Արցախի Հանրապետության օկուպացված Քաշաթաղի շրջանում վթարի է ենթարկվել Բաքվի ռազմական մեքենա, երկու ցապար զինծառայող զոհվել է։ Վթարի հետևանքով ևս 9 զինծառայող վիրավորվել է։
Հեղինակ՝ naira
Պուտինը հրամանագիր է ստորագրել օտարերկրացիների քաղաքացիության մասին, ովքեր համաձայնում են կռվել Ուկրաինայում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում կամ զինվորական կազմավորումներում զինվորական ծառայության անցնելու պայմանագիր կնքած օտարերկրյա քաղաքացիներին և նրանց ընտանիքների անդամներին ՌԴ քաղաքացիություն տրամադրելու մասին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ի հրապարակումը։
Ըստ հրապարակման՝ բացի օրենքով նախատեսված այլ դեպքերից, ՌԴ քաղաքացիություն ստանալու համար դիմում կարող են ներկայացնել օտարերկրյա քաղաքացիները, որոնք «հատուկ ռազմական գործողության անցկացման ժամանակաշրջանում պայմանագիր են կնքել Ռուսաստանի զինված ուժերում կամ զինվորական կազմավորումներում զինվորական ծառայություն անցնելու վերաբերյալ կամ հատուկ ռազմական գործողության անցկացման ժամանակաշրջանում զինվորական ծառայություն են անցել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում կամ զինվորական կազմավորումներում»։
Բացի այդ, քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք «հատուկ ռազմական գործողության ընթացքում» Ռուսաստանի զինված ուժերում կամ զինվորական կազմավորումներում զինվորական ծառայությունից ազատվել են տարիքի, առողջական վիճակի և մոբիլիզացիայի ժամանակաշրջանի ավարտի կամ ռազմական դրության չեղարկման պատճառով։
Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ
Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունվարի 5-ի ցերեկը և հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ: Այս մասին հայտնել են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային գոտիներում տեղումները կլինեն ձյան տեսքով, առանձին հատվածներում սպասվում է բուք, մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց։
Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների վերջին նիստը՝ ինչպես ամեն ինչ սկսվեց
2021 թվականի հունվարի 4-ին պարզ դարձավ, որ Հայաստանն ու Արցախը չեն կարողանա Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ անցկացնել, և Արցախից միայն նախագահ Արայիկ Հարությունյանն է ներկա գտնվել Երևանում կայացած Հայաստանի անվտանգության խորհրդի նիստին։ Հնարավոր է, Արցախից Հայաստանի կտրվածության պայմաններում ինչ-որ մեկը համարել է, որ համատեղ նիստի անցկացումը Ռուսաստանի դեսպանատանը եւ Աղդամի ռուս-թուրքական համատեղ կենտրոնում կդիտարկվի որպես «աղաղակող լկտիություն»:
Առաջին համատեղ նիստը կայացել է 2019 թվականի մարտի 12-ին: Ամփոփիչ հաղորդագրությունում նշված էր. «Համատեղ նիստի շրջանակում ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շրջանակում Արցախի անվտանգության ապահովումն ու կարգավիճակը հայկական կողմերի համար եղել և մնում են բացարձակ գերակայություններ: Կարևորվել է խաղաղության մթնոլորտի ձևավորումը, ռիսկերի նվազեցման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների և փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի, իսկ մինչ այդ նաև Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակում»:
