225 մլրդ արցախյան վարկերը փակելու համար. ո՞վ է ստանալու փողը

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները կշտամբում են արցախցիներին, որ եթե Արցախի պետական ​​կառույցները ցանկանում են շարունակել գործել, ապա ինչու իրենց վրա չեն վերցնում Արցախի կառավարության 315 միլիարդ պարտքը ՀՀ բանկերին։

Հայաստանի կառավարությունն իր վերջին նիստում հանձնարարել է 225 մլրդ դրամ հատկացնել՝ Հայաստանի բանկերի նկատմամբ Արցախի կառավարության ֆինանսական պարտավորությունների 70%-ը ծածկելու համար։

Իհարկե, դեռ պետք է պարզել, թե Արցախում ինչի վրա է ծախսվել 315 միլիարդ դրամը, արդյոք գումարն հատկացվել է ակնհայտ անտեղի նախագծերին, ովքե՞ր են հաստատել այդ նախագծերը Հայաստանում եւ այլն։ Բայց ՀՀ կառավարությունը 225 մլրդ է վճարելու հայկական բանկերին, ոչ թե Արցախի քաղաքացիներին։ Միակ բանը, որ կստանան արցախցիները, դա այն է, որ հայկական բանկերը որոշ մարդկանց վարկային պարտքերը դուրս կգրեն, որպեսզի նրանք կարողանան նորից վարկ վերցնել ու հայտնվել պարտքային գերության մեջ։

225 միլիարդ դրամը կհայտնվի բանկերում, որոնք վերջին մի քանի տարիներին, հատկապես մեծահարուստ ռուսների Հայաստան հոսքից հետո, սկսեցին առասպելական շահույթներ ստանալ՝ բարձրացնելով միջնորդավճարները և այլ ծառայությունները։ Բանկերն այնքան են հարստացել, որ դարձել են ուղղակի ներդրողներ շինարարության և այլ ոլորտներում։

Ինչ վերաբերում է Արցախին, ապա 2020 թվականից հետո Արցախում հայկական բանկերը վարկեր չեն տրամադրել, միայն ոսկու և այլ շահութաբեր գրավի դիմաց։ Միաժամանակ սառեցվել են վարկերի մեծ մասի վճարումները։ Տեղահանությանը նախորդող վերջին օրերին հայկական որոշ բանկեր ոսկի են վերադարձրել արցախցիներին։

Արցախում առևտրային բանկերը գործում էին Հայաստանի պետական ​​երաշխիքներով։ Բացի այդ, նրանք հասկանում էին բոլոր ռիսկերը, և յուրաքանչյուր պայմանագրում ամրագրված էր ֆորսմաժորային դեպք։ Ըստ ամենայնի, բանկերը 10-ամսյա շրջափակումը, սեպտեմբերի 19-ի պատերազմն ու արտաքսումը ֆորսմաժոր չեն համարել։

Ի թիվս այլ բաների, վարկերի մեծ մասը տրվել է Արցախում անշարժ գույքի և բիզնեսի գրավադրմամբ։ Հայկական բանկերն հասցրել են շահույթ ստանալ Արցախում աշխատելուց։ Հիմա, եթե անգամ Արցախի իշխանությունը շարունակի աշխատել, ապա այն վարկունակ չէ և կարող է միայն խորհուրդ տալ բանկերին ազատագրել Արցախը օկուպացիայից և հետ վերցնել գրավը։

Փաստորեն, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը չթաքցրեց, որ որոշումը միտված է կանխարգելել «ՀՀ ֆինանսաբանկային համակարգի կապիտալի կորուստը և ֆինանսական կայունության խաթարումը, բանկերի ֆինանսական ցուցանիշների և վարկանիշների վատթարացումը, վարկավորման տոկոսադրույքների իջեցումը,  Լեռնային Ղարաբաղի բնակչության տնտեսական ակտիվության նվազումը, սոցիալական ծանր պայմաններում գտնվող խմբերի վարկունակության վատթարացումը»։

