ՀՀ իշխանություններն ամեն ինչ կանեն, որ Արցախի հարցն օրակարգում չմնա․ Խաչատրյան

«ՀՀ իշխանությունները շատ լավ հասկանում են, որ եթե Արցախի ժողովուրդն այստեղ կոմպակտ ապրի, քաղաքական ներկայացվածությունը պահի, Արցախի հարցը կմնա օրակարգում։ Եվ հետեւաբար, ամեն ինչ անելու են, որպեսզի դա տեղի չունենա, ներառյալ պետական ինստիտուտների համար Հայաստանում գործելու ոչ բարենպաստ միջավայր ստեղծելը։ Հայաստանի իշխանությունների համար Արցախի ժողովրդի ներկայացուցիչների գործունեությունը ռիսկ է, իրենք վտանգ են տեսնում։ Բայց որ ադրբեջանցիները գրավել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից 250 քկմ եւ զվռնում են ՀՀ տարածքում, մահ ու ավեր են սփռում, դա իշխանությունների համար ազգային անվտանգության վտանգ չէ»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը»։ Այս մասին հայտնում է Step1.am-ի թղթակիցը Ազգային ժողովում։

Նա նշեց՝ այս իշխանության նպատակն է Արցախի հարցը փակել վերջնականապես։ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց քարտեզ, եւ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Արցախը որեւէ կերպ այդ քարտեզի վրա նշված չէր։

Արթուր Խաչատրյանն ասաց, որ Արցախի ներկայացվածությունը շատ կարևոր  է։ «Հիշեցնեմ՝ 1994 թվականի մայիսին, երբ Բիշքեկում ստորագրվեց հրադադարը, ադրբեջանցիները չունեին ինչ-որ մեկին, որին Ադրբեջանի համայնքի կողմից կներկայացնեին։ Մի հատ Նիզամի Բահմանով էին առաջ բերում, որը եղել էր Շուշիի գործադիր մարմնի ժամանակավոր ղեկավարը 1,5 ամիս։ Եվ միջազգային հանրությունը, այդ միջխորհրդարանական վեհաժողովն ասաց՝ սա Ղարաբաղի ադրբեջանցիների ներկայացուցիչը չէ ընդհանրապես, եւ Ղարաբաղի ադրբեջանցիները որպես սուբյեկտ հանդես գալու իրավունք չունեն։ Այնպես որ, ցանկացած քայլ դիտեք նպատակի համատեքստում»,- ասաց Խաչատրյանը։

 

Արցախցիներն իրենք պետք է որոշեն, թե ինչ երաշխիքներով կարող են վերադառնալ

Արցախի պետական ինստիտուտները պետք է շարունակեն գործել։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Այդ մասին հայտնում է Step1.am-ի թղթակիցը։

Հիշեցնենք, որ ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ չեն ֆինանսավորելու Արցախի Հանրապետության պետական մարմինների գործունեությունը, իսկ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ Արցախի պետական ինստիտուտների պահպանումը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը։ Արծվիկ Մինասյանը նշեց, որ սա ՀՀ գործող իշխանության ազգակործան քաղաքականության շարունակությունն է։

«Արցախից բռնի տեղահանվել է 150 հազար եւ ավելի մարդ։ Փաստացի Արցախն ամբողջությամբ հայաթափված է, եւ այս թվերը չափազանց կարեւոր են, որ նաեւ միջազգային հանրությանը ճիշտ պատկեր փոխանցվի։ Ակնհայտ եւ միանշանակ է, որ պետական մի շարք ինստիտուտներ, առաջին հերթին ժողովրդի սուբյեկտայնությունը մատնանշող եւ նրա ներկայացուցչական բարձրագույն մարմինը՝ նախ Ազգային ժողովը, նախագահը, արտաքին քաղաքականությունը ներկայացնող գերատեսչությունը, Արցախի Հանրապետության բազմաթիվ այլ պետական հաստատություններ պետք է գործեն։ Իսկ թե ինչ կարգավիճակով արցախցիները կվերադառնան Արցախ, դա առաջին հերթին Արցախի ժողովրդի սուբյեկտայնության ճանաչման հենքի վրա Արցախի ժողովուրդն ինքն է որոշելու, որովհետեւ ինքը պետք է ասի, թե որոնք են անվտանգության տեսակետից անհրաժեշտ պայմանները՝ կարգավիճակից սկսած, մինչեւ կոնկրետ միջազգային երաշխիքներ։ Եվ կարեւոր են այն բավարար ծավալի իրավունքները, որոնք անհրաժեշտ կլինեն Արցախի մեր ժողովրդին՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու համար»,- ասաց պատգամավորը։

Հազարավոր մարդիկ անհայտ ժամանակով զրկված են և անձնագրից, և «փախստականի թղթից», եւ նախկին՝ Արցախի քաղաքացիությունից

Forrights

Արցախի պետական ինստիտուտների պահպանումը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ ՀՀ 2024 թվականի բյուջեի նախագծով Արցախի պետական ինստիտուտների պահպանման համար ֆինանսավորում նախատեսված չէ։

Հարցին, թե Արցախի հարցը փակվա՞ծ է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Մենք ունենք արցախահայության մեծ խնդիր։ Այնտեղ պետականություն ստեղծելու կամ պետական ինստիտուտներ պահելու եւ զարգացնելու, ինչ-որ բան անելու նպատակ ես չեմ տեսնում եւ համարում եմ, որ դա ՀՀ անվտանգությանը ուղիղ սպառնալիք է եւ հարված։ Եվ կոչ եմ անում մնացած բոլոր գործընկերներին նույն տրամաբանությամբ շարժվել”:

Եթե Արցախի պետական ինստիտուտների ստեղծումը Հայաստանում իշխող կուսակցությունը սպառնալիք է համարում, ապա ինչպե՞ս են նրանք պատկերացնում Արցախի եւ արցախցիների ապագան։ ՀՀ իշխանությունները պարտավորությո՞ւն ունեն իսպառ ջնջել Արցախի անունը, նրա հազարամյա պետական ավանդույթները եւ դրանք շարունակելու արցախցիների իրավունքը։

Բռնի տեղահանումից անցել է 1,5 ամիս, սակայն մինչ օրս չի կայացել ՀՀ եւ Արցախի օրինական իշխանությունների որեւէ հանդիպում կամ քննարկում։ Արցախի իշխանությունները զրկված են իրենց պարտականությունները իրականացնելու ֆինանսական եւ իրավական հնարավորություններից։ Բայց կառավարման բոլոր ինստիտուտները գոյություն ունեն․ միայն այսօր առաջին պատգամավորը /Դավիթ Բաղդասարյանը/ վայր է դրել մանդատը։ Մնացածները պահպանում են մանդատները։

ՀՀ իշխանությունները «սպառնալիք» են համարում Արցախի ղեկավարության գոյությունը, փորձելով «հասցեագրել» արցախահայության խնդիրները ուրիշներին։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին ՄԱԿ Միջազգային դատարանը պետք է միջանկյալ միջոցներ սահմանի Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցով։ Հայցի պահանջներից մեկն է՝ Բարձր դատարանը պետք է պարտադրի Ադրբեջանին ճանաչել ԼՂՀ մարմինների կողմից տրված փաստաթղթերը։

Ինչո՞ւ Հայաստանը ինքը չի ճանաչում այդ փաստաթղթերը։ Փոխարենը Հայաստանի իշխանությունները կատարյալ շփոթություն են ստեղծում մի հարցում, որը պարզ քաղաքական կամք է պահանջում՝ ճանաչել Արցախի անցած 30 տարվա պետական, քաղաքացիական եւ իրավական ակտերը եւ համարել այն օրինական։ Դրա փոխարեն այնպիսի լուծումներ են առաջարկվում, որոնք ավելի են խառնում իրավական իրավիճակը եւ նոր խնդիրներ ստեղծում արցախցիների համար։

Հայաստանում մեկնարկել է այսպես կոչված «փախստականների» թղթի ստացման եւ արցախցիների ժամանակավոր գրանցման գործընթացը։ Մարդկանց շանտաժ են արել, որ առանց նման թղթերի եւ գրանցման /կամ ՀՀ քաղաքացիություն ստանալու/ նրանք չեն կարողանալու ստանալ օրինական թոշակները, նպաստները, գործարքներ կատարել։ Նույնիսկ խոսում են, որ 070 արցախյան ծածկագրով անձնագրերը մի քանի ամիս հետո անվավեր են ճանաչվելու։ Թե հետո ինչ պիտի անեն նույն անձնագրերում հայաստանյան գրանցում եւ փախստականի «թուղթ» ստացած մարդիկ, պարզ չէ։ Կկարողանա՞ն նրանք մեկնել Հայաստանից, կամ որևէ գործարք կատարել, կամ նշանակվել պետական պաշտոնների  և ծառայել բանակում։

Անձնագրային բաժիններում կատարյալ խառնաշփոթ է։ Մարդիկ գալիս են, և նրանց ստիպում են լրացնել արդեն պատրաստի հայտադիմում, որտեղ գրված է․ «Հայտնում եմ, որ որեւէ պետության քաղաքացի չեմ հանդիսանում»։ Աշխատակիցները այդ տողերը հատուկ ընդգծում են, հարցնելով՝ համաձա՞յն եք դա ստորագրել։ Սովորական մարդն էլ, աչքի առաջ ունենալով թոշակ չստանալու հեռանկարը, համաձայնվում է։ Հրաժարվելով Արցախի ոչ միայն իր օրինական անցյալից, այլև պետականությունից։

