Աշխարհը պատրաստվում է մեծ պատերազմի, իսկ Քաղաքացիական պայմանագիրը դեռ ձեռքերը պարզած է

Ամբողջ աշխարհում մարդիկ պատրաստվում են մեծ պատերազմի, Թուրքիան Ալիևին նվիրում է «պատերազմի կացինը», իսկ Հայաստանն իր կացինը խորը թաղում է՝ ամբողջ տեսքով ցույց տալով, որ պատրաստ չէ կռվելու։

Պուտինը ամենայն հավանականությամբ փետրվարին կայցելի Թուրքիա։ Մինչ արևմտյան աշխարհը պատրաստվում է Ռուսաստանի հետ առճակատման, Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ մասնակցելու է բոլոր միջազգային գործընթացներին՝ Ուկրաինայից, Բալկաններից մինչև Կովկաս և Մերձավոր Արևելք։

Թուրքիան և Ռուսաստանը, ինչպես 20-րդ դարի սկզբին, կրկին միավորում են ուժերը՝ դիմակայելու «միաբևեռ աշխարհին» և իրենց «փայը» վերցնելու աշխարհի նոր բաժանման ժամանակ։ Էրդողանի կողմից մատնանշած շրջանները ապագա ռազմական գործողությունների թատրոնն են, որտեղ Թուրքիան և Ռուսաստանը կօգտագործեն իրենց կապն, ինչպես 100 տարի առաջ համատեղ գրավեցին նորանկախ Հայաստանը:

Հայաստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որոնք վկայում են պատերազմից ամեն կերպ խուսափելու նրա մտադրության մասին, նույնիսկ պատրաստ են զոհաբերել պետականությունը, ազգային շահերը, պատմությունը, նախնիների ժառանգությունը և Հայաստանի ողջ բնակչությանը։ «Քաղաքացիական պայմանագիրը», որը իշխանության եկավ ձեռքերը բարձրացրած, այդպես էլ մնաց պարզած ձեռքերով։

Հայաստանի իշխանության ռազմատենչ «պացիֆիզմը», որը ներկայացվում է որպես իմաստություն, այն պայմաններում, երբ ամբողջ աշխարհը պատրաստվում է մեծ պատերազմի, նման է վախկոտ կապիտուլյացիաի։ Ոչ ոք պատերազմ չի ուզում, բայց Հայաստանի իշխանության սահմանադրական պարտքն է ապահովել Հայաստանի և հայության անվտանգությունը, և դա անխուսափելիորեն ներառում է նաեւ ռազմական մեթոդներ, որքան էլ մենք ցանկանանք խուսափել դրանից։

Մեծ տերությունները պատրաստվում են պատերազմի. Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի ղեկավարը կոչ է արել երկրին պատրաստվել մեծ պատերազմի և մեծացնել ռեզերվը խաղաղ բնակիչների վերապատրաստման միջոցով։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը վերջերս հանդես եկավ նմանատիպ նախազգուշացումներով՝ հայտարարելով, որ երկիրը անցում է կատարում «հետպատերազմյանից նախապատերազմյան աշխարհին»։

Գերմանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի իշխանությունները և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները վերջերս զգուշացրել են ռուսական հարձակման ռիսկերի մասին։ Հունվարի կեսերին Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը նախազգուշացրեց ՆԱՏՕ-ի վրա ռուսական հարձակման վտանգի մասին և ասաց, որ իր երկրին անհրաժեշտ է հինգից ութ տարի դրան պատրաստվելու համար:

Ավելի վաղ գերմանական Bild տաբլոիդը հրապարակել էր Գերմանիայի պաշտպանության նախարարությունից արտահոսած փաստաթուղթ, որը նկարագրում է 2024 թվականի աշնանը՝ ամերիկյան ընտրությունների նախօրեին ՆԱՏՕ-ի արևելյան սահմանների վրա ռուսական հարձակման հնարավոր սցենարը։

Չնայած աշխարհը պատրաստվում է «ռուսական ագրեսիային», Պուտինի և Էրդողանի «քիմիան» ցույց է տալիս, որ այդ ագրեսիան լինելու է ռուս-թուրքական՝ ամբողջ պարագծով։ Էրդողանն արդեն խոսում է Հարավային Կովկասի ու Բալկանների մասին, իսկ ՆԱՏՕ-ն համաձայնում է։

Արցախցիների ողջախոհությունը կհաղթի. 5 ամիսն այն ժամանակահատվածը չէ, որ կարելի է մոռանալ ցեղասպանությունը

Ստեփանակերտ. 19 սեպտեմբերի, 2023 թ

Դատելով ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներից՝ Բաքվի մինի սուլթանը հրամայել է օկուպացված Արցախում բացել 23 ընտրատեղամաս։ Ալիևը հայտարարել է, որ ցանկանում է, որ արցախահայությունը վերադառնա իր տները և մասնակցի իր նախաձեռնած «ընտրություններ» կոչվող շոուին, որը տեղի կունենա փետրվարի 7-ին։

