Ակնայից ճանապարհը կեղտոտ հնարք է. Բաքուն Գերմանիայի արտգործնախարարին «հիմա՞ր» է անվանել

Մոսկվան և Բաքուն չեն կարողանում «աղդամյան» օրակարգը պարտադրել հայկական կողմին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Գերմանիային, սակայն Բաքվի քարոզչական հնարքն անսպասելիորեն աջակցություն գտավ Եվրամիությունում։

Խոսքը շատ կոնկրետ իրավիճակի մասին է. Բաքուն չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը ճանապարհի անվերապահ բացման մասին։ Շրջափակումը շարունակելու և Արցախին սովի միջոցով «ինտեգրվել» ստիպելու համար Բաքուն առաջ է քաշում «Աղդամի ճանապարհի» զավեշտալի գաղափարը, որոը իրավական կամ այլ որևէ հիմք չունի։ Այս ճանապարհի բացման պարտավորությունը ոչ մի տեղ գրված չէ, ի տարբերություն Լաչինի միջանցքի, որը Բաքուն և Մոսկվան պարտավոր են բացել Եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի որոշման համաձայն։

Արտգործնախարար Լավրովը Ռուսաստանի առաջարկների մեջ ներառել է «նախ Աղդամի ճանապարհի բացումը, իսկ 24 ժամ հետո՝ Լաչինի ճանապարհը»։ Այս մասին հայտարարում է նաև Բաքուն։ Սակայն առաջարկը չի ընդունվում Երևանի, Ստեփանակերտի կողմից, չի նշվում  նաև միջազգային  միջնորդների կողմից։

Բայց երեկ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Տոյվո Կլաարի “պասով” անսպասելիորեն «առաջարկեց փուլային մոտեցում, որը կարտացոլի Լաչինի միջանցքի լիարժեք շահագործման և Աղդամի երթուղու բացման հաջորդականությունը»։ Նա անդրադարձել է որոշ պայմանավորվածությունների, այդ թվում՝ «Ղարաբաղի ներկայացուցիչների հետ»։

Մինչդեռ Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը հայտարարեց, որ հստակ որոշում է կայացվել, որ Ակնայից ճանապարհը չի բացվի։ Արցախի քաղաքացիները մի քանի օր է՝ փակում են այս ճանապարհը՝ հայտարարելով, որ այնտեղից բեռներ թույլ չեն տա։

Հայաստանի ԱԳՆ-ն էլ երեկ հայտարարեց, որ «Աղդամի ճանապարհի» վերաբերյալ պայմանավորվածություններ չկան։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը հերքել է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը, թե հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել “այլ միջոցներով Լեռնային Ղարաբաղ բեռների փոխադրումն ապահովելու մասին”։

«Հայաստանի Հանրապետությունը բազմիցս վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումը Լաչինի միջանցքի անօրինական արգելափակումը վերացնելու անհրաժեշտության վերաբերյալ՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի իրավական ուժ ունեցող որոշումների»,- ասաց Բադալյանը։

Նա հիշեցրեց, որ հուլիսի 15-ի հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահի, ինչպես նաև սեպտեմբերի 1-ի Խորհրդի նախագահի մամուլի քարտուղարի հայտարարությունները նման «համաձայնության» մասին չեն վկայում. ադրբեջանական կողմը փորձում է շահարկել թեմային տարբեր անդրադարձները և դրանք ներկայացնել որպես համաձայնություն։

Հատկանշական է, որ Ֆրանսիայի մարդասիրական բեռները Բերձորի միջանցք ուղեկցած ֆրանսիացի դիվանագետները, քաղաքապետերը գրեթե երկու ժամ տևած ասուլիսի ընթացքում չեն հիշատակել «Աղդամի ճանապարհը»։ Ֆրանսիան այս գաղափարը համարում է անտեղի և  Լաչինի միջանցքի բացման հետ կապ չունեցող։

Ի դեպ, Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկը կոչ է արել «Ադրբեջանին և Ռուսաստանին» անհապաղ բացել Լաչինի միջանցքը՝ առաջին անգամ պատասխանատվությունը դնելով նաև Մոսկվայի վրա։ Այս կոչի կապակցությամբ Բաքուն Գերմանիայի արտգործնախարարին «հիմար» է անվանել։

Ինչի՞ է Շառլ Միշելը մղում Բաքվին և Մոսկվային՝ «Աղդամի մարդասիրական միջանցքի» բռնի բացմա՞նը, հետո արդարացնի ներխուժումը ռւ ասի՝ ԵՄ-ն մեղավո՞ր չէ։ Շառլ Միշելը չի՞ հասկանում, որ այս կերպ ԵՄ-ն դառնալու է ցեղասպանության մեղսակիցը։

ԼՂ բեռների տեղափոխման այլընտրանքային ճանապարհների վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել․ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարարության այն պնդմանը, թե հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել այլ ճանապարհներով Լեռնային Ղարաբաղ բեռների տեղափոխումն ապահովելու շուրջ։ Պատասխանելով մի շարք լրատվամիջոցների հարցին՝ ԱԳ մամուլի քարտուղարը նշել է, որ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ԼՂ բեռների տեղափոխման այլընտրանքային ճանապարհների վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։

«Արմենպրես»-ը ներկայացնում է հարց ու պատասխանը ամբողջությամբ․

Հարց. Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հերթական անգամ պնդում է, որ հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել այլ ճանապարհներով Լեռնային Ղարաբաղ բեռների տեղափոխումն ապահովելու շուրջ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս պնդումները։

Պատասխան. Ցանկանում ենք ընդգծել, որ հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ԼՂ բեռների տեղափոխման այլընտրանքային ճանապարհների վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Ավելին, Հայաստանի Հանրապետությունն իրավասություն չունի և չի կարող քննարկել Լեռնային Ղարաբաղ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր։

Հայաստանի Հանրապետությունը բազմիցս վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման հրամայականի վերաբերյալ՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումների։

Հատկանշական է նաև, որ հուլիսի 15-ի հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահի կողմից, ինչպես նաև սեպտեմբերի 1-ին խորհրդի նախագահի խոսնակի կողմից արված հայտարարություններում ևս չի մատնանշվում այդպիսի «պայմանավորվածություն». ադրբեջանական կողմը, ձևավորած գործելաոճին համապատասխան, փորձում է շահարկել թեմային զանազան անդրադարձերը և դրանք ներկայացնել որպես պայմանավորվածություն։ Միջազգային գործընկերներն իրենց հայտարարություններում շարունակաբար և աներկբայորեն շեշտադրում են Լաչինի միջանցքի արգելափակման վերացման կարևորությունը, և այն, որ այլ ճանապարհների վկայակոչումը չի կարող դիտվել որպես այլընտրանք Լաչինի միջանցքի արգելափակման վերացման Ադրբեջանի պարտավորությանը։

Եվս մեկ անգամ հաստատակամորեն ընդգծում ենք, որ ՀՀ համար օրակարգում  է միայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անխափան կապն ապահովող ուղու՝ Լաչինի միջանցքի շրջափակման վերացման խնդիրը, և ՀՀ-ն չի պատրաստվում ներգրավվել որևէ այլ ճանապարհների շուրջ քննարկումներում:

 

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ՀՀ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ գործողությունների վերաբերյալ․

«Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր: Ադրբեջանական ԶՈՒ կիրառել են նաև ականանետեր և անօդաչու սարքեր:

Հայաստանի Հանրապետությունն այս ընթացքում բազմիցս ահազանգել էր, որ Ադրբեջանը, նպատակ ունենալով նախապես ծրագրավորված ռազմական գործողություններ իրականացնել, միտումնավոր, համակարգային կերպով ապատեղեկատվություն է տարածում:

Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները, որոնք զուգորդվում են ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ նկրտումների վերաբերյալ ադրբեջանական կողմից տարբեր մակարդակներով, ինչպես նաև տարբեր պետական լրատվամիջոցներով պարբերաբար հնչող հայտարարություններով ու ռազմատենչ հռետորաբանությամբ, հանդիսանում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով առկա հարցերը կարգավորելու, սեփական կամքը պարտադրելու Բաքվի ագրեսիվ քաղաքականության շարունակությունը:

Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու հասցեական կոչերի և աճող ճնշման պայմաններում Ադրբեջանի կողմից իրականացվող այս սադրանքը նաև միտված է շեղել միջազգային հանրության ուշադրությունը և խուսափել իր պարտավորությունների կատարումից:

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի նմանօրինակ ագրեսիվ գործելաոճը, որն ուղեկցվում է արդեն 8 ամսից ավել տևող Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փաստացի պաշարմամբ, և կարող է լրջորեն խոչընդոտել տարածաշրջանում կայունություն և տևական խաղաղություն հաստատելու ջանքերին: Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը, որ Ադրբեջանի զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից։

Կոչ ենք անում միջազգային հանրությանն ու տարածաշրջանում իրական կայունությամբ շահագրգիռ դերակատարներին առկա մեխանիզմների կիրառմամբ և գործուն ու հստակ քայլերի միջոցով զսպել Ադրբեջանի օրեցօր սաստկացող առավելապաշտական վարքագիծը՝ իրավիճակի հետագա սրումը կանխելու և Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու նպատակով»:

Հայկական կողմն ունի 3 զոհ, 1 վիրավոր. ՀՀ ՊՆ

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 1 վիրավոր:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ՝ զինծառայողների ընտանիքներին պատշաճ, սահմանված կարգով իրազեկելուց հետո:

Միշելը Լավրովի և  Ալիևի  հետևից խոսեց “ճանապարհների բացման հերթականության” մասին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մամուլի խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված հայ-ադրբեջանական խնդիրների կարգավորման հետ:

Հայտարարությունում ասվում է.

«ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը շարունակել է ակտիվորեն ներգրավված լինել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջխաղացման գործում: Նրա ջանքերը վերջին շաբաթների ընթացքում, որոնց աջակցում էր Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որպես առաջնահերթություն կենտրոնացած էին Ղարաբաղի հայերի հումանիտար իրավիճակի լուծման վրա:

Տոյվո Կլաարը և նախագահ Միշելի թիմը հաճախակի կապի մեջ են եղել Բաքվի, Երևանի և Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ՝ մուտքի ապաշրջափակման համար լուծում մշակելու համար։

Ներկայիս հումանիտար իրավիճակը տեղում արագորեն վատանում է. հրամայական է քայլեր ձեռնարկել՝ ուղղված տեղական բնակչության կարիքներին:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն առաջարկել է քայլ առ քայլ մոտեցում, որը կարտացոլի Լաչինի միջանցքի լիարժեք շահագործման և Աղդամի երթուղու բացման հաջորդականությունը։

Այս քայլերի հաջորդականությունը և բեռների տեսակը, որը կմատակարարվի այս ճանապարհներից յուրաքանչյուրով, ինչպես նաև դրան հաջորդող ընթացակարգերը, եղել են վերջին քննարկումների առանցքը:

ԵՄ-ն խորապես համոզված է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ համաձայն նախկին համաձայնագրերի և ՄՔԴ-ի որոշման, և նշում է, որ Աղդամի ճանապարհի օգտագործումը մատակարարումների համար կարող է նաև լինել հրատապ և հիմնական կարիքների ամենօրյա ապահովման կոնկրետ և կայուն լուծման մաս:

Այս տարրերի շուրջ քննարկումները սկսվել են 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում ղեկավարների վերջին հանդիպումից հետո։

ԵՄ կողմը նաև ընդգծել է անհրաժեշտությունը, որ Բաքուն պետք է պարզաբանի Ղարաբաղի հայերին Լաչինի միջանցքով դեպի Հայաստան և Հայաստանից դեպի Ղարաբաղ տեղաշարժի ընթացակարգերը:

Զուգահեռաբար, մտքերի փոխանակումները կենտրոնացել են նաև ղարաբաղցի հայերին էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումների շուտափույթ վերականգնման վրա:

Բացի ընթացիկ իրավիճակից, ԵՄ կողմը շեշտել է հակամարտության ժառանգությունը հասցեագրելու անհրաժեշտությունը՝ երկարաժամկետ կայուն լուծումը հեշտացնելու համար:

Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև երկխոսությունն այս առումով էական կլինի։ Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն, իսկ կոնկրետ եղանակների շուրջ քննարկումները պետք է սկսվեն հնարավորինս արագ։

Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսությունը վստահության և վստահության ամրապնդման կարիք ունի։ Այդ նպատակով ԵՄ-ն տարբեր առաջարկներ է ներկայացրել այս գործընթացին միջազգային աջակցության, ինչպես նաև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն աջակցելուն տեղում ներգրավվելու համար:

Վերոնշյալ բոլոր ջանքերը միայն մեկ նպատակ ունեն՝ ապահովել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների անշրջելի կարգավորումը՝ ի շահ տեղում գտնվող բոլոր բնակչության։ Այժմ եկել է խիզախ փոխզիջումային լուծումների ժամանակը, նաև այսօրվա էսկալացիայի լույսի ներքո:

ԵՄ-ն ներգրավված է եղել այլ միջազգային դերակատարների հետ այդ ջանքերում կանոնավոր անձնական շփումների և կարծիքների փոխանակման միջոցով, թե ինչպես լավագույնս լուծել ներկա անկայուն իրավիճակը:

 

 

 

Կարմիր Խաչի ներկայացուցիչները հանդիպել են առևանգված երեք արցախցի երիտասարդներին

Օգոստոսի 30-ին և 31-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքից օգոստոսի 28-ին Ադրբեջանի ուժայինների կողմից առևանգված երեք արցախցի երիտասարդներին։ Այս մասին APA գործակալությանը հայտնել է ԿԽՄԿ ադրբեջանական գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։

Լրատվամիջոցի փոխանցմամբ` միջազգային կառույցի ներկայացուցիչներն արցախցի ուսանողների հետ «անհատական հանդիպում են ունեցել, և նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել իրենց ընտանիքների հետ»։

Պաշտոնական Բաքուն պնդում է, որ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանն ու Լևոն Գրիգորյանը երկու տարի առաջ «անարգել են ադրբեջանական դրոշը»: Հայ երիտասարդները, ըստ Բաքվի, տասնօրյա վարչական կալանքի են ենթարկվելու, ապա վտարվեն Ադրբեջանից:

Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով

Արցախի Հանրապետության Սահմանադրության 98-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ս. թ. սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԺ-ի կայքից:

Հելեն Դադայանի մայրը հույս ունի ստանալ իր բաց նամակի պատասխանը

Ինչպես գրել էր Step1.am-ը, Ստեփանակերտում ԿԽՄԿ շենքի մոտ ակցիայի ժամանակ Գյումրու մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացած Հելեն Դադայանի հարազատները հանդիպել են ՃՇՇ ռուս խաղաղապահների այն ժամանակվա հրամանատար Ա.Լենցովին, ԿԽՄԿ ներկայացուցիչներին, տեղական իշխանություններին, որոնք խոստացան անել հնարավորը, որպեսզի 20-ամյա Հելեն Դադայանի աճյունը տեղափոխվի Արցախ և հուղարկավորվի Ճարտարում։

Մահացած աղջկա հարազատն ասաց, որ «այս ամբողջ ընթացքում կողմերն անընդհատ զանգել են հարազատներին, ինչ-որ փաստաթղթեր են պատրաստել, անընդհատ նորից հարցրել, թե որտեղ է ծնվել մեր Հելենը։ Գեներալ Լենցովի հետ հանդիպմանը հավաստիացումներ են եղել, որ աճյունը կբերեն, կամ մորը կտեղափոխեն Հայաստան, որպեսզի այնտեղ հրաժեշտ տան դստերը։ Բայց գեներալ Լենցովը փոխվել է, մեր նախագահը հրաժարական է տալիս, Կարմիր Խաչը լռում է։ Մենք ուղղակի շփոթված ենք։

Օգոստոսի 14-ից ցավակցություններ ենք ստանում, բայց մեր աղջկան հուղարկավորել հնարավոր չէ։ Հելեն Դադայանի մայրը՝ Ալվարդ Սաֆարյանը, օգոստոսի 28-ին դիմել է Հայաստանի իշխանություններին՝ իրենց պարտականությունները կատարելու և թույլ չտալու խնդիրը քաղաքականացնել։ Ահա թե ինչ է նա գրել Հայաստանի վարչապետին և ԱԳ նախարարին ուղղված բաց նամակում. «աղջկաս դին, իմ տան սուգը քաղաքական հարց պիտի դառնա՞»։ Բայց նույնիսկ այս նամակին պատասխան չկա, արձագանք չկա։ Հարազատները, հատկապես ծնողները, ուղղակի շփոթված են.

«Սեպտեմբերի 3-ին Հելենը կդառնար 21 տարեկան։ Մենք՝ հարազատներս, ընկերներս, որոշեցինք այդ օրը չհեռանալ Հելենի մորից, լինել նրա հետ։ Հելենի ծնողներն ամեն ինչ անում են»,- մեզ հետ զրույցում ասաց հարազատներից մեկը:

Նամակը՝ ստորև․

Արցախի Հանրապետության բնակիչ Ալվարդ Սաֆարյանը՝ Գյումրու ճանապարհին ողբերգական վթարի հետևանքով մահացած 20 ամյա Հելեն Դադահի մայր, դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Բաց նամակ: Արդեն 14 օր է, ինչ իմ աղջկա՝ Հելենի մարմինը գտնվում է Գորիսի դիահերձարանում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մեզ տեղեկացնում է, թե «20-ամյա Հելենի դին Արցախ տեղափոխելու հարցը կողմերը Հայաստանի և Ադրբեջանի անհամաձայնությամբ սարքել են իրենց քաղաքական թեման»: Արդյո՞ք իմ աղջկա դին, իմ տան սուգը պիտի դառնա ինչ -որ ճղճիմ քաղաքական հարց: Սա անընդունելի է: Խոսում եք միջազգային մարդասիրական իրավունքից, Իլհամ Ալիևը միջազգային ատյաններում կուրծք է ծեծում, թե արցախահայերի իրավունքների պաշտպանությունն իր առաքելությունն է, սա՞ է ձեր պաշտպանած մարդասիրական իրավունքը: Փաստացի Ալիևը հրաժարվում է Արցախից և արցախահայությունից։Այս աշխարհից, Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններից իմ ուզածը մի բան է. 20 տարեկան աղջկաս դիակը տվեք իմ հողում հուղարկավորեմ: Դիմում եմ ձեզ՝ Նիկոլ Փաշինյան և Արարատ Միրզոյան, կատարեք ձեր պարտականություները՝ ստեղծված իրավիճակին լուծում տալու համար: Իմ աղջիկը պիտի հուղարկավորվի իմ հողում, մեր կողքին և դուք պետք է լուծեք այդ հարցը: Մի՛ քաղաքականացրեք իմ աղջկա ողբերգական մահը: Ես չեմ հանձնվելու, պայքարելու եմ  մինչև իմ աղջիկը գա իմ կողքը: Գործե՛ք, Նիկոլ Փաշինյան և Արարատ Միրզոյան:

 

ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղի թեմայով լսումներ կկայանան

ԱՄՆ Կոնգրեսի՝ Թոմ Լանտոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովը սեպտեմբերի 6-ին կքննարկի Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությունը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով հանձնաժողովի տարածած հաղորդագրությունը։

Լսումներին իր փորձագիտական կարծիքը կներկայացնի Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, որն օգոստոսի 7-ին զեկույց էր ներկայացրել՝ շեշտելով, որ «կան ողջամիտ հիմքեր՝ հավատալու, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվում»:

Իսկ Կոլումբիայի համալսարանում Մարդու իրավունքների ուսումնասիրման ինստիտուտի Խաղաղության կառուցման և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսը վկայություն կտա Ադրբեջանի կառավարության մտադրությանն առնչվող փաստերի մասին։

Լսումները կկայանան սեպտեմբերի 6-ին, կհեռարձակվեն հանձնաժողովի կայքում։

Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի ուղղությամբ․ հայկական կողմն ունի 2 զոհ և 1 վիրավոր

Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավոր։ Այս մասին հայտարարություն է տարածել պաշտպանության նախարարությունը։

«Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:

Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը  հաղորդագրություն կհրապարակի  ավելի ուշ»,- ասվում է Հայաստանի ՊՆ հայտարարության մեջ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է սահմանին հայկական զինված ուժերի հետ բախման ընթացքում երեք զինծառայողի վիրավորվելու մասին։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկությունը, թե հայկական զինված ուժերը մեծ քանակությամբ զենք ու ռազմական տեխնիկա են կուտակում Սոթքի հատվածում։ Հայաստանի պաշտպանության նախարարությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել։

«Ադրբեջանական քարոզչամեքենան ստահոդ տեղեկություններ է տարածում այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացնում Սոթքի հատվածում:  Նման կեղծ տեղեկությունների շրջանառմամբ ադրբեջանական կողմը տեղեկատվական հիմք է ստեղծում Սոթքի ուղղությամբ այսօր առավոտյան սկսած հերթական սադրանքը շարունակելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի ինտենսիվությունը ժամը 11:20-ի դրությամբ նվազել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Իրադրության զարգացման վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

Պաշտպանության նախարարությունը հորդորում է չճշտված, ոչ ստույգ տեղեկություններ չհրապարակել:

«Այսօր Լեռնային Ղարաբաղում իրականացվում է ցեղասպանություն». Լուիս Մորենո Օկամպո

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն կրկին պնդել է՝ այսօր Լեռնային Ղարաբաղի հայության դեմ իրականցվում է ցեղասպանություն: Այս տեսակետն անընդունելի է բրիտանացի փաստաբան Ռոդնի Դիքսոնի համար, գրում է Ամերիկայի ձայնը։

Այսօր Լեռնային Ղարաբաղում իրականացվում է ցեղասպանություն՝ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում պնդել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն: Հայկական կողմի խնդրանքով նա իր փորձագիտական կարծիքն էր ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետալի վիճակի մասին:

Վկայակոչելով 1948 թվականի Ցեղասպանության կոնվենցիայով սահմանված հանցագործության հինգ տարբերակները՝ Օկամպոն առանձնացրեց մի խումբ մարդկանց ոչնչացնելու համար պայմաններ ստեղծելը, որն անգամ չի նախատեսում զոհերի առկայություն:

«[Արդարադատության միջազգային դատարանի] 15 դատավորներ միաձայն որոշեցին, որ Լաչինի միջանցքի արգելափակումն անմիջական վտանգ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղում [բնակվող] մարդկանց կյանքին»,- ասաց նա:

Նրա կարծիքով, ադրբեջանական կողմի մտադրություններն ակնհայտ են. Բաքուն շարունակաբար մերժում է Լաչինի միջանցքը վերաբացելու միջազգային հանրության կոչերը՝ անտեսելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումը:

Լուիս Մորենո Օկամպոն կարևորեց «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը՝ միջազգային հանրությանը, հատկապես՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային ահազանգելու համար, որոնք ներգրավված են ղարաբաղյան բանակցային գործընթացում:

«Եթե գործ ունենք մարդասիրական ճգնաժամի հետ, ապա նրանք [միջազգային հանրությունը] կարող են կոչ անել քաղաքական բանակցություններ վարել, կարող են այլ որակովորումներ տալ, սակայն եթե դա ցեղասպանություն է, ապա ունենք այլ իրավիճակ»,- նշեց նա։

Անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հարցի շուրջ ծավալված քննարկմանը, և այն, որ հայկական կողմից զատ, որևէ այլ երկիր զերծ մնաց տեղի ունեցածը որակել «ցեղասպանություն», Օկամպոն հիշեցրեց, որ 1990-ականներին՝ Ռուանդայի ցեղասպանության ժամանակ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկում էր «զանգվածային սպանությունները»՝ խուսափելով դրանք կոչել «ցեղասպանություն»:

Նրա խոսքով, պետությունները չեն ցանկանում ճանաչել ցեղասպանությունը, քանի որ ճանաչման դեպքում պետք է դիմեն որոշակի գործողությունների:

«[ՄԱԿ-ի] Անվտանգության խորհրդում յուրաքանչյուր երկիր պաշտպանում է իր շահերը, իսկ այստեղ՝ այդ առումով շահ չունեն: Իրավական առումով ամեն ինչ պարզ է: Քաղաքական տեսանկյունից է բարդ, քանի որ ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանին՝ Իրանի հետ հակամարտությունում։ Եվրոպային անհրաժեշտ են տարածաշրջամնից եկող էներգակիրներ։ Այսպիսով, առկա են բազմաթիվ քաղաքական շահեր, որոնք ազդում են իրավական արձագանքի վրա»,- ասաց Օկամպոն։

Նրա պնդմամբ, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան գալով համաձայնության Լեռնային Ղարաբաղի հարցում՝ կարող են ճնշում գործադրել Բաքվի նկատմամբ և արագորեն հասնել Լաչինի միջանցքի վերաբացմանը:

«Դա ամենադյուրին ճանապարհն է: Եթե դա չի աշխատում, իհարկե, առկա է օդային կամրջի միջոցով բնակչությանը պարենով ապահովելու տարբերակը: Բայց կարծում եմ, որ դա պլան Բ-ն է»,- փոխանցեց Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազը։

Արգենտինացի փաստաբանի ներկայացմամբ, Միացյալ Նահանգներն ունի բավականաչափ լծակներ՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշում բանեցնելու համար։ Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը պարզապես չի կարող աջակցել Բաքվին՝ ճնշումներ գործադրել Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ, քանզի նման քայլը ԱՄՆ-ն կդարձնի մեղսակից:

Օկամպոյին հակադարձում է ադրբեջանական կողմի խնդրանքով իր փորձագիտական կարծիքը ներկայացրած բրիտանացի փաստաբան Ռոդնի Դիքսոնը՝ նախկին գլխավոր դատախազի հեղինակածը որակելով «քաղաքականացված և անհիմն», քանզի «բացակայում են ցեղասպանությունը հաստատող ապացույցներ»:

«Չկա որևէ ապացույց, որը կհիմնավորի, թե առկա է ցեղասպանության տարր: Խոսքը՝ որևէ խմբի ամբողջությամբ կամ մասնակի ֆիզիկապես ոչնչացնելու հատուկ մտադրության մասին է: Մորենո Օկամպոյի ներկայացրածում տեղ գտած հղումները չեն վերաբերում այս հիմնարար պահանջին»,- ընդգծեց Դիքսոնը:

Նրա կարծիքով, Օկամպոյի տեսակետն ամբողջությամբ խեղաթյուրում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումները:

«Անգամ մի կողմ դնելով այն, որ այս գործերը (Ադրբեջանի հայցադիմումն ընդդեմ Հայաստանի և մյուսը՝ Հայաստանի հայցադիմումն ընդդեմ Ադրբեջանի) ամենևին էլ ցեղասպանության մասին չեն, ապակողմնորոշիչ է ենթադրել, որ դատարանը որպես փաստ արձանագրել է, թե Ադրբեջանի կողմից իրականցվում է որևէ շրջափակում»,- նշեց բրիտանացի փաստաբանը։

Ռոդնի Դիքսոնը շարունակեց, թե Մորենոն նաև չի անդրադառնում Լեռնային Ղարաբաղի հայությանն այլընտրանքային ճանապարհով՝ Աղդամով, մատակարարումներ իրականացնելու Ադրբեջանի առաջարկին: Ընդհանուր առմամբ, Դիքսոնը թերի, ոչ ճշգրիտ որակեց Օկամպոյի վերլուծությունը՝ հավելելով, թե այն խոչընդոտում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը:

Լուիս Մորենո Օկամպոն անընդունելի համարեց Դիքսոնի հնչեցրած քննադատությունը՝ հիշեցնելով, որ միջազգային արդարադատության համաձայն, Լաչինի միջանցքի արգելափակումն անմիջական վտանգ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի բնակչության համար, և փակելով ճանապարհը՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը վերածում է համակենտրոնացման ճամբարի:

Արգենտինացի փաստաբանը ուշադրություն հրավիրեց՝ խնդիրը միայն սնունդը չէ, և այլընտրանքային ճանապարհով մեկ անգամ սնունդ տեղ հասցնելով հարցը չի կարող լուծված համարել:

«Որևէ պատճառ չկա, որը թույլ չէ տալիս Ադրբեջանին իրագործել միջազգային դատարանի որոշումը»,- ասաց նա:

Բարությունն էլ բրենդ է․ սուխարիկներ Ստեփանակերտում՝ ի ուրախություն երեխաների

Svetlana Danielyan-ը գրում է․

Երեկ բարձրանալով գրասենյակ  տեսա, թե ինչպես են երեխաները թղթե տոպրակներ ձեռքներին դուրս գալիս խանութից։ Հարցնում եմ՝ ի՞նչ է։ Պատասխանում են՝ «три корочки».

Ինչ-որ մեկը փորձել  էր ուրախացնել երեխաներին, իսկ երեխաները վերցրին այն՝ սովորական “սուխարիկն” անվանելով բրենդային անունով: Թող փաթեթավորումը և պարունակությունը բրենդ չի, բայց բրենդ է բարությունը: Թեկուզ վաճառվում է։

Ափսոս միայն այն է, որ դա վերջին սուխարիկներն են, քանի որ հաց չկա։

Թող մեր երեխաները, ովքեր ինչ-որ հրաշքով ուժ կգտնեն իրենց ուսման վրա կենտրոնանալ, կյանքում ամեն ինչ շատ ունենան՝ բարություն, խաղաղություն, ջերմություն, նաև կերակուր, սնունդ և ջուր: