TigranBlog-ՏիգրանԲլոգ՝ «Թվապատում 2023»-ի մրցանակակիր

Ashot Gabrielyan-ը գրում է․

«Թվապատում 2023» ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության « Տարվա ԱզդեցIQ դեմք» անվանակարգի հաղթող Տիգրան Գաբրիելյանն է` նույն ինքը` TigranBlog-ՏիգրանԲլոգ -ը` նույն ինքը` եղբայրս:
Պարգևատրվել է «սոցիալական հարթակներում ազդեցիկ գործունեության և առցանց արշավի համար»: Սա մասնավորապես վերաբերում է բլոկադայի ընթացքում Տիգրանի կողմից ստեղծված բովանդակությանը:
Թե ինչքան ենք հպարտանում իրենով, բառերով նկարագրելու չի, բայց ինչպես ինքն ա ասել մրցանակը ստանալիս` «կուզեինք այստեղ չլինել, մրցանակը չստանալ, կուզեինք Արցախում լինել` իմ ընկերների հետ»:

Շուշիի ավերվող գերեզմանոցներում հայ իշխանական ընտանիքների դամբարաններ են

Միայն միջազգային հանրության միջամտությունը կարող է կանխել հայկական հուշարձանների ոչնչացումը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին ասել է ճարտարապետության պատմաբան, «Շուշիի քաղաքաշինության պատմությունից» գրքի հեղինակ Մանվել Սարգսյանը՝ մեկնաբանելով «Caucasus Heritage Watch»-ի զեկույցը Շուշիի Երևանյան դարպասի մոտ հայկական գերեզմանոցով ադրբեջանական բուլդոզերներով ճանապարհ անցկացնելու մասին։

Նա նշել է, որ «դեռևս 1970-ականներին Ադրբեջանի իշխանությունները սկսեցին բուլդոզերներով մաքրել Շուշի քաղաքի հայկական հատվածի շենքերը և ծառեր տնկեցին հայկական գերեզմանատները՝ դրանք տեսադաշտից թաքցնելու համար»։

«Փրկված գերեզմանատներից երեքը թվագրվում են 19-րդ դարով և 20-րդ դարի սկզբով, քաղաքի կենտրոնում կա 18-րդ դարի գերեզմանատուն։ Գերեզմանոցները պատմականորեն եզակի են նրանով, որ հայկական են, կան հայկական իշխանական ընտանիքների դամբարաններ։ Օրինակ՝ Մելիք-Շահնազարյանների տոհմական գերեզմանը, այնտեղ է Ղազանչեցոց եկեղեցու կառուցող Սիմոն Տեր-Հակոբյանի գերեզմանը, 18-րդ դարի հին գերեզմանատանը կա Բաղդասար մետրոպոլիտ (19-րդ դար) տապանաքարը», -ասաց Սարգսյանը։

Դատելով լուսանկարներից և Caucasus Heritage Watch-ի զեկույցից՝ հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 3-ը Երևանի դարպասի մոտ գտնվող հայկական գերեզմանոցով ճանապարհ է անցկացվել բուլդոզերով: «Անհասկանալի է, թե ինչ նպատակով է կառուցվել այս ճանապարհը. եթե Ադրբեջանը նպատակ է դրել ոչնչացնել Շուշի քաղաքի հայկական գերեզմանոցը և հայկական այլ պատմական փաստերը, ապա դա, իհարկե, ցավալի է»։

Մանասյան․ Արցախը հանձնվել է չընդունված որոշման հիման վրա ապօրինի կազմավորմանը

Ազգային ժողովում կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը իրավական ապացույցներ ներկայացրեց, որ Արցախը երբեք չի պատկանել Ադրբեջանի։

«Առաջին միտքը, որ ես ուզում եմ ասել՝ Ադրբեջան դիմակի տակ երեք Ադրբեջան կա՝ առաջինը Ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունն է, որը հիմնել է թուրքական բանակը, երկրորդը Ռուսաստանի կարմիր բանակի կողմից հիմնված Ադրբեջանն է եւ երրորդ Ադրբեջանն այսօրվա Ադրբեջանն է։ Վերջերս ես մի քանի տեղ բանավեճի մեջ եմ մտել այն բանաձեւի հետ, թե Լեռնային Ղարաբաղն իբր Ադրբեջանին է հանձնվել Կավբյուրոյի որոշմամբ։ Այդպիսի որոշում չի եղել, Ստալինը կարդացել է, չի դրել քննարկման ու քվեարկության եւ թողել է դահլիճը։ Այդպիսի որոշումը չի եղել, այդ չընդունված որոշման հիման վրա է Արցախը հայտնվել Ադրբեջանի կազմում, երրորդ երկրի ոչ սահմանադրական մարմնի՝ կուսակցական մարմնի չընդունած որոշմամբ»,- ասաց նա։

«Ադրբեջանական առաջին՝ դեմոկրատական հանրապետության ապօրինությունն ուղղակի տարընթերցումները բացառող բանաձեւերով ընդունել է Ազգերի լիգան՝ չի ճանաչել այդ պետությունը որպես պետություն։ Երկրորդը, Ադրբեջանական այսօրվա հանրապետությունն ապօրինի է ճանաչել խորհրդային Ադրբեջանը եւ հրաժարվել է նրա իրավահաջորդը լինելուց։ Շատ լավ, ի՞նչ է ստացվել՝ դու հրաժարվել ես խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից եւ հռչակել քեզ Ադրբեջանական դեմոկրատական հանրապետության իրավահաջորդ, որը որպես պետություն չի ճանաչվել Ազգերի լիգայի կողմից։ Բոլոր չափանիշներով Արցախը տարբերվում է Ադրբեջանից՝ 20-րդ դարի պատմության մեջ Արցախը երկու անգամ ինքնորոշվել է որեւէ այլ պետության չպատկանող տարածքներում։ 1918 թվականին, երբ ռուսական կայսրությունը տապալվել է, Արցախը կայացել է որպես վարչաքաղաքական կազմավորում, որն ունեցել է ամենալեգիտիմ իշխանությունն Անդրկովկասում։ Մենք չենք գնահատում այս փաթեթը։ 1991 թվականին Լեռնային Ղարաբաղը դարձյալ կայանում է ոչ մի պետությանը չպատկանող տարածքներում, եւ դեկտեմբերի 10-ին ԼՂ-ն հռչակում է անկախություն։ Մինչ այդ՝ հոկտեմբերի 18-ին Բաքուն իրեն հռչակել էր արդեն Ադրբեջանական դեմոկրատական հանրապետության իրավահաջորդ, որտեղ Ղարաբաղ չի եղել։ 1991 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է որեւէ այլ պետության չպատկանող, բայց պատմականորեն իրեն պատկանող տարածքներում։ Ի դեպ, պատմական տիտղոսի գործոնը Ազգերի լիգան հենց դեմ է տվել Ադրբեջանական դեմոկրատական հանրապետությանը 1918 թվականին։ 1920 թվականի դեկտեմբերին Ազգերի լիգայի 5-րդ կոմիտեն մերժել է Ադրբեջանին ընդունել Ազգերի լիգան, իսկ Ասամբլեայի գլխավոր քարտուղարն իր հուշագրում դիմել է Ադրբեջանի կառավարությանը, թե՝ այդպիսի պետություն այդ տարածքում ընդհանրապես չի եղել։ Այսինքն՝ 1991 թվականին Լեռնային Ղարաբաղը կայացել է միայն իրեն պատկանող տարածքներում»,- ասաց նա։

Անդրադառնալով Ալմա-Աթայի հռչակագրին՝ քաղաքագետն ասաց․ «Եվրոպան որոշել է, որ պետք է նոր պետություններ ճանաչի, եւ Ալմա-Աթայում հավաքվել են այդ հանրապետությունները։ Ադրբեջանն էլ է գնացել, ներկայացել է առանց իրավական սուբյեկտայնության, առանց որոշակիության, ի դեպ, միակը այդ հանրապետությունների շարքում։ Ալմա-Աթան նրան տարածքներ տալ չէր կարող, այնտեղ սահմաններ չէին կարող տալ, որովհետեւ Ալմա-Աթայի հռչակագրի խնդիրը սահմաններ տալը չի եղել։ Հիմա մենք այս բոլորը պետք է իմանանք եւ գլխավոր միտքը, որը պետք է առաջ մղենք այն է, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքով Ադրբեջանական այսօրվա հանրապետությանը չի պատկանում։ Իրենք լավ գիտեն դա, մեր զինվորին գցում են ու ստիպում՝ ասա՝ Kарабах Aзербайджан։ Այդտեղով է անցնում իրավական ճակատամարտի առաջին գիծը»,- նշեց Ալեքսանդր Մանասյանը։

Արցախցին տերն է այդ հողի, տերն է այդ տարածաշրջանի․ Սեյրան Օհանյան

«Այս քննարկումների ընթացքում հիմնավորվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը եւ հատկապես Արցախի ինքնորոշման գաղափարը շարունակական դարձնելը»,- այսօր Ազգային ժողովում «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջադրած ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Մենք պետք է ֆիքսենք հետեւյալը, որ առաջինը՝ ինքնորոշման իրավունքը պետք է շարունակական դարձնել, Արցախի էջը փակ չէ։ Դեռ ավելին, Ադրբեջանի հանցավոր քաղաքականության հետեւանքով այն հակամարտությունն ավելի է խորացել։ Եվ Ադրբեջանը միջազգային հարթակներում պետք է պատասխան տա այն ցեղասպանության գործողությունների համար, որն ինքն իրագործեց Արցախի ժողովրդի նկատմամբ՝ ցեղասպանությունը, էթնիկ զտումը, տեղահանությունը։ Երկրորդ, Արցախի սուբյեկտայնությունը պետք է պաշտպանվի՝ բոլոր ինստիտուտներով եւ հատկապես ժողովրդի համար համապատասխան պայմանների ապահովմամբ, ընդ որում, ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ հետ վերադարձի բոլոր պահանջներով։ Այսինքն՝ այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն Արցախի ժողովրդի՝ իր իսկ պատմական տարածքում ապրելու, անվտանգ արարելու եւ զարգանալու իրավունքը։ Ինքը տերն է այդ հողի, տերն է այդ տարածաշրջանի եւ Արցախում ինքնորոշվել է ԽՍՀՄ փլուզումից հետո այնպես, ինչպես խորհրդային մյուս պետությունները»,- հավելեց նա։

Ըստ նրա՝ հետխորհրդային տարիների ընթացքում Արցախն իր պետական ինստիտուտներով եղել է նաեւ օրինակելի՝ ժողովրդավարական հիմունքների, օրինականության, անվտանգության ապահովման տեսանկյունից։  «Եթե Արցախի սուբյեկտայնությունը, ինքնորոշումը պահպանվում է, ապա հակամարտության վերաբերյալ ընդունելի կամ ընդունված ձեւաչափով բանակցային գործընթացին այլընտրանք չկա։ Սրանով էլ հիմնավորվում է, որ Արցախի ապագայի համար նույնպես պետք է ձեւավորվեն ազգային եւ միջազգային երաշխիքներ։ Այդ ռազմավարության մշակողը պետք է լինեն Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, եւ հապաղելն այստեղ անընդունելի է, կարող է կործանարար լինել։ Իսկ եթե Հայաստանի իշխանությունները հրաժարվում են այդ ռազմավարության մշակումից, սա եւս մեկ անգամ փաստում է, որ իրենք հրաժարվում են բոլոր այն խոստումներից, որոնք իրենք տվել են։ Ես հատուկ ընդգծում եմ, որ Ազգային Անվտանգության ռազմավարության մեջ նշված է, որ «Հայաստանի Հանրապետությունը կկանխարգելի Արցախի ազգաբնակչության բնաջնջման կամ բռնագաղթեցման ցանկացած փորձ»։ Իսկ այս բռնագաղթեցման ճանապարհին ՀՀ իշխանությունները կրավորական կամ դավաճանական կեցվածք ընդունելով՝ հայտարարում էին, որ Արցախի խաղաղ քաղաքացիների համար անվտանգության ոչ մի խնդիր չկա, այն պարագայում, երբ Արցախի ժողովուրդը, նրա բանակը, հրամանատարներն ու զինվորները հերոսաբար կռվում էին վերջին պատերազմի ժամանակ՝ իրենց ինքնությունը պաշտպանելու համար»,- հավելեց Օհանյանը։

Հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ այսօրվա դրությամբ անիրատեսական է

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ քննարկվում է, այդ թվում՝ միջազգային հարթակներում, սակայն այսօրվա դրությամբ այդ վերադարձն իրատեսական չէ։ Այս մասին նոյեմբերի 24-ին ուղիղ եթերում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստանի քաղաքացիների և սփյուռքահայերի հարցերին։

Նա նշեց, որ սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակը, որը ստիպեց հայերին լքել Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև էթնիկ զտումների քաղաքականությունը չեն փոխվել։ Նրա խոսքով, եթե այդ մարդկանց վերադարձն այսօր իրատեսական լիներ, նրանք չէին լքի Լեռնային Ղարաբաղը. «Եթե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերը հնարավորություն չունենան վերադառնալու իրենց տները, ապա մենք ամեն ինչ անելու ենք, որ նրանք մնան Հայաստանում և չարտագաղթեն մեր երկրից»,- ընդգծեց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հայերը շուտով կդիմեն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար և լիովին կինտեգրվեն երկրի կյանքին, եթե չունենան օբյեկտիվ հնարավորություններ և ցանկություն՝ վերադառնալու  Լեռնային Ղարաբաղ։

Փոքրիկ դերասանի պատմությունը․ արքայազնի դերից մինչև իր սեփական ճանապարհորդությունը

13-ամյա Տիգրան Դավթյանը 6 տարեկանից մասնակցում է թատերական ներկայացումներին՝ բացահայտելով դերասանական արվեստի հանդեպ սերը: Ոգեշնչվում էր իր հայրիկի՝ Մարատ Դավթյանի ներկայացումները դիտելիս: Բեմն իր համար ոչ միայն զգացումներն անկաշկանդ արտահայտելու տեղ է, այլ նաև՝ ազատության: Հաճույքով է հիշում «Եվա» (2017թ․) ֆիլմի նկարահանումներին իր մասնակցությունը: Իր կարիերայի ընթացքում մարմնավորել է Բուրատինոյին, Հովհաննես Թումանյանին, բայց ամենաոգևորիչը Փոքրիկ Իշխանի դերն էր:

Պատանի Տիգրանը ականատես է եղել երեք պատերազմների և ապրել է երկարատև շրջափակման պայմաններում:  Տատիկ-Պապիկի մոտից խոսափողով աշխարհին պատմում էր երազանքների մասին ՝ հայտնի ֆուտբոլիստ է ուզում դառնալ, բայց  դեպի երազանքը տանող ճանապարհը փակ էր, մարզումների գնալ չէր կարող:

«2020 թ․ սեպտեմբերի 27-ին տանն էինք: Մաման ու պապան չէին հասկանում, թե ինչ է կատարվում պատերից դուրս: Պայթյուններ էին, բառերով անհնար է նկարագրել․․․ Արցախյան համախմբումն ուրիշ է: Նկուղում մոմ էր վառած ու բոլորն աղոթում էին: Մի քիչ ուտելիքը հերիքում էր բոլորին: Մարդիկ նկուղներից դուրս էին գալիս զինվորներին արյուն տալու համար: Իմ ընկերներից մեկը 43 օր մնացել էր ռմբակոծվող քաղաքում իր ծնողների հետ և միայն տարհանման օրն էր դուրս եկել: Ես Երևանում էի, բայց հույս ունեի հետ գնալ Ստեփանակերտ»,-պատմում է Տիգրանը:

44 օրվա պատերազմի ժամանակ կարոտում էր հայրենիքը, երազում նկուղն էր տեսնում: Այդ իրադարձությունները ստիպում էին նրան մտածել և փնտրել այն հարցերի պատասխանները, թե ինչու էր այդ ամենը իրենց հետ կատարվում:

Օրեր անց հայտնեցին ամբողջ հայության սպասված լուրը՝ պատերազմը վերջացել էր, բայց․․․ Շուշին էլ մերը չէր: Տիգրանը բոլորին խնդրեց , որ դուրս գան սենյակից: Ուզում էր մենակ մնալ: 2020թ․ սեպտեմբերի 26-ին, պատերազմից մի օր առաջ Շուշիի այգիներից մեկում նստած էին ընկերներով: Տիգրանը ծառի պոկվող կեղև էր տեսել ու մինչև վերջ պոկել էր, հետո ավելացրել «Շուշի» մակագրությունը: Ամենասիրելի վայրը Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին էր:

Շրջափակման առաջին օրերից էլ փոքրիկ դերասանը ճնշվածություն էր զգում: Վառելիքի բացակայության պատճառով չէր հասցնում հաճախել երգի, նկարչության պարապմունքներին: Ուտելիքի սակավության պատճառով կրճատվել էին  նաև ֆուտբոլի մարզումները: Դասաժամերը դարձել էին 30 րոպեանոց:

Սեպտեմբերի 19-ին կռվից մի ժամ առաջ պայթյուներ էին լսվում: Դպրոցի անձնակազմին տեղեկացրել էին, որ ամենօրյա թեթև կրակոցներ են: 3-րդ պայթյունից հետո դպրոցը ցնցվել է: Ծնողներն ու երեխաները իրար էին փնտրում ընդհանուր խուճապի մեջ: «Ես լացում էի: Ինչ էր կատարվում, որտեղ են մաման ու պապան: Գիշերը պայթյուններն այնքան մոտիկ էին, որ թվում էր, թե դպրոցը փլվելու է: Սպասում էի մինչև ժամը 7-ը, որպեսզի լուսանա ու խավարը ցրվի: Երբ հիշում եմ, ինչի միջով է անցել Արցախը, հասկանում եմ, թե ինչու է Կոմիտասը գժվել․․․Մենք դիմացել ենք մինչև վերջ․․․Մտածել ենք, թե այստեղ ենք մնալու ու սա մեր տեղն է, աշխարհի ամենալավ տեղը․․․․»,-ասում է Տիգրանը:

Տիգրանն իր «մոլորակին» հրաժեշտ է տվել սեպտեմբերի 27-ին: Այդ օրը «Զորգե» թաղամասում հրացանի կրակոցներ էին լսվում: Ծայրամասերում ապրող բնակիչներին տեղավորել էին հյուրանոցներում ․․․Բակի երեխաները իրենց հեծանիվներն էին ջարդում, որ ոչ մեկը չկարողանա օգտագործել: Տիգրանն ասում է՝ իմ ձեռքը չգնաց ․․․ Իր խաղալիքները խնամքով դասավորել է ու թողել այդպես․․․Լռում է: Արցունքները հոսում են: Մենակ մի կիսատ թողած բնապատկեր է իր հետ բերել, որ Երևանում ավարտին հասցնի․․․

«Անցակետում ադրբեջանցիները ծիծաղում էին: Ես խղճի խայթ էի զգում, որ գնում եմ Արցախից»,-ասում է նա:

Փոքրիկ արքայազնը չի դադարում երազել ու գործել՝ նոր մոլորակներ բացահայտելով: Մտադիր է անգլերեն սովորել: Ասում է՝ Եվրոպայում ֆուտբոլ խաղալիս պետք կգա:  Երազանքներից մեկն է Ամանորը ԱՄՆ-ում անցկացնելը: Ասում է՝ դա է իսկական Նոր Տարվա «վայրը»:

Փոքրիկ իշխանին մարմնավորելիս  հեշտ չէր  ասել այս բառերը․ «դու մի մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես»:  Նրա արցունքները վկայում էին ոչ միայ վշտի, այլ նաև կորցրած վայրի հանդեպ խորը սիրո մասին:

Տաթև Ազիզյան

Արցախի միջազգային ճանաչմանն աջակցելը՝ Հայաստանի հետ վերամիավորվելու հեռանկարով, ՀՀ-ի սահմանադրական պարտականությունն է

Իրավաբան Արամ Պետրոսյանը «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հիշեցրեց, որ ՀՀ Սահմանադրության նախաբանը վկայակոչում է Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթը՝ Անկախության հռչակագիրը, որը ՀՀ-ին պարտավորեցնում է նպաստել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը։

«Անկախության հռչակագրի նախաբանն իր հերթին հղում է անում Խորհրդային Հայաստանի եւ Արցախի վերամիավորման  մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի համատեղ որոշմանը։ Այսպիսով, Անկախության հռչակագիրն արձանագրում է Խորհրդային Հայաստանի եւ Արցախի վերամիավորման փաստը, իսկ ՀՀ Սահմանադրությունը վերահաստատում է այն։ Սահմանադրության նախաբանն ու Անկախության հռչակագիրն ունեն պարտադիր իրավական բնույթ, ինքն արտացոլված է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքված արձանագրությունների վերաբերյալ ՀՀ ՍԴ որոշման մեջ։ Արցախի միջազգային ճանաչմանն աջակցելը՝ Հայաստանի հետ վերամիավորվելու հեռանկարով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական պարտականությունն է»,- հայտարարեց իրավաբանը։

Նա նշեց, որ «Հայաքվե»-ի շրջանակներում առաջարկվող նախաձեռնությունը նպատակ ունի կանխարգելել պաշտոնատար անձանց կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ ցանկացած արարք։ «Անկախության հռչակագրի հետ խնդիր ունեն երեք անձ՝ Նիկոլ Փաշինյանը, ով այն համարել է կոնֆրոնտացիոն փաստաթուղթ, Ալիեւն ու Էրդողանը, ովքեր հայտարարել են, թե պետք է այն խմբագրվի։ Անկախության հռչակագիրը խմբագրման ենթակա չէ, ինչպես եւ ցանկացած պետության հիմնադիր փաստաթուղթ վերանայման ենթակա չէ»,- նշեց Արամ Պետրոսյանը։

Փաստաբան Արամ Օրբելյանն էլ իր ելույթում ասաց․ «ՀՀ Սահմանադրությունը հղում է անում Անկախության հռչակագրին, Անկախության հռչակագիրը հղում է անում 1989 թվականի վերամիավորման որոշմանը։ Վերամիավորման որոշումը ուղղակիորեն ասում է, որ ՀՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման փաստը»։ Նրա խոսքով՝ իշխանություններն անընդհատ հղում են անում Ալմա-Աթայի հռչակագրի վրա՝ նշելով, որ այն որեւէ ձեւով սահմանափակում է մեզ՝ ինչ-որ գործընթաց անելու։ «Բոլորին կոչ եմ անում կարդալ 1991 թվականի փաստաթուղթը։ Հայաստանի Հանրապետությունն անկախություն հռչակել է Արցախի հետ միասին։ Եվ Արցախի անկախ կարգավիճակը եղել է բանակցային գործընթացի, փոխզիջման տարբերակ։ Եվ սա է միակ ճշմարտությունը, որը պետք է իմանան բոլորը»,- ասաց Օրբելյանը։

 

Ուրեմն համաձայնվում են Ադրբեջանի նարատիվի հետ, որ կարող են փոխհատուցումներ պահանջել ՀՀ-ից

Չնայած այն փաստին, որ Արցախի Հանրապետությունը փաստացի այս պահին օկուպացված է, սակայն իրավաբանորեն, այսինքն՝ դե յուրե այն շարունակում է պահպանել իր գոյությունը 1991 թվականին կայացած համաժողովրդական հանրաքվեի եւ ժողովրդի կամարտահայտության հիմքով։ Այս մասին այսօր «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը։ Հետևաբար, նրա խոսքով, սրանից հրաժարվելը նշանակում է դավաճանություն ազգային, պետական, համաժողովրդական նպատակների հանդեպ։ Այդ մասին հայտնում է Step1.am-ի թղթակիցը։

Աննա Կոստանյանի խոսքով՝ պետք է պատժի մեխանիզմներ սահմանվեն բոլոր այն պաշտոնատար անձանց նկատմամբ, ովքեր նույնիսկ մտքի ծայրով կարող են ընդունել, որ հայրենիքի որեւէ մաս կարող է օկուպացված մնալ թշնամու կողմից։ «Մենք չպետք է թույլ տանք, որ այսպիսի վարքագիծը դառնա օրինաչափ, նորմալ, սովորական, որի հետեւանքով մենք ապագայում պարզապես կշրջափակվենք Երեւանում եւ կունենանք միայն Երեւանը՝ որպես ՀՀ։ Եթե ճանաչում են, որ Արցախը միշտ եղել է Ադրբեջանի տակ, հիմնականում այս խոսքս ուղղվում է իշխանությանը, ՔՊ պատգամավորներին, պետք է նաեւ հարց տան իրենք իրենց՝ արդյոք պատրաստ են իրենք իրենց ճանաչել օկուպանտ։ Եթե նման հայտարարություններ են անում, ապա լռելյայն համաձայնվում են Ադրբեջանի կողմից քաշված այդ նարատիվի հետ, որ ապագայում կարող են նաեւ փոխհատուցումներ պահանջել ՀՀ-ից»,- ասաց նա։

Աննա Կոստանյանը հավելեց, որ Հայաստանը չի կարող «ձեռքերը լվանալ» Արցախից, որովհետեւ Արցախին հաջորդելու են ՀՀ մի շարք տարածքներ։ Եվ դրա պրակտիկան այսօր արդեն կա՝ գրավված  է Գորիս-Կապան ճանապարհը, հարձակում եղավ Վարդենիսի ու Ջերմուկի վրա, չունենք Շուռնուխը, Սեւ լճի մի մասը գրավված է։ «Հետեւաբար, երբ մենք ասում ենք՝ այլեւս ոչինչ չկա անելու, եթե չպայքարենք, ապա կարող ենք լռելյայն ընդունել, որ Երեւանն էլ կարող է մի օր ենթարկվել հարձակման»,- ասաց նա։

 

Մեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկությունը. «Yan Girls»-ին հնարավոր է ձայն տալ նաև Հայաստանից

«Մանկական Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթի քվեարկությունը մեկնարկում է նոյեմբերի 24-ին ժամը 23:00-ից:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հանրային հեռուստաընկերությունն ու հիշեցնում, որ Հայաստանի պատվիրակներ «Yan Girls» խմբի օգտին հնարավոր է քվեարկել նաև Հայաստանից:

Քվեարկության համար անհրաժեշտ է այցելել https://vote.junioreurovision.tv/ կայք, դիտել բոլոր ելույթների նախադիտումները, անվճար քվեարկել  Հայաստանը ներկայացնող «Yan Girls» խմբի և նախընտրած երկու այլ երկրի պատվիրակների օգտին (մրցույթի կանոնների համաձայն` պարտադիր է ընտրել 3 երկիր):

Մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 26-ին ֆրանսիական Նիցցա քաղաքում: Մրցույթը կմեկնարկի Իսպանիայի պատվիրակի ելույթով: Այն կեզրափակի Նիդերլանդների պատվիրակը:

Հայաստանի պատվիրակ  «Yan Girls»  խումբը «Do It My Way» երգով ելույթ կունենա ութերորդը:

Մրցույթին մասնակցելու համար Հայաստանի պատվիրակներն ընտրվել են Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում:

Նանեն, Նենսին, Կամիլան, Սյուզաննան և Աիդան «Yan Girls» խումբը ստեղծել են հենց «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու նպատակով: Փոքրիկ երգչուհիները, ոգեշնչվելով K-pop-ի լեգենդար արտիստներից, իրենց երաժշտությանը նաև հայկական գույներ են հաղորդել: Երիտասարդ, գույնզգույն և ըմբոստ. նրանք երգում են սեփական ես-ն ունենալու կարևորության, ինքնավստահության և լավագույնին ձգտելու իրենց եղանակի մասին:

Մրցութային երգի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է, բառերը՝ Մալենայի և Վահրամ Պետրոսյանի: Տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, խորեոգրաֆը՝ Վիկա Մարտիրոսյանը, հագուստի հեղինակ՝ Ֆաինա Հարությունյան:

Եվրոպական հեռարձակողների միությունից նշում են՝ ողջունում են, որ Հայաստանը մասնակցում է մրցույթին՝ չնայած Հայաստանի առջև ծառացած խնդիրներին:

Մրցույթին մասնակցում են Հայաստանը, Ալբանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Մալթան, Նիդերլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Իսպանիան, Միացյալ Թագավորությունը և Ուկրաինան:

Բաքուն կբացի՞ Բերձորի միջանցքը. Արցախի բնակիչներին «ողջամիտ ժամանակ» կտրվի

ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշման հրապարակումից հետո 8 շաբաթվա ընթացքում Ադրբեջանը պետք է զեկույց ներկայացնի Հայաստանի հայցի վերաբերյալ միջանկյալ միջոցների իրականացման վերաբերյալ։ Հիշեցնենք, որ դատարանը Բաքվին պարտավորեցրել է ապահովել սեպտեմբերի 19-ից հետո հայրենիքը լքած արցախցիների վերադարձը իրենց տները «անվտանգ, անարգել և արագ»։ Բացի այդ, դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին «պաշտպանել» անձը և/կամ մասնավոր սեփականության գրանցման բոլոր փաստաթղթերը և «պատշաճ ուշադրություն դարձնել նման փաստաթղթերին և գրառումներին իր վարչական և օրենսդրական պրակտիկայում»:

Ադրբեջանի ԱԳՆ-ն անմիջապես ողջունել է դատարանի որոշումը. Բաքուն, ընդհանուր առմամբ, ասում է, որ ոչ ոք չի ստիպել հայերին հեռանալ, և մեղադրում է «անջատողական ղեկավարությանը» գաղթի կազմակերպման համար։ Նենգաբար գերեվարված Արցախի ղեկավարներին, ըստ երևույթին, մեղադրանք է առաջադրվելու նաև «Ղարաբաղի բնակչությանը Ադրբեջանից արտաքսելու» համար։

Բայց հարցը դա չէ: Ինչ միջոցներ կձեռնարկի Բաքուն դատարանի որոշման հիման վրա, որի մասին զեկույց պետք է ներկայացնի արդեն 7 շաբաթից։

«Բնակարանները, մշակութային հուշարձանները Ղարաբաղում հսկում են հատուկ ջոկատայինները։ Տները կնքված են, նրանց մեջ ոչ ոք չի մտնում”, ասել է Միջազգային հարաբերությունների վերլուծության Բաքվի կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը։ «Կարծում եմ, ինչպես Ադրբեջանի կառավարությունն արդեն հայտարարել է, բոլորին, ովքեր ցանկանում են վերադառնալ, ժամանակ կտրվի։ Այսինքն՝ նրանք, ովքեր ցանկանում են վերջնականապես վերադառնալ, կվերադառնան, կամ եթե ինչ-որ մեկն ուզում է գալ և վերցնել իրերը, ապա, ամենայն հավանականությամբ, նրան նման հնարավորություն կտրվի։ Այսինքն՝ Ադրբեջանը կկատարի դատարանի որոշումը, ԱԳՆ-ն արդեն հայտարարություն է տարածել այս հարցի վերաբերյալ»,- ասաց նա։

Այսինքն՝ որոշ ժամկետներ կան, թե երբ է բացվելու Բերձորի միջանցքը (հետաքրքիր է՝ ի՞նչ ռեժիմով, և արդյո՞ք Հայաստանում գրանցված արցախցիներին թույլ կտան մուտք գործել)։ Սրանից հետո արցախցիները կամ պետք է վերադառնան և ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն (իսկ արցախցիներն արդեն ստորագրել են թղթեր, որտեղ հավաստիացրել են, որ իրենք որևէ պետության քաղաքացի չեն), կամ վերցնել իրենց իրերը՝ թողնելով տները, հողերը, ունեցվածքը Բաքվի հայեցողությամբ։ Թերեւս, հեռուստացույցներով ու սառնարաններով վերադառնող արցախցիներին կստիպեն փաստաթուղթ ստորագրել, որ Բաքվի նկատմամբ սեփականության պահանջ այլեւս չունեն։

Թեև Հայաստանում իրավաբաններն ասում են, որ «բնակության վայրում գրանցման փոփոխությունը չի կարող ազդել ղարաբաղցիների սեփականության իրավունքի իրականացման վրա (միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյան), ոչ ոք հստակ չի սահմանում, թե ինչ է նշանակում սեփականություն։ Եթե ​​միայն սառնարաններ, ապա թող կորչեն դրանք։ Իսկ անշարժ գո՞ւյքը, հո՞ղը, կոմունիկացիաննե՞րը, արդյունաբերական ակտիվնե՞րը:

«Նույնիսկ եթե Ադրբեջանն ապօրինի կերպով փոխանցի իր սեփականության իրավունքը այլ անձանց, այնուամենայնիվ, այն պաշտպանված է։ Նրանք պահպանում են այս գույքը տնօրինելու և դրան մուտք ունենալու իրավունքը»,- նշել է փաստաբան Սահակյանը։

Այն, որ Բաքուն խոսում է որոշակի ժամկետների մասին, նշանակում է, որ կա պայմանավորվածություն, որ եթե արցախցիները չվերադառնան և չվերագրանցեն իրենց ունեցվածքը «ողջամիտ ժամկետում», ապա Բաքուն կարող է պետականացնել այն (ինչպես արեց Թուրքիան 1923թ.), կամ նույնիսկ փոխանցել այն ուրիշներին: Կարելի է, օրինակ, Ստեփանակերտում բնակություն հաստատել Բաքվի բարեկամ Իսրայելի կողմից Գազայից վտարված պաղեստինցիները։

Ինչ վերաբերում է այն արցախցիներին, ովքեր չեն ցանկանում վերադառնալ, ապա նրանք պետք է դառնան Հայաստանի շարքային քաղաքացիներ։ Ինչպես ասաց Նիկոլ Փաշինյանը, իրենց նկատմամբ կկիրառվի նույն սկզբունքը, ինչ ՀՀ բոլոր քաղաքացիների նկատմամբ՝ աշխատեք գոյատևելու համար։ Այսինքն՝ ոչ փոխհատուցում, ոչ օգնություն կամ այլ բան։

Հայ իրավաբաններն ասում են, որ անհրաժեշտ է միջպետական ​​բողոք ներկայացնել և Ադրբեջանից փոխհատուցում պահանջել կամ ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների իրացումը։ Չի ասվում, որ հենց Հայաստանն առաջին հերթին գույքային պարտավորություններ ունի արցախցիների նկատմամբ։

«Հանրապետության չճանաչված լինելը չի ​​ազդում ընդունված ակտերի օրինականության վրա։ Աշխարհի բոլոր երկրները պետք է ճանաչեն չճանաչված հանրապետությունների քաղաքացիների սեփականության, ծննդյան, մահվան, ամուսնության վկայականները»,- ասում է Սիրանուշ Սահակյանը։ Սակայն նա չի ասում, թե արդյո՞ք Հայաստանը պետք է ճանաչի այդ փաստաթղթերը եւ, համապատասխանաբար, այն ընդունի որպես նյութ ապագա կոլեկտիվ հայցադիմումի համար։

Փորձագետներն իրենց հերթին նշում են, որ արցախցիների վերադարձի և սեփականության իրավունքի վերականգնման միակ պայմանը Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների վերսկսումն է՝ հնարավոր է ՄԱԿ-ի ուղիղ կառավարման և միջազգային երաշխիքների հաստատմամբ։ Բայց եթե արցախցիների ունեցվածքը և մյուս իրավունքները «լուծվեն» «ողջամիտ ժամկետում», այսինքն “ցրվել”, եթե արցախցին ստորագրի, որ պահանջ չունի, ապա կարգավիճակի և բանակցությունների մասին խոսելն իմաստ չի ունենա։

Նաիրա Հայրումյան

Արցախի նախագահին առընթեր հասարակական խորհուրդը վերսկսում է աշխատանքը

Այս մասին հայտարարեց Արմեն Գեւորգյանը՝ հրապարակելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ստորագրած համապատասխան հրամանագիրը։

Գևորգյանը հայտարարեց. «Տեղեկացնում եմ, որ հաստատվել են Արցախի Հանրային խորհրդի իրավունքներն ու լիազորությունները, այս մասին շուտով կհայտարարվի”։

Արցախի նախագահին առընթեր հասարակական խորհուրդը ստեղծվել է 2022 թվականին՝ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով։ Խորհրդում ընդգրկված էին հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, հասարակական և գիտական ​​գործիչներ, փորձագետներ։ Խորհրդի անդամներն ապահովել են նախագահի կապը հասարակության հետ և, ըստ նրանց, իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ բարձրացվել են հասարակությանը հուզող հասարակական և քաղաքական հարցեր։

Նշենք, որ Հանրային խորհրդի գործունեության հաշվետվությունը չի հրապարակվել, սակայն կրկին, ըստ ՕՀ-ի անդամների, իրենք մեծ աշխատանք են կատարել ի շահ հասարակության։

Հանրային խորհրդի դերն աչքի է ընկել 2022 թվականի աշնանը՝ սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու իշխանությունների փորձերի ժամանակ։ Օրենքի փոփոխությունները խորհրդարանում ընդունվելուց մեկ օր առաջ Հանրային խորհուրդը հայտարարություն տարածեց այս փոփոխությունների անօրինականության մասին, որից հետո իշխանությունները մտափոխվեցին օրենքը փոխել։ Հետո նորից սկսեցին խոսալլ այն մասին, որ նախագահ Հարությունյանը ստեղծել է Հանրային խորհուրդը՝ որպես հասարակությանը և ներքաղաքական կյանքում մանիպուլյացիայի մեխանիզմ։