Ակնհայտ է, որ ահաբեկիչը, ով ասում էր, որ պատերազմը «իր ողջ կյանքի երազանքն էր», այժմ ցանկանում է աշխարհին երևալ որպես պուպուշ հումանիստ, ով պատրաստ է ընդունել այն մարդկանց ձայնը, ում սպանել է հրետանու և անօդաչու սարքերի միջոցով մի քանի ամիս առաջ, և նրանց, ովքեր նոր ցեղասպանության օրերով փախնում էին անտառներով, իսկ նրա ասկյարները հալածում էին նրանց, գերում և խոշտանգում։ Բազմաթիվ քաղաքացիական անձանց և զինվորականների ճակատագիրը դեռևս անհայտ է։

Զուգահեռաբար արցախցիների վերադարձի թեման շատ ակտիվորեն քարոզում է ադրբեջանի դաշնակից ռուսաստանը։ Եվ միանգամայն պարզ է, թե ինչու։

Ռուսաստանը շահագրգռված չէ հակամարտության վերջնական կարգավորմամբ. Ղարաբաղյան հակամարտությունը ռուսաստանի համար միակ հնարավորությունն է՝ իր ազդեցության գոտում պահելու երկու պետություններին՝ Հայաստանին և ադրբեջանին։ Ադրբեջանին Արցախը պետք է և՛ իր արտաքին և՛ առավելապես ներքին քաղաքականություն վարելու համար։

Արցախի թեմայի, հայատյացության գաղափարախոսության վրա ալիևների ընտանիքին հաջողվեց կառուցել պետություն, ստեղծել ադրբեջանական ազգ իր տարածքում ապրող տարբեր ցեղերից և փոքրամասնություններից։ Նրանք ճշգրտորեն կրկնեցին աթաթուրքի ռազմավարությունը։

Ադրբեջանում ապրող ժողովուրդներին՝ լեզգիներին, թալիշներին, թաթերին և այլն ենթարկեցնելու հաջող փորձը ոգեշնչել է ալիեւին հպատակեցնել նաեւ հայերին և դարձնել “ազգային փոքրամասնություն”։ Այժմ ալիեւ կրտսերի առջեւ խնդիր է դրված դենացիֆիկացիայի ենթարկել հայերին, դարձնել նույն ադրբեջանցին, ինչպիսին դարձել են մյուս ժողովուրդները։ Եվ նա մենակ չէր այս հարցում. հավատարիմ դաշնակից ռուսաստանը նույնպես շահագրգռված է հայերին ապազգայնացնելով, նրանց վերածելով ահաբեկչական պետության հնազանդ, անզոր բնակիչների։

Այնուամենայնիվ, դիտարկենք նրանց «ցանկության» իրավական կողմը։

«Քաղաքացիության մասին» օրենքը անկախ ադրբեջանում ընդունվել է 1995թ. Այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն արդեն անկախ պետություն էր՝ ստեղծված միջազգային բոլոր նորմերին ու օրենքներին համապատասխան։ ԼՂՀ-ն ստեղծվել է ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա, այդ տարիներին գործող Սահմանադրության համաձայն անջատվել է ԽՍՀՄ-ից (ըստ որի ինքնավար հանրապետությունները և մարզերը կարող էին անջատվել ԽՍՀՄ-ից այնպես, ինչպես միութենական հանրապետությունները), իրականացրել է ազգային-ազատագրական պայքար՝ պատերազմում պաշտպանելով իր պետականությունը։

Ավելին, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չմասնակցեց ադրբեջանի անկախության, ԽՍՀՄ-ից նրա դուրս գալու և այս պետության Սահմանադրության ընդունման հանրաքվեներին։

1995 թվականին «Քաղաքացիության մասին» օրենքի ընդունումից հետո Արցախի ժողովուրդը կոլեկտիվ դիմում չի ներկայացրել ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար։ Ըստ այդմ, որքան էլ ալիևը բղավի ողջ աշխարհով մեկ և բռունցքով սպառնա հայերին, Արցախի Հանրապետության բնակիչները չեն կարող լինել նրա քաղաքացիները։

Ըստ այդմ, ոչ մի արցախահայ չի կարող մասնակցել այլ երկրի նախագահական ընտրություններին։ Եվ առավել եւս, նա չի կարող քվեարկել «նախագահի» օգտին, ով փորձում է ենթարկել մարդկանց՝ սպանելով նրանց։

Ալիեւը եւս մեկ առաջարկ ունի. Արցախցիները կարող են դիմել Ադրբեջանի համապատասխան մարմիններին և քաղաքացիություն ստանալ։ Սակայն քաղաքացիություն ստանալու կարգը պահանջում է տվյալ երկրի տարածքում առնվազն 6 ամիս բնակություն, աշխատանք, հարկերի վճարում և այլն։

Ի՞նչ կարգավիճակով կարող են արցախցիները տեսականորեն բնակվել օկուպացված Արցախում՝ Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար, եթե նրանք արդեն ստացել են փախստականի կարգավիճակ Հայաստանում։