Հայաստանի կառավարությունը դեռ միջոցներ չի գտել Արցախի բնակչությանը կենսաթոշակներ, նպաստներ և ֆինանսական աջակցություն վճարելու համար՝ ակնհայտորեն մղելով նրանց դեպի բանկեր՝ նոր վարկեր ձեռք բերելու համար։

Մնացել է 3 շաբաթ

Արդարադատության միջազգային դատարանը նոյեմբերի 17-ին կայացրել էր որոշում՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով Հայաստանի կողմից ժամանակավոր միջոցներ կիրառելու թվով 5-րդ միջնորդության վերաբերյալ՝ բավարարելով Հայաստանի պահանջները: Ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ այս միջնորդությունը ՀՀ-ն ներկայացրել էր այս տարվա սեպտեմբերի 19-ին՝ Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից անմիջապես հետո:

Մինչեւ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով վերջնական վճռի կայացումը, դատարանն Ադրբեջանի նկատմամբ կիրառեց հերթական ժամանակավոր միջոցները։ Դատարանի պահանջներից առաջինը վերաբերում է արցախցիների՝ Արցախ վերադառնալու իրավունքին։ Ըստ այդմ՝ դատարանը պահանջում է Ադրբեջանից «​​ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք լքել են Լեռնային Ղարաբաղը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, եւ որոնք ցանկանում են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագորեն, ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք մնացել են Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, եւ որոնք ցանկանում են հեռանալ, կարողանան դա անել անվտանգ, անարգել եւ արագորեն, ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք մնացել են Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո կամ վերադարձել են Լեռնային Ղարաբաղ, եւ որոնք ցանկանում են մնալ այնտեղ, զերծ լինեն ուժի կիրառումից կամ ահաբեկումից, որը կարող է նրանց փախուստի պատճառ դառնալ»:

Step1.am-ը հարց ուղղեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակին՝ ինչպե՞ս է Բաքուն կատարելու Միջազգային դատարանի որոշումը, այդ համատեքստում հնարավո՞ր է, որ Բերձորի միջանցքը բացվի։

Ի պատասխան գրասենյակից ասացին․ «Արդարադատության միջազգային դատարանի որոշումները ստեղծում են իրավաբանորեն պարտադիր պարտավորություններ այն պետությունների համար, ում նկատմամբ դրանք կայացվել են։ Նոյեմբերի 17-ի որոշմամբ Դատարանը հաստատել է, որ առկա է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից հեռացած և վերադառնալ ցանկացող անձանց անվտանգ, անխոչընդոտ և արագ վերադարձը։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը նաեւ նշել է, որ դատարանի այս որոշումը, ինչպես և նախորդ որոշումները, ստեղծում են իրավաբանորեն պարտադիր պարտավորություններ համաձայն միջազգային իրավունքի, որոնք Ադրբեջանը պարտավոր է անհապաղ և պատշաճորեն կատարել: Մեր հարցին, թե ի՞նչ լծակներ կան՝ ստիպելու Բաքվին կատարել այս որոշումը, գրասենյակից ասացին․ «Կարևոր է նաև նշել, որ Դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին որոշման հրապարակումից հետո 8 շաբաթվա ընթացքում հաշվետվություն ներկայացնել դատարանին այն քայլերի վերաբերյալ, որոնցով կապահովի ժամանակավոր միջոցների կատարումը։ Դատարանը նաև վերահաստատել է 2021 թվականի դեկտեմբերի 7-ի և 2023 թվականի փետրվարի 22-ի իր որոշումները»։

 

Համակարգիչ՝ կառավարության փոխարեն. արցախցիներին մղում են «սովի բունտի»

Այն բանից հետո, երբ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որտեղ ասվեց, որ Արցախի լուծարման մասին փաստաթուղթ չկա, Հայաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչները և նրանց աջակցողները, ովքեր մեղմ ասած սիրով չեն տրամադրված Արցախի նկատմամբ, սկսեցին բացահայտ շանտաժ ու քարոզչություն։ 

