Ռուսական երեսպաշտություն. այս ամենից հետո Զախարովան խոսում է Բաքվի «երաշխիքների» մասին

Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցչի վերջին հայտարարությունները՝ Ղարաբաղ վերադառնալ ցանկացող հայերի իրավունքների, անվտանգության և տնտեսական բարեկեցության երաշխիքների վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինձ թվում է, որ սա շատ կարևոր և ժամանակին արված ազդանշան է, և մենք ամեն կերպ աջակցելու ենք այս գործընթացին, որը  սկզբունքային նշանակություն ունի  Բաքվի և Երևանի հաշտեցման համար, այդ թվում՝ ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի միջոցով։ Ի դեպ, մենք բազմաթիվ ֆեյքեր ենք արձանագրում, որոնք ստեղծվում են, որպեսզի հնարավորություն չտան այս տարածաշրջանի, այս տարածքների բնակիչներին հետ վերադառնալ։ Ոմանց վախեցնում են ինչ-որ մտացածին սպառնալիքներով, ոմանց համար կեղծ տեղեկություններ են նետում, որ իրենց տներից ոչինչ չի մնացել: Դա ճիշտ չէ։ Մենք առնվազն տեսնում ենք այս տեղեկատվական արշավները, որոնք այժմ ակտիվորեն  անց են կացվում։ Բայց ինձ թվում է, որ պետք է հիմնվել պաշտոնական հայտարարությունների վրա,  մասնավորապես, այս դեպքում ես մեջբերեցի Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցչի խոսքը և ռուսական կողմի այն հայտարարության վրա, որը  հենց նոր ես արեցի»,- ասել է Զախարովան։

Ռուսաստանը, որը 2020 թվականի պատերազմից հետո երեք տարի շարունակ աջակցում էր Արցախը օկուպացնելու և հայաթափելու Բաքվի մտադրություններին՝ փորձելով յուրացնել Արցախի մշակութային ժառանգությունը, որը մի քանի անգամ ավելի հին է, քան ինքը՝ Ռուսաստանը, այժմ համարձակվում է խոսել Բաքվի «երաշխիքների» մասին։ Զախարովան ակնարկում է, որ արցախցիների տներին ձեռք չեն տալիս՝ ըստ երեւույթին ակնկալելով հայերի երախտագիտությունը։

Ռուսաստանն ամեն ինչ արեց, որպեսզի Իսրայել Օրիի սկսած ճանապարհը հասցնի անդունդ։ Եվ ոչ միայն հայերի, այլեւ հենց Ռուսաստանի համար։ Հավաքվեք գնացեք:

Եթե Հայաստանի իշխանությունները թույլ չեն տալու, որ Արցախի վտարանդի կառավարություն գոյություն ունենա, պետք է հայցեն Սփյուռքի օգնությունը

Step1.am-ի զրուցակիցն է ֆրանսահայ հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանը։

Տիկի՜ն Չոբոյան, Հայաստանի իշխանությունները կարծես փորձում են փակել Արցախի քաղաքական հարցը, Սփյուռքում ի՞նչ դիրքորոշում կա այս հարցով։

– Այո՜, ինչպես ուրիշ քաղաքական հարցերում, Հայաստանի իշխանություններն այսօր տեսլական չեն ցուցաբերում նաեւ Արցախի հարցում։ Օրեցօր նոր որոշումներ են ընդունում, օրինակ, այն որոշումը, որ Արցախից տեղահանված մարդիկ պետք է կա՜մ փախստականի, տեղահանվածի կարգավիճակ ունենան, կա՜մ Հայաստանի քաղաքացի դառնան։ Իսկապես մեծ հնարավորություններ կան միջանկյալ կարգավիճակներ ու ձեւեր գտնելու՝ մեր հայրենակիցների փախստականի կարգավիճակը պահպանելու եւ իրենց բոլոր հնարավորությունները տալու, որպեսզի օգտվեն Հայաստանի քաղաքացու իրավունքներից։ Սա չի արվել, ըստ իս՝ դա Հայաստանի իշխանության կողմից մեծ սխալ է, նույնիսկ կարող եմ ասել, որ հանցանք է ապագայի համար։ Հնարավորություններ կան, եւ այս հարցերով մեծ մասնագետներ կան Սփյուռքում։ Հնարավորություններ կան, ապագայում վերադարձի իրավունքի գործադրման համար ձեւեր կան, պետք է այդ ուղղությամբ քաղաքականություն վարել, որը Հայաստանի իշխանությունները չեն ընդունում։

Ես կարծում եմ, որ Արցախի պատասխանատուները, չասեմ միայն Արցախի իշխանությունները, նաեւ Արցախում ու Հայաստանում մտահոգ շրջանակները պետք է միանան Սփյուռքի այն շրջանակների հետ, որոնք ուզում են, որ այս իրավունքը չկասեցվի, այսինքն՝ վերադարձի իրավունքը՝ իր բոլոր ածանցյալ իրավունքներով չկասեցվի։ Ես կարծում եմ, որ այս հարցի շուրջ Հայաստանում պետք է քաղաքացիական շարժում սկսվի։ Ճիշտ է, ժամանակը կարճ է, տեղահանվածները շատ հուսահատ վիճակում են, ուզում են իրենց դժվարություններին  ու տառապանքներին վերջ տալ, շատերը կընդունեն Հայաստանի քաղաքացիություն եւ կհրաժարվեն փախստականի կամ տեղահանվածի կարգավիճակից, բայց կարծում եմ, որ այս հարցը հասարակական շարժման կարիք ունի։

Դուք ի՞նչ եք նկատում՝ Հայաստանի իշխանությունը փորձում է այսպիսով փակե՞լ Արցախի տեղահանված բնակչության վերադարձի հարցը։

-Ես իրական քաղաքականության ու վերջնանպատակների մասին լավ տեղեկացված չեմ։ Բայց կասկածներ ունեմ, որ Հայաստանի իշխանության կողմից հեշտ տարբերակ գտնելու մղում կա։ Իմ կարծիքով՝ ապագայի մասին չեն մտածում, իսկ վերադարձի իրավունքն ապագայի մասին է։ Հայաստանի իշխանությունները մինչեւ հիմա չեն փայլել իրենց հեռատեսությամբ եւ երկարատեւ ծրագիր ու քաղաքականություն մշակելու գործի մեջ։ Եթե այսպես են որոշել, ես կարծում եմ, որ իրենց համար ամենահեշտ ու պարզունակ ձեւը սա է։ Իսկ քաղաքականությունը պարզունակություն չի սիրում, քաղաքականությունը ենթադրում է, որ մենք հեռատես պետք է լինենք, ազգային տեսլական պետք է ունենանք՝ բոլոր իր ածանցյալ իրավունքներով եւ այլն։ Չեմ ուզում այդքան հեռու գնալ ու ասել, որ Հայաստանի իշխանություններն ուզում են Արցախի վրա խաչ քաշել,  բայց ուզում եմ ասել, որ սա անհեռատես քաղաքականություն է։ Մարդկանց նոր կարգավիճակ տալով, իրենց ուղեղներում ու հոգեբանության մեջ այս գաղափարը արմատացնելով, որ՝ դուք այստեղ եք ու պետք է բնակվեք այստեղ, սահմանի մյուս կողմը պետք է մոռանաք, սա Հայաստանի իշխանության մեծ թերությունն է։

Եթե անդրադառնանք Սփյուռքին, ի՞նչ դիրքորոշում ունի Սփյուռքը Արցախի հարցի մասին, քաղաքական պահանջներ դրվո՞ւմ են այս փուլում։

-Սփյուռքը շատ բազմաշերտ է, պետություն չէ, ապակենտրոնացած մեկ մարմին է, որի մեջ տարբեր ուղղություններ ու գաղափարներ կան։ Բայց Սփյուռքի մեջ վերջին 30 տարիներին արմատացած է Արցախի իրականությունը։ Եվ եթե այսօր Արցախի իրականության մղումը Հայաստանի հասարակության ու արցախցիների կողմից գոյություն ունենա, Սփյուռքը միշտ դրա կողքին կկանգնի ու կսատարի։ Եթե Սփյուռքը դիտարկենք որպես հայկական ինքնության մեկ բաղադրիչ,  այդ գիտակից բաժինն անպայման Արցախի կողքին պետք է լինի եւ պետք է սատարի։ Ոչ թե պետք է առաջնորդի, այլ սատարի Արցախ վերադարձի ծրագրի իրագործմանը։ Չի կարելի մարդկանց այսպես կոտրել, 30 տարի ներդրումներ են արել, Սփյուռքում մարդիկ՝ շատերը, որոնք իրենց ամբողջ կյանքը նվիրեցին այս հարցին, այսօր արդեն իսկ շատ կոտրված են։ Անշուշտ, Հայաստանի անկախության հարցին են իրենց նվիրել մարդիկ, բայց դրան զուգահեռ Սփյուռքը մեծ հույսեր էր կապել Արցախի վերածնունդի շարժմանը։ Նաեւ ներդրումներ են արել, նաեւ կյանքեր են տրամադրել այս գործին, չասեմ զոհել։ Եվ շատ մարդիկ այսօր շատ կոտրված են զգում, նրանք ամենաշատը նվիրված մարդիկ են։ Այսօր այս թեւաթափ վիճակին պետք է վերջ տալ եւ նախաձեռնությամբ հանդես գալ։

-Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ ֆինանսավորում չեն հատկացնելու Արցախի պետական մարմինների գործունեության համար։ Արցախի սուբյեկտայնությունը պահելու համար կարեւոր է նաեւ պետական մարմինների գործունեությունը, Սփյուռքը կարո՞ղ է ֆինանսավորում հատկացնել այս ուղղությամբ։

Այս ամենը ծրագիր է ենթադրում։ Որպեսզի Սփյուռքը ֆինանսավորի այս կամ այն բանը, ծրագրեր պետք է լինեն։ Պետք է ստեղծվեն կառույցներ, որոնք պետք է աշխատեն Սփյուռքում առկա կառույցների հետ։ Եվ ամեն ինչ հնարավոր է, անհնար ոչինչ չկա։ Այսինքն՝ եթե Հայաստանի իշխանությունները թույլ չեն տալու, որ Արցախի վտարանդի կառավարությունն իր կառույցներով գոյություն ունենա, պետք է կառույցներ ստեղծվեն ու հայցեն Սփյուռքի օգնությունը։

Ռոզա Հովհաննիսյան

 

Սեպտեմբերի 24-ից ի վեր ՀՀ–ում մահացել է 44 արցախցի

ԼՂ–ում ռազմական գործողությունների ու բռնի տեղահանման օրերին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով տուժած 87 մարդ այս պահին շարունակում է բուժում ստանալ ՀՀ տարբեր բուժկենտրոններում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։
«87 բուժառուից 8-ի վիճակը ծանր է, 2-ինը` ծայրահեղ ծանր: Սեպտեմբերի 24-ից մինչ օրս ունեցել ենք 44 մահ, նրանց մեծ մասը`պայթյունի հետևանքով»,– ասաց նա։
Ծատրյանի փոխանցմամբ` 19 պացիենտ այս պահին շարունակում է բուժում ստանալ արտասահմանում։
Վերջին շաբաթների ընթացքում 160-ից ավելի բուժառու դուրս է գրվել, բայց շարունակում է գտնվել բժիշկների ամբուլատոր հսկողության տակ:
Մարիամ Ծատրյանը նշեց նաև, որ ԼՂ–ից տեղահանված ընտանիքներում այս ընթացքում ծնվել է 160 երեխա, պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում գրանցվել է 57.200 անձ, բժշկական տարբեր կենտրոններում աշխատանքի է անցել 100 բուժաշխատող:

Սահմանվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կրթության ավարտական փաստաթղթերի կրկնօրինակներ տրամադրելու կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց  հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի կրկնօրինակներ տրամադրելու» կարգը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, համաձայն կարգի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կրկնօրինակ տրամադրվում է անձի կամ նրա լիազորված ներկայացուցչի  դիմումի հիման վրա։ Կրկնօրինակը տրամադրվում է ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ նախարարությունում առկա կամ անձի կողմից ներկայացված արխիվային հիմքերի առկայության դեպքում։ Կրկնօրինակի տրամադրումից հետո նախկինում տրամադրված ավարտական փաստաթղթերը համարվում են խոտանված։

Ըստ աղբյուրի՝ հանրակրթական ուսումնական հաստատության շրջանավարտին ամփոփիչ ավարտական գնահատականների վերաբերյալ արխիվային հիմքերի բացակայության դեպքում հատկացվում է հիմնական կրթության վկայականի կրկնօրինակ՝ ուսումնառության վերջին 2 տարվա ընթացքում ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված և սովորողի կողմից ուսումնասիրված առարկաների ավարտվող դասարանի տարեկան և ամփոփիչ ատեստավորման (քննական) առարկաների նշմամբ, միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակ՝ ուսումնառության վերջին 3 տարվա ընթացքում ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված և սովորողի կողմից ուսումնասիրված առարկաների ավարտվող դասարանի տարեկան և ամփոփիչ ատեստավորման (քննական) առարկաների նշմամբ:

Նշվում է, որ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմի հավելված (ներդիր) տրամադրվում է համապատասխան հիմքերի առկայության դեպքում: Ուսումնական պլանների և անցած առարկաների վերաբերյալ տեղեկատվության առկայության դեպքում վերոնշյալ հաստատությունների շրջանավարտներին տրվում է դիպլոմի հավելված (ներդիր)՝ համապատասխան առարկաների նշմամբ:

 

«Нaterk Food»-ը Հայաստանում է

Օրերս Երևանում տեղի ունեցավ «Արցախի ձեռքերով» ցուցահանդես-տոնավաճառը։ Մեծ ուշադրություն է գրավել «Haterk Food» ապրանքանիշի տաղավարը։ Նախագիծը սկսել է աշխատել մի քանի տարի առաջ և հայտնի է դարձել հայաստանյան և միջազգային շուկայում՝ ներկայացնելով 100% բնական մեղր Արցախից։ Ստացել է տեղական և միջազգային բարձր մրցանակներ և վարկանիշներ:

Մարտակերտի շրջանի հայրենի Աթերք գյուղում «Հաթերք Ֆուդ»-ը սկսել է գյուղի զարգացման ծրագիր, և հաջողությամբ. տարբեր միջոցառումների միջոցով ուշադրություն է հրավիրել գյուղի խնդիրների, զբոսաշրջության զարգացման նախադրյալների վրա, և աշխատանքի տեղավորման հարցը սկսեց լուծվել։

«Հաթերք Ֆուդ»-ի հիմնադիր Սամվել Միրզախանյանի խոսքով, ընկերության հայեցակարգը փոխվել է Արցախի պատերազմներից և օկուպացիայից հետո, սակայն ընկերությունը շարունակում է գործել Հայաստանում։

Նրա խոսքով, ընկերությունն ավելացնում է արտադրության ծավալները՝ ներգրավելով Հայաստանի մի քանի մարզերի ներուժը։

«Դեռևս 2020 թվականին, երբ Քաշաթաղում գործունեությունը շարունակելն անհնարին դարձավ, մենք մեր գործունեությունը սկսեցինք Տավուշից, հիմա Լոռին և Կոտայքը միացել են Տավուշին։ Մենք ցանկանում ենք այս ամենին ներգրավել նաեւ Արցախի մեղվաբույծներին, ձգտում ենք օգնել նրանց, որպեսզի նրանք շարունակեն զբաղվել մեղվաբուծությամբ։ Ակտիվորեն մասնակցում ենք նաև տարբեր ցուցահանդեսների, որպեսզի կարողանանք մեր հայկական արտադրանքը ներկայացնել արտաքին շուկաներում։ Մենք ունեինք Հաթերքի զարգացման ծրագիր՝ երիտասարդների ներգրավմամբ։ Հուսով ենք, որ նմանատիպ ծրագիրը կշարունակենք Հայաստանում՝ մեր հայրենակիցների համար։ Ներկայումս մենք գնահատում ենք ռեսուրսներն ու կարիքները, ինչի համար հարցում ենք տեղադրել մեր պաշտոնական էջում (haterk.com): Սրան համապատասխան մենք արդեն մշակելու ենք զարգացման եւ զբաղվածության ծրագրեր»։

Երիտասարդն ասաց, որ Հաթերքի արտադրամասը կորել է, բայց նյութական կորուստների մասին իրենք չեն մտածում. «Մենք կորցրել ենք ավելի կարևոր արժեքներ՝ մեր մշակութային ժառանգությունը, մեր նախնիների հիշատակն ու գերեզմանները։ Սա այն է, ինչ պետք է մտահոգի բոլորին, մենք պետք է հնարավորություններ փնտրենք դրանք պահպանելու և վերադարձնելու համար»։

«Հաթերք Ֆուդ»-ի արտադրանքի մեծ մասն այս տարի ստացվել է Հայաստանի բուսական աշխարհից։ Սրա պատճառը շրջափակումն էր։ Բայց դեռ կարելի է ձեռք բերել 100 տոկոս արցախյան մեղր։

Ալվարդ Գրիգորյան

Ստեփանակերտի Tumanyan’s Art-ը վերսկսում է աշխատանքը Երևանում․ բլոկադային թեյ՝ ճաշացանկում

Tumanyan’s Art սրճարանը վերսկսում է աշխատանքը Երևանում։ Սեփականատերերը գրում են, որ «մենք վերջակետ չենք դնում, սա«ստորակետ» է, և «կրկին կգտնվի մի տեղ, որտեղ մենք կարող ենք գրկել ընկերներին և հարազատներին, լսել և կիսվել, խոսել մեր հայրենի հողի մասին և մեր մայրենի բարբառով»։

Դա այդպես է: Tumanyan’s Art-ը Ստեփանակերտում այն ​​վայրն էր, որտեղ աշխարհը գոնե մի քանի րոպեով ավելի բարի էր դառնում։ Իսկ ընկերների հետ հանդիպումներն անցնում էին ճիշտ մթնոլորտում։

Երբ սկսվեց ամբողջական շրջափակումը, Վադիմը իր օրը սկսում էր սննդի «որսով»։ «Հեծանիվով (մեքենաների համար վառելիք չկար) մոտակա գյուղերով էի անցնում։ Հետաքրքիր է, նա հաշվե՞լ է, թե օրական քանի կիլոմետր է անցել, որ ուտելու մի բան հայթայթի։ Չի բացառվում ռեկորդը։

Իսկ Քրիստինան օրը սկսում էր նրանից, որ ճաշատեսակներ էր հորինում այն ամենից, ինչ կարող էին հայթայթել այդ օրը։ Կրկին՝ արդյո՞ք նա գրել է իր հորինած բաղադրատոմսերը նոթատետրում: Ի վերջո, նրանք կարող են լինել եզակի և դառնալ շրջափակման պայմաններում գոյատևման «հանրագիտարան»:

Նրանք արդեն պատերազմական պայմաններում գոյատևելու փորձ ունեին։ 2020-ի պատերազմի 44 օրերի ընթացքում Tumanyan’s Art-ը չդադարեց աշխատել՝ տաք սնունդ պատրաստելով կացարաններում գտնվող զինվորականների և քաղաքացիական անձանց համար։

Բայց շրջափակումը գոյատևման նոր պայմաններ մտցրեց։

Tumanyan’s Art-ը  մի վայր էր, որտեղ ամենշաբաթյա միջոցառումներ էին նախատեսված երեխաների, մասնավորապես հատուկ երեխաների (հաշմանդամություն ունեցող) համար: Իսկ երեխաների հետ ներկա են եղել ծնողները։ Հետո շատ մեծահասակներ խոստովանում էին, որ երեխաներն անհամբեր սպասում էին հաջորդ միջոցառմանը:

P.S.-1 Արցախի ամբողջական շրջափակում. Խանութները դատարկ են, շուկաները՝ դատարկ։ Ալյուրն ամբողջությամբ սպառվել է։ Հաց կարելի է գնել միայն մոտ մեկ օր հերթ կանգնելուց հետո։ Օրերից մի օր անցնում եմ Tumanyan’s Art-ի կողքով. Բաց է։ Մանկական ձայներ։ Ներս մտա։ Պարզվեց, որ Քրիստինան որոշել է, որ ալյուրի վերջին պաշարները պետք է ուրախությամբ օգտագործել։ Այս օրը Վադիմին հաջողվել է դոշաբ գտնել։ Նրանք կանչեցին երեխաներին և միասին սկսեցին ալյուրից ու դոշաբից պարզ բլիթներ թխել։ Երեխաների համար, թեև փոքր, բայց տոն էր։

P.S.-2. Հերթական ակցիան մեզ՝ լրագրողներիս, բերել է հրապարակ։ Որոշեցի մի երկու րոպեով գնալ Tumanyan’s Art՝ տաքանալու։ Մեզ տեսնելով ցրտից կապտած՝ անմիջապես մեր արցախյան խոտաբույսերից թեյ կազմակերպեցին։ Ամենահամեղ բլոկադային թեյը։ Այն մեզ հասավ վերմակի և սրտանց խոսակցությունների հետ միասին: Եվս մեկ փոքրիկ տոն։

Ալվարդ Գրիգորյան

 

Ֆինանսների նախարարը ներկայացրեց 2024-ի պետբյուջեով նախատեսվող աջակցության ծրագրերը Արցախից բռնի տեղահանվածների համար

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց 2024 թվականի պետական բյուջեով նախատեսվող աջակցության ծրագրերը Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված անձանց համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ նա նշեց, որ 2024 թվականի երեք ամսվա համար կնախատեսվեն բնակարանի վարձակալության և կոմունալ ծառայությունների գծով տրամադրվող 50 հազար դրամների հատկացումները հունվար, փետրվար և մարտ ամիսներին։

«Կնախատեսվեն թոշակների և նպաստների գծով հավելյալ ծախսերը, որը կպահանջի հավելյալ մոտ 30 միլիարդ դրամ։ Կնախատեսվեն կրթության և առողջապահության գծով հավելյալ ծախսերը։ Բնակարանային և աշխատանքի տեղավորման աջակցության ծրագրերը այս պահին չեն պլանավորվի բյուջեով, որովհետև դրանց մշակումը և հաստատումը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի վերջին։ Այնուամենայնիվ, զգալի գումարներ կնախատեսվեն պահուստային ֆոնդում, որպեսզի ծրագրերի պատրաստ լինելուն պես ֆինանսավորման խնդիրներ չունենանք»,- ասաց Հովհաննիսյանը։

ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված հայերին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նոյեմբերի սկզբին այցելել է Ադրբեջանի  իշխանությունների կողմից ձերբակալված հայերի մի մասին։

Այս մասին «Արմենպրես»ի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին։

«Մենք շարունակում ենք տեսակցել բոլոր այն հայ անձանց, որոնք ձերբակալվել են Ադրբեջանում և որոնց անունները հաստատվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Խոսքն այն անձանց մասին է, որոնք ձերբակալվել են և գտնվում են Ադրբեջանում 2020 թվականից ի վեր, 2021 թվականի, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի սրացումների հետևանքով։ Տեսակցությունները պարբերական բնույթ են կրում: Օգտվելով դրանից՝ հնարավորություն ենք տալիս նրանց կապ պահպանել ընտանիքների հետ»,-ասաց Զառա Ամատունին։

Նա նշեց, որ հոկտեմբերին ԿԽՄԿ-ն Բաքվում տեսակցել է նրանց մի մասին, իսկ այս ամսվա սկզբին առաջին անգամ տեսակցել է սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների առնչությամբ ձերբակալված հայերին, որոնց մասին հաստատումները կազմակերպությունը ստացել է վերջերս։

Նրա խոսքով, տեսակցություններն անցնում են առանձնազրույցի ձևաչափով, որի ընթացքում յուրաքանչյուր անձի հետ քննարկվում են իրեն վերաբերող հարցերը, խնդիրները։ ԿԽՄԿ-ի աշխատակիցների ուշադրության կենտրոնում է լինում բոլոր անձանց առողջական վիճակը, նրանց պահման պայմանները։ Այդ ամենը դիտարկվում են ինչպես առանձնազրույցների, այնպես էլ բոլոր հնարավոր տարածքներով շրջայցերի միջոցով։

«Ինչ վերաբերում է այդ նկատառումներին և, թե ինչպես ենք մենք հետևողական դրանց, ապա սա արդեն փակ տեղեկություններ են և անմիջապես քննարկվում են տեղի իշխանությունների հետ։ Տեսակցությունների նպատակն այն է, որ կարողանանք տեսնել, թե ինչ վիճակում են նրանք գտնվում, ինչի կարիք ունեն և եթե կարող ենք նաև մենք աջակցել, որ այդ կարիքները հնարավոր լինի պատշաճ կերպով հասցեագրել։ Նշեմ, որ մենք չենք բարձրաձայնում դրա մասին հանրային հարթակում։ Դա մեզ թույլ է տալիս առավելապես բաց կերպով քննարկել այդ հարցերն այն պատկան մարմինների հետ, որոնք պատասխանատու են այս անձանց համար»,-ասաց Զառա Ամատունին։

 

Այսօր ԱՄՆ Կոնգրեսում Լեռնային Ղարաբաղի թեմայով լսումներ կանցկացվեն

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում  նոյեմբերի 15-ին լսումներ կանցկացվեն «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԱՄՆ Կոնգրեսի կայքը, լսումների բանախոսները կլինեն ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ-Բրայենը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Եվրասիայի և Եվրոպայի բյուրոյի ադմինիստրատորի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին։

Կարեւորը իրավունքն է․ արցախցիները կցանկանան, թե չեն ցանկանա՝ դա էլ իրենց իրավունքն է․ ԱՄՆ Պետդեպ

Մարդիկ, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը, իրավունք ունեն վերադառնալ տուն, նոյեմբերի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ «Մենք շարունակում ենք հավատալ, որ մարդիկ, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը, իրավունք ունեն վերադառնալ տուն, եթե ցանկանան, և նրանց այդ իրավունքը պետք է հարգվի», ասել է նա։

Արցախ-Պաղեստին. խնդիրը՝ Հայաստանի ղեկավարության քաղաքական կամքն է

Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կարգավիճակի վկայական ստանալու համար Արցախի հարկադիր տեղահանված բնակիչներին տրված ձևաթուղթը պարունակում է «Հայտնում եմ, որ ես որևէ պետության քաղաքացի չեմ հանդիսանում։ Տեղյակ եմ կեղծ տեղեկություններ և փաստաթղթեր տրամադրելու պատասխանատվության մասին»:

Արցախցիները, ովքեր ցանկանում էին փախստականի կարգավիճակի վկայական ստանալ, կասկածանքիմեջ են այս խոսքերի համար։ Ոմանք ասում են, որ այսպիսով մենք ստիպված ենք ընդմիշտ հրաժարվել մեր անցյալից, Արցախի հանդեպ իրավունքից։ Մյուսները կարծում են, որ երկրորդ ասացվածքում կա ծուղակ, քանի որ կասկածներ կան, որ այն փաստաթղթերը, որոնցով արցախցիները ապրել և գործել են 30 տարի, մի օր կարող են դառնալ «կեղծ տեղեկություններ և փաստաթղթեր», և իրենք պետք է պատասխան տան օրենքի առաջ։

Շատերի կարծիքով, եթե այսօր արցախցիներին տրված ՀՀ քաղաքացու կապույտ անձնագիրը նրանց ՀՀ քաղաքացի լինելու իրավունք չի տալիս, վաղը փախստականի կարգավիճակի վկայականը կարող է դառնալ նույն կեղծ  փաստաթուղթը։ Շատերը նույնպես անվստահություն ունեն այս կարգավիճակի միջազգային ճանաչման հարցում։

Այս ամբողջ խառնաշփոթն ինձ ստիպեց ավելի խորանալ այսպես կոչված «պաղեստինյան վերադարձի իրավունքի» մեջ, որի մասին պատմեցին մեր սփյուռքահայ գործընկերներից շատ իրավաբաններ, երբ մենք ապարդյուն փնտրում էինք միջազգային ատյաններ դիմելու ուղիներ:

Պաղեստինցի փախստականների խնդիրը ծագեց 1948 թվականի Պաղեստինյան պատերազմի ժամանակ, երբ 700,000-ից 800,000 արաբներ լքեցին, փախան կամ վտարվեցին իրենց տներից այն տարածքում, որը պետք է դառնար Իսրայել (մեր դեպքում մենք լքեցինք այն տարածքը, որը պետք է դառնա Ադրբեջան): ) Նրանք բնակություն հաստատեցին Անդրհորդանանի, Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի, Հորդանան գետի ափին և Գազայի հատվածի փախստականների ճամբարներում, որոնք պատերազմի ժամանակ գրավված էին Անդրհորդանանի և Եգիպտոսի կողմից։

Ըստ Wikipedia-ի, ոչ մի արաբական երկիր, բացի Հորդանանից, մինչ այժմ չի ձուլել պաղեստինցի փախստականների զգալի քանակություն կամ նրանց լիարժեք քաղաքացիություն չի տվել, և նրանցից շատերը ապավինում են ՄԱԿ-ի կամ այլ երկրների անհատների տնտեսական օգնությանը: Արաբական կառավարությունների մեծ մասի դիրքորոշումն է՝ քաղաքացիություն չտրամադրել իրենց սահմաններում ծնված պաղեստինցի փախստականներին. այս քաղաքականությունը մասամբ պայմանավորված է այս արաբական պետությունների ցանկությամբ՝ թույլ տալ պաղեստինցիներին վերադառնալ իրենց տները Իսրայելում, և մասամբ՝ այդ պետությունների՝ փախստականներից ազատվելու ցանկությամբ:

Ակամայից զուգահեռ է առաջանում. այսօր ժամանակավոր պաշտպանություն վերցրած և փախստականի կարգավիճակ տված Հայաստանի իշխանությունը ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունքը թողնում է հենց Արցախի բռնի տեղահանվածներին։

Շատ միգրանտներ չեն ցանկանում քաղաքացիություն ստանալ հենց այն պատճառով, որ դա նրանց կզրկի սեփականության փոխհատուցման և իրենց նախկին բնակության վայրերը վերադառնալու իրավունքից։ Այնուամենայնիվ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1948 թվականի դեկտեմբերի 11-ի 194 բանաձևի 11-րդ հոդվածը սահմանում է, որ փախստականներին, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց տները և խաղաղ ապրել իրենց հարևանների հետ, պետք է հնարավորինս շուտ թույլատրվի դա անել, և որ գույքի համար պետք է փոխհատուցում վճարվի նրանց, ովքեր որոշել են չվերադառնալ, ինչպես նաև գույքի կորստի կամ վնասի համար, որը, միջազգային իրավունքի կամ արդարադատության սկզբունքների համաձայն, պետք է փոխհատուցվի պատասխանատու կառավարությունների կամ իշխանությունների կողմից:

Եվ նորից երկընտրանք՝ կամ ստանալ Հայաստանի քաղաքացիություն և փոխհատուցում ստանալու սակավ հնարավորություն Ադրբեջանից կամ Հայաստանից (որովհետև նրանք են պատասխանատու արցախցիների զանգվածային արտագաղթի համար, թեև յուրաքանչյուր երկրի պատասխանատվությունը տարբերվում է մյուսից), կամ ստանալ փախստականի կարգավիճակ, պահպանել վերադարձի, գույքային վնասի հատուցման իրավունքը։

Երկու դեպքում էլ խնդիրների լուծման հավանականությունը բավականին ցածր է, իսկ սոցիալական խնդիրները պետք է լուծվեն այստեղ և հիմա։

Վերադարձի իրավունքի հակառակորդները պնդում են, որ այն չունի միջազգային իրավունքի հիմք, և դա անիրատեսական պահանջ է։ Սակայն շատ փորձագետներ կարծում են, որ Արցախի բռնի տեղահանվածների կարգավիճակի խնդիրը ոչ թե իրավական, այլ քաղաքական է։ Նրանց կարծիքով, ՀՀ կառավարությունը պետք է շարունակի ֆինանսավորել թոշակառուներին, հաշմանդամներին, երեխաներին և սոցիալական այլ խմբերին (զոհվածների ընտանիքներ, կերակրողներ կորցրածներին և այլն) ճիշտ այնպես, ինչպես դա արվել է անկախության բոլոր տարիներին՝ անկախ նրանից, թե ինչ կարգավիճակում են դրանք։

Ի վերջո, ավելի քան 30 տարի համայն հայությունը (թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը) ապրել է նույն քաղաքական, ֆինանսական, տնտեսական, դատական ​​և իրավական դաշտում։ Մենք գործնականում ունենք նույն իրավունքներն ու պարտականությունները, և Հայաստանի ղեկավարությանը մնում է միայն կամք դրսևորել և հայտարարել, որ լիովին կկատարի իր հայրենակիցներին պաշտպանելու իր պարտավորությունները՝ միջազգային իրավունքին և ՀՀ Սահմանադրությանը համապատասխան։

Եվ, այնուամենայնիվ, մասնագետների պարզաբանումներ են անհրաժեշտ՝ կապված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի դիմումի ձևի կետերի հետ, որպեսզի մենք նորից չհայտնվենք «чужой среди своих» կարգավիճակում։

Մարգարիտա Քարամյան

«Բոխչա». Հադրութի Մարիամաձորից՝ Նորաբաց

2020 թվականի սեպտեմբերի 29-ը Հեղուշ Թարխանյանի վերջին օրն էր հարազատ Մարիամաձորում (Հադրութի շրջան)։

44-օրյա պատերազմից հետո Հեղուշը իր վիրավոր ամուսնու և 2 զավակների հետ տեղափոխվեց Երևան, սակայն նրա դուստրը` Հերմինեն,  չկարողանալով հարմարվել` վերադարձավ Ստեփանակերտ, որտեղ ամուսնացավ, ունեցավ իր առաջնեկին, որի դուրսգրման օրը` սեպտեմբերի 19-ին սկսվեց երրորդ Արցախյան պատերազմը։

Հիմա 7 հոգուց բաղկացած մեծ ընտանիքով նրանք ապրում են Նորաբաց գյուղում, որտեղ ունեն փոքրիկ ընտանեկան բիզնես։

Հեղուշը համեղ ուտեստներ է պատրաստում (ժենգյալով հաց, բոխչա, չախոխբիլի, լազանյա, լցոնած ճագար, գաթա)։ Նրա ամուսինը` Նորայրը առաքում է այդ ուտեստները, իսկ Ռուզաննան` նրանց բարեկամը,  զբաղվում է ֆեյսբուքյան էջի մարքետինգով։

«Հադրութում մենք փոքրիկ խանութ ունեինք, ամուսինս համայնքապետն էր, ունենիք մեր փոքրիկ այգին, աշխատում էինք և կյանքից չէինք բողոքում։ Երևան տեղափոխվելուց հետո որպես խոհարար աշխատում էի հայտնի ճաշարաններից մեկում։ Այդ ժամանակ հասկացա, որ ինձ խոհարարությունն է հետաքրքրում և ուրիշ գործ անել չեմ կարող», – ասում է Հեղուշը։

Մինչև հունիսի 24-ը Երևանում էին ապրում, սակայն Նորայրը պետական տանը չկարողացավ հարմարվել։ Ասում էր, որ գյուղի տուն է ուզում, գյուղական տան բակ է ուզում, որից հետո հաստատվեցին Նորաբացում։ Ունեն այգի, որտեղ աճում են ժենգյալով հացի համար նախատեսված գրեթե բոլոր կանաչիները, իսկ որն էլ չի աճում` պլանավորում են ցանել։

«Բոխչայից» համով ուտելիք պատվիրելու համար կարող եք գրել նրանց ֆեյսբուքյան էջին https://www.facebook.com/profile.php?id=61552124465693

Հայկ Հարությունյան