Գերմանիան 2 միլիոն եվրո կհատկացնի ԿԽՄԿ-ին Լեռնային Ղարաբաղում հումանիտար գործունեության համար

Գերմանիան Կարմիր խաչի միջազգային կոմիտեին հավելյալ 2 միլիոն եվրո կտրամադրի Լեռնային Ղարաբաղում հումանիտար առաքելության նախագծի համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը։

«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շատ լարված է։ Գերմանիան հավելյալ 2 միլիոն եվրո է հատկացնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ տարածաշրջանում իր կյանքեր փրկող նախագծի համար։ Կարևոր է, որ օգնությունը հիմա տեղ հասնի, դրա համար մենք ձգտում ենք բացել հումանիտար հասանելիությունը»,- գրել է դեսպանությունը X-ի իր էջում։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորը հույս ունի, որ Ֆրանսիան ԼՂ հարցով բանաձև կներկայացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ

Եվրախորհրդարանի պատգամավոր, ԵԽ-Հայաստան բարեկամական խմբի անդամ Ֆրանսուա Քսավիյե Բելյամին համոզված է՝ եթե Ադրբեջանի դեմ խիստ պատժամիջոցների առաջին փաթեթը կիրառվի, ապա Ալիևը կհասկանա, որ պետք է դադարեցնի ագրեսիան։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում եվրախորհրդարանականը նշել է, որ վտանգված են մարդկային կյանքեր, և Եվրոպան չի կարող լռել՝ հակադրվելով իր իսկ սկզբունքներին։ Բելյամիի խոսքով՝ Ալիևին պետք է իրականություն վերադարձնել, որպեսզի նա հասկանա, որ Եվրոպան է Ադրբեջանին պետք, ոչ թե Ադրբեջանը Եվրոպային։ Եվրապատգամավորն անընդունելի է համարում ԵՄ-ի այն քաղաքականությունը, երբ լարվածությունը թուլացնելու կոչեր են արվում և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին։ Նրա խոսքով՝ հանցագործի և զոհի միջև հավասարության նշան դնելն անընդունելի է։

-Պարո՛ն Բելյամի, դուք շատ մոտիկից եք հետևում Հայաստանում և Արցախում զարգացումներին։ Նույնիսկ մինչև Լաչինի միջանցք հասաք այս գարնանը, որպեսզի Ձեր աչքով տեսնեք ամեն ինչ։ Վերջերս կրկին Երևանում էիք։ Ալիևի ռեժիմի քաղաքականությունն ինչո՞ւ է անպատիժ մնում։ Ո՞րն է Ձեր հետևությունը։

-Քաղաքական կամքի բացակայության պատճառով, ցավոք, եվրոպական երկրները իրավիճակը շատ պարզունակ կերպով են պատկերացնում։ Կենտրոնանալով ուկրաինական պատերազմի վրա, որն, իհարկե, հիմնական թեմա է, նրանք մոռանում են, որ, եթե մենք ուզում ենք հետևողական լինել, ապա չենք կարող այսօր պատժամիջոց չկիրառել պարոն Ալիևի ռեժիմի նկատմամբ, որը միջազգային իրավունքի շատ լուրջ խախտումների համար մեղավոր է։ Այս դեպքում՝ խախտվում է մարդասիրական իրավունքը։ Ես մի քանի ամիս առաջ ուղղում էի ներկայացրել, որ Եվրախորհրդարանը պատժամիջոցներ պահանջի պարոն Ալիևի դեմ, և այս ուղղումն ընդունվեց, և հիմա մենք սպասում ենք, որ Հանձնաժողովը վերջապես գործի, որպեսզի մենք պարզապես կարողանանք միջոցներ ձեռնարկել։ Այսօր վտանգված են մարդկային կյանքեր։ Վերջին օրերին մի քանի հայ զինվորներ սպանվել կամ վիրավորվել են բացարձակապես անհիմն ագրեսիայի հետևանքով։  Նորից եմ կրկնում մարդկային կյանքեր են վտանգված, և մենք լռելու իրավունք չունենք։

-Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է իր  պայմաններն ընդունելի դարձնել բռնության, ուժի կիրառման միջոցով։ Օրեր առաջ Ադրբեջանը նոր ագրեսիա ձեռնարկեց  Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր։ ԵՄ արձագանքը մտահոգիչ է, քանի որ բացի խորը մտահոգությունից և կողմերին հրադադարը հարգելու կոչ անելուց, ոչինչ չի արվում։ ԵՄ-ի օգտագործած բառապաշարը տարրական է դարձել։  Կարծեք թե, մոտեցումը հետևյալն է՝ ինչ-որ բան ասել միայն ասելու համար։  Ինչպե՞ս կբացատրեք այս վերաբերմունքը՝ հաշվի առնելով, որ խոսքը նույն Միության մասին է, որը փորձում է միջնորդ լինել և հնարավոր խաղաղության պայմանագրի վերաբերյալ մեծ հավակնություններ ունի։

-Միգուցե, այդ երկուսը փոխկապակցված են: Երկու կողմերին կոչ անելու  քաղաքականությունն անընդունելի է։ Երկու կողմերին նույն հարթության վրա դնելու փաստը հավասարազոր է ագրեսորին, հարձակվողին, հանցագործին ու զոհին շփոթելու, հավասար տեսնելուն: Ինչպես մենք ի վիճակի ենք դատապարտել ագրեսիան, երբ Ռուսաստանը հարձակվում է Ուկրաինայի վրա, և մենք չենք խնդրում, որ երկու կողմերը համաձայնեն, այնպես էլ պետք է պարզաբանենք, որ այստեղ կա մի մեղավոր, ով ծրագրում է, կազմակերպում և, ավելին՝ պատասխանատվություն է կրում իր հարձակումների և ագրեսիայի համար։ Իսկ մյուս կողմում կա երկիր ու անմեղ ժողովուրդ, որը ցանկանում է միայն խաղաղ ապրել իր հայրենիքում։ Այնպես որ, մենք չենք կարող երկու կողմերին նույն հարթության վրա դնել, այլապես՝ ինչպես դուք ասացիք, պատրաստ ենք ընդունել, որ Ալիևը հաջողության է հասնում իր առջև դրված խնդրում: Այսինքն՝ բռնությունն ավելի կարևոր է, քան օրենքը, իսկ հանցագործությունը կարևոր է փաստերից։ Եվ, եթե ընդունենք սա, ուրեմն վաղը կապրենք շատ ավելի վտանգավոր աշխարհում։ Կարծում եմ, որ պատճառը եվրոպացի առաջնորդների մի մասի բարեխղճությունն է, ովքեր կարծում են, որ կարող են լինել միջնորդ և համարում են, որ անհրաժեշտ է խուսափել ներգրավված կողմերից մեկի հետ երկխոսության խզումից։ Ես նույնպես կարծում եմ, որ երկխոսությունը կարևոր է, բայց երկխոսությունը չի կարող լինել պարզության հաշվին։ Եվ, իհարկե, մենք պետք է պահպանենք խաղաղությունը, բայց խաղաղության համար պայմաններ ստեղծելը նախ ենթադրում է արդարության երաշխավորում, քանի որ հակառակ դեպքում մենք հերթական անգամ պարադոքսալ կերպով վտանգում ենք խաղաղությունը շատ ավելի մեծ մասշտաբով, քան Կովկասյան տարածաշրջանում։

-Վերջերս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց ունեցավ Ալիևի և Փաշինյանի հետ։ Մինչդեռ ադրբեջանական կողմը Ֆրանսիայի ցանկացած ներգրավվածության դեմ է հանդես գալիս՝ պնդելով, որ Ֆրանսիան հայամետ կեցվածք ունի  և անաչառ լինել չի կարող։ Ո՞րն է Ձեր արձագանքը։  

-Նախ՝ Ադրբեջանին պետք է իրականություն վերադարձնել։ Ադրբեջանն այսօր այնպես է խոսում  եվրոպացի առաջնորդների մասին, կարծես ինքն է, որ կարող է վերահսկել նրանց։ Բայց իրականում, ի հեճուկս այն բանի, ինչին, ցավոք, շատ եվրոպացի պատգամավորներ հավատացին, ոչ թե Ադրբեջանն է պետք Եվրոպային, այլ Եվրոպան է պետք Ադրբեջանին: Ցավալին այս իրավիճակում այն ​​է, որ ի տարբերություն այլ, շատ ավելի հզոր երկրների, ավելի անկախ վարչակարգերի, որոնց վրա պատժամիջոցները, ի վերջո, շատ քիչ ազդեցություն ունեն, Ադրբեջանի դեպքում այդպես չէ, բայց մենք չենք գործում։ Ես համոզված եմ, որ, եթե վճռականորեն իրականացվի խիստ պատժամիջոցների առաջին փաթեթը, պարոն Ալիևն անմիջապես կհասկանա, որ պետք է դադարեցնել այս ամենը։

-ԵՄ ղեկավարներն ամեն առիթով կրկնում և ընդգծում են, որ Ադրբեջանը էներգետիկ կարևոր և հուսալի գործընկեր է։ Հետևաբար, հարց է առաջանում, արդյոք հենց այս դիսկուրսը չէ՞, որ կանաչ լույս ու խիզախություն է տալիս Ադրբեջանին՝ անել այն ամենը, ինչի ականատեսն ենք այսօր։

-Իհարկե։ Նախ, դա սուտ է․ այն, ինչ մենք գնում ենք Ադրբեջանից, հիմնականում ռուսական ածխաջրածիններն են, և, հետևաբար մենք կազմակերպում ենք Ռուսաստանի նկատմամբ մեր իսկ պատժամիջոցների շրջանցումը՝ շատ մտահոգիչ երկակիությամբ։ Բայց, նախևառաջ, Ադրբեջանի կողմից մատակարարվող ծավալները շատ ցածր են, և ներմուծման առաջիկա աճի համատեքստում այդ ծավալները կլինեն բոլորովին ավելորդ։ Եվ պարոն Ալիևն է, որ պետք է անհանգստանա, հասկանա՝ ինքն ունի Եվրոպայի կարիքը։ Բայց վերջին բանը, որ կցանկանայի ասել հետևյալն է՝ մենք շատ լավ տեսնում ենք, թե ինչպես Ալիևի նման բռնապետներին, ի վերջո, երբեք չեն գոհացնում այն ​​փոխզիջումները, որոնց մենք փորձում ենք գնալ նրանց հետ: Պարոն Ալիևին ոչ թե առճակատումն է դրդում  առաջ շարժվել, որին նա ենթարկվում է, այլ թուլությունը, որ նա տեսնում է հատկապես արևմտյան ուժերի մոտ։ Ես դա ասում եմ նաև, քանի որ կարծում եմ, որ այն, ինչ կատարվում է հիմա, պետք է հասկանան բոլոր եվրոպացիները: Շատ եվրոպացիներ արձագանքեցին 2020 թվականի պատերազմին կամ չարձագանքեցին՝ ասելով, որ դա Ղարաբաղն է՝ վիճելի տարածք է, և վերջապես դա նորմալ է՝ գրեթե օրինականացնելով այն փաստը, որ մենք կարող ենք բռնություն կիրառել վիճելի տարածքները գրավելու համար։ Բայց շատ պարզ է՝ եթե ընդունենք, որ բռնությունը խնդիրների լուծման մեթոդ է, ապա պարոն Ալիևի ծրագրի մնացած մասը միանգամայն ենթադրելի է։ Եթե ​​վաղը Ադրբեջանը վերցնի Ղարաբաղը, ապա հաջորդ քայլը հենց Հայաստանի Հանրապետության տարածքի վրա հարձակումն է, ինչպես դա արեց մի քանի ամիս առաջ։ Այսպիսով, բոլորը պետք է նկատի ունենան, որ իրենց աչքաթողությունը կմեկնաբանվի որպես խախտելու թույլտվություն, ավելի առաջ գնալու արտոնագիր, սպանելու և ավելին՝ միջազգային իրավունքը խախտելու լիցենզիա:

-Ֆրանսիան շարունակում է լինել այն եզակի երկրներից, որ ամեն գնով փորձում է հարցին արդարացի լուծում տալու եզրեր գտնել։ Ֆրանսիայի Սենատը, խորհրդարանը բազմիցս են իրենց դիրքորոշումը հայտնել բանաձևերով։ Արցախի ճանաչման հարցն ինչո՞ւ այդպես էլ օրակարգ չի գալիս կառավարության մակարդակով։ Ի՞նչն է խանգարում Ֆրանսիային դա անել։

-Ես կարող եմ խոսել միայն մեր քաղաքական ընտանիքի մասին։ Մենք նախագահական մեծամասնություն չենք, մենք ընդդիմություն ենք, բայց, օրինակ,  Սենատում ունենք մեծամասնություն, և այս մեծամասնության ազդակով է, որ Սենատն առաջինն է Եվրոպայում, որ ճանաչել է Արցախի անկախությունը։ Եվ այս ճանաչումը, կարծում եմ, ազդեցիկ դրսևորում էր։ Այսպիսով, մեր ողջ քաղաքական ընտանիքն այսօր իսկապես շատ պարզ է այս թեմայով:

-Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Ֆրանսիան  բանաձև է ներկայացնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որքանո՞վ է ճիշտ այս տեղեկությունը։

-Այո՛, հուսով եմ, որ այդ նախաձեռնությունները կյանքի կկոչվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Այդ մասին մի քանի օր առաջ Երևանում խոսելու հնարավորություն ունեցա ԱԳ փոխնախարար պարոն Հովհաննիսյանի հետ։ Դա, անշուշտ, կարևոր լծակ է գործելու և նաև մեր ամերիկացի ընկերներին պարզ և վճռական ընդհանուր դիրքորոշման հարցում որոշման մղելու համար։ Այսպիսով, այո՛, ես հավատում եմ, որ մեզ սպասվում են կարևոր հանգրվաններ: Բայց սարսափելի է, որ սա ավելի շուտ տեղի չունեցավ: Եվ ես դա չեմ ասում, քանի որ հայամետ եմ, ինչպես Ալիևն է մտածում: Ես դա ասում եմ, քանի որ, ի վերջո, Հայաստանին չէ, որ մենք պաշտպանում ենք, մենք պաշտպանում ենք միջազգային իրավունքը, մենք պաշտպանում ենք արդարությունը, անմեղ քաղաքացիներին, ովքեր շրջափակման մեջ են։ Այսօր նրանց միջոցով մենք պաշտպանում ենք մարդասիրական իրավունքը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Եվ, եթե ուզում եք ճշմարտությունն իմանալ, մենք Հայաստանին չենք պաշտպանում, իրականում հայ ժողովուրդն է պաշտպանում այն, ինչից մենք նույնպես պետք է կառչած լինենք։ Մենք ակնհայտորեն պետք է շարժվենք դեպի նոր դիվանագիտական ​​նախաձեռնություններ։ Անվտանգության խորհրդի բանաձևը կպահանջվի՝ չնայած Ռուսաստանի հետ առկա դժվարություններին։ Ամեն դեպքում ոչինչ չի խանգարում Եվրոպային գործել հիմա՝ պատժամիջոցներ կիրառելու համար։ Խորհրդարանն ունի հստակ դիրքորոշում, հիմա Խորհուրդը պետք է լինի նախաձեռնող, և Ֆրանսիան խնդրում է Խորհրդին, որ այդ պատժամիջոցները կիրառվեն Ալիևի ռեժիմի դեմ:

-Միջազգային հեղինակություն ունեցող փորձագետներն ու կառույցներն ահազանգում են՝ Արցախում տեղի ունեցողը ցեղասպանություն է։ Այս փաստը ԵՄ-ին որքանո՞վ է հուզում։ Ո՞րն է Ձեր գնահատականը Միության վարած քաղաքականությանը։ Չէ՞ որ միայն խորը մտահոգությունը ցեղասպանություն չի կանխում։

-Միանշանակ, հենց այս մասին մենք խոսում էինք ԵԺԿ (Եվրոպական ժողովրդական կուսակցություն) քաղաքական վեհաժողովում, որը համախմբում է Եվրախորհրդարանի քաղաքական խմբերը եվրոպական մակարդակով, և մենք հստակ կետ նվիրեցինք այս հարցին։ Նպատակը վաղը ռազմական հանցագործությունները հետաքննող տրիբունալ ստեղծելը չէ։ Նպատակն է կանխել այս հանցագործություններն այսօր: Ի վերջո, մենք խոսում ենք 30.000 երեխաների կյանքի մասին, 120.000 խաղաղ բնակիչների կյանքի մասին։ Շատ հստակ նախագիծ է իրականացվում Ադրբեջանի կողմից՝ էթնիկ զտումներ, որոնք, ցավոք, արդեն տեսել ենք 2020 թվականին նրանց կողմից նվաճված տարածքներում. խաղաղությո՞ւն և անդո՞րր Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում. Ոչ ոք սրան չի հավատում, հատկապես բնիկ հայերը։ Նրանց բոլորին կա՛մ ստիպել են փախչել, կա՛մ սպանել են, և, հետևաբար, երբ միջազգային դատարանը, ցեղասպանությունների կանխարգելման ամենաառաջադեմ մարմինները ահազանգում են նման հրատապ թեմայի շուրջ, պետք է ականջալուր լինել և սթափվել։  Եվրոպան պարտավոր է թույլ չտալ նոր ցեղասպանության կրկնություն։ Դա անջնջելի բիծ կլինի եվրոպական խղճի վրա գալիք դարերի ընթացքում։

 

ԱՀ ԱԺ նախագահ Դ. Իշխանյանի նամակը կփոխանցվի Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահին

Ինչպես հաղորդում է ԻԻՀ-ում հրապարակվող «Ալիք» օրաթերթը՝ Իրանի Իսլամական խորհրդարանում իրանահայության երկու պատգամավորներ Արա Շահվերդյանի և Ռոբերտ Բեգլարյանի միջնորդությամբ ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի նամակը փոխանցվելու է Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահին։

Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Օրեր առաջ ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը նամակներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի, Ռուսաստանի Դաշնության Պետդումայի, Ֆրանսիայի Հանրապետության Սենատի, ԱՄՆ Սենատի, ԱՄՆ կոնգրեսի, ինչպես նաև Եվրախորհրդարանի խոսնակներին։

«Ալիք» օրաթերթի փոխանցմամբ՝ Իրանի օրենսդիր իշխանությունների կողմից սպասվող հնարավոր արձագանքներին ծանոթանալու նպատակով հեռախոսազրույց են ունեցել Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի և Հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանի հետ և նրանից հետաքրքրվել, թե արդյոք Դավիթ Իշխանյանի կիրառած նոր գործելաձևը կարող է ազդեցիկ գործիք դառնալ ադրբեջանական արգելափակման վերացման և Իրանի կողմից միջամտության տեսանկյունից:

Արա Շահվերդյանը նախ տեղեկացրել է, որ նամակից մի օրինակ ՀՀ-ում հանձնվել է Իրանի Իսլամական խորհրդանարում Սպահանի և Հարավային իրանահայության պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանին և արդեն այստեղ երկուսով պատրաստվում են այն հանձնել Իսլամական խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բադեր Ղարիբաֆին:

Ապա պատգամավորն ընդգծել է, որ այսօրվա դրությամբ շատ կարևոր է տարբեր գործիքակազմերի կիրառումը և ըստ պատգամավորի՝ բոլոր քայլերն էլ կարող են ազդել Արցախի էթնիկ բնակչության շահերի պաշտպանության առումով:

«Չնայած տարբեր անձանց ու կառույցների կողմից հնչող դատապարտող կոչերին, Բաքուն շարունակում է արգելափակել Լաչինի միջանցքը, զրկելով Արցախին Հայաստանի հետ կապող միակ կենսական ճանապարհից: Ադրբեջանը անտեսում է ՄԱԿ-ի, Անվտանգության խորհրդի, Եվրախորհրդարանի, ՄԻԵԴ-ի և Հաագայի դատարանի ու այլ միջազգային կառույցների պահանջները, իրագործելով արցախահայության էթնիկ զտման, սադրանքի և ուժի սպառնալիքի քաղաքականությունը», – նշել է Շահվերդյանը, ընգծելով, որ Արցախի 120 000 քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի հնարավորությունից և ապրում են աղետալի պայմաններում, ոտնահարվում են նրանց հիմնարար իրավունքները, իսկ Ադրբեջանին միջազգային հանրության ուղերձները կառուցողական դաշտ չեն բերում:

Հարցմանը, թե ինչպիսի գործընթացներ է նախատեսում Իրանի Իսլամական խորհրդարանը նման օրակարգային հարցերի առնչությամբ, Արա Շահվերդյանը նշել է, որ իրենք պատրաստվում են որպես միջնորդ հանդես գալ նամակի հանձնման ուղղությամբ, որը նշանակում է, որ ուղղակիորեն այն կստանա խորհրդարանի խոսնակը:

Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամավորը շեշտել է, որ որպես իրանահայության զույգ պատգամավորներ, անպայման կշարունակեն հետևողական լինել Արցախի էթնիկ բնակչության շահերի պաշտպանության հարցերի նկատմամբ, ընդգծելով, որ որպես երկրի օրենսդիր իշխանության մեկ մասնիկ, բազմիցս դիմել են պետական անձանց ՝ խնդրելով տարբեր քաղաքական ու դիվանագիտական միջոցներ կիրառել, ճնշումներ գործադրել ադրբեջանական սադրանքները զսպելու մեխանիզմներ կիրառելու և Արցախի էթնիկ բնակչության իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Արա Շահվերդյանն ընդգծել է, որ հետամուտ են լինելու, որպեսզի Արցախի ԱԺ նախագահ Դ. Իշխանյանի հղած նամակ-պահանջը Իսլամական խորհրդարանի խոսնակի կողմից հասցեական և համապատասխան արձագանք ստանա:

 

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» շարժումը շարունակում է փակ պահել Ակնա-Ասկերան ճանապարհը

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» շարժումը շարունակում է փակ պահել Ակնա-Ասկերան ճանապարհը:

Շարժման ներկայացուցիչ Արշակ Աբրահամյանը Step1.am-ին հիշեցրեց, որ արգելափակման նպատակը մնում է անփոփոխ, ակցիան շարունակվում է, և հավելեց, որ երեկ Ճակատը հայտարարություն է արել և սպասում է Արցախի իշխանությունների արձագանքին։

Արցախի անվտանգության և զարգացման ճակատի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ցանկացած մեքենայի անցումը Ակնայով (Աղդամ) կարմիր գծի խախտում է, փաստն ինքնին չափազանց վտանգավոր է իրադարձությունների հետագա զարգացման համար։ Այնուամենայնիվ, մենք շնորհակալություն ենք հայտնում Արցախի Հանրապետության ղեկավարությանը բաց լինելու և պատասխանատվություն ստանձնելու, դժվար որոշումներ կայացնելու պատրաստակամության  և հասարակության հետ երկխոսություն կառուցելու փորձերի համար։ Համենայնդեպս, ինչպես կյանքը ցույց տվեց, Ադրբեջանը չի պատրաստվում որեւէ մեկի հետ որեւէ պայմանավորվածություն կատարել, այդ թվում՝ Ռուսաստանի»։

Արցախի պաշարմամբ պայմանավորված` համակարգչային տեխնիկայի գործադրմամբ խարդախության դփպքերն աճել են. ՆԳՆ

Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում՝ Արցախի պաշարման հետ կապված, ավելացել են համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հանցագործության դեպքերը:

ԱՐՑԱԽՊՐԵՍ: Աղբյուրի տեղեկատվությամբ` մասնավորապես, սոցիալական ցանցերում Արցախի բնակիչներին հարմար գներով առաջարկում են ապրանքներ և խոստանում այն կարճ ժամանակահատվածում հասցնել Ստեփանակերտ: Կառույցի տարածած հաղորդագրության համաձայն` խարդախության եղանակով գումարը հափշտակելուց հետո արցախցի օգտատերերը հայտնվում են սև ցուցակում: Միայն սեպտեմբեր ամսվա ընթացքում այսօրինակ 2 հաղորդում է ստացվել: Խաբեությամբ շահույթ ստանալ ակնկալողները սոցցանցում ստեղծում են տարբեր անվանումներով կեղծ օգտահաշիվներ, որոնցում տեղադրում են գայթակղիչ հայտարարություններ:

Սեպտեմբերի 1-ին տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է մուտքագրվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Բ.-ի դիմումն այն մասին, որ «Ֆեսյբուք» սոցիալական ցանցի միջոցով, կապ է հաստատել «Hunanyan Gayane» անվամբ գրանցված օգտատիրոջ հետ, ով նամակագրության ընթացքում ձեռք է բերել էլեկտրական սկուտերի գնման պայմանավորվածություն, որից հետո «Hunanyan Gayane» անվամբ գրանցված օգտատերը պահանջել է տերմինալի միջոցով «IDBank» ՓԲ ընկերության 43182900100**** բանակային քարտին փոխանցել ընդհանուր 156.000 ՀՀ դրամ՝ էլեկտրական սկուտերի ձեռք բերման նպատակով:

Նույն օրը Ա. Բ.-ն տերմինալի միջոցով բանակային քարտին 156000 ՀՀ դրամ է փոխանցել, որը ստանալուց հետո հափշտակվել է անհայտ անձի կողմից, ինչի արդյունքում Արցախի բնակչին պատճառվել է գույքային վնաս:

Սեպտեմբերի 5-ին վարչությունը ստացել է մեկ այլ դիմում՝ Մարտակերտի շրջանի բնակիչ Հ.Ի.-ից: Օգոստոսի 31-ին «Ֆեսյբուք» սոցիալական ցանցի միջոցով վերջինս կապ է հաստատել «Arustamyan Andrey» անվամբ գրանցված օգտատիրոջ հետ, ով «Messenger» հավելվածի միջոցով նամակագրության և զանգերի ընթացքում ձեռք է բերել բենզինի, ծխախոտի և ձեթի գնման պայմանավորվածություն, որից հետո վերջինս պահանջել է տերմինալի միջոցով 43182900922**** բանակային քարտին փոխանցել ընդհանուր 200․000 ՀՀ դրամ գումար։

Պայմանավորված ապրանքը ձեռք բերելու նպատակով, սեպտեմբերի 3-ին Հ․Ի.-ն տերմինալի միջոցով նշված բանակային քարտին ընդհանուր 200․000 ՀՀ դրամ գումար է փոխանցել, որը ստանալուց հետո հափշտակվել է ոմն Անդրեյ անունով ներկայացած անձի կողմից, ինչի արդյունքում Հ․Ի.-ին պատճառվել է զգալի չափերի հասնող գույքային վնաս:

Ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը կոչ է անում Արցախի քաղաքացիներին ցուցաբերել զգոնություն, զերծ մնալ նմանատիպ գործարքներից և չընկնել ծուղակը, իսկ տուժելու դեպքում դիմել ոստիկանություն։

Մարգարիտա Քարամյան. Արդեն երրորդ անգամ չկարողացա միջանցքով անցնել Ստեփանակերտում ընտանիքիս հետ հանդիպելու համար

Օկուպացված Հադրութից բռնի տեղահանված Մարգարիտա Քարամյանը երրորդ անգամ փորձում է Բերձորի միջանցքով հասնել Արցախ՝ իր ընտանիքին, սակայն ապարդյուն։

«Deutsche Welle-ի նկարահանող խմբի հետ ես ևս մեկ անգամ փորձեցի մեքենայով հասնել Հաքարի գետի կամուրջ: Բնականաբար, մեզ այնտեղ թույլ չտվեցին, քանի որ այս գոտում վերահսկողությունն այժմ ուժեղացված է։ Կարծում եմ՝ այստեղ կայանված բեռնատարների պատճառով։ Բայց, այնուամենայնիվ, կարողացանք արձանագրել, որ երրորդ անգամ եմ մոտենում կամրջին, բայց չկարողացա հասնել ընտանիքիս անդամներին, որոնց 10 ամիս չեմ տեսել»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց Մարգարիտա Քարամյանը։

«Ֆրանսիական բեռնատարները նույնպես կանգնած են, թեև 10-ից միայն 2-ն է մնացել, ես լսել եմ, որ դրանցից մի քանիսը վերադարձվել են Հայաստան՝ տեղահանվածների միջև բերված օգնությունը բաժանելու համար, բայց չեմ կարող հաստատել»,- ասաց նա։

Մարգարիտա Քարամյանի խոսքով՝ ադրբեջանական անցակետը կանգնած է, հայերը անցնում են միայն ԿԽՄԿ մեքենաներով, և, ըստ ամենայնի, համարյա բոլորը հետ են գնում Արցախ։

Պատգամավոր Արթուր Հարությունյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը սույն թվականի սեպտեմբերի 11-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.

Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Իվանի Հարությունյանը սեպտեմբերի 11-ին ներկայացրել է հրաժարականի դիմում, ասված է հայտարարության մեջ։

Մեր տվյալներով, Հարություննայնը Արցախի պետնախարար կնաշանակվի։

“Ռուսական կարմիր խաչի ավտոմեքենան Աղդամով վերմակներ է բերում”․ Տիգրան Պետրոսյան

Ի միջի այլոց, ռուսական կարմիր խաչի ավտոմեքենան, որը փորձում են անցկացնել Աղդամով, որպես հումանիտար բեռ վերմակներ է բերում…
Մեզ փորձում են նսեմացնել, բայց ցավալին այն է, որ այդ ամենին մասնակից են նաև հայեր…
Հետևությունները թողնում եմ ձեզ…

Միջազգային իրավունքի անտեսումը մեծ սխալ է

Շաբաթ օրը նախագահ ընտրված Սամվել Շահրամանյանը խորհրդարանում իր «նախընտրական» ելույթում ասաց, որ «Արցախի հայության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանված չեն միջազգային իրավունքի շրջանակներում»։ «Հետևաբար, միջազգային իրավունքի վերաբերյալ մեր պատկերացումներն ու ակնկալիքները համարում եմ անիրատեսական և իրականությունից կտրված, քանի որ ակնհայտ է, որ միջազգային քաղաքականությունը, աշխարհաքաղաքականությունը, նույնիսկ պատերազմները միջազգային իրավունքի շրջանակներում չեն ընթանում»,- կարծում է նա։

«Վերոնշյալն Արցախին այլ ելք չի թողնում, քան ստեղծված իրավիճակից ելնելով միջանկյալ լուծումներ գտնելու փորձերից»,- ասաց նա։

«Կախված ներկայումս քննարկվող հարցերի մասշտաբից՝ բանակցությունների ձևաչափը կարող է լինել ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմանի։ Միակ պարտադիր պայմանը պետք է լինի երրորդ երկրի կողմից բանակցությունների կազմակերպումը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման երաշխիքով»,- նշեց նա։

Արցախցի քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանը թվարկեց գործոններ, որոնք ապացուցում են, որ միջազգային իրավունքը դեռևս մեր գոյության երաշխիքն է՝ չնայած ահաբեկչական պատերազմին և «դաշնակիցներին»։ Եվ ակնհայտ է, թե որտեղից են «աճում» նախագահի կարծիքի ոտքերը՝ հրաժարվեք միջազգային իրավունքից, և մենք երաշխավորում ենք, որ ձեր մահը կլինի ոչ թե արագ, այլ դանդաղ։ Պարզ է, թե ով է դա ասում։

«Եվրոպական կազմակերպությունների եւ ՄԱԿ-ի բանաձեւերն ու փաստաթղթերը հստակորեն սահմանում են մեր կարգավիճակի և սահմանների պարամետրերը։ ԼՂԻՄ-ում և Բերձորում կռվելիս մենք պաշտպանում էինք մեր բնիկ հավաքական իրավունքները, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Քելբաջարի (Քարվաճառ) ազատագրումից հետո միայն ընդունեց մեր հակամարտության վերաբերյալ առաջին բանաձևը։ Կոլեկտիվ իրավունքների, ժողովրդի կողմից ընտրված ղեկավար մարմինների, ինչպես նաև սեփական զինված ուժերի առկայությունը նույնպես ճանաչվեց աշխարհի կողմից»,- ասում է Դավիթ Կարաբեկյանը։

«Այս փաստաթղթերում մեր կողմից ազատագրված տարածքների՝ Ադրբեջանին պատկանելու մասին խոսք չկար և չէր էլ կարող լինել։ Իսկ այն, որ ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի Մինսկի համաժողովում, եւս ասվում է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրախորհրդարանի կողմից ընդունված փաստաթղթերում»,- ասում է Կարաբեկյանը։

Ինչո՞ւ է արցախյան դիվանագիտությունը փորձում անտեսել այս իրողությունները։ Այո՛, պատերազմները տեղի չեն ունենում միջազգային իրավունքի համաձայն, բայց այդ իրավունքները չեն օտարվում անգամ պատերազմով։ Դրա օրինակն են՝ Բաքվի և Անկարայի մշտական ​​կոչերը Հայաստանին՝ «Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականությունը» ճանաչելու։ Ինչո՞ւ նրանք ճանաչման կարիք ունեն, եթե ուժն է «իրավունք» ծնում։

«Ինչո՞ւ, ունենալով  սուբյեկտայնության տարրեր, մենք ուզում ենք զոռով բացել դուռը՝  տրվելով կեղծ դաշնակիցների կողմից էժանագին խարդախություններին»,- ասում է Կարաբեկյանը։

Նա նշել է, որ Արցախում ժողովրդավարության ավանդույթները վերականգնելու և նրա ժողովրդի պայքարը մայր Հայաստանի հետ վերամիավորվելու գործում ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ ընդունվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Ազգային խորհրդի նստաշրջանի համատեղ նիստում ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ին վերամիավորելու մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը։

«Այն ժամանակ Արցախի խնդիրը դիտարկվեց Օսմանյան և Ռուսական կայսրությունների փլուզման ժամանակ, ՌԽՖՍՀ-ի, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի և Արցախի դեմ եռակի ագրեսիայի, 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանությանը, Ստալինի կողմից հայերի նկատմամբ տոտալիտար քաղաքականության, որոնց զոհ են դարձել հարյուր հազարավոր հայեր, այդ ամենի արդյունքում ոտնահարված համայն հայության ազգային իրավունքների վերականգնման համատեքստում»,- նշում է Կարաբեկյանը։

Ցանկացած անցումային որոշում պետք է հիմնված լինի ազգային իրավունքները վերականգնելու ձգտման վրա, այլ ոչ թե մի ուժի ընտրության, որի շահերին աջակցելը «ավելի շահավետ» է։

 

Ադրբեջանը չի հրաժարվում հերթական խոշոր սադրանքն իրագործելու ծրագրից և իրականացնում է դրա տեղեկատվական նախապատրաստություն. Արցախի ՊՆ

Ադրբեջանական կողմը չի հրաժարվում հերթական խոշոր սադրանքն իրագործելու ծրագրից և իրականացնում է դրա տեղեկատվական նախապատրաստություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Արցախի պաշտպանության նախարարությունը:

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11-ին` ժամը 01:00-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։

Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը չի հրաժարվում հերթական խոշոր սադրանքն իրագործելու ծրագրից և իրականացնում է դրա տեղեկատվական նախապատրաստություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Իսկ ի՞նչ կասեք Ակնայում ռուս-թուրքական կենտրոնի մասին

Մարդասիրական օգնությամբ «ռուսական մեքենան» արցախցիներին այդպես էլ չի հասել, իսկ Բաքվում նոր «բանաձևեր» են հորինում՝ հայտարարելով, որ դա Լաչինի միջանցքի հետ կապ չունեցող«առանձին համաձայնագիր է»։

Արցախի ղեկավարությունը մերժել է Ռուսաստանի առաջարկը այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ դա «առանձին համաձայնագիր» է։ Մնում է, որ Արցախի ղեկավարությունը հրապարակավ հարցնի Ռուսաստանին՝ ինչո՞ւ են նրանք պնդում, որ ռուսական բեռներն անցնեն Ակնայով, այլ ոչ թե Բերձորի միջանցքով, որը, ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության, Ռուսաստանը պետք է վերահսկի։ Ո՞րն է տրամաբանությունը:

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի իրական դերը դառնում է առանցքային գործոն Արցախի հիմնախնդիրների լուծման գործում։ Նախկին իշխանությունները՝ ի դեմս Արայիկ Հարությունյանի, մի քանի անգամ, խոնարհված աչքերով ասում էին, որ Ռուսաստանը չի կատարում իր առաքելությունը Արցախում։ Դա վերաբերում էր Արցախի կողմից վերահսկվող տարածքների հետպատերազմյան օկուպացմանը և Բերձորի միջանցքի փակմանը։

Հիմնական հարցն այն է. «Ռուսաստանը չի՞ ցանկանում թե՞ չի կարող կատարել իր պարտավորությունները»: Եվ այս հարցին պետք է պատասխանի Արցախի նոր ղեկավարությունը։

Մեկ այլ կարևոր հարց էլ կա՝ Արցախի նոր ղեկավարությունն ինչպե՞ս է վերաբերվում նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությանը։ Խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանն ասաց, որ սա միայն զինադադարի մասին փաստաթուղթ է։ Այսինքն՝ սա վերջնական կարգավորում չէ։ Իսկ ի՞նչ է դա նշանակում։

Հայկական կողմը չի հրաժարվում այս փաստաթղթից, թեև դրա դրույթներն արդեն բազմիցս խախտվել են Մոսկվայի և Բաքվի կողմից։ Կատարվել է միայն երկու հիմնական կետ՝ Աղդամի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջանների առանց կռվի հանձնումը և Արցախում ռուսական զորքերի տեղակայումը։ Եվս մեկ “իրականացված “կետ կա, որը չկա հայտարարության մեջ՝ Ակնայում ռուս-թուրքական «մոնիթորինգի» կենտրոնի ստեղծումը։ Այս հարցը եւս պետք է դառնա Արցախում քննարկման առարկա՝ եթե Ռուսաստանը ՆԱՏՕ-ի հետ պատերազմում է Ուկրաինայում եւ կշտամբում է Հայաստանին ԱՄՆ-ի հետ համագործակցության համար, ապա ինչպե՞ս է Ակնայում գործում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ համատեղ կենտրոնը։ (Ի դեպ, Եռակողմ հայտարարության 5-րդ կետում ասվում է. «Հակամարտող կողմերի կողմից պայմանավորվածությունների կատարման մշտադիտարկման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով խաղաղապահ կենտրոն է տեղակայվում հրադադարի ռեժիմը վերահսկելու համար»։ Այսինքն՝ Թուրքիայի մասին խոսք չկա։)

Նոր նախագահ Սամվել Շահրամանյանը խորհրդարանում իր ելույթում անդրադարձավ Ռուսաստանի և Արևմուտքի աշխարհաքաղաքական բախումներին և արցախյան հիմնախնդրին դրանց անդրադարձին։ Նա ասաց, որ չի կարելի հույս դնել միջազգային իրավունքի վրա՝ ըստ երեւույթին համարելով, որ ավելի ճիշտ կլինի կառչել Ռուսաստանին։ Իսկ Ռուսաստանը, ինչպես գիտեք, Թուրքիայի հետ համատեղ կենտրոն ունի Ակնայում, որը ստեղծվել է անհասկանալի հիմքերով։

Իսկ ի՞նչ կասեք Լավրովի պլանի մասին։ Ակնայով ճանապարհի բացումը Լավրովի «ինտեգրացիոն» ծրագրի իրականացման սկիզբն է. սա հիանալի հասկանում են բոլորը։ Բայց քանի դեռ սա բարձրաձայն չի ասվել, Արցախի ղեկավարությունը (անկախ անձերից) մեղսակից է լինելու ռուս-թուրքական գործարքին։

Դիվերսիոն ներթափանցման մասին կեղծիքով Բաքուն իրականացնում է սադրանքի տեղեկատվական ակտիվ նախապատրաստություն. Արցախի ՊՆ

Բաքվի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դիվերսիոն ներթափանցում են կատարել և տեղադրել են ականներ, ինչի հետևանքով սեպտեմբերի 10-ին` ժամը 13։30-ի սահմաններում ականապայթունային վիրավորում է ստացել ադրբեջանցի զինծառայող, ամբողջությամբ մտացածին և կեղծ է։
«Ինչպես արդեն նշել ենք, վերջին շրջանում Բաքվի ՊՆ-ն կտրուկ մեծացրել է ստահոդ հաղորդագրությունների հրապարակման հաճախականությունը, որոշակիորեն փոխվել է նաև այդ կեղծ հաղորդագրությունների բնույթը. եթե մինչ այժմ ադրբեջանական կողմը ՊԲ-ին ներկայացնում էր հրադադարը խախտելու կամ զենք-զինամթերքի փոխադրման կեղծ մեղադրանքներ, ապա այժմ հնչեցնում է դիվերսիոն գործողություններ իրականացնելու կամ այդպիսի գործողությունների նախապատրաստություն կատարելու վերաբերյալ շինծու մեղադրանքներ։
Բաքվի ՊՆ նման պնդումները իրականության հետ որևէ աղերս չունեն։ Այդ եղանակով ադրբեջանական կողմն իրականացնում է հերթական սադրանքի տեղեկատվական ակտիվ նախապատրաստություն», ասվում է հաղորդագրության մեջ։