Բայդեն. Սենատն արգելափակել է Ուկրաինային օգնությունը Թրամփի սպառնալիքների պատճառով

DW

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խիստ քննադատության է ենթարկել հանրապետական ​​սենատորներին սահմանների անվտանգության և Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու վերաբերյալ երկկողմանի համաձայնագրի արգելափակման համար։ «Ես երբեք չէի մտածի, որ Կապիտոլիումի բլրի վրա կտեսնեմ այնպիսի մի բան, ինչպիսին հիմա է կատարվում», – հաղորդում է ամերիկյան CNN հեռուստաալիքը Բայդենի խոսքերը։

Սպիտակ տան ղեկավարը մեղադրել է իր հակառակորդին՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, որ կանչում է օրենսդիրներին և սպառնում հաշվեհարդարով, եթե նրանք աջակցեն օրինագծին։ Հանրապետականները չաջակցեցին համաձայնագրին, քանի որ նրանց «կանչել և սպառնացել է Դոնալդ Թրամփը», ասել է Բայդենը։

Չորեքշաբթի օրը՝ փետրվարի 7-ին, ԱՄՆ Սենատի հանրապետականները չկարողացան քվեարկել օրինագծի շուրջ, որը նոր օգնություն կցուցաբերի Ուկրաինային և Իսրայելին, ինչպես նաև խստացնում է երկրի ներգաղթի մասին օրենքները: Փաստաթուղթը, որը մի քանի օր առաջ հաստատվել էր ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների կողմից, ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում չի ստացել անհրաժեշտ 60 ձայնը։

Հանրապետական ​​կուսակցությունից նախագահի գլխավոր թեկնածու Դոնալդ Թրամփը նախկինում քննադատել է համաձայնագիրը և կոչ արել իր գործընկերներին որևէ փոխզիջման չգնալ սահմանների պաշտպանության հարցում։

Հիմա էլ ասում են՝ 1989 թ․ դեկտեմբերի 1-ի որոշումը ուժ չունի․ Երեւանում են ասում

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց․ «Պարո’ն Փաշինյան, երբ դուք կասկածի տակ եք դնում Սահմանադրության լեգիտիմությունը, դա նշանակում է նաեւ, որ համաչափ կասկածվում է ձեր իշխանությունը։ Եթե ձեր իրավախորհրդատուները պատշաճ լինեին, կասեին, որ որեւէ միջազգային պայմանագիր չի կարող անցնել օրինական վավերացման ընթացք, եթե հակասում է ՀՀ Սահմանադրությանը»։

Արծվիկ Մինասյանը նշեց, որ Սահմանադրության ներածական մասը որեւէ ձեւով չի կարող մեկնաբանվել Ադրբեջանից տարածքային պահանջների կոնտեքստում։

«Այն ժողովրդին ինքնորոշման իրավունքի՝ միջազգային մակարդակով պաշտպանված սկզբունքի իրացումն է մեր ներպետական օրենսդրության մեջ»,- հավելեց պատգամավորը։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Դուք ասում եք՝ Սահմանադրությանը հակասող, նկատի ունենալով 1989 թվականի Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը։ Բայց հիմա հենց ընդդիմության ներկայացուցիչներն են հայտարարում, որ այդ որոշումն իրավական ուժ վաղուց չունի, որովհետեւ 1991 թվականին Խորհրդային միության սահմանադրական հանձնաժողովն այն ճանաչել է Խորհրդային միության Սահմանադրությանը հակասող, եւ հետեւաբար այդ փաստի բերումով իրավական ուժ չունի»։

Այսօրվա կառավարություն-Ազգային ժողով հարց ու պատասխանը դիտելիս մեկ-մեկ թվում էր, որ դա Երեւանում չէ, եւ մեկնաբանությունները հայերեն չեն հնչում։ Եթե Երեւանում լիներ, Հայաստանի ղեկավարները հայկական շահերից կխոսեին, ոչ թե կհերքեն հայանպաստ այն փաստարկները, որոնք նույնիսկ մեր թշնամիներն են ճանաչում։

Փաշինյանը անմոռաց հերքում է Հայաստանի վերապահումները Արցախի մասին

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ալմաթիի հռչակագրի վերապահումների հարցին։

«Անընդհատ ինձ հարց եք տվել՝ բա վավերացման ժամանակ վերապահումներին ինչո՞ւ չեք անդրադառնում։ Միջազգային եւ տեղական օրենսդրության համաձայն, երբ մի երկիր վերապահում է անում, այդ վերապահումը նաեւ Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ պետք է ծանուցվի ավանդապահին։ Բայց մենք շատ վաղուց հետազոտում ենք այդ հարցը եւ արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ավանդապահին չի ծանուցել դրա մասին։ Հետեւաբար, միջազգային իրավահարաբերությունների տեսակետից այդ վերապահումները որեւէ իրավական ուժ չունեն։ Եվ, հետեւաբար, 1991 թվականի Ալմաթիի հռչակագիրն այդ վավերացման եւ հետագա չծանուցման փաստով հստակ եւ աներկբա արձանագրել է, թե որն է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Այնպես որ, ձեր ասած խոչընդոտը չկա»,- հայտարարեց Փաշինյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ 1993 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը պաշտոնապես անդամակցել է ԱՊՀ-ին, իսկ արձանագրության երկրորդ մասի համաձայն՝ երկրի համար առկա սահմաններ արտահայտությունն ուժի մեջ է մտնում իր պաշտոնական անդամակցության պահից։ Այսինքն՝ անգամ եթե Հայաստան-Ադրբեջան սահմանագիծը դիտարկում ենք Ալմաթիի հռչակագրի ու դրա հենքի վրա արձանագրության տեսանկյուից, 1993 թվականի սեպտեմբերի դրությամբ ի՞նչ առկա սահման կամ շփման գիծ է եղել։

«Այո’, ռեեստրում չկա վերապահումը, բայց դուք Հայաստանը ներակայացնող պաշտոնատար անձն եք, պետք է հետամուտ լինեք՝ ինչո՞ւ չի հասել այնտեղ, ովքե՞ր են մեղավոր եղել։ Միաժամանակ դա չի վերացնում այն վերապահումը, որը կատարել է Հայաստանի խորհրդարանը»,- ասաց Մինասյանը։

«Փաշինյանն այսօր գաղտնի գրիֆով Ադրբեջանի հետ փաստաթղթի նախագծից բառացի մեջբերեց մի կետ»

«Այսօր Ազգային ժողովում արտառոց բան կատարվեց․ Նիկոլ Փաշինյանն այսօր գաղտնի գրիֆով Ադրբեջանի հետ փաստաթղթի նախագծից բառացի մեջբերեց մի կետ»,- ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Խաղաղության պայմանագրում մի համաձայնեցված հոդված, ըստ որի՝ կողմերը չեն կարող հղվել իրենց օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որեւէ պարտավորություն չկատարելու համար»։

Գեղամ Մանուկյանը նշեց, որ որքան հիշում է, այս դրույթը ներառելն ադրբեջանական կողմի առաջարկն է եղել։ «Սա նաեւ ինքնախոստովանական ցուցմունք է, որովհետեւ որեւէ Սահմանադրական դատարան որեւէ միջազգային փաստաթուղթ չի կարող համարել սահմանադրական, որը կհամարվի վեր ՀՀ օրենսդրությունից։ Եվ վերջին օրերին, երբ կրկնում ենք, որ նոր Սահմանադրության գաղափարը ծնվել է հենց այդ փաստաթղթի պահանջով, հենց այս կետն է, որ նոր Սահմանադրությունով հնարավոր է Սահմանադրական դատարանի հետագա եզրակացությունը շրջանցել»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիան մտադիր է վերսկսել աշխատանքը Հայաստանում

Արցախից ներքին տեղահանվածների սոցիալական և իրավական կարիքները արժանահավատորեն արձանագրելու համար անհրաժեշտ է վերսկսել Արցախի արհմիությունների ֆեդերացիայի աշխատանքը։

Այս կարծիքը հայտնեց Արցախի արհմիությունների ֆեդերացիայի նախկին նախագահ Արա Ղահրամանյանը՝ հավելելով, որ ֆեդերացիան մտադիր է իր գործունեությունը համակարգել Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի հետ, որի հետ արդեն կապ ու համագործակցություն է հաստատվել։

«Արցախում ֆեդերացիան լայնածավալ գործունեություն է ծավալել սոցիալական խնդիրների լուծման, զբաղվածության, իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Կառավարության առջեւ խնդիրներ ենք դրել եւ դրանց մեծ մասի լուծմանը հասել ենք։ Հայաստանում մեր քաղաքացիները դժվարություններ ունեն աշխատանքի տեղավորման, կառավարության որոշումները հասկանալու, իրավական խնդիրների առումով։ Մենք մեր աշխատանքի վերսկսումը համարում ենք անհրաժեշտություն, և դա միայն օգուտներ կտա։ Արցախի քաղաքացիները հնարավորություն ունեն կապ հաստատել Արցախի ֆեդերացիայի հետ, իսկ մենք հնարավորություններ կգտնենք լուծելու խնդիրները։ Մենք պարտավոր ենք վերսկսել աշխատանքը Հայաստանում և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի օգնությամբ ՀՀ կառավարությանը փոխանցել Արցախի քաղաքացիների շահերը»։

Ղահրամանյանն ասաց, որ արդեն որոշակի աշխատանքներ են կատարվել՝ օգնություն ցուցաբերել, զբաղվածություն ապահովել։ Արցախի Հանրային խորհրդի աջակցությամբ բոլոր մարզերում սկսվում են ներքին տեղահանվածների կարիքների գնահատման աշխատանքները։

Ալվարդ Գրիգորյան

Գաղափարից` նախաձեռնություն. Բենթո տորթերի արտադրությունը Արցախից` Հայաստան

«Սյուզն Բենթո բլոգի» երիտասարդ հիմնադիր Սյուզաննա Բաղդասարյանի կարգախոսը հետևյալն` ձեր բենթոները իմ մոտեցմամբ:

Մրցակցային շուկայում նրա յուրաքանչյուր ստեղծագործությունը կարելի է որակել որպես ինքնատիպ և նորաոճ:

Բենթո տորթեր պատրաստելու գաղափարը ծագել է Ստեփանակերտում, իր երեխայի ծնվելուց հետո: «Քանի որ յուրաքանչյուր նորաթուխ մայրիկ ժամանակավոր հրաժարվում է իր հիմնական գործից, հետևաբար ունենում է հոբբիով զբաղվելու կարիք: Համենայնդեպս ես չէի կարողացել անգործ նստել տանը, բայց փոքրիկի հետ չէր ստացվում տնից դուրս աշխատել: Դրա համար որոշեցի զբաղվել ինձ հոգեհարազատ աշխատանքով: Մտերիմներիս հավաստիացմամբ ինձ մոտ թխվածքները լավ էին ստացվում: Սկսեցի հետևել շատ հայտնի բլոգերների, ովքեր զբաղվում են բենթո տորթերի արտադրությամբ: Հետո մտածեցի, որ գրագետ և պլանավորված ձևով բլոգ վարելը պետք է դառնա իմ առօրյայի մի մասը: Մի կողմ թողեցի բոլոր բարդույթներս և կարողացա հաջողության հասնել բլոգ վարելու հարցում: Արդեն ունեմ մեծաքանակ հետևորդներ: Ամենագլխավորն այն էր, որ ուզում էի իմ կարգավիճակում գտնվող մայրիկներին ցույց տայի, որ հնարավոր է առօրյան հետաքրքիր կազմակերպել: Իմ երեխայի համար գնումներ կատարելիս նշում էի, թե որտեղից եմ կատարում, գուցե ինչ-որ մեկին օգտակար կլիներ: Բայց ի սկզբանե նշեմ, որ դոմինանտ դերում գումար վաստակելը չէր: Սկզբից այն իմ սիրելի զբաղմունքն էր, որը հետագայում վերածվեց եկամտի աղբյուրի: Ամեն պատվերից հետո բացահայտումներ էի անում և հասկանում էի` ինչը պետք է փոխեմ, թարմացնեմ»,-պատմում է Սյուզաննան:

Յուրաքանչյուր նախաձեռնության հիմքը Արցախի զարգացումն ու ծաղկումն էր, և Հայաստան գալուց հետո հեշտ չէր բաց թողնել անցյալն ու ամեն ինչ սկսել նոր էջից: Չարաբաստիկ դեպքերից հետո կորել էր եռանդն ու ստեղծագործելու ունակությունը: Այնինչ, հանգամանքները ստիպում էին գործել ոչ թե ըստ ցանկության, այլ ըստ անհրաժեշտության: Սյուզիի ընտանիքը դեռ նոր էր հաշտվել ծննդավայրի կորստի, փախստականի կարգավիճակ ստանալու հետ, երբ բնակվարձերի թանկացման պատճառով ստիպված էր նոր գործիքներ պատվիրել և արագ վերսկսել բենթո տորթերի արտադրությունը:

«Պետք է թողնեինք Արցախը: Ահավոր էր տեսնել այն անկյունը, որտեղ դու աշխատում էիր, ստեղծագործում էիր, տեսնել քո գործիքները, որոնց այլևս ձեռք չես տա… Որովհետև չէիր գիտակցում, թե ինչ է կատարվում և ինչ պետք է քեզ հետ վերցնես: Կարծես մի վայրկյանում ամեն ինչը զրոյացավ: Այդ պահից ամեն ինչ ավարտված էր թվում»:

Չնայած տխրությանը և կարոտին` Սյուզաննան նոր վայրում փորձում է հաճախորդներ ձեռք բերել և շարունակել բլոգ վարել: Ապագայի հետ կապված պլաններ շատ կան: Մտադիր են մնալ Հայաստանում և նորույթներ մտցնել շուկա:

Տաթև Ազիզյան

Որքա՞ն է Հայաստանի մշտական բնակչության թիվը

Հայաստանի մշտական բնակչությունը 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ 2 մլն 990.9 հազար մարդ է: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  մշտական բնակչության թիվն ավելացել է 53.4 հազարով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալներից հետևում է, որ 2023-ի հունվար-դեկտեմբերին ՀՀ բնակչության թվաքանակի փոփոխության առաջնային բաղադրիչը եղել է միգրացիոն մնացորդը: Նախնական տվյալներով՝ մինչև 2024-ի հունվարի 1-ը ներառյալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությունից ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվել է 41.4 հազար մարդ: Մինչդեռ, բնակչության բնական հավելաճը (ծնվածների և մահացածների թվի տարբերությունը) 2023-ին կազմել է ընդամենը 12 հազար մարդ:

2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՝ երկրի 71 համայնքների 49 քաղաքներում բնակվում է 1 մլն 915.3, իսկ 953 գյուղերում՝ 1 մլն 075.6 մարդ: Ընդ որում՝ մայրաքաղաքն ունի 1 մլն 104.2 հազար բնակիչ: Հաշվետու ժամանակաշրջանում Երևանի բնակչության աճը 15.6 հազար մարդ է:

Մարզերից բնակչության թվով անվիճելի առաջատարն է Կոտայքը (278 հազար մարդ), որին հաջորդում են Արմավիրը (259.4), Արարատը (255.8), Շիրակը (237.9), Լոռին (225.3), Գեղարքունիքը (213.2), Արագածոտնը (131.5), Սյունիքը (119.5), Տավուշը (117.1) և Վայոց ձորը (49):

Անցած մեկ տարում բնակչության ամենամեծ աճը գրանցվել է Կոտայքում (7.3 հազար մարդ), ամենացածր ցուցանիշը Վայոց Ձորում է (1.6): Մարզերից քաղաքային բնակչության ամենամեծ աճը Կոտայքում է (4.7 հազար մարդ), ամենաքիչը՝ Շիրակում (1.1): Գյուղական բնակավայրերում բնակչության ամենամեծ աճը գրանցվել է Արմավիրում և Կոտայքում՝ 2600-ական մարդ, ամենացածր թիվը՝ Վայոց ձորում և Տավուշում՝ 300-ական:

2023 թվականից սկսած բնակչության թվի ընթացիկ հաշվառումն իրականացվում է 2022թ. մարդահամարի արդյունքների հիման վրա:

Կարելի է, օրինակ, հրաժարվել պարտադիր զինծառայությունից

«Չորրորդ Հանրապետություն ասելով՝ ներքին իմաստով նկատի ունեմ ընդունված նոր Սահմանադրություն, ոչ թե Սահմանադրության փոփոխություն։ Սահմանադրություն, որն ընդունվել է ժողովրդի կողմից, եւ մարդիկ ընդունում են, որ մեծամասնությունը կողմ է քվեարկել»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ կառավարությունը եւ կառավարող քաղաքական ուժը չունեն սեղանին դնելու փաթեթ, որ ասեն՝ մենք սա ենք առաջարկում։

«Դա վատ չէ, դա ընդհակառակը լավ է, որովհետեւ նախ հանրության մեջ պետք է տեղի ունենան քննարկում, թե ինչի մասին է, ինչի համար է։ Դրա հետ կապված շատ մեծ քննարկումներ ու շփոթություն կա։ Բայց ես կարեւոր եմ համարում, որ նախ խոսակցություն տեղի ունենա, ըմբռնում ձեւավորվի, որ դա կարեւոր է, հետո անցնել բովանդակությանը»,- ասաց նա։

Փաշինյանի այս հայտարարությունը վկայում է, որ հասարակությանը դեռ վախենում են միանգամից դեմ տալ այն ամենը, ինչ նախատեսվում է նոր Սահմանադրության մեջ։ Դեռ չեն հստակեցրել քաղաքական տեխնոլոգիաները։ Օրինակ՝ Պուտինը իր քաղաքական “հավերժությունը” Սահմանադրության մեջ ամրագրել է թոշակների եւ այլ սոցվճարումների բարձրացման հարցերի հետ մեկ փաթեթում։ Ո՞վ դեմ կքեարկեր։ 

Նման մի բան էլ լինելու է Հայաստանում։ Ամենակարճ ճանապարհը՝ պարտադիր զինակոչից հրաժարվելն է։ Դրանով կարելի է եւ հազարավոր քվեներ ապահովել, եւ դենացիֆիկացիայի եւ դեմիլիտարիզացիայի պահանջը կատարել։

