Եթե արցախցիները ՀՀ քաղաքացիություն ընդունեն, 6 ամիս չեն զրկվի աջակցության ծրագրերից

ԱԺ պատգամավոր Զեմֆիրա Միրզոեւան կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ արցախցիների խնդիրներին։ Նրա խոսքով՝ կան ահազանգեր, որ անձնագրային բաժանմունքներում արցախցիներին հայտնում են, որ Հայաստանի քաղաքացիություն ստանալու դեպքում կզրկվեն բազմաթիվ աջակցության ծրագրերից։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հերքեց այդ տեղեկությունները։ Նա նշեց, որ սեպտեմբերի 19-ից հետո Հայաստան տեղափոխված, նաեւ շրջափակման ժամանակ Հայաստանում գտնված արցախցիները վեց ամիս ժամկետով կշարունակեն օգտվել աջակցության ծրագրերից նաեւ Հայաստանի քաղաքացիություն ստանալու դեպքում։ «Մեր աջակցության ծրագրերում սահմանափակում չկա դրված, եթե դու դառնում ես ՀՀ քաղաքացի»,- հավելեց նախարարը։

Փաշինյանը Սեյրան Օհանյանին․ մենք պատասխանատու ենք միայն ՀՀ-ի համար, Ղարաբաղը ո՞րն է

Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց․ «Ցավով պետք է արձանագրենք, որ մենք եւ մեր պետականությունն ապրում ենք դարի ամենածանր նվաստացուցիչ պահը։ Այս իշխանության գործունեության, ավելի ճիշտ՝ անգործության արդյունքում չորրորդ ողբերգալի տարին ենք եզրափակում՝ առանց Արցախի, ընդ որում՝ ամբողջությամբ հայաթափված։ Այնինչ, ձեր բոլոր ծրագրերում Արցախի ինքնորոշումը, անվտանգության երաշխավորումը կարմիր թելի պես էր անցնում։ Թեեւ միեւնույն ժամանակ խուսափում էիք Արցախի Հանրապետություն բառից, նաեւ ինքնորոշման փաստից։

Միայն մեկ մեջբերում Ազգային անվտանգության ռազմավարությունից․ «Հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից հանդես գալով հանդերձ՝ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, աջակցում է Արցախի իշխանություններին՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից եւ հարկադրանքից իրենց բնակչությանը պաշտպանելու գործում․ Հայաստանի հանրապետությունը կկանխարգելի Արցախի ազգաբնակչության բնաջնջման կամ բռնագաղթեցման ցանկացած նոր փորձ»։ Դուք անտարբեր եղաք Ադրբեջանի անօրեն, իբրեւ թե հակաահաբեկչական գործողությունների ժամանակ՝ նույնիսկ ասելով, որ Արցախի խաղաղ բնակչությանը վտանգ չի սպառնում։ Արդյունքում՝ ըստ էության Արցախը հայաթափվեց, եւ Ադրբեջանն Արցախի բնակչության բռնի տեղահանմամբ ցեղասպանություն իրականացրեց։ Հիմա հարց՝ որ մարտավարական առումով հիմա սոցիալական, հումանիտար խնդիրներ են իրականացվում, դա ակնհայտ է, բայց ավելի կարեւոր է, որ մենք հասկանանք՝ ո՞րն է ՀՀ ռազմավարությունը Արցախի ապագայի վերաբերյալ՝ ձեր՝ «Ապագա կա» ծրագրերի շրջանակներում։ Ի՞նչ կապեր ունեք Արցախի ղեկավարության հետ, ինչպիսի՞ աշխատանքներ են տարվում, եւ ի՞նչ է արվում՝ գերիներին վերադարձնելու, հատկապես, ռազմաքաղաքական ղեկավարներին պաշտպանելու եւ դիվանագիտական ճանապարհով վերադարձնելու ուղղությամբ, որովհետեւ նրանք ահաբեկիչներ չեն»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց հարցին։ «Մեր ռազմավարական անելիքն է Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունը եւ անկախությունն ամրապնդելը։ Որոշ ուժերի կողմից երկար տարիների Լեռնային Ղարաբաղի հարցն օգտագործվել է մեկ նպատակի համար, որպեսզի Հայաստանում պետություն չկայանա։ Եվ այդ համոզմունքն ինձ համար գնալով ավելի է խորանում։ 1996 թվականի Լիսաբոնի գագաթաժողովից հետո ըստ էության Լեռնային Ղարաբաղի հարց չի եղել, մենք չենք առնչվել այդ իրականության հետ»,- ասաց Փաշինյանը։ Ինքնորոշման իրավունքին անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ուզում եմ հիշեցնել Լիսաբոնի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված փաստաթուղթը, նախագահողի հայտարարությունը, որտեղ ասվում էր, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի շրջանակներում, այն է՝ ԼՂ-ն պետք է ինքնավարություն ստանա Ադրբեջանի կազմում»։

Սեյրան Օհանյանը նշեց, որ  Արցախի հակամարտությունը չի ավարտվել Ադրբեջանի հանցավոր գործունեության արդյունքում։ Այդ հակամարտությունն ավելի է խորացել, եւ Ադրբեջանը միջազգային հարթակում դրա համար պետք է պատասխան տա եւ պատժվի։ «Մեր պետության գործունեությունը պետք է ուղղված լինի դրան։ Դրա համար սուբյեկտայնությունը եւ ինստիտուտների պահպանումն անհրաժեշտություն է՝ իհարկե, առանձնակի նշելով Արցախի ժողովրդի ճակատագրի եւ հետ վերադարձի հարցը։ Իսկ այդ իրականության մեջ բանակցություններն այլընտրանք չունեն։ Դուք նորից հարցին չպատասխանելով՝ փորձում եք մանիպուլացնել։ Արցախն ու Հայաստանն ինտեգրված մի կուռ կառույց են եղել, եւ նախկին ժամանակահատվածում Արցախը գոյություն է ունեցել։  Ինչ էլ ուզում եք ասեք, միեւնույն է, ձեր իշխանության ժամանակահատվածում է, որ Արցախը հայաթափվել է, բանակցությունները ընդհատվել են, որովհետեւ դուք իրարամերժ հայտարարություններ ու գործողություններ եք արել։ Եվ այսօր նորից ոչ մի քայլ չեք ձեռնարկում Արցախի պատմական մեր տարածքը հետ բերելու, գոնե այդ ուղղությամբ բանակցելու ուղղությամբ»,- հավելեց Օհանյանը։

«Որպես ՀՀ վարչապետ՝ իմ խնդիրը Հայաստանի ապագան է։ Եվ ՀՀ Սահմանադրությունը ինձ տալիս է լիազորություն ՀՀ ապագայի վերաբերյալ։ Եվ ես կենտրոնացած եմ այդ խնդրի վրա։ Ինչ վերաբերում է ձեր այն դիտարկմանը, թե մենք Ղարաբաղին անտարբեր մնացինք, կան նաեւ դիտարկումներ, թե մենք Ղարաբաղին ինչ-որ իրավիճակում մենակ ենք թողել, ես նման արձագանքներին կարող եմ ընդամենը մի բառով գնահատական տալ՝ երախտամոռություն։ Ուրիշ բառ չեմ կարող գտնել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է գերիների վերադարձին՝ Փաշինյանն ասաց, որ այդ ուղղությամբ տարվում է ամենօրյա աշխատանք։

 

Թագուհի Թովմասյանի՝ արցախցիների բնակարանային խնդրի լուծման առաջարկը մերժվեց

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մերժել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի առաջարկը՝ 2024 թվականի բյուջեի նախագծում ներառելու բռնի տեղահանված արցախցիների բնակարանային խնդրի լուծման հարցը։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Թագուհի Թովմասյանը։

«Ես ներկայացրել էի բյուջեի մեջ ներգրավելու առաջարկ, եւ այդ առաջարկն ուներ բավական տեսանելի լուծում։ Ես առաջարկում էի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար ֆունդամենտալ լուծել բնակարանային խնդիրը։ Քանի որ 2020 թվականից մենք ունենք դեռեւս 20 հազար արցախահայեր, որոնք եկել են Հայաստան, բայց մինչ այսօր նրանց մեծ մասը չունեն բնակարաններ, ես այդ օրինակն ունենալով՝ առաջարկեցի հետեւյալը։ Ամեն տարի ՀՀ-ն Արցախ է ուղարկել կոնկրետ դրամական միջոցներ։ Պիտի համարենք, որ մենք շարունակում են արցախահայերին օգնել այդ միջոցներով, բայց քանի որ ցավոք սրտի Արցախի Հանրապետությունը հանձնված է, այդ միջոցները պետք է տրամադրվեն արցախահայերի բնակարանային հարցերը լուծելու համար»,- ասաց Թագուհի Թովմասյանը։

Նա նշեց, որ 2022 թվականին 144 մլրդ դրամ է Հայաստանը հատկացրել Արցախին, 2023 թվականին՝ 136 մլրդ դրամ։ «Բնակարան ձեռք բերելու համար ես առաջարկում էի յուրաքանչյուր ընտանիքի տալ 20 մլն դրամ, բայց պայմանով, որ դրանք պետք է  գնվեն կամ կառուցվեն մարզերում, որպեսզի մարզերը համաչափ զարգանան։ Սակայն մերժեցին»,- ասաց նա։ Թագուհի Թովմասյանը նշեց, որ իր առաջարկի մերժումը հիմնավորել են հետեւյալ կերպ․ «Ասում են՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության մի շարք ծրագրեր այս պահին քննարկվում են կառավարությունում։ Դրանք առավել արդյունավետ եւ նպատակային կիրառելու համար կարծում ենք՝ նախ եւ առաջ պետք է կատարել կարիքների գնահատում»։

Թագուհի Թովմասյանի խոսքով՝ այսինքն՝ կառավարությունը մինչեւ հիմա կարիքների գնահատում դեռ չի իրականացրել, բայց աշխարհի առաջ հայտարարում է, թե արցախցիների խնդիրները լավագույնս լուծվում են։

Ըստ նրա՝ 2020 թվականի պատերազմի հետեւանքով բռնի տեղահանված արցախցիներից վերջին երկու տարիների ընթացքում բնակարան է կարողացել ձեռք բերել ընդամենը 1735-ը։ Սա, ըստ պատգամավորի, ողբերգական թիվ է։ Եթե այդ մարդիկ արտագաղթեն, եւս ողբերգություն կլինի։ Թովմասյանն ասաց, որ այս տարվա սեպտեմբերյան դեպքերից հետո, պաշտոնական թվերով, Հայաստանից արդեն արտագաղթել է մոտ 3000 բռնի տեղահանված արցախցի։ Ոչ պաշտոնական թվերն ավելի մեծ կլինեն։ Այս իրավիճակն է, քանի որ, նրա խոսքով, պետական հստակ քաղաքականություն կա, որ արցախցիները չմնան Հայաստանում։ «Եթե դուք ուզում եք, որ արցախցին ապրի Հայաստանում, երկու հարց պիտի լուծես՝ բնակարան եւ աշխատանք։ Այս երկու հարցերում էլ մենք ունենք լրջագույն խնդիրներ։ Ես ամենօրյա ռեժիմով հանդիպում եմ արցախցիների հետ, մարդիկ ասում են՝ եթե ուզում ենք մշտական աշխատանք ունենալ, մեզ փափուկ ուժի կիրառմամբ ասում են՝ Հայաստանի քաղաքացի դարձեք, որ ձեզ կարողանանք աշխատանք տալ։ Այսինքն՝ այն փոքրիկ արժեքը, հիշողությունը, որը մնացել է արցախցիների մոտ, դա Արցախի անձնագիրն է, իշխանությունը փափուկ ուժի կիրառմամբ ստիպում է, որպեսզի արցախցիները հրաժարվեն այդ անձնագրից։ Սա նշանակում է, որ այն բոլոր լոզունգերը, խոսույթները, որոնք տարածվում են, թե արցախահայերի համար ամեն ինչ արվում է Հայաստանում, ձեւական են, չկա այդպիսի բան։ Կոնկրետ իմ առաջարկը մերժելը նշանակում է, որ՝ մենք չենք լուծելու այդ հարցը»,- ասաց Թովմասյանը։

Նա հայտարարեց․ «Այս մերժումը ես համարում եմ հստակ քաղաքական վերաբերմունք, այն է՝ արցախահայերին չեն ուզում ապահովել բնակարաններով, որպեսզի հիմնական բնակություն չհաստատեն Հայաստանում։ Իմ առաջարկի հիման վրա հնարավորություն կա մի քանի տարվա ընթացքում ֆունդամենտալ լուծել արցախահայերի բնակարանային խնդիրը, բայց չի արվում»։

2023 թվականը կլինի ամենատաքը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում

Եղանակի դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում 2023 թվականը կլինի ամենատաքը այն բանից հետո, երբ նոյեմբերը դարձավ հերթական ռեկորդային տաք ամիսը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է France 24 պարբերականից։

Նշվում է, որ Եվրոպայի Copernicus կլիմայի փոփոխության ծառայությունն արձանագրել է ամենատաք նոյեմբերը, երբ մոլորակի ջերմաստիճանը եղել է մինչարդյունաբերական ժամանակաշրջանի մակարդակից միջինը 1.46 աստիճանով բարձր՝ ըստ Ցելսիուսի սանդղակի։ Նոյեմբերին Երկրի մակերևույթի միջին ջերմաստիճանը կազմել է զրոյից բարձր 14,22 աստիճան, ինչը 0,32 աստիճանով գերազանցել է 2020 թվականի նախորդ ռեկորդը։ Արդյունքում նոյեմբերը դարձել է 2023 թվականի վեցերորդ ամիսն անընդմեջ, որը գերազանցում է ջերմաստիճանային ռեկորդները։

«Նոյեմբերին գլոբալ արտասովոր ջերմաստիճանը, այդ թվում՝ երկու օրերը, որոնք 2 աստիճանով են բարձր եղել մինչարդյունաբերական մակարդակից, նշանակում են, որ 2023 թվականը կլինի ամենատաք տարին դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում», – մեջբերում է France 24-ը Copernicus-ի փոխտնօրենի խոսքը:

ԱՄՆ Սենատի հանձնաժողովի ղեկավարը Բլինքենին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևի վարչակարգին ԼՂ-ում էթնիկ զտումների համար

ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը ԱՄՆ պետքարտուղարին կոչ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմին պատասխանատվության ենթարկել Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտումների համար և շարունակել ԱՄՆ-ի աջակցությունը ԼՂ-ից բռնի տեղահանված հայերին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սենատորի նամակը Էնթոնի Բլինքենին։

«Ես շարունակում եմ խորապես մտահոգված մնալ, որ Ադրբեջանը կարող է հետագա ռազմական գործողություններ ձեռնարկել՝ լրացուցիչ քաղաքական ձեռքբերումների հասնելու համար, հատկապես՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի առումով։ Ես հորդորում եմ Ձեզ շարունակել աշխատել միջազգային գործընկերների և կազմակերպությունների հետ՝ աջակցելու Ալիևի վարչակարգի գործողությունների համար պատասխանատվության ենթարկելուն (խմբ.՝ գործընթացին)», – գրել է սենատոր Քարդինը Բլինքենին ուղղված նամակում։

Սենատորը նաև հիշեցրել է Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման, այնուհետև սեպտեմբերի 19-ի հարձակման, հայերի սպանությունների և բնակչության բռնի տեղահանության մասին։ Բացի այդ, նամակում նշվում է ադրբեջանական ուժերի կողմից հայերի արտադատական սպանությունների վերաբերյալ բազմաթիվ հաղորդումների, Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային սեփականությունը ոչնչացնելու լավ փաստագրված գործելակերպի և հայկական պատմությունն ու մշակույթը ջնջելու փորձերի մասին։

Սենատորը հարց է ուղղում ԱՄՆ պետքարտուղարին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվել կամ ձեռնարկվելու «Ալիևի վարչակարգի կողմից հնարավոր պատերազմական հանցագործությունների և այլ վայրագությունների» իրականացման, ադրբեջանցի պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու, համապատասխան միջազգային ատյանների առաջ նրանց կանգնեցնելու և 2023 թ. սեպտեմբերի հարձակման հետևանքով բռնի տեղահանված հայերին աջակցելու ուղղությամբ։

«Մենք պետք է հստակ ուղերձ հղենք նրանց, ովքեր կարծում են, թե կարող են գործել անպատիժ», – եզրափակել է սենատորը։

Ինչպես և երբ է նկարահանվել Գասիմովի տեսանյութը. ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում

Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է.

«Ադրբեջանի փորձագիտական շրջանակներում որպես ռազմական փորձագետ և հայագետ ներկայացող, հայտնի և «լուրջ մասնագետ» Թելման Գասիմովի՝ ս.թ. դեկտեմբերի 5-ին տարածած տեսագրության վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Թելման Գասիմովը նշված տեսագրությունը ստացել է դեռևս 2017թ. նոյեմբերին երկքաղաքացի «Ա. Ք.»-ից, ով տեսագրել է շենքը, որտեղ «ծնվել և մեծացել է» Թ.Գասիմովը և ուղարկել նրան: Սակայն, Թ.Գասիմովը 6 տարի անց այդ տեսանյութի մոնտաժման եղանակով՝ տեսագրությանն ավելացնելով իր ձայնը, էժանագին քարոզչությամբ փորձում է հայ հասարակության մեջ տարածել խուճապային տրամադրություններ և դրանով իր «կշիռը» բարձրացնել ադրբեջանական լսարանում:

Ներկայացվում է 2017թ. նամակագրությունից մեկ հատված:

Կոչ ենք անում գասիմովներին՝ դուրս գալ հիվանդ երևակայություններից:

ՀՀ ԶԼՄ-ներին և ազգաբնակչությանը հորդորում ենք զերծ մնալ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածվող և չստուգված, հերյուրանքներ պարունակող տվյալներն ու նյութերը հրապարակելուց՝ հասարակության շրջանում անհարկի լարվածություն և խուճապ չառաջացնելու համար:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հավաստիացնում է, որ օպերատիվ իրավիճակը տարբեր ուղղություններով գտնվում է լիարժեք վերահսկողության տակ»։

Հեքիմյանի թաղ․ մեր պատուհանից եկեղեցին էր երեւում

Ստեփանակերտի Հեքիմյան թաղամասը գտնվում է մայրաքաղաքի ներքևի մասում, որը պայմանականորեն ժողովուրդը բաժանել է մի քանի մասի: Հեքիմյանի վերևի մասը անվանում էին «եկեղեցուն թաղը» կամ «տիվերի եկեղեցու թաղը» ի պատիվ այնտեղ գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցու: Եկեղեցու մոտ գտնվում էր «Էմբադա առևտրի կենտրոնը»՝ իր ամենամեծ սուպերմարկետով, որն անհնար էր դատարկ պատկերացնել, բայց շրջափակումը փոխեց ամեն ինչ:

Թաղամասի մեծ մասը բարձրահարկ շենքեր են, որտեղ ապրում էին հասարակ ստեփանակերտցիները: Երեխաները հաճախում էին մոտակա 10-րդ և 11-րդ դպրոցները, իսկ ազատ ժամանակ հավաքվում խաղում էին և նույնիսկ համերգներ էին կազմակերպում:

Շրջափակման ժամանակ բավականին բարդ էր, և բնակիչները  տարբեր հնարքներ էին փնտրում այն թեթևացնելու համար: Հեքիմյանի բնակիչ Ն.Բաղդասարյանը հիշում է, որ շրջափակման ժամանակ նրանք հարևաններով փայտե վառարան  էին դրել 8-րդ հարկում՝ ճաշ պատրաստելու համար:

Հարցին, թե ինչ կարող են պատմել իրենց թաղամասի մասին, պատասխանեց՝ «մեր պատուհանից եկեղեցին էր երևում և ես նայում էի եկեղեցուն ու աղոթում»:

Քրիստինե Ալավերդյան

Ինչպես դիմավորեցին արցախցիներին Հայաստանում և որտեղից եկան նոր դժբախտությունները

Երեկ ՀՀ կառավարությունը վերջապես հայտարարեց արցախցիներին կենսաթոշակների և նպաստների տրամադրման դիմումների ընդունման վերջնաժամկետի մասին՝ դա կարելի է անել դեկտեմբերի 11-ից։ Նշվեց նաեւ, որ այսօրվանից 37 հազար արցախցիներ կկարողանան 50 հազար դրամի օգնություն ստանալ։

Սեպտեմբերի վերջին օրերին Հայաստան ժամանած՝  ունեցվածքը, տունը, հայրենիքը, պետությունը, ինքնակառավարումը կորցրած արցախցիները հոգատար ընդունելության են արժանացել Հայաստանում։ Անմիջապես Կոռնիձորում նրանց դիմավորեցին սննդամթերքով ու անհրաժեշտ պարագաներով կամավորները, տեղում գրանցեցին, հազարավոր մարդկանց ապաստան տրամադրվեց։ Ե՛վ համայնքի ղեկավարները, և՛ շարքային բնակիչները փորձում էին օգնել ինչով կարող էին և մինչ օրս օգնում են: Երեխաները տեղավորվեցին դպրոցներում, տեղավորվեցին նաև ուսանողները՝ հիմնականում առաջին տարին անվճար։ Կարիքավորներին օգնություն է տրվում՝ սնունդ, անկողնային պարագաներ, մահճակալներ, հագուստ։

Հոկտեմբերին յուրաքանչյուր տեղահանվածի համար տրվել է 100 + 50 հազար դրամ։ Մարդիկ, վստահ լինելով, որ գոնե մի քանի ամսով օգնություն կլինի, իրենք էլ գործի կտեղավորվեն, վարձակալեցին անհավանական թանկացած բնակարաններ։ 2 ամսում արցախցիներին տրամադրված 150 հազար դրամը ուղղակի փոխանցվել է Երևանի և այլ քաղաքների բնակարանատերերին։

Հայաստանում բնակարանների վարձակալությունն արժե նույնը, ինչ Լոնդոնում, և կարևոր չէ, թե ինչ պայմաններ են, ինչ տարածքում և ով է ապրում բնակարանում։ Արցախցիները ստիպված են կուչ գալ երկու ընտանիքով մի փոքրիկ բնակարանում, որպեսզի կարողանան վարձը վճարել և ուտելիքի համար ինչ-որ բան թողնել։

Բայց հետո սկսվեցին նոր դժբախտություններ։ Սկզբում, չգիտես ինչու, արցախցիներին ստիպել են հաշվառվել այն բնակարաններում, որտեղ ապրում են՝ շանտաժի ենթարկելով, որ հակառակ դեպքում թոշակ ու նպաստ չեն տա (չնայած, ի՞նչ տարբերություն կա, թե որտեղ է հաշվառված անձը, մանավանդ որ խոսքը ուրիշի սեփականության մասին է)։ Ավելի ուշ պարզ դարձավ, թե ինչու է դա արվել՝ որպեսզի գրանցեն բոլոր այն հասցեները, որոնք վարձակալության էին տրվում։ Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել վարձակալած բնակարանների հարկման մասին օրենքը, և այժմ տանտերերը պետք է վճարեն հարկերը։

Որոշ տանտերեր արդեն բարձրացրել են վարձը՝ ոմանք 10 հազարով, ոմանց՝ միանգամից 20 հազարով, և դեռ ոչ մի օգնություն չի ցուցաբերվել։ Թեև օրական 10 անգամ ասում են, որ արցախցիներին 100 հազար դրամ են տալիս։ Այնպիսի տպավորություն է, որ այդ 100 հազար դրամը տրվում է օրական մի քանի անգամ, թեև վճարումը միանվագ է եղել։

Այժմ արցախցիները ստիպված են լինելու էլ ավելի շատ վճարել վարձակալության համար, իսկ արցախցիներին հատկացվող նոր գումարները կրկին կհոսեն երեւանցիների ու այլ բնակարանատերերի գրպանները, մի քիչ էլ բյուջե՝ հարկերի տեսքով։ Արցախցիների գրպանները էլի դատարկ են մնալու։

Բայց սա դեռ ամենը չէ: Արցախցի փաստաբան Էրիկ Բեգլարյանն, օրինակ, բաց նամակ է գրել Փաշինյանին ու Շահրամանյանին։ Նա նշել է՝ կան որոշումներ, որոնցից ակնհայտ է, որ արցախցիների համար միտումնավոր արհեստական ​​խոչընդոտներ են ստեղծվում։ Խոսքը վերաբերում է, օրինակ, այն կետին, որ 50 հազար դրամ չեն ստանա նրանք, ովքեր իրենց հաշվին ունեն 2 միլիոն դրամ։ Փաստաբանը հիշեցնում է բանկային գաղտնիքի մասին։ Նա նաեւ ասում է, որ մարդիկ քրտնաջան աշխատանքով են վաստակել ու խնայել այս 2 միլիոն դրամը, հիմա էլ պատժվում են իրենց տքնաջան աշխատանքի ու խնայողության համար։

Գրանցման պահանջի վերաբերյալ պահեստազորի գնդապետ Արա Քամալյանը դիմել է փոխվարչապետին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ խնդրելով «գրանցել իր ընտանիքին իրենց տներում՝ որպես հայ, որպես հինգ երեխաների հայր։ Ես էլ կդառնամ Հայաստանի քաղաքացի ու կդադարեմ մտածել Իսպանիա կամ Ֆրանսիա տեղափոխվելու մասին»։

Բացի այդ, ինչպես ցանցում են ասում, պետական ​​կառույցներում աշխատանքի տեղավորվելու համար արցախցիներին ստիպում են «հավատարմության» թեստ անցնել․ հարցնում են, թե ինչպես են վերաբերվում Փաշինյանի քաղաքականությանը, ո՞ւմ են մեղադրում Արցախում տեղի ունեցածի մեջ, և այսպես շարունակ։

Արցախից բռնի տեղահանված անձանց համար օժանդակության ծրագրեր են իրականացվել՝ 47,3 մլրդ դրամի չափով

Արցախից բռնի տեղահանված անձանց համար օժանդակության ծրագրեր են  իրականացվել՝ 47,3 մլրդ դրամի չափով, որից կրթության ոլորտի գծով՝ 1,2 մլրդ դրամի չափով, իսկ կենսաթոշակների գծով հատկացվել է 22,5 մլրդ դրամ։ Այս մասին ԱԺ նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Սա բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու ամբողջ ծավալը չէ, ներկայումս քննարկումներ են գնում բնակարանային ծրագրերի, վերապատրաստումների, աշխատանքի տեղավորման եւ բնականոն կյանքին վերադառնալու այլ անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ։ Պահուստային ֆոնդը 2024 թվականին նախատեսվել է աննախադեպ՝ 156 մլրդ դրամի մակարդակում։ Վստահ ենք, որ այս միջոցները բավարար են ֆիսկալ ռիսկերն ապահովելու եւ Լեռնային Ղարաբաից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հավելյալ կարիքները հոգալու համար»,- ասաց նախարարը։

Նա նշեց, որ նաեւ ակտիվ աշխատանքներ են տարվում միջազգային գործընկերների հետ՝ Արցախից տեղահանված անձանց կարիքները հոգալու համար ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով։ «Այս պահին ունենք հայտարարված բյուջետային աջակցության միջոցներ Եվրամիությունից, Ֆրանսիայից, Չինաստանից եւ բանակցություններ են վարվում մի շարք այլ գործընկերների հետ։ Այս միջոցներն ստանալուն պես մենք հնարավորություն կունենանք կա՛մ նվազեցնել բյուջեի պլանավորված դեֆիցիտը, կա՛մ նախատեսել հավելյալ հրատապ ծախսեր»,- հավելեց նա։

Մենք երբեք չենք ասել, որ չենք շարունակում համագործակցել Ադրբեջանի հետ. ԱՄՆ պետքարտուղարություն

Մենք երբեք չենք ասել, որ չենք շարունակում համագործակցել Ադրբեջանի հետ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Դա կհակասի մեր՝ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերին… Մենք շարունակում ենք չափումներ կատարել ուղղակիորեն Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ պարզաբանելու համար, օրինակ՝ Ադրբեջանի դեպքում, որտեղ մենք մտահոգություններ ունենք։ Մեզ մտահոգում էր վերջին շրջանում լրագրողների բերման ենթարկելու միտումը։ Մենք շարունակում ենք կոչ անել նրանց հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ինչպես նախկինում ասել եմ այս ամբիոնից: Եվ մենք նաև շարունակում ենք նրանց հետ ներգրավվել Հայաստանի հետ կայուն խաղաղության որոնումներում, և դա մի բան է, որը կշարունակի մնալ մեր ուշադրության կենտրոնում», – ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը:

ВВС. Ո՞վ կարող է պաշտպանել Ադրբեջանում հայերի իրավունքները, հատկապես եթե նրանք բանտում են

BBC

Ադրբեջանական բանտում տասնյակ հայեր կան, ովքեր ձերբակալվել կամ գերեվարվել են 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմից հետո։ Ինչո՞ւ ադրբեջանցի իրավապաշտպանները չեն պաշտպանում հայերին. Ինչի՞ց է կախված նրանց վերադարձը։ Այս և այլ հարցերի մենք փորձեցինք պատասխանել այս տեքստում:

«Հայրիկը, ինչպես բոլորը, անձնագրային հսկողություն էր անցնում, երբ անձնագիրը ստուգման տարան, և դա երկար տևեց,- հիշում է ղարաբաղցի փախստական ​​Ծովինար Խաչատրյանը,- որոշ ժամանակ անց ադրբեջանցիները մոտեցան մեզ և ասացին, որ նրանք մի քանի հարց ունեն տալու հորս»։

Թե կոնկրետ քանի հայ կա ադրբեջանական բանտերում, հայտնի չէ։

Նրանց թվում կան զինվորականներ (ադրբեջանական լրատվամիջոցներում նրանց հաճախ ահաբեկիչներ են անվանում), քաղաքացիական անձինք, ինչպես նաև չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության անդամներ։ Տարածաշրջանի ինքնահռչակ իշխանությունները հայտարարեցին իրենց լուծարման մասին, իսկ Ադրբեջանի անվտանգության ուժերը ձերբակալեցին նախկին նախագահներից երեքին՝ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։

Նրանց առաջադրվել է լուրջ մեղադրանք՝ կապված ահաբեկչության հետ։ Ադրբեջանի գլխավոր դատախազության և Պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) համատեղ հայտարարության մեջ Արայիկ Հարությունյանը մեղադրվում է 2020 թվականի ղարաբաղյան պատերազմի ժամանակ երկրի տարածքը ականապատելու, ապօրինի ռազմական կազմավորումներ ստեղծելու, ապօրինի զենք ներմուծելու և ադրբեջանական քաղաքները գնդակոծելու մեջ։

Իսկապես, 2020 թվականի աշնանը Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ, ըստ բազմաթիվ դիտորդների, երկու կողմերն էլ, ի թիվս այլ բաների, կրակել են քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ։ Ինչպես նշել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, բացի այդ, և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերը պատերազմում կասետային զինամթերք են օգտագործել։

Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտել է նախկին նախագահների և նախկին ԼՂՀ ղեկավարության այլ անդամների կալանավորումը։

Ձերբակալված ղարաբաղցի հայ քաղաքական գործիչների խմբի մեջ առանձնանում է ռուս ականավոր գործարար Ռուբեն Վարդանյանը, ով միայն անցյալ տարի եկավ Ղարաբաղ, որտեղ մի քանի ամսով դարձավ պետնախարար։ Նա և չճանաչված ԼՂՀ այլ ղեկավարներ ձերբակալվել էին այս տարվա սեպտեմբերին Ղարաբաղից հայերի զանգվածային գաղթի ժամանակ։

Վարդանյանի կալանավորումը տպավորիչ տեսք ուներ, այն ակտիվորեն քննարկվում էր ադրբեջանական սոցցանցերում։ Լուսանկարներից մեկում Վարդանյանը կանգնեցվում է սահմանապահների կողմից, երբ նա փորձել է անցնել Լաչին քաղաքի մոտ գտնվող անցակետով։

Այնուհետև տեսանյութում գերծանրաբեռնված 55-ամյա Վարդանյանին, առանձնապես վտանգավոր հանցագործի նման, ձեռքերը մեջքին փաթաթած ու գետնին կռած առաջնորդում են Պետական ​​անվտանգության ծառայության շենքի միջանցքով։

Ամբողջական տեքստը

Սոցիալական մեդիա  մարքեթինգի  դասընթացներ  արցախցիների համար

Դեկտեմբերի 5-ին մեկնարկեցին Սոցիալական Մեդիայի Մարքեթինգի (SMM) դասընթացները ՀԱՀ Բաց կրթության հետ։ Արագորեն տրանսֆորմացվող աշխատաշուկայում արցախցիները փորձում են ֆրիլանս կամ հեռավար աշխատանքներ գտնել, ինչն ավելի ձեռնտու է ստեղծված իրավիճակով պայմանավորված: Կրճատվում են տարածքի վարձակալման, կոմունալ ծախսերը, խնայվում են տրանսպորտի համար նախատեսված գումարն ու ժամանակը: ՍՄՄ-ը մրցունակ, պահանջված, եկամտաբեր ֆրիլանս մասնագիտություններից է: Աշխատանք գտնելու համար փորձ է անհրաժեշտ, որն էլ արցախցիները ձեռք են բերելու օնլայն դասընթացների միջոցով:

Դասընթացները տրամադրելու են  անհրաժեշտ գիտելիքներն ու գործիքները ոչ միայն սոցիալական մեդիայի մարքեթինգի հիմունքներին տիրապետելու, այլ նաև այն գործնականում կիրառելու համար։

Դասընթացի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրելու են հիմնական մարքեթինգային հիմունքները, թվային մարքեթինգի հիմունքները, սոցիալական մեդիայի ալգորիթմները, կոնտենտի ստեղծման գործիքները, գովազդների ստեղծման և կառավարման առանձնահատկությունները։

Դասընթացը հագեցած է լինելու գործնական աշխատանքներով, ինչն էլ ավելի է ամրապնդելու ձեռք բերված գիտելիքները։ Մարզաբնակ արցախցիների համար գործում է հավելյալ զեղչ: Դասընթացների լեզուն հայերենն է: Անցկացվելու են շաբաթական երկու անգամ՝ մեկ ամսվա ընթացքում:

Ոչ ստանդարտ դասընթացների սկզբնական շրջանում ուսոումնասիրվելու են մարքեթինգի հիմքերը: Հեղինակային դասընթացները պարունակում են օգտակար նյութերի հղումներ, տարիների ընթացքում մշակված ֆայլեր, մասնագիտական տերմինների բառարան:

Step1.am-ի լրագրողի այն հարցին, թե արդյոք արհեստական բանականությունը կարող է լրիվությամբ փոխարինել SMM-ին, դասընթացավարի պատասխանը բացասական էր:

Մարքեթինգը հիմնված է էմոցիաների, մարդկային ռեսուրսների վրա, իսկ արհեստական բանականությունը դեռևս զուրկ է դրանցից: Դրական տեսանկյունից արհեստական բանականության գործիքների կիրառումը օգնում է պրակտիկայում: Առաջընթաց գրանցելու հարցում պարտադիր պայման է մարդկային գործոնը:

 

Տաթև Ազիզյան