Այնուհետեւ մարդը թողնում է իր անձնագիրը, նրան ասում են, որ մի 10 օր կտևի այս ամեն ինչը, գուցե և ավելին, քանի որ դեռ չկան «փախստականի թղթերը», և պարզ չէ, երբ կլինեն։

Ստացվում է, որ հազարավոր մարդիկ անհայտ ժամանակով զրկված են և՜ անձնագրից, և՜ չգիտեն, երբ կստանան «փախստականի թուղթ», և արդեն հրաժարվել են իրենց նախկին՝ Արցախի քաղաքացիությունից։ Իսկ չկա փաստաթուղթ՝ չկա մարդ։

Ունե՞ն արդյոք ՀՀ իշխանությունները հստակ տեսլական, թե ինչպես պետք է լուծվի 150 հազար ՀՀ անձնագիր ունեցող հայի իրավական կարգավիճակի հարցերը,  թե՞ միայն հեռուստատեսությամբ լուրջ եւ ինքնավստահ դեմքով խոսելն է։

 

Պայթյուն ԵՊՀ-ում․ զոհ եւ վիրավորներ կան

ԵՊՀ-ի քիմիականի մասնաշենքում պայթյուն է եղել: Infocom-ի փոխանցմամբ էլ հրդեհ է բռնկվել ԵՊՀ մասնաշենքերից մեկում, որտեղ գտնվում են Քիմիայի, Աշխարհագրության ֆակուլտետները, Ֆարմացիայի ինստիտուտը։ Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ փրկարար ծառայության 3-4 մեքենա, ինչպես նաև Շտապ օգնությունը։

Ժամը 9:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի մասնաշենքերից մեկում հրդեհ է բռնկվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրից 3 հոգի այրվածքներով շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել են հիվանդանոց, ներսում հրշեջները հետախուզական աշխատանքներ են կատարել, հայտնաբերել են 1 դի, պարեկային ծառայության 1 աշխատակից էլ տարհանման աշխատանքներ կատարելիս թունավորվել է ծխից:

Բաքուն ասաց՝ ոչ. ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Վաշինգտոնը։ Լսումներ Ղարաբաղի մասին առանց Ղարաբաղի

Բաքուն մերժել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Վաշինգտոնում նախատեսված հանդիպումը, որը պետք է կայանար նոյեմբերի 20-ին։ Նոյեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում տեղի ունեցավ լսումներ «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով, որին մասնակցում էր ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի փոխքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ Բրայենը։

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ «առաջիկա մի քանի շաբաթները վճռորոշ կլինեն Երևանի և Բաքվի համար, թե արդյոք նրանք կարող են գնալ «այո» ասելու խաղաղության պայմանագրին»:

Փաստորեն, Բաքուն «ոչ» ասաց Վաշինգտոնին։ Եվ հիմա հիմնական հարցն է՝ ի՞նչ է անելու Վաշինգտոնը։

Ջեյմս Օ Բրայենն ասել է. «Սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո Ադրբեջանի հետ ոչինչ նորմալ չի լինի, քանի դեռ չենք տեսել իրական առաջընթաց խաղաղ գործընթացում։ Մենք չեղարկել ենք մի շարք բարձր մակարդակի այցեր և դատապարտել Ադրբեջանի գործողությունները։ Եվ մենք մտադիր չենք նախաձեռնել 907 բանաձեւի շրջանցում, քանի որ իրավիճակի իրական բարելավում չենք տեսել»,- ասել է Ջեյմս Օ Բրայենը:

Նույն օրը ԱՄՆ Սենատն ընդունեց Հայաստանի պաշտպանության 2023թ. օրենք։Սենատորները կողմ են քվեարկել մի փաստաթղթի, որը թույլ չի տալիս ԱՄՆ նախագահին շրջանցել Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը, որն արգելում է ռազմական օգնությունն Ադրբեջանին։

Եթե ​​առաջարկվող օրինագիծը հավանության արժանանա Ներկայացուցիչների պալատի կողմից և ստորագրվի ԱՄՆ նախագահի կողմից, նախագահին կարգելվի շրջանցել 907-րդ հոդվածը՝ 2024-2025 թվականների դաշնային բյուջեից Ադրբեջանին ռազմական և ֆինանսական օգնություն տրամադրելու համար։

Ճիշտ է, անհասկանալի է, թե ինչո՞ւ է Բաքվին անհրաժեշտ ԱՄՆ ռազմական օգնությունը, եթե Ադրբեջանը և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան իրենց անվանում են «մեկ ազգ, մեկ բանակ»: Այսինքն՝ չկա ադրբեջանական բանակ, կա թուրքական բանակի կորպուս, որի գտնվելու իրավունքը հայկական Արցախի տարածքում նույն օրը երկարացվել է Թուրքիայի կողմից մեկ տարով։

Բացի այդ, վերջերս Ադրբեջանը Իսրայելից գնելու է հավելյալ Barak MX ՀՕՊ համակարգեր, որոնք նախատեսված են օդային սպառնալիքներից պաշտպանվելու համար, 1,2 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի շրջանակներում, գրում է Defense Industry Europe-ը։

Բայց ամենագլխավորը՝ ինչի՞ն է պետք օգնություն Բաքվին, եթե նրան թույլ են տվել ուժային ճանապարհով լուծել Արցախի հարցը, և ԱՄՆ չի մեղադրվել Բաքվին միջազգային հիմնարար սկզբունքները խախտելու մեջ։ Ինչ վերաբերում է «իրանական ճակատին», ԱՄՆ-ի դաշնակից Իսրայելն այնտեղ աստված ու թագավոր է:

ԱՄՆ-ում կայացած լսումների ժամանակ Պետդեպարտամենտի պաշտոնյան փոքր-ինչ սպառնալից տոնով ասաց, որ Թուրքիան ավելի լավ է Ալիեւին համոզի վերսկսել բանակցությունները, հակառակ դեպքում միջանցքներ չեն լինի։ Բանակցություններում նոր փաստարկ է ի հայտ եկել՝ ճանապարհ Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա, և եթե այս ճանապարհն անցնի Հայաստանով, ապա Թուրքիան կշահի, ասում են Պետդեպում։

Լսումների ժամանակ գրեթե չխոսվեց բուն Ղարաբաղի ապագայի մասին։

Նաիրա Հայրումյան

 

Թեժ՝ փոքր եկեղեցին ու մեծ ավանդապատումը․ կորսված Հայրենիք

Տողասար լեռան գագաթին (որի բարձրությունը 1471 մետր է) գտնվող Գտիչ բերդից հարավ-արևելք, ժայռի կատարին գտնվում է մի փոքրիկ չափերով եկեղեցի:

Եկեղեցու Թեժ անվան ժողովրդական ստուգաբանությունը կապված է Դիզակի ժողովրդի հերոսական պայքարի հետ օտար զավթիչների դեմ։ 853 թվականին արաբական զորքը Բուղա զորավարի գլխավորությամբ պաշարեց Քթիշ ամրոցը։ Անհաջող գրոհներից հետո Բուղան նորից է դիմում Եսայի Աբու Մուսեին և կրկնում հպատակության իր առաջարկը: Պատասխան խոսքում Եսայի Աբու Մուսեն Բուղային հայտնում է նրա դեմ մինչև վերջին շունչը կռվելու իր անբեկանելի որոշման մասին և խորհուրդ տալիս հեռանալ խաղաղությամբ, եթե իր համար թանկ է սեփական կյանքն ու զորքի ողջությունը:

Պայքարը  տևեց շուրջ մեկ տարի և տեղի ունեցած 28 ճակատամարտերում Դիզակի իշխան Եսայի Աբու Մուսեն հաղթանակ տարավ Բուղայի նկատմամբ։ Տեսնելով, որ զենքի ուժով անհնար է պարտության մատնել ռազմավարական հմտություններով օժտված Դիզակի տիրակալին, կրկին գործի դրվեց խարդավանքը։ Միամիտ լեռնականը, որը որքան աննկուն էր ու քաջ բաց ճակատամարտում, նույնքան էլ անզոր պալատական դավերի ու խաբեության հանդեպ, հավատալով իրեն տրված խոստումներին, թողնում է անառիկ ամրոցը և գնում է Բուղայի մոտ: Սա ստացած հրամանի համաձայն նրան ընդունում է մեծ շուքով, զորահանդեսային ծեսերով և խաբկանքի երեքօրյա ճոխ հյուրասիրությունից հետո ձերբակալում է և շղթայակապ անում՝ այդպիսով ճնշելով Արցախի դիմադրությունը:

Հերթական պարտությունից զայրացած՝ Բուղան հիմնահատակ քանդում է Գտչավանքի սրբարանները։ Այդ ժամանակ Եսայի իշխանը պատվիրում է իր որմնադիրներին, որ լեռան ծերպին, Գտչավանքի հանդեպ, թշնամու հայացքի տակ, յոթ օրվա ընթացքում կառուցեն նոր եկեղեցի, և քանի որ սրբավայրի կառուցումն ընթացել է ճակատամարտի թեժ պահերին , ապա այդ իսկ պատճառով այն ստացել է Թեժ անվանումը։

Թեժ եկեղեցին թաղածածկ դահլիճի հորինվածքով պարզ կառուցվածք է, շարված անտաշ քարով, ուներ երկլանջ ծածկ։ Եկեղեցին ունի երկու դուռ՝ արևմտյան և հարավային կողմերի։ Ներսում կային սպիտակ շերտաքարերից պատրաստված հինգ փոքրիկ խաչքարեր, որոնց վրա քանդակված է «Խաչս Նազազին»,  «Խաչս Մրհապետին», «Խաչս Շահումին»,  «Խաչս Ղազարայ»,  «Խաչս Եզուայ», սակայն ցավոք սրտի եկեղեցու տանիքի փլման հետևանքով հավանաբար նշված խաչքարերը մնացել են քարերի տակ։

Մակար Բարխուդարյանը նշում է նաև, որ հարավային կողմի դռան բարավորի վրա քանդակված է Ս․Աստվածածինը մանկան հետ և «մի աղերսարկու վեղարավոր վարդապետի պատկեր»։ Արևմտյան ճակատում բացվող դռան բարավորի վրա պատկերված են երկու «աղոթավոր վարդապետի դիմապատկերներ և մի խաչ», սակայն նշվածները նույնպես չեն պահպանվել եկեղեցու դռան բարավորների փլման արդյունքում։

Մ․ Բարխուդարյանը պատմում է, որ եկեղեցու արևելյան կողմում պահպանվել են տապանաքարեր, նրանցից մեկի վրա գրված է եղել հետևյալը՝ «թվին ։ՉԶ։ (1257) այս է տապան Մովսես վարդապետին»։ Այդ տապանաքարի վրա պատկերված է եղել «երկգլուխ օձագավազան և այն բռնած ձեռքի թաթ»։

․․․Բավականին հին են, թե՜ տաճարիս շինությունը և թե՜ խաչերի ձևերն ու տառերը, գրել է Մակար Բարխուդարյանը, ով  իր այցելության ժամանակ եկեղեցու շինարարության ու ժամանակի վերաբերյալ արձանագրության չի հանդիպել։

Արցախի բռնազավթումից հետո եկեղեցու մասին տեղեկություններ չկան։

Արմինե Հայրապետյան

Սենատն ընդունեց «Հայաստանի պաշտպանության 2023 թվականի օրենքը»

ԱՄՆ Սենատն ընդունել է բանաձև, որով առաջարկվում է ԱՄՆ նախագահին երկու տարով արգելել 1992 թվականի «Արտաքին գործառույթների, արտահանման ֆինանսավորման և հարակից ծրագրերի հատկացումների մասին» օրենքի («Ազատության աջակցության ակտի») 907 ենթաբաժինը շրջանցելու իրավունքից՝ կապված Ադրբեջանին տրամադրվող օգնության հետ, հայտնում է Ազատությունը:

1992 թվականին ԱՄՆ օրենսդիրների ընդունած «Ազատության աջակցության ակտի» 907 ենթաբաժինը սահմանել է, որ Վաշինգտոնը չի կարող Ադրբեջանին օգնություն տրամադրել, սակայն հետագա տարիներին օրենսդիրները լրամշակել են 907 ենթաբաժինը և նախագահներին թույլատրել են հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով ռազմական օժանդակություն տրամադրել Ադրբեջանին:

Սենատի առաջարկած այս բանաձևն ուժի մեջ կմտնի Ներկայացուցիչների տան կողմից վավերացվելուց և նախագահի կողմից ստորագրվելուց հետո:

Սենատը նշել է, որ այս օրենքը կարող է հիշատակվել որպես «Հայաստանի պաշտպանության 2023 թվականի օրենք»: Սենատը բանաձևն ընդունել է 2023 թվականի նոյեմբերի 15-ին։

Աթայան քույրեր. Բոլորը պատրաստվում էին ցուրտ, դժվարին ձմռանը, բայց մենք կվերադառնանք միայն հայկական Արցախ

2023 թվականի սեպտեմբերին Արցախից բռնագաղթված ուսանողուհի և ավագ դպրոցի աշակերտուհի Նինա և Կարինա Աթայան քույրերը կամավոր մասնակցել են Երևանում Արցախի հանձնման դեմ «Լուռ երթին»։

Աղջիկները վստահ են, որ «չի կարելի մոռանալ կամ համաձայնվել այն ամենի հետ, ինչ կատարվում է, պետք է անընդհատ բարձրաձայնել Արցախի պատմության բոլոր փաստերն ու թվերը և չդադարել պայքարել դրա համար»։

Ուսանողը կարծում է. «Արցախի համար պետք է պայքարել, որովհետև մարդիկ ուզում են վերադառնալ իրենց տները, իսկ մենք կվերադառնանք միայն հայկական Արցախ։ Եվ նաև Արցախի պատմական նշանակությունը չի կարելի արժեզրկել»։

Ավագ դպրոցի աշակերտուհին հիշում է շրջափակումը և վստահ է, որ «մենք պատրաստ էինք դիմանալ, որովհետև հույս ունեինք, որ շուտով բոլոր դժվարությունները հետեւում կլինեն, ազատություն ու արդարություն կլինի»։ «Բոլորը պատրաստվում էին ցուրտ, դժվարին ձմռանը։ Մենք կարծում էինք, որ 44-օրյա պատերազմից ավելի վատ բան չի կարող լինել։ Բայց երբ եկավ սեպտեմբերի 19-ը, դժոխքը սկսվեց: Ռմբակոծում և ապաստան, զոհված զինվորներ և խաղաղ բնակիչներ, վառելիքի պահեստի պայթյունը նոր վիշտ է բերել բազմաթիվ ընտանիքների. Հետո Լաչինի միջանցքով արտաքսում Հայաստան։ Ես տեսա, թե ինչպես են մարդիկ մահանում այս ճանապարհին, երեխաներ՝ սառչում ու սովից տառապում։ Բայց նույնիսկ այն ժամանակ ես չկորցրի վերադառնալու հույսը։ Բայց հիմա այդ հույսը գնալով պակասում է։ Պետք է համախմբվել և պայքարել վերադարձի համար»։

Ալվարդ Գրիգորյան

Լուսանկարը՝ Հայկ Հարությունյանի

Ելույթ ունենալ բացառապես հայրենի երկրի դրոշի ներքո՝ Արթուր Առուշանյան

Արթուր Առուշանյանը Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն է։ Կիոկուշին կարատեի սև գոտի ունի։ Ծնվել է 1993 թվականի դեկտեմբերի 16-ին Սանկտ Պետերբուրգում։ 2000 թվականին նա ընտանիքի հետ տեղափոխվել է հայրենիք՝ Արցախ։ Ավարտել է Ստեփանակերտի թիվ 3 դպրոցը և ընդունվել Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտ։

Կարատեի ասպարեզում իր առաջին քայլերը սկսել է անել վաղ տարիքից։ 2007 թվականի հոկտեմբերին դարձել է Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր։

Արթուրի առաջին լուրջ ձեռքբերումը 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հաղթանակն էր, որտեղ նա գրավեց առաջին տեղը, իսկ երկու ամիս անց՝ 2011 թվականի դեկտեմբերին Մոսկվայում կայացավ աշխարհի առաջնությունը, որտեղ նա դարձավ բրոնզե մեդալակիր, և նրա հաղթանակները կարելի է թվարկել անվերջ:

Արթուրը մանկուց սեր ուներ սպորտի նկատմամբ։ Նա սրտի հետ կապված խնդիրներ ուներ, սակայն սպորտով զբաղվելն օգնեց ազատվել հիվանդությունից։

Արթուրը մեծ հայրենասեր է։ Նրան բազմիցս առաջարկել են խոստումնալից աշխատանք արտասահմանում, սակայն նա արձագանքել է՝ ելույթ ունենալով բացառապես հայրենի երկրի դրոշի ներքո։

2011-2013 թվականներին ծառայել է Արցախի պաշտպանության բանակում։ Արցախյան 3 պատերազմի մասնակից։ Եղել է Արցախի կարատեի հավաքականի գլխավոր մարզիչը։ Անգամ արցախյան շրջափակման անտանելի պայմաններում նա չդադարեց աշխատել՝ պատրաստելով նոր չեմպիոններ։

Ի թիվս այլ բաների, Արթուրը օրինակելի ընտանիքի մարդ է և հիանալի հայր: Նա երազում էր, որ իր երեխաները մեծանան Արցախում. Ստեփանակերտում մեծ տուն էր կառուցում։ Այժմ նա մեծ տխրությամբ է հիշում Արցախի հետ կապված մեծ ծրագրերը և հույս ունի իրականացնել դրանք։

Արսեն Աղաջանյան

Բաքուն հրաժարվել է մասնակցել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Վաշինգտոնում

Բաքուն հրաժարվել է 2023 թվականի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով նախատեսված հանդիպումից։

«Միացյալ Նահանգների միակողմանի մոտեցումը կարող է հանգեցնել նրան, որ ԱՄՆ-ը կորցնի միջնորդի իր դերը», – ասվում է ադրբեջանական ԱԳ նախարարության մեկնաբանության մեջ՝ կապված ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի հայտարարությունների հետ` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի ենթահանձնաժողովում լսումների ժամանակ:

«Կարևոր է նշել, որ այս պայմաններում մենք հնարավոր չենք համարում 2023 թվականի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում անցկացնելը»,- ասվում է մեկնաբանության մեջ։

Արեւմուտքը փակ չի համարում Արցախի հարցը. Արա Պապյանը ՝ step1.am-ին

Արեւմուտքը փակ չի համարում Արցախի հարցը։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը։

«Դրա վառ օրինակ են ԱՄՆ Կոնգրեսում բազմաթիվ լսումները, այդ թվում՝ հենց երեկ։ Արցախի հարցի մասին հայտարարություններ են եղել, այդ մասին ԱՄՆ պետքարտուղարությունն է հայտարարում, որ հայերի վերադարձի իրավունքը կա։ Տվյալ դեպքում արդեն Արեւմուտքին ձեռնտու չէ հարցը փակ համարել, որովհետեւ սա լծակ է Ալիեւի վրա։ Իսկ Ալիեւի եւ Թուրքիայի վրա այդ լծակները պետք են։ Բայց այստեղ կա նաեւ մարդու իրավունքների հարց, որի վրա Արեւմուտքն ուղղակի չի կարող աչք փակել»,- ասաց Պապյանը։

Նա անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ նիստում արած հայտարարությանը։ Խոսելով Արցախի խնդրի մասին՝ Փաշինյանն այսօր ասել էր․ «Այն, ինչ մենք ուզում էինք Լեռնային Ղարաբաղի հարցով, այլեւս հնարավոր չէր առնվազն ԵԱՀԿ 1996 թվականի դեկտեմբերի Լիսաբոնի գագաթաժողովից հետո։ Եվ նրանք, ովքեր այդ գագաթաժողովի կոնսենսուս մինուս մեկին (ընդ որում, մինուս մեկը Հայաստանն էր) միանալուց հետո պաշտոնական հանդիպումների փակ հատվածներում եւ ռեստորաններում մեզ հավաստիացնում էին, թե դա հնարավոր է ու անպայման լինելու է, եւ մեզ անընդհատ քաջալերում էին, մտքում մեկ նպատակ ունեին միայն՝ թույլ չտալ, որ Հայաստանում պետություն կայանա։ Եվ նրանց ռազմավարական սցենարը հենց դա էր՝ Ղարաբաղի հարցը որպես լծակ օգտագործել՝ Հայաստանի պետականության զարգացումը թույլ չտալու համար»։

«Ես նման միտում չեմ նկատել։ Բոլոր իրավիճակներում վերջի պահին չհամաձայնողը Ադրբեջանն է եղել։ Ես կարող եմ ենթադրել, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է մտածում։ Ինքը մտածում է, որ ռուսներ են, քանի որ ռուսների համար կոնֆլիկտի չլուծված լինելը կարեւոր էր, դա լծակ էր Հայաստանի վրա։ Այո՜, այդ ամբողջը կա, բայց գոնե առերես Ադրբեջանն է խոչընդոտել։ Կազանի համաձայնությունը կար, Քի Վեսթի համաձայնությունը կար, բայց Աիեւը գնաց Բաքու ու հետ կանգնեց իր խոսքերից։ Իմ կարծիքով, եւ այդ մասին Հեյդար Ալիեւն էլ էր ասում, Ադրբեջանի համար Արցախի հարցը կարեւոր չէր։ Ադրբեջանի համար Արցախի հարցը պատրվակ էր՝ լուծելու հայկական հարցը, հայոց պետականության հարցը։ Հեյդարը դրա մասին է պարզ խոսել»,- ասաց Պապյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն այսօր շարունակում է այդ քաղաքականությունը։ Այսինքն՝ եթե Արցախի հարցը չլիներ, այնպես չէր լինելու, որ հիմա ոչ մի խնդիր չէինք ունենալու եւ եղբայրաբար ապրելու էինք Ադրբեջանի հետ։ Ըստ Պապյանի՝ Ադրբեջանն այսօր չի հարձակվում Հայաստանի վրա, որովհետեւ վախենում է պատժամիջոցներից։

«Այսինքն՝ անկախ նրանից, թե մեծ ուժերն ինչ ցանկություններ են ունեցել, ամեն դեպքում ապակառուցողական դիրքորոշումն Ադրբեջանն է ունեցել։ Եվ սուտ է, երբ Հայաստանին մեղադրում են, ասում են՝ մաքսիմալիստական է եղել, այդ պատճառով հարցը չի լուծվել։ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը միշտ եղել է այն, որ Հայաստանը պատրաստ է ԼՂԻՄ շրջակա տարածքները տալ՝ կարգավիճակի դիմաց։ Եվ դա մշտապես գնահատվել է որպես անվտանգության գոտի։ Այլ հարց, որ Ադրբեջանը չի համաձայնել որեւէ կարգավիճակի կամ լուծման։ Եվ իրենց դիրքորոշումը միանշանակ է եղել՝ եթե անգամ պատրաստ են ինքնորոշման իրավունք տալ, ապա ինքնորոշում միմիայն Ադրբեջանի սահմանների մեջ, այսինքն՝ Բաքվի ենթակայության տակ։ Այդ դեպքում ի՞նչ ինքնորոշում, դա նշանակում է, որ պետք է լիներ ինքնավարության ձեւ։ Իսկ մենք գիտենք, որ Ադրբեջանի հետ թղթի վրա ինքնավարություն ունենալն ուրիշ է, իրականում ունենալը լրիվ այլ բան է»,- ասաց Արա Պապյանը։

 

 

Շուրջ 300 արցախցի ՏՏ ոլորտում սովորելու հնարավորություն կունենա

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող հայաստանյան կազմակերպությունները տեխնոլոգիական կրթության տրամադրող Armenian Code Academy (ACA) կենտրոնի նախաձեռնությամբ «Tech for Artsakh» նախաձեռնության շրջանակում մեկնարկում են դասընթացներ ԼՂ-ից  բռնի տեղահանված մի խումբ երիտասարդների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դասընթացները տևելու են 3-4 ամիս, յուրաքանչյուրի համար անհատական կրթաթոշակ է սահմանվելու: Ծրագիրը մեկնարկելուն պես շուրջ 300 արցախցի երիտասարդներ հնարավորություն կունենան սկսել իրենց կրթական ուղին տեխնոլոգիական ոլորտում:

Armenian Code Academy ընկերության մարզային զարգացման գծով տնօրեն Լևոն Թադևոսյան նշեց, որ մտահղացումը եղել է դեռ հոկտեմբերի սկզբին և այդ ժամանակ նախատեսվել էր 50 կրթաթոշակ տրամադրել: Սակայն միայն 3 օրում ավելի քան 150 դիմում-հայտ են ստացել և որոշել դիմել գործընկերների օգնությանը:

«ACA-ն դեռևս հոկտեմբերի սկզբին, կարևորելով բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթությունը, տրամադրել էր 50 կրթաթոշակ՝ անվճար սովորելու տեխնոլոգիական ոլորտի ամենապահանջված մասնագիտությունները, դրանով իսկ կոչ անելով տեխնոլոգիական ոլորտի կազմակերպություններին միանալու շարժմանը և համալրել կրթաթոշակային ֆոնդը։  Բոլոր ընկերությունները, որոնք միացել են մեզ, առաջարկում են մի շարք մասնագիտություններ, ինչպիսիք են՝ ծրագրավորման լեզուներ, դիզայն և այլն»,- նշեց Թադևոսյանը:

Նախաձեռնությանը միացել է ավելի քան 10 ընկերություն, սակայն մի քանիսի հետ էլ դեռ քննարկումներ են ընթանում: Դասընթացներին մասնակցելու համար դիմողները պետք է թեստ լրացնեն, ինչից հետո էլ ավելի պարզ կդառնա՝ որ մասնագիտությունն ավելի հարմար կլինի: Թադևոսյանը պատմեց՝ նման նախաձեռնությունը առաջին անգամը չէ՝ մարզերի երիտասարդների համար դեռևս 2022 թվականից դասընթացներ են կազմակերպել՝ տրամադրելով 150 կրթաթոշակ:

«Երբ հումանիտար որևէ ճգնաժամ է լինում, պետությունն ունի իր գործառույթները, իսկ անհատ ձեռնարկությունները պետք է աջակից լինեն իրենց ոլորտներում, լրացնեն բացերը: Քանի որ մենք տեխնոլոգիական կրթություն տրամադրող լավագույն ընկերություններից մեկն ենք, որոշեցինք մեր ուժերի չափով աջակից լինել ստեղծված իրավիճակը կայունացնելու գործում: Պետք է օգնենք, որ մեր հայրենակիցներն այստեղ մնան, զարգանան, աշխատեն: Մենք նպատակ ունենք տեխնոլոգիական կրթությունը հասանելի դարձնել բռնի տեղահանված մեր հայրենակիցներին»,- եզրափակեց նա:

Armenian Code Academy-ի հիմնադիր Նարեկ Ասլիկյանը վստահեցրեց՝ դասընթացից հետո կազմակերպությունները փորձելու են ամեն կերպ աջակցել մասնակիցներին, որպեսզի վերջիններս հնարավորինս հեշտ կարողանան աշխատանք գտնել:

Armenian Code Academy (ACA)-ն տեխնոլոգիական կրթության կենտրոն է, որի նպատակն է ՏՏ ոլորտում ամենապահանջված մասնագիտություններով կրթել և վերապատրաստել ապագա և ներկայիս տեխնոլոգիական ոլորտի մասնագետների՝ լրացնելով աշխատաշուկայում առկա բացը:

Ունենալով շուրջ 10,000 շրջանավարտներ Երևանից և մարզերից, ACA-ը Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման ակտիվ և նվիրված ջատագովներից է: