Լավրովի հնարքն աշխատեց. Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Արևմուտքի միջոցով

ՌԴ ԱԳ նախարար Լավրովը երեկ անմեղ հայացքով հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվում է Ռուսաստանի ծառայություններից միջանցքի սահմանազատման և անվտանգության ապահովման հարցում։ Ասել կուզի՝ եթե խնդիրը միայն Ռուսաստանում է և այն, որ միջանցքը պետք է հսկի ՌԴ ԱԴԾ-ն, ապա Փաշինյանը մեղավոր չէ, և մենք «չենք պնդում»։ Գլխավորը՝ միջանցքը բացեք ու այդ անիծյալ պայմանագիրը ստորագրեք։ Հետո Ալիևի համաձայնությամբ մենք զորք կմտցնենք, և Հայաստանն այլևս գոյություն չի ունենա։

Սա Լավրովի ուղերձն է, որից հետո Հայաստանում տեղի ունեցան մի քանի ուշագրավ հանդիպումներ և հայտարարություններ։

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ասել է. «Մենք հույս ունենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն կայուն խաղաղության պայմանագիր, որը կճանաչի միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։ Նրա խոսքով, Երևանն ու Բաքուն վերջին մեկ տարվա ընթացքում լուրջ առաջընթաց են գրանցել։ Նա կողմերին կոչ է արել պահպանել այս թափը և համաձայնագիր կնքել։

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինի հրավերով հունվարի 18-ին տեղի է ունեցել դեսպանի աշխատանքային ընթրիքը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության և տարածաշրջանային անվտանգության մի շարք և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին ջերմ ընդունելության համար։

Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ քննարկել է Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հարցեր։ Անդրադարձ է եղել նաեւ միջազգային խաղաղապահ առաքելություններին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո հայկական զորամիավորումների մասնակցության թեմային։

Իսկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը հստակ նկարագրում է տարածաշրջանում տրանսպորտային և այլ ենթակառուցվածքային հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարները, կառուցվածքը, տրամաբանությունը և հիմնարար սկզբունքները։ Զրուցակիցները քննարկել են նաև սահմանների սահմանազատման գործընթացի սկզբունքներին և իրավական հիմքերին վերաբերող հարցեր։

Այսինքն՝ այն բանից հետո, երբ Լավրովը Փաշինյանից «հանեց» ռուսական պայմանները, ակտիվացան «համաձայնագրի» կնքման աշխատանքները՝ ճանապարհների ապաշրջափակում և սահմանների սահմանազատում, պաշտպանական քաղաքականության «դիվերսիֆիկացման» կտրվածքով։ Թեև Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը անմիջապես հայտարարություն տարածեց, որից կարելի է ենթադրել, որ Լավրովի դիվանագիտական ​​հնարքը պարզապես միջոց էր՝ ուղղված ցանկալի նպատակին հասնելուն։ Իսկ Ռուսաստանի նպատակը՝ խորհրդային քարտեզներով սահմանների «սահմանազատումն» է, Արցախի և Նախիջևանի՝ ադրբեջանին «պատկանելու» փաստագրական հաստատումն է, մնացած Հայաստանի մեկուսացումը Իրանից և Վրաստանից, մինչդեռ Ռուսաստանը կպահպանի իր ներկայությունը այստեղ և հող կնախապատրաստի Կարսի պայմանագրի երկարաձգման համար։

«Կրկնում եմ. Ռուսաստանը եղել է, մնում է և կմնա հավատարիմ այս ուղղությամբ ակտիվ աշխատանքին։ Այս հարցը մեզ համար կենսական նշանակություն ունի։ Հարավային Կովկասի տարածաշրջանը մեզ համար շատ կարևոր տարածաշրջան է, և մեր կենսական շահերից է բխում, որ տարածաշրջանը լինի խաղաղ, կայուն և բարգավաճ»,- ընդգծել է Կոպիրկինը։ Նա ասել է, որ ռուսական ռազմակայանը և սահմանապահները դուրս չեն բերվի Հայաստանից։

Ստեփանակերտի Մաշտոցի 4-ից` Երևանի Մաշտոցի 36. “Мелодия Вкуса”-ն վերաբացվեց

Ստեփանակերտի Մաշտոցի 4-ում նախկինում գործող “Мелодия Вкуса”, իսկ հիմա՝ “Delice Cake” հրուշակեղենի խանութը վերաբացվեց 1 ամիս առաջ Երևանի Մաշտոցի 36-ում:

Բլոկադայի ժամանակ “Мелодия Вкуса”-ն միակ գործող հրուշակեղենի խանութն էր և աշխատեց մինչև սեպտեմբերի 10-ը։ Խանութի տնօրինությանը դա հաջողվեց, քանի որ բավականին մեծ քանակությամբ մթերք էին ձեռք բերել Նոր Տարվա տոներին ընդառաջ։ Տոներից հետո խանութի աշխատակազմը բախվեց շրջափակման հետևանքով առաջացած մի շարք դժվարությունների. հրուշակեղենի պատրաստման համար անհրաժեշտ մթերքներ գտնելը գրեթե անհնար դարձավ։

Լույսերի հովհարային անջատումների պատճառով հրուշակագործները ստիպված էին աշխատել գիշերային ժամերին, անհրաժեշտ մթերքները փորձում էին հայթայթել գյուղերից, ինչի շնորհիվ կարողացան աշխատել մինչև մայիս։

Ամռանը տարբեր խոշոր միջոցառումների համար պատվիրվող տորթերի համար մթերքները բերում էին պատվիրատուները։ “Բոլորը հարցնում են, թե ինչպես կարողացանք այդքան երկար աշխատել։ Կարողացանք մեր ժողովրդի շնորհիվ։ Մեկն ուներ 5 հատ ձու, բայց չուներ ալյուր, մյուսն ուներ ալյուր, բայց չուներ ձու, երրորդն ուներ խտացրած կաթ… Այդպես համատեղում էինք մարդկանց ունեցածը և բոլորին բավարարում”,- պատմում է Գայանեն` Delice-ի հրուշակագործ-դիզայները։

Հումքի մնացորդներով էլ բլիթներ էին պատրաստում, երբեմն վաճառում, երբեմն էլ բաժանում երեխաներին։ Ամբողջ Ստեփանակերտը գիտեր, որ ժամը 15:00-ին կսկսի բլիթների վաճառքը։

Այսօր “Delice Cake”-ը գտնվում է Երևան քաղաքի Մաշտոցի 36 հասցեում։ Կապ հաստատելու համար կարող եք զանգահարել (093) 29-29-39 հեռախոսահամարով։

Հայկ Հարությունյան

Արտակ Բեգլարյան․ Արցախի իշխանությունը պետք է օրակարգ ունենա

Հիմա մտածում ենք՝ սկսե՞նք օգնել մարդկանց՝ արցախցիներին, անհատական հայցերով դիմել միջազգային դատարան և պահանջել վնասի փոխհատուցում։ Մենք տատանվում ենք, քանի որ կա լուրջ քաղաքական ենթատեքստ. սա կարող է նշանակել, որ մարդը կորցրել է հայրենիք վերադառնալու հույսը։ Բացի այդ, անհատական ​​բողոքները միջազգային դատարան կարող են տևել տարիներ, մինչև 10 տարի: Մինչդեռ Հայաստանի կողմից միջպետական ​​հայցի դեպքում ողջ գործընթացը կարող է տեւել 2-3 տարի։ Այս մասին ասել է Արցախի նախկին պետնախարար և օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը։

«Պետք է նշեմ, որ ՀՀ կառավարությունը չի ցանկանում, որ մենք վերադառնանք Արցախ, քանի որ սա քաղաքական գլխացավանք է դառնալու այս իշխանության համար։ Այդ իսկ պատճառով միջազգային երաշխիքների շուրջ բանակցություններ չեն ընթանում։ Չկա որևէ ինստիտուցիոնալ կառույց, որն իրավասու է խոսել Արցախի ժողովրդի շահերի մասին։ Բազմաթիվ հասարակական կազմակերպություններ կոչ են անում մարդկանց արտահայտվել ի պաշտպանություն այդ շահերի և ստեղծել համապատասխան ռեսուրս:

Սակայն Արցախի համար հիմնական պատասխանատվությունը պետք է կրի Արցախի կառավարությունը, այլ ոչ թե հասարակական կառույցները։ Փաստն այն է, որ այն չունի հանրապետության վերածնման օրակարգ կամ հայեցակարգ»,- ասաց նա։

Չի հերքվել վարկածը, թե Ազատ գյուղում 15 զինծառայողի մահը հակառակորդի դիվերսիայի հետևանք է. Նորիկյան

«Ծնողներն ու հասարակությունը այդպես էլ չպարզեցին, թե իրականում ինչ է տեղի ունեցել, իսկ ապաշնորհ իրավապահներն էլ ավելի մեծ կասկած սերմանեցին։ Այս մասին հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ազատ գյուղում հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողների ծնողների շահերը պաշտպանող փաստաբան Նորայր Նորիկյանը»,- գրում է news-ը։

Նրա խոսքով, ամեն ինչ արվում է, որպեսզի այս հանցագործությունն ամբողջությամբ չբացահայտվի, մեղավորների ողջ շրջանակը չբացահայտվի, և քարոզվի միայն իշխանությունների վարկածը։

«Գործով, մասնավորապես, չկա որևէ փաստացի հիմնավորված ապացույց, որ իրավապահները կատարել են այնպիսի աշխատանք, որը կհերքի իրենց վարկածով առաջ քաշված գործով անցնող Եղիշե Հակոբյանի հնարավոր կապը ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ։ Սովորաբար նման դեպքերում մեր հետախուզական ծառայությունները ստուգումներ են անցկացնում, այնուհետև կա՛մ հերքում, կա՛մ հաստատում են տեղեկատվությունը։ Տարօրինակ է, որ այս գործով նման աշխատանք չի իրականացվել։

Այն վարկածը, որ այս ողբերգությունը կարող էր տեղի ունենալ հակառակորդի դիվերսիոն գործողությունների արդյունքում, հիմնավոր կերպով չի հերքվել։

Չեն հերքվել նաև այլ վարկածներ, որոնք, մասնավորապես, կարող էին կապված լինել դիզվառելիքի և զինամթերքի վաճառքի, դավաճանության, հակառակորդի հետ հնարավոր շփման և այլնի հետ։ Այս տարածքը վերածվել է դիզվառելիքի իրացման շուկայի։ Որքանո՞վ կարելի է խոսել սրա մեջ ներգրավված սպաների շղթայի բացահայտման անհրաժեշտության մասին։

Ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին, համոզված են, որ իրենց երեխաները հրդեհից առաջ արդեն մահացած կամ առնվազն անգիտակից են եղել, իսկ հրդեհը կազմակերպվել է հետքերը թաքցնելու կամ հրդեհի փաստի վրա հասարակության ուշադրությունը շեղելու համար»,- ընդգծեց փաստաբանը։

Նա նկատեց, որ գործով անցնող տարբեր անձանց գործողություններում և ցուցմունքներում հակասությունները շատ են. «Այն փաստը, որ այն ժամանակ այս զորամասում ծառայած և արդեն զորացրված զինծառայողը հիմա ոչինչ չի հիշում, հիմք է տալիս կարծելու, որ ամեն ինչ արվում է ժամանակ ձգելու և հասարակության մեջ «հոգնածության» զգացում առաջացնելու համար։ Ես ավելի վաղ ասել եմ, որ այս դեպքը պետք է լիներ հասարակության վերջին կաթիլը, որը պետք է ձգտեր բացառել մահերը ոչ մարտական ​​պայմաններում, ինչը, սակայն, տեղի չունեցավ։ Ընդհակառակը, վերջին մի քանի օրերին բանակում կրկին զոհեր են եղել»,- ընդգծեց Նորիկյանը։

Նա հիշեցրեց, որ հրդեհից հետո մի քանի կրտսեր և միջին օղակի սպաներ հեռացվել են զբաղեցրած պաշտոններից։

«Բայց այսօր նրանք վիճարկում են իշխանությունների որոշումները, և հնարավոր է, որ վերականգնվեն։ Իշխանությունները պետք է ներողություն խնդրեին ու հրաժարական տային, փոխարենը սկսեցին արդարանալ ու մեղքը գցել ուրիշների վրա։ Հենց այն փաստը, որ այս կացարանը տրամադրվել է զինվորներին որպես բնակարան, արդեն հանցագործություն է։ Բացի այդ, իրավապահները դեռ չեն հասկացել, թե ինչն է նախորդել ողբերգական իրադարձություններին»,- եզրափակեց փաստաբանը։

Արցախցիների բնակարանային հարցին լուծման առաջարկ է արվել

Երեկվանից սոցցանցերում շրջանառվում է տեքստով լուսանկար՝ առանց ստորագրության կամ կնիքի, որը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային խնդիրը լուծելու առաջարկ։

Եվ յուրաքանչյուր ոք, ով իր էջում վերահրապարակում է առաջարկներով լուսանկարը, հարցեր է տալիս՝ ո՞վ է հեղինակը և ո՞րն է տարածման նպատակը։

Հատկանշական է, որ տեքստը սոցցանցերում հայտնվել է ՀՀ վարչապետի՝ Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանվածներին բնակարանով ապահովելու ծրագիրը քննարկելու  համար մեծ խորհրդակցություն հրավիրելու մասին երեկվա հայտարարությունից հետո։

Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության ժամին ասաց. «Երեք օր առաջ փոխվարչապետն ինձ ուղարկեց որոշման նախագիծ՝ Լեռնային Ղարաբաղից հարկադիր վերաբնակված անձանց բնակարանով ապահովելու մասին։ Պայմանավորվեցինք, որ մեկ շաբաթվա ընթացքում մեծ խորհդակցություն կհրավիրենք, վերջնական որոշումներ կկայացնենք ու կիրականացնենք ծրագիրը»։

Կարո՞ղ ենք ենթադրել, որ տարածվող տեքստը հենց այս նախագիծն է, իսկ արտահոսքը արված է «զոնդավորման» համար։

Տեքստով առաջարկվում է յուրաքանչյուր հարկադիր տեղահանվածին կամ փախստականին հատկացնել 5 մլն դրամ՝ բնակարանային խնդիրը լուծելու համար։

