Ժամը 9-ին խորհրդարանի ընդլայնված նիստ. պահանջները հայտնի են

Այսօր առավոտյան Ստեփանակերտից Երևան է մեկնել արցախցիների մի խումբ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ Երիտասարդներից մեկին առևանգել են, ևս երկուսի հետ կապ չկա, և նրանք չեն անցել անցակետը։ Ադրբեջանի դատախազությունը հայտնել է, որ երեք երիտասարդ պղծել են իրենց դրոշը, և նրանք կենթարկվեն վարչական պատասխանատվության և, ամենայն հավանականությամբ, կարտահանձնվեն Հայաստան։

Ռուսական զորքերը վերջին շաբաթվա ընթացքում ակտիվորեն դուրս են բերում արցախցիներին՝ «հայրենակիցների», ուսանողների և այլոց քողի տակ, բայց առանց վերադառնալու իրավունքի։ Նման մի քանի տարհանման ակտեր տեղի են ունեցել առանց միջադեպերի, և մարդիկ կրկին վստահել են ռուսներին։ Վագիֆ Խաչատրյանի հետ տեղի ունեցած միջադեպը դաս չդարձավ՝ թե՛ Արցախի իշխանությունները, թե՛ ուսանողների ու մյուս հեռացողների հարազատները համարեցին, որ ռուսներին կարելի է վստահել։

Հիմա մարդիկ կառավարությունից պահանջում են պատասխանել հետագա քայլերի, անվտանգության երաշխիքների և այլ հարցերին։ Այսօր ժամը 9-ին տեղի կունենա Արցախի խորհրդարանի ընդլայնված կազմով նիստ, որը կցուցադրվի ուղիղ եթերով։

Ի՞նչ է քննարկվելու նիստին։ Ռուսների կողմից «լրացուցիչ» երաշխիքներ ու խոստումնե՞ր, թե՞ Բերձորի միջանցքից ապօրինի անցակետը հեռացնելու պահանջ։ Ռուսներից կպահանջե՞ն կկատարել իրենց պարտավորությունները, թե՞ կասեն, որ ժամանակն է դուրս գան։

Այսօր Վերածննդի հրապարակում մարդիկ պահանջում էին ՄԱԿ-ի խաղաղապահ զորքեր։ Խորհրդարանը նման պահանջ կներկայացնի՞։

Ֆրանսիական նախաձեռնության մասին Արցախի իշխանությունները համառորեն լռում են։ Նախագահ Մակրոնն այսօր էլ ասել է, որ մտադիր է նոր քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի հետ կապված և այս շաբաթ հանդիպելու է Փաշինյանի և Ալիևի հետ։ Իսկ օգոստոսի 30-ին Կոռնիձորում կլինի ֆրանսիական մարդասիրական շարասյունը՝ Փարիզի և Ստրասբուրգի քաղաքապետերի ուղեկցությամբ։

Ֆրանսիայի քայլերը ցնցող արձագանք են առաջացնում Մոսկվայում, Բաքվում և որոշ հայկական շրջանակներում։ Բաքվի ԱԳՆ օրական մի հայտարարություններ է անում Ֆրանսիայի դեմ։ Իսկ Հայաստանի ու Արցախի իշխանությունները նույնիսկ չեն մեկնաբանում Փարիզի նախաձեռնությունները։

Ֆրանսիայի քաղաքական դիրքորոշումը կքննարկվի՞ խորհրդարանում։ Մակրոնը հայտարարել է, որ ինքը միակն է, ով Արցախի ինքնորոշման հարցը պահում է միջազգային օրակարգում։ Արցախը նրան կօգնի՞։

Արթուր Օսիպյան. մենք պետք է համախմբվենք և պայքարենք մեր հողի վրա ապրելու իրավունքի համար. այլ նպատակ չկա

Այսօր՝ Հաքարի կամրջի վրա արցախցի երեք երիտասարդների առևանգումից հետո, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմամարդ հանրահավաք է տեղի ունեցել․ նախագահ Արայիկ Հարությունյանը դուրս է եկել մասնակիցների մոտ և խոստացել ընդլայնված կազմով խորհրդակցություն անցկացնել, որին կորոշվեն հետագա քայլերը։

«Կարելի է ասել, որ դա վերջին կաթիլն էր: Թեեւ բավականին բարդ իրավիճակում ենք հայտնվել երկար ժամանակ, գնալով իրավիճակը վատանում է, բայց հստակ ծրագրեր չկան։ Ինչ ենք անելու, ինչ է մեզ սպասում, այս մասին կառավարությունից ոչ մի խոսք չենք լսում։ Հիմա գերխնդիրըէ մեր հայրենակիցներին վերադարձնելն է, բայց դա չի նշանակում, որ հանրահավաքի հարցերը սրանով սահմանափակվում են։ Մենք սովի շեմին ենք, բայց իշխանության քայլերը չենք տեսնում։ Նրանց գործողություններն ավելի շատ նման են իշխանությունը յուրացնելու, իշխանությանը հասնելու փորձերին։ Պահանջում ենք, որ քաղաքական ուժերը ներկայացնեն իրենց ծրագրերը, որպեսզի հասարակությունն ընտրի մեր հայրենիքում արժանապատիվ և ապահով կյանքի ճանապարհը»,- ասաց հանրահավաքի կազմակերպիչ, Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։

«Մեր պահանջով այսօր ժամը 9-ին տեղի կունենա բաց նիստ՝ տարբեր կուսակցությունների եւ ուժերի մասնակցությամբ։ Հոգեբանական ճնշումը կարող է հանգեցնել նրան, որ ինչ-որ պահի մենք չենք կարողանա պայքարել։ Ուստի այսօր մենք պետք է համախմբվենք և պայքարենք մեր հողի վրա ապրելու իրավունքի համար։ Ուրիշ նպատակ չկա։ Եթե ​​գործոն դառնանք, ուրեմն մեծ շանսեր կունենանք։ Մենք առաջարկում ենք խնդրի քաղաքական լուծում, եթե ոչ, ապա զինված պայքար։ Այլ ճանապարհ չկա»,- ասաց Արթուր Օսիպյանը։

Ցուցակներում առկա անձանցից ևս երկու հոգի չեն հատել անցակետը, չի հաջողվում նրանց հետ կապ հաստատել. Արցախի ՄԻՊ

Օգոստոսի 28-ին ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ իրականացվել է Արցախից Հայաստան քաղաքացիական անձանց հերթական տեղափոխումը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ իրականացվել է 170 անձանց տեղափոխություն։ Այս մասին facerbook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Նա նաեւ նշել է. «Ժամը 13:00-ի սահմաններում դեպի Հայաստան տեղափոխվող անձինք հասել են Լաչինի միջանցքում՝ Հակարի կամրջի մոտ, տեղակայված ադրբեջանական անօրինական անցակետ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռք բերված տեղեկատվության համաձայն՝ 2001 թվականի ծնված Ալեն Նելսոնի Սարգսյանն ադրբեջանական սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչների կողմից ուժի և հարկադրանքի կիրառմամբ առևանգվել և տարվել է անհայտ ուղղությամբ։

Բացի դրանից, Արցախից ՀՀ տեղափոխվող անձանցից ևս հինգ հոգու Ադրբեջանի սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչները տարել են անցակետի մոտ տեղադրված հատուկ սենյակ՝ հարցաքննելու։ Հարցաքննության ընթացքում տվել են տարաբնույթ հարցեր՝ սպորտով զբաղվածությունը, ՀՀ գնալու նպատակը, Հայաստանում և Արցախում տնտեսական իրավիճակը և այլն։

Ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ նախօրոք համաձայնեցված ցուցակներում առկա անձանցից ևս երկու հոգի՝ Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը չեն հատել անօրինական անցակետը, սակայն չի հաջողվում նրանց հետ կապ հաստատել։

Երեք քաղաքացիներն էլ Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների ուսանողներ են։

Բազմիցս նշել ենք, որ Հակարի կամրջի մոտ տեղակայված անօրինական անցակետը ուղիղ և անհերքելի սպառնալիք է Արցախի քաղաքացիական բնակչության ֆիզիկական գոյության և հիմնարար իրավունքների պաշտպանության համար։

Վագիֆ Խաչատրյանի, Ալեն Սարգսյանի առևանգումն անառարկելիորեն ապացուցում են, որ այսպես կոչված անցակետը վեր է ածվել ադրբեջանական հանցավոր կամայականությունները սպասարկելու գործիքի, որով ադրբեջանցիների կողմից կամայական կերպով առևանգվում և ազատությունից զրկվում են քաղաքացիական անձինք։ Շրջափակման մեջ է պահվում 120 000 բնակչություն՝ զրկված հումանիտար հասանելիությունից և մարդու տարրական իրավունքների պաշտպանության հնարավորությունից։

Թե՛ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և թե՛ ռուս խաղաղապահների միջազգային իրավական ու քաղաքական երաշխիքները փաստացի բավարար չեն Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության, այդ թվում ազատ ու անվտանգ տեղաշարժն ապահովելու համար:

Հաշվի առնելով այդ երկու դերակատարների ստանձնած պարտավորությունները՝ Մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է նրանցից բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել ապահովելու Արցախի բնակչության հումանիտար տեղաշարժի անվտանգությունը և առևանգված անձանց անհապաղ վերադարձը։ Առանց նման երաշխիքների առկայության, պետք է դադարեցնել քաղաքացիական անձանց փոխադրումները։

ՄԻՊ աշխատակազմի կողմից շարունակվում է փաստերի հավաքագրումը դեպքի առնչությամբ, որի մասին հանդես կգանք հավելյալ հայտարարությամբ, հավաքագրված փաստերը կամփոփվեն և կներկայացվեն մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և միջազգային այլ դերակատարներին»։

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունենում ինքնաբուխ հանրահավաք

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունենում ինքնաբուխ հանրահավաք։

Նախագահ Արայիկ Հարությունյանը դուրս եկավ ցուցարարների մոտ և ասաց, որ վաղը ընդլայնված կազմով խորհրդակցություն կանցկացնի, որտեղ կորոշվի Արցախի ճակատագիրը:

Հանրահավաքի մասնակիցները պահանջում էին այսօր և առցանց հանդիպում անցկացնել, հասարակությունից ոչինչ չթաքցնել և ասել, թե ինչ է անում իշխանությունը ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանելու համար։

Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը հայտարարեց, որ երկու ճանապարհ կա՝ կա՛մ քաղաքական խաղաղ պայքար, կա՛մ զինված պայքար։ Երկրի ղեկավարությունը կա՛մ պետք է միանա մեզ, կա՛մ խոստովանի, որ իրենք վախկոտ են և ոչ մի բանի համար պիտանի չեն, – ասաց նա։

Բաքվի դատախազությունից հայտնում են, որ Բերձորի միջանցքում առևանգված հայերը պետք է արտաքսվեն Հայաստան

Բաքվի գլխավոր դատախազությունը հայտարարել է Լաչինի միջանցքի անցակետից երեք հայ ֆուտբոլիստների ձերբակալության մասին, ովքեր մեղադրվում են «Ադրբեջանի դրոշը պղծելու» մեջ։

Նշվում է, որ 2021 թվականին որոշ լրատվամիջոցներում տեսանյութեր են տարածվել, որտեղ հայ ֆուտբոլիստները վիրավորական գործողություններ են կատարում Բաքվի դրոշի նկատմամբ, ինչի կապակցությամբ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով։

«Ենթադրվում է, որ Ադրբեջանը հումանիստական մոտեցում կցուցաբերի,  և հաշվի առնելով, որ ձերբակալվածները երիտասարդ են և մարզիկներ, նրանք կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության։ Համենայն դեպս, Ադրբեջանի տարածքում չեն կարող ապրել այն մարդիկ, ովքեր վիրավորում են Ադրբեջանի դրոշը։ Նրանք պետք է արտաքսվեն Հայաստան»,-հայտնել են Բաքվի գլխավոր դատախազությունից։

 

Մակրոնը բանակցություններ կանցկանցի Փաշինյանի և Ալիևի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ այս շաբաթ բանակցություններ կվարի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ և հանդես կգա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր դիվանագիտական նախաձեռնությամբ:
«Այս շաբաթ ես բանակցելու եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Մենք կպահանջենք Լաչինի հումանիտար միջանցքի վերաբերյալ պայմանավորվածությունների լիարժեք կատարում, ինչպես նաև հանդես կգանք միջազգային ասպարեզում նոր դիվանագիտական նախաձեռնությամբ, որպեսզի ուժեղացնենք ճնշումը Ադրբեջանի վրա»,- հայտնել Է նախագահը՝ ելույթ ունենալով դեսպանների ամենամյա խորհրդաժողովում։ Հեռարձակումն իրականացվել Է Ելիսեյան պալատի X–ի (նախկինում` Twitter) պաշտոնական էջում։

Վերահաստատում եմ իմ հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ փոխգործակցելու կողմերի հետ և մեկնելու Լեռնային Ղարաբաղ․ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կոչ է արել վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և ապահովել մարդասիրական օգնության արագ և անխոչընդոտ տեղափոխումը Արցախում, հայտնում է 1lurer.am-ը։

«Ես շարունակում եմ լրջորեն մտահոգված մնալ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի և նրա բնակչության մարդու իրավունքների կապակցությամբ՝ 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի արգելափակումից հետո։ Ես վերահաստատում եմ այդ ճանապարհով ազատ տեղաշարժը վերականգնելու իմ նախորդ կոչը»,- նշված է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի հրապարակած հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ իր և բազմաթիվ այլ միջազգային շահագրգիռ կողմերի կոչերին՝ տարածաշրջանում հումանիտար և մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն էլ ավելի է վատթարացել, հատկապես ազդելով առավել խոցելի խմբերի վրա՝ մարդկանց տեղաշարժի, սննդի մատակարարումների և շտապ բժշկական օգնության երկարատև խափանումների պատճառով:

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), որն այս պահին միակ միջազգային մարդասիրական կազմակերպությունն է, որը գործում է Լաչինի միջանցքում, նշել է, որ բնակչությունը բախվել է կյանքեր փրկող դեղամիջոցների և առաջին անհրաժեշտության պարագաների պակասի խնդրի հետ:

Համապատասխան շահագրգիռ կողմերը պետք է անհապաղ լուծում գտնեն, որպեսզի խուսափեն տեղի բնակչության առջև ծառացած շատ վտանգավոր իրավիճակի հետագա վատթարացումից և երաշխավորեն անվտանգ ու ազատ անցում նրանց համար, ովքեր մարդասիրական օգնություն են տրամադրում և ապահովում են մարդու իրավունքների պաշտպանություն: Ինչպես նշված է 2021 թվականի իմ հուշագրում, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ջանքեր գործադրեն հաշտեցման ճանապարհով առաջ շարժվելու և բոլոր մարդկանց համար կայուն խաղաղություն ապահովելու ուղղությամբ։

Ես վերահաստատում եմ իմ հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ փոխգործակցելու բոլոր համապատասխան կողմերի հետ և մեկնելու Լեռնային Ղարաբաղ՝ օգնելու հաղթահարել մարդու իրավունքների ոլորտում առկա մարտահրավերները»,- ասել է Միյատովիչը:

Դեռ պարզ չէ, քանի երիտասարդ են արեւանգվել

Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից ապօրինի տեղակայված անցակետից ադրբեջանիցները բացի 22-ամյա Ալեն Սարգսյանից առեւանգել են ևս երկու երիտասարդի։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Արմինե Հայրապետյանը։

Մեզ հետ զրույցում դեպքի ականատեսներից մեկը, որի անունն իր խնդրանքով չենք ներկայացնի, պատմեց, որ տղաներին բերման են ենթարկել՝ բիրտ ուժ կիրառելով։ Ադրբեջանցիներից մեկն անգամ հրացանի բռնակոթով հարվածել է երիտասարդներից մեկի գլխին։

Ավտոբուսի մյուս ուղևորներն արդեն Գորիսում են։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում երեք հայի ձերբակալելու մասին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ նրանց սպառնում է 10-օրյա կալանք։

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ ձերբակալված հայ երիտասարդները «Մարտունի Ավո» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներ են։ Նրանց նկատմամբ դեռևս  2021 թվականին հետախուզում է հայտարարվել՝ իբր ադրբեջանական դրոշն անարգելու մեղադրանքով։

Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանն ասում է, որ դեռ պարզ չէ, քանի երիտասարդ են առևանգվել։

 

Ադրբեջանցիները 22 տարեկան ուսանողին առևանգել են, մյուսին էլ հարցաքննում են․ Տիգրան Պետրոսյան

Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում քիչ առաջ մանրամասնեց՝ մոտ 1 ժամ առաջ Լաչինի ապօրինի անցակետից ադրբեջանցիները Արցախից Հայաստան տեղափոխվող  22 տարեկան ուսանողի են առևանգել, մյուսին էլ հարցաքննում են:

Տիգրան Պետրոսյանը կոչ արեց երեկոյան հավաքվել Վերածննդի հրապարակում ու միասնական որոշում կայացնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Բերձորի միջանցքից առեւանգել են Արցախի քաղաքացու

Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.:
Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, ով մեկնում էր Երևան՝ իր ուսումը շարունակելու նպատակով:
Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը՝ հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Դեպքի վերաբերյալ մանրամասները կհայտնվեն ավելի ուշ:
Այդ մասին հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը

Կրակոցներ նախագահի նստավայրի ուղղությամբ

Օգոստոսի 28-ին ժամը 03:05-ին ոստիկանության ՊՊԾ գումարտակի ոստիկանը հերթապահ մասում հաղորդել է, որ Ստեփանակերտ քաղաքի Փետրվարի 20 փողոցում՝ Արցախի հանրապետության նախագահի նստավայրի ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության օպերատիվ խումբը, տաք հետքերով ձեռնարկած միջոցառումների արդյունքում, Մարտունի փողոցից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկել անսթափ վիճակում գտնվող 2 քաղաքացու՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Տ.Հ.-ին (ծնված 1983թ.) և Ա. Ա.-ին (ծնված 1981թ.):
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գիշերը ժամը 03:00-ի սահմաններում, նախնական համաձայնությամբ և ոգելից խմիչքների ազդեցությամբ՝ վերջիններս ներկայացել են նախագահի նստավայր և կրակոցներ արձակել շենքի և տարածքում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների ուղղությամբ:
Նախապատրաստված նյութերը ուղարկվել է քննչական կոմիտե։ Փաստի կապակցությամբ ՔԿ-ում հարուցվել է քրեական գործ։
Видео
https://www.facebook.com/arcakh24/posts/pfbid0hauYPszhfBwEPrrYAJ4gh6dk98A7eMTFVoSudisbgERe9t115xbnm8oLFGRqpXbhl

Երևան-Ստեփանակերտ. Հումանիտար ողբից դեպի սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի իրացում

Lragir

Եթե Արցախի խնդիրը «ԼՂ բնակիչների իրավունքների և անվտանգության ու դրանց հասցեագրման» և  հումանիտար ճգնաժամի խնդիր է, ինչպես ներկայացնում են Նիկոլից մինչև աշխարհով մեկ ցրված լոբբիստական կառույցներ, այդ դեպքում պետք է պատասխանել նույն միջազգային հանրության և Բաքվի տրամաբանական հարցադրմանը՝ իսկ ինչու չեք օգտվում Ակնայի ճանապարհից: Կարճ, էժան, հարմարավետ՝ ինչ տարբերություն, թե սնունդը, էներգակիրները, մնացած ապրանքները որտեղից կգան։ «Ակնայի ճանապարհը չի կարող Լաչինի միջանցքի այլընտրանքը լինել» պնդումն այս դեպքում ավելի շատ տվյալ հարցադրման օգտին է. հատկապես ինչու չի կարող:

Իսկ եթե Երևանը և Ստեփանակերտը պնդում են Բերձորի միջանցքի 5+5 կմ արտատարածքային կարգավիճակի և ազատ տեղաշարժի վրա, պետք է նույնպես բացատրեն, թե ինչու։ Իրավունքների ու անվտանգության հասցեագրման ու հումանիտար ճգնաժամի վկայակոչումները, ինչպես քիչ առաջ ցուցադրեցինք, բոլորովին հիմնավորում չեն։ Ավելին, Երևանի այդ հայտարարությունները և գործողությունները միջանցքի կարգավիճակի վերացման առաջնորդություն են նշանակում: Դրանք լրացնում են ավելի վաղ տեղի ունեցածը. հայկական բանակը 5+5 կմ հատվածում, այսինքն Լաչինի էքստերիտորիալ միջանցքի եզրին, սահմանապահներով փոխարինելը պետական սահմանի կարգավիճակ տվեց 10 կմ մի հատվածի, որն ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության այդպիսին չէր՝ չէր կարող ազերբայդժանական սահմանային անցակետ ունենալ, քանի որ սահման չէր։

Նոյեմբերի 9-ի թղթին հղումը նույնպես հիմնավորում չէ՝ գետնի վրա Երևանի գործողությունները հակասում են այդ թղթի համապատասխան կետին։ ՄԱԿ ԱԽ-ին Երևանի դիմումի մեջ բացակայում է միջանցքի 5+5 կմ լայնությամբ արտատարածքային կարգավիճակի, այսինքն՝ այն ազերբայդժանին չպատկանելու մասին հիշատակումը և այդ տարածքը Բաքվի ռազմական ու ոստիկանական ներկայությունից ազատելու պահանջը։ Իսկ ՄԱԿ դատարանին երկրորդ դիմումով Երևանը հաջողությամբ օրինականացրեց Բաքվի անցակետը։

Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակի պահանջը բխում է միայն մեկ բանից. Արցախի բնիկ մեծամասնության՝ հազարամյակների ազգային-պետական ավանդույթը չընդհատելու իրավունքից։ Եթե պահանջների հիմքում այս բանաձևը չէ՝ միջազգային հիմնարար երեք սկզբունքների հավասարության հիմքով Արցախի խնդրի կարգավորմամբ, մնացյալը թշնամական ագենտուրային քայքայիչ գործունեություն է՝ գիտակցված թե ոչ, այլ հարց չէ։

Եթե պահանջների հիմքում դրվում է այս բանաձևը, այդ դեպքում առաջանում է կոնկրետ գործողությունների խնդիր՝ հայկական խորհրդարանում հայկական հիմնարար իրավունքների քննարկումից մինչև ուժային գործողություններ՝ այդ իրավունքները պաշտպանելու համար, ինչպես նաև լոբբիստական գործունեության բնույթի ու բովանդակության արմատական փոփոխություն։

«ԼՂ բնակիչների իրավունքներ և անվտանգություն և դրանց հասցեագրում» դեբիլության, հումանիտար ողբի, մոմավառությունների համազգային հեշտանքից դեպի սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի իրացում եւ նպատակային գործողություններ։ Ահա ուղղությունը:

Ահա այստեղ է խնդիրը․ քաղաքական ա՞զգ՝ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի գիտակցմամբ, թե այստեղ- այնտեղ, մոտ ապագայում արդեն՝ իր «ինքնիշխան տարածքում» ծիսական համայնք՝ ենթակա վերացման։ Առաջինը մերժված է հայկական վերնախավերի ճղճիմ ծագման ու ծախու նկարագրի հետևանքով: Երկրորդին հակումը աչքի առաջ է։