Եվրամիությունը արդարացրել է Բաքվի գործողությունները

Մեզ անհրաժեշտ է անհապաղ զինադադար և իրական երկխոսություն Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև։ Այս մասին «X» սոցիալական ցանցում հայտնել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Ողբերգական տեղեկություններ այսօրվա ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցիների մահվան մասին: Սակայն ռազմական գործողությունների շարունակությունը միայն կվատթարացնի իրավիճակը: Անհապաղ հրադադարի անհրաժեշտություն կա Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև իրական երկխոսության ապահովման համար՝ որպես խաղաղ գոյակցության հասնելու միակ ճանապարհ»,- նշել է Կլաարը։
Փաստորեն, ԵՄ ներկայացուցիչը անուղղակիորեն արդարացնում է Բաքվի գործողությունները՝ Բաքվի 6 զինվորականների ականի վրա պայթելու փաստով։

Ռուսաստանը չի դատապարտել Բաքվի “գործողությունը”

ՌԴ ԱԳՆ-ն կապի մեջ է Բաքվի հետ՝ վերջինիս կողմից Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողություն» անցկացնելու մասին հայտարարությունից հետո, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Բաքուն Մոսկվային տեղյակ է պահել գործողության վերաբերյալ։

Արցախի ՊԲ հայտարարությունը

Սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00֊ի սահմաններում, ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Արցախի ՊՆ֊ն պարբերաբար հանդես կգա լրացուցիչ հաղորդագություններով։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է, որ Արցախի պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում ճակատի տարբեր ուղղություններում. մի շարք հատվածներում ինտենսիվ կրակով կասեցվել է թշնամու մխրճումը: ՌԴ-ն դեռ չի արձագանքել պաշտոնական Բաքվի այն պնդումներին, որ օպերացիայից առաջ տեղեկացրել են նաև ռուս «խաղաղապահներին»:

Բարձունքները գնդակոծվում են բոլոր կողմերից (լուսանկարներ)

Արդեն մեկ ժամից ավելի է, ինչ հրթիռակոծվում են Ստեփանակերտը և Արցախի տարածքները։ Բաքուն պնդում է, որ նախազգուշացրել է ռուսական զորքերի հրամանատարությանը և ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնին «օպերացիայի» մասին։

Մարդիկ շտապեցին ապաստարաններ, բայց երեխաները դպրոցում էին։

#Stop ArmenianGenocide2023

Ալիևի ցեղասպան ռեժիմը տեւական սովից հետո սկսեց արցախցիների ցեղասպանության արյունալի փուլը։ Այս մասին X-ի իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

«Սրանք են ձեր իրավունքների ու անվտանգության երաշխիքները, Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ: #Stop ArmenianGenocide2023»,-հավելել է նա;

Բաքուն Արցախում ռազմական գործողությունների մասին տեղյակ է պահել ռուս «խաղաղապահներին»

Բաքվի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությանը և թուրք-ռուսական մոնիտորինգի կենտրոնի ղեկավարությանը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում իր գործողությունների մասին։ Բաքուն պնդում է, թե թիրախավորել է միայն ռազմական օբյեկտները։

«Գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցվելու առաջնագծի երկայնքով, և խորքում շարքից հանվում են հայկական զինված ուժերի դիրքերը, նրանց հեռահար կրակային կետերը, ռազմական միջոցները և ռազմական նշանակության օբյեկտները»,- նշված է հաղորդագրությունում։

Ստեփանակերտը ռմբակոծվում է

Այս պահին Ստեփանբակերտը ռմբակոծվում է, քաղաքում տագնապի ազդանշան է միացված։ Հրետակոծության են ենթարկվում նաեւ Արցախի այլ շրջաններ։ Թշնամին տարբեր ռազմական օբյեկտների ուղղությամբ, տարբեր զինատեսակներով կրակ է բացել: Բաքվի ՊՆ հաղորդագրություն է տարածե Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողության» անցկացման մասին։ «Մեր զինծառայողների անվտանգությունն ապահովելու և Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով տարածաշրջանում ձեռնարկվել են տեղական հակաահաբեկչական միջոցառումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բաքուն կասկածում է, որ Արցախը ի՞նչ տեխնիկա է օգտագործում

Ադրբեջանական կողմը սեպտեմբերի 19-ին տարածել է թվով երրորդ ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբրև ՊԲ համապատասխան ստորաբաժանումները սեպտեմբերի 18-ին ժամը 20։28-ից ժամը 20։34-ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Բաքու-Թբիլիսի երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը։

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը բացարձակ կեղծիք է. հիշյալ երթուղով թռիչք իրականացնող օդանավը չունի ոչ միայն Արցախի Հանրապետության օդային սահմանները հատելու, այլ անգամ՝ դրանց մոտենալու կարիք։

Նման կեղծ հայտարարությունների պարբերական տարածմամբ Ադրբեջանը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրություն շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետից և նախապատրաստել տեղեկատվական հենք հերթական սադրանքի համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

Արցախի ՊՆ-ից նաև հիշեցնում են, որ 2020 թ. պատերազմական գործողությունների ամբողջ ընթացքում և դրանից հետո հենց ադրբեջանական կողմն է հետևողական կերպով թիրախավորել Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքը` արգելափակելով Լաչինի միջանցքը, խափանելով գազի և էլեկտրականության մատակարարումը և ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը։

Ֆրանսիայի ԱԳՆ հիշեցրել է միջազգային իրավունքի եւ ՄԱԿ դատարանի որոշման մասին

Երկու երթուղով մարդասիրական բեռի առաքումը պետք է դառնա առաջին քայլը դեպի Լեռնային Ղարաբաղ մարդասիրական առաքումների անարգել մուտքի համար։ X–ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան:

«Երկու հումանիտար ավտոշարասյուն Լեռնային Ղարաբաղ է ժամանել Լաչինի և Աղդամի անցակետերով։ Սա պետք է դառնա առաջին քայլը միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշմանը համապատասխան անվերապահ և անարգել մարդասիրական հասանելիության ճանապարհին», նշել է Կոլոննան:

Բլինքենի տարօրինակ հայտարարությունը

Վաշինգտոնը կողմերին կոչ է անում ուղիղ բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական մատակարարումների հոսքն ավելացնելու համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինqենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։

«Մենք ողջունում ենք մարդասիրական օգնության համաժամանակյա առաքումը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով դեպի Լեռնային Ղարաբաղ, մոտեցում, որը վերջերս քննարկել ենք նախագահ Ալիևի հետ: Այս մատակարարումները կարևոր քայլ առաջ են, և մենք խրախուսում ենք կողմերին ուղիղ բանակցություններ վարել և կենտրոնանալ տարածաշրջանի բնակչության հումանիտար մատակարարումների հոսքն ավելացնելու վրա»,- ասված է հաղորդագրությունում։

Պետքարտուղարը վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին երկարամյա խնդիրների լուծման ու արժանապատիվ ու տևական խաղաղության հասնելու համար։

Ո՞ր կողմերին է Վաշինգտոնը կոչ անում երկխոսություն սկսել «մարդասիրական մատակարարումների» շուրջ։ Երեւանի՞ն, Ստեփանակերտի՞ն, Մոսկվայի՞ն, ՄԱԿ-ի՞ն։
Բլինքենի հայտարարությունը տարօրինակ է հնչում. Ալիևի հետ զրույցից հետո նա, փաստորեն, կոչ է անում կենտրոնանալ մարդասիրական մատակարարումների ավելացման վրա։ Իսկ ի՞նչ եղավ «փոխզիջումների», «մնացած» խնդիրների կարգավորման հետ, որոնց մասին խոսել է Պետդեպարտամենտը։ Թե՞ Միացյալ Նահանգները հրաժարվել են գլոբալ առաջնորդի իր դերից և գործում են Պուտինի և Ալիևի թելադրանքով։
Հայաստանի որոշ արևմտամետ թերթեր գրում են, որ Ստեփանակերտը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը։ Հիշենք, որ վերջին «առաջարկում» ակնարկ կար «Թուրքիայի հնարավոր արդյունավետ դերի մասին»։

Այսօր Ստեփանակերտում հացը 50 տոկոսով էժանանալու է

Այսօր Ստեփանակերտի փուռերում հացը կվաճառեն թիվ 11 կտրոնով, իսկ 200 դրամի փոխարեն մարդիկ կկարողանան հացը գնել 100 դրամով։

Արցախի տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ՝ հացի գները 50%-ով իջեցնելու որոշումը կայացրել է կառավարությունը, քանի որ օգտագործվելու է երեկ առաքված մարդասիրական ալյուրը։

Հաղորդվում է, որ ալյուր կմատակարարվի նաեւ մարզերի փուռերին։ Իսկ հացը, ինչպես Ստեփանակերտում, կարժենա 100 դրամ։ Ինչ վերաբերում է այն կտրոններին, որոնք մարդիկ չեն հասցրել մարել սեպտեմբերի 14-ից, ապա դրանց վավերականության ժամկետը երկարացվել է։

Թիվ 9 և 10 կտրոններով հաց կարող եք գնել գործարանից, որը գտնվում է “պլատոչնի” արտադրամասի տարածքում։ Բայց քանի որ դա լինելու է տեղական ալյուրից պատրաստված հաց, գինը կմնա նույնը՝ 200 դրամ։