Մասնավորապես, ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հայտարարեց, որ «եթե ԼՂ ինստիտուտները շարունակում են գործել, ապա գուցե իրենց վրա վերցնեն ՀՀ բանկերի նկատմամբ ունեցած Լեռնային Ղարաբաղի՝ 315 մլրդ ՀՀ դրամի չափով պարտքը, որն այսօր ՀՀ կառավարությունը ստիպված եղավ վերցնել իր վրա»։ Եվ որ ՀՀ իշխանությունները թույլ չեն տա Արցախի իշխանությանը Հայաստանում անել նույնը, ինչ Արցախում։

Նույնքան հայտնի այլ հասարակական գործիչներ Սամվել Շահրամանյանին մեղադրում են բոլոր հնարավոր մեղքերի մեջ՝ հայտարարելով, որ նրան Բաքվից կառավարում են Բակոն և Արկադին, որ ռուսները նրան բերել են Հայաստան, որպեսզի նա այստեղ էլ ամեն ինչ հանձնի, ընդհանրապես՝ բոլոր վատ բաները գալիս են Արցախի ժողովրդից և նրա 9-օրյա նախագահից։

Հայաստանի կառավարության ներկայացուցիչները Արցախի կառավարության գործունեության շարունակությունն անվանում են «ռումբ Հայաստանի պետականության տակ»՝ նախապես Արցախին վերագրելով այն, ինչ կատարվելու է Հայաստանի հետ առաջիկա երկու հարյուր տարում։ Քարոզչությունն այնքան կոշտ ու լաչառ է, որ սովորական մարդիկ «հիվանդանոցային մահճակալի հարեւանների» մակարդակով կշտամբում են ցեղասպանությունը վերապրած արցախցիներին, որ միտումնավոր լքել են Արցախը, որպեսզի Քոչարյանն ավելի շատ ձայներ ստանա գալիք գարնանային ընտրություններում։

Քարոզչության անհեթեթությունը քողարկվում է նրանով, որ հեռուստատեսությամբ և յութուբում ինչ-որ «խելոքներ» անընդհատ հղում են են անում միայն իրենց հայտնի ինչ-որ աղբյուրներ, և հենց այնտեղ էլ ասում են, որ Հայաստանում բոլոր դժբախտությունները գալիս են արցախցիներից։ Եթե ​​նույնիսկ տվյալ արցախցին չի հարստացել մնացած հայության հաշվին, չի մասնակցել ընտրություններին, եթե անգամ ընդդիմություն է եղել, միեւնույն է, ինքն է մեղավոր, ի սկզբանե՝ պետք է ռուսներին չհավատար, սերժին, ռոբիկներին ու մյուս սամվելներին չպիտի ընտրեր։

Այս խելոքներից ոչ մեկն չի բացատրել, թե ինչո՞ւմն է Հայաստանում Արցախի իշխանության գոյության վտանգը, և ինչո՞ւ արցախցիները տեղահանությունից 3 ամիս անց սկսում են հասկանալ, որ շրջափակումն ու պատերազմը չեն ավարտվել, նրանք շարունակում են նորովի, էլ ավելի բարդ պայմաններում։

Ո՛չ Քաղաքացիական պայմանագրի պատգամավորները, ո՛չ էլ նրանց բազմաթիվ վճարովի քարոզիչները չեն ասում, թե ինչ է առաջարկվում արցախցիներին։ Ասենք, որ հունվարի 1-ից Արցախի իշխանությունը դադարեցնում է իր գործունեությունը, ասենք Շահրամանյանին ձերբակալեցին ու կախեցին, ո՞վ է զբաղվելու 150 հազար մարդու խնդիրներով։ Նույնիսկ դասարանում երեխաները ընտրում են ավագ, որը զբաղվում է կոլեկտիվ հարցերով: Հայաստանում արցախցիները զրկված են նույնիսկ ավագ ունենալու հնարավորությունից։

