«Կրկնում ենք կոչը՝ երկու միջանցքների բացման կարևորության վերաբերյալ». Պետդեպ

«Միացյալ Նահանգները շարունակում Է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ»,- երեկ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:

Նա վերստին շեշտել է, որ  պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անձամբ է ներգրավված դրանում՝ միայն վերջին շաբաթվա ընթացքում բազմաթիվ հեռախոսազրույցներ ունենալով:

«Վերջին 24 ժամվա ընթացքում Աղդամի ճանապարհով Լեռնային Ղարաբաղ է անցել մարդասիրական ապրանքների մեկ խմբաքանակ, ուստի ևս մեկ անգամ կրկնում ենք մեր կոչը կոնկրետ թեմայով՝ դեպի երկիր երկու միջանցքների բացման կարևորության՝ որպես կարճաժամկետ, և որպես ավելի երկարաժամկետ՝ երկու երկրների վերջնական համաձայնության գալու վերաբերյալ», – ասել է Միլլերը։

Պետդեպարտամենտի խոսնակը չի պատասխանել հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարությունները, որոնք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին էին «մեղադրում այն ամենի մեջ, ինչ կատարվում է տվյալ պահին տարածաշրջանում»:

Տարածված կարծիք կա, շարունակել էր հարցի հեղինակը, որ Պուտինը «ջանում է օգտագործել հակամարտությունը Հայաստանի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահին տապալելու համար», և «եղան նաև որոշ հաղորդումներ նման գործունեությունում ներգրավվելու համար «Վագներ»-ի վարձկաններ Հայաստան ուղարկելու մասին»: «Ես չեմ արձագանքի այդ մեկնաբանությանը», – հայտարարել է Մեթյու Միլլերը:

Թյուրքալեզու քոչվորների մուտքը մեր աշխարհամաս

Այս օրերին, մեկը մյուսին մեղադրելով ու պաս տալով, կրկին վիճարկվում ու շահարկում են Արցախի պատկանելիության և Արցախում հայերի իրավունքների հարցը։ Տպավորություն է, որ Հայկական բարձրավանդակում, այդ թվում Արցախում, բոլորը բնիկ են մեզանից բացի։ Ե՞րբ և ինչպե՞ս մեր տարածաշրջանում հայտնվեցին թյուրքալեզու քոչվորները, որոնք այսօր սպառնում են մեզ հայրենազրկել և էթնիկ ի՞նչ տեղաշարժեր տեղի ունեցան տարածաշրջանում, հարցերի շուրջ զրուցեցինք ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանի հետ։

 

– Մեր տարածաշրջան թյուրքալեզու էթնիկ հանրությունների մուտքը համարվում են սելջուկ թուրքերի արշավանքները և հենց այդ ժամանակաշրջանում մեծ թվով քոչվորներ տեղափոխվեցին մեր աշխարհամաս։ Գործընթացը մեծ թափով շարունակվեց մոնղոլ–թաթարների արշավանքների ժամանակ, քոչվոր ցեղերի մի մասը զբաղեցրեց Մուղանի դաշտը ու տարածվելով դեպի հյուսիս, դեպի Ապշերոնի թերակղզի, դեպի Շիրվանշահերի երկիր, սկսեցին դուրս մղել բնիկ բնակչությանը՝ լեզգիներ, ցախուրներ, ագուլներ, բուդուրներ, թաթեր և այլն։ Որոշակիորեն նաև ձուլման գործընթաց սկսվեց, բայց հիմնական մասը քաշվեց դեպի լեռները։

Թյուրքալեզու էթնիկ հանրությունների հաջորդ մեծ գաղթը տեղի ունեցավ Լենկ Թեմուրի արշավանքների ժամանակ, որը բավականին բացասական ազդեցություն ունեցավ տարածաշրջանի էթնիկական պատկերի վրա։ Դա հստակ երևաց Հյուսիսային Իրանում, Արևելյան Այսրկովկասում, նաև Հայկական լեռնաշխարհում։

Հաջորդ փուլը վերաբերում է թուրք–պարսկական ժամանակաշրջանին, երբ ազատագրական պայքարը ճնշելու նպատակով Սեֆյան Պարսկաստանը Հայաստանում մահմեդական տարրի ավելացման քաղաքականություն սկսեց վարել։ Այդ քաղաքականության արդյունքում քրդալեզու որոշ հանրույթներ բնակեցվեցին Սյունիքի և Արցախի նահանգներում, մասնավորապես սկսվեց Կովսականից, որը նաև սեպ պետք է խրեր Արցախի և Սյունիքի միջև։   Այսպիսով Քաշաթաղի շրջանի հարավային հատվածի էթնիկական կազմի փոփոխությունը տեղի ունեցավ հենց այդ ժամանակաշրջանում, որը շարունակվեց հետագայում և ցավոք սրտի նաև Քաշաթաղի հյուսիսային մասի և Քարվաճառի նկատմամբ։

Դրա մասին վկայում են վիմագիր արձանագրությունները։ Մինչև 1750 թվականը Քաշաթաղում և Քարվաճառում հայերը կազմում էին բացարձակ մեծամասնություն, դա են վկայում պահպանված հայկական գերեզմանոցները։ 1750- ական թվականներից հետո այդ տարածքներում հայկական կղզյակներ էին մնացել։

Դրանից հետո հայերի մեծ գաղթ է սկսվում հատկապես դեպի արևելավրացական թագավորության սահմանները։ Օրինակ Քաշաթաղի որոշ գյուղերի բնակիչներ տեղափոխվել են Շուլավեր, իսկ նրանց տեղը զբաղեցրել են մոքալաքցի քրդերը։

Սակայն այդքանով հանդերձ Արցախի լեռնային հատվածում բնակչության գրեթե 99 տոկոսը կազմել են հայերը։  Պատմական աղբյուրները խոսում են այն փաստի մասին, որ մելիքներին որոշակի հարկատվության դիմաց, որոշ քոչվորների թույլատրվում էր բարձրանալ դեպի ալպյան մարգագետիններ։ Մշտական մահմեդական բնակչություն համենայնդեպս Խամսայի մելիքության տարածքի սահմաններում չկար։

-Եթե ներկայացնելու լինենք էթնիկ պատկերը թվային արտահայտությամբ, ինչպիսի՞ն էր այն։

-Թյուրքալեզու էթնիկ հանրությունների մեծ շարժը տեղի ունեցավ Ղարաբաղի խանության ստեղծումից հետո, երբ Փանահ խանը, ապա նաև Իբրահիմ խանը տնտեսական դիրքերը ամրապնդելու նպատակով, տարբեր տեղերից Ղարաբաղի խանության տարածքում բնակեցրին թրքալեզու և քրդալեզու էթնիկ տարրերի։ Մեր աշխարհամասում բնակեցվեցին Սաաթլի, Քոլանլի, Սաֆիքյուրդ, Քաբիռլու, Դիլաղարդա, Միջուվալլու, Ջիվանշիր, Սարիջանլու և այլ ցեղեր։  Վայոց ձորից բերվեց Կարաչոռլու ցեղը, որը հիմնականում բնակեցվեց Քաշաթաղի հյուսիսային հատվածում։

Հիմնական  մահմեդական բնակչությունը սկսեց կենտրոնանալ Շուշիում։ Ղարաբաղի խանությունը շատ մեծ բացասական հետք թողեց Արցախի էթնիկ պատկերի վրա։ Եթե 1720 ական թվականների պատմական՝ այդ թվում նաև  ռուսական աղբյուրները  նշում էին Արցախի տարածքում ապրող շուրջ 100 հազար տուն հայի մասին, որը միջին կկազմեր 500 հազար հայ, ապա հետագայում 1760-ական թվականներին խոսվում էր 60 հազար տան մասին, իսկ 1780-ական թվականներին Գանձասարի Հովհաննես կաթողիկոսի վկայության համաձայն՝ արդեն 30 հազար տուն էր նշվում։

Հաջորդ մեծ հարվածը եղան Աղա Մուհամադ շահի արշավանքները, որից հետո սկսվեց սովն ու ժանտախտը և Արցախից մեծ թվով հայ ընտանիքներ տեղափոխվեցին այլ վայրեր, միայն 8 հազար ընտանիք տեղափոխվեց Շաքիի խանություն, 12 հազար ընտանիք Շամախիի խանություն, հազար ընտանիք տեղափոխվեց Տավուշ, հատկապես Ջրաբերդից։ Բավական մեծ թվով ընտանիքներ տեղափոխվեցին Արևելավրացական թագավորության սահմաններ/Գուգարք, Լոռի/։ 1813 թվականին, երբ Գյուլիստանի պայմանագրով Արցախը մտավ Ռուսաստանի կազմը, հայության թիվը ըստ Դուբրովինի, որը թերևս ամենաարժանահավատն է, կազմում էր 24 հազար ընտանիք։

