Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը պատրաստվում է հանդես գալ համերգով

Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցն  իր գործունեության 85-ամյակը  Արցախում նշելուց հետո ստիպված էր տեղահանվել: Նոյեմբերի 22-ին դպրոցը համերգով հանդես եկավ ՀՀ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի օջախում:

Դպրոցի տնօրեն Զարինե Բաբայանը Step1.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ շրջափակման ընթացքում էլ դպրոցը շարունակում էր իր գործունեությունը:

Չնայած առաջացած բազմաթիվ խոչընդոտներին` կարողանում էին կազմակերպել ստուգարքները և քննությունները: Հայաստանին կապող ճանապարհը փակ էր, բայց համահայկական և միջազգային մրցույթ-փառատոնններին  մասնակցելուց էլ սաները չհրաժարվեցին: Ելքը գտել էին` օնլայն ձևաչափով: «Մեր սաները տեսան կորուստներ, զրկանքներ, չարչարանքներ, բայց դա նրանց չկանգնեցրեց մրցույթում առաջին, երկրորդ պատվավոր տեղերը գրավելուց»,- վերհիշում է Զարինե Բաբայանը:

Տեղահանվելուց հետո դիմել են ՀՀ կառավարությանը` խնդրանքով, որ դպրոցի վերաբացման համար տրամադրվի տարածք: Սպասում են նամակի պատասխանին: «Հույս ունենք, որ մեր սաներին, որոնք նույն դպրոցում սովորելու մեծ պատրաստակամություն են հայտնել և մեր դպրոցին, որն ունի 85 տարվա պատմություն, չեն մերժելու: Մտադիր ենք մեր գործը շարունակել «Մենք կանք» կարգախոսով», -ասում է Զարինե Բաբայանը:

2-րդ համերգը նախատեսվում է կազմակերպել դեկտեմբերի 14-ին Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցում, իսկ 3-ը` դեկտեմբերի 20-ին  Տիգրան Չուխաջյանի անվան  երաժշտական դպրոցում:

Տաթև Ազիզյան

«Ինձ համար Արցախը լավագույն վայրն է ամբողջ աշխարհում, բայց Փարիզն էլ ոչինչ»

Լուսինե Իսրայելյանը ծնվել է 1996 թվականի մայիսի 15-ին Մարտակերտում։ Մանուկ հասակում սկավառակի ճողվածքի հեռացման անհաջող վիրահատության արդյունքում վնասվածք է ստացել։ Այդ ժամանակվանից նա սայլակով է, բայց շատ ավելի ուժեղ է դարձել և շատերի համար տոկունության օրինակ է։

Մանկուց նա կենսուրախ ու շփվող էր։ «Ես երբեք բարդույթներ չեմ ապրել, և դա հիմնականում ծնողներիս պատճառով է: Նրանք ամեն ինչ արեցին, որ ես դառնամ հասարակության լիարժեք անդամ, և ես անսահման շնորհակալ եմ նրանց»,- ասում է Լուսինեն։

Նա ունի ընկերների մեծ շրջանակ: Ակտիվ ապրելակերպ է վարում։ Զբաղվում է ադամանդագործությամբ։ Ցավոք, նկարների հավաքածուն չկարողացավ Հայաստան տանել։ Նա վերականգնողական փուլ է անցել Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում։ Ջերմությամբ է հիշում թիմին ու հիվանդներին։ Նա կապ է պահպանում նրանցից շատերի հետ։

«Սա եզակի կենտրոն է, նրանց շնորհիվ լուրջ ախտորոշմամբ շատ հիվանդներ ոտքի կանգնեցին, և ես կցանկանայի, որ Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնը ժամանակավորապես վերաբացի իր դռները Հայաստանում։ Ես կարող էի պարբերաբար անցնել վերականգնողական կուրսեր, որոնք ինձ պետք են»,- ասում է նա:

Նա, ինչպես Արցախի ողջ բնակչությունը, 9 ամիս ապրել է շրջափակման մեջ։ Այդ ընթացքում անհրաժեշտ դեղամիջոցների բացակայության պատճառով նրա առողջական խնդիրները սրվել են։ Նա շատ ծանր տարավ դեպի Երևան ճանապարհը, բայց չնայած բոլոր փորձություններին, երազում է վերադառնալ Արցախ։

«Ինձ համար Արցախը լավագույն վայրն է ամբողջ աշխարհում։ Առաջին իսկ հնարավորության դեպքում անպայման կվերադառնամ այնտեղ»,- ասում է Լուսինեն։ Իմիջիայլոց, նա ունի երազանք՝ մեկնել Փարիզ ճամփորդության, որը երազում է հնարավորինս շուտ իրականացնել։

Արսեն Աղաջանյան

ԱՐՑԱԽԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ

Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ավելի քան 120 կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, լրատվամիջոցներ ու համայնքների ղեկավարներ ստորագրել են ուղերձ՝ ուղղված միջազգային հանրությանը՝ դեկտեմբերի 10-ի՝ ԱՀ անկախության հանրաքվեի, ԱՀ Սահմանադրության և Մարդու իրավունքների միջազգային օրերի առթիվ: Ուղերձի հասցեատերերն են՝ ՄԱԿ Գլխավոր քարտուղարը, ՄԱԿ Անվտանգության խորհուրդը, ԵԱՀԿ գործող նախագահը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները, Եվրոպայի Խորհուրդը (Գլխավոր քարտուղարը, ԵԽԽՎ նախագահը, Նախարարների խորհրդի նախագահը), Եվրամիության Խորհրդի նախագահը, Եվրոպական Խորհրդարանի նախագահը, ԱՊՀ Գլխավոր քարտուղարը, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը, ՆԱՏՕ Գլխավոր քարտուղարը։

