Մարուքյանն Արցախն անվանել է «ուրիշ երկիր». ով է լվանում տան ամանները

Արցախի պետական ​​ինստիտուտների պահպանման խնդրի վերաբերյալ Փաշինյանի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Էդմոն Մարուքյանն ասաց, որ դա Հայաստանում հնարավոր չէ իրականացնել։ «Հայաստանի Հանրապետությունը չի կարող իր տարածքում հյուրընկալել այլ երկրների պետական ​​հիմնարկներ, եթե դրանք հավատարմագրված դիվանագիտական ​​հաստատություններ չեն։ Հայաստանի ազգային անվտանգության համատեքստում սխալ է Հայաստանի Հանրապետության տարածքում նման ձեւակերպումներով ինստիտուտներ ձեւավորելն ու պահպանելը։ Վտարանդի կառավարություններ կան, եղել են ու թող լինեն, Հայաստանը սրա հետ կապ չունի»,- եզրափակեց նա։

Հետաքրքիր է, եթե Արցախը «այլ երկիր է», ապա ինչի՞ հիման վրա է Մարուքյանի տեր Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրել հայտարարություն և հրաժարվել Արցախի հինգ շրջաններից, ընդ որում երեքից՝ առանց մի կրակոցի։ Ինչի՞ հիման վրա է Հայաստանի քննչական կոմիտեն կալանքի տակ պահում Արցախի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին՝ նրան մեղադրելով «օտար» Շուշին հանձնելու մեջ։

Ավելի ճիշտ կլիներ, որ Էդմոն Մարուքյանն ասեր, թե իրականում ինչից են վախենում ինքն ու իր տերը, և ում է տրվել Արցախ բառը պատմությունից, աշխարհագրությունից ու քաղաքականությունից ջնջելու խոստումը։ Եթե, իհարկե, դա խորըներքին ցանկություն չէ։

Բաքվում արդեն ասում են, որ եթե հայերը Ղարաբաղի համար կարգավիճակ պահանջեն, ապա «Զանգեզուրի ադրբեջանցիներին» էլ պետք է ստատուս տան։

«Ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան։ Նրանք ցանկանում են առանց պահանջի վերադառնալ այնտեղ։ Չեն պահանջում խաղաղապահ ուժեր և Հայաստանի մասնատում։ Մեր քաղաքացիներն ասում են, որ հայկական անձնագրեր են ուզում, ուզում են ապրել հայկական օրենքներով, պահանջում են այն տները, որտեղ ապրել են, իրենց պապերի գերեզմանոցները։ Փաշինյանը սա սպառնալիք է համարում ազգային անվտանգությանը։ Զանգեզուրում հարյուրավոր դատարկ ադրբեջանական գյուղեր կան։ Նրանք այնտեղից տեղահանեցին տեղի բնակչությանը։ Այնտեղ մոտ 100 գյուղ կա դատարկ։ Հայաստանը պետք է ապահովի նրանց վերադարձի իրավունքը։ Մենք նրանց համար նույնիսկ ինքնավարություն չենք պահանջում»,- ասում են Բաքվում։

Այսինքն՝ Երևանը համաձայնել է «մոռանալ» Ղարաբաղը պայմանով, որ Բաքուն ինքնավարություն չպահանջի Զանգեզուրի համար։ Սա՞ է «խաղաղ խաչմերուկը»։

Մի այսպիսի անեկդոտ կար. ամուսինը հպարտորեն ասում է՝ մեր տանը ես եմ ամեն ինչ որոշում։ Եւ քանի որոշել եմ, որ ես եմ լվանալու ամանները,  ուրեմն ես կլվանամ։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարն Արարատի մարզում հանդիպել է ԼՂ- ից բռնի տեղահանված անձանց հետ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Ոստան գյուղում հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Գերմանիայի արտաքին գործերի նախարարը շփվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ, ծանոթացել նրանց կեցության պայմաններին։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Գերմանիան 9․3 միլիոն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի Հայաստանին՝  որպես աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։

Մինչ այդ Գերմանիայի ԱԳ նախարարը ժամանել էր Արարատի մարզի Երասխ համայնք, որտեղ ԵՄ դիտորդները նրան ներկայացրել էին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածում։

Վալենտինան ժպիտով և տխրությամբ հիշում է իր երջանիկ մանկությունը Տումիում, ապշեցուցիչ բնությունն ու հնագույն վանքերը

Վալենտինան ծնվել և մեծացել է Հադրութի շրջանի Տումի գյուղում։ Ժպիտը դեմքին, միաժամանակ մեծ տխրությամբ հիշում է հայրենի գյուղում անցկացրած երջանիկ մանկությունը. հյուրասեր, բարեսիրտ համագյուղացիներին, ապշեցուցիչ բնությունն ու հայրենի հողի հինավուրց վանքերը։

Մանուկ հասակում նա վերապրել է Արցախյան առաջին պատերազմը և բոլորի հետ միասին կրել այդ դաժան շրջանի դժվարությունները։ Դպրոցից հետո Վալենտինան ընդունվել է Արցախի պետական ​​բժշկական քոլեջ, որից հետո վերադարձել է հայրենի գյուղ։ 2015 թվականին նա վերապատրաստվել է Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի վերականգնողական կենտրոնում՝ ստանալով ֆիզիոթերապիստի մասնագիտություն և ուղարկվել Հադրութի հիվանդանոց, որտեղ բացվել է վերականգնողական բաժին։ Նա այնտեղ աշխատել է մինչև 2020 թվականի հոկտեմբերը, օգնելով  նաեւ բժիշկներին վիրավորներին բուժելիս։

44-օրյա պատերազմի արդյունքում Հադրութի շրջանը գրավվեց։ Վալենտինայի ընտանիքը, ինչպես և շրջանի ողջ բնակչությունը, բռնագաղթել և ստիպված տեղափոխվել է Հայաստան՝ թողնելով տարիների ընթացքում ձեռք բերած տունն ու ունեցվածքը, սակայն նրանք չեն կարողացել երկար ապրել հայրենիքից հեռու։ Ռազմական գործողությունների ավարտից հետո նրանք վերադարձել են հայրենիք՝ Ստեփանակերտ։

Վալենտինան աշխատանքի ընդունվեց հայրենի Վերականգնողական կենտրոնում, և թվում էր, թե կյանքը կամաց-կամաց սկսում է լավանալ, սակայն 2023 թվականի սեպտեմբերին Արցախի ողջ բնակչության հետ մեկ անգամ ևս ենթարկվեց արտաքսման։ Այժմ ապրում է Երևանում։

Վերջերս սկսեց աշխատել «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում, որտեղ նրան ընդունեցին մեծ ջերմությամբ։ Չնայած երիտասարդ տարիքին՝ Վալենտինան արդեն թոռներ ունի։ Նա շատ է կարոտում հայրենիքը և հույս ունի, որ մի օր կկարողանա վերադառնալ հայրենի Արցախ։

Արսեն Աղաջանյան

ԱՄՆ-ն չի ասում «Ղարաբաղը Ադրբեջան է». Բաքուն բացատրել է կոշտ դեմարշը

«Ադրբեջանի ԱԳՆ-ի վերջին հաղորդագրությունը, որը քննադատում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու ամերիկյան մոտեցումը, ցույց է տալիս, որ Բաքուն հավասարակշռված մոտեցում է փնտրում Վաշինգտոնից։ Հրապարակման տեքստը անսովոր կոշտ էր, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ քանի դեռ Միացյալ Նահանգները հստակ չի ասել, որ «Ղարաբաղը Ադրբեջան է», Վաշինգտոնի ձևաչափը կարող է տեղի չունենալ”։ Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի հետազոտական ​​կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը։

Փաստորեն, Բաքուն ընդունում է, որ Վաշինգտոնը չի ճանաչում Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Բաքվի ԱԳՆ-ի վերջին դեմարշը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ը Բաքվին ներկայացրել է որոշակի պահանջներ, որոնք չեն ենթադրում ահաբեկչական պատերազմի արդյունքների ճանաչում։ Սա կապ ունի՞ Արցախի կարգավիճակի հետ, որը նախկինում կոչվում էր «չլուծված խնդիրներ», թե՞ Բաքուն ուղակի գերադասում է ռուս-թուրքական հարթակը և թույլ չի տալիս Արևմուտքին մտնել տարածաշրջան։

Հայաստանի ղեկավարությունը, ըստ երևույթին, սպառել է «արևմտյան նախաձեռնությունները զսպելու» և միաժամանակ երկու գործիքի վրա խաղալու ռեսուրսը. ԵՄ-ն ընդլայնում է իր առաքելությունը Հայաստանում, Ֆրանսիան առաջարկում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի “հայամետ” բանաձև, իսկ Միացյալ Նահանգները ի տարբերություն Երեւանի Ղարաբաղը չեն ճանաչում որպես ադրբեջան։

«Ֆրանսիան մնում է բացարձակ չարիք Ադրբեջանի և խաղաղ գործընթացի համար։ Ֆրանսիայի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ներկայացված բանաձեւի նախագիծը հենց այս մասին է. սա երկկողմ ձեւաչափի հնարավորությունը տապալելու, ինչպես նաեւ արեւմտյան հայանպաստ միջնորդությունը պահպանելու բացահայտ ու անթաքույց նախաձեռնություն է։ Ադրբեջանական դիվանագիտության առջեւ խնդիր է դրված մարգինալացնել Ֆրանսիան արեւմտյան միջնորդության մեջ… խնդիրը բարդ է… բայց արժե փորձել», սա արդեն Հեյդար Ալիևի նախկին խորհրդական Էլդար Նամազովն է։

Ավելի վաղ Իլհամ Ալիևն ասել էր, որ «եթե Ռուսաստանի Դաշնության միջնորդությունը մերժվի հայկական կողմի կողմից, կարծում եմ, որ այլընտրանք կարող են լինել միայն Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների ուղիղ բանակցությունները»։

Տողի Սբ․ Ստեփանոս եկեղեցին․ Կորուսված հայրենիք

1991թ. հոկտեմբերի 30-ին հայկական ինքնապաշտպանական ուժերը ժամերի ընթացքում հաղթանակով պսակեցին Տողի ազատագրման ռազմագործողությունը: Փառավոր անուններով համալրվեցին հայոց ռազմի պատմության էջերը։ 32 տարի անց և արդեն 3 տարի այդ օրը հիշվում է պարտության, մեր պարտության դիրքերից։ Այն Տողը, որը շատ ծանր ու կորուստներով լի օրեր է տեսել, բայց երբեք չի հայազրկվել։ Այն Տողը, որը Մելիք Եգանի պես տիրակալ ու պետական գործիչ էր տվել, ով չթողեց, որ իր Հայաստանից գերի ընկնեն, հիմա գերված է Մելիք Եգանի Տողը, նրա երկիր Հայաստանը /Արցախ/։

Լինելով մելիքական աթոռանիստ, Տողն իր կենցաղով ու ապրելակերպով  տարբերվել է Դիզակի մյուս բնակավայրերից։ Այն պարսպապատ քաղաք–ամրոց է։ Տողն առանձնանում է նաև իր հարուստ պատմամշակութային միջավայրով, որը տեղեկատվական մի մեծ բազա է Տողի և շրջակա բնակավայրերի պատմության վերհանման համար։ Ստորև կանդրադառնանք մեր ժառանգության գանձարանից Տողի Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցուն։

Եկեղեցին գտնվում է գյուղի հարավ-արևմտյան մասում, Եղցու խութ կոչվող բարձունքում, ընդարձակ գերեզմանոցում։ Մակար Բարխուդարյանը նրա դռան ճակատակալ քարի վրա ժամանակին կարդացել է <<ՌՃՂԶ (1747թ.) Յիշատակ է սուրբ Ստեփանոս եկեղեցուս գլուխն, որ նորոգեց Մելիք Եգան և որդին Մելիք Եսային: Յիշատակ է հոգոյ>>: Դատելով արձանագրությունից, եկեղեցին գոյություն է ունեցել վաղուց, և Մելիք Եգանն ու որդին միայն վերանորոգել են նրա ծածկը։ Ապա շարունակելով Մակար Բարխուդարյանը գրում է, – եկեղեցիս խիստ հին է, առնվազն վեց հարյուր տարվա շենք է։

Եկեղեցին ուշ միջնադարում վերակառուցվել է կոպտատաշ քարերով և անկանոն շարվածքով, բայց ահա արևելյան, հարավային մասամբ հյուսիսային ճակատների ստորին հատվածներում պահպանված մեծածավալ սրբատաշ քարերով պատերը խոսում են կառույցի վաղեմության մասին։ Ըստ մասնագետների եկեղեցու հորինվածքը շատ նման է Գտչավանքի գավիթին։

Եկեղեցու պատերի մեջ տեղադրված են քրիստոնեական վաղ շրջանի բազմապիսի զարդաքանդակներով զարդարված ու թվագրություն ունեցող խաչքարեր։ Դրանք ոչ միայն բազմազան են ու խայտաբղետ, այլև ժամանակագրական առումով խաչքարերի մի ուշագրավ հավաքածու են կազմում, որոնք համարվում են 4-7րդ և 13-րդ դարերից մնացած կառույցների մնացորդներ։ Այստեղ կարելի է հանդիպել և պարզունակ հավասարաթև խաչքարերի և զարդաքանդակ խաչքարերի,  51 հատ։

Արտասովոր ձև ունեցող քանդակազարդ սյունը եկեղեցու դահլիճը բաժանում է երկու անհավասար մասերի (հյուսիսային մասն ավելի նեղ է): Նեղ մասում բազմաթիվ գերեզմանաքարեր կան: Կարծիք կա, որ Սուրբ Ստեփանոսը ժամանակին վանական համալիր է եղել։ Այդ է հաստատում աղոթասրահի հարավային պատի փոփոխությունը։ Աբսիդների կառուցումը չի թաքցրել երբեմնի գմբեթավոր եկեղեցու հիմնապատերը։ Դրանց հետքերը տեսանելի են ինչպես կառույցի ներսում, այնպես էլ դրսում՝ եկեղեցու հարավային ճակատային պատի շարունակությունը կազմող տարածության վրա։

Եկեղեցու շրջապատում, բլրի գագաթին ու լանջերին կան հեծյալների, զինվորների, որսորդների, երաժիշտների, գինու մատուցման տեսարաններով պատկերաքանդված հարյուրավոր հին տապանաքարեր, որոնք թեմատիկ բազմազանությամբ ու արվեստով առանձնահատուկ տեղ են գրավում համանման հուշարձանների շարքում։

Եկեղեցու և շրջակա հուշարձանների ճակատագիրն անհայտ է։

Արմինե Հայրապետյան

Եկեղեցու լուսանկարները Ալվարդ Գրիգորյանի

 

Ընտրությունը մեծ չէ՝ Արցախի պատգամավորները գոնե այսօր պետք է պատասխանատվություն ստանձնեն

Արցախի Հանրապետության բռնի տեղահանվածների կարգավիճակի քննարկմանը զուգընթաց հայ հասարակությունը քննարկում է նաև այն հարցը, թե ով պետք է բարձրացնի տեղահանվածների խնդիրները և պաշտպանի նրանց իրավունքները, բացի այն հասարակական կազմակերպություններից, որոնք գործում են Երևանում 2020 թվականից, երբ բռնի տեղահանվեցին Հադրութի, Շուշիի, Քարվաճառի, Քաշաթաղի շրջանների բնակիչները։

2023 թվականի սեպտեմբերին ծագած խնդիրներն արդեն առկա էին 2020 թվականին։ Դա կարգավիճակի, սոցիալական հարցերի, տեղահանվածներին բնակարանով ապահովելու, կորցրած գույքի ու բիզնեսի փոխհատուցման խնդիրներն են:

Հասարակական կազմակերպությունները փաստաբանների հետ քննարկումների միջոցով փորձում են գտնել այն հարցի պատասխանը, թե ինչն է ձեռնտու արցախցիներին՝ Հայաստանի քաղաքացիությո՞ւնը, թե՞ փախստականի կարգավիճակը Հայաստանի Հանրապետության ժամանակավոր պաշտպանության ներքո։ Մյուս կողմից, արցախցիներից շատերը չեն ցանկանում փոխել իրենց հայկական անձնագիրը, որը պարունակում է Արցախում գրանցման նշաններ։ Բայց ֆինանսական վիճակը շատերին ստիպում է համաձայնել փոխել անձնագիրը և ընդունել ՀՀ քաղաքացիություն։

Շատերը նախատեսում են դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ պատասխան ստանալու այն հարցին, թե արդյո՞ք կառավարության որոշումը, որում հաշվի չի առնվում Արցախի բոլոր բնակիչների հայկական անձնագրեր ունենալու հանգամանքը, համապատասխանում է Սահմանադրությանը։

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ ժամանակին Արցախի բնակիչներին 070 ծածկագրով հայկական անձնագրեր են տրվել՝ որպես ճամփորդական փաստաթուղթ, սակայն այս անձնագրերը չեն հաստատում Հայաստանի քաղաքացիությունը։

Այս մասին 2020 թվականի տեղահանվածներն արդեն լսել են երեք տարի առաջ, սակայն Հայաստանի կառավարությունը ոչ մի կերպ չի արձագանքել տեղահանվածների նամակներին ու կոչերին, որոնք պահանջում էին պարզաբանել, թե ո՞ր երկրի քաղաքացի են իրենց համարում ՀՀ իշխանությունները։

2021 թվականի գարնանը արցախցի տեղահանվածներին, ովքեր չեն ցանկացել վերադառնալ Արցախ, ասվել է, որ Հայաստանում նրանց համար սոցիալական ծրագրեր չեն լինելու, և Հադրութի, Շուշիի շրջանի բոլոր բնակիչները պետք է վերադառնան Արցախ, որտեղ նրանց համար բնակարանաշինություն է ընթանում, և որտեղ բոլորը կապահովվեն աշխատանքով։

Այն, ինչ տեղի ունեցավ հետո Արցախում, հայտնի է բոլորին. Տեղեկություններ չկան, թե ուր են գնացել ռուս-ադրբեջանական տանդեմի շրջափակման պատճառով կասեցված տեղահանվածների բնակարանաշինությանն ուղղված ֆինանսական ներդրումները։

Հենց այս խնդիրներն են ստիպում մի շարք արցախցիների պարտավորեցնել Արցախի խորհրդարանին շարունակել աշխատանքը, որպեսզի պաշտոնական մակարդակով հարցեր բարձրաձայնելու հնարավորություն լինի։ Բայց այստեղ մեծ դժվարություններ են առաջանում։

Նախ՝ ոչ ոք չի ուզում գործ ունենալ պատգամավորների հետ, ովքեր 3 տարի շարունակ չեն կատարել երկրի գլխավոր քաղաքական մարմնի իրենց գործառույթները։ Նրանք ձախողվեցին օրենսդիր մարմնի գործը բոլոր բնագավառներում։ Արդեն վերջին շրջանում տեղի ունեցավ անհասկանալի «իշխանափոխություն», երբ ամենապատասխանատու պահին օրինական ընտրված նախագահը հրաժարական տվեց, իսկ նրա փոխարեն 22 պատգամավոր նշանակեցին մի մարդու, ով հասկանում էր, որ պետք է ստորագրի Արցախի պետականության լուծարման մասին փաստաթուղթ։

Բայց մի կողմ թողնենք Շահրամանյանի՝ Արցախի բնակչության զանգվածային արտագաղթից մեկ ամիս անց արված պարզաբանումները, քանի որ նման «ինքնախոստովանություններով» պետք է զբաղվեն իրավապահները։

Ցավոք, վտարանդի արցախյան հասարակությունը ստիպված է ընտրություն կատարել պետականության պահպանման (այդ թվում՝ Հայաստանի) և ոչ ոքի վստահությունը չվայելող պատգամավորների աշխատանքի շարունակությունը պահանջելու միջև։

Ընտրություն պետք է կատարվի, քանի որ մենք չենք կարող կորցնել հայկական Արցախի իրավունքը 33 անձանց պատճառով, ովքեր չեն ցանկանում պատասխանատվություն ստանձնել։ Ամեն դեպքում, վերաբնակիչների իրավասության մեջ է ստիպել նրանց, գոնե հիմա, իրականացնել ժողովրդի կամքը։ Թե որքանով դա կհաջողվի, ցույց կտա ժամանակը:

Մարգարիտա Քարամյան

Փակ հանդիպում Մարիոթում․ ինչ են պայմանավորվել Շահրամանյանն ու ուրիշները

«Հրապարակ» թերթը գրել է. «Սամվել Շահրամանյանի մասնակցությամբ նախօրեին «Մարիոթում» տեղի ունեցած փակ հանդիպումը, թերեւս, առաջին վախվորած փորձն էր։ Եվ դա է պատճառը, որ որեւէ կառուցողական որոշում չի ընդունվել։ Շահրամանյանից բացի մասնակցում էին Հայաստանի եւ Արցախի հասարակական գործիչներ, մտավորականներ, սահմանադրագետներ, իրավաբաններ, մեկ-երկու քաղաքական գործիչ` Արցախից։ Հանդիպման նպատակը Արցախի պետական ինստիտուտների պահպանումն ու վտարանդի կառավարության ձեւավորումն էր։

Հանդիպումը փակ էր եւ մասնակիցներին քննարկման բովանդակությունը գաղտնի պահելու պարտավորագիր են ստորագրել տվել: Մեզ պատմեցին, որ հանդիպման զգալի ժամանակը վատնել են Շահրամանյանի ստորագրած հայտնի հրամանագիրը չեղարկելու հարցի անպտուղ քննարկման վրա։ Սահմանադրագետ-իրավաբաններից ոմանք մասնագիտական կարծիք են հայտնել, որ նախագահի որոշումն ինքնին իրավազոր չէ, քանի որ մեկ անձը չի կարող լուծարել պետությունը: Այդուհանդերձ, ոմանք պնդել են՝ եթե հրամանագիրը կա, այն չեղարկելու, ետ պտտելու մեխանիզմներ պետք է գտնել, եւ անհրաժեշտ է հատուկ աշխատանքային խումբ ձեւավորել, որը կքննարկի՝ ինչպես, երբ: Մի լուծման ճանապարհ է դիտարկվել այն, որ ԱՀ խորհրդարանը դիմի ԱՀ գերագույն դատարանին, որն էլ Սահմանադրությանը հակասող ճանաչի այն։

Քննարկման առանցքային թեմաներից է եղել նաեւ պետական ինստիտուտների պահպանման եւ բնականոն գործունեության հարցը: Արցախի նախագահը համաձայնել է ներկաների հետ, որ պետք է շարունակել պետական ինստիտուտների գործունեությունը, սակայն, թե ինչպես, ինչ միջոցներով՝ սպառիչ պատասխաններ չեն հնչել: Ներկաներից ոմանք արցախցի պաշտոնյաներին վստահեցրել են, որ փող կճարվի։ ԱՀ ներկայացուցիչները բավականին զուսպ, եթե չասենք զգուշավոր ու վախվորած են արտահայտվել ՀՀ իշխանությունների հասցեին, որեւէ քննադատություն, առավել եւս` վիրավորանք չի հնչել, հասկացրել են, որ դա միայն վնասելու է գործընթացին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ պարզ չէ, թե գործնականում ինչպես են կյանքի կոչելու քննարկման ժամանակ հնչած գաղափարը` ոչ մի որոշակիություն չկա։ Ներկաների համոզմամբ, դա կախված է Արցախի նախագահի եւ մյուս պաշտոնյաների վճռականությունից, ինչը մեր աղբյուրի տպավորությամբ՝ հուսադրող չէ։

Մի ուշագրավ հանգամանք եւս․ Մարիոթի հանդիպմանը չեն հրավիրել ՀՀ տիտղոսակիր ընդդիմության ոչ մի ներկայացուցչի։ Չնայած, մեր տեղեկություններով, նրանց` Հայաստան տեղափոխվելուց հետո խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, այդ թվում` Սեյրան Օհանյանը, Սամվել Շահրամանյանի հետ մի քանի անգամ զրուցել են եւ առաջարկել՝ ինչով կարող են օգնել: Շեշտել են, որ եթե արցախյան գործիչները որոշել են գործողություններ սկսել` Արցախի պետական ինստիտուտների պահպանման, Արցախի կարգավիճակի հետ կապված, ապա խորհրդարանական ընդդիմության «պադդերժկայի» վրա կարող են լիարժեք հենվել: Եթե կարիք կա` իրենք էլ քննարկումներ, ֆորումներ կկազմակերպեն այս թեմաներով։

Բայց ակնհայտ է, որ Սամվել Շահրամանյանն ու արցախյան էլիտան չեն ուզում ասոցացվել Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ անգամ ՀՅԴ-ի հետ։ Գուցե տեղի են տվել ՔՊ-ականների հարձակումների առաջ, գուցե ֆեյքաֆեյսբուքախառը զանգվածն է նրանց վրա ազդել: Իսկ գուցե արցախյան գործիչները հույս ունեն, որ սրանով Արցախի հարցը չի դառնա ներքաղաքական շահարկումների առարկա եւ իրեն չեն մեղադրի, թե իշխանության համար են կռիվ տալիս։

ԱՀ նախագահին մոտ կանգնած աղբյուրը վստահեցրեց, որ իրականում խնդիրը ոչ թե տարանջատվելն է, այլ Շահրամանյանն իրականում «պաուզա» է վերցրել, քանի որ մեկ նպատակ ունի՝ ամեն գնով լուծել արցախցիների` Արցախ վերադարձի խնդիրը, որի մասին իր հարցազրույցում էլ ասաց։ Այդ ծրագիրը կյանքի կոչելու նպատակով նա հանդիպումներ է ունենում արեւմտյան տարբեր երկրների դեսպանների, ինչպես նաեւ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիռկինի հետ: Հույս ունի, որ աշխարհաքաղաքական կենտրոնների միջոցով Արցախին միջանկյալ կարգավիճակ կշնորհվի եւ արցախցիները կվերադառնան Արցախ»:

 

«Ասում են, որ Լաչին և Զանգիլան տեղափոխվածներից շատերը վերադառնում են Բաքու»

«Ազադլըղ» ալիքը հրապարակել է ղարաբաղյան պատերազմի մասնակից Իլհամ Թումասի նամակը․

«Մեծ վերադարձ» ծրագրի իրականացման հետ կապված Լաչինից, Զանգիլանից և ազատագրված այլ տարածքներից տագնապալի լուրեր են ստացվում։ Քանի որ մարդկանց համար հարմար պայմաններ չկան իրենց տներում ապրելու համար, ասում են, որ այնտեղ տեղափոխվածներից շատերը վերադառնում են Բաքու։ Պարզվում է, որ ազատագրված տարածքներում գները՝ սկսած հանրային սննդի օբյեկտներից, վերջացրած խանութներից, թանկ են, և մարդիկ ոչ թույլտվություն ունեն, ոչ էլ հնարավորություն ունեն հողագործությամբ զբաղվելու համար։ Եթե ​​այսպես շարունակվի, բոլորը կփախնեն այնտեղից։ Գուցե ինչ-որ մեկը մեծ գումարներ է վաստակում «Մեծ վերադարձ» ծրագրի անվան տակ։

«Մարդկային կատակերգությունը» թողել է Մարտակերտում, տանը

Մարտակերտցի Գոհար Պետրոսյանը շրջափակման ընթացքում առողջության վատթարացման պատճառով Երևանում էր: Հիվանդանոցում ստուգման ժամանակ էին հայտնել, որ ճանապարհը փակ է, վերադառնալ չի կարողանա: Ճամպրուկի շորերը ամեն օր քանդում-հավաքում էր, մինչև որ Երևանում աշխատանք գտավ: Շոկոլադագործությունը շատ սիրեց՝ ընթացքն ու արդյունքը գոհացնում էին: Ընկերուհին առաջարկեց մնալ որպես մշտական աշխատող: «Երկընտրանքի առջև էի կանգնած: Մի կողմից աշխատանքն էր, որից իրոք մեծ բավականություն էի ստանում, մյուս կողմից էլ Արցախն էի կարոտում: Դիմեցի Կարմիր Խաչին ու հետ եկա»,-պատմում է Գոհարը: Արցախում ավելի հանգիստ էր իրեն զգում, չնայած արցախցու՝ արդեն սովորական դարձած զրկանքներին՝ սննդի սղությանը, էլեկտրաէներգիայի գրաֆիկով աշխատանքին և գազ չլինելուն:

Տարհանվելուց հետո եկել է Երևան և անմիջապես սկսել է աշխատել որպես շոկոլադագործ: Հույս ունի, որ պատվերները շատ կլինեն: Խոսքի մեջ անընդհատ նշում է հայրենիքը․ «Մարտակերտը փոքր քաղաք է՝ փոշոտ, ցեխոտ ու ժողովուրդն էլ կոպտություն ուներ: Պատերազմի ժամանակ հասկացա, որ հերոսական են, իրենց համառությունն էլ դրական երանգ ստացավ: Ամեն օր գլուխս դնում եմ բարձին և փորձում իմ ծննդավայրը մանրակրկիտ հիշել, մտապահել: Մտովի քայլում եմ փողոցներով: Ահա դպրոցը, ալրաղացը, հուշարձանը, հորս հուշաքարը․․․»:

Սոցիալական ցանցերում տարածված Արցախի տեսահոլովակները չի նայում, բայց հիշողությունների տարափը հանգիստ չի տալիս: Սահմանին կրակոցներ էին, իսկ իրենք թաղի երեխաներով ժենգյալով հացի կանաչիներ ու ծաղիկներ էին հավաքում: Ասում է, որ այս տեղահանությունից հետո կոփվել է, քանի որ սա իր համար երկրորդն է: 2015թ․ընդունվել է Շուշիի Ագրարային համալսարանի պարենամթերքի տեխնոլոգիաներ բաժինը, համատեղել աշխատանքը նույն ոլորտում: Փորձարկումները և լաբորատորիան իրենց խմբի տարերքն էին: Այնուհետև ստիպված էին նույն լաբորատորիան ստեղծել Ստեփանակերտում՝ զրոյից:

«Սեպտեմբերի 19-ին սկսեցին կրակել, ու ես չորեքթաթ տալով մոտեցա պատուհանին: Տեսարանը ապոկալիպսիս էր հիշեցնում: Հարևաններն իրար խառնված նկուղ էին փնտրում: Արագ իջնում էի ու լացում, քանի որ երկու եղբայրներս դիքերում էին: Ծանոթներիցս մեկը եղբորս անունը կարդացել էր զոհերի ցուցակում: Մենք արդեն գլուխներս կորցրել էինք, երբ պարզվեց, որ սխալմունք է»,-ասում է նա:

Տան իրերից շատ բան վերցնելու ժամանակ չկար: Միայն անձնական Աստվածաշունչն է վերցրել, իսկ իր սիրած գիրքը՝ Բալզակի «Մարդկային կատակերգությունը» թողել է՝ ճամպրուկում տեղ չկար: Ինչքան մեծ է եղել զարմանքը, երբ Երևանի իր նորավարձ բնակարանի դարակի գրքերն ուսումնասիրելիս տեսել է այդ գիրքը:

Տաթեւ Ազիզյան

 

Հայրս երկու անգամ է Բաքվից զանգահարել․ ի՞նչ է պատմում Դավիթ Իշխանյանի որդին

yerkir.am

Հայրս երկու անգամ է Բաքվից զանգահարել, առանձնակի ոչ մի բան չենք խոսել․ այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի որդին։

«Տեսակապով չենք խոսել, սովորական հեռախոսազանգ է եղել,  առաջին անգամ հոկտեմբերի 10-ին է զանգահարել, 2-րդ անգամ՝ հոկտեմբերի 13-ին։ Առողջական վիճակը լավ է, մեկ անգամ էլ, իմ տեղեկություններով, կարմիր խաչից են այցելել հորս (Դավիթ Իշխանյանին)»,-ասաց Արմեն Իշխանյանն ու ընդգծեց՝ անձամբ իրեն է զանգել և իր հետ է խոսել։

«Ապրումները հեշտ չեն, ծանր են, սպասում ենք»,- ասաց Արմեն Իշխանյանն ու խնդրեց այլ հարցեր չհնչեցնել։

Հիշեցնենք, որ Դավիթ Իշխանյանը Լեռնային Ղարաբաղի 3 նախկին նախագահների հետ գերեվարվել է հոկտեմբերի սկզբին։ Բաքուն նրան մեղադրում է ահաբեկչության համար։ Իշխանյանը, ինչպես և նախկին նախագահները 4 ամսով կալանավորվել են։

 

Էրդողան. Երբ Կենտրոնական Ասիայից թուրքերը եկան տարածաշրջան, Ալիևն արդեն այնտեղ էր

Աստանայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների թեմային. «Կարևոր է ապահովել կապը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Այս երթուղու բացումը կնպաստի ողջ տարածաշրջանի բարգավաճմանը, ինչպես նաև Թուրքիան կկապի մեր նախնիների հայրենիքի՝ Կենտրոնական Ասիայի հետ»։

Փաստորեն, Էրդողանն ասում է, որ թուրքերը մեր տարածաշրջան են ժամանել Կենտրոնական Ասիայից (նախկինում նա ասել էր, որ դա առաջին անգամ եղել է մոտ հազար տարի առաջ)։ Նրա «կրտսեր եղբայր» Ալիևը, սակայն, պնդում է, որ այդ հողերը միշտ իրենցն են եղել, հայերն այստեղ հայտնվել են ոչ մի տեղից, իսկ Հայկական լեռնաշխարհն իրականում անվանվել է ալբանական։

Ըստ ամենայնի, երբ Միջին Ասիայից թուրքերը ժամանել են տարածաշրջան, Ալիևն արդեն նրանց սպասում էր ալբանական ուղղափառ խաչով։

Ադրբեջանում հայտարարել են Մադաթ Բաբայանի գերեվարման մասին

Ադրբեջանում հայտարարել են Մադաթ Բաբայանի գերեվարման մասին։

Ինչպես տեղեկացրել է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությանը (ՊԱԾ), Բաբայանն իբր գերեվարվել է Քարվաճառի (Քելբաջարի) շրջանում, «ահաբեկչական գործողությունների կատարման կասկածանքով, ազգային թշնամանք հրահրելու մտադրությամբ»։ Մադաթ Առաքելի Բաբայանին վերագրվում է նաեւ մասնակցություն «անօրինական զինված կազմավորումներին»։

Բաքվում հասցրել են Բաբայանին մեղադրել «Խոջալուի 1992թ. փետրվարի 26-իի ցեղասպանությանը մասնակցելու» մեջ։

Թե երբ է գերի վերցվել Բաբայանը՝ ՊԱԾ-ն չի տեղեկացնում։