Մեկնաբանություններում հնչում էր հակասական վերաբերմունք առաջարկվող ծրագրի նկատմամբ։ Ոմանք կասկածում են, որ աջակցություն կլինի։ Ոմանք մատնանշում են առաջարկի առավելությունները բազմանդամ ընտանիքների համար, եւ թերությունները՝ փոքրերի համար:

Մյուսներն ասում են. «Շփոթեցնող և հիմար առաջարկ, կրկին որոշ մարդկանց անձնական շահերը առաջ տանելու համար է»։

Որոշ մարդիկ վստահ են, որ նախ անհրաժեշտ է բնակարանով ապահովել զոհվածների, հաշմանդամների և բազմազավակների ընտանիքներին։ Մնացածներին՝ կորցրած անշարժ գույքի վերաբերյալ փաստաթղթերի հիման վրա։

Ալվարդ Գրիգորյան

«Ֆրանսիայի Սենատի բանաձեւը բացում է նոր ժամանակահատված»․ Անդրիաս Ղուկասյան

«Ֆրանսիայի Սենատի բանաձեւը բացում է նոր ժամանակահատված, երբ եվրոպական պետությունների եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններն էապես փոխվելու են։ Ադրբեջանը հայտնվելու է իր համար կենսական նշանակություն ունեցող շահերը կորցնելու փաստի առաջ։ Շատերը չէին հավատում, որ դա տեղի կունենար, բայց այնուամենայնիվ տեսնում ենք, որ Ֆրանսիայի Սենատն իր բանաձեւով բացում է այդ ժամանակահատվածը»,- step1.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

Նշենք, որ Ֆրանսիայի Սենատը հունվարի 17-ին 336 կողմ և մեկ դեմ ձայնով ընդունել է «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելուն և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի հետագա փորձերը և տարածքային ամբողջականությունը խախտելը կանխելուն» ուղղված բանաձեւը։

Անդրադառնալով հարցին, թե եվրոպական երկրների կողմից Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կսահմանվե՞ն, Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց, որ Ֆրանսիան ըստ էության արդեն դա իրականացնում է։ «Ադրբեջանը եվրոպական վեց պետության մատակարարում է իր գազը։ Եվ, իհարկե, Եվրամիության հանձնաժողովի որոշումը՝ այդ գործարքները սահմանափակել կամ առհասարակ արգելել, մեծ հարված կլինի Ադրբեջանի համար։ Եվրամիությունն ամեն կերպ ժամանակ էր տրամադրում Իլհամ Ալիեւին, որպեսզի ինքը շտկի այն բացասական հետեւանքները, որոնք տեղի ունեցան Արցախում՝ հարձակման, ագրեսիայի եւ էթնիկ զտման հետեւանքով։ Հիմա, երբ շատ քիչ ժամանակ է մնացել, որ եւ ՄԱԿ-ի դատարանը պետք է ամփոփի անցյալ տարվա սեպտեմբերի հետ կապված դրությունը, եւ աշխատում է նաեւ փաստահավաք խումբ, որն էթնիկ զտման՝ այդ միջազգային քրեական հանցագործության փաստական հիմքերն է հավաքագրում, դա աշխատանք է, որն իր քաղաքական արդյունքները 2024 թվականի ընթացքում արդեն ունենալու է։ Ադրբեջանի ղեկավարությունն այդ առումով հայտնվելու է շատ ծանր վիճակում»,- նշեց Ղուկասյանը։

Անդրադառնալով Սենատի բանաձեւում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման շեշտադրմանը եւ հարցին, թե այսպիսով՝ փակ չէ՞ Արցախի հարցը, Ղուկասյանը պատասխանեց․ «Իսկ ո՞վ է ուզում փակ պահել Արցախի հարցը։ Սա վկայում է, որ եվրոպական պետությունները, Ֆրանսիան այդպես չեն մոտենում հարցին։ Եվ իրենց բոլոր ճնշումները նպատակ ունեն՝ ստիպել Ադրբեջանին կատարել հետեւյալ քայլերը։ Առաջինը՝ Ադրբեջանը պետք է իր զորքերը, ոստիկանությունը ու վարչակազմը դուրս բերի Արցախի տարածքից, երկրորդ՝ այնտեղ պետք է տեղակայվեն միջազգային խաղաղարար ուժեր, երրորդ՝ Արցախի տարածքում կառավարումը պետք է անցնի միջազգային ատյաններին ու կառույցներին, չորրորդ՝ Լաչինի միջանցքի նկատմամբ կառավարումը նույնպես պետք է անցնի միջազգային կառույցներին։ Եվ հինգերորդն այն է, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի քրեական հետապնդումներն արցախահայերի նկատմամբ եւ բաց թողնի այս ընթացքում կալանավորած բոլոր գերիներին եւ այլ պահվող անձանց։ Պետք է նաեւ ընդունվի այնպիսի իրավական ակտ, որը կբացառի նման քրեական հետապնդումների հարուցումը»։ Ըստ Ղուկասյանի՝ այս բոլոր պահանջներն Ադրբեջանին ներկայացվում են, մասնավորապես, Ֆրանսիայից։ Իսկ Եվրամիությունն իր բոլոր բանաձեւերում ֆիքսում է, որ «Մադրիդյան սկզբունքները» շարունակում են մնալ Արցախի հարցի խաղաղ կարգավորման միակ հիմքը։

«Եվ այս ամենն անխուսափելի է, դա դառնալու է իրականություն։ Դա կարող է դառնալ իրականություն միայն Ադրբեջանի իշխանությունների վրա ճնշում գործադրելու արդյունքում։ Կամավոր իրենք մտադիր չեն գնալ այդ ճանապարհով, հակառակը, ուզում են նախաձեռնել պատերազմ, նոր էսկալյացիա, բայց այդ բոլոր գործողությունները չեն կարող վերացնել այն պահանջները, որոնք ուղղում են Ադրբեջանին Ֆրանսիան ու եվրոպական պետությունները»,- հավելեց Անդրիաս Ղուկասյանը։

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով ստեղծված հանձնախմբի հայտարարությունը

Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության նպատակին կոչված Հանձնախումբն արդեն ձևավորված է: Հանձնախմբի անդամների առաջարկությամբ հանձնախմբի աշխատանքների համակարգումը կիրականացնի ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Գործունեության մեկնարկի, Հանձնախմբի անդամների և այլ մանրամասների մասին կտեղեկացվի լրացուցիչ՝ առաջիկա օրերին: Ակնկալում ենք, որ արցախցիների հիմնարար իրավունքների պաշտպանության բնագավառում գործունեություն ծավալող անհատները, խմբերն ու հաստատությունները կհամագործակցեն համապատասխան լիազորություն ստացած այս Հանձնախմբի հետ:

18 հունվարի, 2024թ.

Լավրովն իր ճեպազրույցը նվիրել է Հայաստանի կողմից ռուսական ծառայություններից հրաժարվելուն: “помощь зала”

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լարովի այսօրվա ասուլիսի հարցերի զգալի մասը վերաբերում էր Հայաստանին։ Հայաստանի իշխանությունը «խաչմերուկում» է՝ ներկայիս համաձայնությունը Ադրբեջանի հետ կնշանակի ընդունել կարգավորման «ռուսական» տարբերակը, և սա կլինի Փաշինյանի իշխանության արևմտամետ դեմոկրատական ​​խաղի ավարտը։ «Հանդիսատեսի օգնությունը» չի ուշացել. Լավրովը վստահեցնում է, որ Հայաստանը հրաժարվում է ռուսական օգնությունից։

Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի Դաշնության տարածքում, սակայն Երևանի դիրքորոշումը մնում է անհասկանալի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2023 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում երբեք խոսք չի եղել «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասել է Լավրովը։

Նրա խոսքով, 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության մեջ, որով դադարեցվել է պատերազմը, ասվում էր, որ բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվելու են։ Միաժամանակ, Հայաստանը երաշխավորում է երկու ուղղություններով տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև, և այդ տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում է ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայությունը։

Հայաստանը չի ցանկանում ռուս սահմանապահների տեղակայում Ադրբեջանից դեպի Նախիջևան Սյունիքի ճանապարհին, ասել է Սերգեյ Լավրովը։

«Մենք տեսանք, որ հենց որ Եվրամիությունը, Ֆրանսիան, Գերմանիան և ԱՄՆ-ը հասկացան, որ ռուս-հայ-ադրբեջանական գործընթացն արդյունք է տալիս ուղիների ապաշրջափակման, սահմանների սահմանազատման և խաղաղության պայմանագրի պատրաստման հարցում, անմիջապես սկսեցին ներթափանցել այս գործընթացներին առանց հրավերի և փչացնել խաղը»,- ասել է Լավրովը։

«Հայաստանում չեն ցանկանում, որ այնտեղ ռուս սահմանապահներ տեղակայվեն։ Չնայած սա արձանագրվել ու ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Նա չի ցանկանում, որ չեզոք մաքսային և սահմանային հսկողություն լինի։ Միայն իրենք, և դա հակասում է նրան, ինչի շուրջ մենք պայմանավորվել ենք»,- ասել է Լավրովը։

«Համոզված եմ, որ երթուղին կանցնի է Հայաստանի ինքնիշխան տարածքով՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության հսկողության ներքո»,- ասել է Լավրովը։ Նա չբացատրեց, թե ինչ առնչություն ունի ՌԴ ԱԴԾ-ն Հայաստանի ինքնիշխանության հետ։

Մոսկվան հրավիրված չէ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին, չնայած պայմանավորվածությանը, ասել է Լավրովը։

«Մենք առաջարկել ենք մեր ծառայությունները, ավելին, կողմերը պայմանագիր են կնքել, որ ստեղծելու են սահմանազատման հանձնաժողով, որին ռուսական կողմը կմասնակցի որպես խորհրդատու։ Մեզ այնտեղ չեն հրավիրում»,- ասել է Լավրովը։

«ԵՄ-ի մոտ ինչ-որ կերպ հայտնվեց ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզները։ Եվ դրա համար էլ ասում են՝ «ձեզ ռուսներ պետք չեն, մենք ունենք քարտեզները»»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Նիկոլա Անելկան Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ նվերներ է հանձնել արցախցի երեխաներին

Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Նիկոլա Անելկան  Աբովյանի սպորտի և մշակույթի կենտրոնում հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների հետ և նրանց նվերներ հանձնել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Գագիկ Ծառուկյանը։  э

«Հայաստան է ժամանել ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Նիկոլա Անելկան, ով մեր երկրում է մեծ ծրագրերով՝ այդ թվում ներդրումային:

Իմ հրավերով Անելկայի հետ միասին այցելել ենք Աբովյանի սպորտի և մշակույթի կենտրոն, որտեղ սեպտեմբերից բնակվում են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, քանզի Անելկան մեծ ցանկություն էր հայտնել արցախահայ բալիկներին հանդիպելու և նվերներ հանձնելու:

Արցախցի մեր հայրենակիցներին այցը պատահական չէր. խորհուրդն ու համոզմունքը մեկն է՝ կյանքն այսպես չի մնալու, շարունակվելու է և ամեն ինչ իր տեղն է ընկնելու, բայց այս պահին մեր քույրերն ու եղբայրներն ունեն ջերմության և ուշադրության կարիք, որը երբեք չպետք է պակասի»,- գրել է Ծառուկյանը:

Նիկոլա Անելկան Հայաստան է ժամանել հունվարի 18-ին։ Անելկան հունվարի 18-ին այցելել էր Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի ակադեմիա, հանդիպել ակադեմիայի սաների հետ։ Նիկոլա Անելկան հայտարարել է, որ Հայաստանում ֆուտբոլի նոր ակադեմիա բացելու նպատակ ունեն։

Ախուրյանում վերաբնակեցված 90-ից ավելի արցախցի ընտանիքի USAID-ի կողմից տեխնիկական սարքավորումներ են տրամադրվել

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքները, որոնք բնակություն են հաստատել Շիրակի մարզի Ախուրյան համայնքում, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից՝ «CapSLoc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի միջոցով, որպես աջակցություն՝  ստացել են էլեկտրատեխնիկա:

Ծրագիրն իրականացնում է ՀԿ Կենտրոնը՝ գործընկեր 4 կառույցների համատեղ ջանքերով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ տվյալ աջակցությունից օգտվում է ավելի քան 90 ընտանիք՝ 380 անձ:՛

«Այս պահի դրությամբ տեխնիկական սարքավորումների տեսքով մոտ 18 մլն դրամի աջակցություն է տրամադրվել ընտանիքներին՝ սառնարաններ, լվացքի մեքենաներ, տաքացուցիչներ, միկրոալիքային վառարաններ, կարի մեքենաներ, արդուկներ և այլն: Բոլոր սարքավորումները գնվել են ընտանիքների կարիքների գնահատումից հետո»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ծրագրի ղեկավար Արփինե Հակոբյանը՝ հույս հայտնելով, որ ծրագրի շրջանակներում ձևավորված տեղական առաջնորդների ակտիվ խմբերում կընդգրկվեն նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Ախուրյան համայնքում բնակվող անձիք:

Համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի խոսքով՝ այս պահին Ախուրյան խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում վերաբնակեցված է ԼՂ-ից տեղահանված մոտ 100 ընտանիք: Այս ընտանիքները, հիմնականում, ցանկություն են հայտնում մնալու   համայնքում: Նրանցից ոմանք արդեն աշխատանքի են անցել և՛ մասնավոր, և՛ պետական համակարգերում:

Բաքուն խիստ զայրացած է Ֆրանսիայի Սենատի բանաձեւի ընդունման կապակցությամբ

«Մեծ առումով հասկանալի է, որ Ֆրանսիայի Սենատում նաեւ այլ հայանպաստ բանաձեւեր են ընդունվել, նաեւ Արցախին վերաբերող, այնպես չէ, որ մեծ սպասելիք կա, որ սա բերելու է շատ արմատական գործընթացների։ Բայց, կարծում եմ, որ Հայաստանի համար այս ծանրագույն պահին Ֆրանսիայի Սենատի կողմից այսպիսի բանաձեւի ընդունումը ողջունելի է եւ նաեւ հնարավորություն է արտաքին տարբեր ուղղություններով Արցախի հարցի հետ կապված պրոցեսը որոշակի նպաստավոր դաշտ բերելու առումով»,- այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա նշեց, որ Ֆրանսիայի Սենատը երեկ ընդունած բանաձեւով, ի թիվ այլ պահանջների, Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Ըստ պատգամավորի՝ օգտագործելով Սենատի կողմից բանաձեւի ընդունման հանգամանքը՝ նաեւ հնարավոր է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում Հայաստանի համար որոշակի շահեկան հնարավորություններ ստեղծել։

Տիգրան Աբրահամյանը նշեց, որ Սենատի բանաձեւին ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանից համապատասխան հայտարարություններ են հնչել, ընդհուպ մինչեւ ֆրանսիական կապիտալով ընկերությունները Ադրբեջանից դուրս բերելու մասին։

Նշենք, որ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը հայտարարություն է ընդունել Ֆրանսիայի Սենատի երեկվա բանաձևի վերաբերյալ՝ կոչ անելով կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ֆրանսիայի դեմ, սառեցնել Ադրբեջանում ֆրանսիացի պաշտոնյաների ակտիվները, դադարեցնել տնտեսական կապերը Ֆրանսիայի հետ ու ֆրանսիական բոլոր ընկերությունները դուրս բերել Ադրբեջանից։

Ֆրանսիայի Սենատը հունվարի 17-ին 336 կողմ և մեկ դեմ ձայնով ընդունել է «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելուն և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի հետագա փորձերը և տարածքային ամբողջականությունը խախտելը կանխելուն» ուղղված բանաձեւը։ Դրանում նշվում է նաեւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման անհրաժեշտության մասին։

«Զանգը» միակ նախաձեռնությունն չէ, որ իշխանափոխության հարց է դնում, բայց գիտի, թե «առանց նիկոլի Հայաստանն» ինչպիսին է լինելու

Step1.am-ի զրուցակիցն է «Զանգ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Սուրեն Սահակյանը։

-Պարոն Սահակյան, դուք բազմիցս ասել եք, որ 2018 թվականի հեղափոխության հիմքում եք կանգնած եղել, հեղափոխական տեխնոլոգիաների հեղինակներից էիք։ «Զանգ» նախաձեռնությունն այսօր թերեւս միակ քաղաքացիական նախաձեռնությունն է, որը իշխանափոխության հարց է դնում, ի՞նչն է ստիպում հրամայական դարձնել իշխանափոխության հարցը, հեղափոխական կոնցեպտից ի՞նչ շեղում է տեղի ունեցել։

-Ես ոչ մի յուրահատուկ հեղափոխական տեխնոլոգիա չեմ հեղինակել։ Մշտապես փողոցային պայքարի մեջ լինելով՝ հնարավորություն եմ ունեցել արդեն գոյություն ունեցողներն ուսումնասիրել եւ երբեմն էլ դրանցից որոշները կիրառել Հայաստանում։ Այդ պատճառով էլ 2018 թվականի գործընթացներում պատկերացում կար, թե նման իրավիճակներում ինչն է աշխատում, գործիքներից որոնք են բացարձակ անիմաստ եւ կիրառել պետք չէ։

Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակը իր բնույթով եզակի երեւույթ է, գործնականում չուսումնասիրված։ Բռնատիրության դեմ պայքարն իր օրենքներն ունի, ժողովրդավար կարգերում էլ ամեն ինչ պարզ է, ավտորիտարիզմի դեմ պայքարի գործիքներն էլ հայտնի են։ Այն, ինչ կա Հայաստանում, անհասկանալի երեւույթ է, եւ մենք ստիպված ենք սեփական փորձի ու սխալների մեթոդով առաջ շարժվել։ Փոփոխությունները, որ պետք է տեղի ունենան Հայաստանում, առաջին հերթին մտքի աշխատանքի հետեւանք պետք է լինեն։ Այդ միտքը ձեւավորելու համար համապատասխան ավանդույթներ ու արժեքային հենքը բացակայում է։ Այդ պատճառով է, որ գործընթացները դանդաղում են։

Ա՛յ, դուք նշում եք, որ «Զանգը» միակ նախաձեռնությունն է, որ իշխանափոխության հարց է դնում։ Իհարկե, այդպես չէ, «Զանգը» միակը չէ, որ որպես առաջին քայլ դա է դիտում։ Սակայն իմ դիտարկումները ցույց են տալիս, որ ոչ միայն նախաձեռնությունները, այլ ոչ ոք չի պատկերացնում, թե «առանց նիկոլի Հայաստանն» ինչպիսին է լինելու։ Հարցը միայն Նիկոլ Փաշինյանի անձը չէ։ Մարդիկ հասկանում են, որ դրանք այնպիսի փոփոխություններ են ենթադրում, որ իրենց աշխարհայացքի, մտահորիզոնի բանը չեն։ Պատահական չէ, որ բոլորը իրենցից հեռացնում են այդպիսի Հայաստանի համար իրենց պատասխանատվության հարցը։ «Զանգը» ոչ միայն այդ պատկերացման մասին խոսում է, այլ նաեւ պատրաստ է դրանից բխող պատասխանատվությանը։ Օրերս նաեւ հանդես կգամ դրա վերաբերյալ ծրագրային հոդվածով։ Հենց սա է ստեղծված տպավորության պատճառը, թե «Զանգն» այդ առումով եզակի է։

-Մաշտոցի պուրակում հավաքներ եք անում, ի՞նչ եք նկատում, հասարակությունը պատրա՞ստ է իշխանափոխության, ի՞նչ արձագանք կա, ինչպե՞ս արթնացնել մարդկանց։

-Իշխանափոխության պատրաստ է հանրությունը, բայց, ինչպես արդեն ասեցի, պատրաստ չէ ապագայի Հայաստանի ինչպիսին լինելը օբյեկտիվորեն գնահատելու։ Մենք ժամանակակից պետության մեջ տեղի ունեցող գործընթացների մասին գիտելիքների աղետալի պակասի խնդիր ունենք։ Շատ են ասում, թե հանրությունն անտարբեր է, ապատիկ վիճակում է, եւ այլն։ Ես չեմ կարծում, թե այդպես է։ Մեր բոլորի շրջապատներում բոլոր խոսակցությունների մեջ կարմիր թելով անցնում է թե՛ իշխանափոխության հարցը, թե՛ մնացած փոփոխությունների հարցը, ներկայիս իրավիճակի քննադատությունը։ Խնդիրն այն է, որ մեզնից յուրաքանչյուրը չգիտի՝ ի՞նչ անել դրա համար, եւ այս փոխադարձ մեղադրանքների ու հայհոյանքների տարափի պայմաններում իր հետ քանի՞սը կհամաձայնեն։

Ներկայումս պուրակում իրար նման հավաքներ իրականացնելու փոխարեն, մենք տարբեր հավաքներ ու քննարկումներ ենք նախաձեռնում, որպեսզի մարդիկ տեսնեն՝ իրենց ցանկությունների ու երազանքների մեջ իրենք միայնակ չեն։

Թշնամի երկրից հնչող հայտարարությունները փաստում են, որ խաղաղություն չի լինի այս պայմաններում։ Ի՞նչ պետք է անել այս իրավիճակում, ո՞ր դեպքում է հնարավոր արժանապատիվ խաղաղություն ունենալ։

-Գիտե՞ք՝ դրա մասին մենք եւ այլ մարդիկ եւս տարիներով խոսում ենք։ Դուք էլ եք ասում, որ Ադրբեջանի նման գործունեությունը խաղաղության մասին չէ։ Իսկ պետական քարոզչությունը 2022 թվականի սկզբից հայտարարվում է, թե մինչեւ տարվա վերջ պայմանագիր կկնքվի։ Երկու տարի է, ինչ պետական քարոզչամեքենան այդ թմրանյութով բթացնում է հանրության զգոնությունը։ Այնինչ, կառավարությունն իր վարած քաղաքականությամբ Ալիեւին էլ ավելի է համոզում, որ պատերազմով հնարավոր է ավելին ստանալ, որ Հայաստանի հանրությունը հիմա ամենապառակտվածն է, ամենաանպատրաստն է։ Այսինքն՝ կառավարությունը, իրականությունը մեղմ երանգներով ներկայացնելով, չնայած հայտարարված «խաղաղասիրական» քաղաքականությանը, ահռելի արագությամբ մոտեցնում է աղետալի պատերազմը։ Մինչդեռ, խաղաղություն հնարավոր է։ Դրան հնարավոր է հասնել, եթե Հայաստանն իր նպատակներն ու դրանից բխող պետական շահերը ձեւակերպի եւ կարողանա դրանց շուրջ կոալիցիաներ ձեւավորի։ Ոչ թե տերեր փնտրի, որոնք անհայտ է, թե ինչի համար պետք է այդ քաղաքական որբին տիրություն անեն, այլ արժանապատիվ գործընկերներ։ Հայաստանում դրա փոխարեն քաղաքական շերտն անընդհատ ասել է, թե դա ցնորք է․ Հայաստանը բարեկամներ չունի եւ չի էլ ունենալու։ Այնինչ սկսած ահաբեկչական «ՀԱՄԱՍ»-ից ու «Թալիբանից», մինչեւ ՄԱԿ-ի անդամ Ջիբութին բարեկամներ ունեն, որովհետեւ շահեր են ձեւակերպել, որոնց հետ համադրվում են այլ պետությունների շահեր։