2019 թվականի դեկտեմբերի 23-ին կայացած համատեղ երկրորդ նիստին Նիկոլ Փաշինյանը խոսում էր ավելի շատ թավշյա հեղափոխության մասին. «Կարևոր է, որ այդ քայլերն արտահայտել են օբյեկտիվ իրականությունը, որն ստեղծվել է տարածաշրջանում Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո: Որո՞նք են այդ օբյեկտիվ իրականության բնորոշիչները: Առաջին՝ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն էականորեն ավելացրել են Արցախի սուբյեկտայնությունը և ընդգծել Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերությունների իրավահավասար բնույթը:
…բոլոր հիմնարար փաստաթղթերը կա՛մ ներառում են Արցախի ընտրված իշխանությունների մասնակցության հղում, կա՛մ հաստատվել են Արցախի ընտրված իշխանությունների ներկայացուցիչների կողմից:
Արցախի հարցի կարգավորման հայեցակարգային մակարդակում մենք առաջարկել ենք շատ պարզ, տրամաբանական և հասկանալի սկզբունք: Արցախի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Ղարաբաղի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Այս սկզբունքը հայտարարելով՝ ես հույս ունեի, որ Ադրբեջանի նախագահը հանդես կգա համանման հայտարարությամբ, ինչը բանակցային գործընթացում էական առաջընթաց ապահովելու մեծ հնարավորություններ կբացի:
…Բոլորն են հասկացել, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Նման փորձերն աղետալի հետևանքներ կունենան հենց առաջին հերթին Ադրբեջանի համար, մանավանդ որ, ինչպես մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք վերջին տարիների համար աննախադեպ քանակի և որակի զենք և ռազմամթերք ենք ձեռք բերել, Զինված ուժերում իրականացրել ենք և իրականացնում ենք բարեփոխումներ, որոնք էլ ավելի բարձր մակարդակի են հասցնում մեր բանակի մարտունակությունը»:
Իսկ Բակո Սահակյանն ասել էր. «Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը մեկ հայրենիքի երկու անբաժան հատվածներն են և մենք ունենք միասնական նպատակներ ու միանման տեսլական կարևորագույն հարցերի լուծման առնչությամբ: Եվ այս տեսանկյունից անվտանգության խորհուրդների համատեղ նիստերի անցկացումը հնարավորություն է տալիս բազմակողմանի քննարկել մեր առջև ծառացած խնդիրները, գտնել դրանց լուծման օպտիմալ տարբերակներ և ընդունել հիմնավորված որոշումներ»:
Եվս մեկ համատեղ նիստ կայացել է 2020 թվականի հունիսի 19-ին: Ընտրությունների և դրանց հետևած իշխանությունների կազմավորման արդյունքում Արցախում տեղի ունեցավ քաղաքական ուժերի համերաշխության և համախմբման կարևորագույն գործընթաց, ինչը, վստահ եմ, առավել ամրապնդեց Արցախի անվտանգությունը, ասել էր Նիկոլ Փաշինյանը: «Վերջերս էլ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ուղղորդմամբ, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջան» նախաձեռնություն են ստեղծել՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունը: Սրանով Ադրբեջանի վարած տարածաշրջանային քաղաքականությունն ավելի ամբողջական է դառնում, և «արևմտյան ադրբեջան»-ի անհեթեթ նախաձեռնությունը եկավ փոխարինելու այսպես կոչված «հարավային, հյուսիսային, հյուսիս-արևմտյան ադրբեջանների» զավեշտալի շարքը՝ ընդգծելով Ադրբեջանի ապակայունացնող նկրտումները ողջ տարածաշրջանի համատեքստում», – նշել էր Փաշինյանը:
Արայիկ Հարությունյանն էլ խոսում էր իր բիզնես-նախագծերի մասին:
