Հայերը պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղ․ Քննարկումներ Եվրախորհրդարանում

Եվրախորհրդարանի հոկտեմբերի 3-ի բանավեճի ժամանակ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների գծով Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է վերանայի իր հարաբերությունները ազերբայդժանի հետ և առաջ քաշի իր պայմանները։

«Մենք պետք է դադարեցնենք հանդարտեցման քաղաքականությունը, և Ալիևի վարչակարգի համար անհապաղ հետևանքներ պետք է լինեն», ընդգծել է նա։

Կալյուրանդը քննադատել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, ով անցյալ տարի իր այցի ժամանակ կանգնել էր Ալիևի կողքին և գովել Բաքվին՝ նրան անվանելով «ԵՄ վստահելի գործընկեր»։

«Այսօր Հանձնաժողովը շատ հստակ հասկացրեց, որ ազերբայդժանի գործողությունները՝ սկսած ռազմական գործողություններից, ավարտվում են Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանմամբ, ինչը փաստացի էթնիկ զտում է», ասել է նա։

Եվրախորհրդարանի պատգամավորի խոսքով՝ ԵՄ-ն արձագանքելու համար անհրաժեշտ լծակներ ունի, և նրա պատասխանը պետք է ներառի պատժամիջոցներ։

Իր հերթին, ԵԽ պատգամավոր Նատալի Լուազոն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, կոչ է արել չկրկնել անցյալի սխալները։ «Մենք պետք է ծառայենք մեր պատվին և ծառայենք Հայաստանին», ասել է նա։

ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը X-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Եվրախորհրդարանում տեղի ունեցած բանավեճը։

«Եվրախորհրդարանի անդամները միակարծիք են.

Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումները դատապարտելու հարցում

Ալիևի ռեժիմը պետք է բախվի իր գործողությունների հետևանքներին.

Հայաստանին ԵՄ-ի բազմակողմանի աջակցության մեջ

Հայերը պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղ՝ միջազգային երաշխիքների և ներկայության ներքո»։

ԵՄ-ն, ԱՄՆ-ն և Ռուսաստանը գաղտնի բանակցություններ են վարել Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայից առաջ. Politico

ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները Արցախի դեմ Բաքվի ագրեսիայից մի քանի օր առաջ գաղտնի բանակցություններ են վարել Թուրքիայում՝ կապված Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ, գրում է Politico-ն։

Հանդիպումը նշանավորում է ուկրաինական պատերազմի բռնկման պահից ի վեր Մոսկվայի և Արևմուտքի միջև հազվագյուտ, թեեւ անարդյունք շփումը անվտանգության հիմնական խնդրի շուրջ:

Քննարկումներին ծանոթ բարձրաստիճան դիվանագետը Politico-ին ասել է, որ հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին Ստամբուլում՝ Բաքվի վրա ճնշում գործադրելու ջանքերի շրջանակում, որպեսզի վերջ տա անկլավի իննամսյա շրջափակմանը և թույլ տա Հայաստանից մարդասիրական օգնության շարասյուներին անցնել: Նա ասել է, որ հանդիպման ժամանակ հիմնական ուշադրությունը սեւեռվել այն բանի վրա, թե «ինչպես տեղից շարժել այդ անիծյալ բեռնատարները» և ապահովել, որ սննդի և վառելիքի մատակարարումները հասնեն 100,000 բնակիչներին:

ԱՄՆ-ն ներկայացրել է Կովկասում բանակցությունների գծով Վաշինգտոնի ավագ խորհրդական Լուի Բոնոն, ԵՄ-ն ուղարկել է իր հատուկ բանագնաց Տոյվո Կլաարին, իսկ Ռուսաստանը գործուղել է Իգոր Խովաևին, ով Ռուսաստանի Դաշնության հատուկ բանագնացն է Հայաստանի և Բաքվի հարաբերությունների գծով։

Politico-ին ԵՄ պաշտոնյան ասել է՝ «մենք կարծում ենք, որ կարևոր է պահպանել շփման ուղիները համապատասխան զրուցակիցների հետ՝ թյուրիմացություններից խուսափելու համար»: Պաշտոնյան նաև նշել է, որ Կլաարը «վերջին տարիներին» ձգտել է պահպանել շփման ուղիները բազմաթիվ ճակատներում, այդ թվում՝ Խովաևի և Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի հետ բանակցություններում:

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել հանդիպումը՝ ասելով միայն, որ «մենք չենք մեկնաբանում մասնավոր դիվանագիտական ​​քննարկումները»։