Դատելով լուրերից՝ Հայաստանում որոշ ուժեր արցախցիներին համոզում են վերադառնալ իրենց տները՝ խոստանալով անշարժ գույքի փաստաթղթերի հաստատում՝ դրանք վաճառելու հետագա հնարավորությամբ և այլն։ Ովքե՞ր են այս մարդիկ, ովքեր կհամաձայնեն նման արկածախնդրության: Եթե ​​նույնիսկ մոտ օրերս նրանց հնարավոր լինի հավաքել և ինչ-որ կերպ տանել Արցախ, նրանք չեն կարող մասնակցել իրենց երեխաներին սպանող ալիևի «ընտրություններին», քանի որ նրանց համար համապատասխան փաստաթղթեր ստանալը ֆիզիկապես անհնար կլինի։

Ադրբեջանի իշխանությունների տրամաբանությունը վաղուց դուրս է եկել ողջախոհության սահմաններից։ Բայց, ըստ երեւույթին, այս տրամաբանությունը թելադրված ու սնուցվում է ՌԴ ԱԳՆ-ի կողմից։

Ռուս-թուրքական տանդեմը իսկապես ցանկանում է իր վստահված ադրբեջանի միջոցով հերթական անգամ հայերին «քշել» ծուղակը և դարձնել նրանց իրենց կեղտոտ «քաղաքականության» պատանդը։

Կցանկանայինք հավատալ, որ արցախցիների մեջ ողջախոհությունը կհաղթի և նրանց հիշողությունը կթարմանա։ 5 ամիսը այն ժամանակահատվածը չէ, որի ընթացքում կարելի է մոռանալ ցեղասպանությունը։

Արցախահայությունը հնարավորություն կունենա քվեարկելու, բայց իր սեփական իշխանության համար, որը կպաշտպանի իր իրավունքները, այդ թվում՝ միջազգային հարթակներում։

Մարգարիտա Քարամյան

Բաքուն հավակնություններ է ներկայացրել Գոշավանքի, Ապարանի Սուրբ Պողոս-Պետրոս բազիլիկ եկեղեցու և Ախթալայի վանքի հանդեպ

Ախթալա

Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանության ծրագրով Գոշավանքը, Ապարանի Սուրբ Պողոս-Պետրոս բազիլիկ եկեղեցին և Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքը պատկանում են «հինավուրց Ադրբեջանին»։ Այդ մասին տեղեկանում է «Թաթոյան» հիմնադրամից:

«Ըստ այդ ծրագրի կեղծ տվյալների՝ հայկական Գոշավանքն ալբանական (թուրքական) տաճար է թուրքական սուլթանության տարածքում, և հայերը մեղադրվում են իբր դրա «իրական» թուրքական անունը փոխելու մեջ։

Ադրբեջանական ծրագրի համաձայն՝ վանքի գտնվելու տարածքը թուրք-օղուզ ցեղերի հայրենիքն է, իսկ առաջին հայերը «բերվել» են Իրանից և Թուրքիայից 19-րդ դարի սկզբին, որից հետո էլ նրանք յուրացրել են տաճարը։

Հայաստանի զավթման ծրագրի կեղծիքների համաձայն՝ Ադրբեջանին է պատկանում Ապարանի հայկական Սուրբ Պողոս-Պետրոս բազիլիկ եկեղեցին։ Իբր դա «հին թուրքական» տաճար է, որը կառուցել են թուրքական ցեղերը 5-րդ դարում, իսկ հայերն առաջին անգամ Ապարան են բերվել և բնակեցվել Թուրքիայից 1829-1830թթ։

Ըստ ադրբեջանական հորինված ծրագրի՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»-ի անբաժան մասն է Ախթալայի հայկական Սուրբ Աստվածածին վանքը, իսկ Ախթալան թուրքական ցեղերի հայրենիքն է, որտեղ մինչև 20-րդ դարի կեսերը հայեր իբր չեն ապրել»,-հայտնում են հիմնադրամից:

Բնակարանային ապահովման հարցը եւ ապրելու տեղը չեն կարող որոշվել առանց արցախցիների կարծիքը հաշվի առնելու

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանվածների սոցիալ-տնտեսական ինտեգրման ծրագրերի իրականացման ընթացքին և նախատեսվող միջոցառումներին վերաբերող հարցեր։

Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, «շոշափվել են Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանվածների բնակարանային խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները՝ հաշվի առնելով տարածքային համաչափ զարգացման խնդիրը։ Այս համատեքստում մտքերի փոխանակում է տեղի ունեցել հնարավոր աջակցության գործիքների շուրջ, ներկայացվել են տարբեր դիտողություններ ու առաջարկություններ»։

Փաշինյանն ընդգծել է սոցիալական ծրագրերի համակարգման կարևորությունը և պատասխանատուներին հանձնարարել շարունակել ներկայացված գաղափարների և առաջարկների քննարկումը։

Հիշեցնենք, որ հունվարի սկզբին Փաշինյանն ասել էր, որ Արցախի բնակիչների բնակարանային խնդիրների լուծման հարցով մեծ ժողով է հրավիրվելու։ Մինչ այս տարբեր մակարդակներով քննարկվել են մի քանի առաջարկներ՝ Արցախի բնակիչներին մեկ անձի համար պայմանականորեն 5 մլն դրամի չափով վաուչերների տրամադրում, առանձին թաղամասերի կառուցում, որտեղ արցախցիները կարող էին կոմպակտ ապրել, արցախցիների վերաբնակեցում սահմանամերձ բնակավայրերում, եւ այսպես շարունակ։

«Տարածքային համաչափ զարգացում» կարող է նշանակել, որ նախապատվությունը տրվում է սահմանամերձ տարածքներում արցախցիներին վերաբնակեցնելու տարբերակին։ Տասնյակ հազարավոր արցախցիներ արդեն ապրում են Հայաստանի սահմանամերձ շրջաններում։ Ոմանք նախընտրում են քաղաքային բնակարանները։ Ցանկացած դեպքում մարդկանց ապագայի հետ կապված հարցերը չեն կարող լուծվել առանց Արցախի ժողովրդի հետ խորհրդակցելու։

ՆԱՏՕ-ի «համեստ լռությունը» և Դաշինքի «փոխզիջումը» Ռուսաստանի հետ Հայաստանի հարցում

ՆԱՏՕ-ն Հայաստանում համեստորեն «լռեց» երեք միջազգային սկզբունքներից երկուսի մասին

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան, ով վերջերս այցելեց Երևան, ասաց, որ «բանակցությունների հիմքում ընկած սկզբունքները՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգանքը, շատ կարեւոր են»:

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը համեստորեն լռեց արցախյան հիմնախնդրի կարգավորման մյուս երկու սկզբունքների մասին, որոնք արձանագրված են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների առնվազն 5 համատեղ հայտարարություններում և ամենակարևորը՝ ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտում՝ ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքների մասին։

2020 թվականին այս երկու սկզբունքներն էլ ոտնահարվել են, և ՆԱՏՕ-ի համար դա նորմալ էր։ Հիմա Դաշինքը պնդում է միայն մեկ սկզբունք՝ տարածքային ամբողջականություն։

«Մենք որոշել ենք չմիջամտելու քաղաքականություն վարել, եթե չխախտվեն ՄԱԿ-ի կանոնադրությունը, ինչպես նաև Վաշինգտոնի պայմանագրով նախատեսված սկզբունքները։ Ուստի այս փուլում ես ունեմ գլխավոր քարտուղարի լիակատար աջակցությունը, որ մենք պետք է աշխատենք, աջակցենք և ավելի շատ ներկայություն ունենանք»,- ասել է Կոլոմինան։

«Մենք գիտենք, որ կան բանակցությունների տարբեր ձևաչափեր՝ երկկողմ ձևաչափ, ԱՄՆ և ԵՄ ձևաչափ»,- ասաց Կոլոմինան՝ կրկին համեստորեն լռելով ռուս-թուրքական «եռակողմ» ձևաչափի մասին։ Նա նրբանկատորեն չի վիճարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի «միջնորդությամբ» կնքված հայտարարության օրինականությունը, ռուսական զորքերի ներկայությունը և բանակցությունները միայն ռուսական հարթակում շարունակելու Բաքվի համառ ցանկությունը։

Ի դեպ, Կոլոմինին Բաքվում չեն ընդունել՝ ընտրություններին նախապատրաստվելու պատրվակով։ Թեկուզ չեն թաքցնում, որ իրենք «ընտրել» են Ռուսաստանը։

Կոլոմինան Ռուսաստանը հիշատակել է միայն ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում՝ նշելով, որ «մենք ցանկանում ենք զսպել, մասնավորապես, Ռուսաստանին, որը համարում ենք սպառնալիք։ Նրանք ռազմավարական սխալ թույլ տվեցին՝ ներխուժելով Ուկրաինա. Եվ նրանք պետք է հասկանան, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է պաշտպանել իր տարածքի յուրաքանչյուր թիզը»։

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը չի անդրադարձել Ռուսաստանի դերին Արցախյան հակամարտությունում, ըստ երևույթին, Մոսկվային չնյարդայնացնելու կամ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության դեմ չտրամադրելու համար։ Բայց Մոսկվան զգոն էր. Ռուսաստանը կարծում է, որ ՆԱՏՕ-ի հետ մերձեցման ժամանակ Հայաստանը պետք է առաջնորդվի երկարաժամկետ շահերով, անմիջապես հայտարարեց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

Նա մեկնաբանեց Խավիեր Կոլոմինայի խոսքերը, թե Հայաստանը որոշել է քաղաքականապես և գործնականում ակտիվացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։

«Մենք արդեն տեսել ենք, թե ինչի է հանգեցնում ՆԱՏՕ-ի մերձավորությունը շատ երկրների համար. ներգրավվածություն հակամարտություններին, ինքնիշխանության և անկախության կորուստ, կամքի ենթարկում ուրիշի պլանավորմանը՝ բառի բոլոր իմաստով և բոլոր ոլորտներում, և ամենակարևորը՝ սեփական ազգային շահերն իրացնելու հնարավորության բացակայությունը»,- ասել է Զախարովան։ Նա չմանրամասնեց, թե ինչի է հանգեցրել Ռուսաստանի հետ Հայաստանի «դարավոր դաշինքը», ինչու է Հայաստանը կորցրել իր բնօրրանի 9/10-ը և ինչու ռուսական զորքերը դեռևս Արցախում են՝ առանց հայերի։

Զախարովան միայն սպառնացել է, որ յուրաքանչյուր երկիր, այդ թվում՝ Հայաստանը, պետք է վերլուծի իր ազգային շահերը, բացի քարտեզ և տեսնի, թե «որ տարածաշրջանում և որ հարևանների միջև» է գտնվում։

Բայց ամենակարևորը՝ Զախարովան խորհուրդ է տվել «հաշվի առնել՝ արդյոք դա ենթադրում է հարաբերությունների խզում տարածաշրջանի երկրների և հարևանների հետ»։

Այսինքն՝ Մոսկվան Հայաստանին «թույլ է տալիս» բարեկամ լինել ՆԱՏՕ-ի հետ, եթե դա չհանգեցնի Ռուսաստանի և, համապատասխանաբար, Թուրքիայի հետ հարաբերությունների խզման։ Կոլոմինայի «համեստ լռությունը» հուշում է, որ ՆԱՏՕ-ն համաձայն է։ Փոխզիջում ձեռք է բերվել։

Նաիրա Հայրումյան

 

Իջևան-Ղազախ հատվածում կայացել է սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը

Իջևան-Ղազախ հատվածում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 6-րդ հանդիպումը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

USAID-ը 1 մլն․ դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում արցախցիներին

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) 1 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց: Այդ օգնության շնորհիվ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված 19,300 անձ՝ առաջնային մարդասիրական օգնություն կստանա՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի միջոցով, որն իրականացնում է «Դիմոքրըսի Ինթերնեյշել կազմակերպությունը:

Նախաձեռնության պաշտոնական մեկնարկը տրվեց այսօր՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կայացած միջոցառմամբ, որի ընթացքում տեղահանված անձինք ստացան սնունդ և հիգիենայի պարագաներ։

ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի առաքելության փոխտնօրենի պաշտոնակատար Մեթյու Լեյրդը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի և «Դիմոքրոսի Ինթերնեյշնլ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լիզբեթ Ջոնեվելդի հետ միասին մասնակցեցին միջոցառմանը:

«2023 թվականի սեպտեմբերի վերջից ԱՄՆ ՄԶԳ-ն տրամադրել է 9,27 միլիոն ԱՄՆ դոլար՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից տուժածներին: Այս միջոցներն օգտագործվում են տրամադրելու ամեն ինչ` ներառյալ սնունդ և հոգեսոցիալական աջակցություն՝ օգնելու տեղահանված անձանց հաղթահարել բռնության և զանգվածային տեղահանման պատճառած տառապանքները»,- ասաց ԱՄՆ ՄԶԳ/ Հայաստանի առաքելության փոխտնօրենի պաշտոնակատար Մեթյու Լեյրդը՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ հանդիպման ժամանակ:

«Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագիրը Լեռնային Ղարաբաղից՝ տեղահանված անձանց տրամադրում է անհրաժեշտ մարդասիրական օգնություն՝ հիգիենայի պարագաներ, տաք հագուստ, պարենային և ոչ պարենային ապրանքներ ու այլ անհրաժեշտ պարագաներ:

Աջակցության տրամադրումը մեկնարկել է 2023 թ-ի դեկտեմբերին և կտևի 6 ամիս: Աշխարհագրությունն ընդգրկում է Երևանը, Արարատի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն այցի ընթացքում ընդգծեց «Լեռնային Ղարաբաղից մեր հայրենակիցները 2023-ի սեպտեմբերին հաշված օրերի ընթացքում բռնի տեղահանվելով հայտնվեցին իրենց կյանքն ու գործունեությունը վերսկսելու մարտահրավերի առաջ: Հայաստանի կառավարությունը և բազմաթիվ անհատներ աջակցեցին նրանց առաջնային կեցության և ապրուստի միջոցներ հոգալու հարցում: Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները շարունակում են պետական դրամական աջակցություն ստանալ նաև ձմեռվա ամիսներին: Բոլոր այս պետական ծրագրերում մեր կողքին մեր տեղական և միջազգային գործընկերներն են, ինչը կարևոր է քանի որ բռնի տեղահանված ընտանիքին ժամանակ է պետք իր ինքնաբավ կեցությունը վերագտնելու համար»։

