Lragir. Հայաստանում տեղակայված ռուսական զորքի եւ սահմանապահների հեռացում, հայկական ուժային կառույցների լյուստրացիա․ Մոսկվան «հուշում է» ճանապարհը

Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը ՀՀ Սյունիքի մարզում ռուս սահմանապահների զորամասում

Lragir

Ռուսաստանի պետական ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով իր «իրազեկ աղբյուրին», այսպիսի հաղորդագրություն է տարածել․

«Գերմանիան փորձում է Հայաստանին ներքաշել Արևմուտքի հակառուսական քաղաքականության մեջ։ Բեռլինի խնդիրն է հնարավորինս խզել Երևանի և Մոսկվայի միջև կապը։ Գերմանացիները շահագրգռված են ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերմամբ Հայաստանի տարածքից, նաև որ երկրի իշխանությունները մաքրեն իրենց պետական ​​ապարատը Ռուսաստանի նկատմամբ բարյացակամ մարդկանցից, այդ թվում՝ զինված ուժերի, հետախուզական ծառայությունների և իրավապահ մարմինների լյուստրացիայով։ Դրա դիմաց Բեռլինն առաջարկում է զերծ պահել Ղարաբաղի հայերին՝ Եվրամիության երկրներ զանգվածային արտագաղթից»։

ՌԴ ԱԳՆ խրոնիկ ալկոհոլիկ խոսնակուհին ավելի վաղ հայտարարել էր, թե Արեւմուտքը գիշատչի պես փորձում է Հայաստանին խլել Ռուսաստանից։ Դե, իսկ Ֆրանսիայի հանդեպ Մոսկվայի կեղտոտ հռետորաբանությունը հայտնի է բոլորին։

Հայաստանի հարցում Մոսկվայի նման հռետորաբանությունը պարզապես մատնում է այն իրողությունը, որ Հայաստանի ոչնչացումը Ռուսաստանի ու Թուրքիայի համար էքզիստենցիալ, կենսական խնդիր է։ Մոսկվան դա արդեն չի էլ թաքցնում՝ թողեք ոչնչացնենք Հայաստանը, մի խանգարեք։ Մոսկվան կարող է լքել Կովկասը միայն Հայաստանի վերացումից հետո, հակառակ դեպքում ինքն է կազմաքանդվելու։ 

Ֆրանսիան ու Գերմանիան այն 3-4 առաջատար պետություններից են, որոնք շահագրգիռ են հայկական պետականության պահպանմամբ։ Ավելորդ է ասել, որ Ռուսաստանը այդ 3-4 պետությունների թվում չէ։

Ռուսական հռետորաբանությունը մատնում է այն հանգամանքը, որ Ֆրանսիան ու Գերմանիան խանգարում են Հայաստանի վերացման ռուս-թուրքական ծրագրերին։ Պատահական չէ, որ Հայաստանում իշխանության դրված Նիկոլ-քպ-ական թշնամին անտեսում կամ չեզոքացնում է Փարիզի ու Բեռլինի՝ հայկական քաղաքական իրավունքները, մասնավորապես Արցախի խնդիրը միջազգային հիմնարար սկզբունքների հիման վրա քննարկելու վերաբերյալ նախաձեռնությունները։ Պատահական չէ նաեւ, որ Հայաստանում ռուսանպաստ խաժամուժը փորփրում է Ֆրանսիայի ու Գերմանիայի հանդեպ ռուսական կոյուղատարների քարոզչական աղբը։

Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանի պետականության վերացման ծրագրի երաշխավորն է։ Այն ունի բացառապես նույն գործառույթը, ինչ Արցախում՝ ՀՀ տարածքների օկուպացիա եւ բնակչության մեծ մասի տարագրում։

Ռուսական կեղտոտ քարոզչությունը Հայաստանի դեմ միայն հաստատում է այս հանգամանքը։

Մոսկվան ՏԱՍՍ-ի «արտահոսքով» կամա թե ակամա ցույց է տալիս ճանապարհը․ ռուսական զորքի ու սահմանապահների հեռացումը Հայաստանից, հայկական պետական համակարգի, առանձնապես ուժային բլոկի եւ ԱԳՆ-ի, մեդիայի լայն եւ խոր լյուստրացիան, Հայաստանում 50 հազարանոց ռուսական ագենտուրայի չեզոքացումը Հայաստանի պետականության պահպանման ուղին է։ Ռուսներին Կովկասից պետք է ճանապարհեն հայերը։ Ահա հայ ժողովրդի անելիքը։

Բանակների վարկանիշ․ որ տեղում է Հայաստանը

Ամերիկյան Global Firepower կազմակերպությունը հրապարակել է 2024 թվականի դրությամբ աշխարհի երկրների ռազմական հզորության վարկանիշը։ Վարկանիշի առաջին եռյակը զբաղեցրել են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Չինաստանը։ Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական էջը։

Զեկույցի համաձայն՝ ռազմական հզորության վարկանիշը հաշվարկվում է ավելի քան 60 կատեգորիաների հիման վրա, որոնք ազդում են յուրաքանչյուր երկրի պաշտպանունակության և կրակային հզորության վրա։

Թոփ 5-ում ներառվել են նաև Հնդկաստանը և Հարավային Կորեան։ Նրանց հաջորդում են Մեծ Բրիտանիան, Ճապոնիան և Թուրքիան։

Հայաստանը վարկանիշում 102-րդն է, Ադրբեջանը՝ 59-րդը, Իրանը 14-րդը, Իսրայելը՝ 17-րդը։

Պայքարող հատվածը կա, թշնամին այդ 10 տոկոս հայից վախենում է

«Խաղաղության պայմանագիր ասելով ի՞նչ ենք հասկանում՝ պատերազմ, մեր սուվերեն տարածքների կորուստ։ Ի՞նչ անկլավներ, դրանք մեր տարածքներն են։ Այսօր հայն ապրում է հայկական հողի ընդամենը 20 տոկոսի վրա։ Բոլորը մոռացել են այդ ամենը, Նախիջեւանը մոռացվեց, Լեռնային, Դաշտային Ղարաբաղը մոռացվեց, Արեւմտյան Հայաստանը մոռացվեց, մնաց այս 20 տոկոս հողը, որի վրա ապրում ենք, դա էլ այս իշխանություններն անկլավներ են համարում»,- step1.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու անդամ, Արավուսի նախկին գյուղապետ Արգամ Հովսեփյանը։

Անդրադառնալով հարցին, որ թշնամին երաշխիք է պահանջում, որ հայ ժողովրդի կողմից ռեւանշ չի լինելու, Արգամ Հովսեփյանն ասաց․ «10 տոկոս իրական հայ է մնացել, թշնամին վախենում է այդ 10 տոկոս հայից։ Այսօր մեզ մեր երկրում լռեցնում են այն բանի համար, որ հայ ենք, որ չխոսենք, որ իրենք ինչ ուզեն անեն։ Ո՞նց կլինի այդպես, ո՞վ կարող է ինձ լռեցնել, չեն կարող։ Թող լավ բանեն, մեր հայրենիքը չհանձնեն, մեր հողերը հետ վերադարձնեն, թշնամու վերահսկողության տակ գտնվող հայկական անկլավները հետ վերադարձնեն։ Պայքարող հատվածը կա, թշնամին այդ 10 տոկոս հայից վախենում է։ Եվ կարելի է ասել՝ մեզ այսօր մեր հողում, մեր հայրենիքում դատում են հայ լինելու համար»։

Արգամ Հովսեփյանը հավելեց, որ իրավիճակն այսպես չի կարող շարունակվել, շրջադարձ է լինելու․ «Ամեն ինչ շատ լավ է լինելու, մեր Արցախը, մեր Նախիջեւանը, Արարատը բոլորը հետ ենք վերցնելու։ Սա ժամանակավոր է, այս ամեն ինչը կպրծնի, մենք մեր հայրենիքի տերը կդառնանք։ Ես պատմության մեջ չեմ տեսել մի երկրի ղեկավար, որ իր սուվերեն տարածքը համարի թշնամու տարածք։ Ես այդպիսի բան չեմ կարդացել, չեմ տեսել, չեմ լսել»։

Սա այսպես չի կարող մնալ, սա բռնկման ենթակա հարց է․ Եղցահող համայնքի ղեկավար

Արցախի Հանրապետության համայնքների ղեկավարներին հանձնարարական չի տրվել գույքագրելու արցախցիների կորցրած ունեցվածքը։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց Եղցահող համայնքի ղեկավար Արտակ Հակոբյանը։ «Այս պահի դրությամբ ինձ՝ որպես համայնքի ղեկավարի, նման հանձնարարություն տվող չի եղել, ո՛չ վարչակազմի ղեկավարի կողմից է նման հանձնարարական եղել, ո՛չ էլ Արցախի նախագահ Շահրամանյանի կողմից»,- ասաց նա։

Արտակ Հակոբյանի խոսքով, այնինչ, կարիք կա, որ արագ գույքագրվի արցախցիների ունեցվածքը։ «Այդ մարդիկ ամեն ինչ թողել են, նույնիսկ իրենց հագուստը չեն հասցրել վերցնել, դուրս գալով տներից։ Եթե նույնիսկ իրենք գույքագրում չանեն, միեւնույն է, սա այսպես չի կարող մնալ, սա բռնկման ենթակա հարց է։ Մարդիկ ամեն ինչ թողել են այնտեղ՝ թե՛ գյուղտեխնիկան, թե՛ անասունները, թե՛ անշարժ գույքը։ Այս պահին մոտավոր չեմ կարող ասել, թե մեր գյուղում գույքային վնասը որքան է գնահատվում, բայց մարդն այնտեղ ծնվելով ու ապրելով՝ 70-80 տարի իր կյանքի ընթացքում ներդրածը լրիվ թողել է այնտեղ»,- հավելեց նա։

Եղցահողի գյուղապետը նաեւ ասաց, որ Արցախ վերադարձի հարցը դիտարկում են միայն դեպքում, երբ կերաշխավորվի անվտանգությունը, Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ պետք է ունենա Արցախը։ «Բայց առկա իշխանություններից ես այսօր չեմ սպասում նման մոտեցում։ Նրանց նույնիսկ հետաքրքիր էլ չէ մարդկանց կարգավիճակը, ապրելակերպն ու խնդիրները»,- ասաց նա՝ հավելելով, որ չնայած վարվող քաղաքականությանը՝ արցախցիները շարունակելու են պայքարել իրենց իրավունքների ու վերադարձի համար։

Դավիթ Կարաբեկյան. Կլինի՞ երկրորդ մանդատ

Ինչ-որ առումով Արցախում տիրող իրավիճակը նման է 1991 թվականի իրավիճակին, նկատում է արցախցի քաղաքագետ, սոցիոլոգ Դավիթ Կարաբեկյանը՝ մեկնաբանելով հանրապետության լուծարումը։

«Խոսքը ժողովրդի կողմից իշխանություններին վստահության մանդատ տալու մասին է։ Կմնա՞ նույնը, թե՞ վստահության նոր պայմաններ կհայտնվեն՝ կախված է իշխանություններից, որոնք պետք է հստակ կողմնորոշվեն պետական ​​կառույցների, պետության լուծարման մասին որոշման առումով։ Նաեւ հստակեցնել, թե Արցախի բնակչության որ հատվածը եւ ինչ շրջանակներում պետք է ներկայացնեն սույն իշխանությունները միջազգային ասպարեզում եւ համահայկական քաղաքական տարածքում։ 1991 թվականին ժողովուրդը իշխանություններին մանդատ տվեց արտահայտելու ոչ միայն ԼՂՀ՝ ԼՂԻՄ և Շահումյանի, այլև Արցախի հյուսիսային հատվածի բնակչության կամքն ու շահերը, պետական ​​կառույցների գործունեության շրջանակը ուրվագծվեց հիմնարար սահմանադրական ակտերով։ Մեր օրերում լեգիտիմությունը կարող է որոշվել տեխնիկական հանրաքվեի կամ իրավաբանորեն դրան համարժեք մեթոդների միջոցով։ Օրինակ՝ համայնքների օրինական ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության, ՀԿ-ների, քաղաքական կուսակցությունների, Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների կողմից քվեարկությամբ կամ վստահություն հայտնելով իշխանություններին»։

Պետք է, ըստ քաղաքագետի, հստակ պատասխաններ տալ կարևոր հարցերին. 1. Ինչպե՞ս են ներկայացված լինելու այն 770.000 արցախահայերը, ովքեր տասնամյակներ շարունակ ստիպված են եղել ապրել Արցախից դուրս, ինչպես նաև Հյուսիսային Արցախի հայությունը։ 2. Արդյո՞ք իշխանությունները գործունեություն են ծավալելու Արցախի ժողովրդին հետաքրքրող առաջնահերթ խնդիրների լուծման համատեքստում»։

«Առաջին խնդիրը Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների վերականգնման հարցի բարձրացումն է։ Սա Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձի և իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքն է։ Ագրեսիայի և արտաքսման ժամանակ կորցրած գույքի փոխհատուցման մասին պետք է հարց բարձրացվի։ Վերաինտեգրում հայ հասարակությանը, զբաղվածության և բնակարանային հարցերի լուծում։ Այն ամենը, ինչ վերաբերում է Արցախի կենտրոնական և տեղական իշխանությունների՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների, սփյուռքի կառույցների, Հայաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների հետ փոխգործակցության հարցերին։ Հայաստանի և Արցախի Սահմանադրության պահանջների խստիվ պահպանումը միջազգային ասպարեզում, հատկապես արցախյան հիմնախնդրի լուծման բանակցությունների շրջանակներում»։

Ալվարդ Գրիգորյան

Հունաստանը հստակորեն հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական սրբավայրերի պահպանման օգտին. նախարար

Հունաստանը հստակորեն աջակցում է Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական վայրերի պահպանմանը։ Այս մասին հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պաշտոնական այցով Երեւանում գտնվող Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը։

Հունաստանի արտգործնախարարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության պաշտպանության կարևորությունը, և Աթենքը մտադիր է աշխատել այդ հարցով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ։ «Հունաստանը հստակորեն աջակցում է Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական վայրերի պահպանմանը և ցանկանում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն բացահայտի հնարավոր սպառնալիքները»,- ասել է նախարարը։

Ինչպիսի աջակցություն են ստացել արցախցիները 3 ամսվա ընթացքում: նախարար

Շուրջ 29 միլիարդ դրամ (մոտ 70 միլիոն դոլար) հատկացվել է 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ծրագրերին։ Այս մասին հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նա ընդգծեց, որ միջազգային դոնորները տրամադրել են մոտավորապես 1,5 մլրդ դրամ։ Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 112 հազարը միանվագ ստացել է 100 հազար դրամ։ Պաշտոնյան հավելեց, որ բնակարանների և կոմունալ ծառայությունների վարձակալության ծախսերը հոգալու համար հոկտեմբերին 50 հազար դրամ (40 հազար դրամ + 10 հազար դրամ) ավելի քան 104 հազար մարդ է ստացել, նոյեմբերին՝ 77 հազար, իսկ դեկտեմբերին՝ 82 հազար մարդ։

Նախարարը նշեց, որ նոյեմբերին սպառողական ծախսերի համար 50 հազար դրամ է ստացել 69 հազար, դեկտեմբերին՝ 74 հազար մարդ։

«Հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու համար կենսաթոշակներ կամ նպաստներ են վճարվել 11,7 հազար մարդու»,- նշել է Մկրտչյանը՝ պարզաբանելով, որ կենսաթոշակ կամ նպաստ ստանալու համար հնարավոր է դիմել մինչև 2024 թվականի մարտի 11-ը։ «Երեխայի ծննդյան նպաստ է նշանակվել 135 անձի, մայրության նպաստ՝ 55, իսկ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ՝ 165»,- եզրափակեց նախարարը։

Արցախահայերի «կամավոր արտագաղթ». 1000-ից ավելի կորուստ մի քանի օրում

Բաքուն և Մոսկվան պնդում են, որ հայերը Արցախը լքել են 2023 թվականի սեպտեմբերի վերջին իրենց կամքով, ոչ ոք նրանց չի սպառնացել, և Բաքվի հրթիռները մահաբեր կրակ չեն արձակել, այլ մանկական օշարակ։ Բաքվում ասում են, որ բռնություն չի եղել, իսկ ՌԴ ՊՆ-ն ամեն օր հայտնում է, որ վերջապես խաղաղություն է հաստատվել Արցախում, որը ռուսները եւ պաշտպանում են չափից դուրս ռազմատենչ հողերի տերերից։

Հայաստանի վարչապետը տեղահանությունից մի քանի օր առաջ հայտարարել էր, որ «Ղարաբաղի հայերին ոչինչ չի սպառնում»։ Բաքուն այս խոսքերին անդրադարձել է սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ հայտարարելով, որ Ադրբեջանի «հակաահաբեկչական գործողությունը» խաղաղ բնակչությանը վնաս չի պատճառել եւ չի սպառնում։ Տեղահանությունից հետո Երեւանը չի դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կամ միջազգային կառույցներին՝ Արցախից հայերի բռնի տեղահանումը ճանաչելու եւ հետեւանքները վերացնելու պահանջով։

Մի քանի օր առաջ միայն Հայաստանի քննչական կոմիտեն հայտարարեց 2023 թվականի սեպտեմբերին Արցախում մահացածների թիվը։ Նրա խոսքով՝ սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ մարտերի ընթացքում զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 25 խաղաղ բնակիչ, 244 մարդ վիրավորվել է, որոնցից մոտ 80-ը խաղաղ բնակիչներ են։ Ագրեսիայի զոհերի թվում հինգ երեխա կա։ Եվս 20 մարդ համարվում է անհետ կորած, իսկ 17-ը գերեվարվել է։ Հետաքննությունը բացահայտել է մահացածների մարմինների պղծման շուրջ 20 դեպք։

Ստեփանակերտի մերձակայքում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 218, վիրավորվել 120 մարդ։

Եվս մոտ 70 ղարաբաղցի մահացել է դեպի Հայաստան գաղթի ճանապարհին՝ բռնի տեղահանության ժամանակ։

Այս պահին Բաքվում դեռևս կա 23 հայ գերի, որից 17-ը հայտնվել են այնտեղ՝ Արցախում Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։ Այդ 17 անձանցից ութը Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին ներկայացուցիչներ են, այդ թվում՝ երեք նախկին նախագահներ։

Քննչական կոմիտեն փաստեր ունի նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով 32 քաղաքացու հարկադիր անհետացման վերաբերյալ։ Այս տեղեկությունը ներկայացվել է միջազգային կառույցներին, որոնցից 22-ի համար կա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը միջանկյալ միջոցներ կիրառելու մասին, սակայն Ադրբեջանը հերքում է այդ անձանց անհետացման փաստը։

Պարզվում է՝ 100000 բնակչություն ունեցող Արցախը միայն որպես սպանվածներ, վիրավորներ ու անհայտ կորածներ կորցրեց 1000-ից ավելի մարդ՝ բնակչության 1%-ը։ Չհաշված հսկայական ունեցվածքի կորուստը ու զրկանքները:

Նրանք, ովքեր խոսում են հայերի «կամավոր» գաղթի մասին, պետք է պատասխանեն մի պարզ հարցի. կամաձայնվե՞ն իրենք «սեփական կամքով» լքել իրենց նախնիների երկիրը, տունը, հարազատների գերեզմանները, բնությունը, հայրենիքը, այն հողը, որտեղ հարյուրավոր սերունդներ բողբոջել են իրենց արմատները։

Նաիրա Հայրումյան

ВВС. Կոնֆորմիստ միլիարդատերից մինչև անհարմար քաղաքական գործիչ. Ինչպես Ռուբեն Վարդանյանը հայտնվեց ադրբեջանական բանտում

BBC

Ռուս միլիարդատեր, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը երեք ամսից ավելի է՝ գտնվում է Ադրբեջանի բանտում։ 2022-ին նա զարմացրեց բոլորին. թողեց իր հանգիստ կյանքը Մոսկվայում, հանձնեց ռուսական անձնագիրը և գնաց Ղարաբաղ, որտեղ ստանձնեց պետնախարարի պաշտոնը։ Մեկ տարի անց Ադրբեջանը ետ գրավեց վիճելի տարածքը, իսկ ինքը՝ Վարդանյանը, ձերբակալվեց Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այդ ժամանակից ի վեր նրա մասին քիչ բան է հայտնի, ոչ ոք չգիտի նույնիսկ նրա դատավարության մեկնարկի ամսաթիվը: BBC-ն պատմում է նրա պատմությունը։

Սեպտեմբերի վերջին Լաչինի միջանցքում՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան միակ երթուղին, բերման է ենթարկվել Forbes-ի ցուցակի անդամ, ռուս գործարար Ռուբեն Վարդանյանը։

Ադրբեջանի վերջնական հաղթանակից հետո անկլավի գրեթե ողջ հայ բնակչությունը հեռացավ այս ճանապարհով՝ թողնելով լքված տներ ու դատարկ փողոցներ։ Ադրբեջանցի սահմանապահներն առանց խնդիրների բաց են թողել բնակիչների մեծ մասին, սակայն չճանաչված հանրապետության որոշ ղեկավարներ ձերբակալվել են։ Վարդանյանը նրանց թվում էր։

Միլիարդատերը Ղարաբաղ է տեղափոխվել Մոսկվայից մեկ տարի առաջ՝ հրաժարվելով Ռուսաստանի քաղաքացիությունից։ Ոմանք այս անսպասելի քայլում տեսան «Մոսկվայի ձեռքը», որը Ռուսաստանի կառավարությանը մոտ կանգնած գործարարին ուղարկեց տարածաշրջանի գործերի վրա ազդելու: Մյուսները համարել են դա արևմտյան պատժամիջոցներից խուսափելու փորձ, որոնք կիրառվել են Ռուսաստանի խոշոր գործարարների մեծ մասի նկատմամբ, սակայն Վարդանյանը մինչ այժմ խուսափել է դրանցից։ Իսկ մյուսները կարծում էին, որ դա իր հայրենակիցներին օգնելու անկեղծ ժեստ էր, որն ի վերջո Վարդանյանին ազատություն արժեցավ։

Շարունակությունը BBC Russian

Կցրտի, տեղումներ կդիտվեն

Հայաստանի Հանրապետության տարածքում`
հունվարի 10-ին, 11-ի ցերեկը, 12-14-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին հարավարևմտյան է, 3-5մ/վ արագությամբ, հունվարի 10-ին, 12-14-ին՝ 15-20մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն հունվարի 10-ի ցերեկը կնվազի 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 10-12 աստիճանով։
Երևան քաղաքում հունվարի 10-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ։
Մայրաքաղաքում հունվարի 10–ի ցերեկը կլինի 6-8 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +2…+4 աստիճան։

Հեռանում են՝ մեկ-մեկ, զույգ-զույգ, ընտանիքներով ու գերդաստաններով

Հեռանում են՝ մեկ-մեկ, զույգ-զույգ, ընտանիքներով ու գերդաստաններով:
Հեռանում են՝ տրտմաշուք, հուսալքված, խաբված, ընկճված, ահաբեկված, հայրենազուրկ, ունեզուրկ, զայրացած, կողոպտված, նսեմացած, անտեսված,- իրենց մի փոքր վերագտնելու, հեռավոր ափերում ապահով կեցություն գտնելու հույս ու փափագով:
Հեռանում են՝ դեռ երեկ անուղղելի ավանդապահ ու հայրենասեր, այսօր՝ ներքուստ դատարկված, պատահական քամիներին մեկեն մատնված մարդիկ:
Հեռանում են մեր արյունակիցները, ազգակիցները, բարեկամներն ու ծանոթները, ընկերներն ու սիրելիները: Հեռանում են՝ օդով ու ցամաքով, մեծ ու փոքր՝ մեր շուրջ թողնելով մի մշուշապատ ու խորացող ամայություն:
Հեռանում են՝ ցիրուցան անելով այն յուրահատուկ ազգային ձուլվածքը, որ դեռ երեկ ժողովուրդ էր՝ իր պատմական հողին տեր ու իր բարոյական նկարագրով:
Լքված հողը դեռ կարելի է ժամանակ անց նորից շենացնել բնիկ տերերով ու նրանց ժառանգներով, վերականգնել ավերված ու նենգափոխված բնակավայրերը, վանքերն ու սրբավայրերը, երկրին տալ իր նախկին տեսքը, եթե պահպանվի այն ձուլվածքը, որ դեռ երեկ ժողովուրդ էր:
Այսօր նրա զավակները հեռանում են դեպի օտարություն, եւ նրանց ձեռքը պինդ բռնող չկա: Արցախահայ հավաքականությունն է, որ փոշիանալով, հետագայում գրեթե անհնար է լինելու վերականգնել: Մնացյալը հեշտ վերականգնելի է:

Այդպես էլ չպատասխանեցին․ ինչի՞ համար են արցախցիներին հանում նախկին հաշվառումից

Եթե Արցախից բռնի տեղահանված անձինք Հայաստանում հաշվառման հասցեի վերաբերյալ դիմում են գրում, նրանց նախորդ հաշվառումն ավտոմատ է հանվում։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության Հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը։

Ավելի վաղ step1.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ տարածքում փաստացի բնակության վայրում հաշվառվելու նպատակով ՀՀ ՆԳՆ անձնագրային բաժանմունքներ դիմող արցախցիները դուրս են գրվում իրենց նախկին բնակության վայրից, եւ միայն դրանից հետո են նրանց գրանցում իրենց նոր բնակության վայրում։

Արցախցի փաստաբան Գագիկ Թավադյանը մեզ հետ զրույցում ասել էր․ «Եթե ասում են, որ արցախցիները պետք է դուրս գան իրենց նախկին բնակության վայրից, ապա հարց է առաջանում՝ ո՞վ պետք է մարդուն հանի Արցախի իր նախկին հաշվառման վայրից։ Ո՞վ պետք է անի եւ ո՞նց պետք է անի դա, եթե այսօր դա հնարավոր չէ ֆիզիկապես անել։ Այսինքն՝ եթե նման պահանջ են դնում, դա նշանակում է, որ նրանք չեն ուզում այս մարդիկ այնտեղ գրանցված մնան։ Հաշվառումից հանողը պետք է լինի տվյալ ստորաբաժանումը, որը գրանցել է»։

«Անկախ այն հանգամանքից՝ անձը արցախցի է, թե՞ ՀՀ քաղաքացի է, եթե հաշվառում փոխելու գործարքով է մոտենում, նոր հաշվառման հասցեի վերաբերյալ դիմում է գրում, նախորդ հաշվառումն ավտոմատ հանվում է, որովհետեւ նույն անձը չի կարող երկու հաշվառում ունենալ»,- մեզ հետ զրույցում ասաց Նելլի Դավթյանը։ Նա միաժամանակ նշեց, որ հաշվառման հասցեն փոխելով՝ որեւէ կերպ չի չեղարկվում մարդու՝ տեղահանված լինելու կամ ծագումով Արցախից լինելու փաստը։

«Հակառակը, կառավարության՝ 2023 թվականի հոկտեմբերի 26-ին ընդունած որոշումը հենց այդ մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը ժամանակավոր պաշտպանության տակ է վերցնում Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությանը։ Երեք թիրախ խմբերով փորձել ենք ծածկել ԼՂ ողջ բնակչությանը։ Եվ այդպիսով արձանագրել ենք, որ փախստականության երեւույթ է տեղի ունեցել, մարդիկ բռնի ձեւով տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից։ Եվ որոշումն այն ճկունությունն ունի, որ թույլ է տալիս այս մարդկանց պահպանել իրենց փախստականի կարգավիճակը՝ տվյալ պահին մեկ տարով, իհարկե, երկարաձգման հնարավորությամբ։ Կարող են ընտրել ՀՀ քաղաքացիություն ստանալու տարբերակը։ Ոչ միայն հաշվառումը, այլ նաեւ ՀՀ քաղաքացիության ստացումը չի չեղարկում տեղահանված անձի իրավունքների փաթեթը, այն է՝ գույքի իրավունքի խախտում, վնասի փոխհատուցում, վերադարձի իրավունք եւ այլն։ Կառավարության որոշմամբ արձանագրվել եւ մեկընդմիշտ ֆիքսվել են այդ հնարավոր ռիսկերը եւ տեղահանության փաստը։ Դա մարդուն անխզելիորեն փոխկապակցված իրավունք է, մարդու կյանքի պատմությունն է, որը մենք նաեւ իրավական տեսանկյունից արձանագրել ենք։ Իրավական կարգավիճակը փոխելով՝ մարդու կյանքի պատմությունը չի ջնջվում»,- հավելեց Նելլի Դավթյանը։

Նախկինում արցախցիներին Արցախի հաշվառումից հանելու համար Հայաստանի իրավասու մարմինը հարցում էր կատարում Արցախի անձնագրային ծառայությանը։

Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, ՀՀ ռեգիստրի մասին օրենքով եւ ենթաօրենսդրական ակտերով մարդը կարող է ունենալ միայն մեկ հաշվառում։ «Հետեւաբար, եթե մարդուն ինչ-որ տեղ հաշվառում ենք, դա նշանակում է, որ ինքն իր նախորդ հաշվառումից դուրս է գալիս, դա մեխանիկորեն է տեղի ունենում»,- ասաց նա։

Մեր հարցին, թե ի՞նչ լիազորություն ունի Հայաստանի պետական մարմինը Արցախում հաշվառում ունեցող քաղաքացուն հանելու հաշվառումից, Արմեն Ղազարյանը պատասխանեց․ «Քանի որ այդ մարդիկ արդեն ճանաչված են փախստական, իրենք արդեն իրավական կարգավորում ունեն։ Երբ մարդը ճանաչվել է փախստական է, փախստականին հաշվառում ենք Հայաստանի օրինական բնակչի կանոններով։ Հայաստանի օրինական բնակչին կարող ենք հաշվառել երկու հանգամանքի առկայությամբ՝ սեփականատիրոջ համաձայնությամբ կամ փաստացի հիմքով՝ տեղեկանքով։ Իրենք հիմա հաշվառվում են փախստական լինելու եւ Հայաստանի օրինական բնակիչ լինելու հիմքով»,- նշեց Արմեն Ղազարյանը։