Politico. Եվրոպական խորհուրդը 6 ամսով կարող է անցնել Օրբանի կառավարման տակ

Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններում թեկնածու է առաջադրվելու, ասել է նա բելգիական երեք լրատվամիջոցներին։ Միշելի ներկայացուցիչը հաստատել է Politico-ին այս հայտարարությունը:

Միշելը ծրագրում է իր տեղը զբաղեցնել Եվրախորհրդարանում հուլիսի կեսերին, եթե ընտրվի, ինչը նշանակում է, որ ԵՄ առաջնորդները պետք է արագ համաձայնության գան Եվրոպական խորհրդի նախագահի իրավահաջորդի շուրջ: Եթե ​​դա չհաջողվի, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ում երկիրը հուլիսին ստանձնելու է ԵՄ Խորհրդի նախագահությունը, կղեկավարի հանդիպումները՝ խաղալով միջնորդի դերը, որը սովորաբար ստանձնում է Եվրոպական խորհրդի ղեկավարը։

«Սա այն սցենարն է՝ Օրբանի անվերահսկելի իշխանությունը Եվրախորհրդում 2024 թվականի Եվրոպական ընտրություններից անմիջապես հետո, որից ԵՄ մնացած 26 առաջնորդներից շատերը կցանկանային խուսափել՝ հաշվի առնելով նրանց և Օրբանի միջև լարվածության սրումը, օրինակ՝ Ուկրաինային աջակցության և Հունգարիայի կողմից օրենքի գերակայության ոլորտում խախտումների հարցում»,- գրում է թերթը։

Նախատեսում ենք թռիչքներ Կապանից Իրանի տարբեր քաղաքներ. Սյունիքի մարզպետ

Այս պահին էլ Երեւան- Կապան եւ Կապան –Երեւան թռիչքներ տեղի են ունենում: Այս մասին  հանրային հեռուստաընկերության եթերում ասել է  Սյունիքի մարզպետ  Ռոբերտ Ղուկասյանը՝ նշելով, որ թռիչքներ չեն լինում միայն այն ժամանակ երբ մառախլապատ  եղանակ է լինում:

«Մնացած բոլոր օրերին ըստ սահմանված գրաֆիկի եւ ժամերի թռիչքներ են լինում եւ կես ժամում Կապանում են լինում,- ասաց նա։ Մյուս կողմից հիմա ակտիվ բանակցություններ են ընթանում Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որ կապ հաստատենք Իրանի տարբեր քաղաքաների հետ օդային ճանապարհով»:

Lragir. Մակրոնը ճեղքում է Իսրայելի օդային սահմանը․ Ֆրանկո-հորդանանյան միասնական 2 անձնակազմ

Ֆրանսիան Հորդանանի հետ համատեղ օդային ճանապարհով՝ պարաշյուտի միջոցով առաջին 7 տոննա օգնությունն է հասցրել Գազայի հատված, հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարարը՝ ավելացնելով, որ Գազան պետք է մնա պաղեստինյան, հայտնում է newarab.com

Ֆրանսիայի և Հորդանանի զինվորականների սերտ համագործակցությունը հնարավոր է դարձրել «չափազանց բարդ գործողությունը», հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Գործողությանը մասնակցել է երկու C-130 տրանսպորտային ինքնաթիռ՝ ֆրանկո-հորդանանյան ընդհանուր անձնակազմով։ Հատուկ համակարգերով կառավարվող բեռը վայրէջք է կատարել Գազայի հատվածում գործող հորդանանյան դաշտային հոսպիտալի տարածքում։

Օդով օգնությունը հասցվել է այն ժամանակ, երբ Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան ասել է, որ Գազան պետք է մնա պաղեստինյան տարածք՝ ի հեճուկս իսրայելցի որոշ նախարարների հայտարարությունների, որ պաղեստինցիները պետք է դուրս մղվեն անկլավից և վերաբնակեցվեն այլ վայրերում: Ֆրանսիացի նախարարի խոսքով, այդ հայտարարություններն անպատասխանատու են։

«Իսրայելը չէ, որ պետք է որոշի Գազայի ապագան։ Հորդանան գետի Արևմտյան ափը և Գազան պետք է լինեն պաղեստինյան պետության մաս, և որոշ իսրայելցի նախարարների այս հայտարարությունները անպատասխանատու են», ասել է Կոլոնան CNN-ին:

Իսրայելի հարձակումներից Գազայում սպանվել է մոտ 23 հազար խաղաղ բնակիչ։ Միավորված ազգերի կազմակերպության գնահատականով, Գազայի 1,9 միլիոն բնակիչներ՝ նախապատերազմյան բնակչության 85 տոկոսը, տեղահանվել են, հարյուր հազարավորները սովի վտանգի տակ են, իսկ հիվանդանոցների մեծ մասը ավերվել է կամ շարքից դուրս եկել, գրում է newarab.com-ը:

Ստամբուլի սեպտեմբերի 17-ի ՌԴ-ԱՄՆ-ԵՄ գաղտնաժողովին Արցախի օկուպացիայի եւ բնիկ մեծամասնության 100 տոկոսի արտաքսման որոշումը առավել լայն ընդգրկմամբ խնդիրների շուրջ արտաքին կոնսենսուսի դրսեւորում էր։ Այդ խնդիրներից մեկն էլ Գազան է, որտեղ կիրառվում է Արցախում Մոսկվայի օպերատիվ երաշխավորությամբ իրագործված ցեղասպան ռասիստական սցենարը։

Ֆրանսիան այդ կոնսենսուսի մաս չէր եւ չի մասնակցել Ստամբուլի գաղտնաժողովին, ուր ԱՄՆ-ն իր սեփական «Մինսկի խումբը» ստեղծեց՝ միջազգային իրավունքը շրջանցելու համար։ Նախագահ Մակրոնը, արտաքին գործոց նախարար Կոլոնան, Ֆրանսիայի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների պատասխանատուները նույնպես հայտարարում էին, որ Արցախի խնդիրը պետք է որոշվի միջազգային հիմնարար սկզբունքների կիրառմամբ, եւ Մոսկվան ու Բաքուն չեն, որ պետք է որոշեն Արցախի ապագան։

Կոլոնայի հայտարարությունը թե՛ Արցախի, թե՛ Գազայի հարցերում հակադրելի է միջազգային իրավունքը ոմն Նիկոլի մեկ հայտարարության միջոցով շրջանցելու ԱՄՆ եւ Ռուսաստանի փորձերի հետ։

Արցախի 9-ամսյա շրջափակման ընթացքին օդային կամրջի համանման արեւմտյան նախաձեռնություններին կտրական ընդդիմացավ պաշտոնական Երեւանը՝ Արցախի օկուպացիան եւ բնիկ մեծամասնության արտաքսումի խնդիրը հետապնդելով։

Ավելացնենք, որ Մակրոնի գործողությունը տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի՝ կիրակի Հորդանան կատարելիք այցից անմիջապես առաջ։

Ռուսական զորքերը կմնան Հայաստանում՝ հայերով թե առանց հայերի, ավելի լավ է՝ առանց

2023 թվականի վերջին օրերին ռուս բարձրաստիճան դիվանագետները արդի թեմաների շարքում առանձնացնում էին Հայաստանը և հայտարարում, որ ռուսական ռազմաբազան չի հեռանալու Հայաստանից։ Չի հեռանա, ու վերջ:

Ռուսական զորքերը չեն հեռացել Ղարաբաղից նույնիսկ ագրեսիայից, ցեղասպանությունից և բնիկ բնակչության տեղահանությունից հետո: Ոչ ոք չի կարող իրականում բացատրել, թե ինչ են անելու ռուսական զորքերը Արցախում։

Ռուսաստանի դերը Ղարաբաղյան իրադարձություններում 1988-91 և 2020-2023 թվականներին բավականաչափ լուսաբանված և ամփոփված չէ, քաղաքական և փորձագիտական ​​գնահատական ​​չի տրվել այն փաստին, որ տարածաշրջանում իրադարձությունները տեղի են ունենում արդեն տասնամյակներ շարունակ Ռուսաստանից գաղութային կախվածության պայմաններում, որը ռազմական, քաղաքական, տնտեսական, հիբրիդային լծակների միջոցով ոչ միայն խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, այլև ակտիվորեն խոչընդոտում է տարածաշրջանում հարաբերությունները բարելավելու միջազգային կառույցների և օտարերկրյա պետությունների փորձերին։

Ամենավառ օրինակը՝ 2020 թվականի պատերազմից հետո Ղարաբաղ ռուսական զորքերի տեղակայումն է, թեև Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկն է միայն։ Ավելին, 2020 թվականի պատերազմից հետո 3 տարի շարունակ Ռուսաստանը թույլ չի տվել Ղարաբաղ մտնել ոչ մի միջազգային կազմակերպության, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

Նա վետո դրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի վրա և տորպեդահարեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ կազմակերպությունների աշխատանքը: Մեծ հաշվով հենց դա էլ դարձավ Ղարաբաղի ամբողջական օկուպացիայի և 150 հազար հայերի գաղթի հիմնական նախադրյալը։

Միաժամանակ միջազգային առաջարկություններում ու փաստաթղթերում ռուսական գործոնը, լուռ համաձայնությամբ, չի նշվում, և դա խեղաթյուրված պատկեր է ստեղծում։ Առանց Ռուսաստանի դերը մատնանշելու, առանց տարածաշրջանի վերադարձը Ռուսաստանի «ազդեցության գոտուց» «միջազգային իրավունքի» տարածք, ցանկացած «խաղաղության պայմանագիր» հօգուտ տարածաշրջանի չի լինի։

«Ռազմական գործողությունների անցկացման ընթացքում Ռուսաստանի խաղաղապահ զորախումբն ապահովեց ավելի քան 10 հազար քաղաքացիական անձանց տեղաբաշխումը տեղակայման վայրերում, իսկ հետագայում` գրեթե ամբողջ բնակչության տեղափոխումը Հայաստանի տարածք: Գրեթե 300 վիրավորի խաղաղապահները տեղափոխել են հիվանդանոցներ։ Միեւնույն ժամանակ, մեր ռազմական զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել որպես խաղաղ կյանքի կառուցման եւ խաղաղ բնակչության տարածաշրջան վերադառնալու հնարավորության երաշխավոր», – ասաց Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Գերասիմովը:

Փաստորեն, Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ասում է, որ Ղարաբաղում ռուսական զորքերի ներկայության նպատակը՝ բնիկ բնակիչներին պաշտպանելը չէր, թեկուզ հայերը միամտորեն հավատում էին դրան, նպատակը՝ «ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտին» հայերից ազատագրելն էր։

Այս ֆոնին չարագուշակ են հնչում Հայաստանից ոչ մի դեպքում զորքերը դուրս չբերելու Ռուսաստանի խոստումները։

Հայաստանում ռուսական ռազմական ներկայության քննարկումն անտեղի է և վնասակար, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նա հիշեցրել է, որ «բազայի տեղակայման մասին պայմանագիրը կնքվել է 1995 թվականի մարտի 16-ին՝ ելնելով երկու պետությունների ազգային շահերից», եւ գտնվելու տևողությունը 49 տարի է (հիշեցնենք, որ 1921 թվականի մարտի 16-ին կնքվել է ռուս-թուրքական Մոսկվայի պայմանագիր Հայաստանի բաժանման մասին):

Մինչդեռ Գյումրիի ռուսական ռազմակայանը նորերս նշում էր իր հիմնադրման 82-րդ տարեդարձը՝ սկսած 1946 թվականից, երբ Սվերդլովսկի գունդը «վերաբաշխվեց Լենինականում և տեղակայվեց Ալեքսանդրապոլի ամրոցում»։

Ռուսական ռազմաբազան գտնվում է Հայաստանում՝ համաձայն պայմանագրի, հանրապետության տարածքում դրա նպատակահարմարության մասին խոսելը վնասակար է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Լավրովը նշել է, որ այսօր ռուս զինվորականները «առանցքային տարր են այս տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում»։ Հավելենք՝ խաղաղություն հայերով կամ առանց հայերի, ինչպես Արցախում։

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը հունվարի 7-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով

Երևանում հունվարի 6-ի ցերեկը, 7-9-ին, 11-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Հունվարի 10-ին սպասվում են տեղումներ և մառախուղ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն հունվարի 7-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով, 8-10-ի գիշերը աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Հանրապետության տարածքում հունվարի 6-ի ցերեկը, 7-9-ին, կլինի առանց տեղումների եղանակ։ Հունվարի 10-ին շրջանների զգալի մասում, 11-ին առանձին շրջաններում  սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան տեսքով, հովտային և նախալեռնային շրջաններում անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

Քամին՝ արևմտյան 3-7մ/վ, հունվարի 6-ին և 8-ին սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ, 9-ին 20-25մ/վրկ արագությամբ։

«Արցախն ինձ համար ոգեշնչման հսկայական աղբյուր է, արցախյան միջավայրն ու կյանքն էր, որ ինձ դարձրեց այնպիսին, ինչպիսին կամ հիմա»

Վովա Արզումանյանը ծնվել և մեծացել է Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։ Վաղ տարիքից նա բավականին ակտիվ կենսակերպ էր վարում։ Գրքեր է գրում, զբաղվում լրագրողական գործունեությամբ։

Մասնագիտությամբ կինոդրամատուրգ և սցենարիստ է։ Աշխատում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ​​ինստիտուտում։

«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է ստեղծագործող լինի, անընդհատ նոր բան արարի ու հորինի, այլապես նրա կյանքը ձանձրալի կլինի»,- ասում է Վովան։

Նա վաղուց է ապրում Երեւանում, սակայն Արցախի հետ նրա կապը երբեք չի ընդհատվել։

«Արցախն ինձ համար ոգեշնչման հսկայական աղբյուր է, արցախյան միջավայրն ու արցախյան կյանքն էր, որ ինձ դարձրեց այնպիսին, ինչպիսին կամ հիմա»:

Վովան ամեն ինչում նմանակում է տատիկին՝ հայտնի բժշկին։ Նրա տված ախտորոշումները հաստատվում էին  Եվրոպայի և աշխարհի հայտնի կլինիկաներում։ «Տատիկը իմ իդեալն է, ես միշտ հետեւելու եմ նրա ցուցումներին, նա ինձ սովորեցնում էր լինել հետեւողական, արդյունավետ եւ մեծ պատասխանատվությամբ դիմել ցանկացած առաջադրանքի: Այս հատկանիշներն ինձ օգնում են իմ աշխատանքում և առհասարակ կյանքում»,- ասում է նա։

Այժմ Վովան ջերմությամբ եւ տխրությամբ հիշում է իր հայրենի Արցախը, մանկության եւ երիտասարդության լավ եւ անհոգ պահերը, ընտանիքին ու ընկերներին, փորձում է հնարավոր ամեն ինչ անել՝ պահպանելու իր հայրենի հողի ավանդույթներն ու մշակույթը եւ հույս ունի վերադառնալ հայկական Արցախ։

Արսեն Աղաջանյան

Արցախը հազարամյակների ընթացքում եղել է հայոց պետականության բնօրրանը, ազգային ավանդույթների պահապանը

1992 թվականի հունվարի 6-ին ԼՂՀ առաջին գումարման խորհրդարանը՝ ԼՂՀ Գերագույն խորհուրդը, ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ​​անկախության մասին» հռչակագիրը։ Այս հռչակագրով որոշվեց, որ Արցախը պատկանում է հայերին, ովքեր ապրել են այս հողի վրա հազարավոր տարիներ, ձգելով ազգային արմատները խորը հողի մեջ։

Արցախի Հանրապետությունը գոյություն ունի 34 տարի, այն կայացել է Արցախի ժողովրդի նվիրումի և հայրենիքում ապրելու պատրաստակամության շնորհիվ՝ չնայած բոլոր դժվարություններին, Հայաստանի և Սփյուռքի վիթխարի աջակցությամբ։

33 տարի անց (Քրիստոսի տարիքն է) Քրիստոսի ծննդյան օրը Հայաստանի ղեկավարությունը լռում է այն մասին, թե ինչ ճակատագիր է սպասվում հայոց Արցախին՝ նրա հողը, բնական ռեսուրսները, հաղորդակցությունները, ունեցվածքը, լռում է, թե ի՞նչ իրավունքով, մեկ մարդու ստորագրությամբ, Հայաստանը հրաժարվեց հայ ժողովրդին պատկանող հողից։

Հազարամյակներ շարունակ Արցախը եղել է հայոց պետականության օրրանը, ազգային ավանդույթների և հայ ժողովրդի հավատքի պահապանը հատկապես այն ժամանակաշրջաններում, երբ մնացած Հայաստանը գտնվում էր օտար կայսրությունների տիրապետության տակ։ Դարեր շարունակ Արցախի կիսանկախ մելիքությունները եղել են «ապահովարան», որտեղ պահպանվել և վերածնվել է հայկական ինքնությունը։

Հայաստանն իր ներկայիս ղեկավարությամբ մեթոդաբար հրաժարվում է հայկական պետականության ազգային հիմքերից։ Նիկոլ Փաշինյանը, խոսելով հայրենիք-պետություն սիլլոգիզմի մասին, երբեք չի արտասանել «ազգային պետություն» արտահայտությունը։

1918 և 1991 թվականներին հայկական հանրապետությունները, ինչպես և եվրասիական տարածքի մյուս պետությունները, առաջացան հենց որպես ազգային պետություններ՝ կառուցված ազգային լեզվի, մշակույթի, դպրոցի, պետության և այլ ավանդույթների հիման վրա։

Ռուսաստանը չունի ազգային հիմք և գաղափարախոսություն, և նրա փլուզումը բնական է. 35 տարի է, ինչ Ռուսաստանը չի կարողանում որոշել, թե ինչ ինքնության վրա է կառուցված այդ երկիրը՝ ռուսական, ուղղափառ, «ինքնիշխան ժողովրդավարության», թե՞ բնիկ ժողովուրդների գաղութային ստրկացման վրա։ Նույնը վերաբերում է անհասկանալի Ադրբեջանին, որն ընդհանրապես ինքնություն չունի։

Անկարան ու Մոսկվան հասկանում են, որ Հայաստանին պետականությունից հնարավոր է զրկել միայն ազգային հիմքը տակից հանելով։ Եվ դա արվում է գործող իշխանության ձեռքերով, որի գործունեության արդյունքը եղել է Հայաստանի աննախադեպ հեռացումը սփյուռքից, եկեղեցուց, Արցախից, ազգային իրավունքներից ու պատմությունից։ Նույնիսկ ազգային հիմունքների, Արցախի, եկեղեցու մասին հիշատակումը համարվում է «ռեւանշիզմ» և «ժողովրդավարությունից հրաժարում»։ Հիմա Փաշինյանն ասում է, որ դպրոցներում պետք է դասավանդել ոչ թե “ազգային”, այլ “պետության” պատմություն՝ մեկը մյուսից տարանջատելով։ Ի՞նչ կմնա պատմության մեջ, եթե դրանից հանենք ազգային բաղադրիչը։

Հայաստանը վերապրեց 2020 թվականի պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերին արցախյան ագրեսիան հզոր էթնիկ կորիզի՝ ազգային շահերի հանրության շնորհիվ։ Հայաստանում նույնիսկ ժողովրդավարությունը ազգային է, քանի որ Հայաստանի բնակչության 98%-ը հայեր են։ Սա թուլություն չէ, այլ մեր ուժը, ինչի պատճառով էլ թշնամիները ակտիվորեն նոսրացնում են Հայաստանի էթնիկական կազմը պակիստանցիներով, ռուսներով և այլոց միջոցով։

Հայաստանը կարող է վերացվել միայն նրա ազգային կորիզը կոտրելով։ Հենց Հայաստանը դադարի լինել ազգային պետություն, կդադարի գոյություն ունենալ, քանի որ Հայաստանի 3 միլիոն բնակիչներն այլ ընդհանուր բան չունեն։

Նաիրա Հայրումյան

Մտքերս հատկապես Լեռնային Ղարաբաղի՝ իրենց հողից վտարված փախստականների հետ են․ Ֆրանսիայի դեսպան

«Շնորհավոր Սուրբ Ծնունդ: Մտքերս հատկապես Լեռնային Ղարաբաղի՝ իրենց հողից վտարված փախստականների հետ են, ովքեր այս երեկո այս տոնը նշում են իրենց տներից հեռու», գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյին։

Ռսկհան՝ ամրոց-դիտակետ-սրբատեղի․ կորսված Հայրենիք

Մարտունու շրջանի Քերթ գյուղի տարածքում, Ռսկհան լեռան ժայռոտ ու դժվարամատչելի գագաթին, ծովի մակարդակից 1086 մ բարձրության վրա գտնվում է համանուն ամրոց-դիտակետը։ Այնտեղից երևում են շրջանի մի շարք գյուղեր, մասնավորապես՝ Քերթ, Քարահունջ, Սոս, Թաղավարդ, Մուշկապատ, Հաղորտի, Կոլխոզաշեն, Մսմնա, Կավահան, Հերհեր, Ծովատեղ, Խերխան: Ամենայն հավանականությամբ այն իր դիրքի շնորհիվ նաև տեսողական ազդանշանային վայր է եղել (վաղ ժամանակներում ազդանշանային կրակ են վառել, որի ծուխը նախազգուշացնում էր մոտալուտ վտանգի մասին):

Այն ժայռածածկի մեջ տեղակայված մի երկարավուն ուղղանկյուն հատակացծով թաքստոց-կացարան է: Հարթեցված հատակի լայնությունն ավելի քան 2.5-3.0 մ է, երկարությունը` 6.5-7.0 մ: Դրա մի անկյունում տեղակայված է նորաշեն սրբարանը:

Երբեմնի ամրոցից ներկայումս պահպանվում  է հյուսիսային ճակատի կլորացող պատի շարվածքը միայն՝ կառուցված անմշակ միջին չափերի քարերով ու կրաշաղախով: Նկատելի  է, որ նախկինում պատաշարով փակված է եղել ժայռածածկի հատակի բացվող պարագիծն ամբողջությամբ, կազմելով մի ներփակ կացարան: Տանիքն ըստ էության եղել է փայտաշեն, որի մասին են վկայում ժայռածածկի թեք հարթության վրա պահպանվող փոսորակները:

Ըստ հնագետ Գ.Սարգսյանի,  ժայռածածկն ամենայն հավանականությամբ ի սկզբանե կառուցվել է որպես դիտակետին կից թաքստոց-կացարան ու միայն հետագայում է իր խիստ դժվարամատչելիության պատճառով ձեռք բերել սրբատեղիի կարգավիճակ: Ուշագրավ է նաև դեպի դիտակետ տանող անցուղին՝  ժայռերի մեջ փորված հետիոտն  արահետների տեսքով:

Ցավոք սրտի, աղբյուրներում հուշարձանի մասին տեղեկություններ չեն պահպանվել:

Step1.am-ի հրապարակման շնորհիվ Լենա Ավանեսյանին գտել են

Արցախի Հադրութի շրջանի Ազոխ գյուղից թոշակառու Լենա Ավանեսյանի պատմության՝ Step1.am-ում հրապարակվելուց հետո պարզվեց, որ նրան երկար ժամանակ փնտրում էին։

Խմբագրություն են դիմել «Հանգանակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները։ Կինը երկար տարիներ գտնվում էր կազմակերպության խնամքի տակ։ Համակողմանի աջակցություն էր ստացել որպես միայնակ թոշակառու և հաշմանդամ։

Արցախի բնակչության բռնի տեղահանումից հետո, արդեն Հայաստանում, «Հանգանակ» կազմակերպությունը սկսեց իր խնամքի տակ եղած անձանց որոնումները՝ մոտ 320 մարդու։ Նրանց մեծ մասի բնակության վայրը հաստատվել է։

Կազմակերպությունը խմբագրությունից ճշտելով, թե որտեղ է ապրում Լենա Ավանեսյանը, այցելել է նրան, ֆինանսական օգնություն ցուցաբերել, ընդգրկել նոր տարում իրականացվելիք այլ ծրագրերում։

Լենա Ավանեսյանը Step1-ին խոստովանեց. «Դա փրկություն էր, որ ինձ գտան ու օգնեցին։ Որովհետև ես շատ հիվանդ եմ այս վերջին օրերին։ Շտապօգնության մեքենաները երբեմն չեն արձագանքում կանչերին: Եվ եթե անգամ  գալիս են, ես չեմ կարող գնել դեղերը։ Մի քանի ամիս է, ինչ թոշակ չեմ ստացել, իսկ պետության կողմից սոցիալական դրամական օգնությունը հազիվ է բավարարում սննդի և կենցաղային կարիքների համար։ Ես նաև փակում եմ պարտքերը, որոնք վերցրել եմ, երբ փող չունեի՝ ո՛չ թոշակ կար, ո՛չ պետության աջակցությունը: Բայց հիմա մի քիչ հանգիստ եմ, որովհետև գիտեմ, որ «Հանգանակից» կլինի հոգատարություն, օգնություն և ըմբռնում»:

«Հանգանակ» ՀԿ-ն 20 տարի աշխատել է Արցախում։ Կազմակերպության ծրագրերում ընդգրկված են եղել մոտ 320 մարդ։

Ալվարդ Գրիգորյան

«Համաձայն չենք, բայց կարող ենք քննարկել». Արմեն Գրիգորյանը Մեղրիի միջանցքի «Կալինինգրադի» տարբերակի մասին

Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը տեղի է ունենալու Հայաստանի սուվերենության և իրավասության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա։ Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահի օգնականի վերջին հայտարարություններին։

Հիքմեթ Հաջիևը նախօրեին «Berliner Zeitung»-ին տված հարցազրույցում մեղադրել է Հայաստանին «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը ներկայացնելով «2020 թվականի եռակողմ հայտարարությունից բխող իր պարտավորություններից» խուսափելու մեջ և պնդել, թե Հայաստանը չպետք է վախենա «միջանցք» տերմինից։

«Հայաստանը շարունակում է խոչընդոտել տարածաշրջանում հաղորդակցությունների բացմանը, թեև նախագիծը վերաբերում է հենց տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Հայաստանով երթուղու բացումը Երևանի պարտավորությունն է, որը նրանք պետք է կատարեն: Հայաստանի տարածքով փոխադրումները մենք չենք դիտարկում որպես սպառնալիք՝ ուղղված Հայաստանի ինքնիշխանությանը և հայ-իրանական կապերին։ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապը Հայաստանի ծայր հարավով չի ազդի Հայաստանի և Իրանի միջև առևտրային ուղու վրա։ Այս երկու երթուղիները հատվում են առանց միմյանց արգելափակելու։ Միշտ էլ հնարավոր է ընդունելի պայմաններ գտնել, եթե դրա համար կա քաղաքական կամք։ «Միջանցք» տերմինը չպետք է վախեցնի Հայաստանին, քանի որ այն լայնորեն կիրառվում է տրանսպորտային ուղիների համատեքստում։ Տրանսպորտային այս կապը Հայաստանին չի զրկի Իրանի հետ սահմանից։ Այս երթուղին Հայաստանը չի բաժանի երկու մասի»,- նշել էր Հաջիևը։

Նա նաեւ ասել է, որ Բաքուն պատրաստ է դիտարկել միջանցքի “կալինինգրադյան” տարբերակը։

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Ադրբեջանը պետք է հրապարակայնորեն հաստատի, որ Հայաստանով հնարավոր կոմունիկացիաների բացման համար հիմք են ընդունվելու ինքնիշխանության, իրավազորության պահպանման, փոխադարձության ու հավասարության սկզբունքները, որից հետո, ըստ նրա, հնարավոր կլինի արդեն ավելի կոնկրետ մեխանիզմների մասին խոսել։

«Հայաստանը շարունակելու է աշխատել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ։ Վերջերս վարչապետն առաջարկել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որի շրջանակում հենց այս սկզբունքների պահպանմամբ ապաշրջափակման իրականացման դեպքում հավելյալ կայունություն ու խաղաղություն կապահովվի տարածաշրջանում։ Անհրաժեշտություն կա նաև աշխատելու խաղաղության պայմանագրի ուղղությամբ, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն ունենանք։ Շատ կարևոր է, որ Հայաստանի և Իրանի դիրքորոշումներն ապաշրջափակման հարցում համընկնում են»,- նշել է Գրիգորյանը։

Հարցին՝ ի՞նչ է նկատի ունեցել Փաշինյանը՝ հայտարարելով, որ հնարավոր է՝ պարզեցված ընթացակարգ լինի Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև ցամաքային կապ ապահովելու համար, ԱԽ քարտուղարն արձագանքել է, որ դա հարցի առավել տեխնիկական մասն է։

«Ապաշրջափակման նշածս 4 սկզբունքները համաձայնեցնելու մասին հրապարակային հայտարարելուց հետո արդեն կարող ենք աշխատել նաև պարզեցման այդ մեխանիզմենրի շուրջ։ Մենք լսել ենք Ադրբեջանից համաձայնություն այդ սկզբունքների շուրջ, ակնկալում ենք, որ նրանք հրապարակային ևս կհայտարարեն այդ մասին, և կշարունակենք աշխատել հետագա քայլերը հստակեցնելու ուղղությամբ»,- ասել է Գրիգորյանը։

Անդրադառնալով հունվարին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու հավանականությանը՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտնել է, որ Երևանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել առաջիկայում այդ բանակցություններին և սպասում է գործընկերների արձագանքին։

Ադրբեջանը վերջին շրջանում մի քանի անգամ առաջարկել է սահմանազատման և սահմանագծման գործընթացը տարանջատել խաղաղության պայմանագրի ստորագրումից՝ ձգտելով այդ կերպ անորոշ թողնել սահմանների հստակեցման հարցը։ Արդյո՞ք այդ դեպքում չի ստացվի, որ պայմանագիրը կստորագրվի, բայց ադրբեջանական զորքերը կշարունակեն մնալ Հայաստանից օկուպացված տարածքներում։ Ի պատասխան այս հարցին՝ Արմեն Գրիգորյանն ասել է, որ հայկական կողմն էլ առաջարկում է 1974-78թթ․ խորհրդային քարտեզների հիման վրա զորքերի հայելային հետքաշում կատարել։

«Բանակցությունները շարունակում ենք և հույս ունենք, որ կկարողանանք համաձայնությունների հասնել և կշարունակենք աշխատանքն այս ուղղությամբ»,- եզրափակել է ԱԽ քարտուղարը։

Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Ծնունդը

Armenpress. Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է տարվա հինգ տաղավար տոներից առաջինը՝   Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը։  Այս տոնը Հիսուսի  Ծննդյան և մկրտության հիշատակումն է: Եթե Քրիստոս մարմնակերպ չծնվեր, ապա չէր մկրտվի, ուրեմն չէր լինի Աստվածհայտնության տոնը։ Նույն օրը նշվող Մկրտության տոնը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը, որը  մեղքի մահն է և հոգու վերածնունդը։

Հենց մկրտության ժամանակ է, որ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը», և Սուրբ Հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Տեղի է ունենում երկրորդ աստվածահայտնությունը: Քրիստոս իր մկրտությամբ օրինակ տվեց. Ինչպես ինքը մկրտվեց, այնպես էլ բոլոր նրա հետևորդները պետք է մկրտվեն: Նա իր մկրտությամբ սրբագործեց և օրհնեց այն ջուրը, որ պետք է ծառայեր մարդու փրկչական մկրտության համար: Այդ նույն մկրտությամբ Հիսուս բացեց երկնային հավիտենականության դռները, քանի որ մկրտությունը «մեղքի մահն է և հոգու վերածնունդը» (Սբ. Կյուրեղ Երուսաղեմացի):

Այսպիսով, Քրիստոսի Ծննդյան և Մկրտության միջոցով հաստատված երկու Հայտնությունները Հայ Առաքելական եկեղեցում տոնում են միասին` հունվարի 6-ին:

Սուրբ Ծնունդը  մեծ շուքով նշում են աշխարհի բոլոր քրիստոնյաները դեկտեմբերի վերջին:  Հայ Առաքելական եկեղեցին, մնալով իր ավանդությանը հավատարիմ, տոնը սկսում է հունվարի 5-ին Ճրագալույցի սուրբ պատարագով։

Բոլոր եկեղեցիներում երեկոյան մատուցվում է Ճրագալույցի սուրբ պատարագ:  «Ճրագալույցի պատարագ տարվա ընթացքում մատուցվում է երկու անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին։ Ճրագալույց նշանակում է ճրագ՝ մոմ, վառել:   Պատարագի ժամանակ քահանան  ավետում է Քրիստոսի ծննդյան ավետիսը՝ արտասանելով․  Քրիստոս ծնավ և հայտնեցավ․․․․․»

Ճրագալույցի պատարագից հետո մարդիկ եկեղեցում վառած կանթեղներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի մանուկ Հիսուսի  ծննդավայր։

Սուրբ Ծննդյան տոնը, սկսվելով  հունվարի 5-ին, շարունակվում  է նաև  հաջորդ օրը:  Հունվարի 6-ին Պատարագից հետո կատարվում էր Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը խորհրդանշող արարողությունը, որ հայտնի է «Խաչը ջուրը գցել» կամ «Ջրօրհնեք» անուններով։  Խաչով և մյուռոնով օրհնյալ ջուրը հավատացյալները տուն են տանում՝ որպես օրհնություն  և բուժիչ դեղ հիվանդների համար:

Մի գեղեցիկ ավանդույթ էլ կա, տոնից հետո քահանաներն այցելում են հավատացյալների տներ` ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի կարգը:

Սբ. Ծննդյան երջանկության զգացողությամբ, եթե մենք էլ բացենք մեր սրտի դուռը, ապա Քրիստոսի խոստման համաձայն, նա կծնվի և կհայտնվի մեր սրտերում: Եվ այդ սերը մեր մեջ կրելով՝ մեկս մյուսին կփոխանցենք ողջ աշխարհն ու մեր ներաշխարհը լուսավորող փրկության ավետիսը. Քրիստոս ծնավ և հայտնեցավ, ձեզ և մեզ մեծ ավետիս, օրհնյալ է ծնունդը Քրիստոսի:

Տաթև Զաքարյան

Հովհաննես Մկրտչյան