Աջակցության տրամադրումն իրականացվում է կազմակերպությունների կոնսորցիումի միջոցով, որում ընդգրկված են «Առաքելություն Հայաստան», Հայկական Կարմիր Խաչի ընկերություն, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային հարթակ» հիմնադրամ և «Mapi Վիժն ինթերնեյշնլ» կազմակերպությունները:

«Դիմոքրըսի Ինթերնեյշնլ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լիզբեթ Զոնեվելդն իր ելույթում նշեց «Տեղահանված անձինք «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի 10 թիրախային խմբերից մեկն են: Մեր նպատակն է նրանց ապահովել անհրաժեշտ ծառայությունների մատուցմամբ և բարելավված սոցիալական պաշտպանությամբ:

Սոցիալական պաշտպանության ոլորտում տեղահանված անձանց կարիքները հոգալու համար՝ ծրագիրը գործակցում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, ինչպես նաև տրամադրում է անմիջական առաջնային օգնություն Միջոցառման մասնակիցները հետևեցին մարդասիրական ծանրոցների բաշխման ընթացքին, զրուցեցին շահառուների հետ՝ նրանց կարիքների մասին ավելի լավ տեղեկանալու համար:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հավատարիմ է մնում իր ծրագրերի միջոցով՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց օգնելու հանձնառությանը, ասված է մամուլի հաղորդագրության մեջ։

Ֆոտո՝ Հայկ Հարությունյանի

Թուրքիային F-35-ների ծրագիր վերադարձնելու հարց առայժմ չկա. Պենտագոն

Թուրքիային F-35 կործանիչների արտադրության ծրագիր վերադարձնելու հարցն այժմ չի քննարկվում։ Այս մասին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը ճեպազրույցում։

Նա այսպես է մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերի գծով տեղակալ Վիկտորյա Նուլանդի հայտարարությունը, որը հնարավոր է համարել Թուրքիայի վերադարձը F-35-ների ծրագիր։

«Ես տեսել եմ պետդեպարտամենտի մեր գործընկերների մեկնաբանություններն այս առիթով։ Ինչպես գիտեք, այժմ, քանի դեռ Թուրքիան С-400-ներ ունի, այդ հարցը չի քննարկվում, բայց ես խորհուրդ կտայի ձեզ դիմել պետդեպարտամենտ»,- ավելացրել է Պենտագոնի ներկայացուցիչը։

Նուլանդը նախօրեին հայտնել էր, որ ԱՄՆ-ն ուրախ կլինի ողջունել Թուրքիային F-35 կործանիչների արտադրության ծրագրում, բայց դրա համար Անկարան պետք է լուծի Ռուսաստանից ձեռք բերած С-400 զենիթահրթիռային համալիրների հարցը։

Երևանում կցուցադրվի Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը

Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջև ձեռքբերված պայմանավորվածության շնորհիվ առաջին անգամ Երևանում ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ զբոսաշրջության կոմիտեն:

Նշվում է, որ ցուցադրությունը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերին:

Հայաստանը պահանջում է, որ Ադրբեջանը փոխի իր սահմանադրությունը․ արդյո՞ք Նախիջեւանի հետ է կապված հարցը

«Հայաստանի Հանրապետությունը հիմնվելուց ի վեր իր փաստաթղթերի մեջ ունեցել է եւ ունի դրույթներ, որոնք իմ կարծիքով, պետք է վերանայվեն՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական բոլոր փոփոխությունները վերջին իրադարձությունները։ Կրկնում եմ՝ սա իմ կարծիքն է։ Մենք պետք է հասկանանք, թե Հայաստանն ո՞ւր է գնում, ի՞նչ նպատակներ է հետապնդում, ինչի՞ համար է Հայաստանի Հանրապետության գոյությունը։ Արդյոք այդ գոյությունը նրա համար է, որպեսզի մենք վերականգնենք այն պատմական Մեծ Հայքը, Փոքր Հայքը, թե՞ դա սեպտեմբերի 21-ի մասին է, երբ մենք ստացանք անկախություն, թե՞ դա Հայաստանի Հանրապետության քաղաքացու մասին է, որը պետք է լինի ապահով եւ ունենա բարեկեցիկ կյանք։ Մենք պետք է այդ հարցերի պատասխանները տանք։ Եվ ես կարծում եմ, որ այս հարցերի պատասխանները միանշանակ չեն այսօր մեր հանրության մեջ։ Դրա հետեւանքով նաեւ արտացոլված չեն մեր օրենսդրության մեջ»,- այսօր Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների մասին հարցին։

Նա հավելեց․ «Հայաստանի Հանրապետությունը չի կարող լինել ամորֆ մի բան։ ՀՀ քաղաքացին չի կարող չհասկանալ եւ չիմանալ, թե որտեղ է սկսվում իր հայրենիքը եւ վերջանում։ Ես մի լուսանկար էի հրապարակել, որի համար ինձ մեղադրում են։ Ես ասում եմ, որ հայկական լեռնաշխարհը, այո, իմ  հայրենիքն է, իմ բնօրրանն է, բայց ես ունեմ պետություն, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն, որով մենք անկախացել ենք 1991 թվականին՝ կոնկրետ սահմաններով։ Եվ դա պետք է հասկանալի ու արտացոլված լինի բոլոր փաստաթղթերում»։