Ուղերձը բաց է հետագա ստորագրության համար, որին կարող են միանալ Արցախի կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, լրատվամիջոցները և համայնքների ղեկավարները: Միանալու ցանկություն ունեցող սուբյեկտները պետք է համապատասխան նամակ ուղարկեն հետևյալ էլհասցեին՝ [email protected]

Ստորագրողների թարմացված ցանկին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ https://docs.google.com/document/d/1us7KJA9cTCxatECkQrB8IovbC3bF1XM7/edit?usp=drive_link&ouid=115133630071759677360&rtpof=true&sd=true 

Արցախի Հանրապետության քաղաքական և քաղաքացիական ուժերի ուղերձում  մասնավորապես, ասվում է․

ԱՐՑԱԽԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ

Հասցեատերեր՝ ՄԱԿ Գլխավոր քարտուղար, ՄԱԿ Անվտանգության խորհուրդ, ԵԱՀԿ գործող նախագահ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ, Եվրոպայի Խորհուրդ (Գլխավոր քարտուղար, ԵԽԽՎ նախագահ, Նախարարների խորհրդի նախագահ), Եվրամիություն Խորհուրդի նախագահ, Եվրոպական Խորհրդարանի նախագահ, ԱՊՀ Գլխավոր քարտուղար, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար, ՆԱՏՕ Գլխավոր քարտուղար։

Ոչ մի ազատ ժողովուրդ չի կարող հրաժարվել իր ինքնիշխան իրավունքներից և ենթարկվել իր համար օտար պետության գերիշխանությանը, առավել ևս մի պետության, որը ղեկավարվում է իր անպատժելիությամբ արբեցած ավտորիտար, կոռումպացված և ռասիստական ​​ռեժիմի կողմից:

Մեր ընդհանուր որոշումը՝ լքել մեր Հայրենիքը՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունը, մեր տները, թողնել Սբ Մկրտչի մասունքները, մեր հայկական եկեղեցիներն ու մեր նախնիների գերեզմանները, որոնք մենք պաշտպանել ենք դարեր ի վեր, ապացույց է ողջ աշխարհին, որ Արցախի ժողովրդի համար ազատությունը բարձրագույն արժեք է։ Այս ճարահատ որոշումն ընդունվել է շարունակական ցեղասպանական գործողությունների և մեր գլխին կախված գոյաբանական լուրջ սպառնալիքների պայմաններում։

Մենք կայացրինք այդպիսի որոշում, քանի որ նրանք, ովքեր իրենց համարում են մարդու իրավունքների ու ազատությունների ջատագովներ ու պաշտպաններ, որոշեցին հանուն Հայաստանի ու Ադրբեջանի միջև թվացյալ խաղաղության ձեռքբերման և հանուն իրենց աշխարհաքաղաքական շահերի մերժել սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու և ինքնորոշման մեր իրավունքները։

Մենք հեռացանք, քանի որ միայն այդպես կարող էինք ապահովել մեր անվտանգությունը և պահպանել մեր մարդկային ու ազգային արժանապատվությունն ու մեր գենաֆոնդը, քանի որ միայն այդպես կարող էինք բացահայտել այն մեծ սուտը, որի վրա հիմնված էր հակամարտության միակողմանի և ուժային լուծման քաղաքական գաղափարը, որը ենթադրում էր մեզ և մեր երեխաներին ստիպել հպատակվելու և հավատարմության երդում տալու մեզ ոչնչացնող և ատող վարչակարգին։

Ավելի քան երեք տասնամյակ շարունակ մենք մեր բոլոր ուժերով պաշտպանել ենք մեր երեխաների խաղաղության և ազատ զարգացման իրավունքը: Մենք դիմակայում էինք քաղաքական գործարքներին, որոնցով մերժվում էր սեփական Հայրենիքում ապրելու մեր ինքնիշխան իրավունքը, որը ձեռք է բերվել բազմաթիվ մարդկանց կյանքի գնով, հանուն մեր ազգային արժանապատվության ու ինքնության պահպանման՝ մի քանի սերունդների դարավոր պայքարի ընթացքում ահռելի կորուստների գնով։ Եվ այս պայքարը չի ավարտվել։ Մենք վստահ ենք, որ ճշմարտության և արդարության զորությամբ կվերադարձնենք մեր Հայրենիքը։

Նրանց համար, ովքեր կարծում են, թե աշխարհը կարելի է կառավարել ստով ու բռնությամբ, կրկնում ենք.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խորհրդարանական ճանապարհով հռչակվել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Ադրբեջանական ԽՍՀ Շահումյանի շրջանի օրինական իշխանությունների կողմից, այն բանից հետո, երբ Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին ԽՍՀՄ-ից դուրս գալու որոշման մասին։ ԼՂՀ-ի ձևավորման մասին քաղաքական հռչակագիրը հիմնված էր այն ժամանակ գործող միութենական օրենքի իրավական նորմի և արցախցիների կամարտահայտության վրա, որը դրսևորվել է համաժողովրդական հանրաքվեով։

Մեր ինքնորոշման իրավունքը ճանաչվել է նույնիսկ Խորհրդային Ռուսաստանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից 1920 թվականին, հիմք է հանդիսացել 1923 թվականին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ձևավորման համար, ամրագրվել է ԽՍՀՄ սահմանադրությամբ, Ադրբեջանական ԽՍՀ սահմանադրությամբ և «ԼՂԻՄ-ի մասին» Ադր.ԽՍՀ օրենքով, այն պահպանվել է «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» 1990 թ. ապրիլի 3-ի դաշնային օրենքով, ինչպես նաև խարսխված է ՄԱԿ-ի կանոնադրության և 1966 թ. ընդունված Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի վրա։

1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեն հաստատեց, որ ընտրողների բացարձակ մեծամասնությունը պաշտպանել է մեր Հանրապետության անկախությունը հռչակելու որոշումը։ Ցեղասպանական պաշարման և ռազմական ագրեսիայի պայմաններում ժողովրդավարական չափորոշիչներով ընտրված օրինական խորհրդարանը 1992 թվականի հունվարի 6-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակագիրը։ Այս ընտրության համար իրենց կյանքով վճարեցին մեր հազարավոր հայրենակիցները։ 

1992 թվականին ԵԱՀԽ/ԵԱՀԿ բոլոր անդամ – պետությունները ճանաչեցին Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների իրավունքը՝ մասնակցելու ԵԱՀԿ միջազգային համաժողովին, որը  լիազորված է կարգավորելու ղարաբաղյան հակամարտությունը։

Մեր ժողովուրդը 2006 թվականին հանրաքվեով հաստատել է Հանրապետության Սահմանադրությունը, որով սահմանվել է Լեռնային Ղարաբաղի օրինական ներկայացուցիչների ընտրության կարգը և նրանց լիազորությունները, իսկ 2017 թվականի հանրաքվեով ժողովուրդը հաստատել է նոր Սահմանադրությունը։ Այս Սահմանադրությունը եղել և մնում է միակ հիմնարար օրենքը, որով առաջնորդվում և որին ենթարկվում են մեր Հանրապետության քաղաքացիներն իրենց կամքով։

Հետևաբար, մենք՝ Արցախի Հանրապետության քաղաքացիներս, ձգտելով պաշտպանել մեր օրինական իրավունքներն ու մեր Հանրապետության սուբյեկտությունը, պնդում ենք, որ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղը ոչ մի մասնակցություն չի ունեցել ինքնահռչակ Ադրբեջանի Հանրապետության սահմանադրության և իշխանության մարմինների ձևավորման գործում, այլ, ընդհակառակը, հայտարարել է սեփական անկախության մասին։ Սակայն նորաստեղծ Ադրբեջանը չէր թաքցնում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր անհիմն հավակնությունները։

Հենց այսպիսի պայմաններում է միջազգային հանրությունն արձանագրել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ տարաձայնությունների առկայության փաստը՝ ճանաչելով տվյալ տարածքի վիճելիությունը։ Հայաստանն ու Ադրբեջանն այն ժամանակ ԵԱՀԽ/ԵԱՀԿ անդամ-պետություններ են դարձել պայմանով, որ ընդունում են Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցում տարաձայնությունների առկայության փաստը և համաձայնվում են, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը որոշվի ԵԱՀԽ/ԵԱՀԿ հովանու ներքո անցկացվելիք խաղաղության համաժողովում։ Երկու պետություններն էլ հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային պարտավորություն են ստանձնել։

Սակայն, ԵԱՀԽ/ԵԱՀԿ անդամ դառնալով՝ Ադրբեջանն անմիջապես խախտեց վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու իր միջազգային պարտավորությունը։ Պաշտոնական Բաքուն ապօրինի ուժ կիրառեց ԼՂՀ-ի՝ որպես վիճելի տարածքի նկատմամբ, նպատակ ունենալով խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը նվիրված միջազգային համաժողովի անցկացումը։ Ստեղծված իրավիճակում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն օգտվել է ինքնապաշտպանության իր իրավունքից։ 1992-94 թթ. Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիան պարտությամբ պսակվեց այդ երկրի համար ու հանգեցրեց տարածքային զգալի կորուստների։ Կարևոր է ընդգծել, որ ԼՂՀ-ի ու Ադրբեջանի զորքերի շփման գիծը միջազգայնորեն ճանաչվել է։

Այդուհանդերձ, հակամարտության երեք տասնամյակի ընթացքում ոչ մի պետական ​​գործիչ, քաղաքական գործիչ կամ իրավական իշխանության որևէ միջազգային մարմին չի պատասխանել մի պարզ հարցի. ինչու՞ Ադրբեջանը և այլ պետություններ, որոնք իրավական առումով ճանաչել են օրենքի գերակայության սկզբունքին հետևելու պարտավորությունը՝ որպես իրենց պետականության հիմնարար սկզբունք, կարող են չկատարել այս սկզբունքից բխող՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու  պարտավորությունը և ուժի չկիրառման սկզբունքը։

