Monumentwatch.org: Արցախի Հադրութ քաղաքի պատմական հայկական ինքնության օտարումը

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«Արցախի Հադրութ քաղաքի օկուպացիայից հետո, դեռևս 2021 թվականին Ադրբեջանի կառավարությունը հանձնարարություն ստացավ մշակելու Հադրութ քաղաքի նոր հատակագիծը, վերակառուցման, քաղաքի պատմական հատվածի «վերականգնման», կամ որ նույնն է՝ խեղաթյուրման ծրագիրը: Նախնական հատակագիծը հաստատվել էր դեռևս 2021 թվականին և ուղարկվել լրամշակման, ինչից հետո արդեն 2023 թվականի գարնանը այն համարվում էր պատրաստ։

Անդրադառնալով Հադրութի պատմական հատվածի «վերականգնմանը»՝ նշենք, որ նույն ադրբեջանական կողմը դեռևս 2020 թվականի հոկտեմբերին քաղաքի համար մղվող մարտերում և հատկապես քաղաքի օկուպացիայից հետո հրկիզել է քաղաքի պատմական կորիզը՝ 19-րդ դարի տներով, ինչը շատ լավ երևում է հենց ադրբեջանցի զինվորականների կողմից արված լուսանկարներում և տեսանյութերում, որտեղ երևում է ծխացող և ավերված պատմական հատվածը:

Նույն ադրբեջանական կողմը քաղաքի օկուպացիայից հետո զորավարժությունների ժամանակ որպես թիրախ է օգտագործել Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարանի շենքը, որը պայթեցվել է, իսկ քաղաքի օկուպացիայից հետո մինչ այժմ անհայտ է թանգարանի ցուցանմուշների ճակատագիրը (Ցուցանմուշներ, որոնք ներկայացնում էին քաղաքի պատմությունը):

Քաղաքի օկուպացիայի հետո ադրբեջանական կողմը հիմնահատակ քանդել է Հադրութ քաղաքի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի շենքը և հարակից շենքերը:

Վստահաբար կարող ենք ասել, որ անմիջապես հենց Իլհամ Ալիևի հրամանով Հադրութ քաղաքի և Հադրութի ամբողջ շրջանի համար ստեղծվում է նոր ինքնություն և պատմություն, որտեղ բացակայում են բնիկները՝ հայերը: Ասվածի իրավական առաջին քայլերից էր Հադրութի շրջանի պատմական Տող բնակավայրում այսպես կոչված արգելոցի ստեղծումը:

Հադրութ բնակավայրը իր ողջ պատմության ընթացքում ունեցել է բացարձակ մեծամասնություն կազմող հայ բնակչություն և հայկական ազգային-դավանական միջավայր: Ասվածի լավագույն ցուցիչներից մեկը 19-րդ դարում Ռուսական կայսրության տարածքում պարբերաբար հրատարակվող և կայսրության էթնիկ կազմը, բնակավայրերը նկարագրող պարբերականներն էին, որտեղ Հադրութ բնակավայրը և շրջանը նկարագրվում է որպես հայկական։

Այս նոր ինքնության և պատմության կերտման մեջ կարող ենք տեսնել, որ երբևիցե իսլամ բնակչություն չունեցած Հադրութ քաղաքում դեռևս 2021 թվականին արվել է մզկիթի հիմնարկեք:

Առավել անհանգստացնում է Հադրութի Սբ․ Հարություն եկեղեցու այսպես կոչված վերականգնման և հարակից տարածքում պեղումներ իրականացնելու փաստը: Ադրբեջանական կողմը մի անգամ չէ, որ հայտարարել է, որ Արցախի եկեղեցիների հարյուրավոր հայերեն արձանագրությունները, խաչերը, խաչքարերը կեղծ են և իրենք հուշարձաններին «նախնական տեսքի են բերելու», ինչը նշանակում է արձանագրությունների, խաչային հորինվածքների և խաչքարերի ոչնչացում: Կարող ենք տեսնել, որ նախկինում արվող հայտարարությունները հատկապես Արցախի 2023 թվականի սեպտեմբերի 19-20 ռազմական գործողությունների վերջնական հայաթափումից հետո, ցավոք, ստանում են գործնական կիրառում: Այս գործնական կիրառման հիմքը Գանձասարաի վանքի շուրջ Ադրբեջանի ստեղծած աղմուկն էր:

Ինչպես տեսնում ենք, ադրբեջանական կողմը ցանկանում է ստեղծել նաև Կովկասյան Աղվանքի մշակույթին նվիրված թանգարան: Սա տեղավորվում է Արցախի մշակութային բռնայուրացմանը միտված իրենց տեսության մեջ, համաձայն որի՝ Արցախի հայկական ժառանգությունն աղվանական է: Հենց այս տեսությամբ էր պայմանավորված, որ Հադրութի օկուպացիայից անմիջապես հետո այսպես կոչված ալբանա-ուդիական քարոզիչներն անմիջապես Ադրբեջանի պաշտպանության  նախարարության, նախագահի աշխատակազմի հովանու ներքո սկսեցին այցեր և ծեսեր կազմակերպել Հադրութի, Վանքի, Տողի եկեղեցիներում՝ հընթացս նաև քարոզչական հայտարարություններ կատարելով:

Մեր արձագանքը

Հադրութ քաղաքի պատմության, տարածաշրջանում առկա եկեղեցիների իսկության և ամբողջականության խաթարմանն ուղղված ցանկացած գործողություն արգելված է ժառանգության պաշտպանության միջազգային օրենքներով։

Հադրութ քաղաքը որպես ադրբեջանական ներկայացնելու փորձը խախտում է Հադրութի շրջանի շուրջ 48 բնակավայրերի, ավելի քան 13 հազար բնակչության   մշակույթի իրավունքը, որից բռնի կերպով նա զրկվել է տեղահանման և իր մշակութային ու ստեղծագործ կյանքով ապրելու արգելքի պատճառով։ Մշակութային ժառանգությանն առնչվող իրավունքները կազմում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով սահմանված մշակութային կյանքին մասնակցելու իրավունքի անքակտելի մաս և յուրաքանչյուր ոք` անհատապես կամ հավաքական ձևով, իրավունք ունի օգտվելու մշակութային ժառանգությունից և նպաստելու դրա հարստացմանը, ու նաև պարտավոր է հարգել այլոց մշակութային ժառանգությունը, ինչպես իր սեփականը։ Այս կոնտեքստում ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչնչացնելով, յուրացնելով մի ողջ հանրույթի մշակութային ժառանգությունը, զրկելով նրան իր սեփական ինքնությանը համարժեք ապրելու ու ստեղծագործելու իրավունքից,  այժմ յուրացման գործողությունը ցանկանում է ամրագրել պետականորեն և  միջազգայնորեն՝ խախտելով հայ հանրույթի մշակութային ֆունդամնետալ իրավունքները՝ սահմանված նաև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ հոդվածով։

Պատմական Հադրութ քաղաքի, որը նաև հայ մշակույթի կարևորագույն կենտրոն էր, հայկական  ինքնության օտարումը  ակնհայտորեն ոտնահարում է քաղաքի պատմականության, վերջինիս իսկության և ամբողջականության հիմնարար սկզբունքները, որոնք բխում են 1994 թվականի Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից, ինչպես նաև ԻԿՕՄՕՍ-ի կողմից 2017 թվականին Նյու Դելիում ընդուված փաստաթղթից: Իսկության սկզբունքների պահպանության Նարայի փաստաթուղթը նշում է, որ մշակութային արժեքների՝ հակամարտություններում հայտնվելու դեպքում պահանջվում է մշակութային արժեքների հանդեպ լեգիտիմության ճանաչում»:

Անկախ Հայաստանը ստեղծվել է Խորհրդային Հայաստանի + ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանի տարածքում։ Թե՞ ոչ

Արայիկ Հարությունյանի երդմնակալությունը Շուշիում, մայիս 2020թ

Ինչո՞ւ հայտարարությունները, թե Արցախի պետական ​​կառույցները պետք է գործեն Հայաստանի Հանրապետության տարածքում, վրդովմունքի նման փոթորիկ առաջացրին իշխող Քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչների մոտ։ Եվ ոչ միայն վրդովմունք. պատգամավորներից, լրատվամիջոցների ղեկավարներից ոմանք, ովքեր սատարում են գործող իշխանություններին, ինչպես նաև Արցախը համարում են Հայաստանի համար սպառնալիքի աղբյուր, նույնիսկ բացահայտ սպառնալիքներ են հնչեցրել։

Ո՞վ կմտածեր, որ մեր ժողովրդի երկու հատվածների միջև անջրպետը կբարձրացվի հանրային քաղաքականության մակարդակ: Ավելին՝ կտանի դեպի մի քաղաքականություն, որը կարող է բառացիորեն ոչնչացնել հենց Հայաստանը։

Երբեմն ուզում ես դիմել իշխանություններին և ասել հետևյալը.

Պարոնա՛յք, ինչ-որ ահաբեկչական կազմակերպություն, որը կոչվում է Ադրբեջան, օգտագործելով միայն «Ղարաբաղ» բառը, քոչվոր ցեղերից կազմավորեց ազգ, կառուցեց պետություն ու բանակ: Նույն «Ղարաբաղ» բառը համախմբեց ողջ հայությանը 1988թ. այդ միավորման արդյունքը եղավ ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծված անկախ Հայաստանը։

Հիմա դժվար է ճանաչել մեր իմաստուն, սրտացավ մարդկանց, ովքեր պատրաստ էին առաջին իսկ կանչով օգնության վազել իրենց հայրենակիցներին, և ովքեր դա արել են ոչ մեկ-երկու անգամ։ Բայց հենց որ ճգնաժամային իրավիճակը փոքր-ինչ կայունանում է, հարաբերություններում վերահաստատվում է տարաձայնությունը։

Ի՞նչն է պատճառը։ Ինչու ենք մենք այդքան տարբեր՝ տարբեր իրավիճակներում: Իսկ գուցե փաստն այն է, որ ատելության, արհամարհանքի, հասարակության շերտավորման, ժողովրդի պառակտման քարոզչությունը բխում է իշխանությունների քաղաքականությունից, որոնք ամեն օր մարդկանց գլխին մուրճ են անում, որ իրենց բոլոր դժվարությունների և անբավարար բարձր կենսամակարդակի պատճառը Արցախն է։

Ըստ ՀՀ վարչապետի՝ Հայաստանը 30 տարի «մսխվել է» ի սկզբանե անիրագործելի պլանի վրա և գումարներ ծախսել Արցախի վրա, որը երբեք չի պատկանել Հայաստանի Հանրապետությանը։ Նույնիսկ ոչ այնքան կիրթ հայերը գիտեն, որ անկախ Հայաստանը ստեղծվել է Խորհրդային Հայաստանի + Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի տարածքում։

Դժվար է, իհարկե, հավատալ, որ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցրած անձը ծանոթ չէ իր պետության ստեղծման փաստաթղթերին։ Չնայած, ով գիտի։ Ի վերջո, այդ մարդը պնդում է, որ Հայաստանը «կադաստրային թուղթ» չունի, և, ըստ երևույթին, ադրբեջանը պետք է տրամադրի դա։ Այսինքն՝ վաղը կարող է պարզվել, որ պետական ​​հավելյալ միջոցներ են ծախսվել նաև Սյունիքի, Գեղարքունիքի, Սևանի վրա։ Եվ քանի որ ադրբեջանը Հայաստանին անվանում է «Արևմտյան ադրբեջան», գուցե չարժե ընդհանրապես գումար ծախսել Հայաստանի վրա։ Դուք կարող եք միանգամից ամեն ինչ տալ, իսկ ադրբեջանը թող մտածի ծախսերի մասին։ Ինչպես այդ անեկդոտում. «Հիմա թող հարեւանը չքնի», թող փող ծախսի թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի զարգացման վրա…

Այդ ընթացքում արցախցիներն ավելի ու ավելի սկսեցին մտածել իրենց ճակատագրի մասին։ Ոչ բոլորն, իհարկե, կորոշեն մեկնել Ռուսաստան, որն իրենց վտարեց իրենց տներից, նախնիների երկրից (մարդիկ դեռ կան, ովքեր արժանապատվություն ունեն)։ Իսկ Հայաստանում շատերի կյանքն արդեն սկսում է նմանվել սոված, ցուրտ աղետի. մարդիկ արդեն 3 ամիս է՝ չեն ստանում իրենց արժանի թոշակներն ու նպաստները, շատերը ստիպված են հանձնել առասպելական թանկարժեք վարձով բնակարանները և հեռանալ շրջաններ, որտեղ բախվում են մեկ այլ խնդրի՝ գործազրկության։

Իսկ գուցե Հայաստանի իշխանությունները բանակցում են ադրբեջանցիների ու ռուսների հետ և նորից ուզում են մի երկու-հինգ հազար հայ վերադարձնել Արցախ, որպեսզի նորից օգտագործեն այդ պատանդներին Հայաստանի վրա ճնշում գործադրելու և տարածքներ «կորզելու» համար։ Շատերը կարող են ասել, որ սա անիրական է։ Բայց Հայաստանի իշխանության պահվածքն ու քայլերն այլ ենթադրությունների տեղ չեն թողնում։

Մարգարիտա Քարամյան

Տիգրան Պետրոսյան․ ինչ է սպասվում հունվարի 1-ից

Step1.am-ի զրուցակիցն է արցախյան գործիչ Տիգրան Պետրոսյանը։

-Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հայտարարությունը, թե «Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները», հարցեր է առաջացնում։ Ի վերջո՝ ի՞նչ է սպասվում հունվարի 1-ից։

-Նման հրամանագրով ուղղակի անհնար է երկիր լուծարել։ Այդ հրամանագրի չեղարկումը ավելի շատ քաղաքական եւ նաեւ հոգեբանական նշանակություն ունի, եւ նման պահանջ կա։ Բայց Սամվել Շահրամանյանը ո՞ր օրվա քաղաքական գործիչն է, ինքը Բակո Սահակյանի կադրն է եղել, ոնց ասել են, այդպես էլ արել է։ Հիմա մենակ է մնացել, չգիտի ինչ անի։ Բայց ճիշտն այն կլինի, որ հրապարակայնորեն չեղարկի այդ փաստաթուղթը։ Մենք ճնշումներ գործադրում ենք, հույս ունենք, որ տեղ կհասնի։ Եթե ինքը մինչեւ Նոր տարի դա չանի, մենք հունվարին արդեն պահանջելու ենք, որ այդ 22 հոգանոց նախագահը գնա իրենց տուն։

– Այսինքն՝ բավարար չէ՞ այն հայտարարությունը, որ «Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները»։ Դրանից զատ պետք է այլ գործողությո՞ւն  արվի։

-Ոնց հասկացել եմ, հավանաբար իրավաբաններն իրեն սովորեցրել են, որ այդպիսի հայտարարություններ անի, բայց դա լուրջ չէ։ Մենք իրեն բացատրել ենք, ոչ միայն մենք, նույնիսկ այլ ճամբարներից էլ են իրեն խորհուրդ տալիս, որ հրապարակի այդ չեղարկումը։ Հույս ունենք, որ կանի։

-Հայաստանի իշխանությունները դեմ են, որպեսզի Արցախի պետական ինստիտուտները շարունակեն իրենց գործունեությունը։ Ինչպե՞ս եք գնահատում սա։

-Արցախի սուբյեկտայնությունը միանշանակ պետք է պահել։ Ճիշտ է, ամբողջ ծավալով այդ ինստիտուտների անհրաժեշտությունը չկա, բայց գոնե արցախցիների իրավունքների հարցը պետք է պահել օրակարգում։ Շատ իրավունքներ կան՝ սեփական հողում ապրելու, սեփականության իրավունքը, էլ չեմ խոսում ազգերի ինքնորոշման իրավունքի մասին։ Այսինքն՝ այդ իրավունքների համար մենք պետք է պայքարենք։ Եվ ես ցավում եմ, որ Հայաստանի իշխանությունն այդ կարգի հեռատես չէ, որ աշխարհաքաղաքական այս բուռն զարգացումների համատեքստում խոսում է ինչ-որ խաղաղությունից։ Ադրբեջանն Իսրայելից արդեն 8-9 ինքնաթիռ զենք է բերել, խոսում է այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» մասին, եւ այդ ֆոնին փակել Արցախի էջը, նշանակում է քաղաքականությունից զրո լինել։ Եվ ցավում եմ, որ Հայաստանի իշխանություններն այդ կարգի ուտոպիստներ են։

-Թշնամին հայտարարում է, որ պետք է երաշխիքներ լինեն, որ ռեւանշ չի լինելու։ Հայաստանի իշխանությունները նույնպես այն կարծիքին են, որ ռեւանշ չպետք է լինի։ Արդյոք դա խաղաղության հնարավորությո՞ւն է ստեղծելու։

-Իրենք փորձում են փակել Արցախի էջը, արդեն երաշխիք են ստացել, որ Հայաստանի իշխանությունը փակել է, սկսել են մյուս էջերը։ Սյունիքի էջն են սկսել, Շորժայի էջն են սկսել, արդեն խոսում են Սեւանի խմելու ջրի մասին, ասում են, որ դա իրենց էլ է պատկանում։ Սա պարզ ագրեսիվ քաղաքականություն է։ Ալիեւի մոտեցումը հասկանալի է, տեսել է, որ ինչ ասում է, դիմացինն անում է, ինքը շանտաժով առաջ է տանում իր գործը։ Կրկնում եմ՝ աշխարհում այսպիսի քաղաքականություն չի եղել, ինչպիսին վարում են Հայաստանի այս իշխանությունները։ Սրանք երեխայական ու ուտոպիստական քայլեր են, որոնք որեւէ լավ բանի չեն բերում։ Հայ հանրության մեջ սերմանում են հետեւյալը՝ ուտելը կա, ապրելու տեղը կա, ուրիշ բանի մասին մի մտածեք։ Չի կարելի նման տարածաշրջանում նման ժողովրդի մեջ դա սերմանել։ Եթե հայ ազգը իր պայքարից հրաժարվի, ասիմիլացվելու է։

Վաղը Հայաստան կժամանի Իրանի արտգործնախարարը

Դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի Արարատ Միրզոյանի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի համատեղ մամուլի ասուլիսը: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը։

Հայկ Մարության. Եղբորդ տունը ձեռքից խլում են, դու էլ ձեւացնում ես, թե չես նկատե՞լ

Հայկ Մարության.
«Ի՞նչն ենք մենք ի վերջո տոնում այս բուռն տոնակատարություններով ու ճոխ հրավառություններով, ո՞ր մի հաջողությունը, ո՞ր մի հաղթանակը։ Ասում եք՝ երեխաների համար ենք անում։ Շատ լավ։ Ի՞նչ ուղերձ եք փոխանցում երեխաներին, ի՞նչ ենք սրանով սովորեցնում։ Որ երբ եղբորդ տունը ձեռքից խլում են ու իր տնից դուրս են անում, դու պետք է ձեւացնես, թե չես նկատել ու շարունակես քեֆեր անե՞լ։ Դա ե՞նք սովորեցնում»:

Ավելի քան 15 հազար արցախցի վաղը կստանա 3 ամսվա թոշակները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում մանրամասներ են ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսաթոշակների և նպաստների վճարման ընթացակարգերի վերաբերյալ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, խոսելով ծննդյան միանվագ նպաստի և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի հատկացման գործընթացի մասին, նշել է, որ արդեն իսկ ընդունվում են այդ նպաստների նշանակման դիմումները, առկա են նաև մի քանի տասնյակ հաստատումներ: Ըստ փոխնախարարի՝ նպաստը հաշվարկվելու է հոկտեմբերի 1-ից սկսած, այսինքն՝ կիրառվելու է հետադարձ ուժ, միանվագ կստանան մինչև դեկտեմբերի 31-ը կուտակված նպաստները:

Դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ online.ssa.am հարթակի միջոցով: Դիմումները ներկայացվելու են ճիշտ նույն սկզբունքով, ինչպես՝ ՀՀ քաղաքացիները: Այս հարթակում դիմում լրացնելու համար նպաստառուները պետք է socservice.am հարթակում ունենալ իրենց էջը: Այսինքն՝ անհրաժեշտ կլինի, որպեսզի նրանք այդտեղ գրանցվեն՝ առանձնացված պատուհանի միջոցով ներկայացնելով իրենց տվյալները, էլեկտրոնային հասցեն:

Դավիթ Խաչատրյանը հիշեցրել է նաև, որ դեկտեմբերի 11-ից մեկնարկել է ԼՂ հայրենակիցների կենսաթոշակների նշանակման դիմումների ընդունման գործընթացը: Ըստ Դավիթ Խաչատրյանի՝ այսօրվա դրությամբ հաստատվել է 15639 դիմում:«Ցուցակներն ամփոփվում են, և վաղը կկատարվի վերջիններիս կենսաթոշակների վճարումները: Այն կազմում է շուրջ 2,5 մլրդ դրամ: Վաղը՝ ավելի քան 15 հազար մարդ կստանա հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը հաշվարկված կենսաթոշակները»,-ասել է նախարարի տեղակալը:

Նշվել է նաև, որ կենսաթոշակները և նպաստները վճարվելու են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կենսաթոշակների և նպաստների տեսակներին համապատասխան կարգով և չափով:

«Արցախը թղթով չի ստեղծվել, արյամբ է ստեղծվել, եւ որեւէ թուղթ այն լուծարել չի կարող»

«Հայաստանի պետականության եւ Արցախի հետագա գոյության համար ռումբ են Փաշինյանն ու այդ երեսփոխանները։ Դրանից մեծ ռումբ պատկերացնել հնարավոր չէ»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների այն հայտարարություններին, թե Արցախի պետական ինստիտուտների գործունեությունը Հայաստանում ռումբ է ՀՀ պետականության տակ։

«Արցախի պետական ինստիտուտները պետք է շարունակեն գործել, իրենք ունեն ահռելի աշխատանք՝ թե՛ սոցիալական, հումանիտար խնդիրների հաղթահարման ու լուծման համար, թե՛ հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ, եւ, իհարկե, ամենակարեւորը՝ միջազգային հարթակներում Արցախի հարցը բաց ու օրակարգային պահելու համար»,- ասաց պատգամավորը։

Նա, անդրադառնալով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրին, նշեց, որ որեւէ հրամանագիր չի կարող լուծարել Արցախը։ «Արցախը թղթով չի ստեղծվել, արյամբ է ստեղծվել, եւ որեւէ թուղթ այն լուծարել չի կարող։ Ես կխուսափեմ խորհուրդներ տալ նախագահ Շահրամանյանին, մանավանդ, որ իր ու մեր արցախցի մի շարք գործընկերների հանրային խոսույթում արդեն իսկ տեսանելի է իրենց մոտեցումն այդ փաստաթղթին։ Թե ինչ կանեն Արցախի իշխանությունները, դեռ կտեսնենք, բայց Հանրապետականի մոտեցումն այն է, որ այդ փաստաթուղթը որեւէ իրավական ուժ չունի, եւ դրանով Արցախը լուծարվել չի կարող»,- հայտարարեց նա։

Անդրադառնալով հարցին, թե ապագայում ի՞նչ անելիք կա, Հայկ Մամիջանյանն ասաց․ «Քանի դեռ Արցախը յուրաքանչյուր հայի սրտում է, քանի դեռ դա մեզանից յուրաքանչյուրի պայքարի մոտիվացիան է, Արցախի էջը փակված համարել հնարավոր չէ։ Ես կարող եմ տասից ավելի տարբերակ թվարկել, թե ինչ կարող է տեղի ունենալ հետագայում՝ կապված Արցախի ինքնորոշման հետ, եւ դրանցից ոչ մեկում այդ հրամանագիրը որեւէ դերակատարում չունի»։

Ըստ նրա՝ միջազգային օրենքներն ու իրավունքը խախտողը, ագրեսորը միանշանակ Ադրբեջանն է, բայց հաճախ դրա համար նպաստավոր հող ու մթնոլորտ են ստեղծել Փաշինյանն ու իր խմբակը։

Forrights. «Կարողա թուրքերը գողացել են»․ Կոնվերս բանկը չի վերադարձնում արցախցիների գրավադրած ոսկիները, ասում է՝ կորել են

Forrights

Այս օրերին տասնյակից ավելի արցախցիներ Կոնվերս բանկից տեղեկություն են ստացել, որ բանկում իրենց գրավադրած ոսկեղենը կորել է։ Ոսկի գրավադրած քաղաքացիներին բանկից փոխանցվող տեղեկությունն իրարամերժ է՝ ոմանց ասել են կորել է, մի մասին էլ ասել են՝ «թուրքն է գողացել»։

Կարինե Ավետիսյանը (անունը իր ցանկությամբ փոխված է-հեղ․) 2019-ին Արցախում գնված տունը վերանորոգումից հետո կահավորելու համար 2020-ի օգոստոսին իր և ընկերուհու 21 կտոր ոսկին գրավադրել է Կոնվերս բանկում։ Սակայն սեպտեմբերին սկսված 44-օրյա պատերազմը փոխում է Կարինեի պլանները, տեղահանվում են Երևան ու ոսկու գրավով վերցրած 1,5 մլն դրամ գումարը ծախսում առօրյա կարիքների համար՝ վարձում են տուն 8 հոգու համար ու պատերազմի ողջ ընթացքում ապրում այդ գումարով։ Պատերազմի ավարտից հետո վերադառնում են Արցախ և ինչպես հայտարարվել էր, գրավադրված ոսկու տոկոսագումարը վճարելու պահանջ չի դրվում, հաստատվելուց հետո սկսում են մայր գումարից փոքր-փոքր մարումներ կատարել։

Չէին հասցրել ուշքի գալ, երբ սկսվեց շրջափակումը, այնուհետև՝ բռնի տեղահանումը։

«Եկան 2023-ի սեպտեմբերի սև օրերը, և մենք բռնեցինք գաղթի ճամփան։ Լսեցինք, որ բանկերը բաժանում են ոսկին։ Գնացի, ասեցի գոնե էդ ոսկին կտանեմ, կծախեմ կգոյատեվենք մինչև գործ-բան ճարենք։ Սեպտեմբերի 25-ին գնացինք Կոնվերս բանկ, անտանելի հերթ էր, ժողովուրդը ներվային, սպասումների մեջ, մյուս կողմից էլ կրակոցների ձայներն էինք լսում, պանիկայի մեջ վեշերն հավաքած եկել էին իրենց ոսկու հետևից։ Բայց բանկի աշխատողները հավաքեցին  բոլորի անձնագրերը և ասեցին՝ սպասեք, հերթով կկանչեն կտան։  Մեկին կանչում, տալիս էին, մեկին էլ թե՝ ձեր ոսկին ուղարկել ենք Երևան, գնացեք, այնտեղ կստանաք։ Դեռ մի բան էլ ավել՝ ինձ ասեցին՝ արխային գնացեք, ոսկիներն ապահով տեղում են», —Forrighst.amին ներկայացնում է Կարինե Ավետիսյանը։

Հայաստան բռնի տեղահանումից օրեր անց անորոշության ու ծանր ապրումների մեջ, Կարինեն այցելում է բանկի երևանյան գլխամաս, որտեղ դարձյալ հույս են տալիս, թե ոսկեղենը ապահով ձեռքերում է, պետք է սպասի իր հերթին և մեկ ամսից կստանա։  Հաջորդ այցելության ժամանակ էլ Կարինեին վստահեցնում են, թե գույքագրում են իրականացնում ու մեկ շաբաթից կզանգեն։

«Զանգեցին, գնացի, տարան մի կաբինետ, նստած էին երկու տղա և շատ քաղաքավարի ինձ ասացին՝ տիկին, ձեր ոսկին կորել է։ Իմ հարցերին թե՝ ոնց, որտեղ, պատասխանեցին՝ չգիտենք, կարողա թուրքերը կամ տամոժնիկները գողացել են։ Տարօրինակ էր իմ համար, ասեցի՝ էդ թուրքը ավտոն կանգնեցրել, քանդել, ոսկիները ջոկել ա՝ ի՞նչ վերցնի», -ասում է արցախցի կինը։

Կարինեն բանկում գրավադրել է 21 կտոր ոսկի՝ ընդհանուր 120 գրամ քաշով։ Ասում է՝ որոշները ադամանդե քարերով էին, դրանցից համեմատաբար բարձր արժեք ունեցողները, որոնք հնագույն նմուշներ են եղել, վերցրել է ընկերուհուց։ Ընդհանուր գրավադրված ոսկին բանկը գնահատել է 1,5 մլն դրամ։

Բանկի աշխատակիցների հետ զրույցների ժամանակ Կարինեն փորձում է պարզաբանում պահանջել՝ ինչո՞ւ են այսքան ժամանակ ձգձգել, ինչու են ի սկզբանե հույս տվել, որ չի կորի, վստահեցրել՝ ամբողջությամբ ապրանքը կստանան Երևանում։ Սակայն այս հարցերին ի պատասխան, Կոնվերս բանկի ներկայացուցիչը արձագանքել է․ «Չեմ հասկանում էնքան բան որ թողել եք, ինչի՞ չեք պահանջում, եկել մի քանի գրամ ոսկին եք պահանջում։ Գնացեք ձեր տներն էլ պահանջեք։ Ասեցի՝ այ տղա, դու գիտե՞ս ինչ ա նշանակում ամեն ինչ կորցնել ու ապրել էն հույսով, որ գոնե էդ ոսկին կա, էլի մի բան ա»։

Բանկը կնոջն առաջարկում է որպես փոխհատուցում վերցնել 1,5 մլն դրամը։ Սակայն Ավետիսյանի խոսքով, իրեն ոսկին է անհրաժեշտ։ Նա վստահ է՝ դրանք վաճառելու արդյունքում ավելի շատ գումար կստանա, քան բանկի առաջարկն է։ «Բացի էդ, իմ ընկերուհու ոսկին էր դրանց մեջ, դրանք էլ հին ոսկիներ էին ու թանկ արժեին, ես ինչպե՞ս ընկերուհուս ասեմ՝ փողն եմ տալիս, ոսկին կորել ա», -նշում է Կարինեն։

Այս խնդրի առաջ տասնյակից ավելի արցախցիներ են կանգնած, որոնք իրենց մտահոգություններն արտահայտում են սոցիալական ցանցերում։ «Գնացել եմ, որ ստանամ ոսկին, ասել են կորել ա, փոխհատուցում են տվել ոսկու դիմաց․ 235 հազար էին էն ժամանակ իմ ոսկում համար տվել, հիմա 257 հազար են փոխհատուցել», -գրել է արցախցիներից մեկը։

Ոմանք էլ մտավախություն են հայտնել, որ ոսկին Արցախից ապահով տեղ է հասել, սակայն Երևանում են որոշել «խաբել, ցրել արցախցիներին»՝ ասելով, որ նրանց ոսկեղենը կորել է։

Հ․ Գ․ Forrights.am-ը գրավոր հարցմամբ դիմել է Կոնվերս բանկի տնօրինությանը ստեղծված վիճակի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար։ Հարցումն ստանալուն պես կհրապարակենք։

Հասմիկ Համբարձումյան

Եվրոպական պառլամենտում հայանպաստ, արցախանպաստ բանաձեւ անցկացնելն անգամներով ավելի հեշտ է, քան ՀՀ-ում

Այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադարձավ հարցին, որ Հայաստանի իշխանությունները փորձում են փակել Արցախի սուբյեկտայնության հարցը, իսկ ի՞նչ են պատրաստվում անել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները, ինչո՞ւ Արցախի հարցով որեւէ նախաձեռնությամբ հանդես չեն գալիս խորհրդարանում։

«Ես ձեզ երաշխավորում եմ, որ Եվրոպական պառլամենտում հայանպաստ, արցախանպաստ բանաձեւ անցկացնելն անգամներով ավելի հեշտ է, քան այս երեսփոխանների հետ։ Եվ դա բազմիցս ապացուցվել է․ Եվրոպական խորհրդարանը մի քանի բանաձեւեր է ընդունել թե անցած տարի, թե դրան նախորդած տարիներին։ Ընդ որում, այդ ուղղությամբ աշխատել են ընդդիմադիր պատգամավորներ կամ ընդդիմադիր գործիչներ։ Այնպես որ, նույն հաջողությամբ երեւի թե ավելի լավ կստացվի Միլի մեջլիսում արցախանպաստ բան անցկացնել, քան ՔՊ-ի կողմից կառավորվող այս խորհրդարանում»,- ասաց Մամիջանյանը։

Նա նշեց, որ կարեւոր է, որպեսզի Հայաստանի ընդդիմադիր պատգամավորները միջազգային հարթակներում ներկայացնեն ՀՀ բնակչության 80-90 տոկոսի կարծիքը, որ, այո՛, Արցախի էջը փակված չէ, եւ աշխարհը պետք է տեր լինի իր հայտարարություններին ու բանաձեւերին։

Հայտարարություն արցախյան շինարարական կազմակերպությունների համար

Արցախի Հանրապետությունում քաղաքաշինության բնագավառի կազմակերպություններն իրենց գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում շարունակելու համար կարող են դիմել Քաղաքաշինության կոմիտե՝ լիցենզիայի ճանաչման նպատակով։
Ստացված լիցենզիան գործելու է մինչև 2024թ․ սեպտեմբերի 17-ը։
Լիցենզիայի ճանաչման համար դիմելու դեպքում ԼՂ քաղաքաշինության բնագավառի կազմակերպությունների համար պետական տուրքի գծով պարտավորություններ չեն առաջանալու։
ԼՂ կազմակերպությունները կոմիտեի [email protected] էլեկտրոնային հասցեին պետք է ուղարկեն դիմում և կցեն համապատասխան լիցենզիայի ներդիրում ընդգրկված պատասխանատու մասնագետի դիպլոմի՝ պատկերամուտով անցկացված տարբերակը, նախկինում կատարված աշխատանքներում ներգրավվածության վերաբերյալ քաղվածք, ինչպես նաև կարող են ներկայացնել պատասխանատու մասնագետի մասնագիտական ստաժը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր:
Հարցերի դեպքում զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի լիցենզավորման վարչություն (վարչության պետ Նշան Մարտիրոսյան)՝ հետևյալ հեռախոսահամարներին՝
📞011 621 730, 📞011 621 761,
📞011 621 763 , 📞011 621 766:
Խորհրդատվության նպատակով կարող եք այցելել նաև ԱՀ քաղաքաշինության նախարարության գրասենյակ՝
ք. Երևան, Հալաբյան 31 հասցեով:

Ալիեւը երբ նկատում էր, որ Հայաստանում իշխանության կգան ազգային ուժերը, ագրեսիա էր կազմակերպում

Սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 25 տոկոսից ավելին, իսկ որոշ տվյալներով, նույնիսկ մինչեւ 30 տոկոսը համարում են, որ Արցախը հանձնվել է Հայաստանի կառավարիչների դավաճանության հետեւանքով։ Այս մասին այսօր հրավիրած տարեվերջյան ասուլիսում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Ես չգիտեմ մի երկիր, որտեղ քաղաքացիների ամեն չորրորդը կառավարությունում նստածներին համարում է դավաճան։ Ընդ որում, նրանք այն մարդիկ են, որոնք ոչ թե մտածում են այդպես, այլ ասում են այդ մասին։ Իսկ բռնաճնշումների ու ստատուսի համար մարդկանց բանտեր նետելու մթնոլորտում սա շատ լուրջ թիվ է»,- ասաց նա։

«Եթե տարին ամփոփենք մեկ նախադասությամբ, պետք է ասենք, որ Արցախը հանձնվեց, եւ վերջակետ։ Բայց վերջակետ այդտեղ ուզում են դնել բացառապես փաշինյանանման էակները։ Այստեղ ավելի սազական է երեւի բազմակետը՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչ ենք անելու ապագայի համար»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Նա հիշեցրեց, որ Ստեփանակերտում նոյեմբերի 9-ի զորահանդեսի ժամանակ Ալիեւի հայտարարություններից մեկն առնչվում էր նրան, որ ռեւանշ չի լինելու։

«Ալիեւն ասաց, որ 2020 թվականի պատերազմից հետո մի քանի անգամ իրենք վտանգ էին տեսնում, որ Հայաստանում իշխանության կգան, իր բնորոշմամբ, ռեւանշիստները։ Հիշեցնեմ, որ ադրբեջանցիները, թուրքերը եւ Փաշինյանը ռեւանշիստներ անվանում են ազգային ուժերին։ Ուստի, եկեք ֆիքսենք մի փաստ՝ Հայաստանում Ալիեւի սրտի իշխանություն է։ Այդ հայտարարության մեջ Ալիեւը ֆիքսում էր, որ յուրաքանչյուր անգամ, երբ հնարավորություն էր նկատում, որ Հայաստանում իշխանության կգան ազգային ուժերը, ինքն ագրեսիա էր կազմակերպում, այս կամ այն կերպ հարձակվում էր Արցախի կամ Հայաստանի վրա, որպեսզի դա կանխեր։ Ես կարծում եմ, որ սա լավագույն բնորոշումն է Փաշինյանի իշխանությանը, Փաշինյանի տերերը շատ են, բայց ֆիքսենք, որ իր տերերից մեկն Ալիեւն է»,- հայտարարեց նա։

Կոլցեվոյ՝ Ստեփանակերտի երկրորդ կենտրոն

Կոլցեվոյ (Ազատության Հրապարակ): Կոլցեվոյը`Ստեփանակերտի երկրորդ կենտրոնն է, որը գտնվում է Իսակովի, Մաշտոցի, Ազատամարտիկների և Տիգրան Մեծի փողոցների խաչմերուկում։ Թաղամաս, որտեղ ես ծնվել, մեծացել և ապրել եմ ամբողջ կյանքս։

Թաղամասում կա 3 դպրոց, տասնյակ խանութներ և շուկա, որոնք էլ ապահովում էին թաղամասի մարդաշատությունը և աշխուժությունը։

Հրապարակից հարավ-արևելք բացվում է տեսարան դեպի Քիրս լեռը և Շուշի բերդաքաղաքը, դեպի արևմուտք` Կուսանաց լեռն է, որը հաճախ խառնվում էր մայր մտնող արևի այրվող գույների հետ, դեպի հյուսիս` Իվանյան, Ասկերան, Նորագյուղ բնակավայրերն են երևում, իսկ պարզ եղանակին կարելի է տեսնել նաև կովկասյան լեռները։

Կոլցեվոյը հայտնի է իր սիմետրիկ դասավորված չորս գազարագույն/կապույտ 5 հարկանի շենքերով, և երկու 9 հարկանի բարձրահարկներով, որոնց վերևի հարկերից երևում էր ամբողջ Արցախը։ Մաշտոցի փողոցից էր նաև շարժվում դեպի Նորագյուղ և Ասկերան տանող տրանսպորտը։

“Արման” սուպերմարկետը ստեփանակերտցիների սիրելի խանութներից մեկն էր, որը ամեն օրվա երեկոյան ժամերին լցված էր աշխատանքից տուն վերադարձող մարդկանցով։

Կոլցեվոյի բակերը ամենայուրօրինակն էին։ Շենքերի մեջ թաքնված հարմարավետ բակերը լի էին խաղացող երեխաներով, քաղաքականություն քննարկող մեծերով և խոսակցությունների մեջ ընկղմված բակերով զբոսնող երիտասարդներով։

Բակերի անբաժանելի մասը հարյուրավոր լվացքի պարաններն էին, որոնք 24/7 լիքն էին չորացող շորերով։

Հայկ Հարությունյան