Սիմոնյանը նաեւ հայտարարեց, որ հայկական կողմը եւս բարձրացնում է Ադրբեջանի Սահմանադրությունում ու փաստաթղթերում տեղ գտած դրույթների հարցը։ «Այսուհետ բոլոր այն դրվագներում, որտեղ դուք Հայաստանի պաշտոնյաներին նման հարց կտաք, իմացեք, որ նույն հարցը բարձրացվում է Հայաստանի կողմից՝ Ադրբեջանի Սահմանադրությունում, փաստաթղթերում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն։ Եվ, կրկնում եմ, յուրաքանչյուր բանակցություն, որը հայկական կողմն իրականացնում է, արվում է հայելային։ Այսինքն՝ եթե կա ինչ-որ ակնարկ կամ առաջարկ՝ ապագա խաղաղությունն ավելի ամուր դարձնելու համար, դա վերաբերելի է թե Ադրբեջանին, թե Հայաստանի Հանրապետությանը»։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն։ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը 2021 թվականից հնչում է Բաքվից։ Նշենք, որ Հայաստանի գործող Սահմանադրությունը հղում է անում Հայաստանի Անկախության հռչակագրին, այդ թվում՝ Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմանը։

Հարցին, թե Սահմանադրությունից հանվելո՞ւ է Անկախության հռչակագրին հղումը՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ այդ հարցը պաշտոնական շրջանակներում դեռ չի քննարկվել։

Ալեն Սիմոնյանը չմանրամասնեց, թե կոնկրետ ի՞նչ պահանջ է Հայաստանը ներկայացնում Բաքվին, կարո՞ղ է այն վերաբերում է Նախիջեւանի կարգավիճակին։  

 

Վերջիվերջո արցախցիների գույքի իրավունքի հարցն առաջանալու է, եւ գույքագրումն հիմա է պետք

Արցախի Հանրապետության Սզնեք գյուղից բռնի տեղահանված արցախցիները ներկայումս բնակվում են Հայաստանի տարբեր համայնքներում։

Սզնեքի գյուղապետ Էդվարդ Մուսայելյանը step1.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե տեղական ինքնակառավարման մարմինը գործո՞ւմ է, ասաց․ «Համայնքը հիմնականում ցրված է Հայաստանի տարբեր մարզերում, բայց բոլորի հասցեներն ու հեռախոսահամարներն ունեմ, կապը կա։ Ինչ վերաբերում է մեր գործունեությանը, քանի դեռ գործում էր Արցախի օպերատիվ շտաբը, այցելում էինք այնտեղ, տարբեր խնդիրներ էինք լուծում, տեղեկանքներ էին տրամադրում մարդկանց եւ այլն։ Բայց այս պահի դրությամբ, կարելի է ասել, գործունեություն չկա, չնայած պաշտոնապես պահպանվում է համայնքի գործունեությունը։ Հիմա արդեն  փաստաթղթերի տրամադրումը հիմնականում կատարվում է Հայաստանի տարբեր կառույցների կողմից»։

Էդվարդ Մուսայելյանը նաեւ տեղեկացրեց, որ Սզնեքի բնակիչների կորցրած գույքի գույքագրում չի իրականացվում։ «Ես այդ մասին խոսել եմ մեր վարչական ղեկավարի հետ, որովհետեւ նույն գործողությունը 2020 թվականի պատերազմից հետո մեկ անգամ կատարել ենք, անմիջապես բոլոր կորուստները գույքագրել ու հաշվառել էինք, ներկայացրել համապատասխան վերադասին։ Այն ժամանակ համայնքային հանձնաժողով էր ստեղծվել, այդ հանձնաժողովի կողմից գույքագրվել ու ներկայացվել էր։ Բայց այդ նույն գործողությունն այսօր չի կատարվում, պատասխանն այն է, որ այս պահի դրությամբ այդ խնդիրը չկա դրված, որ գույքագրենք ներկայացնենք։ Ինձ էլ է հուզում այդ հարցը, վերջիվերջո այդ մարդիկ ամեն ինչ թողել են, բացի տնից՝ տարբեր շարժական ու անշարժ գույք էլ ենք կորցրել։ Տարիներ հետո ո՞վ է իմանալու այդ մասին, դա մոռացվելու է, եթե հետագայում փոխհատցուման հարց բարձրացվի, ի՞նչ է լինելու»,- ասաց նա։

Մեր հարցին, ինչո՞ւ այդ խնդիրը դրված չէ, Արցախի կառավարությունից ի՞նչ են պատասխանում իրենց, Էդվարդ Մուսայելյանը պատասխանեց․ «Արցախի կառավարությանը երեւի այդպես են հրահանգել, որ դրա կարիքը չկա, ես չեմ կարող հստակ պատասխանել այդ հարցին»։ Ըստ Մուսայելյանի՝ վերջիվերջո արցախցիների գույքի իրավունքի հարցն առաջանալու է, եթե ոչ այսօր, ապա որոշ ժամանակ հետո այդ հարցը առաջ է գալու։ Բռնի տեղահանված բնակիչները եւս համայնքապետից հետաքրքրվում են՝ իրենց կորցրած ունեցվածքի գույքագրում կատարվո՞ւմ է, թե՞ ոչ։ «Ես պատասխանում եմ  իրենց, որ այս պահի դրությամբ դեռ խնդիր դրված չէ, որ այդ աշխատանքը պետք է կատարվի։ Այդ հարցը մնում է օդում, միգուցե լինելու է, բայց այս պահին դեռ չկա»։

 

Երբ են փոխանցվելու հունվար ամսվա թոշակներն ու աջակցությունը․ պարզաբանում

Արցախից բռնի տեղահանված անձանց մի մասը դեռ չեն ստացել հունվար ամսվա թոշակները։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը step1.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ո՞րն է չվճարման պատճառը, ասաց․ «Մենք վճարումն արդեն իրականացրել ենք, 11 հազարից ավելի հայրենակիցների գումարները փոխանցվել են։ Մյուսների թոշակները փետրվար ամսվա ընթացքում կվճարվեն այնպես, ինչպես վճարվում են ՀՀ քաղաքացիներին։ Այսինքն՝ եթե սոցիալական աջակցության ծրագրերի դեպքում մենք փուլ առ փուլ ուսունասիրություն ենք կատարում, անհատական դեպքեր ենք ուսումնասիրում, եթե շահառուն համապատասխանում է, ուղարկում ենք վճարման, կենսաթոշակների դեպքում յուրաքանչյուր ամսվա մեջ է իրականացվում վճարումը։ Ոչ թե փուլ առ փուլ, այլ հստակ սահմանված ընթացակարգով»։

Հարցին, թե ովքեր հունվարին չեն ստացել թոշակները փետրվարին կստանա՞ն, Մանուչարյանը պատասխանեց․ «Ես բոլորի վերաբերյալ հստակ մեկնաբանություն տալ չեմ կարող, որովհետեւ պիտի համապատասխանեն պայմաններին։ Եթե համապատասխանում են պայմաններին, ընթացակարգով դիմել են, բնականաբար փետրվար ամսին կստանան»։

Օրերս կառավարությունում հրավիրած ասուլիսում Զարուհի Մանուչարյանը տեղեկատվություն է ներկայացրել սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ՝ նշելով, որ 100 000 դրամ միանվագ աջակցության, 40 000 +10 000 դրամ աջակցության և 50+50 աջակցության ծրագրերը ընթացքի մեջ են: 112 649 անձ արդեն իսկ ստացել է 100 000 դրամ աջակցությունը: Կան անձինք, ովքեր դեռևս չեն ստացել և այդ ուղղությամբ անհատական դեպքերի ուսումնասիրությունը շարունակվում է: Զարուհի Մանուչարյանը հորդորել էր, որպեսզի այն անձինք, ովքեր դեռ չեն ստացել 100 000 դրամ աջակցությունը, անպայման ստուգեն այդ փաստը www.online.ssa.am հարթակի միջոցով, քանի որ մյուս աջակցության ծրագրերի համար որպես ելակետ ընդունվում է այն փաստը, թե արդյոք անձն արդեն ստացել է 100 000 դրամ աջակցությունը, թե ոչ: 50+50 աջակցության ծրագրի համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել www.50.socservice.am հարթակի միջոցով, որի վերջնաժամկետը մինչև հունվարի 31-ն է: 40 000 +10 000 դրամ աջակցության ծրագրի համար անհրաժեշտ է դիմել www.rent.socservice.am հարթակի միջոցով: Այս ծրագիրը վեցամսյա է և շարունակվելու է մինչև մարտ ամիսը:

Վերջին օրերին step1.am-ը բողոքներ է ստանում արցախցիներից, որ հարթակներն անհասանելի են։ Զարուհի Մանուչարյանն ասաց, որ քաղաքացիներից բողոք չեն ստացել տեխնիկական խնդիրների մասին, հարթակները հասանելի են։ Ինչ վերաբերում է կառավարության կայքում հրապարակված www.50.socservice.am եւ www.rent.socservice.am հարթակների հղումներին, որոնք անհասանելի են, Զարուհի Մանուչարյանն ասաց, որ առանց www-ների, օրինակ, 50.socservice.am պետք է հավաքել։ «Առաջին անգամը չէ, որ մենք հանրայնացնում ենք այս հարթակների հասցեները, ես որպես հիշեցում եմ նշել, այնպես չէ, որ միայն այստեղով ենք իրազեկել մարդկանց»,- ասաց նա։