Թշնամու կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Է. Հ.-ն:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Այժմ արցախցիները պետք է կապ հաստատեն Բաքվի հետ ցանկացած վկայական ստանալու համար

Բաքուն ողջունել է Հաագայի դատարանի որոշումը Հայաստանի հայցի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու ՀՀ հայցի վերաբերյալ որոշումը, որն անմիջապես ողջունվեց Բաքվում։ Սա հենց այն էր, ինչ նրանք ուզում էին։

Միջանկյալ միջոցները ներառում են. «Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է ապահովել, որ այն անձինք, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո և ցանկանում են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագ»: Բայց ամենակարևորը՝ «Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է պաշտպանել և պահպանել առաջին պարբերությունում նշված անձանց հետ կապված գրանցման, նույնականացման և անձնական ունեցվածքի փաստաթղթերն ու գրանցամատյանները, և այդ փաստաթղթերն օգտագործել որպես իր օրենսդրական և վարչական պրակտիկայի հիմք»։

Ի՞նչ է նշանակում վերջին կետը: Դա նշանակում է, որ Հայաստանի խնդրանքով և Արդարադատության միջազգային դատարանի պահանջով Ադրբեջանը կսկսի իր վարչական պրակտիկայում օգտագործել Արցախի պետական ​​կառույցների կողմից տրված փաստաթղթերը։

Այսինքն՝ արցախցիների բոլոր փաստաթղթերը՝ ծննդյան, ամուսնության, մահվան, ունեցվածքի, կրթության, բիզնեսի, զինվորական ծառայության և այլն, այլեւս կգտնվեն Ադրբեջանի իրավասության ներքո։

Հիշեցնենք, որ Հայաստանը այդպես էլ օրինական չի ճանաչել ԼՂՀ կողմից տրված քաղաքացիական կացության ակտերն ու փաստաթղթերը։ Այդ մասին է վկայում Արցախի բնակիչներին որպես փախստականի ​​«ժամանակավոր պաշտպանություն» տալու կամ Արցախի 070 ծածկագրով անձնագիրը փոխելու ՀՀ կառավարության որոշումը: Փախստականի կարգավիճակ ստանալու համար արցախցիները ստորագրում են փաստաթուղթ, որը հաստատում է, որ իրենք «որևէ երկրի քաղաքացի չեն հանդիսանում»:  Թեև Հայաստանը կարող էր պարզապես ճանաչել ԼՂՀ-ի կողմից տրված փաստաթղթերը եւ օգտագործել իր սեփական պրակտիկայում։ Բայց, ըստ երեւույթին, Ալիեւի հետ այլ պայմանավորվածություն է եղել։

Այժմ Բաքուն ողջունում է դատարանի որոշումը և շուտով կհայտարարի, որ խնամքով պահպանում է արցախցիների փաստաթղթերի բոլոր գրանցամատյանները, և ցանկացած վկայականի համար արցախցիներն այժմ ստիպված կլինեն դիմել Ադրբեջանի իշխանություններին։

Դա վերաբերում է նաև սեփականության իրավունքին. այսուհետ Արցախում ունեցվածքը տնօրինելու համար ստիպված կլինեք կապ հաստատել Բաքվի հետ։

ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ «Լեռնային Ղարաբաղի բնակիչների ունեցվածքը չի կարող բռնագրավվել ուրիշի կողմից»։ Այո՜, այն չի կարող բռնագրավվել, բայց սեփականատերը նույնպես չի կարողանա տնօրինել իր ունեցվածքը՝ Հայաստանի հայցի և Միջազգային դատարանի որոշման շնորհիվ։ Թեև ով կիմանա՝ բռնագրավվե՞լ է գույքը, թե՞ ոչ, ռուս խաղաղապահները հո չեն զանգահարի նախկին տերերին ու լուր չեն հաղորդի, որ նրանց ունեցվածքն բռնագրավվել  է։

Նաիրա Հայրումյան

Կառավարությունը ամփոփել է արցախցիներին տրամադրվող օգնությունը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերը: Այդ մասին գրված է ՀՀ Կառավարության կայքում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է տվյալներ կյանքի դժվար իրավիճակում հայտնված երեխաների, միայնակ տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, բռնի տեղահանության հետևանքով, հատկապես խոցելի խմբեր համարվող կանանց, հղի կանանց, աղջիկների համար նախատեսված ծառայությունները: Ըստ այդմ՝ այս պահի դրությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում կամ արտապատվիրակմամբ գործող տարեցների թվով վեց շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամք են ստանում, բնակվում են 83 տարեց, որոնցից 17-ը Ստեփանակերտի ծերանոցից են, 50-ը միայնակ են: Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատությունում սեպտեմբերի 24-ի դրությամբ բնակվող թվով 10 երեխա՝ 5 աղջիկ և 5 տղա, 1-ից մինչև 17 տարեկան, նույնպես սեպտեմբերի 25-ին տեղափոխվել են շուրջօրյա խնամքի հաստատություն: Բոլոր երեխաներն ունեն կենսաբանական ծնողներ:

Տաթևիկ Ստեփանյանը նաև տեղեկացրել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հավաստագրված բազմաթիվ կազմակերպությունների, հասարակական սեգմենտի ներկայացուցիչների միջոցով ծառայություններ է մատուցում տարեցներին՝ ինչպես տնային խնամքի տեսքով, այնպես էլ ցերեկային կենտրոններում: Ծառայություններ են ստանում նաև հաշմանդամություն ունեցող անձինք՝ իրենց կարգավիճակով պայմանավորված: Նախարարի տեղակալի ներկայացմամբ, գործընթացներ են իրականացվում նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար, ըստ որի՝ համայնքը խնամակալ կամ հոգաբարձու է նշանակում այդ երեխաների համար:

Զարուհի Մանուչարյանն անդրադարձել է Կառավարության այսօրվա նիստով հաստատված որոշմանը, ըստ որի՝ ևս 500 մլն է հատկացվել 100 000 դրամ միանվագ աջակցության տրամադրման համար: Նա տեղեկացրել է, որ ծրագրից արդեն իսկ օգտվել է 104 200 անձ, 3800 անձի տվյալ արդեն մշակված է, ովքեր 500 մլն հատկացումից հետո կստանան աջակցությունը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարը նշել է, որ Լաչինի միջանցքի փակման հետևանքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու, ինչպես նաև ուսումնառության նպատակով տեղափոխված ևս շուրջ 800 անձի տվյալ փոխանցվել է և մշակվում է:

Զարուհի Մանուչարյանը տեղեկացրել է, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում 40+10 հազար դրամ վճարվել է 99 820 անձի: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ այս թվում ներառված է նաև այս շաբաթ կատարված վճարումները (այս շաբաթ վճարում է իրականացվել 7295 անձի): 40+10 հազար դրամ աջակցության շրջանակում շարունակվում է նոյեմբեր և հաջորդող ամիսների համար նախատեսված դիմումների ընդունումը: Դիմումներն ընդունվում են socservice.am կայքէջի միջոցով:

Զարուհի Մանուչարյանը տեղեկացրել է, որ այսօրվանից ընդունվում են նաև երկամսյա՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար նախատեսված 50 000 դրամ աջակցության դիմումները: Կայքէջը կհրապարակվի առաջիկա ժամերի ընթացքում:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ հոկտեմբերի 5-ի դրությամբ շուրջ 10 000 անձ գտնվում էր հյուրատներում և հյուրանոցներում, իսկ այսօրվա դրությամբ 40+10 հազար դրամ աջակցության շնորհիվ հյուրանոցներում և հյուրատներում կա 1143 անձ:

Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ Կառավարությունն այսօրվա դրությամբ մարզպետարաններին հատկացրել է շուրջ 3.4 մլրդ դրամ, բացի այդ Սյունիքի մարզպետարանին հատկացվել է 579 մլն դրամ: Այս գումարները նախանշված են տեղահանված անձանց կեցավայրերի, սննդի, առաջին անհրաժեշտության որոշակի օժանդակությունների իրականացման համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը նշել է, որ 83.2 տոկոսով տրված գումարը փաստացի ծախսված է:

«Մենք նաև շարունակում ենք հումանիտար բեռների հետ կապված աշխատանքների իրականացումը, մասնավորապես կուզենայի նշել, որ Լեհաստանից, Ռումինիայից, տարբեր կազմակերպություններից, այդ թվում՝ նաև ռուսաստանաբնակ գործարարների, Ավստրիայի, Գերմանիայի, Լիտվայի, Ֆինլանդիայի, Արգենտինայի կողմից մեզ փոխանցված հումանիտար բեռները սահմանված կարգով պահեստավորվում են, ընդունվում են Ներքին գործերի նախարարության համապատասխան կառույցներում և մարզպետարաններից, համայնքներից ստացված հայտերի համակարգման և ընդհանրացման արդյունքում, մարզպետարանների կողմից ներկայացված հայտերով, մեր կողմից բաժանվում են համապատասխան մարզերին, համայնքներին, բնակավայրերին, որպեսզի հասանելի լինեն բնակիչներին: Առանձին կուզենայի նշել Իրանի Իսլամական Հանրապետության կողմից տրամադրված հումանիտար բեռը, որը հատկացվել է Սյունիքի մարզպետարանին»,- նշել է Վաչե Տերտերյանը:

ԵԱՀԿ ԽՎ նախագահը և գլխավոր քարտուղարը այցելել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարան

ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պիա Կաուման, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան և Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, այցելել են Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքում տեղակայված՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեցին ՄԻՊ գրասենյակից։

Մարզի և համայնքի ղեկավար կազմի ուղեկցությամբ շրջայց է կատարվել կացարանում, առանձնազրույցներ են տեղի ունեցել բռնի տեղահանված անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, կարիքների գնահատման և սպասարկման, սննդի, անձնական հիգիենայի պարագաների տրամադրման հետ կապված հարցերը։

Հատուկ ուշադրություն է դարձվել խոցելի խմբերի, այդ թվում՝ երեխաների, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման վիճակին։

Բռնի տեղահանված անձինք Պաշտպանին, ԵԱՀԿ ԽՎ նախագահին և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարին ներկայացրել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիայի, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակման ընթացքում իրենց կրած զրկանքները, իրավունքների համատարած խախտումները, կյանքի և անվտանգության տեսանկյունից ի հայտ եկած իրական սպառնալիքները և բռնի տեղահանման հետևանքով առաջացած խնդիրները։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ուշադրության ներքո։ Այցերը կրում են շարունակական բնույթ։

Արցախի ԱԺ-ն նիստ կգումարի

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ Արցախի խորհրդարանի բոլոր՝ հինգ խմբակցությունների ներկայացուցիչները հավաքվել են Արցախի ներկայացուցչությունում եւ քննարկել անելիքները։ Հիմնական առաջնահերթությունները վերաբերել են առաջիկայում խորհրդարանի նիստ անցկացնելուն։ Մեզ ասացին, որ այդ առումով բոլոր հինգ ուժերի մոտ կա քաղաքական կոնսենսուս, որ առաջիկայում պետք է ԱԺ նիստ գումարել եւ վերսկսել բնականոն աշխատանքը։

Այժմ քննարկում են օրակարգը, թե ինչ հարցեր ներառեն։ Առաջարկվել է նախապատվությունը տալ բռնի տեղահանվածների սոցիալական եւ այլ խնդիրներին։ Հիշեցնենք, որ սեպտեմբերյան դեպքերից հետո Հայաստան բռնի տեղահանվելուց հետո Արցախի խորհրդարանը նիստ չի հրավիրել»:

Նոր խոչընդոտներ արցախցիների համար

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան բռնի տեղահանված արցախցիները լուրջ դժվարություններ ունեն աշխատանքի տեղավորվելու հարցում։ Նրանց առաջ բազում խոչընդոտներ են ստեղծում։ Երեկ մեզ ահազանգում էին, որ ՀՀ պետական գերատեսչություններում կամ դրանց ենթակայությամբ գործող հիմնարկներում աշխատանքի ընդունվելու համար քաղաքական թեստեր են անցնում։

Դիմումատուների ոչ այնքան մասնագիտական կարողություններով են հետաքրքրվում, որքան քաղաքական կողմնորոշումներով, դիցուք, հարցնում են՝ ինչո՞վ եք զբաղվել, ի՞նչ քաղաքական հայացքներ ունեք, ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին եւ այլն, ինչն ակնհայտ է դարձրել, որ կոնկրետ արգելք կա իրենց համար՝ համակարգ մուտք գործելու։

ՀՀ իշխանությունները, կարելի է ասել, որոշել են աշխատանք տալ միայն այն ղարաբաղցիներին, որոնք իրենց նկատմամբ դրական են տրամադրված, եւ այդ հանգամանքն անգամ չեն թաքցնում»:

Պապյան․ Քանի դեռ միջազգային խաղաղապահներ տեղակայված չեն Արցախում, վերադարձը հնարավոր չէ

Step1.am-ի զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը։

Պարոն Պապյան, Արցախից բռնի տեղահանված անձինք վերադարձի ի՞նչ հնարավորություններ ունեն։

-Իրավական առումով իրենք վերադարձի բոլոր իրավունքներն ունեն, որովհետեւ այնտեղ ունեն սեփականություն եւ եղել են Արցախի բնակիչները։ Այստեղ խնդիրն ավելի շատ քաղաքական է, այսինքն՝ անգամ Ադրբեջանը գոնե ձեւականորեն այդ իրավունքը չի մերժում։ Ադրբեջանն ասում է՝ իրենք կարող են ապրել Արցախում, եթե ընդունեն Ադրբեջանի գերիշխանությունը, այսինքն՝ դառնան Ադրբեջանի քաղաքացի եւ ապրեն այն նույն կարգավիճակով, որով ապրում են Ադրբեջանի մյուս քաղաքացիները։ Իրավական առումով այդպես է, բայց մենք լավ հասկանում ենք, որ այս վիճակում գործնականում դրա հնարավորությունը չկա, որովհետեւ անգամ նրանք, ովքեր մնացել են Արցախում, սպանությունների, կտտանքների բազմաթիվ դեպքեր կան։ Մյուս խնդիրն այն է, որ հատկապես տղամարդկանց նկատմամբ կա միտում, կամայական ձերբակալություններ են կատարվում, եւ ցանկացած անձի կարող են ձերբակալել՝ վրան բարդելով տարբեր հանցագործություններ։ Մյուս կողմից, մենք այսօր չենք տեսնում Ադրբեջանի կողմից ըստ միջազգային օրենքի վերաբերմունք դատարկված Արցախի նկատմամբ։ Իրենք հայկական եկեղեցիներ են քանդում, հատկապես հին եկեղեցիներն են քանդում, մարդկանց հալածում են։ Նաեւ Ադրբեջանի ներսում հռետորաբանությունը չի փոխվել։ Հետեւաբար, իրավական առումով, այո, վերադարձի մեծ հնարավորություններ կան, բայց քանի դեռ քաղաքական լուծում չկա, դա հնարավոր չէ։

-Օրինակ՝ քաղաքական ի՞նչ լուծում կարող է լինել։

-Իմ կարծիքով՝ քանի դեռ միջազգային խաղաղապահներ տեղակայված չեն Արցախում, վերադարձը հնարավոր չէ։ Ես նկատի ունեմ միջազգային բազմազգ, լայն լիազորություններով այնպիսի ուժեր, որոնք հստակորեն կզատեն հայերի եւ ադրբեջանցիների բնակության վայրերը, հայերը կգտնվեն ոչ Ադրբեջանի ենթակայության տակ։ Այդ դեպքում միայն հնարավոր կլինի հայերի բնակությունը Արցախում։

– Հայաստանի իշխանությունը փորձում է փակել Արցախի հարցը, այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» հնարավոր ստորագրումը ի՞նչ խնդիրներ կհարուցի։

-Այդ պայմանագրի ստորագրումը դեռեւս չի նշանակում Արցախի հարցի փակում։ Եթե մինչեւ անգամ «տարածքային ամբողջականության» ճանչում լինի, ինչպես նշվում է, մեծ հարց առաջանում՝ իսկ ո՞րն է այդ տարածքը, որի ամբողջականությունը ճանաչում են։ Եթե մինչեւ անգամ ենթադրենք, որ դրանք սովետական վարչական սահմաններն են, միեւնույն է, Արցախում ապրող մարդիկ, անկախ իրենց ազգությունից, ունեն ինչ-որ ինքնավարության, ինքնորոշման իրավունք, հատկապես երբ բնիկ են։ Այդ իրավունքը մնում է, այդ հարցը չի փակվում։ Բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանը վարվեց հետեւյալ կերպ․ ինքնորոշվում են մարդիկ, եւ եթե չկան այդ մարդիկ այդ տարածքի վրա, ուրեմն, ինքնորոշման իրավունքն էլ չկա։ Դրա համար եմ ես դեմ եղել ինքնորոշմանը, ես միշտ ավելի կողմնակից եմ եղել, որ միջազգային իրավունքով պետք է որոշվի Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը։

Այսպես ասեմ՝ Արցախի հարցը չի փակվում, բայց, այո, Հայաստանի իշխանություններն այդ մեծ ցանկությունն ունեն՝ փակելու հարցը։ Մենք մոռացել ենք, որ Հյուսիսային Արցախում ավելի քան 50 գյուղ է հայաթափվել, այսինքն՝ Արցախի չափ տարածք ու բնակչություն կար Արցախից դուրս, եւ մարդիկ քշվեցին իրենց բնակավայրերից։ Մենք գնացինք այդ երկրորդ ճանապարհով՝ սովետական սահմանները պետք է համապատասխանեին հայերի բնակությանը։ Բայց քանի որ դա չկարողացանք իրավական առումով ամրագրել, հիմա իրենք, օգտվելով ստեղծված իրավիճակից, կիրառեցին առաջին տարբերակը, այսինքն՝ բնակչության տեղաբաշխումը բերել համապատասխանեցնել խորհրդային սահմաններին։

Ինչ է պարտավորեցրել Բաքվին Միջազգային դատարանը

Հաագայի դատարանը հրապարակել է Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու ՀՀ դիմումի վերաբերյալ որոշումը։ Որոշումը հրապարակել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի նախագահ Ջոան Դոնոհյուն։

«Դատարանը կիրառում է հետևյալ ժամանակավոր միջոցները․

1․ Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի իր պարտավորությունների համաձայն ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք հեռացել են ԼՂ-ից 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո և ցանկանում են վերադառնալ ԼՂ, կարողնան դա անել ապահով, առանց խոչընդոտների և արագորեն։

2․ ապահովել, որպեսզի այն անձինք, ովքեր մնում են ԼՂ-ում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, և ցանկանում են հեռանալ, կարողնան դա անել անվտանգ, առանց խոչընդոտների և արագորեն։

3․ ապահովել, որպեսզի այն անձինք, ովքեր մնում են ԼՂ-ում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո կամ վերադարձել են ԼՂ և ցանկանում են մնալ այնտեղ, զերծ մնան ուժի գործադրումից և ահաբեկումից, որը կարող է նրանց հեռանալու պատճառ դառնալ։

13/2 ձայների հարաբերակցությամբ՝ Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է կոնվենցիայի համաձայն իր ունեցած պարտավորությունների շրջանակներում պաշտպանել և պահպանել գրանցման ինքնության և անձնական գույքի փաստաթղթերն ու գրանցամատյանները, որոնք վերաբերում են առաջին կետում նշված անձանց, և հավուր պատշաճի ու հարգանքով վերաբերել դրանց, և հիմք ընդունել այդ փաստաթղթերն իր օրենսդրական ու վարչական պրակտիկայում։

13/2 ձայների հարաբերակցությամբ՝ Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է հաշվետվություն ներկայացնել դատարանին այն քայլերի վերաբերյալ, որոնցով կապահովի ժամանակավոր միջոցների կատարումն ու Ադրբեջանի կառավարության անունից ստանձնած պարտավորությունների կատարումը, որոնք հնչեցվեցին հոկտեմբերի 12-ից դատական քննության ժամանակ։ Դա պետք է անել այս որոշման հրապարակումից հետո ութ շաբաթվա ընթացքում»։ Այդ մասին հայտնում է ABC Media-ն։

Շուշիի գորգի թանգարան՝ միայն առանց ծագման վայրի նշման

Վերջերս գրել էինք Շուշիի գորգի թանգարանի մասին, որի ցուցանմուշների հիմնական մասը փրկվել և տեղափոխվել է Հայաստան։

44-օրյա պատերազմի ավարտից ի վեր դրանք պահվել են մասնավոր պահեստում, քանի որ պետական ​​իշխանությունները որևէ աջակցություն չեն ցուցաբերել թանգարանի վերաբացման համար:

«Բազմիցս դիմել եմ պատկան մարմիններին՝ ՀՀ կրթության և մշակույթի նախարարությանը՝ թանգարան բացելու համար տարածք տրամադրելու խնդրանքով, բայց նրանք կամ մերժում են ինձ, և բոլորովին զավեշտալի պատճառներով՝ նշելով, որ Շուշիի գորգի թանգարանը եղել է մասնավոր սեփականություն, կամ առաջարկում են այդ ցուցանմուշները ցուցադրել Հայաստանի թանգարաններում՝ չնշելով գորգերի ծագման վայրերը, այսինքն՝ իրենց համար անընդունելի է “Շուշիի գորգի թանգարան” հասկացությունը։ Ես ինքս անձամբ շրջել եմ գյուղերով և գնել այս գորգերը արցախյան ընտանիքներից։ Ցուցանմուշներից յուրաքանչյուրն ունի ծագման կոնկրետ պատմություն: Նույնիսկ գորգի զարդանախշով կարելի է որոշել, թե ում է այն պատկանում և որքանով է հին։ Ինձ զարմացնում է այն փաստը, որ կրթության նախարարության պաշտոնյաները կա՛մ չգիտեն Հայաստանի պատմությունը, կա՛մ միտումնավոր ջնջում են այն՝ ձերբազատվելով ժողովրդի մշակութային և պատմական ժառանգությունից»,- step1․am-ին տված հարցազրույցում ասել է թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանը։

Նա ներկայումս փնտրում է գորգերը պահելու նոր վայր, քանի որ նրան խնդրել են հեռացնել գորգերը նախկին պահեստի վայրից:

Արսեն Աղաջանյան

ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունն արգելափակող օրինագիծ

ԱՄՆ Սենատը նոյեմբերի 16-ին ընդունել է Միչիգանը ներկայացնող սենատոր Գարի Փիթերսի հեղինակած՝ «Հայկական պաշտպանության ակտ» օրինագիծը, որի նպատակն է 2024 և 2025 թթ․ համար չեղարկել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի (907-րդ բանաձև) ամենամյա չեղարկման նախագահական իրավասությունը, ինչի արդյունքում Ադրբեջանը կզրկվի ամերիկյան ռազմական օժանդակությունից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից, նշելով, որ այս քվեարկությունը տեղի է ունեցել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի, հայ համայնքի, վերջինիս կոնգրեսական բարեկամների, ԱՄՆ-ում բնակվող այլ ժողովուրդների համայնքային կազմակերպությունների շարունակապես աճող հասարակական ու քաղաքական երկարատև ճնշման պարագայում։

Մեկնաբանելով օրինագծի ընդունումը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մասնավորապես նկատել է․

«Մենք շնորհակալություն ենք հայտնում սենատոր Փիթերսին իր առաջնորդության համար և ողջունում ենք Սենատի կողմից օրինագծի ընդունումը՝ որպես Արցախի ցեղասպանության համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն և Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիան զսպելուն ուղղված առաջին քայլ։ Իր հերթին, նախագահ Բայդենը, հաշվի առնելով իր դերը Արցախի էթնիկ զտման գործընթացում Ադրբեջանին զինելու գործում, այս պահին պետք է անի շատ ավելին, քան պարզապես ազդարարի ԱՄՆ գործող օրենսդրության կիրառման պատրաստակամության մասին, օրինակ՝ ԱՄՆ-ն կարող է առաջնորդել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև՝ հաստատելու միջազգային մանդատ, որը կապահովի հայության անվտանգ և կայուն վերադարձ դեպի Արցախ»։

Օրինագծի ներկայացման ժամանակ սենատոր Փիթերսը մանրամասնորեն ներկայացրել է ԼՂ-ի դեմ ադրբեջանական ագրեսիան՝ սկսած շուրջ տասնամսյա շրջափակումից մինչև սեպտեմբերի 19-20-ի ռազմական ագրեսիա։ Վկայակոչելով այն, որ նախագահ Բայդենը, Ադրբեջանի շարունակապես աճող ագրեսիայի պարագայում, չի դադարեցրել վերջինիս տրամադրվող օժանդակությունը՝ Փիթերսը Սենատի իր գործընկերներին հորդորել է գործել, ասելով․

«Եթե մենք քայլեր չձեռնարկենք, երբ երկրները դիտավորյալ անտեսում են իրենց հետ մեր համաձայնագրերի պայմանները, մեր համաձայնագրերը կդառնան իրականում անիմաստ և անատամ: Ես կոչ եմ անում իմ գործընկերներին միանալ ինձ՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար, գործադրելու մեր պայմանավորվածությունները և չհրահրված ագրեսիայի պայմաններում  կանգնելու հայ ժողովրդի կողքին»:

Նշվում է, որ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, հայ համայնքի ակտիվ ներգրավմամբ, շարունակելու է աշխատանքը «907-րդ բանաձևի» ամբողջական կիրարկումն ապահովելու համար՝ խրախուսելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում երկու օրինագծերի անհապաղ ընդունումը, որոնք կարգելափակեն ԱՄՆ ռազմական օժանդակությունն Ադրբեջանին, ամբողջությամբ չեղարկելով «907-րդ բանաձևի» շրջանցման նախագահական լիազորությունները: Ներկայացուցիչների պալատում գտնվող օրինագծերի նախագծերով նաև առաջարկվում է ընդլայնել Հայաստանին տրամադրվող հումանիտար և ռազմական օժանդակությունը՝ ի պատասխան Հայաստանի դեմ Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի, ինչպես նաև օգնություն ցուցաբերել ԼՂ-ից բռնի տեղահանված հայությանը։

Հստակ պահանջում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը

Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում Պետեր Ստանոն անդրադարձել է նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը, որով վերջինս  ԵՄ-ին մեղադրել էր տարածաշրջանում նոր հակամարտություն խթանելու մեջ ու սպառնացել համարժեք պատասխանով։

Ստանոն խոսել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ իրենց տներ վերադարձի կարևորության մասին՝ միջազգային երաշխիքի ներքո։

 

-Պարո՜ն Ստանո, ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո վիզաների ազատականացման հնարավորությունների մասին խոսեց ԵՄ բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը։ Որքանո՞վ է սա իրատեսական և ի՞նչ գործընթացներից է կախված կյանքի կոչվելը։

-Եվրամիությունը հոկտեմբերին ԵՄ ղեկավարների մակարդակով կայացած հանդիպման ժամանակ շատ հստակ ասաց, որ մենք ցանկանում ենք ուղիներ փնտրել Հայաստանին հետագա աջակցության և Հայաստանի հետ մեր համագործակցությունը խորացնելու համար։ Այնուհետև արտաքին գործերի նախարարների կողմից քննարկումներ եղան, և նախարարներն ասացին, որ ԵՄ կողմից դիտարկվող ուղիներից մեկը վիզային ռեժիմի ազատականացումն է։ Այսպիսով, մենք պատրաստվում ենք ուսումնասիրել Հայաստանի հետ վիզայի ազատականացման տարբերակները: Սա նշանակում է, որ մենք կսկսենք գործընթաց՝ տեսնելու, թե արդյոք դա իրագործելի՞ է, հնարավո՞ր է։ Վիզաների ազատականացումը շատ կարևոր բան է, քանի որ այն շոշափելի և տեսանելի է մարդկանց համար: Բայց դա նաև մի բան է, որին բոլոր անդամ պետությունները պետք է համաձայնություն տան։ Կան նաև առաջադրանքներ, որոնք պետք է կատարվեն գործընկեր երկրի կողմից, այս դեպքում՝ Հայաստանի։ Կարևոր է, որ համաձայնություն լինի: Մենք ցանկանում ենք սկսել դիտարկել տարբերակները և ուսումնասիրել վիզաների ազատականացման հնարավորությունը: Այսպիսով, գործընթաց ենք սկսում։ Սա գործընթացի սկիզբն է, բայց դա գործընթաց է, որը, ի վերջո, եթե ամեն ինչ լավ ընթանա, կարող է մեծ օգուտ բերել Հայաստանի քաղաքացիներին։

 

-Խոսքն ի՞նչ առաջադրանքների մասին է, մեկ-երկու օրինակ կարո՞ղ եք բերել։

-Ընդհանուր առմամբ, ազատականացման համար կան տեխնիկական պահանջներ, որոնցից է, օրինակ, կենսաչափական անձնագրերի պահանջը։ Բայց նաև քաղաքական պահանջներ՝ համոզվելու, որ երկրում քաղաքական շրջանակը թույլ չի տալիս մարդկանց չարաշահել ապաստանի համակարգը, որ մարդկանց չեն ստիպում լքել երկիրը և ապաստան հայցել։ Դա հիմնական առաջնահերթություններից մեկն է, երբ խոսքը գնում է վիզայի մասին: Մենք չենք ցանկանում, որ հանկարծակի ավելանան ապաստան հայցողները, պետք է կանխել առանց վիզայի կամ ազատականացված ճանապարհորդության ռեժիմի չարաշահումը։ Այսպիսով, նախ կարևոր է քաղաքական և տեխնիկական լոգիստիկ չափանիշների պահպանումը հայտատուի կողմից, իսկ հետո, իհարկե, անդամ պետությունները պետք է համոզվեն, պետք է վստահ լինեն, որ ամեն ինչ արվել է գործընկեր երկրի կողմից, որպեսզի վիզային ռեժիմի ազատականացումը չչարաշահվի։

 

-Բարձր հանձնակատարի ասուլիսի երկրորդ կետը Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցության մեխանիզմի մասին էր։ Ի՞նչ է իրենից ներկայացնում Հայաստանին աջակցությունը Խաղաղության եվրոպական հիմնադրամի մեխանիզմի միջոցով։ Սա Հայաստանում տարբեր մեկնաբանությունների է արժանանում։ Ի՞նչ բացատրություն ունեք։

-Միգուցե, լավ կլիներ բացատրել, թե ինչ է նշանակում Խաղաղության եվրոպական գործիքը։ Դա Եվրամիության գործիքն է, ֆինանսական գործիքը, որի միջոցով մենք աջակցում ենք երկրներին, երբ խոսքը վերաբերում է նրանց ճկունության, դիմակայունության ամրապնդմանը, կայունությունն ու անվտանգությունն ամրապնդելու նրանց կարողությանը։ Խաղաղության եվրոպական հիմնադրամն ունի երկու մակարդակ։ Օրինակ՝ Ուկրաինայում մենք այն շատ ենք օգտագործում, որպեսզի օգնենք զինվորականներին պաշտպանել երկիրը Ռուսաստանի անօրինական ագրեսիայից։ Բայց այլ երկրներում հիմնադրամն օգտագործում ենք, օրինակ, ֆինանսավորելու մեր խաղաղ առաքելությունները,  կա՜ դիտորդական,  կա՜մ  մոնիտորինգային առաքելությունները: Այդպես է նաև Հայաստանի դեպքում։ Այսպիսով, օրինակ, ԵՄ առաքելությունը, որը ներկայումս գտնվում է Հայաստանում, նույնպես մի բան է, որը ֆինանսավորվում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով։ Այսպիսով, կան բազմաթիվ եղանակներ, թե ինչպես կարելի է աջակցել հատկապես երկրի անվտանգությանը, կայունությանը և ճկունությանը: Հետևաբար, անդամ երկրներն ասել են, որ սա Հայաստանին աջակցելու մեր պատրաստակամության ևս մեկ միջոց է, ինչպես նաև միջոց է դիտարկելու ուղիներ, թե ինչպես մենք կարող ենք աջակցել Հայաստանի ճկունությանը Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով: Կրկին, սա գործընթացի սկիզբն է: Մենք ուղիներ ենք փնտրում, թե ինչպես և ինչով աջակցել: Այնպես որ, դեռ կոնկրետ առաջարկ չկա, թե ինչպիսին կարող է լինել այս աջակցությունը։ Բայց, երբ նայում եք այլ երկրներին, թե ինչ ենք մենք անում, օրինակ՝ Մոլդովայի դեպքում մենք օգնում ենք բարելավել նրանց կարողությունը՝ հակազդելու արտաքին միջամտությանը, մենք օգնում ենք երկրներին բարելավել իրենց կարողությունները կիբեռհարձակումների դեմ պայքարում։ Սրանք ուղիներ են, որոնց միջոցով Խաղաղության եվրոպական հիմնադրամն աջակցում է, բայց Հայաստանի դեպքում ամեն ինչ հնարավոր է։ Այսպիսով, անդամ երկրները սկսում են քննարկումներն այն մասին, թե որն է լինելու Խաղաղության եվրոպական հիմնադրամն օգտագործելու լավագույն միջոցը Հայաստանին աջակցելու համար:

 

Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ժոզեպ Բորելի արած հայտարարությունները։ Ադրբեջանում հայտարարել են, որ «ԵՄ-ն սպառազինություն մատակարարելու միջոցով նպաստում է Հայաստանի ռազմականացման քաղաքականությանը, ինչը խաթարում է խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»։ Ադրբեջանը նաև հայտարարել է, որ ԵՄ-ն համարժեք պատասխան կստանա՝ փաստացի սպառնալով ոչ միայն Հայաստանին, այլ նաև Եվրոպական Միությանը։ Ո՞րն է Ձեր վերաբերմունքը սրան։  Ադրբեջանը քննադատում է Հայաստանի սպառազինվելը, մինչդեռ ինքը երեք անգամ ավելի մեծ ռազմական բյուջե ունի և զինամթերքով կարգոները չեն դադարում վայրէջք կատարել Բաքվի օդակայան։ Ինչպե՞ս եք Դուք մեկնաբանում Ադրբեջանի այս հռետորաբանությունը։

-Տրամաբանական եմ համարում, որ յուրաքանչյուր երկիր ինքնիշխան, անկախ քայլեր է ձեռնարկում իրեն պաշտպանելու համար։ Դա նշանակում է նաև ուժեղացնել բանակը և ռազմական օգնություն ստանալ այնտեղից, որտեղից նրանք կորոշեն: Յուրաքանչյուր երկիր դա անում է: Պետք չէ անուններ տալ, բայց դա անում է յուրաքանչյուր երկիր։ Դա նման է ինքդ քեզ պաշտպանելու կամ բանակի պաշտպանունակ լինելու հիմնական դոկտրինին։ Այնպես որ, երկրները ստանում են ռազմական աջակցություն իրենց գործընկերներից, տարբեր շուկաներից: Նրանք կարող են դա ստանալ՝ կախված իրենց հարաբերություններից: Սա յուրաքանչյուր անկախ և ինքնիշխան երկրի իրավունքն է, և ոչ ոք իրավունք չունի խառնվելու դրան, քանի դեռ պահպանվում են բոլոր միջազգային օրենքներն ու համաձայնագրերը։ Բայց դարձյալ՝ աջակցությունը կամ այն, ինչ ասել է Եվրամիությունը Հայաստանին աջակցելու առումով, կապ չունի Հայաստանին զինելու հետ։ Մենք պարզապես ցանկանում ենք մեծացնել կամ աջակցել Հայաստանին իր ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդելու և ցանկացած տեսակի սպառնալիքներից իրեն պաշտպանելու կարողության հարցում։ Այսինքն՝ մենք շատ հստակ ասել ենք, որ մենք ամուր կանգնած ենք Հայաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կողքին։ Սա ոչ միայն Հայաստանի հետ հարաբերությունների, այլև միջազգային բոլոր հարաբերությունների հիմնաքարերից մեկն է։ Ահա թե ինչու մենք օգնում ենք Ուկրաինային, քանի որ Ուկրաինան պայքարում է հենց այդ պատճառով, որ իր հարևան Ռուսաստանը կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային օրենքները և երկկողմանի համաձայնագրերն ու ցանկանում է Ուկրաինային զրկել գոյության և անկախ երկրի իրավունքից, որն ունի իր սեփական որոշումները։ Բայց Հայաստանի դեպքում մենք, իհարկե, այլ իրավիճակում ենք, սակայն սկզբունքների առումով, իհարկե, պետք է հարգել Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը։ Եթե այն չհարգվի, հետևանքներ կլինեն նրանց համար, ովքեր դա խախտում են։ Սա Եվրամիության շատ հստակ դիրքորոշումն է։ Երկրորդ՝ մեր աջակցությունը Հայաստանին այն է՝  օգնել ներկա իրավիճակում ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները և դրանց կարողությունները, ճկունությունը, և ոչ թե զինելը ։ Այնպես որ, յուրաքանչյուր ոք, ով քննադատում է Եվրամիությանը, թե ինչ ենք անում Հայաստանի հետ կապված, պետք է փորձի, միգուցե, երկու անգամ վերանայել և հասկանալ, թե ինչ ենք անում և ինչ ենք ասում, քանի որ այն, ինչ մենք անում ենք Հայաստանի հետ, ոչ մի կերպ ուղղված չէ ուրիշի դեմ: Եվրամիությունը շատ թափանցիկ գործընկեր է, որը շատ թափանցիկ կերպով օգնություն է ցուցաբերում՝ անկախ նրանից, թե ինչպիսի օգնություն է դա՝ քաղաքական, տնտեսական, թե ռազմական: Այնպես որ, անհանգստանալու կարիք չկա, քանի որ սա հանուն Հայաստանի, հայ ժողովրդի և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և Հայաստանի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքն ամրապնդելու համար է։

 

-ԵՄ ինստիտուտներում ինչպե՞ս ընդունվեց Ադրբեջանի ԱԳՆ-ի այս հայտարարությունը կամ ավելի ճիշտ սպառնալիքը։

-Եվրամիությունը շատ թափանցիկ է, երբ խոսքը վերաբերում է երրորդ երկրների, մեր գործընկերների հետ հարաբերությունների կառավարմանը։ Մենք թաքցնելու ոչինչ չունենք, և նորից՝ մեր երկկողմ համագործակցությունը մեկի հետ ուղղված չէ մյուսի դեմ։ Սա հենց մեր երկուսի միջև է, որը համահունչ է եվրոպական քաղաքականությանն ու սկզբունքներին, և Եվրամիությունն իրականում այն քիչ դերակատարներից է աշխարհում, որտեղ այս սկզբունքները շատ թափանցիկ են, շատ ներառական: Այնպես որ, մենք սեղանի տակից, ինչ-որ սև գործարքներ չենք անում ՝ թաքնված օրակարգով։ Եվրամիությունը չէ, որ անկայունություն է հրահրում։ Եվրամիությունը չէ, որ միակողմանի ռազմական քայլեր է անում։ Բայց այն, ինչ տեսանք Լեռնային Ղարաբաղի դեպքում, միակողմանի ռազմական քայլ էր, ռազմական գործողություն սկսել էր՝ չնայած նախկինում հնչեցրած հավաստիացումներին, որ հարցը ռազմական ճանապարհով չի լուծվելու։ Հետևաբար, մինչև ուրիշին մատնացույց անելը, լավ կլինի, որ ոմանք փոքր-ինչ ինքնախոհ լինեն։ Բայց նորից եմ կրկնում՝ բացարձակապես ոչ մի պատճառ չկա քննադատելու այն, ինչ Եվրամիությունը ասում կամ անում է Հայաստանի համար: Սա շատ թափանցիկ է։ Դա ուղղված չէ որևէ մեկի դեմ, և մենք աշխատում ենք ազնվորեն և անկեղծորեն, որպեսզի տարածաշրջանում ավելի կայունություն մտցնենք՝ կանխելու ռազմական գործողությունները, կանխելու միակողմանի քայլերը, քանի որ, մեր սեփական փորձից ելնելով, կարծում ենք, որ հարցերը, խնդիրներն ու բախումները լավագույնս լուծվում են խոսելու, ներգրավվածության,  բանակցությունների սեղանի շուրջ նստելու միջոցով։ Եվ դրա համար մենք միշտ ուրախ ենք և կանգնած ենք այնտեղ, որտեղ պետք է, որպեսզի պատրաստ լինենք նաև նպաստել կամ շարունակել նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Սա Եվրամիության խորհրդի նիստի և արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո վերահաստատեցինք։ Այս շաբաթվա հանդիպմանը մենք կոչ արեցինք Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել բանակցությունները և լուծել բոլոր առկախված խնդիրները՝ խաղաղության պայմանագիրը կնքելու նպատակով։  Իդեալական կլինի, եթե դա լինի մինչև տարեվերջ։ Մենք այստեղ ենք աջակցելու համար, բայց, իհարկե, չենք կարող պարտադրել։ ԵՄ-ն ազնիվ միջնորդ է՝ առանց որևէ թաքնված օրակարգի: Մեր միակ նպատակը խաղաղությունը, կայունությունը և բարգավաճումն է բոլորի համար։

 

-Ադրբեջանական կողմը նախ վերջին պահին հրաժարվեց Գրանադայի հանդիպումից, ապա Բրյուսելում հոկտեմբերի վերջին նախատեսված հանդիպումից։ Ինչպե՞ս եք մեկնաբանում Ալիևի այս խուսանավումը։ Որքանո՞վ է ԵՄ-ն Ադրբեջանի քայլերը կառուցողական համարում։

-Մեր դերը՝ որպես միջնորդ կամ կոորդինատոր, իրականում այս կամ այն կողմի վարքագիծը գնահատելը չէ: Մեր դերը և  ջանքերը կենտրոնացած են երկու կողմերի կողքին լինելու վրա, քանի դեռ նրանք ցանկանում են, որ իրենց օգնենք լուծումներ գտնելու հարցում: Մենք միջնորդներ ենք: Մենք չենք կարող պարտադրել, անում ենք հնարավորը։ Առաջարկում ենք մեր կարողությունները, մեր էներգիան, մեր ժամանակը, երբեմն նաև մեր ռեսուրսները, որպեսզի վստահ լինենք, որ ներգրավվածությունը շարունակվի: Իսկ երբ կողմերը պատրաստ լինեն, այն ժամանակ մենք միջնորդում ենք կոնկրետ հանդիպումները։ Բայց, չնայած այն հանգամանքին, որ դուք նշեցիք ավելի բարձր մակարդակի չեղարկված հանդիպումների մասին, ներգրավվածությունը դեռ շարունակվում է։ Մենք ունենք բազմաթիվ երկկողմանի ներգրավվածություններ, ինչպես հայ գործընկերների հետ, այնպես էլ ադրբեջանցի գործընկերների հետ, ինչպես Բրյուսելում, այնպես էլ տեղերում՝ Բաքվում, Երևանում։ Փորձում ենք անել առավելագույնը՝ կրկին խրախուսելով կողմերին հանդիպումներ ունենալ որքան շուտ, այնքան լավ, և ես կարծում եմ, որ սա նույնպես ֆիքսվեց։ Եվրոպական միության քաղաքական այս ակնկալիքն արտացոլվեց Արտաքին հարաբերությունների խորհրդի կոչում, երբ ԵՄ բարձր հանձնակատարը ասաց, որ մենք կոչ ենք անում վերսկսել բանակցությունները, ցանկանում ենք, որ դրանք շարունակվեն, և մենք պատրաստ ենք շարունակել մեր ծառայություններն առաջարկել այս գործընթացում, քանի որ, ի վերջո, երկու կողմերն էլ դիմեցին մեզ այն բանից հետո, երբ հասկացան, որ Ռուսաստանը ազնիվ միջնորդ չէ, երբ հասկացան, որ չի կարելի իսկապես հույս դնել Ռուսաստանի վրա, քանի որ Ռուսաստանն ունի իր թաքնված օրակարգը։ Իսկ Հայաստանի պարագայում Ռուսաստանը մեծապես չկատարեց Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորությունները: Այսպիսով, մենք այնտեղ ենք, քանի որ մենք ազնիվ միջնորդ ենք, մենք կանենք հնարավորը, քանի որ մեր լավագույն մոտիվացիան կամ ամենաուժեղ մոտիվացիան մեր սեփական պատմությունն է: Մենք գիտենք, որ մենք Եվրոպայի երկրների միջև հարաբերությունների անհանգիստ պատմություն ենք ունեցել։ Մենք պատերազմում էինք իրար դեմ, սպանում էինք միմյանց, բայց մենք գտանք ճանապարհը ստեղծելու այն եզակի համայնքը, որը կոչվում է Եվրամիություն, և մենք ցանկանում ենք այս փորձը, լավագույն փորձը կիսել նաև Հարավային Կովկասի և մեզնից արևելք ընկած տարածաշրջանի մարդկանց հետ, քանի որ մենք գիտենք, որ, ի վերջո, տուժողները միայն սովորական մարդիկ են, և մենք ուզում ենք դա կանխել։ Այսպիսով, մենք պատրաստ ենք օգնել, խորհուրդ տալ, քաջալերել։ Բայց կրկին՝ չենք կարող պարտադրել և չենք պարտադրելու որևէ մեկին։

 

-Ինչպես Դուք նշեցիք, Լեռնային Ղարաբաղում միակողմանի հարձակումներից, քաղաքական հաշվարկներից և երբեմն էլ ԵՄ-ի լռությունից տուժեց արցախահայությունը։ Բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության հարցում ի՞նչ է նախատեսում ԵՄ-ն անել, բացի ֆինանսական օժանդակությունից։

-Նախ, ԵՄ-ն չի լռել։ Մենք շատ լավ գիտենք, որ, գուցե, հիասթափություն կամ քննադատություն կա, որ ԵՄ-ն բավականաչափ աշխատանք չի արել, բայց ես պետք է հիշեցնեմ, որ ԵՄ-ն միջամտող ուժ չէ։ Մեր տրամադրության տակ եղած գործիքները քաղաքական են և դիվանագիտական։ Եղան հայտարարություններ, հրապարակային հայտարարություններ, որոնք դատապարտում էին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում միակողմանի ռազմական գործողությունը։ Ես կարող եմ հիշել այս հարցի վերաբերյալ բարձր հանձնակատարի և անդամ պետությունների միայն երկու շատ խիստ հայտարարություններ, կարող եմ հիշել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանը, որտեղ ԵՄ բարձր ներկայացուցիչը Եվրամիության անունից հրապարակայնորեն հանդես եկավ խիստ դատապարտող ուղերձներով՝ արտահայտելով մեր ցնցված լինելը Լեռնային Ղարաբաղից մարդկանց անսպասելի տեղահանման և զանգվածային հեռանալու կապակցությամբ։ Այսպիսով, Եվրամիությունը բարձրաձայն էր, ոչ միայն հանրային տիրույթում, որովհետև մենք նույնն էինք անում միջազգային հարթակներում, որոնք, միգուցե, այնքան էլ բարձրաձայն և ոչ այնքան տեսանելի են լայն հանրության համար։ Նույնը մենք անում էինք երկկողմ հանդիպումներում։ Ուղերձներ են եղել գործընկերներին, որոնք տեղին են այս համատեքստում․ ոչ միայն Ադրբեջանին, իհարկե, այլ նաև Ադրբեջանի դաշնակիցներին, քանի որ, ինչպես ասացի, ԵՄ-ն շատ թափանցիկ է, և մեզ համար կարևոր է բարձրաձայնել, երբ սկզբունքները խախտվում են: Եվ հետո մենք շատ հստակ պահանջում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա։ Գիտեք, նրանց ունեցվածքը չի կարող բռնագրավվել ուրիշի կողմից: Պետք է երաշխիքներ լինեն այդ մարդկանց անվտանգ վերադարձի համար, եթե նրանք որոշեն վերադառնալ։ Մենք նաև ավելացրել ենք մեր մարդասիրական օգնությունը բռնի տեղահանվածներին։ Մենք շարունակում ենք պահանջել միջազգային մուտք և միջազգային ներկայություն Լեռնային Ղարաբաղում՝ որպես ժողովրդի համար այս երաշխիքների մաս։

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 

Արթուր Խաչատրյանի բացահայտումը Բրյուսելից․ ադրբեջանցիները Փաշինյանի խոսքերին են հղում անում

Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը մանրամասներ ներկայացրեց օրերս Բրյուսելում կայացած Եվրանեսթի կոմիտեների համատեղ նիստին։ Այդ մասին հայտնում է Step1.am-ի թղթակիցը ԱԺ-ից։ 

«Մեր քաղաքական կոմիտեում ներկայացված էր փաստաթուղթ, համազեկուցողների ներկայացրած նախագիծն էր, որը հիմնականում անդրադառնում էր ռուս-ուկրաինական պատերազմին, բայց երկու անգամ նշում կար նաեւ Արցախի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորված լինելու մասին։ Եվ երբ դրա մասին խոսում էինք մենք՝ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները, երբ դրա մասին խոսում էին Եվրախորհդրարանի պատվիրակները, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը դեռ իրականացված չէ, եւ կայուն խաղաղություն հաստատված չէ, ադրբեջանցի պատվիրակները հակադարձում էին Նիկոլ Փաշինյանի խոսքերով։ Մասնավորապես, Եվրախորհրդարանի պատվիրակներից մեկն ասաց՝ «1919 թվականին Արցախի ժողովուրդը քվեարկել է ՀՀ-ին միանալու օգտին, եւ 1920 թվականին բոլշեւիկներն են Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին»։ Եվ այստեղ Ադրբեջանի պատվիրակն ասաց՝ «դուք չգիտե՞ք, Փաշինյանն ասել է, որ Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի կազմում»։ Նմանապես մենք ասում էինք՝ Արցախի ժողովրդի իրավունքները ոտնահարվում են, նրանք ունեն քաղաքական իրավունքներ՝ վճռելու իրենց ճակատագիրը։ Լուծում էինք առաջարկում, էլի նույն պատասխանն էր՝ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Ադրբեջանը ոչ մի փաստարկ, բացի Փաշինյանի խոսքերից, չունի։