Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում առաջիկայում նախատեսված չէ

Առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում նախատեսված չէ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանն:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք առաջիկայում նախատեսվա՞ծ է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում՝ Սաֆարյանն ասաց. «Այդպիսի տեղեկատվություն դեռևս չկա»:

Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում ադրբեջանցիների Հայաստան վերադարձի հարց չկա:

«Մենք բազմիցս նշել ենք, որ այս խնդիրը Ադրբեջանի կողմից ոչ կառուցողական մոտեցումների շարքին է վերաբերում»,-ասաց նա:

Ստեփանակերտի Հայկավան թաղամաս․ Իվանյան վարժարանի “արցախյան” ճակատագիրը

Ստեփանակերտի Հայկավան թաղամասը, որը ժողովրդի մեջ հայտնի է որպես «ֆինսկի թաղ», ի պատիվ նրան, որ թաղամասի տների մեծամասնությունը կառուցված էր ֆինական ոճով:

Ֆինսկի թաղը գտնվում էր Շուշիին մոտ, ինչը 2020թ. պատերզմից հետո ուրախացնում էր և միևնույն ժամանակ անհանգստացնում բնակիչներին:

Թաղամասին կպած փոքրիկ սար կար, որտեղից ստեփանակերտցիները ուրց էին հավաքում: Թաղամասին կից նաև փոքրիկ ձոր կար: «Ծյոր»-ը նամանավանդ երեխաների և երիտասարդների համար էր հետաքրքիր, նրանք արշավներ և քեֆեր էին կազմակերպում հարևաններով:

Թաղամասը նաև առանձնանում էր իր աղբյուրներով, որոնք հազվադեպ էին Ստեփանակերտի համար:

Գրեթե բոլոր ընտանիքները հողատսրածք ունեին և զբաղվում էին հողի մշակմամբ, ինչը շրջափակման պայմաններում փրկություն էր: Թաղամասի մոտով գետ էր հոսում, որը ժողովուրդը անվանում է «սև դուրբա» (սև խողովակ):

Հայկավանում էր գտնվում Իվանյանի վարժարանը, որը գործել է մինչև 2020 թ. պատերազմը, հետո շենքը օգտագործվում էր որպես ռուս խաղաղապահների տեղակայման վայր, իսկ պատերազմի օրերին այն ծառայում էր որպես ապաստարան: Միակ տրանոպորտը, որը նախատեսված էր այդ թաղամասի համար՝ «17 մարշուտկա»-ն էր:

Թաղամասի երեխաները հաճախում էին 5-րդ դպրոցը: Թաղամասը Ստեփանակերտի ամենակոլորիտային և կանաչ թաղամասերից էր, որը առանձնանում էր իր նեղլիկ փողոցներով:

Ընկերուհիներիցս մեկը հենց այդ թաղամասում էր ապրում, եւ մենք հավաքվում էինք ամռան օրերին՝ բակում, որտեղ կատու կար՝ Վասյան:

Քրիստինա Ալավերդյան

“Ես ցավալի եմ համարում, որ արցախցիները չեն պայքարում, լուռ են, համակերպվում են այս իրավիճակի հետ”

«Դրանք այն շքանշաններն են, որոնք կրելը մարդկանց համար պատիվ էր։ Հիմա այդ շքանշանները մնում են, բայց մարդկանց պարգեւավճարը չեն տալիս, արժեզրկում են նրանց արածը»,- այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց Արցախի պահեստազորի սպա Արթուր Ստեփանյանը՝ անդրադառնալով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններին։ Ըստ այդմ՝ Արցախի Հանրապետությունում զինծառայություն անցած զինծառայողները եւս Հայաստանում կենսաթոշակներ եւ պատվովճարներ կստանան, բացառություն են կազմում «Արցախի հերոսի» եւ «Մարտական խաչ» կոչում ստացած զինծառայողները, որոնք ՀՀ-ում պատվովճար չեն ստանա։ Այսինքն՝ ՀՀ նախագահի հրամանագրով հերոսի կոչում եւ «Մարտական խաչ» ստացած անձինք պարգեւավճար կստանան, իսկ Արցախի նախագահի հրամանագրով պարգեւատրվածները՝ ոչ։

Արթուր Ստեփանյանը նշեց, որ միգուցե քաղաքական որոշում կա այս ամենի հիմքում։ «Երեւի մարդիկ փորձում են այդ կոչումն էլ արժեզրկել, իմաստազրկել։ Այսինքն՝ ստացվում է, որ այդ մարդկանց 30 տարվա արածը ջուրն են գցելու, այդ մարդկանցից շատերն էլ այսօր չկան, զոհվել են»,- ասաց նա։

Ըստ նրա՝ արցախցիներն անորոշության մեջ են, չգիտեն, թե ինչ է սպասվում հունվարի մեկին․ ըստ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի որոշման՝ Արցախի Հանրապետությունը լուծարվելու է, թե՞ ոչ։ «Դրանից շատ բան է կախված լինելու։ Ես ցավալի եմ համարում, որ արցախցիները չեն պայքարում, լուռ են, համակերպվում են այս իրավիճակի հետ»,- ասաց նա։

4500 արցախցի ուսանողների առաջին կիսամյակի ուսման վարձը կվճարի պետությունը

Նոյեմբերի 23-ին, կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել է. «Մենք հոկտեմբերի 12-ին որոշում էինք ընդունել կրթաթոշակային ծրագիր մեկնարկել թե բուհերի, թե քոլեջների՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների համար: Այս որոշմամբ հտկացնում ենք արդեն համապատասխան գումարները: Մասնավորապես բուհական մակարդակում 1836 ուսանողների տվյալներ են նույնականացվել: Սրանք ԼՂ-ից բռնի տեղահանված այն ուսանողներն են, որոնք իրենց կրթությունը շարունակում են մեր բուհերում: Այս որոշմամբ մենք նրանց հատկացնում ենք կրթաթոշակ 2023-2024 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման ցվարձի չափով, որը կազմում է 440 մլն դրամ: Նաեւ հատկացնում ենք միջոցներ քոլեջային մակարդակում կրթություն ստացող շուրջ 2524 ուսանողների համար, էլի շուրջ 402 մլն դրամի չափով: Այս ուսնաողներն արդեն ընդգրկված են կրթության պրոցեսում, մենք հիմա լուծում ենք միայն ֆինանսավորման հարցը»:

Նախարարը հվելեց, որ սա վերաբերում է ԼՂ-ից բռնի տեղահանված բոլոր ուսանողներին. «Եթե կինեն ուսանողներ, որոնք մինչեւ այս պահը ընդգրկված չեն եւ այս ընթացքում լրացուցիչ տվյալներ ի հայտ կգան, ապա լրացուցիչ որոշում կկայացվի նրանց մասով»:

Նախ պետք է Արցախի կարգավիճակի հարցը լուծվի, հետո նոր միայն վերադարձի

Արցախից բռնի տեղահանված անձինք Արցախ վերադառնալու բոլոր իրավունքներն ունեն։ Այս մասին step1am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Ըստ նրա՝ այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները խոսում են միայն մարդկանց վերադարձի մասին, բայց ոչ այն պայմանի, որի դեպքում մարդիկ կարող են վերադառնալ։ «Այն է՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, միջազգային սուբյեկտայնությունը եւ Արցախի պետական մարմինների ու իշխանության վերականգնումը։ Իրենք ուզում են ներկայացնել այնպես, որ հայերն իրավունք ունեն վերադառնալ այն պետություն, որը ղեկավարվում է Իլհամ Ալիեւի կողմից։ Եվ Հայաստանի, եւ Ադրբեջանի իշխանությունների մոտեցումն այս հարցում համընկնում է։ Ոչ թե համընկնում է, այլ կարծում եմ՝ դա վաղուց ծրագրավորված եւ իրականացվող քաղաքականություն է»,- ասաց նա։

Այսինքն, ըստ Լարիսա Ալավերդյանի, նախ պետք է Արցախի կարգավիճակի հարցը լուծվի, հետո նոր միայն վերադարձի։ «Դա միակ պայմանն է, որի ապահովման դեպքում միայն արցախցիներին կարելի է հրավիրել Արցախ՝ առանց իրենց կյանքը վտանգելու»,- հավելեց նա։

Հարցին, թե միջազգային հանրությունը սատարո՞ւմ է այս տարբերակին, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց․ «Եթե մենք միջազգային հանրության ներքո հասկանում ենք այն մարդկանց, որոնք զավթել են եվրոպական բոլոր մարմինները, նրանք իրականացնում են իրենց վաղեմի երազանքը։ Այսօր եվրոպական բոլոր մարմինների ղեկավարները ոչ թե Եվրոպայի ժողովուրդների ներկայացուցիչներն են, այլ դրածոներ են։ Եվ մենք պետք է հստակեցնենք, որ մեր պասիվ դիրքորոշմամբ ու այս քաղաքականությամբ փաստորեն բերել ենք նրան, որ Հայաստանի այս իշխանությունները ջան են ասում, ջան են լսում այդ կեղծ միջազգային հանրության ներկայացուցիչների հետ»։

 

Արցախցիները կկարողանա՞ն վերադառնալ եւ վերցնել իրենց իրերը

Բնակարանները, մշակույթի հուշարձանները, այդ ամենը Ղարաբաղում պահպանվում է հատուկ նշանակության ուժերի կողմից։ Տները կնքված են, ոչ ոք այնտեղ չի մտնում։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին հայտարարել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի վարչության նախագահ Ֆարիդ Շաֆիեւը։

«Միջազգային դատարանի որոշման որոշակի մասը վերաբերում է այս հարցին։ Դա Ադրբեջանի պարտականությունն է։ Դժվար է ասել, թե ինչպես են տեղի ունենալու գործընթացները ֆիզիկական առումով։ Կարծում եմ, որ, ինչպես արդեն հայտարարել է Ադրբեջանի կառավարությունը, բոլոր վերադառնալ ցանկացողներին ժամանակ է տրվել։ Այսինքն՝ նրանք, ովքեր կցանկանան վերադառնալ վերջնականապես, կվերադառնան, կամ եթե որեւէ մեկը ցանկանա գալ եւ վերցնել իրերը, ապա նրանց, ամենայն հավանականությամբ, նման հնարավորություն կտան։ Այսինքն՝ Ադրբեջանը կկատարի դատարանի որոշումը, ԱԳՆ-ն արդեն այս առիթով հանդես է եկել հայտարարությամբ»,- ասել է նա։

Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին կտրամադրվի 50 հազարական դրամ․ ովքեր չեն կարող օգտվել ծրագրից

Կառավարությունը կհատկացնի 2 միլիարդ դրամ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նախարարի խոսքով՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կտրամադրվի 50 հազարական դրամ։

«Այս նախագծով առաջնահերթ առաջարկում ենք հատկացնել 2 միլիարդ դրամ 40 հազար շահառուի հաշվարկով»,- նշեց Մկրտչյանը։

Նախարարը հիշեցրեց, թե ովքեր կարող են օգտվել այս ծրագրից։

«Նախ ծրագրից կարող են օգտվել 100 հազար դրամ միանվագ աջակցության շահառուները, իսկ միջոցառումից չեն կարող օգտվել նրանք, ում բանկային հաշիվներում հոկտեմբերի 2-ի դրությամբ եղել է 2 միլիոն դրամից ավել գումար, Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում ունեցել են հաշվառում սեպտեմբերի 19-ից առաջ, բացակայում են Հայաստանի Հանրապետությունից կամ նոյեմբերի 15-ի դրությամբ բնակվում են հյուրանոցներում և հյուրատներում»,- ասաց Մկրտչյանը։

«Ռեւանշի» ուրվական. Բաքուն ներխուժման պատրվակ է փնտրում, նոր մանրամասներ

Ադրբեջանի ղեկավարությունը սկսել է անհամբերության նշաններ ցույց տալ՝ պահանջելով երկկողմ հանդիպումներ Հայաստանի հետ։ Երեւանն արձագանքեց, որ վաղուց է առաջարկել հանդիպում սահմանագծման հանձնաժողովի մակարդակով։ Բայց, ըստ ամենայնի, Հայաստանի իշխող կուսակցությունը համաձայն չէ «դեմ առ դեմ» հանդիպման առաջարկին։ Ո՞րն է Բաքվի շտապողականության պատճառը, և եթե, ինչպես ասում են, «ինքնիշխանությունը, արդարությունը վերականգնվել է», ապա Բաքվի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ հրատապ համաձայնագիրը։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն ասաց, որ չի կարելի Ադրբեջանի հետ երկկողմ երկխոսության մեջ մտնել, որն առաջարկում է Բաքուն։

«Ադրբեջանը բազմաթիվ առաջարկներով է հանդես գալիս, որպեսզի չհայտնվի Եվրոպայում։ Ո՞վ կհավատա Ալիևին, ով առաջարկում է դեմ առ դեմ խոսել։ Երաշխավոր պետք է լինի, որ վաղը մեր երկրի վրա չհարձակվի»։ Մելքոնյանը կարծում է, որ երաշխավոր կարող են լինել միայն ԱՄՆ-ն և ԵՄ-ն։ Միաժամանակ պատգամավորը նշեց. «Ղարաբաղի հարցը դեռ լուծված չէ, այն օդում կախված է։ Կոսովոն նույնպես «ազատագրվեց», 1,5 միլիոն մարդ դուրս բերվեց, բայց հետո այդ մարդիկ վերադարձվեցին, և Կոսովոյի անկախությունը ճանաչվեց»։

Ինչո՞ւ է Բաքուն ցանկանում «երկկողմանի երկխոսություն»։ Որովհետև սա միակ ճանապարհն է Ղարաբաղի հարցը «նոր իրողությունների» հիման վրա փակելու համար, ցանկացած այլ օրինական ձևաչափով, նույնիսկ Ռուսաստանի մասնակցությամբ, այդ հարցը պետք է քննարկվի միջազգային իրավունքին համապատասխան՝ անկախ «իրականություններից»։ Իսկ միջազգային իրավունքը ենթադրում է ինքնորոշման, ցեղասպանական գործողություններից հրաժարվելու և ուժի կիրառման սկզբունք։

Բաքուն հասկանում է, որ Մոսկվան, աջակցելով Բաքվի ցեղասպանական գործողություններին և Արցախի օկուպացմանը, իրականում Ալիևին գցել է խորը փոսը, որից ելքը միայն Հաագայի, ներխուժման կամ Հայաստանի «կամավոր» կապիտուլյացիայի միջով է։

Այժմ Մոսկվան չի կարողանում «լեգիտիմացնել» նոր ստատուս քվոն, իսկ միջազգային հանրության մյուս անդամները բացահայտորեն չեն ճանաչում նոր ստատուս -քվոն։ Այս մասին հայտարարել են Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ը, և Փաշինյանը, եթե անգամ ցանկանար, առանց նրանց չի կարող «կապիտուլյացիա» ստորագրել։ Մնում է ներխուժումը, որի համար պատրվակ է պետք՝ «Հայաստանը ռեւանշի է պատրաստվում, զենք գնելով»։

Ալիևի օգնականը խոստովանել է, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները պաշտպանել են Հայաստանի դիրքորոշումը» (Հիքմեթ Հաջիև): «Տարածաշրջանում նոր ստատուս- քվոն է ի հայտ եկել, և այս ստատուս -քվոն լեգիտիմ է՝ հիմնված արդարության, միջազգային իրավունքի վրա։ Նախկին ստատուս- քվոն, որը Հայաստանը ստեղծեց՝ գրավելով ադրբեջանական հողերը, պաշտպանում էին նաև Հայաստանին աջակցող Մինսկի խմբի անդամները, դա անարդար էր և անընդունելի»,- նշեց նա։

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը բացատրել է, թե ինչու Բաքուն հրաժարվեց Ալմա-Աթայի հռչակագրից։ «Հայերը միակողմանիորեն ժխտեցին Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքը՝ ներառելով ուղղում, որում ասվում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ներառում է «Լեռնային Ղարաբաղը»: Այսպիսով, հայկական կողմը միակողմանիորեն հրաժարվեց Ալմա-Աթայի հռչակագրի հիմնական սկզբունքից՝ ԽՍՀՄ փլուզման ժամանակ նախկին խորհրդային հանրապետությունների վարչական սահմանների ճանաչումից։ Արդյունքում նոր բանակցություններ վարելու անհրաժեշտություն առաջացավ, ինչը, ըստ էության, Հայաստանի հիմնական նպատակն է։ Եվ Ջ.Բորելը, Օ’Բրայենը և մյուսները պաշտպանում են դա»,- ասաց նա։

Երեւանը «ձգձգում է բանակցային գործընթացը՝ փորձելով նստել միանգամից երկու աթոռի վրա։ Ակնհայտ է, որ Հայաստանը հերթական ֆիասկո է կրելու ու հիասթափվելու։ Եվ քանի որ նրանք ցանկանում են խաղալ այս խաղը, ինչո՞ւ են խանգարել նրանց սխալվել, թող խաղան»,- ասել է Զուլֆուգարովը՝ ակնհայտորեն նկատի ունենալով, որ Բաքուն պահպանում է «ինտեռվենցիայի» իրավունքը, և Արևմուտքը կուլ կտա այն, ինչպես կուլ տվեց Ղարաբաղի օկուպացիան։

Նաիրա Հայրումյան

Շուշիի «Երևանյան դարպասների» մոտի գերեզմանոցը ոչնչացվել է

Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) ահազանգում է, որ հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիները բուլդոզերներով ճանապարհ են հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով, որը հայտնի է որպես «Երևանյան դարպասների» մոտի գերեզմանոց։ Այդ մասին հայտնում է news.am-ը:

Ծառերի մեջ տեղավորված են առնվազն 78 հայերեն տապանաքարեր, որոնք թվագրվում են 1802-ից 1913 թվականներին։ Նշվում է, որ անհասկանալի է, թե քանի տապանաքար է վնասվել:

Սա 5-րդ հայկական գերեզմանոցն է, որը տուժել է 2020 թվականի նոյեմբերից՝ Մեծ Թաղերի և Սղնախի ավերումից և Ն. Շուշիի և Վազգենաշենի  մերձակայքում գտնվող գերեզմանատների վնասումից հետո։

Իրանը իր նոր հակահրթիռային պաշտպանության համակարգը «Արման» է անվանել

Հաջորդ շաբաթ Թեհրանում կանցկացվի մինչև 150 կմ հեռահարությամբ նոր «Արման» հակահրթիռային համակարգի շնորհանդեսը, այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար,  բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին։

««Արման» հակահրթիռային համակարգի շնորհանդեսը տեղի կունենա հաջորդ շաբաթ։ Այս հրթիռը, որն ունի մեծ հնարավորություններ, օպերատիվ համակարգ ունի, որը մի քանի համակարգերի համակցություն է»,- ասել է գեներալը։

Նա հավելել է, որ այս հակահրթիռային համակարգը կարող է խոցել թիրախները մինչև 150 կմ հեռավորության վրա և օպերատիվ բարձր արագություն ունի, ուստի այն միանշանակ կարևոր դեր կխաղա երկրի պաշտպանության գործում։

Մոսկվան Բաքվի հետ ունի պայմանավորվածություն, որ Հայաստանին չպետք է զինի

Մենք ՀԱՊԿ անդամ ենք, բայց ՀԱՊԿ-ը՝ Ռուսաստանի գլխավորությամբ, մեզ ոչ մի զենք չի տալիս, այն դեպքում, երբ մենք նախօրոք վճարել ենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

«Հիմա այդ գումարներն էլ հետ չի տալիս: Մյուս կողմից Ռուսաստանը դաշնակից է նաեւ Բաքվին, եւ ես կարծում եմ՝ Բաքվի հետ ունի պայմանավորվածություն, որ ինքը Հայաստանին չպետք է զինի»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ նախկինում Ռուսաստանը զենք էր մատակարարում Հայաստանին, պատգամավորն արձագանքեց. «Մենք նախկինում խայտառակ պայմանագիր ունեինք, որ պետք է զենք գնենք միայն Ռուսաստանից: Ռուսաստանն էլ տալիս էր հին զենքեր, հին տեխնիկա: 2002-2004 թվականներին, երբ ես ծառայության մեջ էի, մենք տեխնիկան վերցնում էինք, վերանորոգում էինք, նորից գումար էինք տալիս, որ վերանորոգեն ու բերում էինք այդ վերանորոգված տեխնիկան: Իսկ վերջին տարիներին ընդհանրապես չեն տվել: Սերժ Սարգսյանի ժամանակ «Իսկանդեր» տվեցին, ուրախացանք, հետո համոզվեցինք, որ էդ «Իսկանդերներն» էլ «Իսկանդերներ» չէին: Դրանք սովորական արկեր էին:

Ես համոզված եմ, որ այդտեղ էլ կար պայմանավորվածություն ադրբեջանցիների հետ, ասելով՝ «Իսկանդերներից» դուք մի վախեցեք,  այդ հարցը լուծված է»:

Իմ կարծիքով չպետք է գնալ Ադրբեջանի հետ երկկողմ երկխոսությանը, որն առաջարկում է Բաքուն, ասել է Գագիկ Մելքոնյանը:

«Հիմա Ադրբեջանը դեռ շատ առաջարկություններ կանի, որպեսզի ինքը Եվրոպայում չհայտնվի: Նա Գրանադայի հայտարարությունը չի ուզում ստորագրել: Այսինքն խաղաղության պայմանագրից ինքը խուսափում է եւ գցում է Հայաստանի վրա: Ո՞վ է հավատում Ալիեւին, որ առաջարկում է երկուսով խոսել: Գարանտ պետք է լինի, որ վաղը ինքը չհարձակվի մեր երկրի վրա: Իսկ այդ երաշխավորն ո՞վ է լինելու: Եթե Վրաստանն է այդ միջնորդը եւ վաղը Ադրբեջանը հարձակվում է մեզ վրա, Վրասատնն ի՞նչ կարող է անել: Ոչ մի բան»,-ասաց նա:

Հարցին՝ կա՞ այդպիսի երկիր, որ կարող  երաշխավոր լինել խաղաղության, Գագիկ Մելքոնյանը դրական պատասխան տվեց. «Օրինակ, եթե ԱՄՆ-ն միջնորդ լինի, Ադրբեջանը չի կարող հարձակվել Հայաստանի վրա: Եթե Եվրոպան է միջնորդ, ինքը նորից չի կարող: Արդեն բոլոր պատժամիջոցներով իրեն կմեկուսացնեն»:

Դիտարկմանը, որ նույն ԱՄՆ-ն ու Եվրոպան հայտարարում էին, որ թույլ չեն տա Արցախի հայաթափում, բայց լավ էլ թողեցին, Գագիկ Մելքոնյանն ասաց. «Ղարաբաղի հարցը դեռ լուծված չի, օդում կախված է: Կոսովոն էլ դատարկեցին, 1,5 մլն մարդ հանեցին, բայց հետո այդ մարդկանց վերադարձրեցին եւ ճանաչեցին Կոսովոյի անկախությունը:

Հիմա աշխարհն ասում է, որ արցախցիները պետք է ազատ վերադառնան Արցախ: Ալիեւն էլ ասում ՝ ով է իրենց ասել գնացեք: Բայց բոլորը տեսան, որ Ալիեւը ստախոս մարդ է»:

Ռուսաստանը չի թողնի, որ մենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքենք, որպեսզի կարողանա Հարավային Կովկասում իր դիրքը պահել, ասել է Գագիկ Մելքոնյանը:

«Այնպես չէ, որ Ադրբեջանը գալիս է խաղաղություն կնքելու, Ռուսաստանն էլ այստեղ անելու բան չունի: Մենք տեսանք իրենց արածը, թե ինչպես կատարեցին նոյեմբերի 9-ի պայմանագիրը:

Ռուսաստանը չի ուզում Հարավային Կովկասից դուրս գա: Ինքը «Զանգեզուրի միջանցք» է տենչում: Մարիա Զախարովան հայտարարում է՝ նոյեմբերի 9-ի պայմանագրով Զանգեզուրի ճանապարհը ռուսները պետք է վերահսկեն: Այսինքն նոյեմբերի 9-ի պայմանագրի ոչ մի կետ իրենք չեն կատարել, Ղարաբաղը հայաթափել են ամբողջապես, հիմա մնացել է 9-րդ կետը եւ ուզում են գան, կանգնեն այդտեղ: Ինչի մենք չե՞նք կարողանում մեր ճանապարհները դարձնենք անվտանգ: Ղարաբաղի խաթրի համար էինք մենք ամեն ինչ անում, որ նրանք մնան իրենց տեղում: Բայց հիմա Ղարաբաղի ժողովրդին հանել տվեցին, մեր զինծառայողներին գերեվարեցին: Հենց ռուսների համաձայնությամբ է դա եղել: Տարածքները կամաց տալով ամբողջ Ղարաբաղը տվեցին պրծան, համ էլ եկել, այդ ճանապարհն են ուզում:

Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ իրենք Լաչինի միջանցք էին պահում, Ղարաբաղ էին պահում:

Դեռ 1990-ականներին հայաթափեցին Դաշտային Ղարաբաղը: «Կոլցո» օպերացիայով հայաթափեցին Շահումյանը, Գետաշենը: Նույնը արեցին այստեղ: Հիմա էլ Զանգեզուրն են ուզում: Էլ ո՞վ է վստահելու իրենց Զանգեզուրը, որ մեկ ամիս հետո էլ Զանգեզուրը տան, ադրբեջանցիներին ասեն՝ սա ձեր տարածքներն են:

Ռուսաստանն ուզում է նորից թելադրող լինել եւ մենք անցնենք այդ ճորտի կարգավիճակին»,-ասաց Մելքոնյանը:

Նրա խոսքով, Հայաստանն արդեն հասկացել է, որ պետք է այլընտրանք փնտրել եւ դա արդեն գտնվել է. «Մենք արդեն շատ երկրների հետ ունենք պայմանագրեր, նույնիսկ զենքի սպառազինության հետ կապված: Դա իրենց դուր չի գալիս: Իրենք անընդհատ քննադատում են Արեւմուտքին»,-ասաց պատգամավորը:

Lragir. Ինչու են ԱՄՆ, Ռուսաստանը եւ Եվրամիությունը «հետ կանչում» արցախցիներին

Lragir

Նոյեմբեր 14-ի ճեպազրույցում ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը հայտարարեց, թե ԱՄՆ «շարունակում է հավատալ, որ մարդիկ, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը, իրավունք ունեն վերադառնալ տուն, եթե ցանկանան, և նրանց այդ իրավունքը պետք է հարգվի»։

Նոյեմբեր 15-ի ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, թե «Ռուսաստանը ամեն կերպ կաջակցի Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի գործընթացին: Դա սկզբունքային նշանակություն ունի Բաքվի և Երևանի հաշտեցման համար»: Զախարովան ողջունեց «Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցչի վերջին հայտարարությունը այն հայերի իրավունքների, անվտանգության և տնտեսական բարեկեցության երաշխիքների մասին, որոնք ցանկանում են վերադառնալ Ղարաբաղ»։

Նոյեմբերի 17-ին Արմենպրեսին տված հարցազրույցում Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն հայտարարեց, թե «մենք շատ հստակ պահանջում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա։ Գիտեք, նրանց ունեցվածքը չի կարող բռնագրավվել ուրիշի կողմից: Պետք է երաշխիքներ լինեն այդ մարդկանց անվտանգ վերադարձի համար, եթե նրանք որոշեն վերադառնալ»։

Ստանոն իր հարցազրույցում նաեւ ասել է, որ «երկու կողմերն էլ (Երեւանը եւ Բաքուն․ խմբ․) դիմեցին մեզ այն բանից հետո, երբ հասկացան, որ Ռուսաստանը ազնիվ միջնորդ չէ, երբ հասկացան, որ չի կարելի իսկապես հույս դնել Ռուսաստանի վրա, քանի որ Ռուսաստանն ունի իր թաքնված օրակարգը։ Իսկ Հայաստանի պարագայում Ռուսաստանը մեծապես չկատարեց Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորությունները»:

Անդրադառնալով Ռուսաստանի եւ Բաքվի՝ Եվրամիության հասցեին մեղադրանքներին, Ստանոն ասել է, թե «մենք սեղանի տակից, ինչ-որ սև գործարքներ չենք անում ՝ թաքնված օրակարգով։ Եվրամիությունը չէ, որ անկայունություն է հրահրում։ Եվրամիությունը չէ, որ միակողմանի ռազմական քայլեր է անում։ Բայց այն, ինչ տեսանք Լեռնային Ղարաբաղի դեպքում, միակողմանի ռազմական քայլ էր, ռազմական գործողություն սկսել էր՝ չնայած նախկինում հնչեցրած հավաստիացումներին, որ հարցը ռազմական ճանապարհով չի լուծվելու։ Հետևաբար, մինչև ուրիշին մատնացույց անելը, լավ կլինի, որ ոմանք փոքր-ինչ ինքնախոհ լինեն»։

Նոյեմբերի 17-ին ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Մայքլ Քարփենթերը Ազատություն ռադիոյին տված հարցազրույցում նույնպես անդրադարձավ Ռուսաստանի դերակատարությանը, նշելով, որ «Ռուսաստանը վերջին 18 ամիսների ընթացքում ապացուցել է, որ ոչ մի ոլորտում վստահելի չէ։ Ռուսաստանը ստել է միջազգային տարբեր պարտավորությունների մասին և բազմիցս խախտել է դրանք վերջին տարիներին։ Տեսեք, թե ինչ արեց հակամարտությունը։ Այն մարդկանց տեղահանում է իրենց տներից, հանգեցնում ողբերգությունների թե՛ անհատական մասշտաբով՝ ընտանիքների համար, թե՛ ընդհանուր համայնքների համար, թե՛ առաջացնում է ցասում, որ կարող է երկար տևել»:

Ինչպես տեսնում ենք, սեպտեմբերի 17-ին Ստամբուլի գաղտնաժողովում եւ սեպտեմբերի 21-ին ՄԱԿ ԱԽ հատուկ նիստում հայոց պետականության հազարամյա օրրան Արցախի ոչնչացման հարցում կոնսենսուսի մասնակիցները՝ ԱՄՆ, ՌԴ եւ ԵՄ, անցել են փոխադարձ մեղադրանքների։ ՌԴ-ն մեղադրում է Արեւմուտքին Հարավային Կովկասում անկայունություն հրահրելու եւ Ռուսաստանին դուրս մղելու համար, ԱՄՆ-ն եւ Եվրամիությունն ավելի առարկայական մեղադրանքներ են ներկայացնում ՌԴ-ին՝ ստելու, հայերի, Հայաստանի հանդեպ պարտավորությունները չկատարելու համար, ակնարկելով, թե ՌԴ-ն նման պարտավորություն է ստանձնել իրենց առջեւ ու ստել է, առաջնորդելով Հայաստանի (Արցախը ներառյալ) դեմ ռազմական ներխուժումները։

  • Ստամբուլում ԱՄՆ իր ՄԽ ծնեց. Ֆրանսիան մնում է միայնակ հայ ժողովրդի հետ, առանց հայ պետության, առանց Փաշինյան

Ի դեպ, Ստամբուլի գաղտնաժողովի վերաբերյալ Քարփենթերը նույն հարցազույցում չքմեղանում է, թե «Եղել են մի շարք հաղորդումներ, որոնք հիմնված են կեղծ տեղեկությունների վրա, դրանք վերաբերում են նախկին պաշտոնյաների, վերլուծական կենտրոնների փորձագետների և այլոց այսպես կոչված երկրորդ ուղու քննարկումներին: Ես տեղյակ չեմ ռուս գործընկերների հետ ամերիկացի պաշտոնյաների հանդիպումների մասին։ Մեր ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը շատ հստակ էր այս առումով․ երբ խոսքը վերաբերում է այնպիսի կարևոր հարցի, ինչպիսին ռազմավարական կայունությունն է, մենք պատրաստ ենք քննարկումներ ունենալ: Բայց այս պահին մյուս կողմը՝ նկատի ունեմ Ռուսաստանը, պարզապես պատասխանատվությամբ չի մոտենում այս կարգի թեմաներին։ Ես կասեի՝ ճիշտ հակառակն է»։

Նշենք, որ այսպես կոչված «երկրորդ ուղին» իրականում հովանավորվում եւ ուղղորդվում է պետության կողմից՝ հատկապես «նուրբ» թեմաներով, ինչպիսին է օրինակ Ուկրաինային Ռուսաստանի պայմաններով «խաղաղություն» պարտադրելը։

Ինչն է Արեւմուտք-Ռուսաստան այս իրարանցման պատճառը․ հայերը հենց այնպես չպետք է հեռանային Արցախից՝ Մոսկվայի երաշխավորությամբ ծրագրված էին ջարդեր բազմահազար զոհերով։ Որից հետո Արցախում պետք է մնար «ինտեգրված» որոշակի քանակության բնակչություն՝ որպես Արցախի ցեղասպանության կազմակերպիչների ալիբի եւ միաժամանակ որպես պատանդ՝ իրենց ագենտ Նիկոլի առաջնորդությամբ Հայաստանի պետականության կազմաքանդման գործընթացում։

Արցախցիների մի ստվար հատվածն էլ պետք է «փոշիացվի» Հայաստանում, ինչը եւ անում է ՀՀ վարչապետի աթոռին դրված ստահակը «անձնագրավորման եւ օրենսդրությանը համապատասխանեցնելու» պատրվակով։ ՄԱԿ դատարանին դիմումով Երեւանը օրինականացրեց Բաքվի բացառիկ պետական իրավասությունը Արցախի տարածքում։

Արցախցիներին «հետ են կանչում» համատեղ հանցագործությունը «լեգիտիմացնելու» նպատակով, որովհետեւ Բայդեն-Պուտին-Միշել-Էրդողան բազմակողմ գործարքն «այն ընթացքը չստացավ» շնորհիվ Արցախի հայ բնակչության միակամ տարհանումի։ Արցախցիները վերադառնալու են Արցախի սահմանադրական տարածքում հայկական իրավազորությունը լիարժեք վերականգնելու դեպքում։ «Միջազգային ամուր երաշխիքները» եւ նման լոլոները նիկոլ-քպ-ի «իրավունքներ եւ անվտանգություն ու դրանց հասցեագրում» ցեղասպան ագենտուրային թեզի շարունակությունն են։

Արցախցիների յուրահատուկ վրեժը պետք է դառնա սկիզբը՝ մեր կողմից կոնսենսուսի վերացում եւ թշնամիների ոչնչացում նախատեսող գործողությունների համար։