Այնուամենայնիվ, խնդրին ծանոթ ամերիկացի պաշտոնյան բացատրել է, որ քննարկումները ծագել են այն ըմբռնումից, որ Կրեմլը շարունակում է վերահսկել իրավիճակը տարածաշրջանում։ «Մենք պետք է կարողանանք աշխատել ռուսների հետ այս հարցում, քանի որ նրանք իսկապես ազդեցություն ունեն կողմերի վրա, հատկապես հիմա, երբ մենք վտանգավոր պահին ենք»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Արցախում ռուսական զորքերը պատրաստվում են նոր «առաքելության»

Արցախում ավելի քան 120 հազար հայերի բռնի տեղահանումից հետո ռուս խաղաղապահները, ովքեր 2020 թվականի նոյեմբերի 10-ին, առանց միջազգային մանդատի և միայն Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ, տեղակայվեցին Արցախում, շարունակում են այնտեղ գտնվել առ այսօր։ Երեկ նրանք կատարեցին իրենց հերթական դավաճանությունը՝ հենց Ստեփանակերտի օդանավակայանի ռուս խաղաղապահների բազայից ապօրինի ձերբակալվեցին Արցախի նախկին նախագահներն ու խորհրդարանի նախագահը։ Նախկինում ռուսները նույն կերպ հանձնել էին Ռուբեն Վարդանյանին և մի շարք այլ անձանց։

Արցախում ռուսական զորքերի մանդատը մինչ օրս հիմնված է բացառապես եռակողմ հայտարարության տակ դրված Փաշինյանի ստորագրության վրա։ Ալիեւը, հիշեցնենք, ռուսներին մանդատ չի տվել.։Չնայած Արայիկ Հարությունյանի «խնդրանքներին», ՄԱԿ-ը նույնպես Ռուսաստանին միջազգային մանդատ չտրամադրեց, թեև Արցախում ռուսական ներկայությանը որեւէ կերպ չվիճարկեց։ Այժմ նրանք Արցախում են՝ նոր առաքելությամբ։

Փաշինյանի կուսակցության ներկայացուցիչը երեսպաշտորեն հայտարարում է, որ «պետք է խոսել նաև ռուս խաղաղապահների անգործության մասին»։ «Լեռնային Ղարաբաղում հայ չի մնացել. Չեմ պատկերացնում, թե ում անվտանգությունը կապահովեն ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում՝ հաշվի առնելով, որ 10 ամիս և մինչ այդ նրանք անգործություն են դրսևորել և չեն կարողացել պատշաճ մակարդակով կատարել իրենց գործառույթները»,- ասաց ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

Աշխարհում զարմանալի կոնսենսուս կա Արցախում ռուսական ներկայության և նրանց «առաքելության» առնչությամբ։

Վերջերս Ստեփանակերտ այցելած «ՄԱԿ առաքելությունը» հայտարարեց, որ այնտեղ ամեն ինչ լավ է, և ոչինչ չասաց ռուսական ներկայության անթույլատրելիության, անօրինականության կամ ժամկետանց լինելու մասին։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին նիստում միայն Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչներն են մատնանշել Ռուսաստանի դերը Արցախում տեղի ունեցած իրադարձություններում։

Մեկնաբանելով Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Պատելը նշել է, որ «չի ցանկանում շահարկումներ անել» այս թեմայով։ «Իհարկե, նման ներկայությունը դեռևս մտահոգություն է առաջացնում։ Սակայն Միացյալ Նահանգները պատրաստվում է շարունակել կենտրոնանալ այս հարցում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ բանակցություններոմ ներգրավվելու վրա և անել ամեն ինչ, որպեսզի շարունակենք աջակցել արժանապատիվ և տեւական խաղաղությանը», – ասել է նա:

«Երկու շաբաթվա ընթացքում դուք Լեռնային Ղարաբաղից ընդունեցիք ավելի քան 100 հազար բնակիչների, ովքեր ստիպված էին լքել իրենց պատմական տարածքները՝ Ռուսաստանի մեղսակցության և Ադրբեջանի ռազմական գործողությունների պատճառով։ Պետք է հիշել նաև ապօրինի շրջափակման 9 ամիսները։ Ապօրինիէ, քանի որ Արդարադատության միջազգային դատարանը փետրվարին պահանջել է բացել տարածքը», – Երեւանում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնան։

Ռուսաստանի կողմից «դեպի Արևմուտք թեքվելու» մեջ մեղադրվող Փաշինյանը, նույնիսկ Արցախի հայերի բռնագաղթից և ռուսների կողմից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Ադրբեջանին հանձնելուց հետո չի հրաժարվում իր ստորագրությունից եռակողմ հայտարարության տակ և պահպանում է ռուսների ներկայությունը Արցախում։ Ինչի՞ համար։

Ռուսները դեռ պետք է «ալբանացնեն» Արցախի հայկական եկեղեցիները, հող նախապատրաստեն «հայկական փոքրամասնության» կյանքի համար՝ ինչպես ասել է Լավրովը, «ադրբեջանական օրենսդրության» շրջանակներում, Արցախի բնակիչների տները «անձեռնմխելի» պահպանեն», որպեսզի հարմար պահին նույն կերպ բռնի «վերադարձ» իրականացնեն դեպի գետտո։ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի աջակցությամբ, և գուցե միջազգային մանդատով։ Չէ որ մինչ հիմա ամեն ինչ ճիշտ են անում, կարելի է նաեւ մանդատ տալ։

Հակառակ դեպքում ինչի՞ն է պետք Արցախում ռուսական կոնտինգենտը։

ԼՂ հայերի բռնի տեղահանումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է․ Կատրին Կոլոննա

Լեռնային Ղարաբաղի հայերը ինքնակամ չեն լքել իրենց տները, սա բռնի տեղահանում էր։ Տեղի ունեցածը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։

«Արմենպրես»ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի  հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում ասաց Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան։

«Ես անհրաժեշտություն եմ զգում ևս մեկ անգամ հայտարարելու այդ մասին, քանի որ մենք լսում ենք հայտարարություններ, որոնցում ասվում է, որ մարդիկ ինքնակամ լքել են իրենց տները։ Դա այդպես չէ»,– ասաց նա։

Ֆրանսիայի արտգործնախարարը շեշտեց, որ այս փաստին հստակ գնահատական տալը կարևոր է, ու հավելեց, որ այդ սուտը ոչ մեկին չի մոլորեցնի։

«Մարդասիրական այս սարսափելի աղետի պայմաններում Ֆրանսիան 12,5 մլն եվրոյի օգնություն է հատկացրել Հայաստանին, որն ուղղված է բռնի տեղահանվածների համար արժանապատիվ պայմանների ապահովմանը։ Ես խոստանում եմ, որ այդ օգնությունը կլինի շարունակական և կրկին կտրամադրվի, եթե անհրաժեշտություն առաջանա»,– ասաց նա:

Կոլոննան ընդգծեց, որ  այն խոսակցությունները, թե Ֆրանսիան բավականաչափ ակտիվ չի եղել և ստեղծված իրավիճակում արձագանքել է ուշ, իրականությանը չեն համապատասխանում։ «Ֆրանսիան միշտ եղել է հայերի կողքին, մենք  հայերի կողքին ենք եղել ՄԱԿ-ում և ամենուր, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի հետ ամենաբարձր մակարդակների բոլոր շփումներում։ Հայաստանի կողքին ենք եղել նաև Եվրամիության շրջանակներում դիտորդական առաքելության ստեղծման ժամանակ։ Եվ ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մենք փորձում ենք ստեղծել պայմաններ, որոնք հնարավորություն կտան ունենալ բանաձևի նախագիծ,  ըստ որի  Լեռնային Ղարաբաղի այն հայերը, ովքեր կցանկանան, կարողանան անվտանգ պայմաններում վերադառնալ իրենց տները»,– ասաց Կատրին Կոլոննան։

Բաքուն հայտնում է Արայիկ Հարությունյանի «ձերբակալման» մասին

Ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են շրջանառել ԼՂ նախկին  նախագահ Արայիկ Հարությունյանի  «ձերբակալման»  մասին։ Ավելի վաղ հայտնվել է նաև ԼՂ նախկին  նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև  Ազգային ժողովի  նախագահ Դավիթ Իշխանյանի «ձերբակալման»  մասին։

Արցախից բռնի տեղահանվածների համար նախատեսված Իրանի հումանիտար բեռը Սյունիքի մարզում է

Սյունիք հոկտեմբերի 3-ին հասել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստան ուղարկված հումանիտար բեռը՝ նախատեսված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար, հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։

Կապանում այն դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետությւան արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին: Նշվում է, որ մոտ 60 տոննա հումանիտար օգնությամբ բեռնատարներում սնունդ է, հիգիենիկ պարագաներ, տաք ծածկոցներ, ջեռուցիչներ և այլն։

Մարդիկ ուժի սպառնալիքով ստիպված են եղել թողնել տները և դառնալ բռնի տեղահանված․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ Այրվածքաբանության ազգային կենտրոնում  տեսակցել է Լեռնային Ղարաբաղում վառելիքի պայթյունից տուժած քաղաքացիներին, հայտնում է Առաջին լրատվական ալիքը։

Նշվում է, որ Ֆրանսիայի արտգործնախարարը կենտրոնին է փոխանցել Ֆրանսիայի հումանիտար օգնությունը:

Կոլոննան տեղեկացրել է, որ մտադիր են 4 պացիենտի տեղափոխել Ֆրանսիա, բուժումն այնտեղ շարունակելու նպատակով:

«Իմ այցը արտահայտում է Ֆրանսիայի բարեկամությունը, բայց ոչ միայն բարեկամությունը, այլև՝ աջակցությունը և համերաշխությունը, նաև՝ դիվանագիտական համերաշխությունը: Ֆրանսիան արագ արձագանքեց ողբերգությանը, որ մարդիկ ուժի սպառնալիքով ստիպված են եղել թողնել տները և դառնալ բռնի տեղահանված: Կշարունակենք լինել ձեր կողքին»,- ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։

Կատրին Կոլոննան նշել է, որ  տեսնելով ԼՂ-ում իրավիճակի վատթարացումը, լիակատար շրջափակումը, որը միջազգային իրավունքի խախտում է, արդեն որոշել են մեծացնել Հայաստանին աջակցությունը։ Ըստ նրա՝ այն արդեն հասցրել են  12,5 միլիոն եվրոյի՝ բռնի տեղահանվածներին օգնության համար:

Փարիզի քաղաքային խորհուրդը ընդունել է «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայերին Փարիզ քաղաքի պատվավոր քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ» բանաձև

Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայերին Փարիզ քաղաքի պատվավոր քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ» բանաձև։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Այս բանաձևով Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի գործած շարունակական հանցագործությունները, այդ թվում նաև՝ սեպտեմբերի 19-ին սանձազերծված ռազմական ագրեսիան և արցախահայության դեմ իրականացվող իրականացվող ցեղասպանական գործընթացը։

Ի հավաստումն Փարիզի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդին տրամադրվող աջակցության շարունակականության՝ նշված բանաձևի համաձայն արցախահայությանը խորհրդանշական ձևով շնորհվում է նաև Փարիզի պատվավոր քաղաքացիություն։

Բաքվի ԶԼՄ-ները գրում են Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Իշխանյանի ձերբակալման մասին

Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ները, վկայակոչելով իրենց աղբյուրները գրում են, որ ձերբակալվել են Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, ԱԺ գործող նախագահ Դավիթ Իշխանյանը։

 Ըստ աղբյուրի,  նրանց ձերբակալել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Նրանց տեղափոխում են Բաքու։

ԼՂՀ պետնախարարը, ՆԳ նախարարը և ԱԱԾ պետը Հայաստանում են

ԼՂ պետնախարար Արթուր Հարությունյանը, ԼՂ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը և ԱԱԾ պետ Արարատ Մելքումյանը մի քանի ժամ է արդեն Հայաստանում են։

«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ԼՂ պետնախարար Արթուր Հարությունյանը՝ հավելելով, որ Հայաստան են հասել այսօր։

ՌԴ-ն դավաճանեց հայ ժողովրդին. Շառլ Միշել

Իրավիճակը պարզ է. ոչ ոք չի կարող չտեսնել, որ Ռուսաստանը դավաճանել է հայ բնակչությանը, Euronews-ին տված հարցազրույցում ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

«Ռուսաստանը ցանկություն է հայտնել, որ իր զինվորները ներկա լինեն այնտեղ և երաշխավորեն կայունության և անվտանգության մասին համաձայնագրերը: Եվ մենք տեսնում ենք, որ այդ ռազմական գործողությունը սկսվել է առանց իրադարձությունների վայրում գտնվող Ռուսաստանի ամենափոքր արձագանքի՝ ի տարբերություն Եվրամիության, որն այնտեղ ռազմական ներկայություն չունի», – նշել է նա:

Շառլ Միշելն ասել է, որ մտադիր է միջնորդություն առաջարկել Հայաստանի և Բաքվի միջև Իսպանիայի Գրանադա քաղաքում այս շաբաթվա վերջին կայանալիք Եվրամիության գագաթնաժողովի ընթացքում:

Արցախի ցեղասպանության իրագործումից հետո բոլորը փորձում են իրենց կաշին փրկել:

«Թուրքերի հետ երկրորդ բարդ օպերացիան արեցինք Ղարաբաղում»․ Շոյգու Կյուժուգեթ օղլու

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ «կազմակերպվել է Լեռնային Ղարաբաղից Հայաստանի տարածք ավելի քան 98 հազար խաղաղ բնակիչների, այդ թվում՝ մոտ 32 հազար երեխաների տարհանում»։ Նրա խոսքով, մարդկային կորուստները կանխելու համար որոշվել է տարհանել և տեղավորել խաղաղ բնակիչներին դիտակետերում և բազային ճամբարում։

44-օրյա պատերազմից հետո Շոյգու Կյուժուգեթ օղլուն հայտարարել էր, թե «թուրքերի հետ բարդ օպերացիա են իրականացրել Ղարաբաղում»։ Սեպտեմբերի 19-ին Մոսկվայի կողմից երկրորդ «բարդ օպերացիան» իրականացվեց Ղարաբաղում Պուտինի՝ հայերին պետք է ցեղասպանել «հնարավորինս անցնցում» հրահանգի համաձայն։