Հռոմի ստատուտը Պուտինի՞, թե՞ Ալիեւի դեմ է

«Երբ ձեր կառավարությունը ներկայացրեց եւ ձեր քաղաքական մեծամասնությունը վավերացրեց Հռոմի ստատուտը, մեկ հիմնական հիմնավորում էր բերվում առ այն, որ դա հնարավորություն կտա պատասխանատվության ենթարկել ադրբեջանցի այն հանցագործներին, որոնք հանցագործություն են կատարել զինվորների, գերիների նկատմամբ, գլխատել են, պղծել են կին զինծառայողների մարմիններն։ Ես հրապարակավ մի քանի անգամ արտահայտվեցի, որ ես շատ կասկածում եմ, որ այս կառավարությունն ադրբեջանցի կիրթ եւ կառուցողական իրենց գործընկերների նկատմամբ հետապնդում կսկսի Միջազգային քրեական դատարանում։ Որպեսզի իմ կասկածները հիմնավորվեն կամ ցրվեն, կխնդրեմ տեղեկացնել՝ ձեր կառավարությունն արդյոք որեւէ քայլ ձեռնարկե՞լ է ադրբեջանցի հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար։ Վերջիվերջո, մենք հասկանում ենք, որ կին զինծառայողների մարմինը պղծել է ոչ թե ինչ-որ շարքային ասկյար, այլ հենց ինքը՝ Ալիեւը, իր խրախուսմամբ ու թողտվությամբ է կատարվել այդ ամենը»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արդարադատության նախարարին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Գրիգոր Մինասյանն ասաց, որ դեռեւս 7 օր է՝ ինչ Հռոմի ստատուտն ուժի մեջ է մտել։ «Լավ չհասկացա՝ ինչո՞ւմ էր ձեր հարցի սարկազմը, սա կոնկրետ միջազգային պայմանագիր է, որը վավերացրել ենք, որը մեզ հնարավորություն է տալիս ռազմական հանցագործությունների բացահայտման համար միջազգային գործիքակազմ ներառել մեր օրենսդրության ու փորձի մեջ»։

Արթուր Խաչատրյանը նշեց, որ անձամբ Ալիեւը պետք է պատասխանատվության ենթարկվի․ «Ամենի պատասխանատուն եւ մեղավորը Իլհամ Ալիեւն է, նա է ցեղասպանության կազմակերպիչը եւ ցեղասպանություն իրականացնողը։ Դուք ցեղասպան Ալիեւի դեմ հայց ներկայացնելու եք, թե՞ ոչ։ Եթե այո, ե՞րբ, եթե ոչ՝ ինչո՞ւ»։

Նախարարն ասաց, որ միջազգային նման պայմանագրերի վավերացումը եւ ներմուծումը պետական համակարգ ստիպում է թե մեր կառավարությանը, թե հետագա բոլոր կառավարություններին գործել հենց միջազգային սկզբունքների համաձայն։ Եթե ֆիքսվում է մեղքի առկայությունը, բնականաբար, լինելու է նաեւ պատասխանատվություն հենց կոնվենցիայի շրջանակներում։

Պատերազմ Սյունիքի համար. անխուսափելիության սցենար

Սյունակ

Ադրբեջանը որոշում է ընդունել հարձակվել Հայաստանի վրա։ Ինչքան էլ Հայաստանի իշխանությունները փորձեն հասարակության մեջ կեղծ խաղաղության օրակարգ մտցնել, պատերազմն անխուսափելի է։

Բազմաթիվ վարկածներ կան, թե ինչու Իլհամ Ալիևը որոշեց արտահերթ ընտրություններ անցկացնել։ Սրա պատճառները պետք է փնտրել ռուս-թուրքական տանդեմի ծրագրերում։ Արցախի օկուպացիան և էթնիկ զտումները Հայաստան ներխուժման նախապատրաստություն էին։ Ռուս-թուրքական տանդեմին Սյունիքով միջանցք է պետք. Ռուսաստանը Թուրքիայի հետ սահման չունի, և հաշվի առնելով Արևմուտքի հետ առճակատումը, նրան անհրաժեշտ է մուտք դեպի Թուրքիա։ Ռուսաստանին և Թուրքիային անհրաժեշտ է Հայաստանի մասնատման մասին Կարսի նոր պայմանագիր։

Յուրաքանչյուր երկիր այդ ամենի մեջ իր դերն ունի։ Թուրքիան ծրագրում է ներխուժումը, Ադրբեջանը ռուս-թուրքական տանդեմի ռազմաքաղաքական ծրագրերն իրականացնող գործիք է, Ռուսաստանը քաղաքական ծածկույթ է ապահովում։ Կարևոր դեր են խաղում Հայաստանի իշխանությունները, որոնք երաշխավորում են, որ չեն դիմելու ՄԱԿ-ին կամ այլ միջազգային կազմակերպություններին։ Փաշինյանը նույնն արեց 2023-ի վերջին պատերազմի և Արցախում էթնիկ զտումների ժամանակ։ Ֆրանսիան նախաձեռնեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գումարումը, իսկ Հայաստանի իշխանությունները տապալեցին բանաձեւի ընդունումը՝ հայտարարելով, որ արցախահայությանը վտանգ չի սպառնում։

Հայաստանի իշխանությունները պատրաստ են միջանցք տրամադրել. Այս պայմանը նշված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Բայց Արեւմուտքը դեմ էր դրան՝ հասկանալով, որ Սյունիքով անցնող միջանցքը հենց Մոսկվային է պետք։ Հանձնվելն արդարացնելու համար ռազմական արկածախնդրություն է պետք. Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, վարժանքներ է անցկացնում, օդային հետախուզություն է իրականացնում ՀՕՊ համակարգերը բացահայտելու համար։

Մարտական ​​գործողություններ են ծավալվելու շփման գծի ողջ երկայնքով։ Սակայն հիմնական թիրախը, այսպես կոչված, Բաղանիսի և Տիգրանաշենի անկլավներն են։ Հայկական մարտական ​​հերթապահություն իրականացնող զորամասերը դիմադրելու են՝ կատարելով իրենց առջեւ դրված մարտական ​​խնդիրը. Բայց բանակի ղեկավարությունը ոչ մի միջոց չի ձեռնարկի այդ ստորաբաժանումներն ուժեղացնելու և համալրելու համար։ Այս ամենն անշուշտ կբերի առաջնագծի բեկման։

Ավելին, հայկական հատուկ ծառայությունները ճանապարհներին բլոկպոստեր են տեղադրելու, որպեսզի թույլ չտան որեւէ մեկին օգնության հասցնել։ Այդ անցակետերը հետո լուռ կփոխանցվեն ռուսական հատուկ ծառայություններին։ Կրեմլն ավանդաբար կհայտարարի իր պատրաստակամությունը ապահովելու հայերի անվտանգ անցումը Սյունիք և Վրաստան։ Ռուս զինվորականները ապահովել են նաեւ Լաչինի միջանցքով երթեւեկության անվտանգությունը։ Եվ ոչ միայն երթեւկության: Բայց դա չխանգարեց, որ Արցախում տեղի ունենա էթնիկ զտումներ։ Հենց ռուս զինվորականների քթի տակ։

Ռազմական արկածախնդրությունը կավարտվի կապիտուլյացիայի ստորագրմամբ՝ նոր եռակողմ հայտարարությամբ, որը նախատեսում է Սյունիքով անցնող միջանցքը հանձնել ռուսական վերահսկողության տակ։ Ի դեպ, Իրանը դեմ չի լինի, որ ռուսական կողմն ապահովի երթեւեկությունն ու անվտանգություն, Իրանի համար անընդունելի էր թուրքական վերահսկողությունը, քանի որ դա նվազեցնում է նրա դերը որպես տարածաշրջանային խաղացող։ Հայտարարության մեջ կներառվի նաև Հայաստանի ապառազմականացման մասին կետ, ինչպես եղավ Արցախում։

Հայաստանի դեմ պատերազմն անխուսափելիորեն կհանգեցնի Արևմուտքի պատժամիջոցների, իսկ արդյունքում՝ Ադրբեջանի տնտեսության և սոցիալական լուրջ խնդիրների։ Ահա թե ինչու Ալիեւը գնաց արտահերթ ընտրությունների։ Նրան անհրաժեշտ է հասարակության մանդատ՝ Արևմուտքի հետ հարաբերությունները խզելու համար։ Նա պետք է հասարակության մեջ սերմանի, որ «սոցիալական խնդիրները Ղարաբաղի գինն են»։ Ադրբեջանական մամուլում գերիշխող նարատիվն այն է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Ադրբեջանին զրկել հաղթանակից:

ԵԽԽՎ բանաձեւը կարմիր քարտ էր Ադրբեջանի համար. Բայց կարծես թե Բաքուն արդեն որոշում է կայացրել։ Հարցն այն է, թե պատերազմը կսկսվի Ալիևի երդմնակալությունից հետո՞*, թե՞ Կրեմլը հրաման է տվել սպասել Պուտինի վերընտրությանը։ Բայց սրանք ընդամենը մանրամասներ են։

* – Ադրբեջանի Սահմանադրական դատարանը ընտրությունների արդյունքները պաշտոնապես կհրապարակի քվեարկության օրվանից յոթ օրվա ընթացքում։ Երդմնակալության արարողությունը կանցկացվի ևս երեք օր հետո։

