Երբ ասում ենք Հունոտի կիրճ, ակամայից հիշում ենք Հովանոցները, կամ ժողովրդի լեզվով ասած Զոնծիկները, որը իրավամբ բնական հրաշք է ու կիրճի զարդը, բայց և այնպես, Հունոտի կիրճը աչքի է ընկնում ոչ միայն բնական հուշարձաններով ու տարաբնույթ բուսական, կենդանական միջավայրով, այլև պատմա-հնագիտական ու ճարտարապետական մի շարք հուշարձաններով, որոնք մեզ են հասել դեռևս վաղնջական ժամանակներից:
Տարածքում գոյություն ունեն շուրջ 30 պատմա-ճարտարապետական և երկու տասնյակ հնագիտական հուշարձան-քարանձավներ։ Քարանձավներում` մասնավորապես «Ավանա կարանում» և «Ալեքսանա ղուզե» քարայրում կատարված հնագիտական ուսումնասիրությունները վկայում են տարածաշրջանում մարդկային բնակության մասին դեռևս հին ու միջին քարեդարյան ժամանակներից:
2015թ.-ին Հունոտի կիրճ պետական բնապատմական արգելոցի մաս կազմող Ալեքսանա Ղուզե քարանձավ համալիրում հայտնաբերված գտածոն ո՛չ նախամարդու գործիք էր և ո՛չ էլ սեպագիր արձանագրություն: Դա մի ատամ էր, որը պատկանել է էնեոլիթի ժամանակաշրջանում ապրած մարդու: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ատամը 6,5 հազար տարեկան է: Նման նմուշները հնէաբանական ու հնագիտական արժեքավոր տեղեկություն են տալիս, ո՞վ է եղել այն մարդը, ով դեռ 6500 տարի առաջ ապրել է ներկայիս Արցախի տարածքում:
Ինչպես փաստում են գիտնականները, ատամի մեջ ԴՆԹ-ն կարող է պահպանվել հազարամյակներով, ուստի հայտնաբերված ատամի ԴՆԹ-ի կառուցվածքը պարզելու փորձագիտական ուսումնասիրությունների համար գտածոն ուղարկվել է Կոպենհագենի գենետիկայի համալսարան, հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ատամը 6,5 հազար տարվա վաղեմություն ունի եւ պատկանել է մեր նախնիներին, ինչը վկայում է ժառանգական անընդհատության փաստի մասին։
Միջնադարյան և հետմիջնադարյան մի շարք հուշարձան-շինությունների ուսումնասիրությունները հավաստում են, որ Հունոտի կիրճում և նրա հարակից բարձրավանդակում կյանքը շարունակվել է սերնդե-սերունդ, հասնելով մինչև մեր օրերը: Տեղում կատարված ուսումնասիրությունները մեկ անգամ ևս եկան փաստելու մատենագրության մեջ եղած այն վկայությունները, ըստ որոնց Հունոտի կիրճը` հարակից ռազմավարական բարձրավանդակով դեռևս վաղ միջնադարից սկսած կարևոր դերակատարություն են ունեցել Արցախի Մեծառանք գավառի այդ հատվածի պատմության մեջ, իսկ ուշ միջնադարում` խոշոր դեր կատարել արցախահայության ազգային-ազատագրական պայքարում:
Դրա խոսուն վկայությունն են հանդիսանում հանդիպակաց լեռնալանջի ամարաթ-շինությունները, պաշտպանական կառույցները և հետագայում ժամանակի պայմաններին հարմարեցված քարանձավ-պատսպարանները, առանց որոնց Շուշի ամրոց-բնակավայրի պաշտպանությունը անհուսալի կլիներ:
Ուսումնասիրությունները միաժամանակ ցույց են տվել, որ կիրճում գտնվող մեկ տասնյակից ավելի ջրաղացները պատմական բախտորոշ պահերին Շուշիի և շրջակա մի շարք բնակավայրերի բնակչության կեցության ապահովման գործում առանձնահատուկ դերակատարություն են ունեցել, ալյուր մատակարարելով:
Գրավիչ շինությունները տարածվում էին կիրճի գեղատեսիլ գետակի երկայնքով, որտեղ ջուրը դրանց համար շարժիչ ուժ էր հանդիսանում: Հունոտի և դրա շրջակայքի մոտ 12 ջրաղացների ավերակները վկայում են այստեղի երբեմնի ծաղկում ապրած արդյունաբերության մասին:
Ուշ միջնադարյան Հայաստանի արտադրական կառույցների շարքում առանձնահատուկ տեղ ունեն ջրաղացները: Եկամտաբեր այդ արտադրությունները հիմնականում պատկանում էին ունևոր մարդկանց և վանքերին: Գետի շուրջը դեռ կան այդ ջրաղացներից շատերի ավերակները: Ջրաղացներից մեկի բարավորին առկա է շինարարական արձանագրություն «ԹՌՅԵ» (1856թ.):
Հետագայում, ռազմավարական մեծ նշանակության կիրճի և մարդկանց գոյատևման համար կարևոր դեր ունեցող ջրաղացների պաշտպանության նկատառումներից ելնելով, 18-րդ դարում այստեղ ձևավորվել է բնակավայր, որը պատմական աղբյուրներում հիշատակվում է «Հունոտ», «Քարինտակ- Հունոտ», «Ներքին Քարինտակ» անուններով:
1895 թվականին 130 բնակիչ ունեցող Հունոտ գյուղը մեծ դեր է խաղացել Շուշի քաղաքի համար: 1930 –ական թվականներին գյուղը վերջնականապես լքվել է, բնակիչները տեղափոխվել են Շուշի, ինչպես նաև Քարին տակ, Մխիթարաշեն ու Շոշ գյուղերը:
Գյուղի ավերակներն ու գերեզմանոցն այսօր զբաղեցնում են մոտ մեկ ու կես հեկտար տարածք:
Հունոտի գյուղատեղի կամարաձեւ կամուրջը գտնվում է Կարկառ գետի վրա: Այն կառուցվել է 1720թ. տեղական սպիտակ կրաքարով ու կրաշաղախով: Բնական անհարմար տեղանքը շինարարների կողմից բավականին վարպետորեն է օգտագործվել, հիմնապատերը կցվել ու ամրացվել են գետի երկու կողմերի ժայռաքարերին: Ժամանակին կամուրջը կարեւոր ռազմավարական նշանակություն է ունեցել: 2020 թվականին կամուրջը գտնվում էր վերանորոգման փուլում:
Տարածքում գործում էր «Հունոտի կիրճ» պետական բնապատմական արգելոցը։
Արմինե Հայրապետյան

















