ԱՄՆ Սենատում անցկացվում են Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ լսումներ

ԱՄՆ Սենատում մեկնարկել են Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ լսումներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լսումներն անցկացվում են Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատում» խորագրով:

Լսումների մեկնարկին հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հիշեցրեց, որ արդեն ամիսներ շարունակ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցք մուտքը ` թույլ չտալով Հայաստանից մարդասիրական օգնություն անգամ հասցնել ԼՂ հայերին, որոնք սովամահ են լինում:

Եվրոպական խորհրդարանում բանաձև է ընդունվել Ադրբեջանի դեմ՝ մարդու իրավունքների խախտումների համար

Եվրոպական խորհրդարանում բանաձև են ընդունել՝ պահանջելով ազատ արձակել Ադրբեջանում անօրինական կերպով ձերբակալված հայտնի ընդդիմադիր գործիչ Գուբադ Իբադօղլուին, դատապարտել Ադրբեջանում մարդու իրավունքների լուրջ խախտումները, ինչպես նաև պատժամիջոցներ սահմանել մարդու իրավունքների խախտումներ իրականացրած ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ։

Բանաձևն ընդունվել է 539 կողմ, 6 դեմ և 24 ձեռնպահ ձայներով։

Եվրոպական խորհրդարանի բանաձևում նշված է, որ Գուբադ Իբադօղլուն դաժան հարձակման է ենթարկվել և կամայականորեն ձերբակալվել 2023 թ․ հուլիսի 23-ին և կասկածելի մեղադրանքներով դեռ մնում է բանտում։ Նա հայտնի է Ադրբեջանի կառավարության խիստ քննադատությամբ՝ կապված կոռուպցիայի, հանրային ֆինանսների անարդյունավետ կառավարման, թափանցիկության բացակայության հետ։

Ըստ բանաձևի տեքստի՝ նրան սպառնում է 12 տարվա ազատազրկում «շինծու մեղադրանքներով»։

Ադրբեջանում, ըստ Եվրոպական խորհրդարան ներկայացված բանաձևի, ներկայում կա շուրջ 200 քաղբանտարկյալ, այդ թվում՝ լրագրողներ, իրավապաշտպաններ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ։

Բանաձևով կոչ է արվում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների դեպքերը բարձրաձայնել բոլոր երկկողմ հանդիպումների և ապագա գործընկերության համաձայնագրեր կնքելու շուրջ բանակցությունների ժամանակ։ Նշվում է, որ այդ համաձայնագրերի կնքման պայման պետք է հանդիսանա բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը։

 

Ֆլանդրիայի խորհրդարանականներն իրենց զորակցությունն են հայտնել Արցախի ժողովրդին

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Արցախի Հանրապետություն-Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարան» բարեկամական խմբի  նախաձեռնությամբ սեպտեմբերի 13-ին  տեսակապով  հանդիպում է կազմակերպվել  Բելգիայի գործընկերների հետ:

Ինչպես տեղեկանում է Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, տեսակապով հանդիպմանը, որին մասնակցում էին նաև ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանն ու գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը, քննարկվել են Արցախի ներկա կացության հետ կապված հարցեր:

Ազգային ժողովի «ԱՀ – Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարանի» բարեկամական խմբի ղեկավար Արամ Գրիգորյանը, խմբի անդամներ Աժ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցն ու ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը ներկայացրել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմամբ պայմանավորված արցախցիների կրած դժվարությունները, անդրադարձել են անվտանգային խնդիրներին,  նշել են, որ Արցախի  բարեկամներից ակնկալում են հարցի բարձրաձայնում  միջազգային ատյաններում և մեդիատիրույթում:

Ֆլանդրիայի խորհրդարանի անդամ,սենատոր Կառլ Վանլաուեն,սենատոր Մարկ Դեմեսմաքերն ու տեսակապի այլ մասնակիցներ իրենց զորակցությունն են հայտնել Արցախի ժողովրդին,շեշտել են, որ Ֆլանդրիայի խորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի քաղաքականությունը, պատերազմից հետո կառավարությունը միջոցներ է հատկացրել հումանիտար օգնության համար ու այսօր էլ փորձում են քայլեր մշակել Արցախին աջակցելու համար:

ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը  կարևորել է  Արցախի բարեկամների աջակցությունն այս դժվարին փուլում ու  շեշտել է, որ շարունակելու ենք պայքարել ինքնորոշման իրավունքի համար:

Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 14-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր:

Ի՞նչ միջազգային երաշխիքների մասին է խոսում «Արցախի անվտանգության և զարգացման ճակատը»

“Այսօր կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը հերթական անգամ հրաժարվել է հաստատված պայմանավորվածություններից և, ի պատասխան Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով Ռուսաստանից ռուսական Կարմիր Խաչի հումանիտար բեռի տեղափոխման հարցով Արցախի իշխանությունների համաձայնության, չի թույլատրել Բերձորի միջանցքով ՀՀ տարածքից հումանիտար բեռների տեղափոխումը:
Ադրբեջանի իշխանությունների այս պահվածքը ոչ այլ ինչ է, քան հիմնախնդրի լուծման միջազգային դերակատարների բոլոր ջանքերի լիակատար արհամարհում։
Առնվազն տարակուսելի է, որ Ռուսաստանը՝ որպես պայմանավորվածությունների կողմ և 2020 թվականի եռակողմ հայտարարության դրույթների կատարման երաշխավոր, հանդուրժում է հերթական սադրանքը Ադրբեջանի կողմից։
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումն առաջին անգամ չէ, որ հայտարարում է ադրբեջանական կողմի՝ պայմանագրային պարտավորությունները պահպանելու կասկածելի ունակությունների մասին և Արցախի իշխանություններին հորդորում է պնդել միջազգային երաշխիքների եւ պատժի անհրաժեշտությունը՝ իրականացնելու հնարավոր որոշումները, որոնց հնարավոր կլինի հասնել ադրբեջանական կողմի հետ երբեւէ։
Այս դժվարին ժամին մեր հայրենակիցներին կոչ ենք անում համախմբվել եւ անել հնարավորը՝ հանուն Արցախի փրկության:
Տոտալ շրջափակման, խոր հումանիտար ճգնաժամի և Ադրբեջանի կողմից գոյաբանական սպառնալիքների պայմաններում Արցախը հայկական պահելու ամենակարեւոր երաշխիքը եղել եւ մնում է Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու եւ այն ամեն գնով պաշտպանելու անկոտրում կամքը”:
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժում

Բաքվի զինված տեղակայումները Լաչինի միջանցքից ու ճանապարհից մինչև Ստեփանակերտ և Ստեփանակերտից մինչև Ակնա

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է․

«Մենք տեղորոշել ենք ադրբեջանական զինված տեղակայումները Լաչինի միջանցքից ու ճանապարհից մինչև Ստեփանակերտ և Ստեփանակերտից էլ մինչև Աղդամ:

Այս քարտեզների վրա հստակ նշված են նաև այն վայրերը, որտեղ գտնվում էին ճանապարհը շրջափակած ադրբեջանական կառավարության «էկոակտիվիստ» գործակալները 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչև 2023թ. ապրիլի 23-ը:

Տեղորոշված է նաև ադրբեջանական կարմիր մահիկի ընկերության մեքենաների վայրը:

Այս քարտեզները և տեղակայումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Լաչինի միջանցքն ունի Արցախի էթնիկ հայերի ինքնությունը պահպանելու նշանակություն։

Աղդամի ճանապարհի բացումը գոյութենական սպառնալիք է Արցախի հայերի համար և չի կարող այլընտրանք լինել Լաչինի միջանցքին»:

 

Նիկոլ Փաշինյանի վերջին “պայմանը”՝ Արցախի “առաջնորդը” կհամաձայնի՞

Փաշինյանի կողմից «Արցախը Ադրբեջանի կազմում» ճանաչելու մասին հայտարարությունն առանցքային է դարձել տարածաշրջանում քաղաքականության կառուցման գործում։ Հայտարարությանը հղում են անում Բաքվում, Մոսկվայում և արևմտյան մայրաքաղաքներում։ Բայց բոլորն էլ հասկանում են, որ մեկ բանավոր հայտարարության հիման վրա աշխարհաքաղաքականություն կառուցելը հղի է անկանխատեսելի հետևանքներով. եթե հայտարարությունը հետ կանչվի կամ մերժվի, ապա ամբողջ քաղաքականությունը կփլվի:

Այժմ «միջնորդների» բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ Փաշինյանը չհրաժարվի իր հայտարարությունից, թեև մտադիր էլ չէ դա անել։

“Ձեր կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս կապվա՞ծ է խաղաղության պայմանագրի ստորագրման հետ, Դուք այն ճանաչում եք մինչև խաղաղության պայմանագրի ստորագրու՞մը, թե՞ դա պայման է խաղաղության պայմանագրի ստորագրման համար”, Politico-ի թղթակիցը հարցրեց Նիկոլ Փաշինյանին։

“Ուզում եմ ասել, որ դա ամենևին չի նշանակում, որ մենք դրանով Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտման կամ ցեղասպանության ենթարկելու մանդատ ենք տվել Ադրբեջանին: Այս է պատճառը նաև, որ այդ պայմանավորվածության մաս է նաև Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հասցեագրման մեխանիզմների ձևակերպումը և, մասնավորապես, Բաքու-Ստեփանակերտ հուսալի, բովանդակային երկխոսության հաստատումը, որի մեկնարկի և ավարտի վերաբերյալ կլինի որոշակի շրջանակի մասին պատկերացում”, պատասխանել է Փաշինյանը:

Փաստորեն, Փաշինյանը վերջին «պայմանն» առաջ քաշեց՝ երկխոսություն Ստեփանակերտի և Բաքվի միջև։

Այսօր կառավարության նիստում Փաշինյանն ասել է, որ Ստեփանակերտի գործընկերներին կոչ է անում երկխոսության գնալ Բաքվի հետ։ Արդյո՞ք սա նշանակում է, որ հենց «Արցախի առաջնորդնը» երկխոսի Բաքվի հետ, Փաշինյանը կհամարի, որ իր պայմանները կատարված են, և «խաղաղության պայմանագիր» արդեն կարելի է ստորագրել։

Նշենք, որ Փաշինյանը երկխոսության կոչ է անում է ոչ թե Բաքվին, այլ Ստեփանակերտին, ինչը նշանակում է, որ երկխոսությունը տեղի կունենա Բաքվի պայմաններով։

Արցախի նախագահը, որին Փաշինյանը «առաջնորդ» էր անվանել, ականջալուր կլինի՞ կոչին։ Դատելով «ռուսական հումանիտար բեռի» պատմությունից՝ եթե ռուսները նույնպես երկխոսության կոչ անեն, Արցախի նոր ղեկավարությունը կհամաձայնի։ Պատճառ միշտ էլ կգտնվի։

Սեպտեմբերի 14-ից Արցախում կմեկնարկի հացի կտրոնների տրամադրման երկրորդ փուլը

Արցախի հանրապետության Սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարությունը հայտարարություն է տարածել․

Հարգելի՛ քաղաքացիներ

Ս․թ․ սեպտեմբերի 14-ից Ստեփանակերտ քաղաքում կմեկնարկի հացի կտրոնների տրամադրման 2-րդ փուլը, որը կտևի երկու օր։

Կտրոն ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով և հանրային ծառայությունների համարանիշով ներկայանալ կտրոնների տրամադրման այն կետը, որտեղից առաջին փուլի ընթացքում տվյալ ընտանիքը ստացել է հացի կտրոնները:

Յուրաքանչյուր ընտանիքից կարող է ներկայանալ մեկ չափահաս անձ՝ ստանալով ամբողջ ընտանիքի անդամների կտրոնները։

Ընտանիքի մյուս անդամների փաստաթղթերը ներկայացնելու անհրաժեշտություն չկա, բացառությամբ այն դեպքերի, եթե տեղի է ունեցել ընտանիքի անդամի ավելացում։

Այդ պարագայում ներկայացվում են նաև վերջինիս փաստաթղթերը։

Կտրոնները կտրամադրվեն հետևյալ կետերում՝ համապատասխան նշված ժամանակացույցի. համար 6, 7, 9, 12 դպրոցներ, ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե (Ազատամարտիկների փ. 39) և ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության վարչական շենք (Ազատամարտիկների փ. 54)՝ ժամը՝ 09:30-18:30, համար 2, 5, 10 դպրոցներ՝ ժամը՝ 12:00-18:30: Կտրոնների տրամադրման կետերը կաշխատեն՝ համաձայն տվյալ հասցեներում էլեկտրաէներգիայի հովհարային անջատման գրաֆիկի:

Ստացած կտրոններին անհրաժեշտ է վերաբերվել խնամքով, քանի որ կորցրած կամ վնասված կտրոնի դիմաց նոր կտրոն չի հատկացվի:

Հացի վաճառքի, ինչպես նաև տվյալ օրն իրացման ենթակա կտրոնների համարների վերաբերյալ տեղեկատվությունը կհաղորդենք հավելյալ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող յուրաքանչյուրի համար նախատեսված է կտրոն: Այդ պատճառով մեր քաղաքացիներին հորդորում ենք հերթերում պահպանել արժանավայել կարգուկանոն՝ նպաստելով գործընթացի արագ կազմակերպմանը:

 

Բաքվի ԶՈւ ստորաբաժանումները Մարտակերտի շրջանում խախտել են հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊՆ

Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Մարտակերտի շրջանում խախտել են հրադադարը’ կիրառելով հրաձգային զենք։

Ինչպես նշված է Արցախի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ, հայկական կողմում կորուստներ չկան։

Ինչո՞ւ է Իրանը համառորեն պնդում, որ տարածաշրջանում պատերազմ չի լինի

Այն պահից, երբ ՀՀ իշխանությունները սկսեցին տեղեկություններ հրապարակել և պնդել, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա, Իրանը ամենաբարձր մակարդակի պաշտոնյաների շուրթերով համառորեն պնդում է, որ պատերազմ չի լինելու։ Իրանցիներն ասում են, որ Բաքուն իրենց վստահեցրել է, որ Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չկա, և Իրանը վստահելի է ընկալում այդ հավաստիացումները։

Երեւանը, սակայն, նույնքան համառորեն պնդում է, որ էսկալացիան ակնհայտ է։ Այդ կապակցությամբ Փաշինյանը զանգահարել է աշխարհի առաջնորդներին ու հարեւաններին, այդ թվում՝ Իրանի նախագահին։ Նրանք ի գիտություն են ընդունել Փաշինյանի հայտարարությունները՝ ըստ երևույթին հարցնելով, թե արդյո՞ք Հայաստանը մտադիր է պաշտպանվել ուժով։ Թե՞ բոլոր հույսերը արտաքին օգնության հետ են կապվում: Հայտնի չէ, թե ինչ արձագանք է տվել Հայաստանը, որը քարոզում է «չարին բռնության միջոցով չդիմադրելու խաղաղ օրակարգ»։

Ինչո՞ւ է Իրանը համառորեն պնդում, որ պատերազմի վտանգ չկա։ Վարկածներից մեկը Բերձորի միջանցքն է։

Բերձորի միջանցքի շրջափակման պատճառով տարածաշրջանում գործընթացները հայտնվել են մի իրավիճակում, երբ կա միայն երկու տարբերակ՝ կա՛մ Գորիսի կաղմից միջանցքի ուժով բացումը, որից Հայաստանը համառորեն հրաժարվում է, կա՛մ էթնիկ զտումներ ու սով Արցախում։ Երկրորդ տարբերակը ոչ մեկին ձեռ չի տալիս, հատկապես Մոսկվային ու Բաքվին։ Մնում է միայն ուժային հարձակումը։

Հայտնի չէ, թե արդյոք համաշխարհային առաջնորդները Փաշինյանին ասում են այս տարբերակի մասին, երբ նա զանգահարում է իրենց։ Բայց, ըստ տրամաբանության, դա միակ հնարավոր տարբերակն է, որը կարող է ձեռ տալ նույնիսկ Բաքվին։ Այժմ Ալիևը չի կարող «կամավոր» բացել միջանցքը, քանի որ կստացվի, որ նա «ենթարկվել է» Հայաստանի և համաշխարհային հանրության պահանջներին։ Բայց նա նաև չի կարող երկար ժամանակ փակ պահել միջանցքը, երբ Արցախում հացը նույնիսկ արդեն վերջացել է և «մարդասիրական միջանցքի» կոչեր են հնչում։ Եվ այս դեպքում «ուժային բացումը» կարող է «պատրվակ» դառնալ։

Երևանը, սրացման մասին տեղեկություն տարածելով, հնարավոր է, ազդանշան է տալիս, որ չի կարող ուժով բացել միջանցքը, իբր, որ այդ դեպքում Բաքուն հարձակվելու է։ Իրանը, հայտարարելով, որ Բաքուն Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, հնարավոր է՝ ակնարկում է, որ Ալիևը «դեմ չէ» փակուղային իրավիճակի նման լուծմանը։

Սա, իհարկե, միայն մեկ տարբերակ է: Կան ուրիշներ, որոնց համաձայն Իրանը համաձայնության է եկել Բաքվի հետ և գործում է Ադրբեջանի շահերից ելնելով, որպեսզի չկորցնի իր հյուսիսային նահանգները։ Բոլոր տարբերակները գոյության իրավունք ունեն։