Տիգրան Պետրոսյան

«Կա իրողություն, որն ստեղծվել է պատերազմից հետո»․ Ալեն Սիմոնյան

«Որեւէցե մեկը չի ասում, որ Ադրբեջանը եւ Թուրքիան թշնամաբար չեն տրամադրված մեր հանդեպ, դա փաստ է։ Եվ նաեւ պետք է արձանագրենք` բա մենք ինչպե՞ս ենք տրամադրված մեր հարեւան երկրների նկատմամբ այս վերջին, կարելի է ասել, 100 ամյակի ընթացքում։ Նույն ձեւ թշնաբար ենք տրամադրված եղել եւ նույնպես թշամի ենք հանդիսանում մեր հարեւանների համար։ Իրենք էլ մեզ են այդպես ընկալում։ Լավ, բա հարցը ո՞նց ենք լուծելու»,- այսօր Ազգային ժողովի նիստում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նշեց, որ իրենք ուզում են Հայաստանն ապահովագրել։ «Ասում եք, որ մենք բերում ենք թուրքական, ադրբեջանական ինչ-որ բաներ ենք ասում։ Ոչ, դա իրականությանը չի համապատասխանում, մենք ուզում ենք մեր երկիրն ապահովագրենք հետագա այն զարգացումներից, որին մեր երկիրը պատրաստ չէ եւ չի էլ կարող պատրաստ լինել՝ էլի օբյեկտիվ պատճառներից ելնելով։ Դա է ընդամենը, այսինքն՝ կա իրողություն, որն ստեղծվել է պատերազմից հետո»։

Ալեն Սիմոնյանը նաեւ հարցադրում արեց․ «Կարո՞ղ է մենք նաեւ մի իրավիճակի մեջ ենք հայտնվում, երբ ուղղակի մեր հակառակորդ երկրներն օգտվում են այս իրավիճակից, եւ մենք դա չենք նկատում։ Եվ ես խոսում եմ ոչ միայն Թուրքիայի ու Ադրբեջանի մասին։ Երբ դուք ասում եք՝ մենք մեր սխալներն ունենք, այո, մենք էլ մեր սխալներն ունենք։ Իսկ կարող է այդ սխալների մեջ մտնում է նաեւ այն, որ նրանք օգտվում են, եւ մենք դա չենք նկատում եւ ջո՞ւր ենք լցնում իրենց ջրաղացին։ Անում ենք մենք այդ բանը՝ չհասկանալով։ Բավական է մի հատ ադրբեջանական նարատիվ նետվի շրջանառության մեջ, թե մենք, թե դուք, թե լրատվամիջոցները վերցնում են այդ նարատիվը։ Լրատվամիջոցներն ընդհանրապես տվել անցել են բոլոր չափանիշները»։

Խոսելով պատերազմից հետո ստեղծված իրաղությունների ճանաչման մասին, Ալեն Սիմոնհանը մոռանում է, որ 3 տարի առաջ եղել է մեկ այլ պատերազմից հետո ստեղծված իրողություն, որին Բաքուն եւ Մոսկվան չեն համակերպվել։ Ալիեւը չի ասել՝ Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ, իսկ Մոսկվան չի ճանաչել ԼՂՀ-ն։ Իրողությունները փոփոխական են, ինչպես նաեւ օրվա իշխանությունը։ Ինչքան էլ Փաշինյանը իրեն Պապ թագավորի հետ համեմատի, նա թագավոր չէ եւ ազգային տարածքները աջուձախ անելու ժառանգած լիազորություն չունի։

Գուցե, Չորրորդ հանրապետություններն Փաշինյանին ու Ալիեւին հենց “հայր-հիմնադիրների” լիազորություն ստանալու համար են պետք։ Ալեն Սիմոնյանն էլ դուքս կլինի։ Բայց Նազարբաեւի օրինակը բոլորի աչքի առաջ է։ 

Հաղորտի. Վերադարձ միայն Արցախը բոլոր օկուպանտներից ազատագրումից հետո

«Զանգեցին ինձ և պատմեցին Տաշիրում վեց ամսվա գյուղատնտեսական ծրագրի մասին։ Ես համաձայնեցի և հրավիրեցի իմ համագյուղացիներին օգտվել այս հնարավորությունից։ Ինձ միացան 11 ընտանիք։ Մեզ առաջարկեցին անվճար բնակարաններ և հնարավորություն՝ ստեղծելու մեր սեփական տնտեսությունները՝ զարգացման հեռանկարներով։ Տաշիրում աշխատանքը վերսկսել է “Մունք” տեխնադպրոցը, որը գործում էր Հաղորտիում մինչև տեղահանությունը։ Մեր երեխաներն այնտեղ են շարունակում ուսումը։ Վեց ամսից, երբ ծրագիրը ավարտվի, յուրաքանչյուր ընտանիք կունենա սեփական գործն ու եկամուտը։ Այսինքն՝ հուսահատության զգացումը կհաղթահարվի, ոտքերի տակ հող կհայտնվի, վստահություն, որ մեր ընտանիքները բարեկեցիկ են լինելու»։

Այս մասին Step1.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Մարտունու շրջանի Հաղորտի համայնքի ղեկավար Նվեր Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ առաջիկայում սպասում են եւս մի քանի ընտանիքի։ «Արցախից շատ գյուղացիներ բնակարաններ են վարձում Երևանում և այլ քաղաքներում։ Նրանք թանկ են վճարում բնակարանների համար՝ չունենալով եկամտի որևէ աղբյուր։ Բայց նրանց համար ավելի դժվար կլինի, երբ պետական ​​ծրագրերով ֆինանսական օգնությունն ավարտվի»։

Մարտիրոսյանը կարծում է, որ ավելի շատ գյուղատնտեսական ծրագրեր են պետք՝ պետական ​​կամ մասնավոր, որպեսզի արցախցիները հնարավորություն ունենան աշխատելու, ստեղծագործելու, այլ ոչ թե սպասելու սոցիալական վճարներին։

2023 թվականի սեպտեմբերին Արցախի բնակիչների բռնի տեղահանման ժամանակ բոլոր 37 ընտանիքները լքել են Մարտունու շրջանի Հաղորտի գյուղը։

Գյուղապետարանն ամեն ինչ արել է, որպեսզի գյուղից գաղթն իրականացվի առանց խուճապի, կազմակերպված, ամենակարեւորը՝ համատեղ։ Արդեն լուրեր կային, որ ադրբեջանցի զինվորականները սպանում են խաղաղ բնակիչներին, գերի են վերցնում, որոշ գյուղերի բնակիչներ թափառում են անտառներում, գերի են ընկել։

Ուստի բոլոր տները, գոմերը, նկուղները ստուգվել են, որպեսզի պատահական մարդ չմնա։ Երիտասարդներին հանձնարարվել է օգնել ծերերին։ Կազմակերպվել է շարասյան մեջ գտնվող երեխաների և կանանց անվտանգությունը և ամեն ինչ արվել, որպեսզի չբախվենք ադրբեջանական զինուժի հետ։

Ստեփանակերտում նույնպես համայնքը չի ցրվել՝ բնակություն են հաստատել միմյանց հարակից տներում, իսկ համայնքի ղեկավարը մի քանի համագյուղացիների հետ վառելիք է հայթհայթել։

«Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից մի քանի օր հետո ենք մենք հասել Ստեփանակերտ։ Եթե ​​մենք այդ օրը լինեինք Ստեփանակերտում, չեմ բացառում, որ բոլորս այնտեղ կհայտնվեինք, ու անդառնալի բան տեղի կունենար։ Վառելիքի սուր դեֆիցիտը ոչ մի հույս չէր թողնում տրանսպորտային միջոցների օգտագործման հնարավորության համար։ Հայթայթելով վառելիքի և սակավ սննդի պաշարներ՝ ողջ համայնքը շարժվեց դեպի Հայաստան։ Երեք օր անվերջանալի խցանումներ, ցուրտ ու թերսնվածություն, առանց բժշկական օգնության կամ անվտանգության երաշխիքների, երեխաների եւ մայրերի անհանգիստ աչքերը»։

Հասնելով Հայաստան, ըստ Մարտիրոսյանի, Կոռնիձորում բուժօգնություն ստանալուց և Գորիսում գրանցվելուց հետո, Հաղորտիի վարչակազմը նախ սկսել է տեղավորել տարեցներին։ Ոմանք ուղարկվել են հարազատների մոտ, մյուսները փոխանցվել են պետության խնամքին։ Որոշ ընտանիքներ հաստատվել են մայրաքաղաքում կամ այլ քաղաքներում՝ աշխատանք գտնելու ակնկալիքով։ Դե, մոտ 10 ընտանիք էլ համայնքի ղեկավարի ընտանիքի հետ միասին գնացել են Տաշիր։

Նա չի բացառում, որ շատ ընտանիքներ չեն շտապում նոր տնտեսություն ստեղծել, քանի որ կորցրել են այն ամենը, ինչ ստեղծել են տասնամյակներ շարունակ, և հույս ունեն վերադառնալ։

“Մենք բոլորս հավատում ենք վերադառձին: Բայց ես անձամբ կարծում եմ, որ դա հնարավոր է միայն Արցախը բոլոր օկուպանտներից ազատագրելուց հետո։ Մենք արդեն հասկացել ենք, որ պետք է ապավինենք միայն մեր ուժերին, ուստի Արցախ վերադարձ տեսնում եմ միայն ամբողջական ազատագրումից հետո՝ մեր հայկական դրոշով ու օրենքներով»։

Ալվարդ Գրիգորյան