Սույն հանգամանքն Ադրբեջանին թույլ է տվել սեփական քաղաքականության զինանոցում պահպանել բնիկ հայ ժողովրդի բռնի տեղահանման ճանապարհով Լեռնային Ղարաբաղի զավթման ռազմավարությունը։ Այդ երկրի նախահարձակ քաղաքականությունն այդպես էլ միջազգային պատշաճ դատապարտման չի արժանացել։ Միջազգային ակտորները, ի հեճուկս բնակչությունը ցեղասպանությունից պաշտպանելու համար պատասխանատվություն ստանձնելու իրենց միջազգային պարտավորությունների (Responsibility to Protect), ցավոք, պատշաճ ուշադրություն չդարձրին Արցախի բնակչության լրջագույն գոյաբանական սպառնալիքների մասին Արցախի խորհրդարանի 2023 թ. հուլիսի 27-ի ուղերձին և չկանխեցին Ադրբեջանի հանցավոր գործողությունները, ինչի արդյունքում Ադրբեջանը 2023 թ. սեպտեմբերին հերթական ռազմական ագրեսիան ձեռնարկեց ԼՂՀ-ի դեմ և Արցախի բնիկ հայ ազգաբնակչությանն արտաքսեց իր պատմական հայրենիքից։

Հարկ է հիշեցնել, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի զինադադարի կնքումից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն այլևս գոյություն չունի, և որ բոլորը պետք է համակերպվեն Երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքներին։ Ձգտելով նենգափոխել հակամարտության էությունը՝ Ադրբեջանն իր դիվանագիտական բառապաշարի մեջ մտցրեց «Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի զավթման» մասին կեղծ պատումը, որի միջոցով էլ փորձում է խլացնել իր իսկ ագրեսիվ ցեղասպանական քաղաքականության արձագանքները։

Մենք մտադիր չենք փոխելու սեփական Հայրենիքի նկատմամբ մեր սկզբունքները, համոզմունքներն ու իրավունքները՝ ո՛չ ուժի, ո՛չ բնաջնջման սպառնալիքի, ո՛չ աքսորի, ո՛չ էլ որևէ այլ քաղաքական հանգամանքներում։

Ամբողջ քաղաքակիրթ աշխարհն այսօր կանգնած է ընտրության առաջ՝ կամ վերականգնել միջազգային կարգը Լեռնային Ղարաբաղում, հիմնված ինքնորոշման իրավունքի և ժողովուրդների ու մարդու այլ իրավունքների ու ազատությունների վրա, կամ լռելյայն համաձայնվել, որ շրջափակումը, ռազմական ագրեսիան, ցեղասպանությունը և օկուպացիան հակամարտությունների լուծման օրինական միջոցներ են հանդիսանում:

Այսօր բազմաթիվ երկրների առաջնորդներ խոսում են Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի անհրաժեշտության մասին։ Սակայն, մենք գտնում ենք, որ սեփական Հայրենիք մեր ժողովրդի խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի ու կյանքի համար անհրաժեշտ են հետևյալ անվիճարկելի պայմանները.

Առաջին՝ մենք բացառում ենք Արցախի Հանրապետության քաղաքացիների վերադարձը Ադրբեջանի իրավազորության ներքո։ Ադրբեջանական զինված ուժերը,  ոստիկանությունը և վարչակազմը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն Արցախի Հանրապետության տարածքից, ներառյալ Շահումյանի շրջանը, որտեղ 1992 թ. իրականացված էթնիկ զտման համար Ադրբեջանը լիակատար պատասխանատվություն է կրում։

Երկրորդ՝ Արցախի Հանրապետության ողջ սահմանի երկայնքով պետք է տեղաբաշխվեն ՄԱԿ-ի միջազգային բազմազգ խաղաղապահ ուժեր, և ստեղծվի ապառազմականացված գոտի։

Երրորդ՝ Լաչինի միջանցքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի վերահսկողությանն ու կառավարմանը։

Չորրորդ՝ Արցախի Հանրապետության տարածքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը՝ բոլոր փախստականների վերադարձի, ժողովրդավարական և իրավական հաստատությունների ստեղծման և տնտեսության վերականգնման համար պայմաններ ապահովելու համար։ Բոլոր փախստականները պետք է ունենան հավասար կարգավիճակ, հավասար իրավունքներ և ենթարկվեն անցումային շրջանի ընդհանուր կանոններին մինչ հանրաքվեն, որը կհաստատի Լեռնային Ղարաբաղի վերջնական քաղաքական կարգավիճակը, որի արդյունքը իրավաբանորեն կճանաչվի բոլոր պետությունների կողմից։

Հինգերորդ՝ պետք է լիովին բացառվի Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների՝ հակամարտության ողջ ընթացքի հետ կապված ցանկացած մեղադրանքով քրեական հետապնդման հնարավորությունը։ Բոլոր ձերբակալված և արդեն դատապարտված հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Մենք պատրաստ ենք ճանաչել միջազգային տրիբունալի իրավասությունը՝ հետաքննելու յուրաքանչյուր ռազմական հանցագործություն, որոնցով մեղսագրվում են մեր քաղաքացիները, սակայն պայմանով, որ այդ տրիբունալը նույնկերպ կքննի բոլոր ռազմական հանցագործությունները, որոնք կատարվել են Ադրբեջանի քաղաքացիների և նրա վարձկանների կողմից։

Մենք պատրաստ ենք ըստ ամենայնի նպաստել հակամարտության խաղաղ լուծմանը, որը հիմնված կլինի ինքնորոշման իրավունքի և ժողովուրդների ու մարդու՝ միջազգայնորեն ճանաչված այլ իրավունքների ու ազատությունների լիակատար հարգման վրա։ 

 

«Պետք է գույքագրվի, թե Արցախի յուրաքանչյուր քաղաքացի ինչ է կորցրել»

Արցախցիներին պատկանող գույքի գույքագրման աշխատանքները պետք է իրականացնել հնարավորինս արագ։ Step1.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության Բնակարանային հարցերի կոմիտեի նախկին նախագահ, սոցիալական զարգացման և միգրացիայի նախկին նախարար Արմեն Մանգասարյանը։ «Պետք է գույքագրվի, թե յուրաքանչյուր քաղաքացի ինչ է կորցրել՝ անկախ նրանից՝ այս պահին փոխհատուցում կլինի, թե՞ ոչ»,- ասաց նա։ Ըստ մեր զրուցակցի՝ պետք է գույքագրել թե՛ մարդկանց անշարժ գույքը, թե՛ գյուղատնտեսական սեփականությունը, թե՛ Արցախին պատկանող բնական ռեսուրսները։

Մանգասարյանի խոսքով՝ բացի գույքագրման աշխատանքներից շատ կարեւոր է նաեւ արցախցիների բնակարանային եւ զբաղվածության հարցերի լուծումը։ «Այդ կարեւոր հարցերի շուրջ մենք պետք է քննարկումներ նախաձեռնենք, հուսով եմ՝ առաջիկայում դա կարվի։ Ես սոցհարցումներ եմ իրականացրել, եթե Արցախ վերադառնալու հնարավորություն չլինի, արցախցիների մեծ մասը ցանկանում է ապրել Հայաստանում։ Բայց մի մասն էլ արտագաղթելու ցանկություն է հայտնում, որովհետեւ աշխատանք չունի»,- ասաց նա։

Ահա թե ինչ է նշանակում Երևանի և Բաքվի համատեղ հայտարարությունը արցախցիների համար

Այն օրը, երբ Հայաստանը հարգանքի տուրք էր մատուցեց 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի 25 հազար զոհերի հիշատակին, Երևանն ու Բաքուն անսպասելիորեն հրապարակեցին համատեղ հայտարարության տեքստը՝ գրեթե առաջինը 1988 թվականից ի վեր։ Լրագրողների ուշադրության կենտրոնում 32 հայ ռազմագերիների մոտալուտ ազատ արձակումն էր, իսկ կոնկրետ քայլեր պարունակող հայտարարության իրական իմաստը մնաց մշուշի մեջ։

Հայաստանի կառավարությունն ու ԱԳՆ-ն չեն մեկնաբանել հայտարարությունը եւ չեն թվարկել, թե ինչ քայլեր են հաջորդելու դրան: Բայց Ալիեւը, ինչպես միշտ, անկեղծորեն խոսեց, թե ինչ է լինելու։ Եվ սա առաջին հերթին վերաբերում է արցախցիներին։

Ալիևը Euronews-ին տված հարցազրույցում ասել է, որ «երկրի իշխանությունները մտադիր են Լեռնային Ղարաբաղում վերաբնակեցնել մոտ 140 հազար մարդու, այդ թվում՝ աշնանը իրենց հայրենիքը լքած հայ փախստականներին»։ Նրա խոսքով, նպատակին նախատեսվում է հասնել մինչև 2026թ.։

Ավելին, ինչպես նա նշում է, հայերը հատուկ իրավունքներ չեն ունենա, այսինքն՝ հայերի երեխաները կգնան այսպես կոչված ադրբեջանական դպրոցներ, կսովորեն Զիյա Բունիյաթովի գրած պատմությունը, ցանկության դեպքում կարող են մկրտվել ալբանական եկեղեցիներում, ծառայել ադրբեջանական բանակում և սպանել հայերին և այլն:

Պարզ է, որ ոչ մի արցախահայ կամավոր չի համաձայնի նման պայմաններին։ Եվ անհրաժեշտ կլինի ստեղծել հատուկ «պայմաններ», որպեսզի արցախցիները չկարողանան ապրել Հայաստանում, բայց նաև չկարողանան գնալ Արևմուտք։ Արդեն ասում են, որ Մոսկվան կարող է ստիպողաբար Արցախ վերադարձնել ռուսաստանաբնակ արցախցիներին, ովքեր դեռ պաշտում են ռուսական սապոգը։ Բայց սա բավարար չէ։ Հայաստանը պետք է «օգնի»։

Արցախցիները, ցեղասպանությունից և տեղահանությունից ավելի քան երկու ամիս անց (որը Ալիևն անվանում է կամավոր գաղթ, իսկ Հայաստանի կառավարությունը՝ աղետ), Հայաստանում ապրում են անիրավ վիճակում։ Արցախի պետական ​​մարմինները, թեև դեռ լուծարված չեն, բայց նրանց թույլ չեն տալիս աշխատել, Արցախի ղեկավարությունը մուտք չունի բյուջեին, Հայաստանի մայրաքաղաքում հայկական Արցախի խորհրդարանի նիստն անցնում է խոր ընդհատակում։ Արցախցիները չունեն որոշակի կարգավիճակ (միայն մեկ տարվա ժամանակավոր պաշտպանություն), դեռ չեն ստացել օրինական պետական ​​վճարումներ (միայն դեկտեմբերի 11-ից հնարավոր կլինի գրանցվել կենսաթոշակ ստանալու համար, որը դժվար թե հասանելի լինի մինչև ս.թ. տարեվերջ), և դժվարանում են աշխատանք գտնել: Հայաստանի կառավարության անդամները (բացառությամբ սոցիալական գերատեսչությունների) չեն հանդիպում արցախցիների հետ և խոսում են բացառապես մարդասիրական օգնության մասին։

Բոլորն անհամբեր սպասում են 2024 թվականի հունվարի 1-ին՝ հայտարարելու Արցախի Հանրապետության ամբողջական կազմալուծման մասին, որից հետո արցախցիները քաղաքական և իրավական առումներով կդառնան լիակատար բոմժեր։ Իսկ նրանց ճակատագիրն այլեւս իրենք չեն որոշելու ու իրենց ընտրած ղեկավարությունը, այլ Ալիեւն ու Փաշինյանը։ Եվ եթե այս երկուսը պայմանագիր կնքեն, որ Արցախի ժողովուրդը պետք է վերադառնա, ապա «ժամանակավոր պաշտպանությունը» կարող է հանվել, և նրանք, ովքեր չեն հասցնի ընդունել ՀՀ քաղաքացիություն, կհայտնվեն Հայաստանում օրենքից դուրս։

Ալիևի խոսքով, մնում է համաձայնեցնել միայն մեկ կետ՝ Հայաստանը կա՛մ պետք է հրաժարվի պայմանագրի տեքստում արցախահայության հիշատակումը ներառելու մտադրությունից, կամ համաձայնի ադրբեջանցիների Հայաստան վերադարձին։ Երեւանն, իհարկե, կհամաձայնի առաջինին։

Ահա թե ինչ է նշանակում համատեղ հայտարարությունն ու ապագա պայմանագիրը Արցախի ժողովրդի համար։

Նաիրա Հայրումյան

Երուսաղեմում ամեն հայկականը կմնա հայկական

Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը այցելել է հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզի» պատնեշված հատվածը և իր աջակցությունը հայտնել թաղամասը փրկելու շարժման ակտիվիստներին: Այս մասին  X-ի միկրոբլոգում հայտնում է շարժումը:

«Ամեն հայկականը կմնա հայկական»,- վստահեցրել է պատրիարքը։ Մանուկյանը ակտիվիստների հետ քննարկել է նաև քաղաքի հայ համայնքի պահպանման հետագա քայլերը։

Ստեփանակերտի «Բարդակը» Երևանում էլ է «Բարդակ»

Դեկտեմբերի 8-ին Երևանի Խանջյան 8/1 հասցեում վերաբացվեց Ստեփանակերտի Bardak Pub-ը: Ներկաների մեծամասնությունն Արցախից էին : Փաբի հիմնադիր Ազատ Ադամյանի խոսքով` այն ևս արցախցիներին միավորելու մի հարազատ վայր է: Ազատ Ադամյանը կարողացել է իր հետ բերել փաբի իրերը` հուշանվերներ, դիզայներական տարբեր աշխատանքներ, նկարներ:

Հիմնական կրթությամբ և մասնագիտությամբ Ազատ Ադամյանը երաժիշտ է`ջութակահար: Խոստովանում է, որ էությամբ անհամապատասխան է նստակյաց կյանքին: Անընդհատ գնում է այնտեղ, որտեղ տարերքն է կանչում: Երկար տարիներ զբաղվում էր զբոսաշրջությամբ: Բնության հադեպ սերն է ստիպել հիմնել   «Ֆրիստեպ» արշավների ակումբը:

Բարդակ Փաբի հիմնադրման հիմքում ընկած էր համակարգչային խաղերի ակումբ-սրճարանի բացումը: Փաբի ստեղծման համար նախնական ներդրումը ընդամենը երկու շիշ վիսկին էր: Հետագայում ընկերների օգնությամբ ձեռք բերեց անհրաժեշտ փայտյա կահույքն ու կահավորումը:

Ազատ Ադամյանը Փաբի և’ տնօրենն էր, և’ միակ աշխատակիցը: Այցելուների մեջ մեծ թիվ էին կազմում զբոսաշրջիկները: «Ըստ իմ նամակի` ընկերությունն իր զբոսաշրջային քարտեզներում ՓԱԲ-ի գտնվելու վայրը նշում էր Ստեփանակերտ-Հայաստան (նախկին`Ադրբեջան տեղանշման փոխարեն)»,-ժպիտով վերհիշում է Ազատը:

Իր գլխավոր ձեռքբերումներից է համարում նաև «Ադամյանս» ապրանքանիշով արցախյան խորհրդանիշներով հագուստի արտադրությունը: «Սա նոր փուլ է բոլորիս կյանքում: Մենք բոլորս կարոտում ենք հայրենիքում անցկացրած օրերը, տիրող մթնոլորտը: Հավատում եմ, որ Բարդակը կլինի յուրօրինակ, չկրկնվող` ինչպիսին Ստեփանակերտում էր»,- ասում է Ազատը:

Տաթև Ազիզյան

Առաջիկա շաբաթ օրերին Երևանի անձնագրային ստորաբաժանումները կսպասարկեն Արցախից տեղահանվածներին․ ՆԳՆ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձանց Հայաստանի Հանրապետությունում հաշվառման և փաստաթղթավորման գործընթացը պատշաճ կազմակերպելու և եղած պահանջարկը սեղմ ժամկետներում սպասարկելու նպատակով ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Երևանի տարածքային անձնագրային ստորաբաժանումներում առաջիկա շաբաթ օրերը՝ 2023 թվականի դեկտեմբերի 9-ը, 16-ը և 23-ը, սահմանվել են աշխատանքային օրեր՝ ժամը 09.00-ից մինչև 18.00-ն աշխատանքային ռեժիմով։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։

Արցախցի դպրոցականներին օգնելու համար Հայաստանը Համաշխարհային բանկից 2,9 մլն դոլար կստանա

Հայաստանը Համաշխարհային բանկից 2,9 մլն դոլար դրամաշնորհ կստանա Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված դպրոցականներին օգնելու համար։ Տեղեկությունը հայտնում է Համաշխարհային բանկի մամուլի ծառայությունից։
«Միջոցները կուղղվեն հոգեկան առողջության ու բարեկեցության օգնության տրամադրմանը, երեխաների և դեռահասների սոցիալական ինտեգրմանը և կրթության պայմանների բարելավմանը: Մեկ այլ խնդիր է դպրոցի անձնակազմի կարողությունների մոնիտորինգն ու զարգացումը։ Գումարը տրամադրվելու է ավելի քան 200 դպրոցի»,– ասված է հաղորդագրությունում։
Դրամաշնորհն ուղղվելու է նաև դպրոցի անձնակազմի մենթորությանը՝ տեղահանված երեխաներին և դեռահասներին, նրանց ընտանիքներին և հյուրընկալող համայնքների աշակերտներին անհատական հոգեկան առողջության օգնություն և հոգեսոցիալական աջակցություն ցուցաբերելու համար:

ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 5000 անձ արդեն աշխատանքի է տեղավորվել

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ հանրապետությունում արդեն աշխատանքի է տեղավորվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված  5351 անձ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ մանրամասնելով, որ նրանք հիմնականում աշխատանքի են տեղավորվել հիմնականում մշակող արդյունաբերության ոլորտում՝ 674 անձ, կրթության՝ 947, սպասարկման և ծառայության՝ 731, շինարարության ոլորտում 420 անձ և այլն:

«Դեկտեմբերի 4-ի դրությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության 49 կենտրոններում որպես աշխատանք փնտրող հաշվառվել է շուրջ 3929 անձ, որից 3737-ը ստացել է գործազուրկի կարգավիճակ։  Աշխատանքի տեղավորման նպատակով ուղեգիր է ստացել 1608 անձ, ինչի արդյունքում այս պահի դրությամբ 438-ն արդեն իսկ տեղավորվել է աշխատանքի»,-հավելել փոխնախարարը։

Անդրադառնալով զբաղվածության ծրագրերին, նա նշել է, որ վերջնական փուլում է գտնվում նախարարության կողմից մշակվող երկու ծրագիր և հաստատման պարագայում կգործեն արդեն 2024 թվականի սկզբից։

«Զուգահեռաբար՝ Առողջապահության, ԿԳՄՍ նախարարությունները հատուկ միջոցառումներ են իրականացրել համապատասխան ոլորտների մասնագետների զբաղվածության աջակցության նպատակով։ Իրականացվում են և նախատեսում ենք իրականացնել զբաղվածության տարբեր ծրագրեր միջազգային գործընկերների հետ»,-ավելացրել է Սարգսյանը՝ համոզմունք հայտնելով, որ աշխատանք փնտրելու դեպքում, վստահաբար,այն կարող է գտնել, քանի որ տարբեր ոլորտներում առկա է մոտ 5000 թափուր աշխատատեղ, որոնց մասին հնարավոր է տեղեկություն ստանալ այցելելով Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ կամ համապատասխան էլեկտրոնային հարթակի միջոցով։

 

Ի՞նչ ընթացակարգերով են նշանակվելու երեխայի ծննդյան և մայրության նպաստները ԼՂ-ից բռնի տեղահանվածներին․պարզաբանում

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ և մայրության նպաստ նշանակելու ընթացակարգերն ու դիմումների ընդունման ժամանակացույցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 8-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ժամանակ Զարուհի Մանուչարյանը տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետությունում երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման համար ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող փախստականը կարող է դիմել, եթե ծնողը և երեխան ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով և Լեռնային Ղարաբաղում այդ նպաստը չի նշանակվել։

«Դիմումների ներկայացման ընթացակարգը կներկայացվի առաջիկայում։ Երկուշաբթի օրվանից մեր հայրենակիցներն  արդեն կկարողանան ներկայացնել դիմումները, որոնք կընդունվեն նույն սկզբունքներով, ինչպես և աջակցության ծրագրերի դեպքում, այսինքն՝ ելակետը, հիմնական հարթակը լինելու է Միասնական սոցիալական ծառայության կայքէջը»,-պարզաբանել է Մանուչարյանը՝ հայտնելով, որ նպաստի նշանակման համար դիմումները կընդունվեն ընթացիկ տարվա դեկտեմբերի 11-ից։

Անդրադառնալով մայրության նպաստին, նա իրազեկել է, որ ՀՀ-ում մայրության նպաստի նշանակման համար անձը կարող է դիմել, եթե բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է ՀՀ բնակության վայրի հասցեով և ԼՂ-ում նրան այդ նպաստը չի նշանակվել։

Մանուչարյանի խոսքով՝ եթե անձը չի աշխատում և ԼՂ-ից բռնի տեղահանվել է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի՝ 140 օրվա կամ երեխայի ծննդյան օրվանից հետո 70 օրվա ընթացքում, ապա մայրության նպաստ նշանակելու կարող է դիմել 2023 թվականի դեկտեմբերի 11-ից հետո 140 օրվա ընթացքում։ Այդ ժամկետից հետո դիմելու դեպքում մայրության նպաստ չի նշանակվելու։ Սահմանված ժամկետում դիմումը պետք է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայություն։ Անհրաժեշտ է լինելու կցել ՀՀ կամ ԼՂ համապատասխան բժշկական կազմակերպության կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ դրա բացակայության դեպքում երեխայի ծննդյան վկայականը։

Աշխատող մայրերին ընդհանուր կարգով նշանակելու, հաշվարկելու և վճարելու է գործատուն։

Սերժ Թանկյանը, Սեզար Գուեկյանը և Թոնի Այոմին հայտարարել են նոր բարեգործական նախագծի մասին. Հավաքված ողջ հասույթը կկրկնապատկի «Կորպորասիոն Ամերիկա» հիմնադրամը

«Gibson Brands» ընկերությունը հայտարարել է «Gibson Band» նախագծի մեկնարկի մասին: «Gibson Band»-ը թողարկել է իր առաջին երգը՝ «Deconstruction», որի համահեղինակներն են «System of a Down» խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը, «Gibson Brands» ընկերության գործադիր տնօրեն Սեզար Գուեկյանը և «Black Sabbath» խմբի կիթառահար Թոնի Այոմին (երգը ներբեռնելու համար հետևեք հղմանը՝ https://gibsonrecords.ffm.to/deconstruction):

«Gibson Records»-ը, Սեզար Գուեկյանը, Սերժ Թանկյանը և Թոնի Այոմին «Deconstruction» երգի վաճառքից գոյացած ողջ հասույթը, ինչպես նաև՝ «Gibson Gives»-ի միջոցով Սերժ Թանկյանի կտավի և եզակի «Les Paul» կիթառի աճուրդից հավաքված միջոցները նվիրաբերելու են «Հայաստան» հիմնադրամի` Արցախի փախստականներին ուղղված նախաձեռնությանը: «Հայաստան» հիմնադրամը մարդասիրական օգնություն է տրամադրում Հայաստանի բնակչությանը և ամբողջ աշխարհի հայ համայնքներին կենսական ենթակառուցվածքային նախագծերի, կրթական, մշակութային, առողջապահական և աղետների հետևանքով օգնության ծրագրերի մշակման, ինչպես նաև` ուղղակի օգնություն ընտանիքներին և անհատներին (մանրամասների համար՝ https://www.armeniafund.org/

Էռնեկյան ընտանիքն ի դեմս Corporación America հիմնադրամի կկրկնապատկի հավաքված ողջ հասույթը և բոլոր միջոցները կուղղվեն նախաձեռնությանը: Սերժ Թանկյանը նաև կայացած նկարիչ է: «Deconstruction» երգի շապիկի գեղարվեստական աշխատանքը հիմնված է Սերժ Թանկյանի «Մեր լեռները» յուրօրինակ արվեստի գործի վրա, որը հեղինակը նկարել է հատուկ այս նախագծի համար: Թանկյանի օրիգինալ «Մեր լեռները» կտավը, ինչպես նաև` եզակի «Gibson Les Paul Standard»-ը (դեկտեմբերի 8-18, ավարտը՝ 11:00 PST) կլինեն բացառիկ համաշխարհային աճուրդի մի մասը (աճուրդին մասնակցելու համար հետևեք հղմանը՝  https://www.julienslive.com/auctions/catalog/id/515):

«Մենք շատ երկար ենք աշխատել այս նախագծի վրա։ Ես և Սերժը, երկուսս էլ սփյուռքահայ ենք, ուստի անմիջապես որոշեցինք, որ ցանկանում ենք «Deconstruction»-ը նվիրվի հայ համայնքին։ Հուսով եմ, բոլորը կսիրեն «Deconstruction»-ն այնքան, որքան մենք սիրեցինք այն ստեղծելիս»,- Սեզար Գուեկյան:

«Ուրախ եմ, որ օգտագործում ենք մեր հարթակը, որպեսզի նվիրաբերենք երաժշտությունը, իմ արվեստը և Գիբսոնի աներևակայելի եզակի կիթառը նման մեծ բարեգործության համար: Ճիշտ մտադրություններով երաժշտությունը կարող է ոգեշնչել և նաև դրական փոփոխություններ ստեղծել»,- Սերժ Թանկյան:

«Հայ ժողովուրդն իմ կողմից սիրված ժողովուրդ է և դա մեծ հաճույք է, մեծ գործ, և ես շատ ուրախ եմ դրանում ներգրավվելու համար»,- ասել է Թոնի Այոմի: «Մենք ուրախ ենք «Gibson Records»-ի հետ միասին մասնակցել այս նախաձեռնությանը», – նշում է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը:

«Մենք հավատարիմ ենք մեր համայնքներում դրական փոփոխություններ խթանելուն և խոստանում ենք նվիրատվություն կատարել «Հայաստան» հիմնադրամին, որը կկրկնապատկի Սերժի նկարի և «Gibson Les Paul» կիթառի աճուրդից գոյացած միջոցները: Գիբսոնի հետ այս համագործակցությունը բացառիկ հնարավորություն է մեզ համար առաջ մղելու մեր ռազմավարական նպատակը՝ նշանակալից ազդեցություն ունենալ Հայաստանում»: