Lragir. Ինչու են ԱՄՆ, Ռուսաստանը եւ Եվրամիությունը «հետ կանչում» արցախցիներին

Lragir

Նոյեմբեր 14-ի ճեպազրույցում ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը հայտարարեց, թե ԱՄՆ «շարունակում է հավատալ, որ մարդիկ, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը, իրավունք ունեն վերադառնալ տուն, եթե ցանկանան, և նրանց այդ իրավունքը պետք է հարգվի»։

Նոյեմբեր 15-ի ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, թե «Ռուսաստանը ամեն կերպ կաջակցի Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի գործընթացին: Դա սկզբունքային նշանակություն ունի Բաքվի և Երևանի հաշտեցման համար»: Զախարովան ողջունեց «Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցչի վերջին հայտարարությունը այն հայերի իրավունքների, անվտանգության և տնտեսական բարեկեցության երաշխիքների մասին, որոնք ցանկանում են վերադառնալ Ղարաբաղ»։

Նոյեմբերի 17-ին Արմենպրեսին տված հարցազրույցում Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն հայտարարեց, թե «մենք շատ հստակ պահանջում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա։ Գիտեք, նրանց ունեցվածքը չի կարող բռնագրավվել ուրիշի կողմից: Պետք է երաշխիքներ լինեն այդ մարդկանց անվտանգ վերադարձի համար, եթե նրանք որոշեն վերադառնալ»։

Ստանոն իր հարցազրույցում նաեւ ասել է, որ «երկու կողմերն էլ (Երեւանը եւ Բաքուն․ խմբ․) դիմեցին մեզ այն բանից հետո, երբ հասկացան, որ Ռուսաստանը ազնիվ միջնորդ չէ, երբ հասկացան, որ չի կարելի իսկապես հույս դնել Ռուսաստանի վրա, քանի որ Ռուսաստանն ունի իր թաքնված օրակարգը։ Իսկ Հայաստանի պարագայում Ռուսաստանը մեծապես չկատարեց Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորությունները»:

Անդրադառնալով Ռուսաստանի եւ Բաքվի՝ Եվրամիության հասցեին մեղադրանքներին, Ստանոն ասել է, թե «մենք սեղանի տակից, ինչ-որ սև գործարքներ չենք անում ՝ թաքնված օրակարգով։ Եվրամիությունը չէ, որ անկայունություն է հրահրում։ Եվրամիությունը չէ, որ միակողմանի ռազմական քայլեր է անում։ Բայց այն, ինչ տեսանք Լեռնային Ղարաբաղի դեպքում, միակողմանի ռազմական քայլ էր, ռազմական գործողություն սկսել էր՝ չնայած նախկինում հնչեցրած հավաստիացումներին, որ հարցը ռազմական ճանապարհով չի լուծվելու։ Հետևաբար, մինչև ուրիշին մատնացույց անելը, լավ կլինի, որ ոմանք փոքր-ինչ ինքնախոհ լինեն»։

Նոյեմբերի 17-ին ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Մայքլ Քարփենթերը Ազատություն ռադիոյին տված հարցազրույցում նույնպես անդրադարձավ Ռուսաստանի դերակատարությանը, նշելով, որ «Ռուսաստանը վերջին 18 ամիսների ընթացքում ապացուցել է, որ ոչ մի ոլորտում վստահելի չէ։ Ռուսաստանը ստել է միջազգային տարբեր պարտավորությունների մասին և բազմիցս խախտել է դրանք վերջին տարիներին։ Տեսեք, թե ինչ արեց հակամարտությունը։ Այն մարդկանց տեղահանում է իրենց տներից, հանգեցնում ողբերգությունների թե՛ անհատական մասշտաբով՝ ընտանիքների համար, թե՛ ընդհանուր համայնքների համար, թե՛ առաջացնում է ցասում, որ կարող է երկար տևել»:

Ինչպես տեսնում ենք, սեպտեմբերի 17-ին Ստամբուլի գաղտնաժողովում եւ սեպտեմբերի 21-ին ՄԱԿ ԱԽ հատուկ նիստում հայոց պետականության հազարամյա օրրան Արցախի ոչնչացման հարցում կոնսենսուսի մասնակիցները՝ ԱՄՆ, ՌԴ եւ ԵՄ, անցել են փոխադարձ մեղադրանքների։ ՌԴ-ն մեղադրում է Արեւմուտքին Հարավային Կովկասում անկայունություն հրահրելու եւ Ռուսաստանին դուրս մղելու համար, ԱՄՆ-ն եւ Եվրամիությունն ավելի առարկայական մեղադրանքներ են ներկայացնում ՌԴ-ին՝ ստելու, հայերի, Հայաստանի հանդեպ պարտավորությունները չկատարելու համար, ակնարկելով, թե ՌԴ-ն նման պարտավորություն է ստանձնել իրենց առջեւ ու ստել է, առաջնորդելով Հայաստանի (Արցախը ներառյալ) դեմ ռազմական ներխուժումները։

  • Ստամբուլում ԱՄՆ իր ՄԽ ծնեց. Ֆրանսիան մնում է միայնակ հայ ժողովրդի հետ, առանց հայ պետության, առանց Փաշինյան

Ի դեպ, Ստամբուլի գաղտնաժողովի վերաբերյալ Քարփենթերը նույն հարցազույցում չքմեղանում է, թե «Եղել են մի շարք հաղորդումներ, որոնք հիմնված են կեղծ տեղեկությունների վրա, դրանք վերաբերում են նախկին պաշտոնյաների, վերլուծական կենտրոնների փորձագետների և այլոց այսպես կոչված երկրորդ ուղու քննարկումներին: Ես տեղյակ չեմ ռուս գործընկերների հետ ամերիկացի պաշտոնյաների հանդիպումների մասին։ Մեր ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը շատ հստակ էր այս առումով․ երբ խոսքը վերաբերում է այնպիսի կարևոր հարցի, ինչպիսին ռազմավարական կայունությունն է, մենք պատրաստ ենք քննարկումներ ունենալ: Բայց այս պահին մյուս կողմը՝ նկատի ունեմ Ռուսաստանը, պարզապես պատասխանատվությամբ չի մոտենում այս կարգի թեմաներին։ Ես կասեի՝ ճիշտ հակառակն է»։

Նշենք, որ այսպես կոչված «երկրորդ ուղին» իրականում հովանավորվում եւ ուղղորդվում է պետության կողմից՝ հատկապես «նուրբ» թեմաներով, ինչպիսին է օրինակ Ուկրաինային Ռուսաստանի պայմաններով «խաղաղություն» պարտադրելը։

Ինչն է Արեւմուտք-Ռուսաստան այս իրարանցման պատճառը․ հայերը հենց այնպես չպետք է հեռանային Արցախից՝ Մոսկվայի երաշխավորությամբ ծրագրված էին ջարդեր բազմահազար զոհերով։ Որից հետո Արցախում պետք է մնար «ինտեգրված» որոշակի քանակության բնակչություն՝ որպես Արցախի ցեղասպանության կազմակերպիչների ալիբի եւ միաժամանակ որպես պատանդ՝ իրենց ագենտ Նիկոլի առաջնորդությամբ Հայաստանի պետականության կազմաքանդման գործընթացում։

Արցախցիների մի ստվար հատվածն էլ պետք է «փոշիացվի» Հայաստանում, ինչը եւ անում է ՀՀ վարչապետի աթոռին դրված ստահակը «անձնագրավորման եւ օրենսդրությանը համապատասխանեցնելու» պատրվակով։ ՄԱԿ դատարանին դիմումով Երեւանը օրինականացրեց Բաքվի բացառիկ պետական իրավասությունը Արցախի տարածքում։

Արցախցիներին «հետ են կանչում» համատեղ հանցագործությունը «լեգիտիմացնելու» նպատակով, որովհետեւ Բայդեն-Պուտին-Միշել-Էրդողան բազմակողմ գործարքն «այն ընթացքը չստացավ» շնորհիվ Արցախի հայ բնակչության միակամ տարհանումի։ Արցախցիները վերադառնալու են Արցախի սահմանադրական տարածքում հայկական իրավազորությունը լիարժեք վերականգնելու դեպքում։ «Միջազգային ամուր երաշխիքները» եւ նման լոլոները նիկոլ-քպ-ի «իրավունքներ եւ անվտանգություն ու դրանց հասցեագրում» ցեղասպան ագենտուրային թեզի շարունակությունն են։

Արցախցիների յուրահատուկ վրեժը պետք է դառնա սկիզբը՝ մեր կողմից կոնսենսուսի վերացում եւ թշնամիների ոչնչացում նախատեսող գործողությունների համար։

Forrights. Մի ժողովուրդ չի կարող ունենալ տարբեր հերոսներ. ինչպե՞ս են պարգեւատրվելու Արցախի հերոսները Հայաստանում

Forrights

Աշխատանքի և սոցիալական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, հայտնի է դարձել, որ այն զինծառայողներին, ում հերոսի կոչում կամ «Մարտական ​​խաչ» շքանշան է շնորհվել Արցախի Հանրապետության նախագահի կողմից, Հայաստանում հավելավճար չեն ստանա։

Այսինքն՝ ՀՀ նախագահի կողմից շնորհված «Արցախի հերոս» և «Մարտական ​​խաչ» շքանշանակիրները կստանան հավելավճար, իսկ Արցախի նախագահի հրամանագրով պարգևատրվածները՝ ոչ։

Կարո՞ղ է մեկ ազգ ունենալ տարբեր հերոսներ: Արդյո՞ք 1991-94, 2016, 2020 թվականների պատերազմների ժամանակ հայության հաղթանակում մեծ ներդրում ունեցած արցախցին ազգային հերոս է։ Արդյո՞ք սա տեղավորվում է Հայաստանի ներկայիս իշխանության քաղաքական պարադիգմի մեջ, որն անվանում է «Ղարաբաղ Ադրբեջան», ասում է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևանների նկատմամբ, պատրաստ է ճանաչել Ադրբեջանի և Թուրքիայի ամբողջականությունը, և որի հիմնական թշնամիները Հայաստանում «ոթչմիթիզհողականներն» են? /Թեև Թուրքիայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այնքան կասկածելի է, որ նրանք իրենք են խնդրում, որ Հայաստանը ճանաչի այդ ամբողջականությունը/։

Բայց եթե Հայաստանին պետք չեն Ղարաբաղը, Նախիջևանը, Կարսը և այլ տարածքներ, եթե իշխանության հիմնական նպատակն է՝ ամեն գնով, նույնիսկ պետության կորստի գնով խուսափել պատերազմից, ապա հանուն այդ պետությանը եւ հողին իրենց կյանքը զոհաբերելու պատրաստակամ հայերին Հայաստանի իշխանությունը պետք է համարի կործանարար և հակապետական։ Ավելին, Նիկոլ Փաշինյանը և նրա կինը բազմիցս ասել են, որ այս մարդկանց զոհաբերությունն անիմաստ էր։ Վերջերս Փաշինյանը հայտարարեց, որ 1996 թվականից ի վեր Ղարաբաղի հարցը հօգուտ հայերի լուծելը ոչ մի շանս չուներ, այսինքն՝ մարդիկ ուղղակի վատնում են իրենց կյանքը, առողջությունն ու ապագան։

30 տարի շարունակ Արցախի բնակչությունը ողջ հայ ժողովրդի աջակցությամբ պաշտպանել  է հայոց հողը, պետությունը՝ Հայաստանը դարձնելով տարածաշրջանի անվտանգության հիմնական գործոնը։ Հայաստանի ներկայիս իշխանությունն իր առաջնահերթ խնդիրն է համարում Հայաստանի վերափոխումը տնտեսական և լոգիստիկ գործոնի՝ անտեսելով անվտանգությունն ու տարածքները։