Քիչ թե շատ հստակ թիվ Արցախի էթնիկական իրավիճակի մասին տրվեց 1823 թվականի կամերալ ցուցակագրության ժամանակ, երբ որ Կովկասի կառավարչությունը հավաքագրեց մարդահամարի տվյալներ։ Սակայն պետք է նշել, որ այդ կամերալ ցուցակագրությունը բավական անճշտություններ ունի, օրինակ քոչվոր ցեղերը ցուցակագրվում էին և ալպյան գոտում և կուր-արաքսյան միջագետքում, և նրանց թիվը բնականաբար կրկնապատկվում էր։ Սակայն զուտ Խամսայի մելիքությունների տարածքում հայերը միշտ էլ գերիշխող են եղել, օրինակ 1827 թվականի տվյալներով հայ բնակչությունը կազմում էր մոտ 84,6 տոկոս, իսկ թաթարները, որ հիմնականում Շուշիում էին՝ 14,7 տոկոս, 0,3 տոկոսն էլ քրդեր։ Իսկ գյուղական բնակավայրերում հայերի թիվը կազմում էր 97,5 տոկոս։

Ամբողջ Ղարաբաղի պրովինցիայի տարածքում, որտեղ նախկին Արցախ, Ուտիք նահանգներն էին, նույնիսկ այն դեպքում, որ հարթավայրային տարածքներում գրեթե հայ չէր մնացել, հայկական ընտանիքների թիվը հասնում էր 5185-ի, իսկ կովկասյան թաթարներինը կամ թրքալեզու և քրդալեզու էթնիկ հանրույթը կազմում էր մոտ 3880 ընտանիք։ Մնացածը  Ռուսաստանի իրականացրած կամերալ ցուցակագրության մեջ հստակ նշված են քոչվորներ։

Մարդահամարի ցուցակներում միշտ անճշտություններ լինում են և հստակ տեղեկություններ կան, որ 1823  և 1832-33 թվականներին  հայ բնակչության մի մասը չի հաշվառվել։ Քիչ թե շատ արժանահավատ են 1886 և 1897 թվականների մարդահամարների տվյալները, համաձայն որի բնակչության թիվը 116,8 հազար էր, որից 84,8 տոկոսը կազմում էին հայերը, 14,9 տոկոսը կազմում էին կովկասյան թաթարները և 0,3 տոկոսը կազմում էին ռուսները։

–  Ամփոփելով՝  վստահաբար կարող ենք ասել, որ 18-19-րդ դարերում, արցախյան առաջին պատերազմի արդյունքում կազմավորված Արցախի Հանրապետության սահմաններում  ապրող հայերը միշտ էլ գերակշռող են եղել։

Շարունակելի

Եթե ադրբեջանական կողմը չկատարի խոստումները, Ռուսաստանը պետք է օգտագործի առկա բոլոր ռեսուրսները Լաչինի միջանցքը ուժով բացելու համար

Artak Beglaryan –ը գրում է

Ինչպես այսօր ավելի վաղ հայտնվել է, ռուսական Կարմիր խաչի բեռնատարը Ակնայից մտել է Ասկերան, ապա՝ Ստեփանակերտ՝ մարդասիրական օգնություն հասցնելով ՌԴ կառավարության կողմից։ Ահա մի քանի հիմնական կետեր այս առնչությամբ.
1. Սա առաջին մարդասիրական մատակարարումն է արցախցիներին հունիսի 15-ից ի վեր՝ ադրբեջանական ցեղասպանության պայմաններում։
2. Դա կարող է դիտվել որպես Ալիևի ռեժիմի հաջողություն, քանի որ նրանց հաջողվեց միջնորդների օրակարգ մտցնել «Աղդամի երթուղին» և ապահովել բեռնատարի մուտքը իրենց կողմից՝ նվազեցնելով Լաչինի միջանցքի բացառիկ դերը։
3. Այնուամենայնիվ, նրանք ձախողեցին ադրբեջանական Կարմիր մահիկի հանցավոր ապրանքներն Արցախ առաքելու հարցում: Կարևոր է, որ ոչ մի ադրբեջանական ապրանք, անձնակազմ և մեքենա մուտք չի գործել Արցախ:
4. Թեև դա կարող էր մեկնաբանվել նաև որպես ռուսական հաջողություն, սակայն, ընդհանուր առմամբ, նրանք ձախողել են։ Պատճառն այն է, որ նրանք չկարողացան ապահովել Լաչինի միջանցքի բացումը իրենց պարտականությունների համաձայն և չստիպեցին Ադրբեջանին բացել այն գոնե Ակնայի երթուղու հետ միաժամանակ։
5. Համաձայնելով այս գործարքին, կարծես թե, Արցախի իշխանությունները նպատակ են ունեցել ոչ միայն մեղմել մեր ժողովրդի տառապանքները, այլև լրացուցիչ պատասխանատվություն դնել ռուսական կողմի վրա՝ որպես այս գործարքի երաշխավոր, ուժեղացնել ռուսական հնարավոր ճնշումը Ալիևի ռեժիմի վրա՝ Լաչինի միջանցքը բացելու նպատակով:
6. Քանի որ ռուսական և ադրբեջանական կողմերի կողմից նախկինում եղել են առաջարկներ և խոստումներ՝ Ակնայից առաջին մուտքից հետո 24 ժամվա ընթացքում բացել Լաչինի միջանցքը մարդասիրական մատակարարումների համար, տեսնենք, թե ինչ կլինի մինչև վաղը առավոտ։ Ես խիստ կասկածներ ունեմ, որ Ադրբեջանը նոր պատրվակներ ու պայմաններ կգտնի Լաչինի միջանցքի լիակատար արգելափակումը շարունակելու և մեր ժողովրդի տառապանքները խորացնելու համար։
7. Եթե ադրբեջանական կողմը չկատարի իր պայմանավորվածությունները և խոստումները, Ռուսաստանը պետք է օգտագործի առկա բոլոր ռեսուրսները Լաչինի միջանցքը ուժով բացելու համար՝ կանխելու տեղում իր հեղինակության հետագա խաթարումը։
8. Եթե որևէ կերպ հնարավոր չէ խուսափել ադրբեջանական երթուղու օգտագործումից, ապա անհրաժեշտ է քննարկել նաեւ այլ ուղիներ: Օրինակ, ինչո՞ւ թույլ չտալ ռուսական բեռնատարի մուտքը Շուշիից՝ Ակնայի փոխարեն, հատկապես, երբ շրջափակումից առաջ նման դեպքեր են եղել: Դա որոշակիորեն կնվազեցնի ադրբեջանական երթուղու բացասական ազդեցությունները։
9. Արցախի իշխանությունների համար շատ կարևոր է ներդաշնակորեն վարել իրենց ջանքերն ու ռեսուրսները ռուսական, եվրոպական և ամերիկյան կողմերի հետ և պահպանել թափանցիկ ու ազնիվ հաղորդակցություն բոլոր միջնորդների հետ։ Այս ընթացքում, ադրբեջանական կողմը փաստացի մերժել և չեղարկել է բազմաթիվ միջնորդական նախաձեռնություններ՝ խաղալով Ռուսաստանի և Արևմուտքի միջև առկա հակամարտության վրա։ Մտահոգություն ունեմ, որ առաջիկա օրերին նրանք կարող են նորից կիրառել այս մարտավարությունը։
10. Ե՛վ Արցախի իշխանությունները, և՛ բոլոր միջնորդները պետք է զգուշավորություն և պրոֆեսիոնալիզմ դրսևորեն բանակցություններ վարելիս՝ առաջին քայլից առաջ հստակեցնելու բոլոր մանրամասները: Կարծես թե, ոչ բոլոր մանրամասներն էին նախօրոք փոխհամաձայնեցվել ռուսական Կարմիր խաչի բեռնատարի մուտքից առաջ, և Ադրբեջանը կարող է փորձել օգտագործել այդ բացը` վտանգի ենթարկելու ռուսական այս նախաձեռնությունը:
11. Կարևոր մանրամասներից են, օրինակ, ում կողմից, երբ, ինչպես և որտեղից կտրվի մուտքը, առաքվող ապրանքների ծագումն ու բնույթը, նշանակված երթուղիները, Լաչինի միջանցքում վերահսկողության ռեժիմը, թույլատրելի օրական ծավալները, խաղաղապահների և ԿԽՄԿ-ի հստակ դերերը: Այս հարցերի շուրջ բանակցությունները, փոխհամաձայնեցումը և երաշխիքների ապահովումը կարևոր են մարդասիրական մատակարարումների վերաբերյալ որոշակիորեն կայուն և միջանկյալ լուծումներ ապահովելու համար:
12. Այս մտահոգություններին չանդրադառնալը և պայմանավորվածությունների կատարման հարցում գերտերությունների անմիջական երաշխիքների չապահովումը կարող է Ադրբեջանին թույլ տալ աստիճանաբար անցնել կարմիր գծերը և շահել ավելին, քան կարող է նման մոտեցման պարագայում:
Ի դեպ, խորհրդանշականորեն այսօր լրանում է Արցախի ժողովրդի ցեղասպանական շրջափակման 9-րդ ամիսը: Մեր ժողովուրդը խստորեն դիմադրում է ադրբեջանական բռնապետական և ցեղասպան ռեժիմին մեզ հպատակեցնելու ադրբեջանական և միջազգային հանցավոր բոլոր ջանքերին։

Նոր կառավարությունը կլուծարի՞ Հանրային խորհուրդը. Հակաճգնաժամային խորհուրդն արդեն ինքնալուծարվել է

Արդյո՞ք նոր իշխանությանը “սովետներ” են պետք Արցախում

Նոր կառավարության գալուստով Հակաճգնաժամային խորհուրդն անմիջապես դադարեցրեց իր աշխատանքը։ Հաջորդը Հանրային խորհուրդն է։

Խորհուրդներն աշխատել են հասարակական հիմունքներով, ուստի դրանց առկայությունը կամ լուծարումը որեւէ կերպ չի ազդում բյուջեի վրա։ Այնուամենայնիվ, “սովետներն” ազդում էին հասարակական կարծիքի ձևավորման վրա։

Հակաճգնաժամային խորհրդի գործունեությունը դադարեցնելը բարձրաստիճան պաշտոնյաների մեծամասնության երազանքն էր տարբեր պատճառներով՝ սկսած անձնական թշնամանքից մինչև բացահայտ ատելություն քաղաքական հավակնությունների համատեքստում։ Այս խորհրդի անդամները «իրենց շրջապատի» կամ «համակարգի» մաս չէին, ուստի նրանց հասանելիությունը տարբեր նախարարությունների, գերատեսչությունների և ծառայությունների փաստաթղթերին լրջորեն զայրացնում էր շատերին:

Օրինակ՝ պետական ​​և մասնավոր ընկերությունների միջև ֆինանսական գործարքների հրապարակումը կամ հասարակական գործիչների ընտանիքների անդամների գտնվելու վայրի մասին հարցումները, կամ էլ անշարժ գույք վարձակալության տվող սեփականատերերի անպատիժ գործողությունների մասին հրապարակումները:

Հակաճգնաժամային հինգ հոգուց բաղկացած խորհուրդը ինքնալուծարվեց դեռ նոր նախագահի երդմնակալությունից առաջ։ Նրա հետ խնդիրներ չեն եղել։ Ուրիշ բան՝ Հանրային խորհուրդը։ Կասկածներ կան, որ այն ցրվելու է։

Այս խորհուրդը համախմբել է մի քանի տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ասում են, որ Հանրային խորհուրդը հսկայական աշխատանք է կատարել սոցիալական հավասարության և անվտանգության ապահովման հարցում։ Աշխատանքը հատկապես ակտիվ ու օգտակար էր շրջափակման ժամանակ։ Իսկ ղեկավարության հետ հանդիպումներում խորհրդի անդամները բարձրացրել են երկրի համար կենսական նշանակություն ունեցող հարցեր։

Անհրաժեշտության դեպքում կառավարությունն օգտագործել է Հանրային խորհուրդը իր նպատակների համար։ Օրինակ՝ 2022 թվականի նոյեմբերին Հանրային խորհուրդը 24 ժամվա ընթացքում 22 հասարակական կազմակերպությունների ստորագրությամբ հայտարարություն է կազմակերպել՝ դժգոհություն հայտնելով Սահմանադրության մեջ պատրաստվող փոփոխությունների վերաբերյալ։ Որից հետո նախագիծը հետ կանչվեց նախագահի կողմից։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հանրային խորհրդի անդամներն ունեն իշխանությունների և մասնավոր հատվածի հետ աշխատելու մեծ փորձ, տրամաբանական կլինի, եթե նոր կառավարությունը պահպանի Հանրային խորհուրդը՝ որպես հասարակության հետ շփման համար անհրաժեշտ մարմին։

Ալվարդ Գրիգորյան

Սամվել Շահրամանյանը խորհրդակցություն է անցկացրել ուժային կառույցների ղեկավար կազմի հետ

Սեպտեմբերի 12-ին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է պաշտպանության նախարարություն և ծառայողական խորհրդակցություն է անցկացրել  հանրապետության ուժային կառույցների ղեկավար կազմի հետ։

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, խորհրդակցության ընթացքում քննարկվել է տարածաշրջանում ձևավորված ռազմաքաղաքական իրադրությունը։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի  ԶՈւ կողմից սեպտեմբերի 5-ից առայսօր իրականացվող տեղաշարժերին և կուտակումներին։
«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հումանիտար ճգնաժամի պայմաններում և իրադրության հնարավոր զարգացումների դեպքում խաղաղ բնակչության անվտանգության ապահովման հարցերին,  ինչպես նաև  առկա իրավիճակում հանրապետության պաշտպանական գերատեսչության  խնդիրներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Լավրովը դեռ հունվարին էր ասում, որ “միջանցքը շատ շուտով կբացվի”

Ռուսաստանը հույս ունի, որ մոտ ժամանակներս Աղդամի երթուղուն զուգահեռ կապաշրջափակվի նաև Լաչինի միջանցքը, և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը երկու ուղղություններից կանոնավոր կերպով կստանա հումանիտար օգնություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան նշել է, որ հուլիսի 25-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Մոսկվայում հանդիպման ընթացքում մշակել են Լաչինի և Աղդամի երթուղիների զուգահեռ ապաշրջափակման սխեման։

«Հաշվի առնելով դիրքորոշումների զգալի տարբերությունը և փոխադարձ անվստահության բարձր մակարդակը՝ այս աշխատանքը հեշտ չի ընթացել։ Որպես առաջին քայլ՝ սեպտեմբերի 12-ին «Ռուսաստանյան Կարմիր Խաչ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության միջոցով տարածաշրջան հասցվեց մարդասիրական օգնության խմբաքանակ։ Լեռնային Ղարաբաղի՝ օգնության կարիք ունեցող բնակիչներին է փոխանցվել շուրջ 15 տոննա սնունդ, անձնական հիգիենայի պարագաներ և անկողնային պարագաներ։ Ակնկալում ենք, որ հաշվի առնելով նախկինում ձեռք բերված փոխըմբռնումը՝ մոտ ապագայում Աղդամի երթուղուն զուգահեռ կապաշրջափակվի նաև Լաչինի միջանցքը, որից հետո երկու ուղղություններով էլ կանոնավոր կերպով հումանիտար օգնություն կմտնի տարածաշրջան», – ասել է Զախարովան։

Նա հույս է հայտնել, որ այս կերպ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը կկայունանա, և տեղի բնակչության բնականոն գործունեությունը կվերականգնվի։

«Սա իր հերթին պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության մեկնարկի և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի ամբողջ համալիրի իրականացման ուղղությամբ ռիթմիկ աշխատանքի վերսկսման համար», – եզրափակել է պաշտոնյան։

Այս տարվա հունվարի 18-ին Զախարովայի շեֆ Լավրովը ասել է, որ զրուցել է արտգործնախարարների հետ եւ համոզված պնդել, որ միջանցքը կբացվի “շատ շուտով”։

Արթուր Օսիպյան. Հայաստանի ղեկավարը իրավունք չունի որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը

«Ստացվում է, որ ամիսներ շարունակ ժողովրդին խոշտանգե՞լ են, որ իշխանությունը զավթե՞ն։ Աթեիստներ! Դուք կոտրում եք բնակչության վերջին մասի ոգին, որը դեռ պայքարում է»,- մեկնաբանելով ռուսական Կարմիր խաչի բեռնատարի մուտքը Ստեփանակերտ՝ ասաց Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։

Նրա խոսքով, Արցախի իշխանությունները պետք է հասկանան դեպի Հաքարի գետի կամուրջ խաղաղ գործողության նշանակությունը։ «Արցախի նոր կամ, ինչպես ասում են, նոր հին իշխանությունը պետք է հասկանա, որ կա՛մ մենք զանգվածային խաղաղ հանրահավաք-ավտոշարասյունով հասնում ենք Հաքարի և ինքներս ենք բացում միջանցքը՝ բեռներ թողնելով այստեղ, կա՛մ մեր ջանքերն ապարդյուն են»։

«Խաղաղ ավտոերթի ժամանակ խաղաղ բնակիչների վրա կրակելու հավանականությունը չափազանց ցածր է, և ռիսկը լիովին արդարացված է։ Քայլ առ քայլ, զիջումների գնալով թշնամուն, մենք մաշում ենք ժողովրդին ու ամեն օր թուլանում։ Դադարեք ինքներդ ձեզ պատրանքներով կերակրել, որ ուրիշները կօգնեն մեզ: Եվ դադարեք կենացներ պատրաստել: Ձեզ վրա պետք է հույս դնել ոչ թե խոսքերով, այլ գործով»։

Մեկնաբանելով Լաչինի միջանցքի վերաբերյալ ՌԴ ղեկավարի և Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունները, Օսիպյանն ասաց. «Հայաստանն իրավունք չունի որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Սա նրա իրավասությունը չէ, այլ ՄԱԿ-ի կանոնադրության հիմնաքարը: Եթե ​​անգամ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն՝ Արցախը ճանաչվել է որպես Ադրբեջանի մաս, և ոմանք իրենց դիլետանտիզմի պատճառով բարձրաձայնել են, դա ոչ մի կերպ չի վերացնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։

Ընդդիմադիրը կարծում է, որ ազատության հասնելու համար ղեկավարությունը պետք է խելք ու հոգի ունենա։ «Ճանաչման հասնելու համար Արցախին այսօր պակասում է միայն մեկ բան՝ քաղաքական էլիտան, պետական ​​այրեր։ Մի խոսքով, ղեկավարությունը պետք է ունենա խելք ու հոգի, և նրանց բացակայությունը մեր բոլոր անախորժությունների բուն պատճառն է»։

Մասիս Մայիլյանն էլ հրաժարական տվեց

Մասիս Մայիլյանը գրում է․

«Այսօրվանից թողնում եմ Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդականի-հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը։

Արդյունավետ համագործակցության համար երախտագիտություն եմ հայտնում Արցախի, Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի իմ գործընկերներին։

Համոզված եմ, որ մոտ ժամանակներս մենք նոր հնարավորություններ կունենանք պաշտպանելու և առաջ մղելու համար Արցախի Հանրապետության ու նրա անկոտրում քաղաքացիների շահերը։

Խաղաղություն բոլորիս»:

Ասեսն ասեսն տեռնաս չի

«ԱՀ քաղաքացիները «9009», «0044», «4452» կարճ հեռախոսահամարներից «Ղարաբաղը Ադրբեջան է» բովանդակությամբ «SMS» հաղորդագրություններ են ստացել։

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում նման հաղորդագրություններ ստանալու դեպքում չպատասխանել և խուճապի չմատնվել։

Կասկածելի բնույթի հաղորդագրություններ, զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմեք ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»։

Արցախի Հանրապետության ԱԱԾ

Նկարում է տարբեր թեմաներով, առանձնահատուկը՝ արցախյան բարբառով շապիկներն են

Նկարներում Անգելինայի աշխատանքներն են, ով ապրում, սովորում և ստեղծագործում է Արցախի Մարտունու շրջանի Աշան համայնքում:

Սկզբում շապիկների վրա նկարչությունը հոբբի էր, նկարում էր իր և հարազատների համար, հետո ժամանակի ընթացքում, շատերն էին հարցնում, թե որտեղից են այդ թեմատիկ աշխատանքները, Անգելինան որոշեց, որ ժամանակն է ունենալ սեփական բիզնեսը:

Նշում է , որ նպատակներից մեկը հենց օնլայն խանութ ունենալն էր և սեփական, տարբերվող ապրանքների տարածումն Արցախում և նրա սահմաններից դուրս:

