարածքում, որը պետք է ազատ լինի՝ քաղաքակրթությունից դուրս մնացած վայրագ ու հակամարդ Բաքվի,  որևէ վերահսկողությունից:

Տարածաշրջանում հայության գոյության հիմնական պահանջը Արցախի ու արցախահայության ինքնության փրկությունն է:

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար
Մարիամ Ավագյան
Հատուկ Step1.am-ի համար

Սենտիմենտալ ճամփորդություն. սուրճն ու թեյը` որպես անցյալի մի մասնիկ՝ “Տեսան-տենան”

«Ամեն մարդ իր գործունեությամբ ի վիճակի է հեքիաթ հյուսել»,- այս կարծիքին է «Տեսան-տենան» խանութի հիմնադիր և տնօրեն Սարգսյան Ադան: Տարբեր տեսակի թեյերի, սուրճերի, եվրոպական սպասքի խանութը կարելի է դիտարկել ոչ միայն որպես առևտրի սրահ, այլ փոքրիկ մշակութային կենտրոն: Ըմպելիքի իրական համն ու բույրը մեզ կփոխանցեն խանութում առկա բարձրորակ ապրանքները, որոնք պատահաբար չեն ընտրվել: Անուշահամ տեսականին և նրբաճաշակ սպասքը կարող են նաև որպես նվեր ծառայել, եթե մատուցվում են փնջի տեսքով:

«Թեյերն ընտրելիս հաշվի ենք առնում ամեն մանրուք: Օրինակ, ռոյբուշ թեյը հարուստ է հակաօքսիդանտներով, վիտամիններով, հանքանյութերով և պոլիէֆենոլներով: Բույսի հայրենիքը Հարավային Աֆրիկան է: Այս թեյն առանց կոֆեինի է, իսկ տանինի մակարդակը ցածր է: Այն պարունակում է կվարցետին, որը օգնում է պայքարել քաղցկեղի դեմ»,-պատմում է Ադան:

Նրա խոսքով` սուրճը արվեստ է,  ճիշտ հաղորդակցություն է, ճշգրիտ ընկալում է, քանի որ յուրաքանչյուր սուրճ ունի իր ստեղծման պատմությունը: Այս ոլորտում աշխատելը նման չէ հասարակ ձևով առևտուր անելուն, քանի որ անընդհատ շփման մեջ ես գտնվում համեմունքների լավագույն գիտակների հետ, ուսումնասիրում ես ստեղծման, աճեցման պատմությունները և ինքդ մասնագիտանում: «2020թ. պատերազմից հետո այդ ոլորտում աշխատելն ինձ համար սպեղանի էր։ Մենք բացվեցին նույն ֆորմատով, որը շատ սիրվեց Արցախում և հիմա մեր հաճախորդների արձագանքներից հասկանում ենք, որ սպասված է խանութի բացումը:

Նպատակս էր արցախյան ընտանիքներին ծանոթացնել այդ մշակույթի հետ: Ծանր էր այս աշխատանքը նորից սկսելը, վերարտադրելը, որովհետև ամեն դետալի հետ ես վերապրել եմ իմ Արցախը, իմ տունը, այնտեղ թողած իմ խանութը: “Տեսան-տենան” խանութն Արցախի համն ու հոտն ունի իր մեջ: Ուրախությանս հետ խառնված է կորստի ցավը: Սա ևս մի վայր է, որտեղ արցախցիները հանդիպում են և կարոտներն առնում են միմյանից»,- ասում է Ադան:

Հակոբ Հակոբյան, 2 հասցեում գտնվող “Տեսան-տենան” խանութը գեղեցկացնում է մարդկանց կենցաղը` դարձնելով այն գունագեղ, համ ու հոտով հարուստ:

Տաթև Ազիզյան

Ապրիլին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի եւ հակառակ գործերով լսումներ կանցկացվեն ՄԱԿ–ի դատարանում

2024 թվականի ապրիլի 15–26–ը ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանում կանցկացվեն լսումներ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Միաժամանակ Կիրակոսյանը նշեց, որ Հայաստանը շարունակում է աշխատանքները Եվրոպական դատարանում և Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացրած պահանջների վերաբերյալ գործողությունների առումով։
Նշենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է հրաժարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված հայցերից միայն այն դեպքում, եթե Ադրբեջանն էլ հրաժարվի։
Կիրակոսյանն ընդգծեց, որ ՀՀ քաղաքական ղեկավարներն իրենց հետ չեն քննարկել Ադրբեջանի հետ փոխադարձաբար գանգատներից հրաժարվելու հարցը։
«Մենք շարունակում ենք զբաղվել այդ իրավական գործընթացներով, դրանք հիմնավոր են և պետք է շարունակվեն։ ՀՀ տեսանկյունից էլ այդ պահանջները, որ դրված են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում և Եվրոպական դատարանում, տասնյակ հազարավոր մարդկանց իրավունքների խախտման, ոտնահարման մասին են, և նրանց իրավունքների պաշտպանության նպատակով էլ այդ իրավական գործընթացները նախաձեռնվել են»,–ասաց նա։
Հայաստանն Ադրբեջանի դեմ 4 միջպետական գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան, ևս մեկ գանգատ էլ քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում:
Առաջինը միջպետական գանգատը վերաբերում է 44-օրյա պատերազմին և դրան հաջորդած խախտումներին։ Երկրորդ գանգատը վերաբերում է Ադրբեջանում գերեվարված հայերի նկատմամբ ապօրինի դատավարություններին, երրորդ բողոքը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներկայությանը, չորրորդը՝ Լեռնային Ղարաբաղում 2022 թվականի մարտից սկսած իրադարձություններին. դա ներառում է գազամատակարարման ընդհատումները, Փառուխ և Քարագլուխ գյուղերի մոտ մարտերը, Լաչինի միջանցքի արգելափակումը, և, իհարկե, 2023 թվականի սեպտեմբերի ցավալի իրադարձությունները, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանմանը։
Իսկ ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացված գանգատը վերաբերում է ռասայական խտրականության բոլոր ձևերի վերահսկման մասին կոնվենցիային, որի շրջանակում ՀՀ–ն ներկայացրել է մի շարք հայցապահանջներ։ Դրանք վերաբերում են տասնամյակներ շարունակ Ադրբեջանի կողմից ատելություն քարոզող քաղաքականության իրականացմանը։
Ըստ Կիրակոսյանի` երկրների միջև իրավական գործընթացները հանդիսանում են վեճերի կարգավորման խաղաղ միջոց, և դա բացարձակ չի բացառում քաղաքական պրոցեսների` այդ թվում խաղաղության բանակցությունների անցկացումը։

Բնակարանային ապահովման աջակցությունից առաջինը կօգտվեն 3 և ավելի երեխաներ ունեցող արցախցիների ընտանիքները. փոխվարչապետ

Կառավարությունը մի քանի եղանակով աջակցելու է տեղահանված անձանց կեցության ապահովման հարցում՝ ընձեռելով տուն կառուցելու կամ ձեռք բերելու հնարավորություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով Կառավարության մշակած ծրագիրը։

«Կառավարության մշակած ծրագրով տեղահանված անձինք աջակցություն կարող են ստանալ տուն կառուցելու կամ տուն/բնակարան գնելու նպատակով, բայց պարտադիր չէ, որ դա լինի Երևանում: Մեր դիտարկումները ցույց են տվել, որ այդպիսի բնակարանների քանակը, որոնք 15-18 մլն գնային սահմաններում են, հասանելի են հիմնականում մյուս քաղաքային բնակավայրերում: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ 4 քաղաք է եղել, որտեղ 1 քմ հաշվով արժեքը 200 հազարից գերազանցում էր՝ Աբովյան, Դիլիջան, Ծաղկաձոր, Էջմիածին: Մյուս բնակավայրարում 1 քմ-ն 200 հազար դրամից ցածր է, ինչը նշանակում է, որ մեր գումարը բավարարելու է այդ բանակավայրերում տուն կամ բնակարան գնելու համար: Մենք դիտարկել ենք նաև, որ մեկ տարվա ընթացքում այդպիսի բնակավայրերում վաճառվող բնակարանները կարող են մի քանի հազար լինեն, այդ իսկ պատճառով մտածում ենք, որ պետք է առաջնահերթություններ սահմանենք․ առաջին փուլում աջակցություն կստանան 3 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, որոնց թիվը մոտավորապես 4100 է։ Հաջորդ փուլերում աջակցությունը կստանան երկու եւ մեկ անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, այնուհետև այլ խմբերի ներկայացուցիչները»,- մանրամասնեց փոխվարչապետը։

Նրա խոսքով՝ տեղահանված անձինք հնարավորություն կունենան նաև սոցիալական բնակարաններ ստանալ, եթե ներառված չեն կառուցման կամ գնման սերտիֆիկատների աջակցության ծրագրերում։

Մինչ այդ, Կառավարությունը նախատեսում է տարբեր չափերով և մեխանիզմներով աջակցել տեղահանված անձանց՝ կեցության վայրի վարձակալության հարցում։