Երեք ամիս Հայաստանում արցախցիները դեռ չեն հասկացել, թե ով պետք է զբաղվի իրենց խնդիրներով՝ ոչ միայն կենսաթոշակներով ու ունեցվածքով, այլ քաղաքական իրավունքներով, թեկուզ 2020 թվականին դրա համար մանդատ են տվել խորհրդարանին։ Ինչպես գրում է Վարգդես Օվյանը, «Հայաստանում պետությունը համակարգիչներով, ինտերնետով ինչ-որ թղթաբանություններ է լրացնել տալիս, ամիսներով սպասեցնում, որպեսզի հաստատեն կամ մերժեն տալիք ֆինանսական աջակցությունն ու կենսաթոշակը…»։

Փաստորեն, Արցախի ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանի և կառավարության փոխարեն Հայաստանի իշխանություններն Արցախի ժողովրդին առաջարկում են վիրտուալ իշխանություն, երբ նույնիսկ դիմելու տեղ չկա, փաստաթղթեր ներկայացնելու և պահանջներ ներկայացնելու տեղ չկա։ Ինչ-որ մի երիտասարդ ջոյստիկով նստում է ինչ-որ գրասենյակում և որոշում, թե ում պետք է թոշակ տան և ում օգնությունը, ում քարտի վրա փող կա, ով է ապրում հարազատների մոտ և ով է քվեարկելու է Նիկոլի օգտին։

Արցախցիներն արդեն երեք ամիս է չեն ստանում իրենց թոշակները, սառեցվել է նաև դրամական օգնությունը, իսկ տանտերերը թանկացնում են բնակարանները, սպառվել են բոլոր պահուստները, եւ հազարավոր արցախցիներ արդեն հայտնվել են աղքատության եզրին։ Արցախցիներին մղում են սովի բունտի, և ոչ թե «ջոյստիկով տղայի», այլ Արցախի պետական ​​կառույցների դեմ։

Նաիրա Հայրումյան

Ամենակարևորը ոչ թե ձևական մասն է, այլ՝ Արցախի պետական ինստիտուտների շարունակական ու գործնական աշխատանքը…

Artak Beglaryan -ը գրում է․ 

Դեկտեմբերի 22-ին Արցախի Հանրապետության նախագահի կողմից խորհրդակցություն է հրավիրվել, որի վերաբերյալ հաղորդագրությունում նրա խոսքից նշված է, որ «Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները»: Ժամեր անց Նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանն ասաց. «Մենք կարող ենք համարել, որ այլևս նման հրամանագիր գոյություն չունի», «Արցախի Հանրապետությունը, կառավարությունը և մնացած բոլոր մարմինները 2024թ. հունվարի 1-ից հետո ևս շարունակելու են իրենց գործունեությունը»:
Մի քանի դիտարկում այս զարգացումների և դրանց շուրջ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների արձագանքների վերաբերյալ:
1. Սեպտեմբերի 28-ի հրամանագիրը կչեղարկվի թե ոչ, միևնույն է, այդ հրամանագիրը ի սկզբանե առոչինչ է և որևէ իրավական հետևանք չի կարող ունենալ՝ Նախագահի սահմանադրական լիազորությունների վերազանցման և այդ ակտը բռնության սպառնալիքի ներքո կայացնելու հիմքերով: Ուստի, իրավական առումով, ամեն դեպքում, հունվարի 1-ից հետո էլ շարունակելու է գործել Արցախի Հանրապետությունը, քանի դեռ ժողովուրդը այն չի լուծարել հանրաքվեով:
2. Այդ հրամանագիրը չի չեղարկվել՝ առնվազն հրապարակային կերպով, քանի որ հոկտեմբերի 19-ի հրամանագիրն այլ առարկայի մասին էր: Ուստի, Նախագահի խորհրդականը պարզապես իրավաքաղաքական վիճելի մեկնաբանություն է կատարել, իսկ Նախագահ Շահրամանյանի խոսքը հավանաբար վերաբերում էր հրամանագրի հակասահմանադրականությանը: Ամեն դեպքում, կարևոր էր նրանց կողմից պաշտոնական արձանագրումն առ այն, որ Արցախի Հանրապետությունը շարունակելու է գործել:
3. Ադրբեջանի ցեղասպանական ու բռնապետական ռեժիմի պրոպագանդիստների կողմից ագրեսիվ ու մանիպուլյատիվ արձագանքը հերթական անգամ ցույց է տալիս, որ նրանք ընդհանրապես խաղաղության չեն պատրաստվում և միշտ էլ գտնելու են պատրվակներ հանցավոր, ագրեսիվ ու ապակառուցողական վարքի համար: Այսպես որ շարունակվի, չի բացառվում, որ մեկ օր էլ նրանք հայերիս մեղադրեն, որ դիտավորյալ կերպով շատ ենք շնչում Հարավային Կովկասի թթվածինը և ախտոտում ենք այն մեր ներկայությամբ:
4. Հայաստանի իշխանությունների տարբեր ներկայացուցիչների ագրեսիվ արձագանքը անտեղի ու անընդունելի է, քանի որ Արցախի Հանրապետության իշխանությունների որևէ լիազորություն չի տարածվում ՀՀ տարածքի վրա: Հիմա մի քանի հռետորական հարց տամ նրանց, որի մասին արժե մտածել.
• Երբ որևէ այլ երկրի պաշտոնյա, օրինակ, նախագահ է ժամանում Հայաստանի Հանրապետություն և այստեղ որևէ պաշտոնական հայտարարություն է անում կամ ակտ է ստորագրում, արդյո՞ք հանկարծ ՀՀ-ում ձևավորվում է երկիշխանություն կամ ձեր որևէ լիազորություն ձեր ձեռքից վերցնում է.
• Ձեր կարծիքով՝ եթե բռնապետ Ալիևը ցանկանա ռազմական ագրեսիայի դիմել, որևէ պատրվակ գտնելու խնդիր ունի՞.
• Եթե նախագահ Շահրամանյանը սեպտեմբերի 28-ի հրամանագիրը չեղարկելու մասին նոր հրամանագիր ստորագրի վիրտուալ տիրույթում կամ մեկ այլ երկրում՝ ոչ ՀՀ տարածքում, այդ դեպքում ձեր խնդիրը կհամարե՞ք լուծված.
• Եթե դուք թույլ չեք տալիս Արցախի պետական ինստիտուտներին ու պաշտոնյաներին տարբեր հարցերում ներկայացնել իրենց ժողովրդի իրավունքներն ու շահերը, իսկ դուք էլ չեք պատրաստվում անել դա՝ հավաքական իրավունքների մասով, ապա ո՞վ պետք է այդ հարցերով զբաղվի.
• Մինչև ո՞ր կետն եք պատրաստվում զիջել ադրբեջանական ցեղասպանական իշխանություններին՝ պարզապես բախումային իրավիճակներից խուսափելու վտանգավոր հիմնավորմամբ. արդյո՞ք չեք հասկանում, որ Ալիևը հենց այդ վախերի վրա է խաղում և այդ մոտեցմամբ պոկելու է առավելագույնը:
5. Թեև ցանկալի է, որ այդ հրամանագիրը հրապարակայնորեն ու պաշտոնապես չեղարկվի մինչև տարեվերջ՝ զուտ քաղաքական-տեղեկատվական նկատառումներից ելնելով, սակայն պետք է կրկնել, որ նույնիսկ չչեղարկվելու պարագայում Արցախի Հանրապետությունը շարունակելու է գոյություն ունենալ նաև հաջորդ տարի՝ անկախ որևէ մեկի կամքից ու մեկնաբանությունից:
6. Ամենակարևորը ոչ թե ձևական մասն է, այլ՝ Արցախի պետական ինստիտուտների շարունակական ու գործնական աշխատանքը, հատկապես՝ արտաքին քաղաքական ու մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Իհարկե, նախընտրելի է, որ դա տեղի ունենա ՀՀ իշխանությունների աջակցությամբ, սակայն նույնիսկ առանց դրա էլ լուծումներ կարող են գտնվել:

Տավուշի մարզի Բարեկամավան գյուղը հնարավորություն ունի հյուրընկալել Արցախից 10 ընտանիքի

ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի Բարեկամավան գյուղը հնարավորություն ունի հյուրընկալել Արցախից բռնի տեղահանված մինչև 10 ընտանիքի: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Բարեկամավանում հաստատվել ցանկացողները առնվազն 1 տարի՝ մինչև 2025 թվականի հունվար, չեն վճարի բնակարանի վարձ, ինչպես նաև, կախված ընտանիքի անդամների թվից, կստանան միջինը 400-ից 500 հազար դրամ արժողության տնային կենդանիներ, տնային պարագաներ և այլ օժանդակություն՝ կախված անհրաժեշտությունից:

Այս ծրագիրն իրականացվում է Նոյեմբերյան համայնքի, Բարեկամավան գյուղի, տեղական ՀԿ-ների ու սփյուռքահայ կազմակերպությունների ու անհատ նվիրատուների համատեղ ջանքերով և օժանդակությամբ: Ծրագիրը համակարգում են Բարեկամավանի վարչական ղեկավար Գարիկ Աբազյանը (094-90-20-56) և Թաթուլ Հակոբյանը:

Բարեկամավան տեղափոխվել ցանկացող ընտանիքները պետք է անպայման ունենան դպրոցական գոնե 1 երեխա, ինչպես նաև ծանոթ լինեն գյուղական կյանքին:

Ինչպես կարդալ գորգը. Շուշիի գորգի թանգարանի տնօրեն

Օրերս Հայ-եվրոպական համալսարանում տեղի ունեցավ «Ինչպես կարդալ գորգը» թեմայով դասախոսություն, որը կարդաց Շուշիի գորգի թանգարանի հիմնադիր և տնօրեն, իրավաբան, տնտեսագետ, միջազգային իրավունքի մասնագետ, արվեստագետ, ձեռնարկատեր, գորգերի հավաքածու հեղինակ, Արցախյան երեք պատերազմների մասնակից Վարդան Ասծատրյանը։

«Գորգ կարդալը բավականին հետաքրքիր գործունեություն է, յուրաքանչյուր գորգ ունի իր թեմատիկան և գունային սխեման: Նրանց գույները տարբեր են՝ հայկական գորգերի մեջ գերակշռում են կարմիր գույները։ Գույները ստացվում են բնական ներկանյութերից։ Գորգն ունի իր սկիզբն ու վերջը՝ թե՛ տեխնիկապես, թե՛ ստեղծագործական առումով, ջուլհակի համար գորգ ստեղծելիս ամենակարևորը թեմատիկ դինամիկան հասկանալն ու հաշվի առնելն է, օրինակ՝ արևագորգը անձնավորում է օրվա արևային դինամիկան։

Գորգագործության արվեստում հիմնականում 4 թեմա կա՝ աստվածաշնչյան, դիցաբանական, բնության երևույթներ, շրջապատող աշխարհ, և յուրաքանչյուր գորգի նախշ մի երեւույթի անձնավորումն է։ Գորգը կարելի է կարդալ վերևից ներքև կամ չորս կողմից։ Ընդունված է չորս կողմից կարդալ աստվածաշնչյան թեմաներով գորգեր, որոնք վերջ չունեն։

Կցանկանայի, որ գորգագործության արվեստը ուսումնասիրվեր Հայաստանի դպրոցներում և բուհերում։ Այս արվեստին տիրապետող մարդը հեշտությամբ կարող է տիրապետել ցանկացած մասնագիտության»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Ասծատրյանը։

Արսեն Աղաջանյան

Հասարակությունը պահանջում է անհապաղ չեղարկել Արցախի լուծարման մասին հրամանագիրը

«Շահրամանյանը պարտավոր է գոնե մեկ օգտակար քայլ անել ի նպաստ հայ ժողովրդի` Արցախի Հանրապետության լուծարման մասին հրամանագիրը մինչև տարեվերջ պետք է անհապաղ չեղյալ համարվի»,- ասում են Արցախի լուծարման մասին հրամանագրի չեղարկում պահանջող ֆլեշմոբի նախաձեռնողները։

Պահանջարկի պաստառը և տեսանյութը տարածվում են սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում։

Երկու կին պատգամավորների կարծիք՝ Արցախի գոյության մասին

Եթե ԼՂ ինստիտուտները շարունակում են գործել, ապա գուցե իրենց վրա վերցնեն ՀՀ բանկերի նկատմամբ ունեցած Լեռնային Ղարաբաղի՝ 315 մլրդ ՀՀ դրամի չափով պարտքը, որն այսօր ՀՀ կառավարությունը ստիպված եղավ վերցնել իր վրա:

Դուք ձեր տկարամտությամբ (լավագույն դեպքում) Լեռնային Ղարաբաղը բերեցիք կործանման: Հույս չունենաք, որ նույնը կարողանալու եք անել Հայաստանի Հանրապետության հետ: Հայաստանը տեր ունի, որը ձեզ թույլ չի տալու նույն օյինը խաղալ մեր պետության/ հայրենիքի հետ: Հանգիստ նստեք տեղներդ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

Երեկ ՀՀ Կառավարությունը իր վրա է վերցրել Արցախի կառավարության եւ դրա կից հիմնադրամների ֆինանսական պարտավորությունները հայկական բանկերի առաջ։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է․ «2 ամիս առաջ ՔՊ-ն Սամվել Շահրամանյանին մեղադրում էր ուժի ակնհայտ սպառնալիքի տակ, այլընտրանքի բացակայության պայմաններում փաստաթուղթ ստորագրելու մեջ:  Երեկ Շահրամանյանը հայտարարել է, որ այդպիսի (ի սկզբանե անօրինական) փաստաթուղթ այլևս գոյություն չունի: Ու….. ՔՊ-ում վայնասուն է սկսվել այս առիթով. «Ոնց կարող է որևէ մեկը համարձակվել չեղարկել կապիտուլյացիան, չէ որ քանի մենք կանք կապիտուլյացիան պետք է հավերժ լինի» փաստացի սա են ասում ՔՊ-ականները»:

Վլադիմիր Գրիգորյանը այլևս չի կատարում ԱՀ նախագահի խորհրդականի պարտականությունները

Վլադիմիր Գրիգորյանը հայտնել է, որ այլևս չի կատարում ԱՀ նախագահի խորհրդականի պարտականությունները:

«Իմ կողմից «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցը տեղի է տվել տարատեսակ շահարկումների: Այդ իսկ պատճառով հարկ եմ համարում նշել, որ դա եղել է իմ անձնական մեկնաբանությունը, որն այս պահին չի արտահայտում որեւէ պաշտոնական դիրքորոշում։

Հայաստանը հնագույն քաղաքակրթությունների ֆորումում

Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության հուշարձանների միտումնավոր ոչնչացման և ինքնությունը փոխելու քաղաքականությունը Թեհրանում ներկայացրել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահե Գևորգյանը։ ՀՀ արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ Գեւորգյանը դեկտեմբերի 21-ին Թեհրանում մասնակցել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 7-րդ նախարարական հանդիպմանը։

2017 թվականի ապրիլի Աթենքում տեղի ունեցավ «Հնագույն քաղաքակրթությունների առաջին ֆորումը», նախարարական համաժողովը, որին մասնակցում էին 10 երկրներ՝ Հունաստան, Չինաստան, Եգիպտոս, Բոլիվիա, Հնդկաստան, Իրաք, Իրան, Իտալիա, Մեքսիկա և Պերու։

Ֆորումին մասնակցող տասը երկրները ներկայացնում էին հիմնական հնագույն քաղաքակրթությունները՝ եգիպտական, հռոմեական, պարսկական, չինական, հունական, մայաների, ինկերի, ացտեկների, միջագետքի և Ինդուսի հովտի քաղաքակրթությունները:

Առաջին ֆորումը կազմակերպվել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոտզիասի նախաձեռնությամբ և չինացի գործընկեր Վան Յիի աջակցությամբ, ինչպես նշեց հույն նախարարը, պատմական մեծ մշակույթ ունեցող պետությունների հանդիպումն այսօր արդիական է և ազդում մարդկության վրա՝ հանդիսանալով փափուկ և տնտեսական ուժի մի ձև։

Հայաստանը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի լիիրավ անդամ է դարձել 2018 թվականի հուլիսին։ Իրենց համաձայնությունը տվել են ֆորումի անդամ 8 երկրներ։

Արցախի կառավարությունը հայտարարել է, որ շարունակելու է աշխատել, ՀՀ վարչապետի վարչակազմն այն հայտարարել է օրենքից դուրս

Անդրադառնալով 2024 թվականի հունվարի 1-ից Արցախի պետական ​​մարմինները լուծարելու մասին Արցախի նախագահի սեպտեմբերի 26-ի հրամանագրին, հրամանագրի հեղինակ Սամվել Շահրամանյանն երեկ ընդգծել է, որ «Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները»։

Նա երեկ հանդիպել է կառավարության անդամների և վարչական շրջանների ղեկավարների հետ, որից հետո տեղեկություններ են հայտնվել, որ կառավարությունը հասարակական հիմունքներով «2024 թվականին կշարունակի աշխատել»։

Ոչ ոք չի բացատրել, թե դա ինչպես է լինելու, մանավանդ որ ՀՀ կառավարությունն իր որոշումներով ստանձնել է Արցախի կառավարության որոշ գործառույթներ, մասնավորապես՝ արցախցիներին կենսաթոշակներ և նպաստներ տալը, իսկ երեկ իր վրա է վերցրել Արցախի կառավարության եւ նրա կից ֆոնդերի ֆինանսական պարտավորությունները հայկական բանկերի առջեւ։ Բացի այդ, Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է Արցախի ժողովրդին Արցախի իշխանությունից հեռացնելու համար։

Ավելի վաղ Հայաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչները հայտարարել էին, որ Արցախի կառավարության և խորհրդարանի գոյությունը ռումբ է դառնալու Հայաստանի պետականության տակ։

Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ հրամանագիր ստորագրող ու չկա: Նման գրառում է արել այսօր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը: «Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ օրենք ընդունող ու չկա: Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ կառավարություն ու չկա: Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ պետություն ու չկա»,- գրել է նա:

Այսինքն՝ Փաշինյանի վարչակազմը Հայաստանում օրենքից դուրս է հայտարարում Արցախի կառավարությունն ու խորհրդարանը։

Մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանն ասաց, որ Արցախի լուծարման մասին սեպտեմբերի հրամանագիրը չեղարկվել է Արցախի նախագահի հոկտեմբերի 19-ի հրամանագրով, ըստ որի՝ Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարությունը, խորհրդարանը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, ուժային կառույցները, Ստեփանակերտի քաղաքապետը և վարչական շրջանների ղեկավարները պաշտոնները շարունակում են զբաղեցնել կամավոր հիմունքներով, այսինքն՝ առանց վարձատրության։

Շահրամանյանի հոկտեմբերի 19-ի հրամանագրում նշվում է նաև, որ վավեր են 2023 թվականի հոկտեմբերի 1-ից հետո Արցախի Հանրապետության անունից տրված փաստաթղթերը։

«Այս հրամանագիրը հաշվի առնելով՝ կարելի է ենթադրել, որ պարոն Շահրամանյանը չեղարկել է սեպտեմբերի 28-ին ստորագրած հրամանագիրը։ Այսինքն՝ Արցախի Հանրապետությունը, կառավարությունը և մյուս բոլոր մարմինները կշարունակեն իրենց գործունեությունը 2024 թվականից հետո»,- ասաց նա։