Նկարում է շատ տարբեր թեմաներով, որոնցից առանձնահատուկը, իհարկե, արցախյան բարբառով շապիկներն են, որոնք յուրահատուկ կոլորիտ են հաղորդում աշխատանքներին և այն մարդկանց, որոնք կրում են դրանք:

Շրջափակման պատճառով այժմ անհնար է հումք ներմուծել, սակայն եթե հաճախորդն է տրամադրում շապիկը, ապա Անգելինան մեծ սիրով նկարում է:

Քրիստինե Ալահվերդյան

Նարինեն երազում է իր նկարների ցուցահանդես կազմակերպել Արցախում

Նարինեն Ստեփանակերտից է։ Նա դժվարին կյանքի միջով է անցել, բայց փորձությունները նրան ոչ թե կոտրեցին, այլ ավելի ուժեղ դարձրին։ Վաղ մանկության տարիներին նա վերապրել է Արցախյան առաջին պատերազմը, բայց հիմա ժպիտով է հիշում այդ դժվարին, բայց անհոգ օրերը։

Երջանիկ մանկությունն ավարտվեց տխուր. 14 տարեկանում անհաջող վիրահատության արդյունքում ողնաշարի վնասվածք է ստացել։ Այդ ժամանակվանից նրա համար այլ կյանք սկսվեց։ Նա բազմաթիվ փորձությունների միջով է անցել, որոնք արժանապատվորեն հաղթահարել է։

Ժամանակի ընթացքում Նարինեն իր օրինակով համոզվեց, որ ֆիզիկական սահմանափակումները չեն կարող խանգարել մարդուն վայելել կյանքը, պետք է հաշտվել իրականության հետ, նպատակ դնել և առաջ գնալ։

Ամեն մեկն իր խնդիրներն ունի։ Ոմանց մոտ դրանք տեսանելի են, իսկ ոմանց՝ թաքնված, ասում է նա։

Նարինեն մանկուց սիրում էր նկարել. Վնասվածքից հետո նա որոշել է լրջորեն զբաղվել նկարչությամբ։ Ք.Քոքսի վերականգնողական կենտրոնում, որտեղ նա բուժվում էր, գործել է նկարչական խումբ, որտեղ նա կատարելագործել է իր հմտությունները ուսուցչի օգնությամբ։

Նկարչության հանդեպ կիրքը գերակշռեց, եւ նա ընտրեց հենց այս մասնագիտությունը ու սկսեց պատվերով  դիմանկարներ նկարել։

Նա առցանց մասնակցել է Լոնդոնում անցկացված ոսկե տաղանդների մրցույթին՝ զբաղեցնելով մրցանակ։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Գյուրջյանի անվան կիրառական արվեստի համալսարան։

Անարգելք միջավայրի և հարմար տրանսպորտային միջոցների բացակայության պատճառով նա չէր կարողանում ամեն օր հաճախել դասերին, բայց ոչինչ չէր կարող խանգարել նրան իր նպատակներին հասնելու ճանապարհին։ Հեռակա սովորելով՝ նա գերազանցությամբ ավարտել է համալսարանը։

Ի թիվս այլ խնդիրների, Նարինեն ուներ նաև հոգեբանական խոչընդոտներ։

Կուզենայի, որ մարդիկ մեզ ընդունեն այնպիսին, ինչպիսին կանք, և չունենային այն բարդույթները, որոնք արցախյան հասարակության մեծ մասն ունենում է ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարդու տեսնելիս, ասում է նա։

Այժմ Նարինեն ապրում է Ռուսաստանում, զբաղվում է վեբ դիզայնով, ինչպես նաև առցանց և օֆլայն նկարչության դասեր է անցկացնում երեխաների համար։

Նարինեն սիրում է աշխատել երեխաների հետ, և երեխաները նույնպես ձգվում են դեպի նա։ Նա շատ է անհանգստացած Արցախում շրջափակման մեջ գտնվող իր ընտանիքի և ընկերների համար և հուսով է, որ շուտով կկարողանա վերադառնալ հայրենիք՝ հանդիպելու նրանց, ինչպես նաև երազում է իր նկարների ցուցահանդես կազմակերպել Արցախում։

Նարինեի ստեղծագործություններից մի քանիսը կարող եք դիտել այստեղ։

Արսեն Աղաջանյան