Առողջության ապահովագրության հարցերով կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով

Հունվարի 1-ից մեկնարկած Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով արդեն գրանցվել է 2285 այց: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ավելի վաղ ԶԼՄ–ներով տեղեկություն է տարածվել, որ բժշկական կենտրոններում խառնաշփոթ իրավավիճակ է ու չգիտեն` ինչպես աշխատել, քանի որ նախարարի հրաման դեռ չկա:
«Առողջապահության նախարարության թեժ գծի, զանգերի կենտրոնի, բուժաշխատողների ներգրավմամբ տելեգրամյան խմբի միջոցով մշտական կապ ենք պահպանում քաղաքացիների և բժշկական կազմակերպությունների հետ` ընթացիկ խնդիրներին արագ արձագանքելու և ճիշտ ուղղորդելու համար»,– ասել է նա։
Նախարարը հիշեցրել է հեռախոսահամարները.

ԱՆ թեժ գիծ` 8003,

Զանգերի կենտրոն` 8866,

Արմեդ` 011202033:

Ավելի լավ է փոքր ընտանիքների համար գումարի չափ որոշեն, տրամադրեն, որպեսզի կարողանան բնակարան գնել

ՀՀ կառավարության նոր որոշմամբ արցախցի փոքր ընտանիքների բնակապահովման խնդիրներն ամբոջությամբ չեն լուծվում։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց «Տոկուն համայնք» ծրագրի պատասխանատու Որոնիկ Պողոսյանը՝ անդրադառնալով  նախորդ տարեվերջին կառավարության ընդունած «Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման սոցիալական աջակցության միջոցառումը եւ տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշմանը։

Հիշեցնենք, որ արցախցի ոչ բոլոր փոքր ընտանիքները կարող են լինել այս որոշման շահառու։ Որոշման համաձայն՝ նախատեսվում է կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցման եղանակով սոցիալական աջակցություն տրամադրել Ղարաբաղից տեղահանված՝ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման հերթացուցակում հաշվառված, ծրագրի շրջանակում բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագիր չստացած կամ այն չեղարկած 1-3 անդամ ունեցող այն ընտանիքներին, որոնք բաղկացած են միայն անժամկետ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ անժամկետ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող կամ 60 ավելի տարեկան անդամներից, կամ որոնց անդամների տարիքների հանրագումարը 115 և ավելի է՝ 2 անդամի դեպքում, կամ որոնց անդամների տարիքների հանրագումարը 175 և ավելի է՝ 3 անդամի դեպքում: Նախատեսվում է սոցիալական աջակցությունը տրամադրել 120 ամիսների ընթացքում՝ աջակցության ամսական չափը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար սահմանելով 40 000 դրամ։

Արցախցիներն այս լուծումը կիսատ են համարում։ Որոնիկ Պողոսյանի խոսքով՝ ավելի լավ է փոքր ընտանիքների համար գումարի չափ որոշեն, տրամադրեն, որպեսզի կարողանան բնակարան գնել, քան ամսեկան մեկ շնչին 40 հազար դրամ հատկացնեն։ «Դա լուծում չէ փոքրաթիվ ընտանինքների համար։ Այդ ընտանիքները խոցելի են, արցախցի բոլոր ընտանիքներն ն խոցելի։ Հենց այս օրերին ես զոհված զինծառայողի ընտանիքի հետ եմ աշխատանք տանում, ամուսինը արցախյան պատերզմում զոհվել է, երեք չափահաս երեխա ունի։ Տղաները տարբեր տեղեր դիմել են, բայց ոչ մի տեղ աշխատանքի չեն վերցնում։ Միայն աղջիկ երեխան է 40 հազար դրամ աշխատավարձ ստանում, տան մայրը որտեղ դիմում է, աշխատանք չկա։ Իրենք էլ գյուղում են ապրում, գյուղում աշխատանք չկա, այս մարդիկ ոչ մի ծրագրից չեն կարողանում օգտվել։ Հրատապը մերժում է, ասում է՝ զոհվածի փող եք ստանում»,- ասաց նա։

Անդրադառնալով աջակցության մյուս ծրագրերին՝ Որոնիկ Սարգսյանն ասաց, որ հրատապ աջակցության ծրագիրը եւս չի ծառայում նպատակին։ «Ընդամենը 3000 ընտանիք են ընդգրկել այդ ծրագրում, իրենց թիվը վերջացել է, այդ ծրագիրը փակել են, մարդիկ գրում են՝ լրացնում ենք, մեր դիմումները չենք ընդունում, ո՞ւմ է պետք է այդ հրատապը։ Թող հանեն, այդ հրատապի փոխարեն բոլորին մեծից փոքր շնչին 40 հազար դրամ գումար տան։ Իրենց տարբեր աջակցության ծրագրերը ոչ մեկի պետք չեն, թող մի աջակցություն տան, բոլորին հավասար տան, իմ առաջարկը դա է։ Կոնկրետ ես ամեն օր առնչվում եմ արցախցիների հետ, նույն բողոքներն են բոլոր ընտանիքներում՝ մեկին այսքան են տալիս, մեկին ոչինչ չի հասնում, մյուսի դիմումը չեն ընդունում։ Զոհված զինծառայողի ընտանիքին, եթե միլիոն էլ տան, ոչ իրենց զոհն է հետ գալու, ոչ էլ մխիթարվելու են»,- նշեց նա։

Անդրադառնալով բնակապահովման ծրագրին՝ Որոնիկ Սարգսյանն ասաց, որ այդ ծրագիրը մեծ խնդիրներ է ստեղծում արցախցիների համար։ «Զագսի թղթի, մահվան թղթի խնդիրներ կան, բոլորի մոտ նույն պատմությունն է։ Մարդիկ բանկերում 2023 թվականից հետո մնացած վարկեր ունեն, որոնց մի մասը մարել են, մյուս մասը չեն մարել, ունեն ԴԱՀԿ կալանքներ, չեն կարողանում օգտվել բանկերի ծառայություններից։ Ո՞ւմ են պետք իրենց տված սերտիֆիկատները, եթե բանկը վակեր չի տրամադրում մարդկանց։ Հարյուր տարի առաջ մարդը մահացել է, հիմա մահվան թղթի հիման վրա տեղեկանք են ուզում։ Մարդիկ էդ մահվան թուղթը որտեղի՞ց բերեն, եթե այսօր Արցախը չկա։ Խնդիրները բազմաթիվ են, չեմ կարող բոլորը ներկայացնել։ Այս խնդիրներին լուծում պետք է տան, որ ժողովուրդը կարողանան այդ ծրագրից օգտվել»,- նշեց Որոնիկ Սարգսյանը։

Եթե միջազգայնորեն չճանաչվի Արցախի Հանրապետության անկախությունը, կարող է դիտարկվել նաև ուժային եղանակը

Սկիզբը՝ այստեղ եւ այստեղ 

Step1.am-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը։

-Պարոն Հասան-Ջալալյան, դուք հայտարարել եք, որ Ադրբեջան-Արցախ հակամարտությունը կարգավորված չէ, Արցախի հարցը փակված չէ։ Եվ հակամարտության խաղաղ լուծմանը զուգահեռ նաեւ Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման ոչ խաղաղ կամ ուժային հնարավորությունն եք դիտարկում։ Ինչպե՞ս է հնարավոր իրականացնել դա, ի՞նչ ճանապարհներ կան։

Եթե միջազգայնորեն չճանաչվի Արցախի Հանրապետության անկախությունը, ապա Արցախի Հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիների Արցախ վերադարձն իրականություն դարձնելու և այնտեղ նրանց խաղաղ, անվտանգ ու երաշխավորված կենսագործունեությունն ապահովելու նպատակով Արցախի Հանրապետության վտարանդի վարչակազմը կարող է դիտարկել նաև ուժային եղանակը: Հարցն ուժային եղանակով լուծելու հնարավորություն Արցախի Հանրապետության վարչակազմին տալիս է միջազգային իրավունքը: Այսպես, 1933թ. դեկտեմբերի 26-ին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում ամերիկյան 20 պետություններ, այդ թվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները, ընդունել է «Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին» կոնվենցիան, որն առավելապես հայտնի է Մոնտեվիդեոյի կոնվենցիա անունով:

Հիշյալ փաստաթղթի 3-րդ հոդվածում, մասնավորապես, արձանագրված է. «Պետության քաղաքական գոյությունը կախված չէ այլ պետությունների ճանաչումից: Նույնիսկ ճանաչումից առաջ պետությունն իրավունք ունի պաշտպանելու իր ամբողջականությունն ու անկախությունը…»:

Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ դե ֆակտո պետությունը կարող է ցանկացած եղանակով, այդ թվում և ուժային եղանակով, ապահովել իր տարածքային ամբողջականությունն ու անկախությունը:

Հարկ եմ համարում նշել, որ 2021թ. սեպտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը վավերացրել է Մոնտեվիդեոյի կոնվենցիան։ Իսկ ուժային եղանակը գործադրելու իր իրավունքը Արցախի Հանրապետությունը կարող է իրացնել հետևյալ կերպ. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը, որից հետո Հայաստանի Հանրապետության վարչակազմը Արցախի Հանրապետության վտարանդի վարչակազմի հետ կնքում է «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագիր։

Ղեկավարվելով Մոնտեվիդեոյի կոնվենցիայի և Հայաստանի Հանրապետության հետ կնքված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի դրույթներով՝ Արցախի Հանրապետության վարչակազմը պաշտոնապես դիմում է Հայաստանի Հանրապետության վարչակազմին՝ խնդրելով Արցախի Հանրապետությանը տրամադրել ռազմական օգնություն: Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետությանը տրամադրված ռազմական օգնությունն անվանելով վերակազմյալ Արցախի Պաշտպանության բանակ՝ Արցախի Հանրապետության վտարանդի վարչակազմը նշված բանակի միջոցով ազատագրում է կամ դեօկուպացիայի է ենթարկում Արցախը։ Արցախի Հանրապետության դեօկուպացիայի հատուկ ռազմական գործողությանը կարող են մասնակցել նաև կամավորական ջոկատներ ինչպես Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ՝ արտերկրից։

Հաշվի առնելով 1918 թվականի մայիսին հարավկովկասյան տարածաշրջանի քաղաքական քարտեզի վրա օսմանյան Թուրքիայի վարչակազմի կողմից Ադրբեջան անունով արհեստական, կեղծ, խամաճիկային կազմավորման ստեղծման փաստը և Արցախի ու Հայաստանի Հանրապետության հետ վերջինիս ունեցած փոխհարաբերությունների ողջ պատմությունը, որը կազմում է ավելի քան 107 տարի, վստահաբար պնդում եմ. Ադրբեջանը խաղաղ ճանապարհով չի ազատելու Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքի նույնիսկ մեկ միլիմետրը։ Հետևաբար, Արցախի մեր հայրենակիցների տիրոջ իրավունքով և կարգավիճակով Արցախ վերադարձն իրականություն դարձնելու և այնտեղ նրանց խաղաղ, անվտանգ ու ստեղծարար կենսագործունեությունն ապահովելու նպատակով հրամայական անհրաժեշտություն է ուժային եղանակով օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանին դուրս քշելու Արցախի Հանրապետության տարածքից։

Շարունակելի

Երևանում հունվարի 10-ին սպասվում է ձյուն

Երևանում հունվարի 5-ի ցերեկը, hունվարի 5-8-ը, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-ին սպասվում է ձյուն:

Հանրապետության տարածքում հունվարի 5-ի ցերեկը, 6-8-ը, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-ի ուշ երեկոյան, 10-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։

ԱՄՆ չի չեղարկում 907-րդ բանաձևը, դեռ անելիք կա

Ադրբեջանի նախագահը ԱՄՆ սենատորների և կոնգրեսականների հետ հանդիպմանն ընդգծել է, որ Ադրբեջանին ուղղակի ամերիկյան օգնության տրամադրումը արգելող 907-րդ լրացմանը պահպանումը չի համապատասխանում երկու երկրների միջև հարաբերությունների ներկայիս զարգացման մակարդակին:

Իլհամ Ալիևը խոսել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների մասին՝ շեշտելով Բաքու–Երևան պայմանավորվածությունների պատմական նշանակությունը և նշել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը տարածաշրջանային խաղաղության ամրապնդման գործում: Նա նշել է նաև Հայաստանի հետ առևտրի հաստատման և տրանսպորտային կապերի զարգացման կարևորությունը:

«Հույս ունենք, որ TRIPP միջանցքը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային տրանսպորտային կապերի համար», – ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահի օգնականն օրերս հայտարարել էր, որ 907-րդ լրացմանը պահպանումը հարվածում է Հայաստանի հետ խաղաղության գործընթացին:

907-րդ բանաձևը չի չեղարկվել, չնայած 2025-ի օգոստոսի 8-ին Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպմանը խոսվել է դրա անհրաժեշտության մասին։ Հիշեցնենք, որ այս բանաձևն ընդունվել է 1992-ին, երբ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա էր իրականացնում Արցախի նկատմամբ։ Բանաձևում նշվում է, որ ԱՄՆ օգնությունը “չի կարող տրամադրվել Ադրբեջանի կառավարությանը, մինչև նախագահը չորոշի և Կոնգրեսին չզեկուցի, որ Ադրբեջանի կառավարությունը շոշափելի քայլեր է ձեռնարկում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր շրջափակումները և ուժի այլ հարձակողական կիրառումները դադարեցնելու համար”։ 

ԱՄՆ-ը փաստորեն մինչ օրս չի համարում, որ Ադրբեջանը բավարար քայլեր է կատարել “Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր շրջափակումները և ուժի այլ հարձակողական կիրառումները դադարեցնելու համար”, և ըստ այդմ 907-րդ բանաձևը շարունակում է գործել։ 

Նախագահ Մադուրոյի Վենեսուելայից ոսկերչական «դուրս բերումը» համաշխարհային փորձագետներին դրդել է ենթադրություններ անել այն մասին, թե ով է լինելու հաջորդը: Մինչ Թրամփը խոսում է «Դոնրոյի դոկտրինի» մասին (ԱՄՆ նախագահ Ջեյմս Մոնրոն 1823 թվականին զգուշացրել էր մյուս տերություններին Արևմտյան կիսագնդում ամերիկյան ազդեցության ոլորտին չխառնվել), Թրամփը դիտարկում է նաև մյուս կիսագնդի ավտոկրատներին: Հիշեցնենք, որ Թրամփը 2025 թվականի օգոստոսի 8-ին Ալիևին հարցրեց, թե քանի տարի է նա կառավարում Ադրբեջանը: Ալիևը հպարտորեն պատասխանեց՝ 22: Չնայած Թրամփը նրան գովաբանեց որպես “ուժեղ լիդերի”, նա ակնհայտորեն մտածեց, որ դեռ վաղ է չեղարկել 907-րդ բաnնաձևը:

Փաշինյանը կոչ արեց վաղը մասնակցել երթի դեպի Կաթողիկոսի երևանյան նստավայր

Հունվարի 6-ին, ժամը 13.30-ին բոլորիդ հրավիրում եմ ուխտերթի։ Այս մասին Facebook–ի կիր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի հայրենակիցներ, վաղը հունվարի վեցին ժամը 13:30-ին բոլորիդ հրավիրում եմ ուխտերթի, որը կմեկնարկի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բակից։ Եկեղեցին գտնվում է Երևանի Տիգրան Մեծ պողոտայում և երթը կուղղվի դեպի Երևանի Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցի, որը գտնվում է Սայաթ Նովա–Աբովյան փողոցների խաչմերուկում»։

Հիշեցնենք, որ Սայաթ Նովա–Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվում է նաև Կաթողիկոսի երևանյան պաշտոնական նստատեղին։

Փաշինյանը կոչ է արել “աջակցել մեր պետականությանը և արտահայտել մեր դիրքորոշումը առ այն, որ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի և նրա մերձավոր շրջապատի կողմից Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին մեր պետության ինքնիշխանության անկախության դեմ օտար ուժերի կողմից որպես հիբրիդային պայքարի միջոց օգտագործելու գործելակերպը անընդունելի է, և մենք նման նման գործելակերպի շարունակություն թույլ չենք տալո՞ւ։

Փաշինյանն այս անգամ ևս չի նշել, թե որ օտար ուժերի մասին է խոսքը։

“Ուզում եմ ընդգծել, որ երթը բնականաբար լինելու է խաղաղ, լեցուն քրիստոնեական սիրով և Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման վճռականության”, ասել է նա։

Երթուղուց կարելի է ենթադրել, որ Կաթողիսի երևանյան նստատեղին կարող է “խաղաղ” կերպով գրավվի և այնտեղ հռչակվի նոր Կաթողիկոսություն։

Բնականաբար, կհավաքվեն նաև Էջմիածնի կողմնակիցները, և չեն բացառվում “որոշիչ” բախումներ։

Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից

Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել ձեր մտքերի, զգացմունքների, հույզերի, նամակների, ցանկությունների համար: Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանի ձայնագրությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:

«Ես դրանք շատ լավ զգում եմ, ջերմություն եմ ստանում դրանցից: Ուզում եմ բոլորին տոնական տրամադրություն մաղթել: Ինչ-որ մի տեղ կարդացել եմ, որ ամենակարևոր ճանապարհորդությունն ինքդ քո ներսում ճանապարհոդությունն է: Ինչքան շատ ես ուրախանում և կարողանում այդ ուրախությունը փոխանցել ուրիշներին, այնքան ուժեղանում ես: Պահպանեք տոնական տրամադրությունը, հրաշքի զգացողությունը ձեր և երեխաների մեջ, ինչ-որ նոր բանի սպասումը: Եթե ժամանակ եք ունենում նայեք մանկական ֆիլմեր մուլտֆիլմեր, հեքիաթներ և մի ամաչեք երեխա լինելուց:

Մենք կորցրել ենք հավատն առ Աստված և հավատն ինքներս մեր նկատմամբ. շատ դժվար է այս աշխարհում մնալ ինչպիսին կաս, երբ չունես հենման կետ: Ցանկանում եմ, որ բոլորդ ունենաք այդ հենման կետը: Ուզում եմ ասել, որ ինձ հետ ամեն ինչ լավ է: Շնորհավորում եմ բոլորի տոները, շնորհակալ եմ բոլորիդ»:

Տուն, որից զրկել են, կամ Սեփականության իրավունքը՝ ըստ միջազգային չափանիշների

Ռիտա Շահնազարյանը Արցախի Մարտունու շրջանի Սոս գյուղից է։ Նա բարձրակարգ մանկավարժ է, 40 տարի աշխատել է Սոսի դպրոցում։

Շատ տարիներ առաջ նրա ամուսինը մահացել է Ղարաբաղյան պատերազմի ընթացքում և դրանից հետո ստացած վերքերից և հիվանդություններից։ Չորս երեխաների խնամքը ընկել է նրա ուսերին։ Տիկին Ռիտայի չորս երեխաներն էլ ստացել են բարձրագույն կրթություն, ինչով նա հատկապես հպարտանում է։

«Ղարաբաղյան պատերազմները շատ ընտանիքների թողել են առանց կերակրողի։ Բայց հանուն երեխաների մենք հաղթահարել ենք բոլոր դժվարությունները։ Դժվար էր, բայց մենք մեր հողի վրա էինք, մեր տանը, մեր ընտանիքի մեջ և մեր ձևով երջանիկ էինք։ Հիմա բոլորը ցրված են, յուրաքանչյուրը պայքարում է սոցիալական խնդիրների դեմ։ Եվ մենք չգիտենք՝ երբևէ կհանդիպենք անձամբ, ոչ թե առցանց»։

Արցախից բռնի տեղահանումից հետո տիկին Ռիտան, հայտնվելով Հայաստանում, սկսեց զբաղվել ձեռագործությամբ։ Սկզբում նա գործում էր իր երեխաների և թոռների համար։ Այնուհետև սկսեց ուսումնասիրել ավանդական հայկական նախշերը և ներառեց դրանք իր դիզայնի մեջ։ Նրա սերը վերածվեց փոքր բիզնեսի։ Վերջերս Երևանում կայացած տոնավաճառում նա ներկայացրեց ավանդական հայկական նախշերով գործված գուլպաների յուրօրինակ հավաքածու։

Ձեռագործությունը նրան օգնում է զսպել զգացմունքները, քանի որ շուղերի տկտկոցը արթնացնում է կորցրած տան և երջանիկ անցյալի, պատերազմներում զոհված հերոսների մասին հիշողությունները և այսօրվա մարտահրավերների մասին մտքերը, ինչպես նաև անհանգստությունը ապագայի մասին, որտեղ, նրա կարծիքով, դժվարություններն ու զրկանքները կշարունակվեն արցախցիների համար։

Տիկին Ռիտան համոզված է, որ Արցախը կարող է վերադարձվել միայն զենքի ուժով, և եթե հայերը իսկապես մտադիր են վերադարձնել իրենց հողերը, բանակը պետք է ամրապնդվի և պատրաստ լինի ցանկացած իրավիճակի։ Նա նաև կարծում է, որ հայերը պետք է մնան Հայաստանում և զարգացնեն երկիրը։ Սակայն նրան ամենից շատ անհանգստացնում է այն, որ արցախցիների իրավունքների՝ առաջին հերթին՝ սեփականության իրավունքի հարցը միջազգային ասպարեզում մնում է առանց պատշաճ ուշադրության։

«Մենք անընդհատ լսում ենք, որ մեր գյուղերը վերաբնակեցվում են օտարներով։ Վերջերս հաղորդվել է, որ մեր Սոս գյուղում ևս վերաբնակեցվել են ադրբեջանցիներ։ Ինչո՞ւ չի բարձրացվում մեր սեփականության, հողի, հայրենիքի, ազգային արժեքների և գերեզմաններ այցելելու մեր իրավունքների հարցը։ Ինչո՞ւ է միջազգային հանրությունը, ըստ էության, աչք փակում Ադրբեջանի հանցագործությունների և մնացած բոլոր գործողությունների վրա։ Որտե՞ղ են նրանք, ովքեր պետք է պաշտպանեն միջազգային իրավունքի գերակայությունը և մարդու արժանապատիվ կյանքի իրավունքը»։

Ալվարդ Գրիգորյան

Վենեսուելայում ԱՄՆ գործողության ընթացքում 32 կուբացի է զոհվել. հաջորդը Կո՞ւբան է

Վենեսուելայի դեմ ԱՄՆ ռազմական գործողության ժամանակ, որի արդյունքում գերևարվեց նախագահ Նիկոլաս Մադուրոն, սպանվել է 32 կուբացի, որոնք առաքելություն էին իրականացնում Վենեսուելայի կառավարության խնդրանքով, հաղորդում է Cubadebate-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Air Force One ինքնաթիռում հայտարարել էր, որ գործողության ընթացքում «շատ կուբացիներ» են զոհվել։

The New York Times-ը, հղում անելով վենեսուելացի բարձրաստիճան պաշտոնյայի, հաղորդում է, որ Վենեսուելայի վրա ԱՄՆ-ի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 80-ի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց և անվտանգության ուժերի։

Թրամփը հայտարարել է, որ Կուբան «ընկնում է»։

«Կուբան, կարծես, ընկնելու է։ Ես չգիտեմ, թե ինչպես են նրանք մնալու ջրի երեսին, քանի որ Կուբան այս պահին եկամուտ չունի։ Նրանք իրենց ամբողջ եկամուտը ստացել են Վենեսուելայից, վենեսուելական նավթից», – ասել է Թրամփը Air Force One ինքնաթիռում։ Բայց հիմա նրանք ոչինչ չեն ստանալու, վստահեցրել է նա։

Մինչ այդ, Մար-ա-Լագոյում, Սպիտակ տան ղեկավարը նշել էր, որ Կուբայում «իրավիճակը լավ չէ», և որ երկրի ժողովուրդը «տառապել է շատ, շատ տարիներ»։ Նա երկիրը նկարագրել է որպես ծանր վիճակում գտնվող։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն (որի ծնողները կուբացի ներգաղթյալներ էին) հայտարարել է. «Եթե ես ապրեի Հավանայում և լինեի կառավարությունում, ես կանհանգստանայի՝ գոնե մի փոքր»։ Հարցին, թե արդյոք Կուբան ԱՄՆ-ի հաջորդ թիրախն է Վենեսուելայից հետո, պետքարտուղարը նշել է, որ Կուբայի կառավարությունը հսկայական խնդիր է։

Ռուբիոն նաև ասել է, որ Վենեսուելան այլևս չի լինի Ռուսաստանի, Չինաստանի, Կուբայի, Իրանի և այլ երկրների ֆորպոստը։ ԱՄՆ-ն, ըստ էության, «մաքրում» է Արևմտյան կիսագունդը։ Բայց արդյո՞ք դա լքում է Արևելյան կիսագունդը։

Էջմիածնի «այլընտրա՞նք»։ Արդյո՞ք կփոխվի Արցախի թեմի անվանումը

Կիրակի՝ հունվարի 4-ի ուշ երեկոյան, Նիկոլ Փաշինյանը և Հայ Առաքելական Եկեղեցու 10 եպիսկոպոսներ հայտարարություն տարածեցին Հայ Առաքելական Եկեղեցու «բարեփոխ,ման» վերաբերյալ: Փաշինյանը հայտարարությունը ստորագրել է որպես Հայաստանի վարչապետ: «Ճանապարհային քարտեզի» համաձայն՝ ստեղծվում է «համակարգող խորհուրդ»՝ գործողությունների ծրագիր մշակելու, Ամենայն հայոց կաթողիկոսի տեղապահ նշանակելու, Հայ Առաքելական Եկեղեցու նոր կանոնադրություն ընդունելու, ապա կաթողիկոսի ընտրություններ անցկացնելու համար։

Փաշինյանը հայտարարեց մի քանի կարևոր գործողությունների մասին հունվարի 5-ին, Սուրբ Սարգիս և Գրիգոր Լուչավորիչ տաճարներում Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ։

Էջմիածինը չի մեկնաբանել այս հայտարարությունը. Գարեգին Բ կաթողիկոսը չի հայտարարել իր հրաժարականի կամ Եպիսկոպոսաց ժողովի գումարման մասին: Սա նշանակում է, որ 10 եպիսկոպոսներ մտադիր են ընտրել տեղապահ, ապա կաթողիկոս՝ առանց Գարեգին Բ-ի հրաժարականի, ստեղծելով այլընտրանքային, «ստվերային Էջմիածին»։

Հայաստանի կառավարության գործողությունները Գարեգին Բ կաթողիկոսի և Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարության դեմ մեծ թափով սկսվեցին այն բանից հետո, երբ Գարեգին Բ-ն մասնակցեց 2025 թվականի մայիսին Շվեյցարիայում կայացած ֆորումներին, որտեղ նա խոսեց Արցախի ժողովրդի իրավունքների և Հայ Առաքելական եկեղեցու՝ օկուպացված տարածքներում գտնվող իր եկեղեցիներին մուտք գործելու իրավունքի մասին: Կաթողիկոսը Բաքվի գործողությունները, որոնց աջակցում է Անկարան, անվանեց «մարդկության դեմ հանցագործություն»: (Նշենք, որ Լեմկինի ինստիտուտը վերջերս համեմատեց Հայաստանի կառավարության կողմից քահանաների հետապնդումները «1915 թվականի ցեղասպանության» հետ):

2020 թվականի պատերազմից և Արցախի մի մասի կորստից հետո Հայ Առաքելական եկեղեցին դատական ​​հայցեր ներկայացրեց միջազգային դատարաններում:

Հայ Առաքելական եկեղեցու Միջազգային դատարան ներկայացված բողոքներից մեկը վերաբերում է Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցուն: 2023 թվականից հետո Կանաչ Ժամ եկեղեցին ամբողջությամբ ոչնչացվել է:

Հայ Առաքելական Եկեղեցին բողոք է ներկայացրել նաև Եվրոպական դատարան՝ հիմնվելով Կրոնի ազատության մասին Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի և 3-րդ հոդվածի խախտման վրա, քանի որ գերեզմանների ոչնչացման դեպքերը, և այն, որ մարդիկ չեն կարող այցելել իրենց ծաշտամունքի տեղերը, նույնպես կոնվենցիայի խախտում են։

Հայ Առաքելական Եկեղեցու պահանջները հիմնված են Արցախում եկեղեցիների նկատմամբ իր սեփականության վրա։

Այս բողոքները կտրուկ հակասում են Հայաստանի կառավարության քաղաքականությանը, որը «ճանաչել» է Արցախը որպես Ադրբեջանի մաս՝ հղում անելով «խորհրդային սահմաններին» և խոստացել հետ վերցնել Հայաստանի Հանրապետության պահանջները միջազգային դատարաններից։ Սակայն Էջմիածինը հրաժարվել է հետ վերցնել իր պահանջները՝ այդպիսով մերժելով Բաքվի իրավասությունը։

Հայ Առաքելական Եկեղեցին միջազգային ճանաչում ունեցող և հեղինակավոր իրավաբանական անձ է և ունի սեփականություն բազմաթիվ երկրներում։

«Հայ Առաքելական Եկեղեցու կանոնադրության համաձայն՝ Ամենայն հայոց կաթողիկոսը Հայ Առաքելական Եկեղեցու գույքի միակ սեփականատերն է», – հայտարարել է Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի հուլիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսում։ Նա նշել է, որ կաթողիկոսը եկեղեցու գույքի սեփականատերն է, և, հետևաբար, իր զավակը դրա ամբողջ ժառանգորդն է։ «Այսինքն՝ կարող է պարզվել, որ Հայ Առաքելական Եկեղեցու ամբողջ սեփականությունը պատկանում է որևէ մասնավոր անձի։ Այն փաստը, որ կաթողիկոս համարվող անձը երեխա ունի, փաստորեն նշանակում է, որ այդ երեխան կժառանգի Եկեղեցու ամբողջ սեփականությունը։ Սա է, ինչը պետք է կանխել այսօր», – հավելել է Փաշինյանը։

Այսպիսով, կարելի է ենթադրել, որ Գարեգին Բ-ի դեմ արշավը բխում է Նիկոլ Փաշինյանի ցանկությունից՝ “զրկել ժառանգությունից”, բայց ոչ թե կաթողիկոսի ենթադրյալ զավակին, այլ Եկեղեցուն, Արցախի, Նախիջևանի և այլ վայրերի բնիկ բնակիչներին, որտեղ Հայ Առաքելական եկեղեցին ունի սեփականություն, այդ թվում՝ Երուսաղեմի հայերին։

Կասկած չկա, որ «տեղապահը» կհրապարակի իր առաջին հրամանագիրը՝ հրաժարվելով Հայ Առաքելական եկեղեցու սեփականության անբաժանելի սեփականության իրավունքից տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, և «փոխանցելով» եկեղեցիներն ու այլ սեփականությունը այն երկրների իրավասության ներքո, որտեղ դրանք գտնվում են։ Հայաստանի կառավարությունն արդեն մի շարք որոշումներ է ընդունել եկեղեցական սեփականության վերաբերյալ։

Այս առումով, արցախցիները չեն հասկանում, թե ինչու է 2021 թվականին այս պաշտոնում նշանակված Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսը մասնակցում Փաշինյանի կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավին։ Շատերը հարց են տալիս, թե որոնք են նրա դրդապատճառները, և ինչ օգուտներ կստանան նա և Արցախը Էջմիածնի կողմից Արցախում հարյուրավոր եկեղեցիների նկատմամբ իրավունքներից հրաժարվելուց։ Արդյո՞ք նա կնշանակվի «Աղվանից» թեմի առաջնորդ, որը գոյություն է ունեցել մինչև 19-րդ դարի կեսերը։

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի կայքի համաձայն՝ Վրթանես Աբրահամյանը (աշխարհիկ անունը՝ Կամո) ծնվել է 1962 թվականի մարտի 21-ին, Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Մարտունու շրջանի Ծովատեղ գյուղում։

1988 թվականի մարտի 10-ին նա պաշտպանել է իր ատենախոսությունը՝ «Կովկասյան Ալբանիայի եկեղեցու համառոտ պատմությունը (4-17-րդ դարեր)» թեմայով։
1989-ից 1994 թվականներին նշանակվել է Ամարասի վանքի վանահայր։
1992 թվականին պաշտպանել է ատենախոսությունը՝ «Հովսեփ Արցախցին՝ ուղղափառության վահանը» թեմայով։

Վենեսուելայում ԱՄՆ-ն ստեղծեց վտանգավոր հետևանքներով հղի «թարմ» նախադեպ

«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ» ԱՄՆ-Ի ԻՐԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈւԹՅՈւՆԸ

2026թ. հունվարի 3-ին ԱՄՆ-ն, ներխուժելով Վենեսուելայի ինքնիշխան տարածք և առևանգելով հիշյալ պետության ղեկավարին ու նրա կնոջը, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ և Հելսինկյան եզրափակիչ ակտում, ինչպես նաև 1970 թ. հոկտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն պետությունների միջև բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող միջազգային իրավունքի սկզբունքների մասին» հռչակագրում ամրագրված միջազգային իրավունքի առնվազն երեք սկզբունքները՝ ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու, վեճերի խաղաղ կարգավորման և պետության ներքին գործերի չմիջամտելու մասին:

Իր բռնի գործողությամբ ԱՄՆ-ն արհամարհեց և արժեզրկեց առանց այդ էլ մեր օրերում արժեզրկված միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման առաքելություն ունեցող Միավորված ազգերի կազմակերպությանը:

Սրանով ԱՄՆ-ն ստեղծեց վտանգավոր հետևանքներով հղի «թարմ» նախադեպ աշխարհի պետությունների համար:

Պետք է նշել, որ այսպիսի վարքագիծ առաջին անգամ չէ, որ դրսևորում է ԱՄՆ-ն: Դեռևս 1989թ. ԱՄՆ-ն թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, ժողովրդավարության վերականգնման պատճառաբանություններով ներխուժել է Պանամա և առևանգել դրա ղեկավար Մանուել Նորեգային:

Միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների կոպտագույն խախտմամբ բռնության կիրառումը, ինչպես նաև դրան հետևած աշխարհի պետություններին ուղղված ԱՄՆ նախագահի սպառնալիքները մի կողմից հոդս ցնդեցրեցին ԱՄՆ-ը գործող վարչակազմի կողմից պարբերաբար տարփողվող ժողովրդավարության, մարդու իրավունքների, պետությունների ինքնիշխանության և նման կարգի այլ հասկացությունների մասին հայտարարությունները, մյուս կողմից ի ցույց դրեցին իր իրական՝ բռնապետական դեմքը:

ԱՄՆ-ի վերոնշյալ քայլը դիտարկելով Ադրբեջան-Արցախ չկարգավորված հակամարտության լույսի ներքո՝ պետք է նշել, որ Արցախի Հանրապետության դեօկուպացիան իրականություն դարձնելու նպատակով անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ոչ թե միջազգային իրավունքին, այլ՝ ուժին:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ       

 

Հունվարի 8-ից 9-ը ջերմաստիճանը կբարձրանա 17-ից 20 աստիճանով

«Շատ լավ լուր։ Հունվարի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում Միջերկրական ծովից թաք ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ գիշերային ժամերին հանրապետության ողջ տարածքում այս օրերի համեմատ ջերմաստիճանը կբարձրանա 17-ից 20 աստիճանով»։ Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։