Բաքվի դատարանի կայացրած որոշումը հակասում է ցանկացած նորմի. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

Բաքվի դատարանի կայացրած որոշումը հակասում է ցանկացած նորմի, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքին:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին X սոցիալական ցանցի հարթակում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը` ԼՂ-ի 68-ամյա բնակչին 15 տարվա ազատազրկման դառապարտելու Բաքվի դատարանի կայացրած որոշումն ամվանելով բոլոր նորմերի լիակատար անտեսման ցուցադրում։

«Չնայած ցանկացած կեղծ մեղադրանքի բացահայտ մերժմանը, ԼՂ-ի 68-ամյա բնակիչը «դատապարտվել» է 15 տարվա ազատազրկման Բաքվում ավելի քան մեկ ամիս բեմադրված շոուից հետո: Մենք ընդգծում ենք, որ դա հակասում է ցանկացած նորմի, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքին»,- գրել է նա:

Անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Լեռնային Ղարաբաղից «Կարմիր Խաչի» միջոցով Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցները առևանգել և Բաքու են տեղափոխել 2023թ. հուլիսի 29-ին։ Ադրբեջանի դատախազությունը նրան մի շարք շինծու մեղադրանքներ էր առաջադրել։ ԼՂ բնակիչ, 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին նոյեմբերի 7-ին Բաքվի դատարանը դատապարտեց 15 տարվա ազատազրկման։ 

Զոհվածների ընտանիքները հույս ունեն, որ իրենց հարազատները կվերահուղարկավորվեն Հայաստանում

Սեպտեմբերյան պատերազմներում զոհվածների ընտանիքները որոշել են դիմել ՀՀ կառավարությանը՝ խնդրանքով, որպեսզի նրանց հնարավորություն տրվի վերահուղարկավորել Արցախում թաղված  իրենց հարազատների աճյունները Հայաստանում։

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 12:00-ից, ՀՀ կառավարության շենքի դիմաց սկսեցին հավաքվել ընտանիքներ։ «Մենք հավաքվել ենք բարձրացնելու մեր տղաների՝ հերոսների գերեզմանները տեղափոխելու հարցը։ Նախկինում մենք կապվել ենք ԿԽՄԿ-ի հետ։ Այսօր մենք մեր խնդրանքը փոխանցում ենք իշխանություններին՝ օգնության ակնկալիքով»,- ասաց սեպտեմբերյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայողի մայրը։

44-օրյա պատերազմում անհայտ կորածների և զոհվածների միության նախագահ Արմեն Ասրյանի խոսքով, իշխանությունը լսել է զոհվածների հարազատներին և խոստացել խնդրանքը հասցնել ղեկավարության բարձրաստիճան պաշտոնյաներին։ Քննարկվել են նաև մի շարք սոցիալական խնդիրներ։« Մենք փոխանցեցինք, որ զոհվածների և հատկապես կերակրողին կորցրածների ընտանիքները հոգեբանական և նյութական առումներով հատուկ մոտեցման կարիք ունեն», -ասաց նա։

 

Արցախցիները Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ շարունակում են իրենց ամենօրյա հավաքները

Արցախից բռնի տեղահանված անձինք Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ շարունակում են իրենց ամենօրյա հավաքները՝ հումանիտար ապաստան խնդրելով Ֆրանսիայի կառավարությունից։ Հադրութի բնակիչ Արթուր Ստեփանյանի խոսքով՝ իրենց պահանջն ավելի է ամրապնդվում, քանի որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում երեկվա հանդիպման ժամանակ արցախիցներին հուսադրող պատասխան չեն տվել։ «Հատկապես 2020 թվականին բռնի տեղահանված արցախցիներն անուշադրության են մատնված։ ՀՀ կառավարությունը ֆինանսավորում էր մեր բնակարանների վարձերը, յուրաքանչյուր ընտանիքի առավելագույնը 160 հազար դրամ գումար էր տրամադրում, դա բավարարում էր մեզ, տան վարձերը տալիս էինք։ Բայց այսօր, երբ Արցախը չկա, Արցախի կառավարությունը չկա, այդ աջակցության գումարները չեն տալիս։ Երեկվա հանդիպման ժամանակ մեզ ասացին՝ ընդհանրապես այդ աջակցության անունը մի տվեք, չենք կարող տալ»,- ասաց Արթուր Ստեփանյանը։

Անդրադառնալով ՀՀ կառավարության որոշմանը, որով բռնի տեղահանված արցախցիներին առաջարկում են կամ ՀՀ քաղաքացիություն ստանալ, կամ փախստականի կարգավիճակ, Արթուր Ստեփանյանն ասաց, որ փախստականի կարգավիճակն իրենց ժամանակավոր է տրվելու՝ մեկ տարի ժամկետով։ «Մենք չենք էլ պատկերացնում՝ դա ինչ է, դա ժամանակավոր կարգավիճակ է, ի՞նչ սպասելիք կարող ենք ունենալ դրանից։ Մեր հույսը կտրել ենք, երեք տարի է՝ այստեղ ենք, այն ենք տեսնում, որ մեր անվան տակ միլիարդավոր դոլարներ են փոշիացրել»,- ասաց նա։

Արցախցիները մոտ 15 օր է՝ ամեն օր հավաքվում են Ֆրանսիայի դեսպանատան մոտ, նաեւ գրավոր են իրենց պահանջը ներկայացրել դեսպանատանը։ Պատասխան դեռ չկա։ «Մեզ միշտ ասում են՝ հարցը քաղաքական է, այս պահին քննարկման փուլում է, սպասեք»,- հավելեց Արթուր Ստեփանյանը։

Հադրութի բնակիչ Ռայա Հայրապետյանը step1.am-ի հետ զրույցում ասում է, որ Հայաստանի այսօրվա կառավարությունից ոչ մի ակնկալիք չունեն։ «Ինչ որոշում կայացնում են, ինչ խոստանում են, վերջում սուտ է դուրս գալիս, մենք դա հասկանում ենք, տեսնում ենք։ Մենք ո՞նց հավատանք իրենց, որ մեզ ապագա է սպասվում Հայաստանում, որը նույնպես մեր հայրենիքն է»,- ասաց նա։ Ռայա Հայրապետյանը նշում է, որ եթե արցախցիներն ընդունեն Հայաստանի քաղաքացիություն, Արցախի հարցը կփակվի, իրենք փոխհատուցում չեն ստանա Արցախում կորցրած գույքի ու ունեցվածքի համար։ «Մենք ՀՀ անձնագրեր էինք ստացել, այնքան ուրախ էինք, որ վերջապես միացել էինք Հայաստանին, բայց հիմա այս անձնագրերն էլ են ուզում փոշիացնել։ Ասում են՝ձեր անձնագրերը ճամփորդական փաստաթղթեր են, ինչո՞ւ են ճամփորդական։ Ինչո՞ւ նախկինում այդպես չէին ասում, նոր տերմին են դրել շրջանառության մեջ։ Ի՞նչ է, Ղարաբաղի  100 հազարից ավելի բնակիչները ճամփորդնե՞ր են եղել։ Մենք հազարամյակներով մեր հողին կառչած մարդիկ ենք, ոչ թե ճամփորդ։ Իր մտածելով՝ մենք մեր երկրում տուրի՞ստ ենք եղել, տվել է այս փաստաթուղթը, որ տուրիստական արշավնե՞ր անենք, ես չեմ հասկանում՝ ի՞նչ են ասում։ Ես ուզում եմ, որ իրենք այնպիսի որոշումներ կայացնեն, որ մարդիկ հասկանան, պարզ ու հստակ լինի մեզ համար։ Ինչպես կարո՞ղ է արցախցիների մասին մտածել մարդը, ով ասում է, որ Արցախն Ադրբեջան է։ Ես ոչ մի լավ բան չեմ սպասում, մեր սպագան այստեղ մշուշոտ է։ Ես ու ամուսինս թոշակառու ենք, բայց թոշակը չկա, աջակցության գումարները վերջին անգամ մայիս ամսին են տվել, մենք ո՞նց ապրենք, վարձով ենք ապրում, վարձը ո՞նց տանք։ Մենք խճճվել ենք՝ չգիտենք այստեղ մնանք, թե՞ գնանք արտերկիր, ո՞նց կարող է մի ղեկավարն այսքան խճճել մարդկանց, որ մարդիկ անելանելի դրության մեջ հայտնվեն, չիմանան ինչ անել»,- ասաց նա։

Արցախի Սզնեք գյուղի բնակիչ Աստղիկ Միքայելյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով կառավարության անդամների հայտարարություններին, որ արցախցիների անձնագրերը «ճամփորդական փաստաթղթեր» են, ասաց․ «Նոր տերմին են հորինել, ինչպես միջանցքն են անվանում «խաղաղության խաչմերուկ»։ Բառերով էությունը չի փոխվում։ Պետք է նայել գործին ու ծրագրերին, ի՞նչ ծրագիր ունի Հայաստանի կառավարությունը, գծված ծրագիր կա՞, չկա, չենք տեսնում։ Եվ կատարված գործերը վստահություն չեն ներշնչում, մենք չունենք վստահություն։ Իմ կարծիքով՝ արցախցիներին ՀՀ քաղաքացիություն տալու այս գործընթացով փորձում են փակել արցախցիների հարցերը, մարդկանց զրկել արտոնություններից։ Ասում են՝ ինչո՞ւ պետք է Հայաստանի քաղաքացիներն այդ արտոնությունները չունենա, արցախցիներն ունենան։ Այսինքն՝ ես դառնում եմ քաղաքացի, հավասարվում եմ Հայաստանի բոլոր բնակիչներին։ Համաձյան եմ, բայց չէ՞ որ ես մեծ կորուստներ ունեմ, տնից ու հայրենքից եմ զրկվել»,- ասաց Աստղիկ Միքայելյանը։

Մեզ հետ զրույցում արցախցիները նաեւ դժգոհեցին, որ արեւմտյան երկրները բռնի տեղահանված ու ցեղասպանական գործողությունների ենթարկված արցախցիների խնդիրներն անտեսում են, բայց պատերազմի հետեւանքով տեղահանված ուկրաինացիների հարցերին այլկերպ են վերաբերվում։ «Այնինչ, մենք էլ ենք տուժել նույն ռուսների կողմից։ Ռուս խաղաղապահը Արցախում կանգնած՝ ոչինչ չէր անում, հայ զինվորին սպանում էին, խաղաղապահը կանգնած նայում էր։ Ասում էին՝ մենք կրակելու մանդատ չունենք։ Եկել կանգնել նայում էին, թե հային ոնց են սպանում»,- ասաց Ռայա Հայրապետյանը։

Արցախցիները նաեւ հարցադրում են անում՝ ինչո՞ւ Հայաստանի իշխանություններն այսօր չեն խոսում Արցախին որեւէ կարգավիճակ տալու մասին, որպեսզի անվտանգության երաշխիքներ լինեն, որ իրենք կարողանան վերադառնալ Արցախ։ Նրանց խոսքով՝ Ադրբեջանի հետ ինտեգրման պայմանով երբեք չեն վերադառնա, Արցախը պետք է որեւէ կարգավիճակ ունենա ու հայկական լինի։

 

Այսօրվանից մեկնարկում է «40 000+10 000» դրամ սոցաջակցության ծրագրի առցանց դիմումների ընդունման գործընթացը

Այսօրվանից մեկնարկում է «40 000+10 000» դրամ սոցաջակցության ծրագրի առցանց դիմումների ընդունման գործընթացը, որոնք նախատեսված են նոյեմբեր և հաջորդ ամիսների համար: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:

Ըստ նախարարի՝ ՄՍԾ-ի կողմից վճարման է ուղարկվել 92 525 անձի, որից 5 358-ը՝ 10 000 դրամ, իսկ 87 167-ը՝ 10 000+40 000-ական դրամ:

«Նոյեմբեր ամսվա դիմումները այսօրվանից էլեկտրոնային հարթակում կարող եք ներկայացնել, և տվյալները մշակելուց հետո նոյեմբերի վճարները կսկսվեն»,- տեղեկացրեց նախարարը ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցնեներին:

Ինչ վերաբերում է 100-հազարական դրամ միանվագ աջակցությանը՝ հիմնական վճարումները կատարված են, այդ աջակցությունը ստացել է 104 200 անձ: Այսօր կատարվել են վերջին փոխանցումները:

Արցախցիների պահանջները մարդասիրականից վերածվում են քաղաքականի՝ պետության իրավունքի ճանաչում

Բռնի տեղահանված արցախցիների խնդիրներն ամեն օր առանց պատասխանների հարեր են առաջացնում։ Այս «ձնագունդն» արդեն դառնում է մարդկանց իրավունքների ոտնահարման մի ամբողջ փաթեթ, մարդկանց, որոնք ստիպված են եղել փախչել մահից կամ դառնալ իրենց թշնամիների ստրուկը սեփական հողում։

Եվ այս ռումբը կարող է պայթել ու վնասել ոչ միայն իշխանություններին, այլեւ Հայաստանի պետականությանը։

Արդեն մեկուկես ամիս ամբողջ ինտերնետային ցանցը, բոլոր լրատվամիջոցները անդրադառնում են քաղաքական, իրավական և հումանիտար խնդիրներին, որոնց բախվում են մարդիկ, ովքեր կորցրել են գրեթե ամեն ինչ և հայտնվել իրենց հայրենակիցների շրջապատում, բայց բոլորովին այլ կարգավիճակում։

Մի կողմ թողնենք թե՛ Խորհրդային Միություն տեսած, թե՛ անկախություն տեսած տարեցներին, ովքեր ունեին սովետական, իսկ հետո Հայաստանի Հանրապետության կապույտ անձնագրեր։ Անցած 35 տարիների ընթացքում Արցախում մեծացել է մարդկանց մի սերունդ, որը երբեք չի ապրել այլ երկրում, բացի իրենց Արցախի Հանրապետությունից, որը, չնայած իր չճանաչված պետությանը, ապրել է Հայաստանի հետ իրավական վերամիավորման ակնկալիքով: Իրավական, քանի որ դե ֆակտո ապրել ենք Հայաստանի օրենքներով, նույն ռազմաքաղաքական, դատական, ֆինանսական, տնտեսական դաշտում։ Դրա հետ միասին ունեինք արցախյան լիազոր իշխանություններ՝ նախագահ, խորհրդարան, բանակ, պետական ​​կառույցներ, որոնք իրավասու էին տրամադրել քաղաքացիներին, նրանց ունեցվածքը և այլն հաստատող փաստաթղթեր:

Այսօր Արցախի բոլոր 150 հազար բնակիչները կանգնած են երկընտրանքի առաջ՝ ո՞ր երկրի քաղաքացիություն ունեն։ Ադրբեջան կոչվածը պնդում է, որ մենք պետք է դառնանք իր քաղաքացիները։ Միևնույն ժամանակ, հայերի նկատմամբ թշնամաբար տրամադրված այս երկիրը ճնշում է գործադրում Հայաստանի վրա, որպեսզի անգամ չհիշատակվի Արցախի բնակիչների իրավունքների, առավել ևս արցախցիների՝ նախկին բնակության վայրեր վերադառնալու իրավունքի մասին։ Ի դեպ, դարեր շարունակ այնտեղ ապրած իրենց նախնիների տարածքիմասին է խոսքը։

Մյուս կողմից, ռուս-թուրքական տանդեմը շանտաժի է ենթարկում Հայաստանին, որ եթե ինքը պաշտպանի արցախցիների իրավունքները, ապա Ադրբեջանը պայման կդնի նույնքան ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու համար։ Եթե ​​ոչ մի հայ չի պատկերացնում կյանքը ահաբեկչական պետության տիրապետության տակ, որը չի թաքցնում բոլոր հայերին ֆիզիկապես ոչնչացնելու ցանկությունը (ինչը մեկ անգամ չէ, որ ապացուցել են), ապա ադրբեջանցիները կարող են ազատ մուտք գործել Հայաստան և բնակություն հաստատել ցանկացած բնակավայրում՝ վստահ լինելով, որ ոչ ոք իրենց վնաս չի պատճառի։

Ամենայն հավանականությամբ, հենց այդ շանտաժն է ստիպում Հայաստանի իշխանություններին հրաժարվել Արցախի բռնի տեղահանվածներին լիարժեք, օրինական կարգավիճակ տրամադրելուց՝ սահմանափակվելով «ժամանակավոր պաշտպանությամբ» և ինչ-որ փաստաթղթով, որը հավաստում է, որ մեզ բռնի տեղահանել են մեր տներից և մենք պաշտպանություն գտանք Հայաստանում։

Մեր նորագույն պատմության 35 տարվա այս ամբողջ քաղաքական ու իրավական խառնաշփոթը սովորական մարդուն, առավել եւս թոշակառուներին ու նպաստով ապրողներին հետաքրքիր չէ։ Մարդիկ պարզապես ցանկանում են ստանալ իրենց օրինական վճարումները, որպեսզի գոյատևեն ծանր ֆինանսատնտեսական պայմաններում։

Եվ հենց այստեղ է առաջանում մարդու իրավունքների խնդիրը։ Որքան էլ Հայաստանը վախենա իր թշնամիների վերջնագրերից, ժողովրդի իրավունքները պետք է պաշտպանված լինեն։ Մարդիկ մեղավոր չեն, որ 35 տարի Հայաստանի բոլոր իշխանությունները թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում (որոնք, մեծ հաշվով, նրանց կցորդներն էին) վարեցին կոլաբորացիոնիստական ​​քաղաքականություն և իրենց քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու փոխարեն ստորադասեցին այդ իրավունքները օտար երկրների շահերին։ Անհեռատես և նույնիսկ հանցավոր քաղաքականությունն ու դիվանագիտությունն այսօր ազդում են 150 հազար քաղաքացիների կյանքի վրա, ովքեր ունեն հայկական անձնագիր, բայց չեն ստանում իրենց իրավունքների պատշաճ պաշտպանությունը սեփական երկրում, որի ազատության և ինքնիշխանության համար տվել են իրենց կյանքը, իրենց երեխաների և հարազատների կյանքը։

Եթե ​​Հայաստանի իշխանությունները շարունակեն անտեսել իրենց բռնի տեղահանված հայրենակիցների իրավունքները, մենք ստիպված կլինենք կապ հաստատել Հայաստանում հավատարմագրված երկրների դեսպանությունների, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ՝ պահանջելով ճանաչել մեր ինքնորոշման իրավունքը և մեր պետությունը՝ Արցախի Հանրապետությունը, որտեղ մենք ունեինք և՛ քաղաքացիություն, և՛ իրավունքներ, և՛ բանակ, որը պաշտպանում էր մեզ 32 տարի:

Նմանատիպ գործողություններ արդեն իրականացնում են 2020 թվականի պատերազմի հետևանքով բռնի տեղահանված Հադրութի շրջանի բնակիչները։ Նրանց արդեն միանում են այլ տեղահանվածներ, սակայն, ամենայն հավանականությամբ, ցուցարարների պահանջները հումանիտարից փոխվում են քաղաքականի։ Եվ սա ճիշտ որոշում է։

Մարգարիտա Քարամյան

Նոյեմբերի եւ դեկտեմբերի թոշակներն արցախցիները կստանան դեկտեմբերի սկզբին

Նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ, որոնք ավելի արագ ընթացակարգ կապահովեն բռնի տեղահանված արցախցիների թոշակների վճարման համար։ Այս մասին Ազգային ժողովում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Սա հիմա ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն է։ Այսօր էլ նախարարության մոտ մեր հայրենակիցներն էին հավաքվել՝ այդ պարզաբանումը ստանալու համար։ Հոկտեմբերի 26-ին մենք ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ սահմանեցինք, որից հետո, ըստ տրամաբանության, մեր հայրենակիցները կարող էին դիմել եւ ստանալ համապատասխան կենսաթոշակը։ Բայց դա, օրինակ, կարող էր տեւել շաբաթներ։ Որպեսզի մենք այդ բյուրոկրատական պրոցեսի մեջ չներքաշենք մեր հայրենակիցներին, ասել ենք, որ հիմա նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ, որն ավելի արագ ընթացակարգ կապահովի մեր հայրենակիցների համար։ Եվ այդ պահից սկսած, օրինակ, դեկտեմբերին կստանան եւ նոյեմբերի, եւ դեկտեմբերի կենսաթոշակները»,- հայտարարեց նախարարը։

Նա հավելեց․ «Հասկանում ենք, որ շտապողականություն կա մեր հայրենակիցների շրջանում, բայց պետք է հստակ ասենք, որ աշխատանքները տարվում են։ Մենք փորձում ենք օրենսդրական փոփոխություններ անել, որպեսզի կարողանանք մեր հայրենակիցներին արագ ու արդյունավետ սպասարկել»։ Ըստ Նարեկ Մկրտչյանի՝ առաջիկայում շատ արագ կներկայացնեն այդ օրենսդրական փոփոխությունը։ Ըստ այդմ՝ նրանք, ովքեր արդեն իսկ ունեցել են կենսաթոշակի իրավունք, կշարունակեն ստանալ իրենց կենսաթոշակը։ Իսկ նրանք, ովքեր նոր են անցնում կենսաթոշակի տարիքի, կդիմեն, կհաշվառվեն եւ կստանան իրենց կենսաթոշակներն ու սոցիալական երաշխիքները։

Չնայած բոլոր փորձություններին, Գայանեն մնում է նույնքան կենսուրախ

Գայանեն ծնվել է 1971 թվականին Արցախի Մարտունու շրջանի Աշան գյուղում։ Գյուղական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մարտունու արհեստագործական ուսումնարանը։ 1994 թվականին աշխատանքի է անցել Արցախի պաշտպանության բանակի կապի վարչությունում։

1996 թվականին նա ստիպված է եղել վաղաժամ թոշակի անցնել հիվանդության պատճառով։ Ախտորոշվել է ողնաշարի համալիր դեֆորմացիա։

Գայանեն վերապրել է չորս պատերազմ և 2023 թվականի սեպտեմբերին, ինչպես Արցախի ողջ բնակչությունը, տեղահանվեց՝ հայրենի գյուղում թողնելով ամեն ինչ՝ տուն, ունեցվածք, մանկության ու պատանեկության երջանիկ տարիների շատ հաճելի հիշողություններ։

Նա հիշում է հայրենի գյուղի գեղատեսիլ շրջակայքը, ուրախ պիկնիկներ բնության գրկում, համերգներ գյուղի ստեղծագործության տանը և խնջույքներ՝ շրջապատված ընտանիքի և ընկերների կողմից:

Տեղահանությունից հետո հաստատվել է Արարատի մարզում։ Բնակարան է վարձում։ «Ես իսկապես հույս ունեմ, որ արցախցիների սոցիալական հարցերը հնարավորինս շուտ կլուծվեն, հակառակ դեպքում մենք շուտով չենք կարողանա վճարել տան վարձը»,- ասում է նա։

Չնայած բոլոր փորձություններին, Գայանեն մնում է նույնքան կենսախինդ ու կենսուրախ։ Նրա հետ շփվելիս մարդիկ լիցքավորվում են դրական էներգիայով։

Արսեն Աղաջանյան

Հույս ունենք, որ կառավարության հայտարարությունը կարդարացնի մեր սպասելիքները

Անդրադառնալով Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերով փոխնախարարի հետ հանդիպման արդյունքներին՝ այսօրվա բողոքի ակցիայի մասնակից Արմեն Պետրոսյանն ասաց. “Մեզ ասել են, որ քաղաքացիական կենսաթոշակառուները կսկսեն իրենց կենսաթոշակները ստանալ դեկտեմբերի սկզբից՝ հոկտեմբերի վերջին օրերի, նոյեմբերի և դեկտեմբեր ամիսների համար։ Իսկ զինվորականները կսկսեն թոշակներ ստանալ այնպես, ինչպես նախկինում էր, բայց մեզ չասացին, թե երբ կսկսվեն վճարումները»։

Նա հավելեց, որ հինգշաբթի օրը նախարարությունը պետք է հայտարարությամբ հանդես գա սոցվճարների հարցով։

«Մեզ վստահեցրել են, որ անկախ նրանից՝ կընդունենք Հայաստանի քաղաքացիություն, թե փախստականի կարգավիճակ, մեզ կտրվեն օրինական սոցիալական նպաստներ»։ «Կսպասենք մինչև հինգշաբթի։ Սոցիալական աշխատանքի նախարարության հայտարարությունից ելնելով՝ մենք էլ մեր հայտարարությունը կանենք։ Հույս ունենք, որ կառավարության հայտարարությունը կարդարացնի մեր սպասելիքները։ Սրանից կախված կլինեն մեր հետագա գործողությունները»,- ասաց պահեստազորը։

Արցախից բռնի տեղահանված անձանց հնարավոր է բնակարանների գնման հավաստագրեր հատկացվեն․ սոցապ նախարար

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ազգային ժողովում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձավ հարցին, թե Հայաստանի կառավարությունն ի՞նչ ծրագրեր է իրականացնելու՝ բռնի տեղահանված արցախցիներին Հայաստանում բնակարաններով ապահովելու համար։ Նախարարն ասաց, որ Ասիական զարգացան բանկի եւ միջազգային փորձագետների օգնությամբ պետք է հետազոտություն իրականացնի ՀՀ կառավարությունը։ Այդ մասին հայտնում է Step1.am-ը։

«Սոցիալական բնակապահովության մասով արդեն իսկ ունենք նախնական հետազոտություն, որից հետո փոխվարչապետի գլխավորությամբ գործող աշխատանքային խմբում քննարկումներ կունենանք։ Հիմա չեմ ուզում շտապել ու ինչ-որ ծրագրերի մասին խոսել, բայց արդեն իսկ տրամաբանությունը մոտավորապես պատկերացնում ենք, թե ինչ ծրագրեր ենք առաջարկելու, որը ազատություն կտա մեր հայրենակիցներին որոշել։ Օրինակ՝ կարող են լինել բնակարանների գնման սերտիֆիկատի ծրագրեր։ Առանձին բնակավայրերից տեղահանված 1700-ից ավելի ԼՂ մեր հայրենակիցներ արդեն ստացել են եւ շարունակում են ստանալ սերտիֆիկատներ։ Մոտավորապես նման ծրագրերի մասին կարող է խոսք գնալ։ Բայց չենք բացառում նաեւ այլ ծրագրեր։ Հետեւաբար, առաջիկայում կկարողանանք ավելի հստակ ու հասցեական խոսել այդ ծրագրերի մասին»,- ասաց նախարարը։

Forrights. «Թուրքերը կտրեցին վիրավորների առաջը և սկսեցին ավտոմատներով սպանել, խոշտանգել». Սարուշենցիների դժոխային ճանապարհը

Forrights

Սարուշեն գյուղի բնակիչները՝ շուրջ 400 հոգի, հրաշքով են դուրս եկել ադրբեջանական շրջափակումից ու փրկվել։ Forrights.am-ի հետ զրույցում Ալիսա Առուստամյանը սեպտեմբերի 19-ը հիշում է, մի օր, որի ամբողջ ընթացքը տեղից տեղ են փախել։

Սարուշենն Ասկերանի շրջանում է։ Հարձակումը դիրքերի ուղղությամբ սկսվել է առավոտյան 11:00-ից։ Դիրքերը գյուղից հեռու են 200-300 մետր։ «Տրիվոգա տվեցին, երեխաներին դպրոցից ուղարկեցին տուն»,-հիշում է տիկին Ալիսան։

«Քիչ անց սկսեցին կրակել, միանգամից հարձակվեցին գյուղի վրա։ Տղաս զանգեց ասաց՝ մտեք պադվալները, վիճակը վատ է»,-տիկին Ալիսայի որդին՝ Արմեն Առուստամյանը, տնից դիրքեր հասնելուց 10 րոպե հետո է զանգել։ Սա եղել է մոր և որդու վերջին հեռախոսազանգը։

«Մի քիչ հետո գյուղապետը պոստից մարդ ուղարկեց, որ դուրս գանք գյուղից, գնանք անտառ»,- տիկին Ալիսան ասում է՝ ով՝ ինչպես կարողացել լքել է իր տունը,  մեկը տնային հագուստով, մյուսն առանց փաստաթղթերի․ սարուշենցիները բռնել են անտառի ճանապարհը։ Բնակիչները կրակոցների տակ մի կերպ են հասել անտառ։ «Չգիտեմ՝ ինչպես, բայց հասանք անտառ, մութն արդեն ընկել էր։ Երեխաները ձեռքներիս սպասում էինք, թե ինչ պետք է ասեն՝ հույս ունեի, որ էլի տուն եմ վերադառնալու։ Եկան ասեցին, որ արդեն մտել են գյուղ, գնացեք»,- հինգ ժամ սպասելուց հետո՝ տեսնելով, որ վտանգն ավելի է մոտենում, բնակիչները գյուղապետի խորհուրդով  բռնել են Մսմնա գյուղի ճանապարհը։ Այն գտնվում է Մարտունու շրջանում։

«Գիշերով՝ ոտքով, ճանապարհ ընկանք, որ գնանք Մսմնա։ Հինգ-վեց կիլոմետր քայլեցինք, գիշերվա երեքին նոր հասանք։ Առավոտյան գյուղապետը մեքենաներ բերեց, եկանք Ստեփանակերտ։ Էլ մեր տուն չգնացի, դատարկ ձեռքերով դուրս եկանք, նույնիսկ մեր փաստաթղթերը չենք վերցրել»։

Բռնի տեղահանվող խաղաղ բանակիչները ճանապարհին էլ ավելի դաժանությունների են ականատես եղել։ Ադրբեջանցի զինվորները գնդակահարել են Սարուշենի դիրքերից հոսպիտալ տեղափոխվող վիրավորներին։ «Թուրքերը կտրեցին վիրավորների առաջը և սկսեցին ավտոմատներով սպանել, խոշտանգել։ Երեք վիրավոր էին։ Դիահերձարանում տեսել են, որ գլուխների կեսերը չկային, տղաս էլ է տեսել»,- նրա փոխանցմամբ վիրավորները 33, 40, 70 տարեկան էին։ «Եթե մի քիչ ուշ դուրս եկած լինեինք, կմտնեին մեզ էլ կկոտորեին, կրակոցիների միջով անցանք»։

Սեպտեմբերի 19-ին զոհվել է նաև տիկին Ալիսայի որդին՝ Արմանը։ Նա դիրքի ավագան էր, 32 տարեկան։ Ռուսաստանից էր եկել Արցախ ու շրջափակման պատճառով չէր կարողացել հետ գնալ։ Որոշել էր ընդգրկվել աշխարհազորայինների կազմում և պաշտպանել հայրենիքը։

«Պոստում կանգնած էրեխեքը կռվել են, իրենց կյանքի գնով մեզ ազատել են։ Տղաս մինչև վերջին շունչը կռվել է, ասել է՝ մինչև գյուղը չդատարկվի, ես այստեղից դուրս չեմ գա։ Դիրքերը շրջապատել են, իմ տղան էլ այդտեղ զոհվել է։ Ասել են՝ շրջապատված ենք, դուրս արի, չի եկել, ասել է՝ ես պոստը չեմ թողնի»,-ասաց նա նշելով, որ որդին հուղարկավորված է Եռաբլուրում։  Սարուշենը 13 զոհ է ունեցել։ Երկու հոգի էլ զոհվել են բենզինի պահեստի պայթյունից։

Տիկին Ալիսան այժմ ընտանիքի հետ  Հայաստանում է։ Բնակության մշտական հասցե չունի։ Ինքը ժամանակավոր բարեկամի տանն է ապրում, ընտանիքը՝ մեկ այլ տեղ։ Վարձով բնակարան են փնտրում, սակայն, գների պատճառով չեն կարողանում գտնել։ «Սարուշենում խանութ ունեի, հավ ու խոզ էի պահում, ապրում էինք։ Հիմա տան վարձի գումար են տվել, բայց դա չի հերիքում, չեմ աշխատում, թոշակ չեն տալիս, չգիտեմ ինչ եմ անելու»։

Նարեկ Կիրակոսյան

Կարեւոր տեղեկություններ թոշակներ եւ նպաստներ ստացողների համար

Մանրամասներ՝ ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների և նպաստների վերաբերյալ
ԼՂ–ից բռնի տեղահանված անձինք օրենքի ուժով ունեն կենսաթոշակի և նպաստի իրավունք, եթե բավարարում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
Այսինքն, անկախ ԼՂ-ում կենսաթոշակ կամ նպաստ ստացած լինելու հանգամանքից, ԼՂ–ից բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում կենսաթոշակի կամ նպաստի իրավունք ձեռք կբերեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Առաջիկայում կստեղծվի հարթակ, որը ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց հնարավորություն կտա առցանց դիմել կենսաթոշակ (եթե ԼՂ-ում ստացել են կենսաթոշակ), երեխայի ծննդյան միանվագ նպաստ, մայրության նպաստ, խնամքի նպաստ նշանակելու համար։
Եթե անձը ԼՂ-ում չի ստացել կենսաթոշակ, ապա ՀՀ-ում կենսաթոշակ նշանակելու համար նա պետք է անձամբ դիմի Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին:
Կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար դիմելու քայլերը կներկայացվեն առաջիկայում:
ԼՂ-ից տեղահանված անձանց կենսաթոշակ նշանակելու դեպքում, նրանց կենսաթոշակի իրավունք տվող տարիքը մինչև հոկտեմբերի 28–ը լրացած լինելու դեպքում կենսաթոշակ կվճարվի հոկտեմբերի 28–ից սկսած:
Կարևոր❗️
Կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար օրենսդրությամբ ամրագրված պարտադիր պայման է ՀՀ բնակության վայրի հասցեով հաշվառված լինելը:
Սա նշանակում է, որ ԼՂ–ից բռնի տեղահանված անձինք մինչև կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար դիմելը պետք է հաշվառվեն այն վայրի հասցեով, որտեղ տվյալ պահին բնակվում են։ Հակառակ դեպքում նրանց դիմումները կմերժվեն: