Չի փոշմանում, որ հետ է տվել Ռուսաստան մեկնելու տոմսը և վերադարձել Արցախ

Հենրի Իսրայելյանը Արցախի Մարտակերտի շրջանից է։ Մինչ 2020 թվականի պատերազմը ապրում էր Մարտակերտ քաղաքում, կավագործություն էր դասավանդում: Պատերազմից հետո որոշել էր Ռուսաստան մեկնել, արդեն Երևանում էր, երբ մտափոխվեց ու որոշեց, որ վերադառնում է Արցախ և ապրելու է այնտեղ ինչքան որ հնարավոր է:

Վերջին գումարով, որը հավանաբար պահել էր Ռուսաստան մեկնելու համար,  տուն գնեց Մարտակերտի Թբղլու գյուղում և որոշեց, որ թեկուզև հեռու ընտանիքից, ընկերներից,  մենկության մեջ, բայց մնալու է և ապրելու է գյուղում:

Տան մոտակայքում հողամաս կար, որը սովորել էլ մշակել։ Նաև փոքրիկ տնակ ուներ հողամասին կից, որը ընկերական հավաքների վայր էր դարձել: Հարցին, թե ինչու է այդպիսի ռիսկային քայլի գնացել և տուն գնել, ասում է, որ երազանքն էր՝ սեփական տուն և հողամաս ունենալը:

Հենրին իր տունը կառուցեց, հողը մշակեց երկու տարի, մինչև ստիպված ընտանիքի հետ դուրս եկան Արցախից:

Պատմում է, որ ճանապարհը շատ դժվար էր։  Ավելի դժվար էր Մարտակերտից դուրս գալը.ո՜չ վառելիք կար,  ո՜չ  էլ համոզված էին, որ անվտանգ կհասնեն Ստեփանակերտ, քանի որ շրջանները արդեն կտրված էին մայրաքաղաքից:

Սկզբից Հրազդանում էին ապրում։ Այժմ Արարատի մարզի Լանջաշատ գյուղում են: Ասում է, որ չնայած այս ամենին չի փոշմանում, որ այն տոմսը, որով պետք է մեկներ Ռուսաստան, հետ է տվել և վերադարձել Արցախ, նաև չի փոշմանում գնված տան և մեծ չարչարանքով մշակված հողի համար, որից այդպես էլ չհասցրեց բերք ստանալ:

Քրիստինե Ալահվերդյան

Պաշտոնաթող սպաներ՝ զինվորական կենսաթոշակների հարցը կարող է լուծվել զինկոմիսարիատների միջոցով

«Մեզ՝ զինվորական թոշակառուներիս, երեք ամիս է թոշակ չեն տալիս։ Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ մեզ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում։ Բայց ես առաջարկում եմ, որ մեր կյանքից պատկերացում չունեցող նախարարը բացատրի, թե ինչպես կարող ենք ապրել բնակարանի համար բարձր վարձավճարով։ Ամբողջ թոշակը կամ դրամական օգնությունը ծախսվում է բնակարանների վարձակալության վրա, իսկ մնացածը հազիվ բավարարում է ընտանիքին կերակրելու համար»,- այսօր Սոցիալական աշխատանքի նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիային մասնակցած զինվորական թոշակառու Արթուր Ստեփանյանը։

Պաշտոնաթող սպան նշել է, որ «2020 թվականին արտաքսվածները, ովքեր վերջին երեք տարիներին բնակվում են Հայաստանում, կառավարության վերջին ծրագրերով ֆինանսական օգնություն չեն ստացել, բացի այդ՝ կասեցվել են նրանց կենսաթոշակային վճարումները»։ «Այսինքն՝ իշխանությունների հավանությամբ հանցագործություն է տեղի ունեցել։ Մեզ զրկում են օրինական թոշակից։ Բայց ծառայության ընթացքում սպաները Հայաստանից աշխատավարձ են ստացել, հարկեր են վճարել։ Իսկ այսօր մենք սեպտեմբերից զրկված ենք թոշակից»։

Նա կարծում է, որ «թոշակի անցած զինծառայողների կենսաթոշակների հարցը, ցանկության դեպքում, կարող է լուծվել առանց քաշքշուկի՝ զինկոմիսարիատների միջոցով»։

Հայտնի չէ, թե քանի արցախցի է դիմել ՀՀ քաղաքացիության համար եւ քանիսն են լքել Հայաստանը

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե Արցախից բռնի տեղահանված քանի՞ անձ է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ «Այս պահին կոնկրետ թիվ չկա ձեռքիս տակ»,- ասաց նա։ Արմեն Ղազարյանը նաեւ նշեց, որ չի կարող հստակ թիվ ասել, թե քանի արցախցի է լքել Հայաստանի տարածքը։ Այդ մասին հատնում է Step1.am-ը։ 

Նա նշեց, որ արցախցիների ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը մաքսիմալ հեշտացված է լինելու։ «Երեւանի անձնագրային ծառայություններում մենք ներդրել էինք էլեկտրոնային հերթագրման համակարգ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սպասարկում են արտահերթ, էլեկտրոնային համակարգից դուրս։ Բացի այդ, մենք նաեւ մեխանիզմներ էինք մշակում քաղաքացիության դիմումների ընդունման եւ այդ դիմումների քննարկման մաքսիմալ արագացված ընթացակարգեր իրականացնելու համար։ Երեւանում կգործի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից քաղաքացիության դիմումների ընդունման առանձին գրասենյակ, որպեսզի ավելի դյուրացնի գործընթացը։ Մարզերում դիմումները կընդունվեն բոլոր անձնագրային ծառայություններում»,- ասաց նա։

Արմեն Ղազարյանը նաեւ նշեց, որ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձանց եւ փախստական ճանաչված անձանց կարգավիճակի տրամադրումն իրականացվում է կառավարության մեկ որոշմամբ։ «Փախստականի կարգավիճակ, այն է՝ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ըստ էության կոլեկտիվ կերպով շնորհվել է Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությանը։ Եվ կառավարությունը հաստատել է, որ այն ճամփորդական փաստաթղթերը, որոնք առկա են այս պահին ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մոտ, կմնան նրանց մոտ։ Եթե նրանք կունենան ժամկետի, վնասելու կամ կորցնելու խնդիր, կարող են դիմել անձնագրային ծառայություններ»,- ասաց նա։

Հարցին, որ այդ «ճամփորդական փաստաթղթերով» Արցախի մեր հայրենակիցները 2021 թվականին մասնակցել են ՀՀ խորհրդարանական ընտրություններին, այդ ժամանակ ինչո՞ւ իշխանություններն արցախցիների անձնագրերը «ճամփորդական փաստաթուղթ» չէր որակում, Արմեն Ղազարյանը պատասխանեց․ «Դրանք այս փուլում չեն որակվել ճանապարհորդական փաստաթղթեր։ Խնդրում եմ ընթերցեք 2017 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հրապարակված «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործը, որտեղ ուղղակիորեն մեջբերված է Հայաստանի կառավարության դիրքորոշումն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը կապույտ անձնագրերը տրամադրվում են որպես ճանապարհորդական փաստաթղթեր եւ ոչ որպես քաղաքացիության հավաստում։ Թե ինչ գործառույթ է իրականացվել այդ փաստաթղթերով, դա երկրորդ հարց է, բայց առնվազն այն հանգամանքը, որ այդ փաստաթղթերը տրամադրվել են որպես ճամփորդական փաստաթղթեր ու ոչ որպես քաղաքացիության հավաստման փաստաթուղթ, հստակ է։ Որպես անձը հաստատող փաստաթուղթ այն կարող է կիրառվել, բայց ոչ որպես քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ»։

Ինչ վերաբերում է բռնի տեղահանված այն արցախցիներին, որոնք փաստաթղթեր չունեն, թողել են Արցախում, Արմեն Ղազարյանն ասաց, որ կդիմեն ու կվերականգնեն իրենց փաստաթղթերը։

Նիկոլ Փաշինյանը կառավարության նախորդ նիստում ասել էր, թե բավական մեծ է ՀՀ քաղաքացիություն ստանալու ցանկություն հայտնած արցախցիների թիվը։ Արմեն Ղազարյանն ասաց, որ հետաքրքրվողների թիվն է մեծ․ «Մարդիկ գալիս էին ու հետաքրքրվում էին, ցանկանում էին ավելի շատ ինֆորմացիա ունենա։ Այդ տեսակի հոսք մենք բավականին ունեցել ենք, հիմա թվային հոսք չեմ կարող ասել։ Երբ դիմումները ֆորմալ կլինեն, նոր թվերը կհրապարակենք»։

Հարցին, թե ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո Արցախից բռնի տեղահանված անձինք կկարողանա՞ն դիմել միջազգային ատյաններ՝ իրենց կորցրած ունեցվածքի փոխհատուցման հայցով, Արմեն Ղազարյանը պատասխանեց․ «Այո, անշուշտ, որովհետեւ ձեր նշած իրավունքներն անձի հետ անխզելիորեն կապված իրավունքներ են եւ կապված չեն զուտ իրավական կարգավիճակի հետ, այլ կապված են անձի հետ տեղի ունեցած իրադարձությունների հետ՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ իրավական կարգավիճակ ունի անձը»։

Օկուպացված Շուշիում վթարի հետեւանքով հինգ ուղևորները ողջ-ողջ այրվել են

«Օկուպացված Շուշիում մեքենան կորցրել է կառավարումը, արդյունքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել», -գրում են Բաքվի զլմ-ները։

Մեքենայում գտնվող հինգ ուղևորները ողջ-ողջ այրվել են։ Ծանր այրվածքներով վարորդը հոսպիտալացվել է օկուպացված Վարանդայի կենտրոնական շրջանային հիվանդանոց։

«Պայթյունի հետեւանքով տուժածներից 10-ի վիճակը շարունակում է մնալ ծանր»․ Անահիտ Ավանեսյան

Ստեփանակերտի պայթյունի հետեւանքով վնասվածքներ ստացած անձանցից 10-ի վիճակը շարունակում է մնալ ծանր։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողներին տեղեկացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Այդ մասին հայտնում է Step1.am-ը։

«100-ից ավելի պացինետներ դեռ գտնվում են Հայաստանի բժշկական կենտրոններում։ Այրվածքների պարագայում նրանց վերականգնողական բուժօգնությունը բավական երկար է տեւելու։ Եվ ինչքան որ անհրաժեշտ լինի, ինչ ծավալով անհրաժեշտ լինի, նրանց բուժօգնությունը կտրամադրվի։ Գիտեք, որ արտերկրում եւս ունենք բուժվող պացիենտներ, 19 պացիենտ ունենք դրսում։ Երբ կավարտեն այնտեղ բուժվելու անհրաժեշտ ժամանակահատվածը, կտեղափոխվեն Երեւան, եւ հաջորդիվ կաշարունակվի նաեւ մեր բուժկենտրոններում վերականգնողական բուժօգնությունը»,- ասաց նա։

Անահիտ Ավանեսյանը հավելեց, որ արտերկիր տեղափոխված պացիենտներն այնտեղ կմնան այնքան, ինչքան անհրաժեշտ կլինի։

Աշխատանքի եւ սոցապահովության փոխնախարարն ընդունել է արցախցիների պատվիրակությանը

Բողոքի ակցիայի մեկնարկից մեկուկես ժամ անց Հայաստանի սոցիալական աշխատանքի փոխնախարարն ընդունել է Արցախից բռնագաղթված 6 հոգուց բաղկացած պատվիրակությանը։ Ակցիայի մնացած մասնակիցները, որոնց թիվը մի քանի հարյուր է, մնացին սպասել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շենքի դիմաց։ Այդ մասին հայտնում է Step1.am

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին, Արցախից բռնագաղթվածները ակցիա էին սկսել՝ պահանջելով օրենքով իրենց հասանելիք կենսաթոշակներն ու նպաստները։ Բողոքի մասնակիցներից մեկը նշել է, որ սկզբից ակցիայի կազմակերպիչների նպատակը զինվորականների վճարումներն ու զինկենսաթոշակները պահանջելն էր, սակայն ակցիային միացել են թոշակառուները և այլ քաղաքացիներ։ Ուստի հանրահավաքում բարձրացված պահանջների շրջանակն ընդլայնվեց։

Արցախցիներից ահազանգեր են ստանում, որ կան բժշկական հաստատություններ, որոնք արցախցիներին չեն մատուցում որոշ բուժծառություններ

«Ուզում եմ արցախահայերի համար եւս մեկ անգամ արձանագրել՝ կառավարության 318 որոշումը գործում է բոլոր արցախցիների համար, եւ որեւէ բժշկական կազմակերպություն չի կարող մերժել նրանց ու ծառայություն չմատուցել»,- այսօր Ազգային ժողովում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հարցուպատասխանից հետո հայտարարեց պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։ Նշենք, որ կառավարության 318 որոշումը վերաբերում է պետության կողմից երաշխավորված ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում անվճար բժշկական օգնության տրամադրմանը։ Այդ մասին հայտնում է Step1.am

Պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն ասաց, որ բռնի տեղահանված արցախցիներից ահազանգեր են ստանում, որ կան բժշկական հաստատություններ, որոնք արցախցիներին չեն մատուցում որոշ բուժծառություններ, ասում են, թե իրենք հանձնարարական չունեն։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բժշկական օգնությունը չի տրամադրվում ինչ-որ աջակցության հրահանգներով կամ որոշակի հատվածական լուծումներով։ «Նրանք կառավարության 318 որոշմամբ սահմանված շահառուների խումբ են հանդիսանում եւ օգտնվում են ՀՀ-ում թե ամբուլատոր, եւ հիվանդանոցային բժշկական ամենամեծ փաթեթից։ Այսինքն՝ ծառայությունների ամենալայն շրջանակը, որը հասանելի է Հայաստանի քաղաքացու համար, հասանելի է նաեւ իրենց համար։ Այստեղ հրահանգների որեւէ թեմա չկա, եւ ֆինանսավորումն իրականացվում է դեպքերի տրամաբանությամբ։ Այսինքն՝ կլինի ծառայություն ստացող, ապա բժշկական կենտրոնը տվյալ ծառայության համար կստանա փոխհատուցում»,- նշեց Ավանեսյանը։

Ինչ վերաբերում է ամբուլատոր հատվածում ֆինանսավորման տրամաբանությանը, նախարարն ասաց, որ Արցախից բռնի տեղահանված 50 հազարից ավելի մարդ արդեն կցագրված է ամբուլատոր համակարգին։ Նրանց  թվի ավելացմանը զուգահեռ կավելանա նաեւ պետական բյուջեից ֆինանսավորումը։

«Ես կարծում եմ՝ մեր կողմից հրատապ նախաձեռնված այս որոշումները չափազանց կարեւոր էին, որ մեր քաղաքացիներն իրենց առողջապահական կարիքները բավարարելու մասով որեւէ ընդհատում չունենան։ Մենք հենց սահմանային կետից սկսած նրանց տրամադրել ենք թե բուժօգնություն, թե շտապ օգնության ծառայությունը 24 ժամ եղել է ծառայության եւ թե արդեն տեղում հիվանդանոցային ու ամբուլատոր ծառայությունն ամբողջ ծավալով մատուցվել է» ,- հավելեց առողջապահության նախարարը։

Արցախցիները սոցիալական արդարություն են ուզում

Նոյեմբերի 6-ին Արցախի բնակիչները հավաքվել էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շենքի մոտ՝ իրենց օրինական կենսաթոշակները և նպաստները տրամադրելու պահանջով։ Ակցիան սկսվել է ժամը 11.00-ին։

Մասնակիցներից մեկի խոսքով՝ հավաքին հիմնականում ղարաբաղյան պատերազմի վետերաններն են, թոշակառուներ և հաշմանդամները, անչափահաս երեխաների ծնողները, ապագա թոշակառուներ, ովքեր պահանջում են հարգել իրենց օրինական կենսաթոշակները, նպաստները և սոցիալական այլ արտոնությունները ստանալու իրավունքը։ Այդ մասին հայտնում է Step1.am

Մեզ արդեն քաղաքացի չեն համարում, ասում են, որ պետք է հրաժարվեք ձեր նախկին քաղաքացիությունից, որը, ըստ իրենց, նույնպես Հայաստանի քաղաքացիություն է

Step1.am-ի զրուցակիցն է «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախագահ Լեւոն Հայրյանը։

-Պարոն Հայրյան, հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը եւ դրա տրամադրման կարգը: Կառավարության անդամները հայտարարել են, որ եթե բռնի տեղահանված արցախցիներն ուզում են Հայաստանում թոշակ ստանալ, ըստ այս որոշման, կարող են դիմել եւ հեշտացված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Կամ նրանց կտրվի ժամանակավոր փախստականի կարգավիճակ։ Ի՞նչ է խնդիրներ է հարուցում եւ ի՞նչ նպատակ ունի կառավարության այս որոշումը։

-Մենք երեք տարի անընդհատ դիմում էինք Հայաստանի կառավարությանը՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար, բայց մեզ հստակ ասում էին՝ դուք Հայաստանի քաղաքացի եք, դրա համար չեք կարող փախստականի կարգավիճակ ստանալ։ Ընդ որում, սա ասում էին եւ իշխանությունները, եւ իշխանությանը մոտ կանգնած փաստաբանները։ Ես միշտ ասել եմ, որ՝ եթե դուք գտնում եք, որ մենք Հայաստանի քաղաքացի ենք, կարող եք քաղաքական որոշումով մեզ փախստականի կարգավիճակ տալ, որեւէ մեկը ձեր ձեռքը չի բռնում։ Ես նամակներ ունեմ, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից ինձ պատասխանել են, որ՝ դուք փախստականի կարգավիճակ չեք կարող ստանալ, քանի որ Հայաստանի քաղաքացի եք։ Ասել են, որ որպես ՀՀ քաղաքացի՝ մեր հարցերով զբաղվում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։ Այսպիսի գրավոր պատասխան ես ունեմ։

Այսօր մեզ արդեն քաղաքացի չեն համարում, փորձում են նատուրալիզացնել եւ սարքել քաղաքացի, ասում են, որ պետք է հրաժարվեք ձեր նախկին քաղաքացիությունից, որը, ըստ իրենց, նույնպես Հայաստանի քաղաքացիություն է։ Այսինքն՝ ստացվում է, որ մենք պետք է Հայաստանի մի քաղաքացիությունից հրաժարվենք եւ ընդունենք մի ուրիշ քաղաքացիություն։ Իրենց թվում է, որ իրենք շատ խելոք են, խորամանկ են, բայց սա բթամտության օրինակ է։ Սրանով ուզում են Արցախի մեր հաշվառումը ջնջել։ Պատճառները շատ են։

Նախ առաջին պատճառն այն է, որ առաջադրանք են ստացել մեր թշնամական ուժերի՝ ռուս-թուրքական դաշինքի կողմից՝ Արցախի հարցը փակել։ Երկրորդ, քանի մենք Հայաստանի քաղաքացի ենք, ունենք այդ անձնագրերը, Հայաստանի կառավարությունը մեր ունեցվածքի երաշխավորն է, մեր կորցրած տների ու բիզնեսների համար պետք է պատասխան տա։ Բայց, երբ մենք դիմում ենք, որ քաղաքացիություն ենք ուզում, դրանով համաձայնվում ենք, որ քաղաքացի չէինք, այսինքն՝ Հայաստանի կառավարությանը մեր ունեցվածքի ու տների համար փոխհատուցում տալու պատասխանատվությունից ազատում ենք։ Ես ինչքան գիտեմ, ՀՀ իշխանությունները որոշ ժամանակ առաջ դիմել էին ՄԻԵԴ, որպեսզի Ադրբեջանը ճանաչի արցախցիների ունեցվածքը։ Այսինքն՝ ուզում էին Ադրբեջանից փող պոկեին, մեզ տային։ Ադրբեջանը, բնականաբար, մերոնց նման հիմար չէ, հրաժարվել է, իրենք էլ որպեսզի այդ պատասխանատվության տակ չմտնեն, ուզում են արցախյան հաշվառումը վերացնել։

-Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը հայտարարել է, որ արցախցիներին կապույտ անձնագրերը տրվել են որպես ճամփորդական փաստաթուղթ, ոչ թե որպես քաղաքացիության հավաստում։ Ինչպե՞ս եք գնահատում դա։

-Սա հիմարություն է իրենց կողմից։ Դա ճամփորդական անձնագիր չէ, «070» կոդը ոչ մի բանով չի տարբերվում, օրինակ, «012», «020» կամ «001» կոդից։ Իրենք այդ ճամփորդության մասին մտածել են միայն նրա համար, որպեսզի մեր հաշվառումը, նախկին քաղաքացիությունը ջնջել տան, ասեն՝ նոր ենք ձեր քաղաքացիություն տալիս, հետեւաբար, ձեր ունեցվածքի երաշխավորը չեն։ Եվ նաեւ ուզում են Արցախի հարցը ջնջել, քաղաքական պահանջները վերացնել։ Մենք երեք տարի խնդրել ու պահանջել են՝ ցույց տվեք կառավարության այն որոշումը, որով «070» կոդը տարբերվում է մյուսներից։ Ես հիմա էլ պահանջում եմ, որ ցույց տան այդ որոշումը, որտեղ գրված է, որ դա ճամփորդական փաստաթուղթ է։

-Եթե արցախցիները ՀՀ քաղաքացի չեն, ինչպես իշխանություններ են փորձում ներկայացնել, ապա հարց է ծագում, թե ի՞նչ իրավական հիմքով են ՀՀ իրավապահ մարմինները քրեական գործեր հարուցվում Արցախին վերաբերող դրվագներով, որոնցով մեղադրվում են արցախցիներ։ Օրինակ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանության բանակի հրամանատար նշանակված Միքայել Արզումանյանը կալանավորված է Հայաստանում, նրան մեղադրանք է առաջադրված Շուշիի և հարակից շրջանների պաշտպանողական օպերացիան ձախողելու համար։

Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ «Արցախը Հայաստան չէ», այսինքն՝ ստացվում է, որ ուրիշ երկրի պաշտոնյան իր երկրում ենթադրյալ հանցագործություն է արել, բայց նրան դատում են Հայաստանում։ Ստացվում է, որ ենթադրյալ հանցագործին ուրիշ երկրում բռնել են, արտահանձնել են՝ միջազգային բոլոր օրենքները խախտելով եւ այստեղ դատում են մի բանի համարը, որը ասում են՝ մերը չէ։ Եվ այսպիսի բազմաթիվ դատավարություններ կան, բազմաթիվ զինվորականների են մեղադրանքներ առաջադրվել։ Իրենք հայտարարում են՝ Արցախը մերը չէ՝ առանց մտածելու, թե ինչ են հայտարարում։ Երբ մեզ կադաստրի վկայականներ էին տալիս, դրանք հաստատվում էին Հայաստանում, մեր վարորդական իրավունքի վկայականները վրա գրված է՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն։ Հետեւաբար, նորից վերադառնում ենք այն հարցին, որ Հայաստանի կառավարությունն այս քայլերով փորձում է իր պատասխանատվությունը ջնջել Արցախի ճակատագրի հանդեպ։

Կառավարության անդամները հայտարարել են, որ եթե արցախցիները ՀՀ-ում ուզում են թոշակ ու նպաստ ստանալ, աշխատել պետական հաստատություններում, պետք է ՀՀ քաղաքացիություն ստանան։ Սա մեծ դժգոհություն է առաջացրել արցախցիների շրջանում, ինչպե՞ս եք գնահատում։

-Արցախի Պաշտպանության բանակի եւ աշխատավարձերը, եւ թոշակները հատկացվում էին Հայաստանի բյուջեից, Արցախի բյուջեում տող չկար այդ մասին։ Զինվորական թոշակներն ամբողջությամբ Հայաստանի բյուջեից էր հատկացվում։ Այսինքն՝ հիմարություն է հիմա ասել՝ սպայի թոշակը չենք տալիս, քանի որ Արցախի հաշվառում ունի։ Այդ մարդիկ երբեք Արցախի բյուջեից թոշակ չեն ստացել։ Սա էլ մի ուրիշ հանցագործություն է։ Արցախցիների նպաստներն են կտրել, էլի ասում են՝ պետք է քաղաքացիություն ստանաք։ Կառավարության որոշմամբ այս ամենի համար մեկ տարի ժամկետ են սահմանել, հույս ունեն, որ այդ մեկ տարվա ընթացքում ժողովրդի մի մասը պետք է այստեղից թողնի գնա, մի մասը նատուրալիզացիայի ենթարկվի։ Բայց Նիկոլ-Ալիեւ-Պուտին հանցավոր եռյակը հույսը չի կորցրել, որ ժողովրդի ինչ-որ մաս հետ են վերադարձնելու Արցախ, այնտեղ ինտեգրեն, որպեսզի ասեն՝ էթնիկ զտումներ չեն եղել, պարզապես ժամանակավոր տեղահանում է եղել։

-Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեծ հոսք կա արցախցիների, որոնք ցանկանում են ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել։ Դա այդպե՞ս է։

-Մարդիկ գնում ուսումնասիրում, հարցնում են, բայց ես կոնկրետ մարդկանց չգիտեմ, որոնք քաղաքացիություն են վերցրել։

Ռոզա Հովհաննիսյան

Արցախցիները բողոքի ակցիա են անում մեկ պահանջով․ հստակեցնել իրենց սոցապահովության հարցերը

Արցախցիները այսօր ժամը 11-ից բողոքի ակցիա են անում ՀՀ սոցիալական եւ աշխատանքի նախարարության մոտ, պահանջելով հստակեցնել իրենց սոցիալական ապահովության հետ կապված հարցերը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշումը՝ արցախցիներին փախստականի կարգավիճակ կամ ՀՀ քաղաքացիություն տալու մասին անորոշություն է առաջացրել։ Վերլուծաբանները նկատել են, որ այդ որոշումը թիրախավորել է ամենախոցելի խավը՝ թոշակառուներին եւ նպաստառուներին։

Ֆոտո Մարութ Վանյանի

Թոշակ քաղաքացիության դիմաց. Հայաստանի կառավարությունը թիրախավորում է ամենախոցելի կատեգորիան

«Եթե ուզում եք շարունակել թոշակ կամ նպաստ ստանալ, վերցրեք ՀՀ քաղաքացիություն»,- այս ասացվածքն արդեն հասել է արցախցի յուրաքանչյուր բռնագաղթի։

Բայց միևնույն ժամանակ ոչ մի իշխանության ներկայացուցիչ հստակ չի բացատրում, թե ինչ դրական և բացասական կողմեր ​​են սպասվում շարքային մարդուն, եթե նա կայացնի այս կամ այն ​​որոշումը։ Ինչո՞ւ թոշակառուները, հաշմանդամները և երեխաները պետք է ինչ-որ բանից հրաժարվեն, որ ստանան իրենց օրինական, երբեմն չնչին պետական ​​վճարումները: Ինչո՞ւ է Հայաստանի կառավարությունը «դրդում» արցախցիներին հրաժարվել ժամանակավոր պաշտպանությունից և որքան հնարավոր է շուտ ընդունել ՀՀ քաղաքացիություն։

Ինչպես սոցցանցի օգտատերերից մեկն ասաց, պարզվում է, որ «իշխանությունները կամ պետք է ընդունեն, որ մեզ կեղծ փաստաթղթեր են տվել, կամ պետք է ընդունեն, որ ոտնահարում են մեր՝ որպես ՀՀ քաղաքացիների իրավունքները, եթե անձնագրերը կեղծ չեն»։

Բայց, իրոք, արցախցիների անձնագրերում «քաղաքացիություն» սյունակում հստակ գրված է «Հայաստանի Հանրապետություն»։

Ինչ-որ մեկը կարծիք հայտնեց, որ «դա արվում է, որպեսզի մարդիկ չպահանջեն գույքի կորստի փոխհատուցում» և «կարողանան դիմել միջազգային դատարան»։ Եթե ​​բացառենք բարձր պաշտոններ զբաղեցրած թոշակառուներին, ապա հասարակ մահկանացուների ավագ սերնդի 90%-ն իր տունն ու ունեցվածքը կառուցել է աշխատանքի ու քրտինքի վրա՝ մի քանի տասնամյակ կատարելով իր նախնիների ու թոռների հանդեպ սուրբ պարտականությունները։ Բայց արտաքսման արդյունքում նրանք կորցրել են ամեն ինչ։

Ու եթե լավ մտածեք, միջազգային դատարան դիմելը ձեռնտու չէ Ադրբեջանին, և իհարկե Ռուսաստանին, որը խաղաղապահ առաքելություն էր իրականացնում, այսինքն՝ աշխարհին խոստացել էր  պաշտպանել Արցախի ժողովրդին։

Ինչ-որ մեկը գրել է, որ «նոր անձնագիր ստանալով՝ կարող ես վաստակած թոշակ կամ նպաստ ստանալ, վարկ վերցնել (հետաքրքիր է՝ ո՞ր բանկերն են վարկ տալիս թոշակառուներին կամ հաշմանդամներին), բայց միևնույն ժամանակ այլևս չես ստանա բռնագաղթվածների համար նախատեսված սոցիալական օգնություն»։

Սոցցանցերի օգտատերերը չեն բացառում, որ «հաշվի առնելով բնակարանների վարձակալության գները և այլ ծախսերը՝ աղքատության շեմից ցածր ապրողների թվի աճ կարձանագրվի»։ Այս առումով հետաքրքիր է՝ ի՞նչ կտա սա Հայաստանին։ Միգուցե աղքատությունը վերացնելու համար Հայաստանին միջազգային աջակցության հոսքը կընդլայնվի՞:

Ամեն դեպքում, Հայաստանի իշխանությունը թիրախավորել է Արցախի բնակչության ամենախոցելի հատվածին։ Պաշտոնական Երևանը գոնե մինչև տարեվերջ կարող է հանգիստ թողնել նրանց, ում համար կենսաթոշակներն ու նպաստները գոյատևման անհրաժեշտ աղբյուր են։ Տարեցները և հաշմանդամություն ունեցող անձինք ցավալի շրջափակումից և բռնի տեղահանությունից հետո գոնե կարճ ժամանակ կունենան հարմարվելու, հաշտվելու և ապրելու որոշակի իմաստ գտնելու համար:

Սա կլիներ տրամաբանական մոտեցում և մարդասիրական վերաբերմունք տարեցների ու հիվանդների նկատմամբ։ Իսկ արդեն հունվարի 1-ից հնարավոր կլինի ընդունել նրանց իրավունքները սահմանափակող հրամանագրեր ու որոշումներ՝ «ապրել-չապրել» ընտրության առաջ դնելով։

Ինչո՞ւ Հայաստանի իշխանությունը չի անդրադառնում ղարաբաղյան վերնախավի խնդրին։ Նրանց իրավունքները չեն  սահմանափակվում, նրանց ընտրության կամ պատասխանատվության առաջ չեն դնում: Էլիտայի ներկայացուցիչները բնակարաններ ու խնայողություններ ունեն, բայց բարոյական կարմիր գծեր ընդհանրապես չունեն։

Ալվարդ Գրիգորյան

Արցախից բերել է պապական օջախի խաչքարը

«Մեզ մոտ՝ Սարուշեն գյուղում, բոլորը գիտեին բակի սուրբ խաչքարի մասին։ Մանուկ հասակից տեսել եմ, թե ինչպես էին մոմ ու խունկ վառում մեր բակում։ Տեղահանության օրերին եղբայրներով որոշեցինք պոկել ու բերել մեզ հետ։ Մտավախություն կար, որ կամուրջն անցնելիս կվերցնեին, բայց բարեբախտաբար այդպես չեղավ», -պատմում է Արցախի բնակիչ Դավիթ Հարությունյանը։

Անձնական իրերից շատ բան չի վերցրել՝ միայն մոր ձեռագործը և հագուստ։ 87-ամյա մայրը այդպես էլ չի հասկացել, թե ինչու են թողնում տունը, ինչու է հայտնվել Երևանում։ «Կասկածելի չէր, որ պատերազմը սկսվելու էր, քանի որ սահմանին լարվածություն կար։ Ժամանակին «Քաջ Նազարի» կինը սոցցանցերում հուշել էր փախստականի կարգավիճակի մասին։ Մեր ժողովուրդն իրոք հայտնվել էր վատ վիճակում։ Շրջափակման օրերին նույնիսկ երեխաների դեմքին ժպիտ չկար», – ասում է Դավիթը։

Նախկինում աշխատել է որպես ականազերծող ու SMM մասնագետ, իսկ վերջին տարիներին՝ հեռուստաօպերատոր։ Հիմա փորձում է այնպիսի աշխատանք գտնել, որ համատեղելի լինի մոր խնամքի հետ։