«Անվտանգության փոխազդող համակարգի գլխավոր հենասյուներից մեկն էլ պարենային ու էներգետիկ անվտանգությունն է, որտեղ ևս ձեռքբերումները նշանակալի են, սակայն նոր անելիքներ միշտ կան՝ միջավայրային մարտահրավերների և մեր նպատակների ու հնարավորությունների դինամիկ փոփոխությանը զուգահեռ: Մեր խնդիրն է ապահովել հնարավորինս ինքնաբավ ու ճկուն պարենային ու էներգետիկ համակարգ բոլոր իրավիճակների համար՝ երաշխավորելու համար ռազմական ու սոցիալ-տնտեսական անվտանգության ամրությունն ու կայունությունը: Այդ և մի շարք այլ առումներով ռազմավարական նշանակություն ունեն նաև ենթակառուցվածքները, և ուրախ եմ, որ համատեղ արդեն մեկնարկում ենք Արցախը Մայր Հայաստանին կապող երրորդ մայրուղու շինարարությունը», – նշել էր Հարությունյանը:
Ամեն ինչ այսպեց սկսվեց։ Այժմ՝ արտաքսումից 3 ամիս անց, Հայաստանի իշխանությունները չեն հանդիպում ոչ միայն Արցախի ղեկավարության ներկայացուցիչների, այլև հանրության հետ։ Իսկ նրանք, ում հետ հանդիպումները տեղի են ունեցել «լավ ժամանակներում», ըստ երեւույթին, «հայկական անվտանգության» շրջանակներում, գտնվում են Բաքվի բանտերում։
Նաիրա Հայրումյան
Իսրայելը փորձում է հայերին դո՞ւրս մղել հայկական թաղամասից․ ԱՄՆ Պետդեպի պատասխանը
Հանրային հեռարձակողի խորհուրդը պարզաբանում է տարածել Կաթողիկոսի ուղերձի վերաբերյալ
Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել Հանրայինի եթերում Կաթողիկոսի ուղերձի վերաբերյալ․
«Դեկտեմբերի 31-ին Հանրային հեռուստաընկերությունը ծրագրել էր հեռարձակել Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը ամենադիտվող հատվածներից մեկում՝ պաշտոնական ուղերձների համար այս տարի առանձնացված ժամին։ Կաթողիկոսի ելույթը պետք է հաջորդեր Սահմանադրությամբ պետության գլուխ հանդիսացող ՀՀ նախագահի ելույթին։
Ցավոք, դեկտեմբերի 31-ին Մայր Աթոռի անունից Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Հանրային հեռարձակողի խորհրդին տեղեկացրել է, որ անհամաձայնություն են հայտնում ուղերձների համար նախատեսված ժամի վերաբերյալ և պահանջում են չհեռարձակել և ընդհանրապես չօգտագործել Կաթողիկոսի ուղերձի տեսագրությունը, որի հեղինակային իրավունքները պատկանում են Մայր Աթոռին։
Քանի որ պահանջը միայն Հանրային հեռուստաընկերությանն էր առնչվում, Խորհրդին ենթակա «Շողակաթ» հեռուստաալիքը և Հանրային ռադիոն ուղերձը հեռարձակել են, իսկ Հանրային հեռուստաընկերության եթերի վերաբերյալ բանավոր դիմումը բավարարվել է։
Ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ Հայաստանում չկա օրենսդրական կարգավորում, և հենց դա է պատճառը, որ յուրաքանչյուր հեռուստաընկերություն ինքն է որոշում, թե երբ և ինչ հերթականությամբ հեռարձակի ուղերձները, ինչն էլ տեղի է ունեցել: Հաշվի առնելով հանրային լայն արձագանքը՝ առաջարկում ենք խնդիրը կարգավորել օրենսդրական դաշտում »,- ասված է հայտարարության մեջ:
Հանրային հեռարձակողի խորհուրդն ափսոսանք է հայտնել այս միջադեպի համար և հույս հայտնել, որ այն որևէ կերպ չի անդրադառնա Հանրայինի և Մայր Աթոռի համագործակցության վրա։
Ավելի վաղ Մայր Աթոռը հայտարարություն էր տարածել, որ Հանրային հեռուստաընկերությունը, վերջին պահին, առանց որևէ պատճառաբանության տեղեկացրել է, որ Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը եթեր չի հեռարձակվի կեսգիշերից առաջ, ինչպես և ավանդաբար ընդունված էր։
Իրանում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը գերազանցել է 100-ը
Իրանի կենտրոնական Քերման քաղաքում երկու ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 103 մարդ, վիրավորվել՝ 171-ը, հայտնում է Mehr-ը։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ ամբոխի մեջ պայթել է ռումբեր պարունակող երկու պայուսակ։
Պայթյունները տեղի են ունեցել Սոլեյմանիի սպանության 4-րդ տարելիցի օրը՝ Քերման քաղաքի Սահեբ ալ Զաման մզկիթի մերձակայքում անցկացվող արարողության ժամանակ։
Իրանի դեսպանը պատասխանել է Բաքվին և Մոսկվային. «Իսկ դուք կհամաձայնե՞ք ձեր տարածքով արտատարածքային միջանցք բացել»
Մեր դիրքորոշումը չի փոխվել՝ մենք դեմ ենք սահմանների փոփոխությանը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին։ Սահմանների փոփոխությունը մեզ համար կարմիր գիծ է, սա հայտարարվել է Իրանի բարձրագույն իշխանության մակարդակով, և ոչ ոք չի կարող շեղվել դրանից։ Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Նրա խոսքով՝ իմաստ չունի այլ երկրի տարածքում արտատարածքային միջանցք ստեղծել։ «Կարծում եմ, որ Հայաստանի տարածքում արտատարածքային միջանցքի հարցի բարձրացումը կապ չունի միջազգային իրավունքի, երկրների տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության հետ։ Ինչպես նշված է Հայաստանի վարչապետի «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում, Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած կապ պետք է գործի այս երկրի ազգային ինքնիշխանության ներքո։ Այն պետությունները, որոնք խոսում են Հայաստանի տարածքում արտատարածքային միջանցքի մասին, պատրա՞ստ են իրենց տարածքում ստեղծել նույն արտատարածքային միջանցքները։ Կարծում եմ՝ պատասխանը ոչ է: Ուստի այն, ինչ իրենք չեն ուզում իրենց համար, չպետք է ցանկանան ուրիշների համար»,- ասել է Սոբհանին։
Ի հեճուկս Իրանի հայտարարությունների, Ալիևի ներկայացուցիչը կրկին հիշեցրեց «միջանցքի» մասին։
Բաքուն հույս ունի մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնյաների միջև բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնել խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ, ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնաց Էլչին Ամիրբեկովը։
Խոսելով տրանսպորտային հաղորդակցության վերականգնման մասին՝ նա հիշեցրեց ադրբեջանական կողմի նախաձեռնությունը՝ «վերականգնել Զանգեզուրի միջանցքը, որպեսզի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում կամ երկրի հիմնական մասում բնակվող Ադրբեջանի քաղաքացիներն ունենան անխոչընդոտ ցամաքային հաղորդակցություն»։
«Խոսքը 42 կիլոմետր երկարությամբ երկաթուղային գծի մասին է, որը, ցավոք, ավերվել է հակամարտության արդյունքում։ Թեկուզ խոսքը միայն բացակայող ճանապարհի կառուցման մասին չէ», – ասաց նա:
Ալիևի ներկայացուցիչը նկատի ունի, որ միջանցքը պետք է լինի ոչ միայն ֆիզիկական, այլև քաղաքական, այսինքն՝ այն պետք է վերահսկվի ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի ԱԴԾ-ի կողմից։
Ավելի վաղ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն ասել էր, որ «արժի մտածել և ստեղծել այնպիսի միջանցքներ, որոնք տնտեսապես շահավետ են, այդ թվում՝ հարևանների համար։ Իսկ դա ձեռնտու է Ռուսաստանին, քանի որ մենք կարող ենք Հայաստանով միջանցք բացել դեպի հարավ և համաձայնության գալ Վրաստանի հետ»։
Այլ երկիր մեկնելիս անձնագրում կլոր կնիքն այլևս անհրաժեշտ չէ․ ինչ անել, եթե խնդիր առաջանա
Հայաստանի կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն՝ 2024 թվականի հունվարի 1-ից այլևս պարտադիր չէ ՀՀ քաղաքացիների հին նմուշի անձնագրերում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշումը։ Անձնագրում վավերականության նշումը՝ հասարակության շրջանում առավել ընդունված կլոր կնիքն, այլևս այլ պետություն մեկնելիս անհրաժեշտ չէ։ Օտար երկրում անձնագիրը համարվում է վավերական։
«Արմենպրես»–ի հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարարության հյուպատոսական վարչության վիզաների բաժնի պետ Արթուր Պետրոսյանը նշեց, որ այս փոփոխության արդյունքում քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինելու անձնագիրը ստանալուց հետո լրացուցիչ դիմել անձնագրային ծառայություններ կամ օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանություններ, որ ապահովեն օտարերկրյա պետություններում վավերականության նշումը՝ կլոր կնիքը։ Դա էապես կթեթևացնի քաղաքացիների հոգսը։
«Դրանից բացի, նման նշում կատարելը վաղուց միջազգային պրակտիկայում չօգտագործվող միջոց է։ Հայաստանի կառավարությունը որոշեց ազատվել այս բաղադրիչից և ուղղակի ընդհանուր ժամկետի նշումով անձնագիրը համարեց վավերական։ Ինչպես գիտեք բիոմետրիկ անձնագրերում նման նմուշի անհրաժեշտություն չկա, հետևաբար ստացվում էր մի դեպքում՝ հին նմուշի անձնագրի պարագայում, լրացուցիչ վավերացման կարիք կար, իսկ մյուս դեպքում՝ բիոմետրիկի պարագայում, դա բացակայում էր։ Այս փոփոխությամբ, այդ իմաստով անձնագրերը դառնում են հավասար»,-ասաց Արթուր Պետրոսյանը։
Այս փոփոխության մասին ԱԳ նախարարությունը տեղեկացրել է ՀՀ-ում գործող բոլոր օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին։ Դրանից բացի, այլ պետություններում գործող ՀՀ դեսպանություններն այս փոփոխությունների մասին տեղեկացրել են նստավայր, հավատարմագրված պետությունների բոլոր արտաքին գերատեսչություններին։ ԱԳՆ-ն նշված փոփոխության մասին հայտնել է նաև Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի համապատասխան հարթակին, որից օգտվում են աշխարհի բոլոր օդանավակայանները, ավիափոխադրողները, սահմանային ծառայությունները։
«Քանի որ դեռ նախորդ տարվա հոկտեմբերից պատշաճ իրազեկում կատարել ենք, հույս ունենք, որ ճանապարհորդելիս խնդիրներ չեն առաջանա։ Ամեն դեպքում մեր քաղաքացիներին նման խնդիրներից պաշտպանելու համար ԱԳ նախարարության կայքում ստեղծվել է հատուկ բաժին, որտեղ նշված փոփոխությունները մանրամասն ներկայացված են 3 լեզուներով։ Եթե ամեն դեպքում կլինի խնդիր, ապա մեր քաղաքացիները որպես առաջնային ապացուցողական միջոց կարող են հղում անել նախարարության պաշտոնական կայքին»,-ասաց նախարարության ներկայացուցիչը։
Հնարավորինս շատ քաղաքացիների իրազեկման համար, ԱԳ նախարարությունը ՀՀ-ում գործող 3 բջջային օպերատորների օգնությամբ sms հաղորդագրություն է ուղարկել բաժանորդներին։ Հաղորդագրությունը պարունակում է փոփոխության մասին տեղեկություն, ինչպես նաև ԱԳՆ կայքի այն հղումը, որտեղ 3 լեզվով մանրամասն նկարագրված է փոփոխությունը։ Նպատակն այն է, որ քաղաքացին հնարավորություն ունենա արագ գտնել այդ հղումը։
Ամեն դեպքում նախարարության պաշտոնական կայքում՝ առաջին էջի վրա, տեսանելի հատվածում դրված է փոփոխության մասին հաղորդագրությունը։
Հայկական «իսթեբլիշմենթը» հրավառությամբ խլացրել է արցախյան պայթյունները. ինչ կլինի հունվարին
Հունվարի լույս 1-ի գիշերը ռուսական պետական լրատվամիջոցները եռանդով հայտարարեցին, որ ուժի մեջ է մտել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման մասին հրամանագիրը։ Տեղեկությունը հնչեց նաև որոշ արևմտյան հարթակներում, սակայն Հայաստանում համառորեն փորձում էին անտեսել այս «ամսաթիվը»։ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ամանորյա ուղերձներում ոչ մի խոսք չկար Արցախի ապագայի մասին։ Փաշինյանը միայն ներողություն խնդրեց ղարաբաղցիներից՝ խոստովանելով, որ զոհաբերել է Արցախը «հանուն հայոց պետականության»։ Սակայն նա չի երաշխավորել, որ սա կլինի վերջին զոհաբերությունը։
Ամանորյա հրավառության ձայներով և տնտեսական «աննախադեպ» հաջողությունների մասին հաղորդումներով Հայաստանի ղեկավարությունը փորձեց քողարկել ամոթը և խլացնել հայ ժողովրդի հառաչը։ Ամանորյա ուղերձներում խոսվում էր ինչ-որ «խաղաղության» մասին, սակայն այդ խաղաղության բացակայության երկու հիմնական գործոն չէին նշվում, այն է՝ ուժի անօրինական կիրառմանը չդիմադրելը և Հայաստանի ձեռքերն ու ոտքերը բռնած Ռուսաստանի ներկայությունը։
Այն, որ Հայաստանի իշխանությունն անգամ տեսականորեն չի նշում այս հիմնարար գործոնները, խոսում է ոչ թե ներկայիս «իսթեբլիշմենթի» վախկոտության, այլ այն մասին, որ «զոհաբերությունը» նախապես համաձայնեցվել է մեծ կոնսենսուսի շրջանակներում։
Այժմ Բաքվի և Մոսկվայի ձեռքերը լիովին ազատ են։ «Ադրբեջանը խնդիրներ ունի Հայաստանի հետ, իսկ Հայաստանը՝ Ադրբեջանի հետ, որոնք պետք է լուծվեն Միջազգային դատարանում», «Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է տարանջատվի սահմանազատման հարցից», «Ադրբեջանի և Հայաստանի բոլոր հանդիպումների ժամանակ Բաքուն բարձրացնում է 8 գյուղերի վերադարձի հարցը»,- ասել է Բաքվի նախարար Բայրամովը։
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը կարծում է, որ «իրադարձությունները, որոնք տեղի ունեցան և ի վերջո հանգեցրին ներկա իրավիճակին, ճիշտ զարգացան։ Միայն երեք տարածաշրջանային հարեւաններ պետք է բանակցեին՝ Ադրբեջանը, Հայաստանը և Ռուսաստանը»։
Այն, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև գործարք է կնքվել, վկայում է սեպտեմբերի 17-ին Ստամբուլում ԱՄՆ-ԵՄ-ՌԴ կոնֆիդենցիալ հանդիպումը, որից հետո անարգել իրականացվել է Արցախի օկուպացիան և բնիկ մեծամասնության արտաքսումը։
2023 թվականի հոկտեմբերի 21-ին ԱՄՆ-ԵՄ համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ ստորագրողները «հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա»: Որևէ խոսք չկա ուժի չկիրառման և ինքնորոշման իրավունքի, նաև Ռուսաստանի և Թուրքիայի դերի մասին։
Միևնույն ժամանակ, Եվրախորհրդարանի հոկտեմբերի 5-ի բանաձևում ասվում է, որ «ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն՝ իշխանությունների կողմից քաղաքացիական անձանց բռնի տեղահանումը կարող է համարվել մարդկության դեմ ուղղված հանցագործություն և ցեղասպանություն»: Բայց սա ալիբիի համար է:
Ըստ «Կոմերսանտ» թերթի աղբյուրների՝ «կողմերը շարունակում են ակտիվորեն աշխատել խաղաղության պայմանագրի վրա, որը կարող է ստորագրվել «Ամանորից հետո»։
Նաիրա Հայրումյան
Արցախցի Լիլիթ Հովհաննիսյանը՝ «Հայաստանի գեղեցկուհի» մրցույթում
Դեկտեմբերի 29-ին Երևանում կայացավ «Հայաստանի գեղեցկուհի» ազգային մրցույթը։ Դրան մասնակցել է արցախցի Լիլիթ Հովհաննիսյանը և արժանացել «Արցախի գեղեցկուհի» կոչմանը։
Մրցույթի կազմակերպիչը «Miss Yerevan Production» ընկերությունն է՝ Արթուր Վարդապետյանի և Արմինե Մուրադյանի գլխավորությամբ։ Մրցույթին մասնակցությունը վճարովի է, սակայն ընկերության ղեկավարությունը, հաշվի առնելով վերջերս Արցախում տեղի ունեցած ողբերգությունը, համաձայնել է անվճար ընդունել Լիլիթին։
Արցախցի գեղեցկուհին այնքան է հմայել ժյուրիի անդամներին, որ հատուկ նրա համար հորինվել է նոր տիտղոս՝ «Արցախի գեղեցկուհի»։
Լիլիթը և նրա ծնողները երախտապարտ են կազմակերպչին՝ այս հրաշալի մրցույթին մասնակցելու հնարավորության համար։
Արսեն Աղաջանյան


