Ժամը 8.00-ին Ակնայից բեռներն անցել են Ասկերան

Մեր տեղեկություններով, այսօր ժամը 8.00-ին Կարմիր խաչի մեքենաներով մարդասիրական ավտոշարասյունը Ակնայից շարժվել է Ասկերան։ Չճշտված տեղեկություններ կան, որ բեռ է  անցել նաեւ Հաքարի կամրջով։

200 գրամ հացի համար գիշերային հերթերը վերսկսվում են

Արցախի տեղեկատվական կենտրոնը հայտարարեց, որ այսօր ժամը 24.00-ից Ստեփանակերտի փուռերը կվերսկսեն հաց թխել։ Սա նշանակում է, որ մայրաքաղաքի բնակիչներին սպասվում է հերթական անքուն գիշերը։

Բայց եթե հաշվի առեք, որ Ստեփանակերտում արդեն երկրորդ օրն է, ինչ հաց չկա, և մարդիկ չեն կարող գնել անգամ կտրոններով իրենց հասանելիք 200 գրամը, ապա անքուն գիշեր անցկացնելու հեռանկարն այնքան էլ սարսափելի չէ։ Ավելին, մարդիկ արդեն երկրորդ ամիսն է, ինչ հերթերի մեջ են գիշեր-ցերեկ անցկացնում։

Ինչպես ասաց ցանոթս երկու օր առանց հաց մնալուց հետո. «Կարոտել եմ հացի գիշերային հերթերը»: Տխուր է։

Որոշ մտքեր են հայտնվում. Օրինակ, եթե 200 գրամը բաժանեք երեքի, քանի՞ գրամ հաց է հասնում մարդուն մեկ ճաշի համար: Ինչո՞ւ քաղաքում երկու օր հաց չկար, բայց հենց որ հայտարարվեց Բերձորի (Լաչին) միջանցքի և Ակնա-Ասկերան ճանապարհի հետ կապված պայմանավորվածության մասին, հացի արտադրամասերը սկսեցին ալյուր ստանալ։ Ինչո՞ւ էին քաղաքով մեկ խոսակցություններ պտտվում, որ ռուսական ալյուրից են հաց թխելու, բայց որոշ փուռեր այսօր ստացել են նույն ալյուրը, ինչ նախկինում։

Կենտրոնական փողոցներից մեկում գտնվող փուռի աշխատողներն ասացին, որ ստացել են նույն տեսակի ցորենի ալյուր և մի քիչ եգիպտացորենի ալյուր: Ստացվում է, որ ալյուր եղել է, բայց կամ չեն հասցրել աղալ, կամ պահե՞լ են։

Մինչդեռ արդեն ժամը 21.00-ին մարդիկ սկսեցին հավաքվել հացի փռերի մոտ։ Հերթերը, ինչպես նախկինում, ամրագրվում են նախապես։ Սոցցանցում քննարկումներ են ընթանում, “նավոդկայով”, թե որ հացի փուռն արդեն ստացել է ալյուր։ Այսօր հաց կստանան 10 համարի կտրոնով։

Ա.Գրիգորյան

Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին ակտիվիստները շարունակում են հերթապահել

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» շարժումը և ասկերանցիները շարունակում են Ակնա-Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհը շրջափակման ակցիան։

Ճակատի ներկայացուցիչ Հովիկ Ավանեսովի խոսքով՝ Ասկերան քաղաքի մատույցներում իրականացվող ակցիան շարունակվում է։ «Այս պահին ձևաչափի փոփոխություններ չկան։ Հերթապահությունն իրականացվում է նույն ձևաչափով և նույն նպատակով։ Փոփոխություններ կկատարվեն իրավիճակի զարգացմանը զուգընթաց»։

Ակտիվիստը նշեց, որ «ծանոթ է հայտարարությանը և անընդունելի եմ համարում «մարդասիրական ապրանքների» տեղափոխումը Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով»։

Այսօր Արցախի իշխանությունները հայտարարեցին, որ համաձայնություն կա «Բերձորի միջանցքով Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով ԿԽՄԿ մեքենաներով (օտարերկրյա ապրանքներ) սինխրոն փոխադրելու մասին»:

Ըստ ArtsakhLur.am-ի աղբյուրների՝ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով դեպի Արցախ կառաքվեն շվեյցարական, ռուսական, իսպանական և հնդկական ապրանքներ։ Հայաստանում արտադրվող ալյուրը, որի կարիքն օրեցօր ավելի է զգացվում, կմատակարարվի Գորիս-Ստեփանակերտ մայրուղով։

Բեռնափոխադրումները կիրականացվեն բացառապես Միջազգային Կարմիր Խաչի մեքենաներով։ Կարմիր մահիկի մեքենաները Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով չեն երթևեկելու:

 

SOS-ի խաղողը փրկում է արցախցիների հոգիները

SOS-ի խաղողը փրկում է արցախցիների հոգիները

Խաղողաշաքարն Արցախում փոխարինում է ոչ միայն սովորական շաքարը, այլ այսօր այն միակ ուտելիքը կարելի է համարել առհասարակ

 

Անցած շաբաթն Արցախում անձրեւային էր: Ստեփանակերտի կանգառներից մեկում մի կին նստած է ծանր ուղեբեռների մոտ: Ես նրան ասացի, որ քաղաքային տրանսպորտ չի գործում, եւ առաջարկեցի քայլել Ազատամարտիկներով` ինչպես բոլորը: Կինը Սոս գյուղից էր: Նա ինձ բացատրեց, թե ինչու է մեր գրեթե միակ ուտելիքը՝ խաղողը նույնպես անհետացել Ստեփանակերտից (ես կարծում էի, թե պարզապես սեզոնն է անցել եւ ժամանակն է սպասել Նախիջեւանիկի նռանը): Պարզվեց, որ մեքենաները չեն կարողանում խաղողի այգի մտնել անձրեւի պատճառով:

Մատաղ ինիմ, մենք գյուղում մի բան գտնում ենք էլի, հողը մեզ սնում է, բայց դուք եք այստեղ խղճալի վիճակում հայտնվել: Մեր սիրտն ուզում է եղածից հասցնել, բայց վառելիք չկա: Վառելիք եթե գտնվում է, գյուղացիներով հավաքվում ենք, մի մեքենա գտնում, ցորեն, կառտոֆիլ եւ խաղող հասցնում քաղաք: Սեզոնը դեռ չի ավարտվել: Ամարասում մենք խաղողի մեծ այգի ունենք, փառք Աստծո, բայց տեղափոխել չի ստացվում հաճախ: Այնպիսիներն էլ կան, որ այգին մշակել, սակայն չեն կարողանում բերքը հավաել, քանի որ գտնվում է ադրբեջանական զինվորների նշանառության տակ, վախենում են մտնել այնտեղ, կրակում են… Ժամանակին մարդիկ գալիս էին եւ խաղողը հենց այգում գնում մեզանից, իսկ հիմա անգամ գյուղի տրանսպորտը չի գործում, գիտեք, – կիսվում էր իմ զրուցակիցը:

Սննդի վիճակը չափազանց լրջացել է Արցախում: Մեքենաներից դատարկված քաղաքում միայն ռուս խաղաղապահների ռոտորների ձայնն է տարածվում: Միայն այլուրի, հացի մասին խոսակցություններ են լսվում անցորդներից: Զանգել եմ մորս, ասում եմ երկու կիլոգրամ այլյուր եմ գտել, երեկոյան հաց եմ թխելու երեխաների համար, թե հետո ինչ եմ անելու`չգիտեմ…:

Սոցապի դիմաց մարդկանց մի հսկա բազմություն է հավաքվել: Ես մտածեցի, որ ռուսական Կարմիր Խաչի հումանիտար բեռի համար են եկել: Ա չէ, բրատ, էդ помощь-ը վաղուց է գտել իր տերերին… Հացի կտրոններն են տալիս, — պարզաբանել էր մի երիտասարդ:

Եթե անցած ամիս դեռ սուպերմարկետների դռները բաց էին, թեկուզ միայն ալկոհոլն էր մնացել (դե ռուսնեն կյամն` առնում, ասում էին վաճառողուհիները), այսօր պարզապես կողպեքով փակել եւ տուն են գնացել: Այնպիսի ապրանքներ են վերջանում անգամ, որ երեւի տարիներով ոչ ոք դրան չէր էլ նայում: Փեղկերի տրվում է վարձով-ը փոխարինվում է վաճառվում է-ով: Բայց գնորդը ո՞վ է…

Քաղաքի միակ բաց սննդի կետում գրեթե միայն չոր լոբով պերոժկի են վաճառում, որի սեւ ալյուրը խոշոր աղի պես զգում ես բերանում: Աղն այնտեղ բնականաբար քիչ է, քանի որ այն ոսկու գինն ունի հիմա: Բայց բանն այն է, որ այդ  գնով էլ ոչինչ հնարավոր չէ գնել արդեն: Երեւի գիտեք, որ արցախցիները Ֆեյսբուքում օնլայն մարկետ են ստեղծել եւ փորձում են ով ինչ ունի` փոխանակել իրար հետ. N°1֊2 պամպերսը՝ ձեթի, օճառը՝ ձվի, ծխախոտը բենզինի (սեւ շուկայում ծխախոտ կարելի է գտնել նորվեգական գնով` 4 հազար դրամ տուփը), սոդան հինգ կգ սպիտակ ալյուրով, կարտոֆիլը սրճով եւ այսպես շարունակ:

Հոսանքը միշտ ամենաանհարմար պահին է անջատվում: Տխուր է տեսնել, երբ երեկոյան ուշ ժամին դպրոցական երեխաներ են գալիս այստեղ, հեռախոսի լուսը պահում դատարկ փեղկերի վրա եւ հարցնում. մենակ պիրոժկի՞ յա: Այս գեր մարդը երեւի չի պատկերացրել, որ մի օր պերոժկու համար հերթ պետք է կանգնի դպրոցական երեխաների հետ: Ես էլ չեմ պատկերացրել, որ մի օր ժենգյալով հացն այսքան կփոքրանա, խեղճանա ու առանց ձեթ կլինի, ապա չի լինի ընդհանրապես: Չեմ պատկերացրել, որ անգամ ապարատը կոֆե չի տա: Բայց անգամ քառաստղ Վալեքսը չի տալիս: Արմենիա հյուրանոցում ասում են, որ երեւի ամսի մեկից չաշխատեն: Ստեփանակերտի շուկան ամբողջությամբ դատարկվել է:

Ամեն ինչ շատ վատանալու մասին է հուշում նաեւ մայրիկների գրառումները մանկական տակդիրների մասին. Խոխին պամպերս ա պետք, գինը կապ չունի, փոխանակելու բան չունեմ…

Սակայն ամենասարսափեցնողը վերջին օրերին շատացած ճամպրուկ գնելու մասին գրառումներն են Ֆեյսբուքում:

Ամենածանրն ինձ համար ճամպրուկ գտնելու մասին գրառումներն են: Էն, որ հասկանում ես, որ մարդիկ իրավունք ունեն պայքարից հոգնելու և պարզապես սովորական կյանքով ապրելու ցանկություն ունենալ, բայց ամեն նոր ճամպրուկի փնտրտուքի գրառում հաստատելով, մի՜ փոքր ավելի լքված եմ ինձ զգում, մի՜ փոքր դավաճանված և մի՜ փոքր ավելի մենակ: Սրա ավելի ծանր տարբերակը` քո ճանաչած մարդկանց հեռանալն է, նրանց, որ ասում էին` լավ է մեռնեմ, քան ապօրինի անցակետում անձնագիրս իմ ձեռքով տամ ադրբեջանցուն ստուգի… Չեմ մեղադրում, քավ լիցի, գուցե նավն այն աստիճան խորտակվի, որ պայքարելու տեղ այլևս չմնա և նույն նվաստացուցիչ անցակետով բոլորս էլ անցնենք, բայց միևնույն է, ինչ֊-որ ծանր ապրում կա, որ խտանում է ամեն գնացողի հետ, — գրում է լրագրող Տաթեւիկ Խաչատրյանը:

Այսօր Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում խաղող են բաժանել: Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը: Դավիթ սարկավագն ասաց, որ բերքը մի մարդ է ուղարկել: Չորս խոխի փայ ա, մատաղ ինիմ, — ասում է մի կին ու մեկնում տնից բերած տոպրակը, տոպրակով ենք շրջում, — ավելացնում է նա:

Հավատացյալները Տերունական աղոթքով ամեն օր Աստծուց խնդրում են, որ հանապազօրյա հացը հասցնի: Ինչեւէ, Աստված այսօր արցախցիներին կես հաց է տալիս` տալոնով:

Բայց մեկ է, մեր լույսը բացվելու է,-ասում են տեղացիները:

Մարութ Վանյան

 

Ինչ է մատուցվում արցախյան ռեստորաններում

Արցախում պարենային իրավիճակի բարդացումը հանգեցրեց նրան, որ Ստեփանակերտի գրեթե բոլոր ռեստորանները և սրճարանները փակվեցին եւ մոտ 2 ամիս է չեն աշխատում։

Ներկա դրությամբ Ստեփանակերտում աշխատում է 2 ռեստորան` “Sanremo”-ն և Եվրոպա հյուրանոցի ռեստորանը։ Այցելեցինք վերոնշյալ հաստատություններ եւ պարզեցինք, որ “մենյուի” 90%-ը չկա։

Երկու ռեստորաններում էլ գրեթե նույն վիճակն է։ “Sanremo” ռեստորանը մատուցում է միայն թեյ, որի վերջին 4 տուփն է մնացել, և տեղական արտադրության կոմպոտներ և նռան հյութ։ Ալկոհոլային խմիչքներից երևում են միայն ժամանակին վաճառվող թանկարժեք խմիչքների մնացորդներ։

Եվրոպա հյուրանոցի ռեստորանը մատուցում է տեղական խոտաբույսերով պատրաստված “Նախշուն” թեյերը, տեղական “Քիրս” գինիները, ալկոհոլային խմիչքների մնացորդներ,  տեղական կոմպոտներ և նռան հյութ։


Ադրբեջանական կողմը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. հայկական կողմը ունի վիրավոր. ՊԲ

Սեպտեմբերի  17֊ ին ժամը 18։20֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է   հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք եւ ԶՈւ 23֊2 կայանք: Այս մասին հաղորդում են ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունից:

Հրադադարի խախտման հետեւանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Իրանը թույլ չի տա, որ սահմանափակվի կամ փակվի Հայաստանի հետ պատմական կապը․ Աբդոլահիան

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Իրանը թույլ չի տա, որպեսզի սահմանափակվի կամ փակվի իր պատմական կապը Հայաստանի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական IRNA գործակալությունը, Իրանի արտաքին գործերի նախարարն այս մասին  ասել է Al-Vefagh թերթին տված հարցազրույցում։

Նշվում է, որ Իրանի ԱԳ նախարարն այդ մասին ասել է՝ անդրադառնալով Հարավային Կովկասում առկա զարգացումներին։

ԼՂ իշխանություններն ընդունել են Լաչինի միջանցքը և “աղդամի ճանապարհը” միաժամանակ գործարկելու առաջարկը

Արցախի Հանրապետության իշխանությունները համաձայնություն են տվել Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով համաժամանակյա հումանիտար բեռնափոխադրումներ իրականացնելու առաջարկին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։

«Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման հետևանքով առաջացած ճգնաժամն օրեցօր խորանում է: Հացահատիկի հայթայթման և հացի արտադրամասերին ալյուրի մատակարարման գործընթացը կառավարությունը կազմակերպում է սուղ պայմաններում և, ցավոք սրտի, ոչ միշտ է հաջողվում ամեն օր ապահովել կտրոնային համակարգով նախատեսված քաղաքացուն օրական հասանելիք 200 գրամ հացը:

Հաշվի առնելով երկրում խորացող աղետն ու անվտանգային իրադրությունը՝ Արցախի Հանրապետության իշխանությունները որոշում են կայացրել ընդունել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության համատեղ առաջարկը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով (արտասահմանյան ծագում ունեցող բեռներ):

Գործընթացի կազմակերպումն անհրաժեշտ է ինչպես մեր քաղաքացիների կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, այնպես էլ Բերձորի միջանցքով հումանիտար բեռների հետագա տեղափոխումն ապահովելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Աշխատանքներ են տարվում Արցախի և Բաքվի պաշտոնական ներկայացուցիչների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ:

«Միջնորդներն աշխատանք են տանում Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ՝ հանրապետությունում լարված հումանիտար և անվտանգային իրավիճակը թոթափելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Խաղաղապահները խոստովանել են, որ Արցախից Հայաստան են տարհանել 80 հոգու

Sputnik. « Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքով Ղարաբաղից Հայաստան են տեղափոխել 80 հոգու»,- հայտնում է Ռուսական խաղաղապահ զորքերի մամուլի ծառայությունը։
«Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակիչները՝ հայկական և արտասահմանյան բուհերի ուսանողներ, ինչպես նաև մասնագետներ և աշխատողներ, ովքեր Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով կորցրել են իրենց աշխատանքը և չեն կարողացել  վերադառնալ իրենց մշտական ​​բնակության վայր, դիմել են Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի քաղաքացիների ընդունելության կետ»,- ասվում է զեկույցում։
«Դիմումի համաձայն՝ խաղաղապահները կազմակերպել են այդ մարդկանց տեղափոխումն ու ուղեկցումը Լաչինի միջանցքով, վերահսկել նրանց անցումը ադրբեջանական կողմի սահմանային հսկողության կետով, օգնել են գույքը բեռնել և հանձնել, հնարավորություն են տվել ճանապարհորդել ավտոբուսով», -ասված է հայտարարության մեջ։

Ադրբեջանի ԶՈՒ-ն Շուշիի շրջանում խախտել է հրադադարը, տուժածներ չկան. ԱՀ ՊՆ

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։

Այս մասին հայտնում են ԱՀ  ՊՆ մամուլի ծառայությունից։

Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները ժամը 00։50֊ի սահմաններում կրակ են բացել  Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իսկ սեպտեմբերի 17֊ին ` ժամը 00:55-ից ժամը 03։00֊ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում և Քարվաճառի ուղղությամբ, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։

 

Ո՞վ է խուճապ տարածում

Երեկ տագնապ է հնչել՝ կապված Արցախի շփման գծում ադրբեջանական ուժերի տեղաշարժերի ու կենտրոնացման հետ։ «Ստեղծված իրավիճակում չստուգված տեղեկատվության տարածումը ոչ մի կերպ չի նպաստում մեր երկրի պաշտպանունակությանը։ Պետք է հաշվի առնել, որ թշնամական հետախուզական ծառայություններն են առաջին հերթին շահագրգռված խուճապ ստեղծելու մեջ»,- ասված է ՊԲ հաղորդագրությունում։

Մինչ այս, Բաքվի լրատվամիջոցները հրապարակել էին արցախցի երիտասարդների լուսանկարները, որոնք անցնում էին Հակարի կամրջի ապօրինի անցակետով, հայտարարելով, որ «Հայկական զինված ուժերը լքում են Ղարաբաղը։ Միաժամանակ իրականացվեց «մարդասիրական միջանցք» օպերացիան, երբ սոցիալական ցանցերում և նույնիսկ հրապարակում պահանջներ էին հնչում մարդկանց հեռանալու հնարավորություն տալ։

IPSO-ն (տեղեկատվական հոգեբանական օպերացիա) իրականացվել է այն ֆոնին, որ Պուտինն ասել է, թե անհրաժեշտ է «փափուկ» արտաքսում Ղարաբաղից, իսկ ԱՄՆ Սենատում Պետդեպարտամենտի ներկայացուցիչն ասել է, որ Միացյալ Նահանգները թույլ չի տա « էթնիկ զտումներ» Ղարաբաղում, որին սենատորներն ասել են, որ էթնիկ զտումներն արդեն ընթանում են։ Սովը նույնպես էթնիկ զտում է։

Բացի այդ, այսօր Երևանում ընտրություններ են, որոնք կարևոր են «Ղարաբաղը՝ ինչ-որ բանի դիմաց» սխեմայի համար Նիկոլ Փաշինյանի կառավարության մանդատը հաստատելու կամ չհաստատելու տեսանկյունից։

Արցախում հասկանում են, որ սա IPSO է, և եթե նույնիսկ ժամանակ առ ժամանակ ինչ-որ մեկի նյարդերը տեղի է տալիս, բոլորը գիտեն, որ ապագան հիմա է որոշվում։

«Քաշաթաղի միջանցքի ապաշրջափակման հարցը և Արցախի ապագայի շուրջ վեճերը գնալով լայն տարածում են գտնում։ Այս խնդիրը միայն քաղաքական լուծում կարող է ունենալ։ Եվ այս առումով չի կարելի չնկատել Ալիևի ռեժիմի վրա աճող ճնշումը»,- ասում է Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։ «Եթե կարող եք դիմանալ ու չհեռանալ, մի՛ հեռացեք, ամեն ինչ կորած չէ»,- գրել է նա։

“Դուք իրավունք չունեք դաշտ նետել հերթական դավաճանական թեզը՝ “հումանիտար միջանցք”…Ո՞վ եք դուք,որ իմ անունից միջանցք եք խնդրում. ուզո՞ւմ եք գնալ, լուռ գնացեք,ձևերը գիտեք։ Թե՞ մենակ վախենում եք…Թե՞ ուզում եք հետո արդարանալ,որ բոլորը գնացին, դե, ես էլ”…,- իսկ սա անվախ լրագրող Ծովինար Բարխուդարյանն է։

Ասկերան-Ակնա ճանապարհի դիրքում կանգնած Վլադ Բալայանը «Հրապարակ» թերթին ասել է. «Եթե նույնիսկ Ադրբեջանը թույլ տա Արցախի քաղաքացիներին անցնել Բերձորի ապօրինի անցակետով, մի՛ արեք դա, մենք դա թույլ չենք տա»:

Արցախում արդեն բողոքի պահանջներ են հնչում Արցախի կառավարության դեմ, որը խրախուսում է ռուսական ինչ-որ մարմինների գործողությունները, ովքեր գրանցում են հեռանալ ցանկացողներին։ Ո՞վ է Արցախում ամեն ինչ որոշում՝ ռուսները, թե՞ դուք: Իսկ ո՞վ է խուճապ տարածում։

Նիկոլ Փաշինյանը POLITICO Europe-ին տված հարցազրույցում պատասխանել է հարցին՝ «Դուք բախվո՞ւմ եք միջազգային ճնշման՝ ընդունելու մի գործարք, որը կարող է հանգեցնել հայերի դուրսբերմանը Ղարաբաղից»։

«Իհարկե, չգիտեմ, բայց ենթադրում եմ, թե ով է նման լուրեր տարածում։ Լեռնային Ղարաբաղից [հայերին] լքելու մասին խոսելը նշանակում է հենց համաձայնություն Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտմանն ու հայրենազրկմանը, քանի որ այդ մարդիկ ապրում են իրենց տներում։ Նախ ասեմ, որ նման թեմա օրակարգում չկա։ Ավելին, միջազգային հանրության ներկայացուցիչները շատ հստակ ասում են, որ ժողովուրդը, Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է կարողանան առանց վախի և հալածանքի ապրել իրենց տներում Լեռնային Ղարաբաղում, ապրել արժանապատիվ, ապահով և բարեկեցիկ կյանքով»։

«Մտածե՞լ եք, օրինակ, Ղարաբաղի հայերի մարդասիրական տարհանման մասին»։

«Կարծում եմ, որ միջազգային ուշադրությունը, որն այսօր կենտրոնացած է Լեռնային Ղարաբաղի վրա, խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում, պետք է լինի բավարար մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերը հնարավորություն ունենան արժանապատիվ և ապահով ապրելու իրենց տներում։ Ընդհանրապես, այս թեմայի քննարկումը համարում եմ անօգուտ և վտանգավոր, քանի որ նման թեմաներ շրջանառության մեջ դնողները փորձում են դրանք մտցնել օրակարգ, ինչը նշանակում է հետևյալը. եկեք օրինականացնենք Լեռնային հայերի էթնիկ զտումների և ցեղասպանության օրակարգը. Ում հաջողվի է փախչել Լեռնային Ղարաբաղից, լավ է, իսկ ով չի կարողանում, թող կոտորվի»։