Այս ֆոնի վրա սեպտեմբերի 19-ին և դրանից հետո Արցախում տեղի ունեցածը Հայաստանի իշխանության կողմից չի ընկալվում որպես պարտություն հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում, ինչը նշանակում է, որ այս պայքարում զոհվածները ոչ թե ազգային հերոսներ են, այլ մարդիկ, ովքեր անիմաստ կյանք են տվել։ Նույնիսկ թոշակի  չեն արժանացել։

Հայաստանի կառավարությունը պետք է հատուկ կարգավիճակ և ֆինանսական աջակցություն ցուցաբերի 2023 թվականի սեպտեմբերին Արցախում զոհվածների, վիրավորների և անհայտ կորածների բոլոր անհատներին և ընտանիքներին՝ հարգելով 44-օրյա պատերազմի սկզբունքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 19-20-ին տեղի ունեցած ագրեսիայի արդյունքում գրանցվել է մոտ 230 զոհ, որից առնվազն 19-ը խաղաղ բնակիչներ են, այդ թվում՝ 6 երեխա։ Իսկ վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, ըստ ՆԳՆ-ի վերջին տվյալների, զոհվել է մոտ 220 մարդ։ ՀՀ քննչական կոմիտեի վերջին հրապարակման համաձայն՝ ագրեսիայի հետևանքով անհետ կորածների թիվը կազմում է 42 մարդ, որոնցից 12-ը քաղաքացիական անձինք են։ Իսկ անհետ կորածների թիվը, ըստ ՆԳՆ-ի, պայթյունի հետեւանքով մոտ 50 է։

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված, վիրավորված և անհայտ կորած զինծառայողների կարգավիճակի և նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների հարցը լուծվում է Զինվորների ապահովագրության ազգային հիմնադրամի միջոցով (1000+): Բայց ագրեսիայի հետևանքով զոհված, վիրավորված և անհայտ կորած քաղաքացիական անձինք և նրանց ընտանիքները, ինչպես նաև պայթյունի հետևանքով զոհված, վիրավորված և անհետ կորած բոլոր անձինք (ներառյալ զինվորականները), և նրանց ընտանիքները դեռևս որևէ կարգավիճակ չեն ստացել, ոչ մի ֆինանսական աջակցություն, ասում է Արտակ Բեգլարյանը։ «Պետք է քննարկել պայթյունի հետևանքով զոհված զինծառայողներին Զինվորների ապահովագրության ազգային հիմնադրամի շահառուներ դարձնելու հնարավորությունը, քանի որ պայթյունը տեղի է ունեցել ռազմական օբյեկտում», -ասել է նա։

Հիշեցնենք, որ Զինվորների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին՝ հայրենիքը պաշտպանելիս զոհված, անհայտ կորած և 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողների, ինչպես նաև զինծառայողների սոցիալական բարեկեցությունը ապահովելու համար կայուն և հավասար ապահովագրական փոխհատուցում տրամադրելու համար։

Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում և Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարումների, ինչպես նաև սփյուռքից ստացվող կամավոր նվիրատվությունների միջոցով։

400 հազար քառակուսի կիլոմետր տարածքից ընդամենն ունենք 29 հազար։ Բայց Ադրբեջանն ասում է՝ դա էլ ընդհանրապես չկա

Step1.am-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բալայանը։

-Պարո՜ն Բալայան, տեղեկացանք, որ Արցախի Ազգային ժողովն առաջիկայում նիստ է գումարելու, ի՞նչ հարցեր են քննարկվելու։

-Ես վերջին օրերին մասնակից չեմ եղել գործընթացին, օրակարգի մասին տեղեկություն չունեմ։ Ընդհանուր առմամբ ես այն կարծիքն ունեմ, որ Արցախի պետական ինստիտուտները պետք է շարունակեն գործել։ Դա կարեւոր է, որպեսզի արցախահայության իրավունքները պաշտպանվեն, հայրենիք վերադարձի հարցերը քննարկվեն։

-Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ Արցախի պետական ինստիտուտների գործունեությունը սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար։ Սա ինչպե՞ս եք գնահատում։

-Եթե Ադրբեջանն ինչ-որ նպատակ ունի, իսկ իր նպատակները տեսանելի են, դա կապ չունի Արցախի իշխանությունների՝ Արցախից դուրս գործելու կամ չգործելու հետ։ Ադրբեջանն ու Թուրքիան այլ նպատակներ ունեն, եւ երկու երկրների ղեկավարների շուրթերով դա ամեն օր հնչում է։ Թշնամու նպատակները չեն փոխվում, դա տեսանելի է նաեւ նրանց գործողություններից։ Մենք 2020 թվականից հետո էլ տեսանք այդ քայլերը, կարծես թե նոյեմբերի 9-ին համաձայնություն կար, պայմանավորվածություն ձեռք բերվեց, բայց ոչ մի պայմանավորվածություն չկատարվեց։ Նրանք չեն թաքցնում, ասում են՝ մեզ համար սահմանն այնտեղ է, որտեղ կանգնում ենք։

Ես այդքան լավատես չեմ, որ ասեմ՝ Արցախի պետական ինստիտուտների գործունեության շնորհիվ մեր հարցերը կլուծվեն, բայց կարծում եմ՝ պետք է աշխատել, այսինքն՝ չպետք է կողքից նայել, պետք է փորձել մի բան անել։ Եթե դու չկարողանաս դա անել, քո որդին ու թոռը փորձեն անել։ Այսինքն՝ պայմաններ պետք է ստեղծել ապագայի համար։ Վերջիվերջո Հայաստանի Առաջին Հանրապետությունն էլ մի օրում չի ստեղծվել, մի քանի սերունդ պայքարել ու աշխատել են, հազարավոր մարդկանց քրտինքի, արյան ու աշխատանքի արդյունք է դա։

Դուք արցախցիների՝ Արցախ վերադարձի ու Արցախի քաղաքական հարցերը բարձրացնելու ի՞նչ հնարավորություններ եք տեսնում։

-Պետք է փորձել միջազգային կառույցների, տարբեր պետությունների հետ աշխատել եւ եղած միջազգային իրավական հնարավորություններն օգտագործել, պայմաններ ստեղծել, որպեսզի այդ ամենը կատարվի։ Իհարկե, դժվար է ասել, որ դա միանգամից կլինի, բայց համենայնդեպս պետք է որոշակի աշխատանք կատարել։ Աշխարհաքաղաքական իրավիճակները փոխվում են, աշխարհն անընդհատ փոփոխությունների մեջ է, եւ այդ խորապատկերի վրա հնարավոր է, որ մենք կարողանանք մեր խնդիրները լուծել։ Իսկ այդ ամենի համար աշխատանք պետք է կատարել։

Ի՞նչ պայմաններ պետք է լինեն վերադարձի համար։

-Բնականաբար, անվտանգային համակարգ պետք է լինի, Ադրբեջանի հետո որեւէ առնչություն չպետք է լինի, այսինքն՝ միջազգային երաշխիքներ պետք է գործեն։ Ադրբեջանի կազմում կամ ենթակայության տակ որեւէ կարգավիճակ ընդունելի չէ մեզ համար, որովհետեւ Ադրբեջանի քայլերը ցույց են տալիս, որ անհնար է հայկական Արցախը լինի Ադրբեջանի անմիջական վերահսկողության տակ։ Հետեւանքները մենք տեսնում ենք, ավերում են մեր սրբավայրերն ու եկեղեցիները, մարդկանց նկատմամբ բռնություններ են կիրառում։ Հասկանալի է, որ այս պայմաններում մարդկանց սովորական կյանքն ապահովել հնարավոր չէ։

Արցախի կարգավիճակի հարցն այսօր օրակարգից հանվա՞ծ է։

Վերջին շրջանում ԱՄՆ Կոնգրեսում, Եվրախորհրդարանում քննարկումներից, տարբեր անհատ գործիչների ու միջազգային կազմակերպությունների հայտարարություններից կարելի է ենթադրել, որ նման մտահոգություններ կան։ Ըստ էության, արցախահայությանն իր հայրենիքից բռնի ուժով հեռացնելն աշխարհաքաղաքական շատ նոր իրավիճակներ է ստեղծել մեր տարածաշրջանում։ Եվ չեմ կարծում, որ դա խաղաղությանը նպաստող հանգամանք կդառնա, իրենք էլ են այդ ամենը գիտակցում։ Ադրբեջանը դրանից ավելի է լկտիանում, Թուրքիայի հովանավորությամբ արդեն հավակնությունների ունի Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ։ Այսօր տեսա, որ ադրբեջանական մի լրատվամիջոցում Ստեփանավանում հայկական եկեղեցին ներկայացված է որպես «աղվանական եկեղեցի», եւ ասում են՝ սա մերն է։ Այսինքն՝ իրենք ՀՀ ամբողջ տարածքի նկատմամբ հավակնություններ ունեն՝ սկսած Երեւանից մինչեւ Գեղարքունիք, Սյունիք։

Այսինքն՝ Արցախը հանձնելով այս պատմությունը չի՞ վերջացել։

-Ցավոք, ո՜չ, Ադրբեջանի ախորժակն ավելի է բացվել։ Նրանց քարտեզները նայեք, ընդհանրապես Հայաստանի Հանրապետության տարածք չկա։ Կարծես թե հազարամյակներ շարունակ այստեղ ընդհանրապես հայ մարդ չի եղել։ Ամեն ինչ խեղաթյուրում են։

Դուք ի՞նչ եք նկատում, միջազգային հանրությունը սատարո՞ւմ է արցախցիների իրավունքների վերականգնմանը, վերադարձին, Արցախի կարգավիճակի վերաբերյալ հարցերին։

-Արտաքինից այդպիսի տպավորություն կա, բայց մենք շատ ինֆորմացա չունենք։ Դա մի քիչ դժվար է հստակ ասել, որովհետեւ գործընթացի մեջ պետք է լինես։ Բայց արտաքինից այդ տպավորությունը կա։

-Երբ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, Հայաստանի իշխանությունները հայտարարում էին, որ քայլեր չեն ձեռնարկի՝ Արցախը պաշտպանելու համար, քանի որ դրանով Հայաստանը կարող է ներքաշվել պատերազմի մեջ։ Ինչպե՞ս եք գնահատում այդ քաղաքականությունը, ի՞նչ հետեւանք է ունենում դա Հայաստանի համար։

-Եթե ասում են՝ չենք խառնվում, չենք մասնակցում, դա դեռեւս չի նշանակում, թե թշնամին հանգիստ կթողնի։ Դա մեզ համար նոր բան չէ, եթե մեր պատմությունը թերթում ենք՝ սելջուկների, արաբների արշավանքներից սկսած, մաս-մաս կլանել են մեր երկիրը։ Եվ այսօր այն վիճակում ենք, ինչ ունենք՝ 400 հազար քառակուսի կիլոմետր տարածքից ընդամենն ունենք 29 հազար ու չգիտեմ ինչ թվեր են ասում։ Բայց Ադրբեջանն ասում է՝ դա էլ ընդհանրապես չկա։

Ինչպե՞ս պետք է դիմակայել այս ամենին, ի՞նչ ռեսուրս եք տեսնում։

-Խնդիրն այն է, որ ամեն ժողովուրդ պետք է ունակ լինի իրեն պաշտպանել։ Եվ Արցախյան առաջին պատերազմը դրա մասին վկայեց, որ պարզապես հույսը դնել միջազգային կառույցների հայտարարությունների վրա, միայն դրանով հարցերը չեն լուծվում։ Իհարկե, չեմ ասում՝ չպետք է այդ ուղղությամբ աշխատել, բայց մեր հարցերը մենք պետք է փորձենք լուծել։ Այլ ճանապարհ չկա, այսինքն՝ հայ մարդը պետք է միջոցներ ձեռնարկի՝ իր հայրենիքն ու իրեն պաշտպանելու համար։

Հայաստանի իշխանությունները խոսում են այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» մասին, այս իրավիճակում թշնամու հետ խաղաղություն հնարավո՞ր է։

-Ցավոք, այդ «խաղաղության պայմանագիրը» չի կնքվի, որովհետեւ, կրկնում եմ, թշնամին անընդհատ նոր պահանջներ է դնում, այսպես կոչված «անկլավներ», վաղը «անկլավները» կտան, մյուս օրը այլ պահանջներ կներկայացնի։ Սա ընդունված նորմ է, երբ դու զիջում ես, միշտ ավելին են ուզում, այդ սահմանը եւ կարմիր գիծը չկա, թե որտեղ պետք է կանգնես։ Այդ մեթոդով դժվար կլինի երկիրը պահել։

-Արցախի Ազգային ժողովը կարո՞ղ է չեղարկել Արցախի նախագահի հրամանագիրը՝ Արցախի Հանրապետության լուծարման մասին։ Այդ ուղղությամբ աշխատանք տարվո՞ւմ է։

-Դրա անհրաժեշտությունը չկա։ Ենթադրենք նախագահն ինչ-որ որոշումներ է կայացնում, եթե այդ որոշումները հակասահմանադրական են, ինչպե՞ս կարող են իրավական որեւէ ուժ ունենալ։ Այսինքն՝ դա ըստ էության իրավական ուժ չունի։ Նախագահն ինքն էլ է հայտարարել, որ՝ ես ինքս եմ իմ ստորագրությունը հետ վերցնելու։

 

Արցախցի Դանիել բեկ Փիրումյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառում Սարդարապատում

Այսօր նշանավոր ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտի գլխավոր հրամանատար, ազգային հերոս, ռուսական բանակի գնդապետ, հայկական բանակի գեներալ-լեյտենանտ և ծնունդով Արցախցի Դանիել բեկ Փիրումյանի ծննդյան օրվա 162-ամյակի կապակցությամբ, Սարդարապատի թանգարանում տեղի ունեցավ միջոցառում, որին մասնակցեցին մոտ 60 դպրոցական, այդ թվում Արցախից բռնի տեղահանված , Մեծամորում տեղակայված երեխաներ։

Արցախցի բուժաշխատողների վրա ժամանակավորապես չի տարածվի մասնագիտական հավաստագիր ունենալու պահանջը

ԱԺ-ն ընդունել է «ՀՀ բնակչության բժշկական օգնության և սպասարկման օրինագծի փոփոխությունների մասին» նախագիծը, որով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց վրա չի տարածվի մասնագիտական հավաստագիր ունենալու պահանջը։ Ներկայացնելով օրենսդրական մանրամասները՝ «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը նշեց, որ գործող օրենքով բոլոր բուժաշխատողներն աշխատանքի իրավունք ստանալու համար շարունակական մասնագիտական զարգացման համար պետք է ունենան հավաստագիր։ Օրենսդրական փոփոխությամբ սահմանվում է բացառություն, որ այդ կարգավորումը չտարածվի ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողների վրա։՛

«Իրականում հավաստագրի պահանջն իրենց վրա ևս տարածվելու է, սակայն 2025 թվականի հունվարի 1-ից։ Մինչ այդ, այս պահանջը չի տարածվի։ Դրանով ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողներին տրվում է ժամանակ, որ կարողանան իրենց կրեդիտները հավաքել, փաստաթղթերը շտկել, վերապատրաստումներ անցնել»,-ասաց Ալեքսանդր Բազարչյանը։

Նա տեղեկացրեց, որ թեպետ ժամանակ է տրվել արցախցիներին, սակայն արդեն 100-ից ավելի ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողներ կան, որոնք ստացել են իրենց հավաստագրերը։ Ըստ վիճակագրության՝  Հայաստանում ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 3000 բուժաշխատող կա։ Նրանց ճնշող մեծամասնությունը բուժքույրեր են։ Նրանք այսօր էլ կարող են աշխատել, սակայն մինչ 2025 թվականի հունվարի 1-ը պետք է կարողանան ստանալ հավաստագրերը։ Ալեքսանդր Բազարչյանը տեղեկացրեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը խրախուսական մեխանիզմներ է գործարկում, որ բուժաշխատողներն իրենց մասնագիտական գործունեությունը շարունակեն ՀՀ մարզերում։

2024 թվականի հունվարի 1-ից մասնագիտական գործունեության հավաստագիր ստանալու գործընթացն իրականացվելու է առցանց՝ բուժաշխատողների ռեգիստրում։ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը նշեց, որ բուժաշխատողները, ռեգիստրում գրանցվելով, կարող են նշված գործընթացը կազմակերպել առցանց։ Բուժաշխատողը ստիպված չի լինի թղթերի հետ գործ ունենալ, գրել, ջնջել, տպել, փոխարենը մի անգամից համակարգում մուտքագրում է անհրաժեշտ տվյալներն ու դիմումը։ Արդյունքում, ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտը դա տեսնում է ու առկա տվյալները հաստատում է, իսկ համակարգն էլ օգնում է, որ բուժաշխատողը հավաքի իրեն անհրաժեշտ բալերը։ Դրա հիման վրա էլ տրվում է հավաստագիրը։ Համակարգում այլ հնարավորություններ ևս նախատեսված են։

«Օրինակ, Linkedin-ում շատերը պահում են իրենց մասնագիտական պատմությունը։ Եվ եթե որևէ մեկն ուզում է դրան ծանոթանալ, ապա անձն ուղարկում է Linkedin-ում պահվող մասնագիտական պատմության հղումը։ Հիմա բուժաշխատողների ռեգիստրում նույն գաղափարն է գործելու։ Բժիշկը կունենա իր էլեկտրոնային հասցեն, կգործի QR կոդի գաղափարը, որի միջոցով կերևա, թե բժշկի սերտիֆիկացմանը որքան է մնացել»,-ասաց Ավետ Մանուկյանը։

Ավետ Մանուկյանը վստահեցրեց, որ համակարգն ամբողջությամբ պատրաստ է գործարկման։ Այս ընթացքում տեղեկատվական նյութեր են շրջանառվում, որ բուժաշխատողները տեղեկացված լինեն ռեգիստրում առցանց գրանցվելու և հավաստագրերը ստանալու գործընթացից։

Արցախցիների թոշակների եւ նպաստների մասին օրենքն ընդունվեց, մեկ բացառությամբ

Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Արցախից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների ու նպաստների վճարման մասին օրենսդրական փաթեթը։ Նախատեսվում է, որ Արցախից բռնի տեղահանված անձինք հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների կենսաթոշակներն ու նպաստները կստանան դեկտեմբեր ամսին։ Այս փաթեթը լրացվել էր նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում զինծառայություն անցած զինծառայողները եւս Հայաստանում կենսաթոշակներ եւ պատվովճարներ կստանան, բացառություն են կազմում «Արցախի հերոսի» եւ «Մարտական խաչ» կոչում ստացած զինծառայողները, որոնք ՀՀ-ում պատվովճար չեն ստանա։

«Հայաստան» խմբակցությունը դեմ էր այս որոշմանը, սակայն կողմ քվեարկեց փաթեթին։ Պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարարեց․ «Մենք երեկ էլ կողմ քվեարկեցինք փաթեթին, բայց այս ընթացքում փաթեթի մեջ մեր կարծիքով՝ ապօրինի ներառվել է նախագիծ, որը պրոբլեմատիկ է այն առումով, որ զինվորական ծառայության մասին օրենքում փոփոխությունները փաստորեն չեն վերաբերելու Արցախի Հանրապետությունում «Ազգային հերոսի», «Մարտական Խաչի» կոչում ստացածներին։ Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ այդ մարդիկ նույն մարդիկ են, որոնք սխրանքներ են գործել հայրենիքի՝ Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության համար։ Եվ տարբերակում դնելը, եթե սա քաղաքական նպատակներ չունի, վախի դրսեւորում չէ, անթույլատրելի է։ Նախարարի հետ կարճ քննարկել ենք, կարծես թե պատրաստակամություն կա քննարկել հարցը եւ փորձել լուծումներ գտնել»։

 

Արցախի «Ազգային հերոսի» եւ «Մարտական խաչի» կոչումով անձինք կարգավորումից դո՞ւրս են մնում

ԱԺ արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ կառավարությունն առանց նախօրոք քննարկման մեկ օրվա ընթացքում ԱԺ քննարկմանն է ներկայացրել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որն այսօր արդեն պետք է քվեարկվի։

Նշենք, որ նախագիծը վերաբերում է Արցախի Հանրապետությունում ծառայություն անցած զինծառայողներին պատվովճարներ տրամադրելուն։ «Առաջին հայացքից թվում է, որ շատ լավ է, որ բոլոր պատվովճարների մասով կարգավորում կա, բայց սկզբունքային հարցը հետեւյալն է՝ Արցախի Հանրապետության «Ազգային հերոսի» եւ «Մարտական խաչի» կոչումով պարգեւատրված անձինք այս կարգավորումից դուրս են մնում՝ ի տարբերություն մարտական գործողություններին մասնակցած, Արցախում ծառայած մեր հայրենակիցների։ Սա լուրջ խնդիր է, այս նախաձեռնությունն այս տեսքով բերելուց առաջ նախապես գոնե պետք է քննարկումներ անցկացվեցին ու լուծումներ առաջարկվեին»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

 

«Արցախ, ներողություն, Լեռնային Ղարաբաղ»։ Ումի՞ց եք ներողություն խնդրում

ԱԺ արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ՀՀ կառավարությունն Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու նախագծերում գրել է «Լեռնային Ղարաբաղ»։ ««Լեռնային Ղարաբաղ» ի՞նչ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կամ Արցախի Հանրապետություն։ Քաղաքական մեծամասնությունը, իշխանությունները չեն օգտագործում, վախենում են օգտագործել «Արցախի Հանրապետություն» եզրույթը։ Բանը հասել է նրան, որ կառավարության անդամն ասում է՝ «Արցախ, ներողություն, Լեռնային Ղարաբաղ»։ Ումի՞ց ներողություն, ումի՞ց եք ներողություն խնդրում՝ Արցախ բառն օգտագործելու համար։ Կարծում եք՝ թուրքի պահանջի առաջ ընկրկելով՝ հետաձգո՞ւմ եք պատերազմը։ Ինչքան զիջումների եք գնում, չեք տեսնո՞ւմ, որ թուրքն ավելի է մոտեցնում մեր դռներին, մեր հայրենիքին, ավելի է մոտենում Երեւանին»,- ասաց Արթուր Խաչատրյանը։ Այդ մասին հայտնում է Step1.am-ի թղթակիցի ԱԺ-ում։

Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է բոլոր ջանքերը գործադրել՝ ապահովելու Արցախից բռնի տեղահանված, էթնիկ զտման եւ ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների արժանապատիվ, բարեկեցիկ կյանքը ՀՀ-ում՝ մինչեւ մեր հայրենակիցները կկարողանան վերադառնալ իրենց հայրենիք, իրենց տուն՝ Արցախի Հանրապետություն՝ մինչեւ Արցախի Հանրապետության քաղաքական կարգավիճակի ճշգրտումը՝ հիմնվելով ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի վրա։

Երեւանի և Բաքվի «խմբակային իմիտացիան» մտնում է վճռական փուլ

Բաքուն Երեւանին առաջարկել է հանդիպել պետական սահմանին եւ քննարկել խաղաղության պայմանագիրը։  Նոյեմբերի 21-ին Հայաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ ադրբեջանական կողմին է ներկայացվել խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ Հայաստանի վեցերորդ առաջարկը։

Ինչո՞ւ հանկարծ Բաքուն որոշեց ուղիղ բանակցել և ի՞նչ մակարդակով պետք է կայանա այս հանդիպումը։ Ի՞նչ «պետական ​​սահմանի» մասին է խոսում Բաքուն, որը Մոսկվայի ուղեկցությամբ պնդում է, որ Հայաստանը սահմաններ չունի։ Թեկուզ Նիկոլ Փաշինյանը եւս պնդում է, որ Հայաստանը «կադաստրային թուղթ» չունի, թեև պարբերաբար հստակեցնում է Ադրբեջանի տարածքը՝ 86,6 Ղարաբաղի հետ միասին։

Բաքուն այժմ ջանասիրաբար ձևացնում է, թե իր համար անընդունելի են արևմտյան առաջարկները՝ կազմակերպելով դատարկ դեմարշներ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեմ։ Փարիզն ու Վաշինգտոնն իրենց հերթին ձևացնում են, թե իրենք հայանպաստ դիրքորոշում են որդեգրել։ Իսկ պաշտոնական Երեւանն ակտիվորեն իմիտացիա է անում, որ դուրս է գալիս ՀԱՊԿ-ից։

Այս խմբակային իմիտացիայի արդյունքը կարող է լինել Ալիևի և Փաշինյանի «ուղիղ հանդիպումը» Երասխում, որտեղ Հայաստանը կհայտարարվի «խաչմերուկ»՝ առանց տարածքի, սահմանների, ազգային և պետական ​​իրավունքների։

Ալիևը կարող է դա ներկայացնել որպես «պրոպուսկ» Պուտինի, Էրդողանի, Նեթանյահուի և մյուսների «բռնապետների ակումբ», իսկ Փաշինյանն իրեն վերագրելու է «Ռուսաստանից ազատվելը» և արևմտյան կուրսը՝ հույս ունենալով հայտնվել մեկ այլ «ակումբում»։

Որպես բոնուս՝ հայերին կթույլատրվի առանց վիզայի մեկնել Եվրոպա՝ աշխատանքային «շրջագայությունների» համար 90 օրով, իսկ “երրորդ երկրների” քաղաքացիները, որոնց համար Հայաստանը կբացի սահմանը, Թուրքիա տանող ճանապարհին «շրջայցեր» կկատարեն Հայաստանում։ Բոլորը բավարարված կլինեն։

Արդյո՞ք «Արցախի հերոսները» Հայաաստանում պարգեւավճար կստանան

Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց կառավարության ներկայացրած Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Քննարկման ժամանակ հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության հերոսի կոչում կամ Արցախի նախագահի կողմից Մարտական խաչ շքանշան ստացած զինծառայողները Հայաստանում պարգեւավճար չեն ստանա։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը բարձրաձայնեց հարցը, թե ասրդյոք օրենքի նախագծում տեղ գտած ՀՀ ազգային հերոսների, Մարտական խաչ շքանշանով պարգեւատրված զինծառայողների մասին դրույթը տարածվո՞ւմ է Արցախի հերոսների եւ Արցախի Մարտական խաչ ստացած զինծառայողների վրա։ Պատգամավորը նկատեց, որ օրենքի նախագծում շեշտադրվում է հետեւյալը՝ «ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրված, հերոսի կոչում ստացած» ձեւակերպումը։ «Այս տեքստում գրվում է «Լեռնային Ղարաբաղ», բայց այդ մարդկանց կոչումները կոչվում են Արցախի Հանրապետության ազգային հերոս, Մարտական խաչ եւ այլն»,- ասաց Աղվան Վարդանյանը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ի պատասխան նշեց. «Քանի որ այս նախագծի հիմնական մեխն այն է, որ պետք է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանելու նախապայմանով ստանան բոլոր տեսակի կենսաթոշակներն ու նպաստները, հետեւաբար օրենքը չի տարածվելու նրանց վրա։ Այսինքն՝ սա ոչ թե մեր այդ նախագծով ենք սահմանում, մինչեւ այս նախագիծն էլ այդպես էր․ նրանք, որոնք ՀՀ նախագահի կողմից էին ստանում Մարտական խաչ, ստանում էին պատվովճար, բայց Լեռնային Ղարաբաղի նախագահի կողմից հատկացված Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանների համար պատվովճար չէր վճարվում Հայաստանի Հանրապետությունում»։ Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ Արցախի Հանրապետությունում էին այդ անձինք պատվովճար ստանում։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն էլ ասաց, որ Լեռնային Ղարաբաղի կառավարությունը սահմանել էր բազմաթիվ սոցիալական երաշխիքներ, որոնք Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված չեն։ «Եթե շատ պատկերավոր ասեմ՝ եթե մենք ունենք մի 6-7 տեսակի նպաստներ, իրենց մոտ կարող էր հասնել 80-ի։ Եվ մենք դրա ժառանգականությունն ապահովելու քաղաքականությունն առաջ չենք տանում։ Այսինքն՝ մենք քննարկել ենք, որ ապահովենք այն երաշխիքները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված են բոլորի համար։ Հետեւաբար, մենք կենսաթոշակները, նպաստները, բոլոր այն սոցիալական երաշխիքները, որոնք գործում են Հայաստանում, միանշանակ կտրամադրենք»,- նշեց սոցապ փոխնախարարը։

Աղվան Վարդանյանն արձագանքեց․ «Այսինքն՝ մենք ունենալու ենք Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգեւատրված ասպետ, որն այնտեղ ստացել է այդ պերգեւավճարը, այդ նույն մարդն այսօր այստեղ չի ստանում։ Ճի՞շտ  եմ հասկանում»։

«Քանի որ մեր օրենսդրությամբ այդպիսի կարգավորում չունենք, ապա, այո, ճիշտ եք հասկանում»,- պատասխանեց Դավիթ Խաչատրյանը։

 

 

Պետք է հատուկ կարգավիճակ տրվի սեպտեմբերին Արցախում զոհվածների ընտանիքներին. Բեգլարյան

ՀՀ կառավարությունը պետք է հատուկ կարգավիճակ ու ֆինանսական աջակցություն տրամադրի սեպտեմբերին Արցախում զոհված, վիրավորված ու անհայտ կորած բոլոր անձանց ու ընտանիքներին՝ պահելով 44-օրյա պատերազմի սկզբունքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Արցախի ժողովրդի ցեղասպանության վերջին դրվագի՝ սեպտեմբերյան ագրեսիայի և վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով հարյուրավոր անձինք են զոհվել ու վիրավորվել, որոնք որևէ կարգավիճակ ու ֆինանսական աջակցություն չեն ստացել և նման միտում էլ տեսանելի չէ:

Նախ, սեպտեմբերի 19-20-ին տեղի ունեցած ագրեսիայի հետևանքով մոտ 230 զոհ է արձանագրվել, որոնցից առնվազն 19-ը քաղաքացիական անձինք էին, ներառյալ՝ 6 երեխա: Իսկ վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով, ըստ ՆԳՆ վերջին թարմացման, մոտ 220 անձի մահ է արձանագրվել: Իսկ ագրեսիայի հետևանքով անհայտ կորածների թիվը, ըստ ՀՀ քննչական կոմիտեի վերջին հրապարակման, 42 է, ներառյալ՝ 12 քաղաքացիական անձ, իսկ պայթյունի հետևանքով անհայտ կորածներինը՝ ըստ ՆԳՆ հրապարակման, շուրջ 50 է: Բոլոր տվյալները նախնական ու մոտավոր են, և ԴՆԹ հետազոտությունների ավարտից, ամբողջական ու պաշտոնական ցուցակագրումից հետո հնարավոր կլինի հստակ թվեր նշել:

Եթե մարտական գործողությունների ժամանակ զոհված, վիրավորված ու անհայտ կորած զինծառայողների կարգավիճակի և նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների հարցը լուծվում է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի (1000+) միջոցով՝ համապատասխան օրենսդրական դաշտի հիման վրա, նույնիսկ որի մասով, կարծես թե, վարչարարական խնդիրներ ու ձգձգումներ կան, ապա այս հիմնադրամի շահառու չհանդիսացող անձանց մասով խնդիրները այդպես էլ լուծում չեն ստանում: Մասնավորապես, ագրեսիայի հետևանքով զոհված, վիրավորված ու անհայտ կորած քաղաքացիական անձինք և նրանց ընտանիքները, ինչպես նաև պայթյունի հետևանքով զոհված, վիրավորված ու անհայտ կորած բոլոր անձինք (այդ թվում՝ զինծառայողները) և նրանց ընտանիքները որևէ կարգավիճակ ու ֆինանսական աջակցություն չեն ստացել առ այսօր: Հիմք ընդունելով վերոնշյալ մոտավոր թվերը՝ այդպիսի զոհված անձանց թիվը շուրջ 300 է, իսկ հաշմանդամության խումբ ձեռք բերած վիրավորների թվերի վերաբերյալ կդժվարանամ որևէ հաշվարկ ներկայացնել:

Պետական ծրագրերից դուրս մնացած նշյալ անձինք ու նրանց ընտանիքները պետք է հստակ կարգավիճակ ու ֆինանսական աջակցություն ստանան ոչ միայն նրանց սուր սոցիալական խնդիրների պատճառով, այլ՝ առաջնահերթորեն պետության (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության) կողմից ստանձնած անվտանգային պարտավորությունների ձախողման պատճառով: Ավելին, անհրաժեշտ է խորությամբ ուսումնասիրել վառելիքի պահեստի պայթյունի հանգամանքները և քննարկել դրա հետևանքով զոհված զինվորականներին Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի շահառու դարձնելու հնարավորությունները, քանի որ պայթյունը տեղի է ունեցել ռազմական օբյեկտում՝ պատերազմական գործողությունների հարուցած քաոսի ու խուճապի և զինված ուժերի կողմից այդ օբյեկտի անվտանգ կառավարման պարտավորության ձախողման պայմաններում: Այլ նուրբ հիմնավորումների մասին նախընտրում եմ հրապարակայնորեն չխոսել, բայց որոշում կայացնողները դրանք լավ կիմանան՝ ըստ այդմ կատարելով նաև անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ:

Մեկ այլ կարևոր հանգամանք կա, որ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ կառավարությունը նման որոշում է ընդունել և քաղաքացիական բոլոր զոհերին ու վիրավորներին հատկացրել է միանվագ ֆինանսական աջակցություն հետևյալ չափերով՝ զոհվածների ընտանիքներին՝ 5,000,000, առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց՝ 3,000,000, երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց՝ 2,000,000, երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց՝ 1,000,000 ՀՀ դրամ:

Ուստի, հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ հստակ է, որ նշյալ խմբերի անձինք և նրանց ընտանիքներն ունեն իրավաչափ ակնկալիք՝ ստանալու հատուկ կարգավիճակ և ֆինանսական աջակցություն՝ առնվազն նշված չափերով»:

ԱՄՆ-ն Հայաստանին կտրամադրի լրացուցիչ ավելի քան 4 միլիոն դոլար՝ արցախցիներին աջակցելու նպատակով

Ամերիկայի Միացյալ Նահանգները նոյեմբերի 21-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով հայտարարել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից տուժած մարդկանց կարիքները հոգալու նպատակով ավելի քան 4,1 միլիոն դոլար գումարի չափով լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունը, նշելով, որ լրացուցիչ ֆինանսավորման հետ միասին 2020 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի արձագանքմանն ուղղված՝ ԱՄՆ-ի մարդասիրական օգնությունը կազմել է մոտ 28 միլիոն ԱՄՆ դոլար:

Հաղորդագրության մեջ շեշտվում է, որ սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով ավելի քան 100,000 մարդ տեղահանվել է Հայաստան, ինչի արդյունքում ի հայտ են եկել մարդասիրական անհետաձգելի կարիքներ։

«Այս լրացուցիչ աջակցության միջոցով, ԱՄՆ ՄԶԳ-ն տեղում աջակցում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանում ապաստանած՝ խոցելի վիճակում գտնվող գրեթե 74,000 փախստականների և տեղահանված անձանց հրատապ մարդասիրական օգնություն տրամադրելու ջանքերին: Այս ֆինանսավորման շնորհիվ կավելանա կենսական նշանակության պարենային օգնության ծավալը, կտրամադրվի մարդասիրական պաշտպանություն և արտակարգ իրավիճակների համար նախատեսված ժամանակավոր ապաստան:

ԱՄՆ-ն կանգնած է Ադրբեջանի ռազմական գործողությունից տուժած քաղաքացիական անձանց կողքին և աջակցում է Հայաստանի կառավարության՝ կարիքի մեջ գտնվող մարդկանց օգնելու ջանքերին»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ: