Ֆրանսիայի և Ռուսաստանի ճակատամարտը Աֆրիկայում. Սյունիքի ուրանը և Բերձորի միջանցքը սեղանին են

«Երկու կարևորագույն առասպելները, որոնց վրա հիմնված էր Ռուսաստանը՝ իմաստուն առաջնորդի և գերուժի մասին, որին ոչ մի երկիր չի կարող դիմակայել, ընկել են։ Բռնապետական ​​ուժային ուղղահայացը չի կարողանում դիմակայել ներքին քաոսին և անկմանը”։

Այս մասին Step1.am-ին տված հարցազրույցում ասել է արցախցի քաղաքագետ, սոցիոլոգ Դավիթ Կարաբեկյանը՝ մեկնաբանելով Աֆրիկայի և Հայաստանի իրադարձությունների տարօրինակ «զուգահեռները», որտեղ Ռուսաստանն ու Ֆրանսիան գրեթե ձեռնամարտի էին բռնվել։

«Աֆրիկան ​​համարվում է Ֆրանսիայի և Անգլիայի ազդեցության գոտի, և մի շարք հակաֆրանսիական ռազմական հեղաշրջումներ (հակաֆրանսիական կարգախոսներով), այնտեղ Վագների ղեկավար Եվգենի Պրիգոժինի հայտնվելը, ով իբր հետո զոհվել է ավիավթարի հետևանքով, հստակ ուղերձ են Ռուսաստանից Փարիզին»,- կարծում է Դավիթ Կարաբեկյանը։

«Առաջինը անկարգությունները սկսեցին Նիգերում, մի երկրում, որտեղից Ֆրանսիան արտահանում էր ոսկի և ուրան, որոնք կարևոր հումք են երկրի տնտեսության և միջուկային էներգիայի համար: Իսկ Սյունիքը հարուստ է ուրանով, այն Սյունիքը, ոտրեղ Ռուսաստանը մտադիր է վերահսկել միջանցքը»,- հիշեցրեց քաղաքագետը։

Ֆրանսիան դարձել է Արևմուտքի ֆրոնտմենը Ռուսաստանին իր ավանդական ազդեցության գոտիներից, այդ թվում՝ Հայաստանից, դուրս մղելու հարցում։ Նոր աշխարհակարգում «ազդեցության գոտիները» կփոխվեն։

«Ռուսաստանը չի ցանկանում վերափոխել և ընդունել նոր աշխարհակարգի խաղի կանոնները և մտադիր չէ իր ազդեցության ավանդական գոտիներում ազդեցությունը կիսել երրորդ երկրների հետ։ Սոթքում տեղի ունեցած փոխհրաձգությունն ու Լաչինի փակ միջանցքը՝ դրա վառ հաստատումն են։ Կոսովոյի տարբերակ, մուլտիկուլտուրալիզմ և այլն Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համար չեն։ Հետևաբար, հարցը կլուծվի «կամ-կամ»”, կարծում է Դավիթ Կարաբեկյանը։

Նա կանխատեսում է Ռուսաստանում ռեժիմի փոփոխություն Ուկրաինայի հետ պատերազմում կրած պարտությունների ֆոնին։ «Նոր ռեժիմն ընդունում է աշխարհի խաղի կանոնները, ինչը քիչ հավանական է։ Ռուսաստանը մասնատվում է փոքր պետությունների, ինչպես 1917 թվականից հետո՝ մենք վերստեղծում ենք միասնական հայկական պետություն։ Սոցիալական բախումների արդյունքում (տնտեսական ճգնաժամ, բողոքի ցույցեր, պատերազմներ) Թուրքիան զգալիորեն թուլանում է, Ադրբեջանում կա՛մ տեղի է ունենում վարչակարգի փոփոխություն, կա՛մ էլ այն դադարում է գոյություն ունենալ որպես մեկ պետություն»,- ասում է Կարաբեկյանը։

Քաղաքակրթական առումով նույնիսկ ասիական բռնապետություններն են երես թեքում Ռուսաստանից, տնտեսական առումով այն կորցնում է իր գրավչությունը՝ բեռ դառնալով ոչ միայն արտաքին գործընկերների, այլև ավանդական տարածաշրջանների համար, կարծում է նա։

Արցախի ԱԳՆ-ն ասել է, թե ինչպես կարելի է փրկել Արցախը. կլսե՞ն նրան Երևանի հանրահավաքում

Այսօր՝ ԼՂՀ հռչակման օրը, բազմաթիվ ուղերձներ ու աջակցության խոսքեր են հղվել Արցախին։ Ալեն Սիմոնյանն արցախցիներին մաղթել է տոկունություն և ամուր ոգի, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանում անհրաժեշտ է իշխանափոխություն, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ միայն «միասնական նպատակը կարող է պահպանել Արցախի անկախությունը»։ Ռուբեն Վարդանյանը նշեց, որ «անհրաժեշտ է պահպանել մեր երկու պետությունների հիմքում ընկած սկզբունքներն ու արժեքները», սակայն այդ սկզբունքները չթվարկեց։ Արցախի խորհրդարանի նոր խոսնակ, ՀՅԴ-ից Դավիթ Իշխանյանը նշել է, որ “բոլորիս պարտքն է՝ անարդյունք չթողնել մեր հայրերի, քույրերի, եղբայրների և զավակների թափած արյունն ու քրտինքը”։

Այս ամենը ընդամենը կենացներ հիշեցնող խոսքեր են՝ առանց կոնկրետ առաջարկների ու քայլերի։

Կոնկրետը միայն Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ էր. «Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպան քաղաքականության կանխարգելման հիմնական երաշխիքներից մեկը կարող է լինել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը»։

Կարծես թե Արցախի անկախության օրը, այն էլ այն պայմաններում, երբ Արցախը հայկական պահելու ուրիշ մեթոդներ չեն մնացել, Հայաստանի քաղաքական ուժերը պետք է համախմբվեն մեկ օրակարգի՝ Արցախը ճանաչելու պահանջի շուրջ։ Նման նախաձեռնությամբ կարող են հանդես գալ հատկապես Հայաստանի խորհրդարանում ներկայացված ուժերը։

Բայց Հայաստանի քաղաքական ուժերը խոսում են ամեն ինչի մասին, բացի հիմնական քայլի՝ Արցախի կարգավիճակի ճանաչման մասին։ Այս քայլն ինքնաբերաբար կնշանակի ռուս-թուրքական ձևաչափի մերժում, իսկ Հայաստանի բոլոր խորհրդարանական քաղաքական ուժերը լիովին կախված են այդ ձևաչափից։

Անգամ միջազգային քաղաքական ուժերը՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, ասում են, որ Արցախը փրկելու միակ ճանապարհը նրա կարգավիճակի ճանաչումն է, մինչդեռ Հայաստանում բոլորը, կարծես՝  պայմանավորված, համառորեն լռում են այդ մասին։

“Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները, քանի դեռ անբեկանելիորեն հասցեագրված չեն ԼՂ հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության խնդիրները”, ասել է Նիկոլ Փաշինյանը Արցախի անկախության կապակցությամբ իր ուղերձում։ Այդ օրվա կապակցությամ թվում էր կհնչեն անկախության և աջակցության խոսքեր։ Բայց ոչ։

«Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում բնականոն կենսագործունեության ապահովման, անվտանգության և իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ»,- ասել է նա։ Այսքանը: Ոչ մի հղում Հայաստանի Անկախության Հռչակագրին, որի նախաբանում  նշված է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին։ Ոչ մի հղում Արցախի անկախության հռչակագրին և Հայաստանի կողմից այս անկախությունը ճանաչելու հանձնարարականին։

Այսօր խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները Երևանում հանրահավաք են անում, և եթե այս հանրահավաքում Արցախի անկախությունը ճանաչելու կոչ չհնչի, նշանակում է՝ Հայաստանում ընդդիմությունն ու իշխանությունները գործում են միասին՝ մեկ թիմով։

Արցախի ԱԳՆ-ն ասել է, թե ինչպես կարելի է փրկել Արցախը։ Փրկե՛ք։

 

Թանկյան․ ադրբեջանցիները կարողանում են կաշառել ամերիկացի ու եվրոպացի պատգամավորներին

Սերժ Թանկյանն ու Արտակ Բեգլարյանը BBC-ի եթերում ներկայացրել են շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, քաղաքական ակտիվիստ Սերժ Թանկյանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը տեսակապի միջոցով հարցազրույց են տվել BBC հեռուստաալիքին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով բրիտանական հայտնի լրատվամիջոցի տեսանյութը, բանախոսներն հանգամանորեն անդրադարձել են Լաչինի միջանցքի արգելափակմանն ու Ադրբեջանի ապօրինի գործողությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։

Թանկյանը մասնավորապես նշել է, որ ադրբեջանցիները կարողանում են կաշառել ամերիկացի ու եվրոպացի պատգամավորներին՝ իրենց նպատակին հասնելու համար, և այդ ճանապարհին օգտագործում են նաև ադրբեջանական նավթի մատակարարումների հանգամանքը։ Նրա գնահատմամբ՝ արցախյան հիմնախնդիրը, ցավոք, հայտնվել է աշխարհաքաղաքական հորձանուտում, մինչդեռ 120 հազար արցախցիներ, այդ թվում՝ 30 հազար երեխաներ, գտնվում են սովահարության եզրին, քանի որ Արցախի շրջափակումը շարունակվում է շուրջ 9 ամիս։

«Ամբողջ աշխարհը Ադրբեջանին կոչ է անում բացել Լաչինի միջանցքը, երկու միջազգային հեղինակավոր դատական ատյաններ նույնպես այդ առթիվ կայացրել են որոշումներ, սակայն ադրբեջանական կողմը շարունակում է անտեսել այդ ամենը։ Հարցն այն է, թե այժմ մենք բոլորս գործելու ե՞նք, թե պատրաստվում ենք հանդուրժել արցախահայերի ցեղասպանությունը, որը կարող է տեղի ունենալ 21-րդ դարում»,- ասել է Թանկյանը։

Նա հիշեցրել է, որ 2020 թվականին Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, իսկ պատերազմից հետո, երբ կնքվեց զինադադար, Արցախը Հայաստանին միացնող Լաչինի միջանցքը բաց մնաց հումանիտար բեռների ու մարդկանց տեղաշարժի համար, սակայն ինն ամիս առաջ Ադրբեջանն ապօրինաբար փակեց այդ կյանքի ճանապարհը։

Արտակ Բեգլարյանն իր հերթին նույնպես պնդել է, որ արցախյան հիմնախնդիրն ունի աշխարհաքաղաքական ենթատեքստ, և այն պահից, երբ հակամարտությունը սրվել է Ռուսաստանի ու Արևմուտքի միջև, արցախցիները դարձել են նաև այդ հակամարտության զոհը։

«Միջազգային հանրության ուշադրությունը գլխավորապես սևեռված է ուկրաինական ճգնաժամի վրա։ Թուրքիան և Ադրբեջանը որոշակի կապեր ունեն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի հետ, այդ պատճառով էլ միջազգային հանրությունը, դժբախտաբար, չի կարողանում արդյունավետորեն գործել Լեռնային Ղարաբաղում և կանխարգելել հնարավոր ցեղասպանությունը»,- ասել է Բեգլարյանը։

Նախկին պետնախարարի դիտարկմամբ՝ Լեռնային Ղարաբաղը միակ տեղն է, որն ամբողջովին հայտնվել է մեկուսացման մեջ, քանի որ միջազգային կառույցները, նույնիսկ հումանիտար կազմակերպությունները չեն կարողանում մուտք գործել ԼՂՀ տարածք, անգամ ՄԱԿ-ն է զրկված այդ հնարավորությունից։

«Ադրբեջանը շրջափակել է ոչ միայն արցախահայերին, արգելափակել է ոչ միայն հումանիտար բեռների տեղափոխումն Արցախ, այլ նաև դեմ է, որպեսզի միջազգային դիտորդական խմբերն այցելեն այստեղ։ Նույնիսկ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարին թույլ չեն տալիս այցելել Լեռնային Ղարաբաղ»,- ասել է Բեգլարյանը՝ հավելելով, որ հունիս 15-ից ադրբեջանական կողմը ԿԽՄԿ-ին ու ռուսաստանցի խաղաղապահներին թույլ չի տալիս ո՛չ սնունդ, ո՛չ էլ դեղորայք տեղափոխել Լեռնային Ղարաբաղ։

«Ադրբեջանը չի խոչընդոտում միայն «Կարմիր խաչի» միջոցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից Հայաստան հիվանդների տեղափոխմանը, ոչ ավելին»,- նշել է Բեգլարյանը և ցույց տվել այն մեծ խանութի դատարկ փեղկերը, որտեղից ուղիղ տեսակապ է հաստատվել նրա և BBC-ի միջև։

ԼՂՀ նախկին պետնախարարը ահազանգել է, որ հացի և ալյուրի պաշարները սպառվում են, իսկ ադրբեջանցի զինվորականները շարունակ կրակում են դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող արցախցիների վրա։ Չկա նաև համապատասխան քանակի վառելիք, որպեսզի շրջաններից այլուր տեղափոխեն Ստեփանակերտ։ Հղի կանանց 90 տոկոսը զրկված է բժշկի այցելելու հնարավորությունից։

Խոսելով իրադարձությունների հետագա զարգացման մասին՝ Թանկյանը նշել է, որ Ադրբեջանում այս պահին իշխում է ավտորիտար վարչակարգ, որն ուշադրություն չի դարձնում միջազգային հանրության կոչերին և ավելի ու ավելի է մեկուսացման մղում Լեռնային Ղարաբաղին, որի բնակիչների իրավունքները հիմնովին խախտվում են։ Ադրբեջանը սովն ու ճնշումն օգտագործում է որպես զենք։ Թանկյանը ևս մեկ անգամ վկայակոչել է Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի գնահատականը, որ արցախահայերը ենթարկվում են ցեղասպանության։

«Մեծ Բրիտանիան տնտեսական, նավթային հետաքրքրություններ ունի Ադրբեջանի հետ, մասնավորապես «Բրիթիշ Փեթրոլիում» ընկերությունը մեծ տեղ է հատկացնում Ադրբեջանին։ Այդ պատճառով էլ Միացյալ Թագավորությունը չի քննադատում Ադրբեջանին՝ ելնելով տնտեսական շահերից։ Ժամանակն է, որպեսզի Մեծ Բրիտանիան օգտագործի իր ազդեցությունն Ադրբեջանի վրա՝ կանխելու արցախահայերի սովահարությունն ու ցեղասպանությունը»,- եզրափակել է Թանկյանը։

 

Հաթերք․ կար մոտիվացիա, որ նույնիսկ այս խավարի մեջ մենք կարող ենք լույս ստեղծել

Արմանը կամ ինչպես աշակերտներն են անվանում ընկեր Արմանը «Դասավանդիր Հայաստան» ծրագրով երկու տարի դասավանդել է Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում:

Գալով համայնք, անընդհատ փնտրտուքների մեջ էր, թե ինչ ծրագիր պետք է իրականացնել համայնքում։ Եվ ահա աշակերտներից Օվսաննան և Վիկան քննարկումների ժամանակ առաջարկեցին ստեղծել ընթերցասրահ-երիտասարդական կենտրոն,- ծիծաղում է, նշելով, որ կարծես աշակերտները նրա մտքերն են կարդացել:

Ընթերցասրահ-կենտրոնի նպատակը իհարկե սեր սերմանելն է գրքերի հանդեպ, և ևս մեկ կարևոր նպատակ՝ ստեղծել վայր, որտեղ երիտասարդները կկիսվեն իրենց գաղափարներով:

Սկզբում չէին պատկերացնում, որ ծրագրի իրականացումը համընկնելու է Արցախի համար այս բարդ ժամանակահատվածին՝ շրջափակման պայմաններում, որը չնայած մեծ դժվարությունների իր հետ բերել է մեծ մոտիվացիա, առ այն, որ պետք է ի հակառակն ամեն ինչի ապացուցել, որ նույնիսկ այս խավարի մեջ մենք կարող ենք լույս ստեղծել:

Գրքերը, դարակները և նախատեսված մյուս պարագաները պետք է բերվեին Երևանից, որոշ պարագաներ նույնիսկ գնվել էին արդեն, բայց այդպես էլ չհասցրին բերել և ստիպված սկսեցին նոր լուծումներ փնտրել: Հանդիպած դժվարություններից մեկը դարակների հարցն էր, բայց այդ հարցն էլ պատվով լուծվեց՝ տախտակներ գնեցին և ընկեր Արմանը իր կնոջ՝ ընկեր Ամելիի հետ, ի դեպ կյանքում առաջին անգամ, հավաքեցին ամենահրաշալի դարակները։ Ամենահրաշալի, քանի որ դա նրանց ստեղծագործությունն էր:

Իսկ ինչ վերաբերվում է գրքերին, ապա դրանց մի մասը գնվել է դրամահավաքի միջոցով, մյուս մասը նվիրվել է ծանոթների և անծանոթների կողմից, նաև գրքեր են նվիրվել հենց Հաթերքի համայնքապետարանի կողմից: Հարցին, թե որն է ընկեր Ավագյանի գլխավոր մոտիվացիան, պատասխանեց անկեղծ՝ դրական առձագանքները, համայնքի բնակիչների անկեղծ հետաքրքրությունը և նվիրումը գաղափարին:

 

Ստեփանակերտը հերքում է քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգը ճնշելու մասին Բաքվի մեղադրանքները

Ստեփանակերտը հերքում է Բաքվի տարածած հերթական կեղծ լուրն այն մասին, թե Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները ճնշել են Արցախի օդային տարածքով Փարիզ֊Պեկին և Թել֊Ավիվ֊Բաքու երթուղիներով թռիչք կատարող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական հերթական կեղծիքը հերքող հաղորդագրություն է տարածել Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Ադրբեջանի ՊՆ-ն սեպտեմբերի 2-ին տարածել է նոր ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբրև ՊԲ համապատասխան ստորաբաժանումները սեպտեմբերի 1-ին ժամը 11։15֊ից ժամը 11։36֊ն և ժամը 13։30֊ից ժամը 13։58֊ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Արցախի օդային տարածքով Փարիզ֊Պեկին և Թել֊Ավիվ֊Բաքու երթուղիներով թռիչք կատարող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգը։

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չունի իրականության հետ որևէ առնչություն։ Ինչպես բազմիցս նշել ենք նախկինում, հիշյալ երթուղիներով թռիչք իրականացնող օդանավերը չեն հատում Արցախի Հանրապետության օդային սահմանները։ Հատկանշական է նաև, որ իբրև թե ռադիոճնշման ենթարկված օդանավերը շահագործող որևէ ընկերություն կամ որևէ երկիր երբևէ չի ներկայացրել որևէ բողոք այդ առնչությամբ։

Նման կեղծ հայտարարությունների պարբերական տարածմամբ Ադրբեջանը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետից և նախապատրաստել տեղեկատվական հենք հերթական սադրանքի համար։

Կրկին հիշեցնենք, որ 2020 թ. պատերազմական գործողությունների ողջ ընթացքում և դրանից հետո հենց ադրբեջանական կողմն է հետևողական կերպով թիրախավորել Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքը` արգելափակելով Լաչինի միջանցքը, խափանելով գազի և էլեկտրականության մատակարարման հոսքագծերը և ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

Արցախի ԱԳՆ կոչ է արել ճանաչել ԼՂՀ-ը

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով:

«32 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

1921 թվականի հուլիսի 5-ից՝ Ադրբեջանին ապօրինի բռնակցվելու պահից և Ադրբեջանական ԽՍՀ-ում գտնվելու ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում գնալով սաստկանում էր Ադրբեջանի վարած ապարտեիդի և խտրականության քաղաքականությունը, բնիկ հայ ժողովրդի հանդեպ ստեղծվել էր ատելության և անհանդուրժողականության մթնոլորտ, որը հանգեցրել էր զինված բախումների, մարդկային զոհերի և հայկական գյուղերի խաղաղ բնակչության զանգվածային բռնատեղահանման:

Զարգացումների կործանարար ընթացքը կանխելու նպատակով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն օգտվեց ԽՍՀՄ գործող Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իր իրավունքից, այն է՝ 1990 թվականի ապրիլի 3-ի՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու մասին» օրենքի դրույթից, որի համաձայն՝  «ինքնավար հանրապետություններն ու ինքնավար կազմավորումներն իրավունք ունեն ինքնուրույն որոշել ԽՍՀՄ կազմում կամ նրա կազմից դուրս եկող միութենական հանրապետությունում մնալու հարցը, ինչպես նաև բարձրացնել սեփական պետական իրավական կարգավիճակի հարցը»:

Լեռնային Ղարաբաղի անկախությունը վերահաստատվեց նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով և 1992 թ. հունվարի 6-ին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունված  անկախության հռչակագրով։

Երեք տասնամյակ անց Ադրբեջանն իր իսկ սանձազերծած լայնածավալ պատերազմի արդյունքում օկուպացրել է Արցախի Հանրապետության տարածքի զգալի մասը:

Նպատակ ունենալով հասնել Արցախի վերջնական հայաթափմանը՝ 2022 թվականի դեկտեմբերից առ այսօր՝ շուրջ 9 ամիս շարունակ, Ադրբեջանը, անտեսելով 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և ՄԻԵԴ-ի իրավաբանորեն պարտադիր որոշումները, ինչպես նաև միջազգային հանրության բազմաթիվ կոչերը, կատարյալ պաշարման մեջ է պահում Արցախի 120 հազար բնակչությանը՝ զրկելով նրան բոլոր հիմնարար իրավունքներից և ազատություններից, ստեղծելով կյանքի համար անտանելի կենսապայմաններ և մատնելով սովահարության:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից արցախցիների հասցեին անընդհատ հնչեցվող սպառնալիքներն ու հաշվեհարդարի կոչերը` Արցախի ժողովրդի դեմ տարվող ցեղասպանական քաղաքականության կանխման կարևոր երաշխիքներից մեկը կարող է դառնալ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը:

Երախտագիտություն հայտնելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և ազատության համար պայքարած մեր բոլոր հայորդիներին և գլուխ խոնարհելով արցախյան երեք պատերազմներում նահատակված մեր հերոսների հիշատակի առջև՝ վերահաստատում ենք, որ Արցախը եղել և մնում է համահայկական միասնականության առանցք՝ շարունակելով իր որդեգրած ուղին և պայքարելով մեր արժանապատիվ լինելիության համար:

Հորդորում ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացքում ներգրավված բոլոր միջազգային դերակատարներին ձեռնարկել անհետաձգելի և գործուն քայլեր՝ կանխելու Արցախի էթնիկ զտումն ու նրա բնիկ ժողովրդի հայրենազրկումը»,- ասված է հայտարարության մեջ:

32 տարի առաջ հռչակվեց ԼՂՀ-ը

ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով, որում ասված է.

«Սիրելի´ հայրենակիցներ,

Արցախի պետականության կայացման հիմնական փուլերից մեկը 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂՀ հռչակման մասին որոշումն էր: 32 տարի առաջ հռչակվելով Արցախի Հանրապետություն մեր երկիրը կայացել է որպես հայկական պետություն՝ «հարգելով ու հետևելով Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի և Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին միջազգային համաձայնագրի, Քաղաքացիական, քաղաքական և մշակութային իրավունքների մասին միջազգային համաձայնագրի սկզբունքներին և ակնկալելով միջազգային հանրության ըմբռնումն ու աջակցությունը»:

32 տարիների ընթացքում Արցախը դիմագրավել է 2 լայնածավալ պատերազմ, ապրել ենք հաղթանակի բերկրանքը, ձևավորվել են պետական ինստիտուտներ, երկիրը զարգացել ու բարգավաճել է, սակայն թշնամին 2020թ-ին հրահրած պատերազմով նպատակ է դրել իսպառ վերացնել Արցախի Հանրապետությունը:

Արցախի պետականության համար պայքարի այս փուլում մարտի դաշտն ընդլայնվել է. առօրյա, կենցաղային դժվարությունները հաղթահարող մեր հայրենակցից մինչև դիրքապահը կանգնած են ճակատային դիրքերում:

Կանգնած ենք, քանի որ բոլորիս պարտքն է՝ անարդյունք չթողնել մեր հայրերի, քույրերի, եղբայրների և զավակների թափած արյունն ու քրտինքը: Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա առթիվ, մաղթում ուժ ու կորով, տոկունություն, համբերություն, արժանապատիվ ու բարեկեցիկ ապագա»:

Ակնայից ճանապարհը կեղտոտ հնարք է. Բաքուն Գերմանիայի արտգործնախարարին «հիմա՞ր» է անվանել

Մոսկվան և Բաքուն չեն կարողանում «աղդամյան» օրակարգը պարտադրել հայկական կողմին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Գերմանիային, սակայն Բաքվի քարոզչական հնարքն անսպասելիորեն աջակցություն գտավ Եվրամիությունում։

Խոսքը շատ կոնկրետ իրավիճակի մասին է. Բաքուն չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը ճանապարհի անվերապահ բացման մասին։ Շրջափակումը շարունակելու և Արցախին սովի միջոցով «ինտեգրվել» ստիպելու համար Բաքուն առաջ է քաշում «Աղդամի ճանապարհի» զավեշտալի գաղափարը, որոը իրավական կամ այլ որևէ հիմք չունի։ Այս ճանապարհի բացման պարտավորությունը ոչ մի տեղ գրված չէ, ի տարբերություն Լաչինի միջանցքի, որը Բաքուն և Մոսկվան պարտավոր են բացել Եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի որոշման համաձայն։

Արտգործնախարար Լավրովը Ռուսաստանի առաջարկների մեջ ներառել է «նախ Աղդամի ճանապարհի բացումը, իսկ 24 ժամ հետո՝ Լաչինի ճանապարհը»։ Այս մասին հայտարարում է նաև Բաքուն։ Սակայն առաջարկը չի ընդունվում Երևանի, Ստեփանակերտի կողմից, չի նշվում  նաև միջազգային  միջնորդների կողմից։

Բայց երեկ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Տոյվո Կլաարի “պասով” անսպասելիորեն «առաջարկեց փուլային մոտեցում, որը կարտացոլի Լաչինի միջանցքի լիարժեք շահագործման և Աղդամի երթուղու բացման հաջորդականությունը»։ Նա անդրադարձել է որոշ պայմանավորվածությունների, այդ թվում՝ «Ղարաբաղի ներկայացուցիչների հետ»։

Մինչդեռ Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը հայտարարեց, որ հստակ որոշում է կայացվել, որ Ակնայից ճանապարհը չի բացվի։ Արցախի քաղաքացիները մի քանի օր է՝ փակում են այս ճանապարհը՝ հայտարարելով, որ այնտեղից բեռներ թույլ չեն տա։

Հայաստանի ԱԳՆ-ն էլ երեկ հայտարարեց, որ «Աղդամի ճանապարհի» վերաբերյալ պայմանավորվածություններ չկան։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը հերքել է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը, թե հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել “այլ միջոցներով Լեռնային Ղարաբաղ բեռների փոխադրումն ապահովելու մասին”։

«Հայաստանի Հանրապետությունը բազմիցս վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումը Լաչինի միջանցքի անօրինական արգելափակումը վերացնելու անհրաժեշտության վերաբերյալ՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի իրավական ուժ ունեցող որոշումների»,- ասաց Բադալյանը։

Նա հիշեցրեց, որ հուլիսի 15-ի հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահի, ինչպես նաև սեպտեմբերի 1-ի Խորհրդի նախագահի մամուլի քարտուղարի հայտարարությունները նման «համաձայնության» մասին չեն վկայում. ադրբեջանական կողմը փորձում է շահարկել թեմային տարբեր անդրադարձները և դրանք ներկայացնել որպես համաձայնություն։

Հատկանշական է, որ Ֆրանսիայի մարդասիրական բեռները Բերձորի միջանցք ուղեկցած ֆրանսիացի դիվանագետները, քաղաքապետերը գրեթե երկու ժամ տևած ասուլիսի ընթացքում չեն հիշատակել «Աղդամի ճանապարհը»։ Ֆրանսիան այս գաղափարը համարում է անտեղի և  Լաչինի միջանցքի բացման հետ կապ չունեցող։

Ի դեպ, Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկը կոչ է արել «Ադրբեջանին և Ռուսաստանին» անհապաղ բացել Լաչինի միջանցքը՝ առաջին անգամ պատասխանատվությունը դնելով նաև Մոսկվայի վրա։ Այս կոչի կապակցությամբ Բաքուն Գերմանիայի արտգործնախարարին «հիմար» է անվանել։

Ինչի՞ է Շառլ Միշելը մղում Բաքվին և Մոսկվային՝ «Աղդամի մարդասիրական միջանցքի» բռնի բացմա՞նը, հետո արդարացնի ներխուժումը ռւ ասի՝ ԵՄ-ն մեղավո՞ր չէ։ Շառլ Միշելը չի՞ հասկանում, որ այս կերպ ԵՄ-ն դառնալու է ցեղասպանության մեղսակիցը։

ԼՂ բեռների տեղափոխման այլընտրանքային ճանապարհների վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել․ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարարության այն պնդմանը, թե հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել այլ ճանապարհներով Լեռնային Ղարաբաղ բեռների տեղափոխումն ապահովելու շուրջ։ Պատասխանելով մի շարք լրատվամիջոցների հարցին՝ ԱԳ մամուլի քարտուղարը նշել է, որ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ԼՂ բեռների տեղափոխման այլընտրանքային ճանապարհների վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։

«Արմենպրես»-ը ներկայացնում է հարց ու պատասխանը ամբողջությամբ․

Հարց. Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հերթական անգամ պնդում է, որ հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել այլ ճանապարհներով Լեռնային Ղարաբաղ բեռների տեղափոխումն ապահովելու շուրջ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս պնդումները։

Պատասխան. Ցանկանում ենք ընդգծել, որ հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ԼՂ բեռների տեղափոխման այլընտրանքային ճանապարհների վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Ավելին, Հայաստանի Հանրապետությունն իրավասություն չունի և չի կարող քննարկել Լեռնային Ղարաբաղ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր։

Հայաստանի Հանրապետությունը բազմիցս վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման հրամայականի վերաբերյալ՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումների։

Հատկանշական է նաև, որ հուլիսի 15-ի հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահի կողմից, ինչպես նաև սեպտեմբերի 1-ին խորհրդի նախագահի խոսնակի կողմից արված հայտարարություններում ևս չի մատնանշվում այդպիսի «պայմանավորվածություն». ադրբեջանական կողմը, ձևավորած գործելաոճին համապատասխան, փորձում է շահարկել թեմային զանազան անդրադարձերը և դրանք ներկայացնել որպես պայմանավորվածություն։ Միջազգային գործընկերներն իրենց հայտարարություններում շարունակաբար և աներկբայորեն շեշտադրում են Լաչինի միջանցքի արգելափակման վերացման կարևորությունը, և այն, որ այլ ճանապարհների վկայակոչումը չի կարող դիտվել որպես այլընտրանք Լաչինի միջանցքի արգելափակման վերացման Ադրբեջանի պարտավորությանը։

Եվս մեկ անգամ հաստատակամորեն ընդգծում ենք, որ ՀՀ համար օրակարգում  է միայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անխափան կապն ապահովող ուղու՝ Լաչինի միջանցքի շրջափակման վերացման խնդիրը, և ՀՀ-ն չի պատրաստվում ներգրավվել որևէ այլ ճանապարհների շուրջ քննարկումներում:

 

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ՀՀ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ գործողությունների վերաբերյալ․

«Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր: Ադրբեջանական ԶՈՒ կիրառել են նաև ականանետեր և անօդաչու սարքեր:

Հայաստանի Հանրապետությունն այս ընթացքում բազմիցս ահազանգել էր, որ Ադրբեջանը, նպատակ ունենալով նախապես ծրագրավորված ռազմական գործողություններ իրականացնել, միտումնավոր, համակարգային կերպով ապատեղեկատվություն է տարածում:

Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները, որոնք զուգորդվում են ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ նկրտումների վերաբերյալ ադրբեջանական կողմից տարբեր մակարդակներով, ինչպես նաև տարբեր պետական լրատվամիջոցներով պարբերաբար հնչող հայտարարություններով ու ռազմատենչ հռետորաբանությամբ, հանդիսանում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով առկա հարցերը կարգավորելու, սեփական կամքը պարտադրելու Բաքվի ագրեսիվ քաղաքականության շարունակությունը:

Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու հասցեական կոչերի և աճող ճնշման պայմաններում Ադրբեջանի կողմից իրականացվող այս սադրանքը նաև միտված է շեղել միջազգային հանրության ուշադրությունը և խուսափել իր պարտավորությունների կատարումից:

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի նմանօրինակ ագրեսիվ գործելաոճը, որն ուղեկցվում է արդեն 8 ամսից ավել տևող Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փաստացի պաշարմամբ, և կարող է լրջորեն խոչընդոտել տարածաշրջանում կայունություն և տևական խաղաղություն հաստատելու ջանքերին: Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը, որ Ադրբեջանի զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից։

Կոչ ենք անում միջազգային հանրությանն ու տարածաշրջանում իրական կայունությամբ շահագրգիռ դերակատարներին առկա մեխանիզմների կիրառմամբ և գործուն ու հստակ քայլերի միջոցով զսպել Ադրբեջանի օրեցօր սաստկացող առավելապաշտական վարքագիծը՝ իրավիճակի հետագա սրումը կանխելու և Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու նպատակով»:

Հայկական կողմն ունի 3 զոհ, 1 վիրավոր. ՀՀ ՊՆ

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 1 վիրավոր:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ՝ զինծառայողների ընտանիքներին պատշաճ, սահմանված կարգով իրազեկելուց հետո: