Ինչի՞ց սկսեց հացի աժիոտաժը․ երեկվանից հանգիստ է

Հանրապետությունում ալյուրի բավական պաշարներ կան բնակչությանը հացով ապահովելու համար։ Իսկ Ստեփանակերտի խանութներում վերջին մի քանի օրվա ընթացքում հացի պակասը պայմանավորված է մի քանի պատճառներով ու հանգամանքներով։ Շրջափակման հետևանքով առաջացած վառելիքի պակասը ստիպել է հացթուխներին հացը խանութներ հասցնել օրը մեկ, այլ ոչ թե նախկինի պես 3 անգամ։ Ոմանք օգտվեցին ստեղծված իրավիճակից՝ ապատեղեկատվություններ տարածելով, մարդկանց մեջ խուճապ սերմանելու և դիվիդենտներ հավաքելու համար։ Դե, սոցցանցերի օգտատերերն էլ կրակի վրա յուղ լցրին՝ չճշտված տեղեկություններ կամ մեկնաբանություններ տարածելով։

Դա հացի արտադրամասերում հերթեր է առաջացրել, մարդիկ սկսել են մեծ քանակությամբ հաց գնել։ Հուլիսի 1-ից հանդարտվել է արձագանքը, եթե խանութներին հաց դեռ չի հասցվել, հացի փռերըի մոտ լարվածություն չկա, Step1-ին հայտնեց Արցախի կառավարության աշխատակիցը։

Նա հիշեցրել է, որ տոտալ շրջափակման սկզբից՝ հունիսի 15-ից, Ադրբեջանը խոչընդոտում է մարդասիրական փոխադրումները Արցախի և Հայաստանի միջև։ Խնայելու նպատակով Արցախի կառավարությունը որոշել է փուռերին  ալյուր տրամադրել երեք օրը մեկ՝ ըստ նրանց հայտերի և արտադրության ծավալների։

Ստեփանակերտի Կամոյի փողոցի փուռերից մեկի աշխատակցուհին նկատել է, որ իր համար անակնկալ է եղել, երբ մի առավոտ հացի խանութի մոտ հերթ է գոյացել։ «Աշխատում էինք սովորականի պես, առավոտը մարդիկ գալիս էին  նախաճաշի համար թարմ հաց գնելու, ու այդ օրը կարծես բոլորը պայմանավորվել էին ու ավելի շատ հաց էին պահանջում։ Մինչ մենք հասկացանք, թե ինչ է կատարվում, ամբողջ հացը թռցրին։ Ես բացատրություն չունեմ, թե որտեղից է առաջացել այս խուճապը։ Գուցե պաշարված մարդկանց հոգեբանություն է։ Թող կոմպետենտ մարդիկ բացատրեն»,- կիսվեց հացի փուռի աշխատակիցը՝ հավելելով, որ «երեկվանից մարդիկ հանգստացել են՝ իրենց սովորականի նման են պահում»։

Step1

Արցախում սահմանափակումներ կլինեն

ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր ԱՀ կառավարության մի շարք պատասխանատուների հետ քննարկվել է Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը և մեր առաջիկա անելիքները: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Քննարկման արդյունքում ընդունվել են հետևյալ որոշումները.

  1. Հաջորդ շաբաթվա ընթացքում Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում կսահմանվեն մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին շաքարավազ և ձեթ իրացնելու կետեր և կկազմակերպվի իրացում, իսկ գյուղական համայնքներին կփոխանցվի տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով.
  2. Հաջորդ շաբաթվանից սահմանափակումներ են մտցվելու հանրային սննդի օբյեկտների գործունեության մեջ.
  3. Միջոցներ են ձեռարկվելու հասարակական տրանսպորտը բեռնաթափելու ուղղությամբ՝ պետական համակարգում աշխատողներին հնարավորություն ընձեռելով աշխատանքն իրականացնել տնից՝ հեռավար կարգով.Հիշեցման կարգով նշենք, որ սոցիալական որոշ խմբերի ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը աջակցության կարգով արդեն տրամադրել է տարբեր տեսակի սննդամթեր»:

Արցախի ժողովրդի համբերությունն անսպառ չէ. Գուրգեն Ներսիսյան

Ընթացիկ տարում Արցախցիները ոչ միայն ստիպված են դիմակայել շրջափակմանը, այլև պարբերաբար բախվում են վնասաբեր բնական աղետների հետ: Իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

« Արցախի մի շարք համայնքներ արդեն մի քանի անգամ կարկտահարվել են, իսկ երեկ տեղացած կարկուտն ու սելավը նորից մեծ վնասներ է պատճառել Ասկերանի ու Մարտակերտի շրջանի մի շարք համայնքների, վնասվել են ցանքատարածություններ, մարդկանց բնակելի տներ:

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության և քաղաքաշինության նախարարությունների մասնագետները արդեն սկսել են վնասի հաշվարկման և հնարավորության սահմաններում՝ պատճառված վնասները վերականգնելու աշխատանքները:

Ամբողջությամբ վնասվել է Մարտակերտի շրջանի Գառնաքար համայնքի կամուրջը, սակայն այլընտրանքային՝ սահմանափակ հնարավորություն ենթադրող լուծումն արդեն գտնվել է, հիշյալ համայնք է ուղարկվել անհրաժեշտ քանակի ալյուր, շուտով կուղարկվի նաև դեղորայք:

Ավելի քան 200 օր է Արցախի Հանրապետությունը անասելի պայքարի մեջ է, Արցախի ժողովուրդը բացահայտորեն, բազմաթիվ դիտորդների աչքի առաջ ենթարկվում է զրկանքների ու տառապանքների, արցախցուն փորձ է արվում հարկադրանքի միջոցով ստիպել հրաժարվել իր ինքնությունից, ուրանալ իր ծննդավայրը, լեզուն, հավատքը, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ բոլոր քայլերն անցնում են ապարդյուն:

Բայց այս ամենը պետք է ավարտ ունենա, Արցախի ժողովրդի համբերությունն անսպառ չէ»,- գրել է Գուրգեն Ներսիսյանը:

Օմբուդսմենը տվեց սպառիչ բացատրություններ․ Բաքվում չեն հանգստանում սպանություններից հետո

Հունիսի 28-ին Արցախում զոհված բերձորցի Երվանդ Հովհաննեսի Թադեվոսյանի հոգեհանգիստը կկայանա 2023թ․ հուլիսի 1-ին, ժամը 17-ից ՀՀ Արարատի մարզի Վերին Դվին գյուղում՝ Երիտասարդական 14 հասցեում։ Այս մասին հայտնումեն Քաշաթաղի շրջանի ֆեյսբուքյան էջում: Հուղարկավորությունը՝ 02․ 07․ 2023թ․ Եռաբլուր զինվորական պանթեոնում, ժամը 12-ին։

Մահմեդականների տոնի մեկնարկի օրը կատարված հարձակումից հետո Բաքուն սկսեց խոսել որոշ «պատժիչ գործողությունների» մասին։

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Ադրբեջանական պնդումների կեղծ լինելն ապացուցող փաստաթղթեր է հրապարակել: Գեղամ Ստեփանյանը գրել է.

«2023 թ․ հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված հերթական ագրեսիայի հետևանքով զոհված չորս զինծառայողներից երկուսի՝ Սամվել Թորոսյանի և Երվանդ Թադևոսյանի մարմինները ՀՀ տեղափոխելու և Եռաբլուրում հուղարկավորելու՝ նրանց ծնողների խնդրանքն ու ԿԽՄԿ֊ի կողմից տեղափոխման հանգամանքն ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից օգտագործվում են՝ պնդելու, որ Արցախում գտնվում են ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներ։

Ադրբեջանն այս պնդմամբ անթաքույց տեղեկատվական հող է նախապատրաստում Արցախի դեմ նոր հարձակումներ նախաձեռնելու համար, ինչի մասին արդեն իսկ խոսվում է ադրբեջանական լրատվական դաշտում։

Ադրբեջանի այս պնդումը կեղծ է և որևէ աղերս չունի իրականության հետ, որն ապացուցելու համար, զոհված զինծառայողների հարազատների թույլտվությամբ, հրապարակում ենք Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կողմից հավաքագրված փաստերը։

Սամվել Տիգրանի Թորոսյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում 2003 թվականի դեկտեմբերի 16-ին (Նկար 1` Սամվել Թորոսյանի ծննդյան վկայականը)։

Հաճախել է Ստեփանակերտի համար 7 հիմնական դպրոցը։ Այնուհետև կրթությունը շարունակել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրում (քոլեջ)՝ քաղաքաշինական կադաստր որակավորմամբ։

Նա բարձրագույն կրթություն էր ստանում Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի տնտեսագիտության և իրավագիտության ֆակուլտետում՝ տեղեկատվական համակարգեր մասնագիտությամբ ։

Սամվել Թորոսյանն Արցախի Հանրապետության քաղաքացի էր, հաշվառված էր Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում։

Զորակոչվել է Ստեփանակերտի զինվորական կոմիսարիատից։ Ընտանիքը և հարազատները մշտապես բնակվում են Ստեփանակերտում։

Երվանդ Հովհաննեսի Թադևոսյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում 2003 թվականի մայիսի 27֊ին (Նկար 5` Երվանդ Թադևոսյանի ծննդյան վկայականը)։

Հաճախել է Բերձորի Վ․Զատիկյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Հիմնական կրթությունն ավարտել է 2018 թվականին։

Երվանդ Թադևոսյանն Արցախի Հանրապետության քաղաքացի էր, հաշվառված էր Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքում։

Զորակոչվել է Քաշաթաղի զինվորական կոմիսարիատից։ 2020 թ֊ի պատերազմից հետո Երվանդ Թադևոսյանի ընտանիքը՝ որպես բռնի տեղահանված ընտանիք, ապաստան է գտել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում՝ շարունակելով պահպանել Արցախի Հանրապետության քաղաքացիությունը»:

Գեղամ Ստեփանյանը, կանխելու համար ներկայացվող փաստաթղթերի շուրջ հնարավոր շահարկումները,  հիշեցնում է, որ Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերը տրվում են Հայաստանի Հանրապետության կողմից՝ հաշվառման հասցեի տարբերությամբ: Դա վաղուց հայտնի մոտեցում է, որը կիրառվում է Արցախի չճանաչվածության պատճառով, որպեսզի Արցախի բնակիչները կարողանան ճամփորդել և իրացնել իրենց իրավունքները նաև այլ երկրներում:

«Այդ մոտեցումը կիրառվում է աշխարհի գրեթե բոլոր չճանաչված պետությունների քաղաքացիների համար՝ հաշվի առնելով միջազգային իրավունքի ու հարաբերությունների բացթողումները մարդու իրավունքների պաշտպանության հարցում»,- ասված է Արցախի ՄԻՊ-ի գրառման մեջ:

Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ Սամվել Թորոսյանին ու Երվանդ Թադևոսյանին Հայաստանի Հանրապետության «Եռաբլուր» զինվորական հուշահամալիր-պանթեոնում հուղարկավորելու որոշումը կայացրել են նրանց ծնողները՝ իրենց իրավունքների շրջանակներում:

«Հարկ է հիշեցնել, որ սա նոր մոտեցում չէ, և նախընթաց տարիներին Արցախի Հանրապետության բազմաթիվ զոհված քաղաքացիներ նույնպես հուղարկավորվել են Եռաբլուրում՝ հաշվի առնելով այդ պանթեոնի համազգային նշանակությունը:

Ինչ վերաբերում է Արցախի Պաշտպանության բանակի շարքերում իբր ՀՀ քաղաքացիների (բնակիչների) զինծառայության վերաբերյալ ադրբեջանական կեղծ պնդումներին, ապա Մարդու իրավունքների պաշտպանի շարունակական փաստահավաք ջանքերը վկայում են, որ 2021թ. ի վեր Արցախում զինծառայություն են իրականացնում միայն Արցախի Հանրապետության քաղաքացիներն ու բնակիչները: Ուստի, միջազգային հանրության պատասխանատու դերակատարների ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական կողմը, խրախուսված շրջափակման ու ռազմական ագրեսիաների անպատժելիությամբ, նոր պատրվակներ է փնտրում Արցախի ժողովրդի հանդեպ հերթական հանցավոր գործողությունների իրականացման համար»,- գրառումը եզրափակել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը:

«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը նշել է, որ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր հատուկ գործողության մասին` պատճառաբանելով, թե իբր հունիսի 28-ին Լեռնային Ղարաբաղում զոհված 4 զինծառայողները Հայաստանի պաշտպանության նախարարության զինծառայողներ են։

«Ադրբեջանական կողմի  մեղադրանքներն ամբողջությամբ սուտ են, ԼՂ-ում հայաստանցի զինծառայողներ չկան, սպանված զինծառայողները եղել են Լեռնային Ղարաբաղից: Հայաստանը բազմիցս առաջարկել է միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ ապացուցելու Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների ներկայությունը կամ բացակայությունը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը»,-նշել է Մարուքյանը:

Հատուկ հանձնարարություններով դեսպանն ընդգծել է, որ  Ադրբեջանի կողմից նոր սադրանքի նախաձեռնումը հերթական անգամ կխախտի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ ըստ որի ռուս խաղաղապահները պետք է ապահովեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։

«Միջազգային հանրությունը պետք է հետևի ադրբեջանական կողմի գործողություններին՝ կանխելու հերթական սադրանքն ու Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը»,-շեշտել է Մարուքյանը:

Ստիպված էին անդամահատել տղայի ոտքը, սակայն հաղթահարելը՝ ուժեղերի գործն է

Գեղամն ապրում է Ստեփանակերտում։ Ինչպես շատ ուրիշներ, նա էլ ապրել ու աշխատել է՝ ,եծ ծրագրեր կազմելով և երազելով պայծառ, անամպ ապագայի մասին։ Բայց 44-օրյա արյունալի պատերազմը չանցավ նրա կողքով՝ թողնելով անջնջելի հետք։

Պատերազմի սկզբում նա 20 տարեկան էր, երկու ամիս էլ չէր անցել բանակում զինվորական ծառայության ավարտից, երբ նորից պետք է վերադառնար ծառայության, բայց արդեն առաջնագծում։ Պատերազմի առաջին իսկ օրերից նա ակտիվորեն մասնակցել է մարտական ​​գործողություններին եւ վիրավորվել Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղում՝ անօդաչու թռչող սարքի հարվածի հետեւանքով։ Ստիպված էին անդամահատել տղայի ոտքը, որից հետո բուժման և վերականգնողական երկար, տքնաջան ճանապարհ անցավ։

Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի մասնագետներն ամեն ինչ արել են Գեղամին լիարժեք կյանքի վերադարձնելու համար, եւ դա նրանց հաջողվել է։ Գեղամն այժմ հասարակության լիարժեք անդամ է և արժանի կերպով հաղթահարում է բոլոր խոչընդոտները։ Նա աշխատում է Ստեփանակերտի ռեստորաններից մեկում որպես ադմինիստրատոր, վարում է ակտիվ կենսակերպ և բոլորի հետ միասին հաղթահարում է շրջափակված Արցախի բոլոր դժվարությունները։

Արսեն Աղաջանյան

Ստալինի կամայականությո՞ւնն եք ուզում պաշտպանել ու հաստատել 100 տարի անց

102 տարի առաջ, այս օրերին հայության դեմ իրականացվող ռուս-թուրքական – ադրբեջանական ռազմաքաղաքական զավթողական գործողությունների արդյունքում ,,ղարաբաղյան թնջուկը,, դարձավ ազգամիջյան արյունալի բախումների պատճառ, որը շարունակվում է մինչ օրս։

Ցարական կայսրության  անկումից հետո, Կովկասում ստեղծված ազգային պետությունների կազմավորման փուլում,  1918-20 թվականներին Լեռնային Ղարաբաղը դարձավ կռվախնձոր Հայաստանի Հանրապետության և նորաստեղծ Ադրբեջանի Հանրապետության միջև, որն ընթանում էր արյունալի բախումներով, ավերածություններով։ Լեռնային Ղարաբաղի հայերի ազատ ինքնորոշման ձգտումը և Հայաստանի Հանրապետությանը  վերամիավորվելու նրանց կամքը բազմիցս դրսևորվեց անձնազոհ ազգային-ազատագրական պայքարում և իրավաբանորեն ձևակերպվեց նրա ներկայացուցչական մարմինների որոշումներում: Սակայն Ադրբեջանը, օգտվելով Հայաստանի կառավարության հանդեպ խորհրդային Ռուսաստանի անբարեհաճ վերաբերմունքից, ամեն կերպ ջանում էր ավարտին հասցնել Արցախի, Զանգեզուրի և Նախիջևանի վերջնական նվաճումը։

Ադրբեջանի այս նկրտումները Ղարաբաղի նկատմամբ իրենց ճանաչումը չգտան միջազգային մակարդակում։ 1920 թվականի դեկտեմբերի 1-ին Ազգերի լիգայի 5-րդ կոմիտեն իր 3-րդ ենթակոմիտեի զեկույցի վրա հիմնվելով, միաձայն որոշեց մերժել Ադրբեջանի Հանրապետության դիմումը՝ Ազգերի լիգային անդամակցելու, հիմնավորելով, թե Ադրբեջանը չունի հստակ սահմանված պետական սահմաններ։

Ազգերի Լիգան նաև որոշեց, մինչև հայ–ադրբեջանական հակամարտության վերջնական  կարգավորումը Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես վիճելի տարածք, որին իրենց համաձայնությունը տվեցին Ռուսաստանն ու Ադրբեջանը։

Մինչ այդ, 1920 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանը խորհրդային հռչակվելուց հաջորդ օրն իսկ, Ադրբեջանի հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովը և արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Միրզա Հուսեյնովը հայտարարեցին Հայաստանի հետ տարածքային վեճերը դադարեցնելու և Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը Խորհրդային Հայաստանի բաղկացուցիչ մաս ճանաչելու հռչակագրի մասին։

Սույն հռչակագիրը կարող է սկզբունքորեն կարևոր կետ լինել այսօր  ղարաբաղյան հարցի զարգացման մեջ:  Փաստորեն երկու խորհրդային  երկրների միջև  համաձայնություն է կայացել համապատասխան հռչակագրերի տեսքով: Միջազգային-իրավական տեսակետից տեղի է ունեցել կամավոր ցեսիա՝ մի պետության (տվյալ դեպքում՝ Ադրբեջան) կողմից վիճելի տարածքի նկատմամբ հավակնություններից հրաժարում՝ հօգուտ մյուս պետության (տվյալ դեպքում՝ Հայաստան): Դա նշանակում էր, որ վիճելի տարածքներն այսուհետ իրավաբանորեն մտնում են հայկական պետության տարածքի մեջ, իսկ բուն տարածքային վեճը սպառված է։ Ինչին այսօր ձգտում է Ադրբեջանը, ամեն կերպ փորձելով ստիպել Հայաստանին իրավական ու միջազգային տեսանկյունից հրաժարվել Արցախից։

Սույն հռչակագիրը հաստատեց նաև 1921 թ. հունիսի 3-ին ՌԿ(բ)Կ Կովբյուրոն, որը  Նարիմանովի իսկ  մասնակցությամբ միաձայն որոշեց.  «Հայկական կառավարության հռչակագրում նշել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին»: Համաձայն այս որոշման՝ Խորհրդային Հայաստանի կառավարությունը 1921 թ. հունիսի 12-ին ընդունեց դեկրետ, որում վերջնականապես ձևակերպվում էր այդ տարածքների իրավաբանական պատկանելությունը Խորհրդային Հայաստանին:

Դեկրետի տեքստը հրապարակվեց նաև Բաքվում («Бакинский рабочий», 1921 թ. հունիսի 22)։

Հայաստանի տարածքային կազմը՝ ներառյալ Ղարաբաղը հաստատվեց նաև Ազգերի լիգայի մի շարք պաշտոնական և ծառայողական փաստաթղթերում: Սակայն Ադրբեջանի ղեկավարությունը, չնայած այս իրողություններին շարունակեց Ղարաբաղի պատկանելիության թեմայի քննարկումները։  Ազգությունների գործերով ժողովրդական կոմիսար Իոսիֆ Ստալինի աջակցությամբ, որպես Անդրկովկասի հանրապետությունների ներքին սահմանների որոշման հարց այն կրկին անգամ օրակարգ բերվեց 1921 թ. հուլիսի 4-ին տեղի  ունեցած ՌԿ(բ)Կ ԿԿ Կովբյուրոյի նիստում, որը սակայն կրկին որոշեց «Լեռնային Ղարաբաղը ներառել Հայաստանի ԽՍՀ կազմում, հանրաքվե անցկացնել միայն Լեռնային Ղարաբաղում»: Սակայն Նարիման Նարիմանովի պնդմամբ ՌԿ(բ)Կ ԿԿ Կովբյուրոն համաձայնում է Ղարաբաղի հարցը վերջնական որոշման համար տեղափոխել ՌԿ(բ)Կ ԿԿ:

Բայց Ղարաբաղի հարցը չփոխանցվեց ՌԿ(բ)Կ ԿԿ դիտարկմանը: 1921 թ. հուլիսի 5-ին տեղի ունեցավ ՌԿ(բ)Կ ԿԿ Կովբյուրոյի պլենումի ևս մեկ նիստ, որին որպես ՌԿ(բ)Կ ԿԿ անդամ մասնակցում էր Իոսիֆ Ստալինը: ՌԿ(բ)Կ ԿԿ Կովբյուրոն չեղյալ է համարում նախորդ որոշումները և կայացնում հետևյալ որոշումը. «Ելնելով մահմեդականների ու հայերի միջև ազգային խաղաղության անհրաժեշտությունից և վերին ու ստորին Ղարաբաղի տնտեսական կապից, Ադրբեջանի հետ նրա մշտական կապից` Լեռնային Ղարաբաղը թողնել ԱԽՍՀ կազմում՝ տրամադրելով նրան լայն մարզային ինքնավարություն՝ Շուշի վարչական կենտրոնով, որը մտնում է ինքնավար մարզի կազմի մեջ”։

Ստալինյան այս որոշումը ոչ թե իրավական ակտ էր,  այլ ուղղակի մեծապետական շահախնդրությունից բխող գործարք։ Եվ որերորդ անգամ հայության շահերն ու պատմական արդարությունը ստորադասվեցին ռուս–թուրքական տանդեմին։

1923 թ. հուլիսի 7-ին, Ադրբեջանական Խ.Ս.Հ. Կենտրոնական Գործադիր Հեղափոխական Կոմիտեի որոշմամբ կազմաւորուեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը՝ Ադրբեջանական Խ.Ս.Հ. կազմում։ Աւելին, ամեն ինչ արվեց, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն ընդհանուր սահման չունենա Հայաստանի հետ։

Փաստորեն, երբ 1918-20 թվականներին կազմավորվում էր Ադրբեջանի Հանրապետությունը, նրա գերիշխանությունը չէր տարածվում ոչ Լեռնային Ղարաբաղի և ոչ Նախիջևանի վրա։ Անդրկովկասում խորհրդային կարգերի հաստատումից հետո միայն սկսվեց քաղաքական նոր քարտեզի սահմանագծումը։ Բռնակցումը կատարվել էր Խորհրդային Ռուսաստանի սահմանադրական հոդվածներով, որոնք 1991 թվականից հետո կորցրեցին իրենց իրավական հիմքը, երբ Ադրբեջանը հրաժարվեց ճանաչել խորհրդային կարգերը եւ դուրս եկավ Խորհրդային Միությունից, երբ դեռ չէր կայացել վերջինիս պաշտոնական լուծարումը։

Step1

Շրջափակումն Աննային չի խանգարում

Թողնելով Երևանի հարմարավետ կյանքը, ծննդով Շուշեցի Աննան որոշեց տեղափոխվել Արցախ և իր ներդրումը ունենալ Արցախի զարգացման մեջ։

Աննան 24 տարեկան է, մասնագիտությամբ ծրագրավորող, ունի 2 տարվա «mobile developer»-ի փորձ։ Աննան առցանց աշխատում է Իսպանական BeNext կազմակերպությունում, որը հիմնականում տալիս է առցանց աշխատելու հնարավորություններ։

«Աշխատանքը կայանում է նրանում, որ ստանում ենք առաջադրանք, թիմով միանում, և աշխատանքը անում ենք հենց հաճախորդի հետ։ Ներկայում զբաղված եմ ուղևորափոխադրումներ իրականացնող ամերիկյան կազմակերպության կայքի ստեղծման վրա»,- ասում է Աննան։

Աննայի առաջին աշխատանքը ծրագրավորման ոլորտում offline էր, որտեղ նա աշխատել էր մոտ 1.5 տարի, բայց դուրս էր եկել աշխատանքից հենց Արցախ տեղափոխվելու պատճառով։

«Արցախում առցանց աշխատելու միակ դժվարությունը՝ լույսերի անջատումներն են, սակայն ունենալով 4G և «notebook», այդ ամենին շատ չես ուշադրություն դարձնում, մենակ շատ հնարավոր է, որ ինչ-որ կարևոր զանգի ժամանակ ամբողջ քաղաքի համացանցը անջատվի, և չկարողանաս էլ միանալ զանգին»,- ասում է Աննան։

Freelance տարբերակով աշխատանքի դրական կողմերից մեկն էլ հենց այն է, որ կարևոր է կատարած աշխատանքի որակը, ոչ թե աշխատանքի կամ համակարգչի դիմաց նստելու ժամերը։

Առաջինը, ինչ արել էր Աննան Արցախ տեղափոխվելուց հետո, դա տեղի IT շուկան ուսումնասիրելն էր, ինչը նրան հիասթափեցրեց։

«Կարող է շատ վատ հնչել, բայց տեսնելով առաջընթացը և այն տեմպը, որով զարգանում է IT ոլորտը Երևանում, մենք դեռ աճելու տեղ շատ-շատ ունենք․ համ զարգացման տեմպն է դանդաղ, համ շատ ենք հետ մնացել»,- ասում է Աննան։

Step1

Ադրբեջանի, Նախիջևանի և Արցախի հայ փախստականները և բռնի տեղահանվածները կոչ-ահազանգ են տարածել

Արցախի շրջափակման 200-րդ օրվա կապակցությամբ Ադրբեջանական ԽՍՀ-ից, Նախիջևանից և Արցախի Հանրապետությունից հայ փախստականները և բռնի տեղահանվածները կոչ-ահազանգ են տարածել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փախստականների և բռնի տեղահանվածների հայտարարության մեջ նշված է, որ հունիսի 30-ին լրանում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման, 120 հազար արցախցիների պատանդառման, առանց տարրական կենսապայմանների և էթնիկ զտման սպառնալիքի ներքո նրանց գոյատևման 200-րդ օրը:

«Ադրբեջանը ոչ միայն արհամարհում է Արցախի ապաշրջափակման վերաբերյալ միջազգային կառույցների կոչերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կողմից ս.թ. փետրվարի 22-ի իրավաբանորեն պարտավորեցնող որոշումը, համաձայն որի Ադրբեջանը պետք է վերականգնի Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը, այլև շարունակում է Արցախի խաղաղ բնակչության ահաբեկման պրակտիկան. ասվածի վառ օրինակն է երկու օր առաջ Արցախի Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ հրետանային կրակ բացելու հետևանքով հայկական կողմի 4 զոհը:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանը կոպտորեն խախտում է նաև իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետը, որի համաձայն՝ տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Արցախի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի վերահսկողության ներքո:

Ինչպես տասնամյակներ առաջ, այնպես էլ հիմա, Ադրբեջանն ուժի սպառնալիքով և կիրառմամբ շարունակում է հայաթափման հետևողական քաղաքականությունը: 1987-1992թթ. Ադրբեջանական ԽՍՀ-ում, ապա Ադրբեջանի Հանրապետության կողմից հայության դեմ կատարված ոճրագործությունների, ցեղասպան գործողությունների, պետականորեն խրախուսվող ջարդերի պատճառով նաև հարյուր հազարավոր հայեր ունեզրկվեցին, դարձան փախստական: Այդ քաղաքականության հետևանքով երբեմնի հայաբնակ, սակայն հայաթափված Նախիջևանում միտումնավոր և հանցավոր կերպով ոչնչացվեց հայկական մշակութային ժառանգությունը: Նախիջևանի օրինակով այժմ սպառնում է նաև Արցախին:

Ադրբեջանը, օգտվելով միջազգային հանրության կողմից հայության դեմ իրականացրած իր ոճրագործությունների չդատապարտման հանգամանքից և իրավական քննության բացակայության փաստից, ավելի մեծ թափով է լծվել հայատյաց, հայահալած քաղաքականության իրականացմանը: Ներկայումս իրավիճակը ծայրահեղ ծանր է»,- ասված է հայտարարության մեջ։

Ելնելով վերոգրյալից՝ միջազգային հանրությունից, միջազգային կազմակերպություններից և գործընկեր պետություններից փախստականները և բռնի տեղահանվածները պահանջում են.

Մշակել և ձեռնարկել գործուն քայլեր՝ ստիպելու Ադրբեջանին ապաշրջափակել Արցախն ու դադարեցնել հումանիտար աղետը և իրագործել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացրած որոշումը,

Աջակցել բոլոր հայ փախստականների ու բռնի տեղահանվածների արժանապատիվ և ապահով ինքնակամ վերադարձի իրավունքի իրացմանը, մշակել վերադարձի և այնտեղ նրանց ֆիզիկական, քաղաքական և քաղաքացիական, այդ թվում նրանց ինքնության անվտանգությունը բոլոր երաշխիքներով ապահովելու մեխանիզմներ,

Ապահովել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջանների հայկական մշակութային ժառանգության կոթողների անվտանգ և անվնաս գոյությունը,

Ստեղծել անհրաժեշտ պայմաններ՝ փախստականների և նրանց ժառանգների համար կորցրած ունեցվածքի դիմաց Ադրբեջանի կողմից փոխհատուցում տրամադրելու համար և պարտադրել Ադրբեջանին կատարել իր այդ պարտավորությունը,

Քաղաքական գործընթացներին զուգահեռ նախանձախնդրորեն հետամուտ լինել մարդասիրական խնդիրների արագ և անխոչընդոտ կարգավորմանը։

ԵՄ պաշտոնյաները պետք է գիտակցեն, թե ինչ սպառնալիք է ներկայացնում բռնապետական Ադրբեջանին աջակցելը․ Բեգլարյան

Եվրամիության պաշտոնյաները պետք է գիտակցեն, թե ինչ սպառնալիք է ներկայացնում բռնապետական Ադրբեջանին աջակցելը, «Թվիթեր»-ի իր էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով ԵՄ-ում Բաքվի դեսպան Վագիֆ Սադիկովի կողմից Եվրախորհրդարանի անդամներին ուղղված ակնհայտ սպառնալիքին։

«Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովի կողմից Եվրախորհրդարանի անդամներին ակնհայտ սպառնալիքը միայն սկիզբն է։ Նրան անցանկալի անձ հայտարարելը տվյալ դեպքում նվազագույնն է, ինչ կարելի է անել»,- գրել է նա։

Ճանկաթաղն այսօր․ կրակում են ժամանակ առ ժամանակ, հունիսի վերջին օրերին առավել ակտիվ

Վերջին օրերին ադրբեջանական կողմը սկսել է ավելի ինտենսիվ կերպով խախտել հրադադարի ռեժիմը խաղաղ բնակչության ուղղությամբ։ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղն այն սահմանամերձ գյուղերից է, որը օրերս գնդակոծվել է ադրբեջանական դիրքերից, ինչի հետեւանքով տուժել են բնակելի շենքեր։

Համայնքը գտնվում է գյուղի մետի բարձունքների մի քանի մարտական ​​դիրքերի անմիջական տեսադաշտում։

«Պարբերաբար կրակում են։ Հատկապես հաճախակի են եղել կրակոցները հունիսի վերջին օրերին։ Չեմ կարող ասել, որ չենք վախենում, ինչպես բոլոր նորմալ մարդիկ, մենք, իհարկե, վախենում ենք երեխաների համար։ Բայց միևնույն ժամանակ չենք ուզում լքել գյուղը։ Շարունակում ենք ապրել, աշխատել, սովորել։ Շրջափակման պատճառով շատ խնդիրներ ունենք, բայց մեզ համար առաջին տեղում անվտանգության խնդիրն է, ու միակ ցանկությունն է, որ այս խնդիրը լուծվի»,- ասաց գյուղի ակումբի վարիչ Նատալյա Շաքարյանը։

Նա ասաց, որ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ճանկաթաղ գյուղն ամբողջությամբ ավերվել է։ Նրա ամուսինը զոհվել է, և նա ստիպված է եղել խնամել երեխաներին և վերակառուցել տունը միայնակ։ Նատալիայի խոսքով՝ ինքը երբեք չի պատկերացրել, որ գյուղը կարող է նման իրավիճակում հայտնվել՝ շրջապատված լինել թշնամու կողմից։ Հիմա սարսափելի է թոռներին բակ թողնելը:

Շաքարյանն ասաց, որ գյուղում կա եկեղեցի, դպրոց, ակումբ, վարչական շենք, բուժկետ, մանրածախ առևտրի կետեր։ Շրջափակման պատճառով խնդիրներ կան սննդի, վառելիքի, դեղորայքի հետ կապված։

Գյուղում ապրում է մոտ 400 մարդ։ Նրանք հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ, աշխատողներ կան նաև Մարտակերտի շրջանի հանքերում։

Երեւանում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, բացի ԱԽ անդամներից, նիստին մասնակցել են Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը:

Նշվում է, որ քննարկվել են օրակարգային տարբեր հարցեր:

Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբի ներկայացուցիչները կհանդիպեն խաղաղապահների հետ

Հունիսի 29-ի երեկոյան Ստեփանակերտում Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբի նախաձեռնող խումբը ստացել է համախոհների հավանությունը Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ փակ հանդիպման համար։

Նախաձեռնող խմբի անդամները հայտնել են, որ այն բանից հետո, երբ հունիսի 26-ին Արցախի խորհրդարանը մերժել է նամակում նշված պահանջների կատարումը, Շարժումը դիմել է խաղաղապահներին՝ համաձայնություն ստանալով հանդիպման համար, բայց պայմանով, որ հանդիպումը կլինի փակ։ «Արցախի ապաշրջափակումը միակ բանն է, որը բոլորիս պետք է անհանգստացնի, և բոլոր ուժերը պետք է ուղղվեն դրան։ Հանդիպումը գեներալ Լենցովի հետ անհրաժեշտ է։ Մենք չունենք անձնական նպատակներ և հավակնություններ։ Հանդիպման մասին հանրությունը կտեղեկացվի բոլոր մանրամասներով»,- ներկաներին վստահեցրեց «Արցախյան ակցենտ» բլոգի հեղինակ Դավիթ Վանյանը և հավելեց, որ հանդիպումը պետք է կայանա մոտ օրերս։
Շտաբում հավաքվածները համակարծիք էին, որ Շարժման անդամները հանդիպեն խաղաղապահների հրամանատարությանը։

Հիշեցնենք, որ «Հանուն միջանցքի շրջափակման ժողովրդական շարժման» շտաբը Արցախի Ազգային ժողովից պահանջել է դիմել ռուս խաղաղապահներին՝ պահանջելով անհապաղ բացել Քաշաթաղի (Լաչին) միջանցքը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։ Եթե ​​միջանցքը չբացվի, ապա Ազգային ժողովը պետք է հրապարակայնորեն հայտարարի, որ ռուս խաղաղապահները չեն կարողանում կատարել իրենց պարտավորությունները։ Դրանից հետո Արցախի պատգամավորները պետք է դիմեն ԵԱՀԿ-ին և Ֆրանսիայի Սենատին՝ միջազգային հավելյալ խաղաղապահ ուժեր ներգրավելու համար ՄԱԿ-ի բոլոր հնարավոր մեխանիզմները կիրառելու խնդրանքով»։