Արցախում տնական լվացքի հեղուկ են սարքում․ մանկության լվացքը

Օճառ, սոդա, ջուր: Շատերի համար ուղղակի ինչ- որ կենցաղային նյութեր, իսկ շատ արցախցիների համար լվացքի համար նախատեսված հեղուկի պատրաստի բաղադրատոմս՝ տնական պայմաններում:

Շրջափակման պայմաններում արցախյան շուկայում բացակայում են նաև կենցաղային նյութերը, մասնավորապես՝ լվացքի փոշին: Բայց, ինչպես ասում են, արցախյան կանանց հնարամտությունը չունի սահմաններ՝ ընդամենը մի քանի նյութ և վերջ՝ տնական լվացքի փոշին պատրաստ է:

Երբ այս ամենի մասին պատմում ենք ավագ սերնդին, նրանք հիշում են իրենց երիտասարդությունը, երբ նույն ձև էին լուծում լվացքի խնդիրը՝ մի քանի կոպեկով գնում էին լվացքի համար նախատեսված հեղուկը, ապա այն խառնում ջրի հետ և հետո արդեն օգտագործում: Ի դեպ մենք՝ երտասարդներս, գուցե, վերջին սերունդն ենք, որը հիշում է «ձեռքով լվացք»-ի արարողակարգը:

Հիշում ենք, որ բակում դրվում էին մի քանի թասեր, մայրիկները և տատիկները ամբողջ ուժով տրորում էին շորերը, ընթացքում սրբելով հոգնածությունից քրտնած դեմքը, իսկ երեխաները իբր թե օգնելու պատրվակով խաղում էին ջրով:

Լվանալուց հետո այդ նույն, նոր լվացված հագուստը կախում էին պարաններից, փայտե, երբեմն նաև գույնզգույն ամրակներով, իսկ երբ սպիտակեղեն էր, մենք՝ երեխաներս անցնում էինք այդ սպիտակեղենի միջով և պատկերացնում էինք մեզ հայտնի ֆիլմերում:

Իհարկե առանձին պատմություն էր սպիտակեղենի լվացումը, որն առանձնապես ծանր էր՝ պետք է եռացվեր դրա համար նախատեսված մեծ թասում, իսկ հետո հանվեր հատուկ այդ արարողակարգի համար նախատեսված փայտիկներով:

Այդպես անցնում էին օրերը, տարիները, երբ չնայած «ձեռքով լվացք»-ներին, փայտե վառարաններից սևացած պատերին, մենք երջանիկ էինք և ազատ:

 

Հետպատերազմյան տեղեկատվություն․ ինչպես լուր ստանալ Արցախից

2020 թվականի պատերազմի ընթացքում տեղեկատվական դաշտում կրած պարտությունը ազդակ էր Արցախի ղեկավարության համար քայլեր ձեռնարկելու ոլորտի բացերը լրացնելու համար։

Հետպատերազմյան 3 տարիների ընթացքում տեղեկատվական ոլորտում կատարվեց մեծ աշխատանք, ինչպես պետական, այդպես էլ մասնավոր մակարդակով, ինչը, հարկ է նշել, որ այդքան էլ էֆֆեկտիվ չէր, քանի որ մենք դեռ ունենք Արցախում տեղի ունեցողը արտաքին աշխարհին հասցնելու խնդիր։

Որպես օրինակ կարող ենք հիշել Արցախի տոտալ շրցափակման առաջին ամիսները, երբ ամբողջ աշխարհը ընդունում էր Ադրբեջանի դիրքորոշումը այն մասին, որ շրջափակում չկա։ Միայն վերջին ամիսներին արտասահմանյան մեդիայում սկսեց նկատվել դիրքորոշման փոփոխություն և Արցախում տիրող իրավիճակի ճշգրիտ նկարագրություն, ինչը մեծ մասամբ Արցախում գործող անկախ լրատվամիջոցների, լրագրողների և լուսանկարիչների աշխատանքի արդյունքն է։

Հիմա պարզենք, թե ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան տեղեկատվական ոլորտում վերջին 3 տարվա ընթացքում։

Պաշտոնական տեղեկատվություն և լրատվամիջոցներ

2020 թվականի մարտի 18-ին ստեղծվեց «Արցախի տեղեկատվական շտաբը», որը ԱՀ մարմինների միասնական տեղեկատվական հարթակ է, որտեղ տարածվում է միայն պաշտոնական տեղեկատվություն։ Մինչև տեղեկատվական շտաբի ստեղծվելը Արցախում մեծ հեղինակություն ուներ Artsakhpress լրատվականը, որը գործում էր 2014 թվականից և ներկա դրությամբ Facebook կայքում ունի 9.6 հազար հետևորդ։ Պատերազմից հետո Ստեփանակերտում բացվեց նաև Civilnet-ի գրասենյակ և ունեցանք «Հետք»-ի թղթակիցներ։

Ոչ պաշտոնական և անկախ մեդիայի աղբյուրների քանակի ավելացումը Արցախում բերեց նրան, որ սկսեց տարացծվել ոչ պաշտոնական տեղեկատվություն, ինչը երբեմն ձեռնտու չէր Արցախի ղեկավարությանը։ Այդ իսկ պատճառով վերջերս պետության կողմից սահմանվում են տեղեկատվության տարածման նոր կանոններ։

2023 թվականի օգոստոսի 21-ին ընդունվել է հրամանագիր, որով սահմանվել են ԱՀ տարածքում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման նոր կանոնները։

2023 թվականի օգոստոսի 19-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է Քրեական, Քրեական դատավարության և Քաղաքացիական օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները: Համաձայն կատարված լրացումների ու փոփոխությունների՝ սահմանվել է, որ զրպարտությունը և վիրավորանքը կհանդիսանան քրեորեն պատժելի արարքներ, որոնց վերաբերյալ քրեական գործերը հարուցվում են տուժողի բողոքի հիման վրա:

Տելեգրամյան ալիքներ

Տելեգրամյան ալիքները իրենց հայտնիության գագաթնակետին հասան պատերազմի ժամանակ, և ներկայումս ամենից շատ կարդացվողն են։ Հայկական և Արցախյան տելեգրամյան արիքների մեծ մասն անկախ են, չեն վերահսկվում ղեկավարության կողմից և տարածում են արագ և էքսկլյուզիվ տեղեկատվություն։ Ամենահայտնիներից են «Republic of Artsakh» անկախ ալիքը, որը ունի 55.9 հազար հետևորդ, «Spitak Arch» անկախ ալիք`10.9 հազար հետևորդ, «Баграмян 26» ալիքը, որը հովանաորվում է ՀՀ ղեկավարության կողմից` 115 հազար հետևորդ, «Mika Badalyan», որը ֆինանսավորվում է ՌԴ-ին հարող մարմիններից` 31.000 հետևորդ։

Ֆրիլանս լրագրողներ

Ֆրիլանս լրագրողները Արցախում աշխատում եմ հիմնականում սոցցանցերում գրառումներ կատարելու միջոցով։ Իրենց աշխատանքի պտուղները քաղում ենք շրջափակման օրերին, երբ արտասահմանյան մեդիաները խոսում են Արցախում տիրող ճգնաժամի մասին` հղումներ կատարելով հենց այդ լրագրողների գրառումների և լուսանկարների վրա։

Նորերս բացվել է նաև Step1.am կայքը։

Հայկ Հարությունյան

Արցախում թշնամիները չեն կարող պառակտել հասարակությունը, կանայք չեն թողնի իրենց տղամարդկանց

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո, երբ պարզվեց, որ Հայաստանը կարող էր, բայց չի ներկայացրել բանաձևի նախագիծ, որ բոլոր երկրները, բացառությամբ Ռուսաստանի, պահանջում են բացել Բերձորի միջանցքը, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարեց, որ կներկայացնի նոր բանաձև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Բացի այդ, օգոստոսի 30-ին Կոռնիձորում կլինի մարդասիրական ավտոշարասյունը՝ Ֆրանսիայի քաղաքների, այդ թվում՝ Փարիզի և Ստրասբուրգի քաղաքապետերի ուղեկցությամբ։ Խոսում են «մարդասիրական ինտերվենցիայի» հավանականության մասին, որը նախատեսված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ։

Այս ֆոնին Բաքուն և Մոսկվան ակտիվացրել են ջանքերը  մինչև հավանական հումանիտար ինտերվենցիա Արցախը կոտրելու, բնակչության մեծ մասին արտաքսելու, «ադրբեջանցի փախստականներին» “ազատված” տներում տեղավորելու և մնացած հայերին ֆիլտրումից հետո «ինտեգրելու» ուղղությամբ։

Խնդիրն այն է, թե ինչպես կարելի է Արցախի հասարակությանը բաժանել նրանց, ում կարելի է տարհանել, եւ նրանց, ով պիտի մնա։

Սկզբում հին ձայնասկավառակը հանեցին՝ «հայրենակիցների» և ռուսական աշխարհի մասին։ Սակայն ծրագիրը բախվել է ընտանիքների բաժանման խնդրին, շատերը հրաժարվել են «տարհանվել» նույնիսկ եթե ունեն ռուսական անձնագիր: Ավելին, ինչպես ասում են, շատերը չեն կարող իրենց դա թույլ տալ. ռուսները «քթից» պահանջում են 2,2 հազար դոլար և թույլ են տալիս վերցնել միայն երկու ուղեբեռ։ Իսկ այսօր, օգոստոսի 29-ին, Ստեփանակերտում տեղի կունենա «հայրենակիցների» հանդիպում, որտեղ կքննարկվեն բաժանման հարցերը։

Կա «պլան Բ»՝ տարհանել կանանց, երեխաներին ու ծերերին։ Ինչ-որ տեղ ինչ-որ մեկը նույնիսկ հերթ է կազմում։ Բայց այս ծրագիրը նույնպես բախվեց անհաղթահարելի խոչընդոտի` ընտանիքին և իրենց նախնիների երկրում ապրելու իրավունքին:

Ռուսները թեև հնարավորություն ունեն ալյուր ներկրել, բայց դա դիտմամբ չեն անում՝ մարդկանց քաղցած հիստերիայի մեջ գցելով։

Ստեփանակերտի բնակիչ, փաստաբան Ժաննա Արզումանյանը կոչով դիմեց հանրությանը` հորդորելով օգոստոսի 29-ի երեկոյան գալ Վերածննդի հրապարակ՝ փրկելու երեխաներին։ «Արդեն պարզ է, որ մենք ինքներս պետք է բացենք միջանցքը՝ մեր պահանջներով ու գործողություններով։ Առաջարկում եմ հավաքվել և իշխանություններից պահանջել անհապաղ լուծել մեր երեխաների անվտանգության և բարեկեցության հարցերը։ Իսկ մենք՝ հանուն երեխաների, պետք է ամեն ինչ անենք, որ միջանցքն ապաշրջափակվի։ Եվ դրա համար մենք բոլորս պետք է միասին լինենք»,- ասաց նա: Արզումանյանը դիմեց քաղաքական ուժերի, ճակատների ու շարժումների, ճամբարների՝ դադարեցնելու «պետական ​​պաշտոնների համար պատերազմը»։

Սոցցանցերի օգտատեր Գոհար Հայրապետյանը գրում է. “Կանանց, երեխաներին և հիվանդներին ու մեծերին տարհանելու կոչեր անողներ, զգույշ արտահայտվեք, հետագայում դուք այլևս չեք տեսնելու ձեր տղամարդկանց: Այդ կոչերի իրականացման հնարավորությունը տեսնող իշխանության ներկայացուցիչներ, կորեք գրողի ծոցը: Ընտանիքները կամ միասին պետք է դուրս գան, կամ պետք է մնան այստեղ մինչև հարցի հանգուցալուծումը”:

Օգտատեր Նունե Առաքելյան. «Սիրելի՛ արցախցի կանայք և երեխաներ։ Հիշեցնեմ, որ երեք տարի առաջ մենք մի անգամ թողեցինք մեր տղամարդկանց։ Եվ հիշեցնեմ, թե ինչպես դա ավարտվեց, հիշեցնեմ նաև, որ 1991-92 թվականներին մենք չթողեցինք մեր մարդկանց։ Իսկ թե ինչպես ավարտվեց, ես լավ հիշում եմ։  Եզրակացություններ արեք և ոչ մեկին մի լսեք, հատկապես վախկոտներին և սադրիչներին։ Մենք մեր տղամարդկանց ուժն ու ոգեշնչումն ենք: Որտեղ մենք, այնտեղ նրանք, որտեղ նրանք, այնտեղ մենք ենք, հենց որ մեզ դուրս հանեն, Ալիևը մնացած տղամարդկանց ահաբեկիչ կհայտարարի, ռազմական պաշտպանություն կսկսի և կսպանի մեր մարդկանց։ Արդյո՞ք սա բացատրության կարիք ունի»:

Օգտատեր Անի Մաթևոսյան․«Տուք հասկանումը՞ք հինչըք անում, տուք գոնե պատկերացնումը՞ք հինչ հետևանքների կարե պերե ծեր պահանջը։ Էս պահին Արցախում բոլորն էլ՝ անկախ սեռից, համարվումն խոցելի, բոլորս նույն վիճակումննք։ Հարցը մենակ սովըչի, նույն վտանգն էլ կա ցեղասպանության դեպքում։ Իմ կլխումս տեղավորվումչի՝ տուք իրոք պատրաստըք ծեր եղբայրներին, ամուսիններին, հայրերին, տարիքավ մեծ տղա խոխորցը թողիք քինա՞ք…

Հասկանումը՞ք, վեր Աստված չանե ծեր պահանջնեն իրականացնին, մնացողներին դատապարտելուվք ցեղասպանության։ Ադրբեջանին էլ հենց էտա պետք, ասելուվա ռազմական հանցագործնեյն, իմ տարածքում ապօրինի զինված կազմավորումա։

Վիճակը ծանրա ու ստի էրկան կարելչի շարունակվե։ Իհարկե տուք օնիք պահանջնե ներկայացնելի բոլոր իրավունքները, բայց սխալ պահանջնեն էս պահին ճակատագրականա ինելուվ։ Ծեր միակ պահանջը պիտի ինե՝ Արցախի հարցի լուծումը, առաջին հերթին, առանց նախապայմանների ճանապարհի (Լաչինի միջանցքի) բացումը, մարդկանց ազատ տեղաշարժի վերականգնումը։ Իշխանություններից պահանջեցիք՝ ամենասեղմ ժամկետներում հարցին լուծում տան ու տա ըրեցիք միասնական»։

 

Շրջափակման պատճառով նա չի կարողանում իրականացնել իր երազանքը՝ կանգնել ոտքի վրա

Անուշը կենսուրախ աղջիկ է՝ բարի սրտով։ Նրան, ինչպես հայկական հայտնի օպերայի գլխավոր հերոսին, ծանր ճակատագիր է բաժին հասել. նա ծնվել է 2003 թվականին՝ ուղեղային կաթված ախտորոշմամբ։ Գրեթե ամբողջ մանկությունը ծնողների հետ անցկացրել է Երևանի և Ստեփանակերտի հիվանդանոցներում՝ բուժման մեթոդների որոնման մեջ։ 2007 թվականին նրանց խորհուրդ են տվել դիմել Ստեփանակերտի վերականգնողական կենտրոն։

Այստեղ նա անցել է վերականգնողական կուրսեր, որոնք տվել են դրական արդյունքներ։ Բայց որպեսզի Անուշիկը թողնի անվասայլակն ու սովորի քայլել, անհրաժեշտ է վիրահատություն, որը պատրաստ են անել երեւանյան կլինիկաներից մեկում։ Սակայն շրջափակման պատճառով հնարավոր չէ գնալ Երեւան, իսկ Ստեփանակերտում հնարավոր չէ նման վիրահատություն իրականացնել։

Անուշիկն աչքի է ընկնում ինտելեկտով։ Նա շատ հետաքրքրասեր է։ Վերականգնողական կենտրոնում նա ակտիվորեն մասնակցում էր բոլոր խմբակներին։ Մասնակցել է կենտրոնում կազմակերպված բոլոր միջոցառումներին։

Նա ապրում է Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղում, վառելիքի ու հասարակական տրանսպորտի բացակայության պատճառով տեւական ժամանակ է՝ չի կարողանում այցելել Կենտրոն։

Ընտանիքում կա նաև սննդի և հիգիենայի պարագաների սուր պակաս։ Հատկապես սուր է ալյուրի ու հացի հարցը։

Անուշիկն ապագայի հետ կապված մեծ ծրագրեր ունի. նրա նվիրական երազանքն է՝ ոտքի կանգնել, խաղաղ ապրել և օգնել ծնողներին ամեն ինչում։

Արսեն Աղաջանյան

Արայիկ Հարությունյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջը ջնջվել է՝ ադրբեջանական կողմի բողոքների հետևանքով

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջը ջնջվել է՝ ադրբեջանական կողմի տևական բողոքների հետևանքով: Հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից:

Ամիսներ շարունակ ակտիվ բողոքներ էին ներկայացվում էջի դեմ, ինչի հետևանքով աստիճանաբար մեծ սահմանափակումներ էին դրվել էջի վրա՝ գրառումների դիտելիության արհեստական նվազման, տարբեր գործառույթների անհասանելիության տեսքով: Իսկ վերջին շրջանի բողոքների հետևանքով օգոստոսի 26-ին էջն ամբողջապես անհասանելի է դարձել: Էջի պատասխանատուները սահմանված ընթացակարգերով իրենց բողոք-դիմումն են հղել ֆեյսբուքի ներկայացուցիչներին՝ ներկայացնելով էջը ջնջելու որոշումը չեղարկելու պահանջ ու հիմնավորումներ:

Էջն ուներ 459,000 հետևորդ և կարևոր դեր ուներ ԱՀ նախագահի գործունեության թափանցիկության ապահովման գործում:

ԱՀ նախագահի աշխատակազմն անընդունելի է համարում ֆեյսբուքի որոշումը հատկապես առկա ծանր պայմաններում, երբ Ադրբեջանը ձգտում է Արցախի ժողովրդին բացարձակ մեկուսացման ու շրջափակման ենթարկել, այդ թվում՝ տեղեկատվական դաշտում:

Ռուսաստանը փոխում է Լենցովին. առաջադրանքները փոխվել են

Սոցցանցերում տեղեկություն է հայտնվել, որ Արցախում ռուսական զորակազմի հրամանատարի փոփոխություն է լինելու։ Գեներալ  Լենցովն արդեն լքել է Արցախը։

Լենցովը նշանակվել է ապրիլի 25-ին՝ Բերձորի արտատարածքային միջանցքում Բաքվի ապօրինի անցակետի տեղակայումից երկու օր անց։ Հայաստանյան ռուսապատկան մամուլը գրել էր, թե իբր նախկին հրամանատարը չէր կարողացել կանխել դա, եւ Լենցովին հանձնարարվել է լուծել խնդիրը։ Ռուսապատկան մամուլի այս «արտահոսքի» նպատակը պարզ էր՝ Ռուսաստանից հեռացնել պատասխանատվությունը եւ մեղմել հայերի դժգոհությունը։

Ռուսաստանի կողմից միջանցքը Բաքվի վերահսկողությանը փոխանցելը սկսել է 2022 թվականի օգոստոսին՝ ռուսական զորակազմի այն ժամանակվա հրամանատար գեներալ Վոլկովի պաշտոնավարման ժամանակ։ Նա փայլուն կատարեց իր խնդիրը՝ ապահովելով Բերձորի, Աղավնոյի և Սուսի «անարյուն» հանձնումը, միջանցքում «նոր ռեժիմի» հաստատումը եւ ամբողջական շրջափակումը։

Լենցովի առջեւ դրված էր միջանցքի արտատարածքային կարգավիճակի վերացման եւ Արցախի «ինտեգրման», այն է՝ բնիկ մեծամասնության արտաքսման նախապատրաստությունը։

Հիմա եկել է ավարտական ակտի ժամանակը, եւ սաֆոնով է պետք՝ բնիկ մեծամասնության՝ նախ «հայրենակիցների» անվան տակ եւ ուժայինների զանգվածային արտաքսման, մնացածներին՝ «ազերբայդժանի օրենքների համատեքստում ինտեգրելու» գործողություններն իրականացնելու համար։

Հիմա կոպիտ «սաֆոնովշչինա» է պետք՝ անձնագրային ռեժիմի անվան տակ ֆիլտրացիայի, շուրջկալների  եւ բռնի այլ գործողությունների համար։

Հացի վիճակի մասին․ կառավարության քայլերը

Այսօր Արցախի գյուղնախարարությունը հանդես է եկել կոչով․ “Հարգելի հողօգտագործողներ, մայրաքաղաքի ալրաղացներում հացաթխման համար պահեստավորած ցորենի պաշարները սպառման եզրին են: Եթե դուք ունեք ցորենի պահեստավորված բերք, ԱՀ կառավարությունը պատրաստ է գնել այն շուկայական գնով՝ անկախ քանակից: Կոչ ենք անում բոլորիդ անմասն չմնալ, դրսևորել միասնականություն ու սրտացավություն և իրացնել ձեր կողմից պահեստավորված ցորենի պաշարները՝ մայրաքաղաքաբնակ մեր հայրենակիցներին հացով բավարարելու նպատակով: Կառավարությունը, իրացման վերաբերյալ հայտը ստանալուց հետո, ինքնուրույն և կարճ ժամկետներում կկազմակերպի ցորենի դիմաց վճարման ու տեղափոխման գործընթացները:
Հորդորում ենք համայնքների ղեկավարներին հավաքագրել և ամբողջացնել իրենց համայնքում առկա ցորենի պաշարների մասին տեղեկությունները և ներկայացնել գյուղատնտեսության նախարարություն, որպեսզի կառավարությունը հնարավորինս արագ կազմակերպի ցորենի տեղափոխման հարցը”:
Դրանից առաջ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը տեղեկացրել է, որ “պատկան մարմինների կողմից շարունակաբար գործադրվում են բոլոր ջանքերը վառելիքի եվ ցորենի ունեցած սուղ պաշարների պայմաններում բնակչության հացի կարիքը գոնե մասնակիորեն բավարարելու համար”:

“Ամենօրյա ռեժիմով հավաքագրվում են ցորենի պաշարներ և ստացված ալյուրը անմիջապես ուղղվում է հացի արտադրամասերին՝ ըստ ունեցած հնարավորությունների: Այսօր առավոտյան արդեն զգալի ծավալի ալյուր է մատակարարվել Ստեփանակերտի արտադրամասերին, իսկ մինչև օրվա վերջ կմատակարարվի այսօրվա և վաղվա հացի պահանջարկի շուրջ 70%-ի չափով ալյուր”, ասված է հաղորդագրության մեջ:

Կառավարությունը Արցախը «նվիրում է» Ռուսաստանին՝ հայերին անվանելով «ռուսական աշխարհի» մաս. վերջին ակտ

Օգոստոսի 29-ին Ստեփանակերտում «Քաղաքացի» կենտրոնի հովանավորությամբ տեղի կունենա «Հայրենակիցների» հանդիպում։ Միջոցառումը տեղի կունենա ժամը 14.00-ին Երիտասարդական պալատում։

«Վեհաժողովի օրակարգում է չճանաչված ԼՂՀ-ում բնակվող ռուս հայրենակիցների իրավական կարգավիճակը, ինչպես նաև շրջափակման մեջ գտնվող ԼՂՀ բնակչության կյանքին առնչվող հարցեր, հանրապետության զարգացման ռազմավարությունը, որն հայտնվեց կրիտիկական իրավիճակում 11.09.2020թ.-ի եռակողմ համաձայնագրի կոպիտ խախտման՝ «կյանքի ճանապարհ» Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում։

Միջոցառմանը կմասնակցեն հասարակական կազմակերպություններ՝ ԼՂՀ ռուսական համայնքը, Արցախի ռուսալեզու հասարակությունը, Պատմահայրենասիրական երիտասարդական շարժումը, Մարշալ Բաղրամյանը, «ԱՌԿԱ» հայ-ռուսական մշակութային ասոցիացիան, Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը, ինչպես նաև ԼՂՀ մայրաքաղաքի բնակիչներ, ովքեր կիսում են ռուսական աշխարհի հիմնարար արժեքները։ Այս մասին «Արցախպրես» պետական ​​գործակալությունը հաղորդում է որպես մի սովորական բան։

Այն բանից հետո, երբ Լավրովը խոսեց «Արցախի հայերին որպես ազգային փոքրամասնություն ադրբեջանական օրենքների համատեքստում ինտեգրելու” Ռուսաստանի ծրագրերի մասին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի ներկայացուցչի ելույթից հետո, ով միակն էր, ով խոսեց «ինտեգրման և Աղդամի ճանապարհի» մասին, Արցախի իշխանությունները արտոնում են հանդիպում, որը կարող է վերջ դնել Արցախում հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին և հայոց պետականությանը։

Այնուհետև «հայրենակիցներին» զգուշորեն դուրս կբերեն «Ուրալներով» ադրբեջանական անցակետով, նվաստացուցիչ ընթացակարգերով՝ նրանց Գորիսում թողնելով անտեր-անտիրական։ Մնացածներին «ինտեգրելու են»՝ նախապես զինաթափելով ու ֆիլտրելով։ Բաքվում արդեն ասում են, որ ռուսներն իրենց առաջարկել են մնալ Ղարաբաղում՝ վերադարձող ադրբեջանցիների անվտանգությունը մնացած անզեն հայերից ապահովելու համար։

Ինքնիշխանության վերջնական վատնմանը նպաստում է Արցախի իշխանությունը, որը, ըստ Սահմանադրության, պարտավոր է պաշտպանել պետական ​​և ազգային ինքնիշխանությունը։ Արցախից «Ռուսաստանի քաղաքացիների» արտահանման թույլտվությամբ, ըստ էության, սկսվել է Արցախի բնակիչների տեղահանությունն առանց վերադարձի իրավունքի, այժմ էլ  կառավարության թողտվությամբ սկսվում է Արցախի «դոնբասացման» վերջին փուլը։ Արցախի վերածումն առասպելական «ռուսականի աշխարհի» մաս՝ նույն հանցագործությունն է, ինչ Բաքվի հետ ինտեգրվելը։ Երկու դեպքում էլ իշխանությունը հրաժարվում է հայոց պետականությունից, միացումի գաղափարից, որի համար հայերը 30 տարի տանջվեցին և պայքարեցին։

Դա տեղի է ունենում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձև նախաձեռնելու Ֆրանսիայի փորձերի, մարդասիրական ինտերվենցիայի և Բերձորի միջանցքի բացման հնարավորության ֆոնին։ Եվ պատահական չէ, որ սա մտահոգում է Բաքվին։ Այդ իսկ պատճառով ակտիվացել է «Ռուսական աշխարհը», որը մենք բոլորս տեսնում ենք Դոնբասում։

2020 թվականի պատերազմից հետո Արցախի իշխանությունն ակտիվորեն խրախուսում է պետականության կոռոզիան՝ որպես «պետական ​​ատրիբուտներ» պահպանելով միայն իրենց պաշտոններն ու աշխատավարձերը։ Կառավարությունը թույլ է տալիս Արցախի պետական ​​տարածքի անվանումը «ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի»՝ ռուսներին պատվիրակելով որոշելու, թե ով պետք է մեկնի Արցախ։ Արդյունքում, երեք տարի շարունակ, նույնիսկ մինչև ամբողջական շրջափակումը, Արցախը փակ էր ոչ միայն միջազգային կազմակերպությունների, այլ նաև սփյուռքի կազմակերպությունների համար։

Եթե ​​Արցախի իշխանությունները որոշել է հրաժարվել հայկական պետականությունից, ապա պետք է բացահայտ հայտարարի այդ մասին և հրաժարական տան՝ իրենց սահմանադրական պարտավորությունները չկատարելու պատճառով։ Եվ մարդկանց դատարկ հույսեր չտան, որ Ռուսաստանը «կփրկի» Արցախը։ Դուք գիտեք, որ ռուսները կանեն այնպես, ինչպես Խծաբերդում, Փարուխում, Աղավնոյում։

Բայց Արցախի նախագահը, ըստ ամենայնի, հույս ունի դառնալ գեներալ Արությունով՝ Արցախի վերջին ռուս գեներալ-նահանգապետ Կրասիլնիկովից հետո, որի նստավայրը Ստեփանակերտի կենտրոնում վերածվել է ավերակների։

Նաիրա Հայրումյան

 

Առաջիկա օրերին չեն նվազելու մատակարարվող ալյուրի ծավալները

Առաջիկա օրերին հացի արտադրամասերին մատակարարվելու է որոշակիորեն կայուն ծավալի ալյուր՝ չնվազեցնելով նախորդ օրերի արտադրության ծավալները:

Ի պատասխան «Արցախպրես» լրատվական գործակալության հարցին այս մասին տեղեկացրել են ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից՝ հավաստիացնելով, որ տարածված լուրերը կեղծ են, թե իբր առաջիկա երեք օրերին ալյուր ընդհանրապես չի մատակարարվելու:

Հիմնադրամից հայտնել են, որ թեև տարբեր խնդիրներ են առկա հունձի կազմակերպման, ցորենի անհրաժեշտ ծավալի, ալրաղացների գործունեության և վառելիքի հասանելիության հետ կապված, սակայն առաջիկա օրերին հնարավոր է լինելու պահպանել ալյուրի մատակարարման ու հացի արտադրության ծավալների կայուն մակարդակը՝ առնվազն վերջին օրերի չափով:

Իշխանություններին չի կարելի պահանջներ ներկայացնել, կամ`  ինչու Ստեփանակերտը հացի կտրոնների չի անցնում

Մի քանի օր առաջ Ստեփանակերտի բնակիչ, բլոգեր Դավիթ Մինասյանը գնացել էր Ստեփանակերտի կենտրոնական հրապարակ՝ հանրահավաք կազմակերպելու։ Նա իր շուրջը հավաքել է մի քանի տասնյակ մարդկանց, սակայն ոստիկանները բերման են ենթարկել նրան, և չնայած հավաքված քաղաքացիները փորձել են նրան խլել ՆԳՆ աշխատակիցներից, այնուամենայնիվ, տարել են։

Մեկ օր անց Մինասյանը եթեր դուրս եկավ և ասաց, որ ոստիկաններն իրեն ինչ-ինչ պատճառներով տարել են Ասկերանի բաժին, այլ ոչ թե Ստեփանակերտի։ Որ նա ենթարկվել է բռնության և ծեծի։ Նա մարմնի վրա ծեծի հետքեր է հրապարակել։

Բլոգերը հայտնի է իշխանությունների աշխատանքի քննադատությամբ և ունի իր, արցախյան չափանիշներով, պատկառելի լսարանը։

Օգոստոսի 26-ին Մինասյանը երկրորդ հանրահավաքը նախաձեռնեց հրապարակում, և կրկին, չնայած հավաքվածների բողոքին, նրան բերման ենթարկեցին ոստիկանները։ Հանրահավաքից առաջ բլոգերը Ֆեյսբուքի միջոցով դիմել է բնակչությանը՝ «դուրս եկեք, անհնար է, առանց հացի ու ջրի մի նստեք»։ Ժամը 21:00-ին մոտ Մինասյանն իր էջում գրել է, որ «ազատ եմ, քիչ հետո եթեր դուրս կգամ».

Ականատեսները կարծում են, որ Մինասյանն ավելի լուրջ վտանգ է ներկայացնում իշխանությունների համար, քան բոլոր նրանք, ովքեր նախկինում բողոքի ակցիաներ էին կազմակերպել։

«Մեր ղեկավարությունը որպես հիմնական թիրախ տեսնում է Դավիթ Մինասյանին։ Արդեն երկրորդ անգամն է, որ սոված տղան համաքաղաքացիներին հրավիրում է հրապարակ՝ դժգոհություն հայտնելու, և երկու անգամ էլ ոստիկանները նրան տանում են՝ մինչ տեղ հասնելը։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ եք բերման ենթարկում Դավիթ Մինասյանին, իսկ մնացած հանրահավաքի մասնակիցներին՝ ոչ։ Այսպիսով, պարզ է դառնում, որ իշխանությունը որպես հիմնական սպառնալիք տեսնում է սոված մարդկանց։ Հանգիստ թողեք տղային, նա ուղղակի ՍՈՎԱԾ է ու բողոքում է»,- գրել է սոցցանցերի օգտատեր Ա. Ավանեսյանը։

Սոցիոլոգ Դավիթ Կարաբեկյանը գրել է. «Միակ անձը, ով ուղիղ հարց է ուղղել համակարգին, դա Դավիթ Մինասյանն է՝ շարքային սալիկագործ և բլոգեր, ով իշխանություններին կոչ է արել կատարել իրենց անմիջական պարտականությունները։ Իշխանությունները (համակարգը) հասկացան և կայծակնային արագությամբ արձագանքեցին իրենց շահերին սպառնացող վտանգին։ Ա՜խ, եթե ժողովուրդը նույնպես կոշտ արձագանքեր իր շահերին սպառնացող վտանգներին ու պաշտպաներ դրանք միասնական ու վճռական»։

Եզրակացությունն ինքն իրեն հուշում է. հրապարակում կարելի է պահանջներ ներկայացնել միջազգային հանրությանը, Ադրբեջանին, բայց ոչ մի դեպքում չի կարելի սեփական իշխանություններից պահանջել իրենց պարտավորությունների կատարումը։

Եվ ևս մեկ բան. Ստեփանակերտի իշխանությունները համառորեն հրաժարվում են կիրառել Մարտունու և Մարտակերտի շրջանների փորձը, որտեղ արդեն մի քանի օր է, ինչ ներդրվել է հացի կտրոնային համակարգը։

Անհասկանալի է, թե ինչու, չնայած մարդիկ արդեն պահանջում են՝ սոցցանցում ստատուսներ են գրում, այդ մասին խոսում են զրույցներում կամ հերթերում։ Հացի կտրոնների ներմուծումը կենսական նշանակություն ունի. մարդիկ հոգնել են հերթեր կանգնելուց: Իսկ հերթերն ավելանում են, քանի որ մարդկանց ալյուրի պաշարները վերջանում են, տանը հաց թխելու ալյուր չկա։ Իսկ այլ ուտելիքի բացակայությունը մեծացրեց հացի պահանջարկը։

Հերթերն ավելանում են ոչ միայն քանակով  և երկարությամբ, այլև ժամանակով՝ մարդիկ կանգնում են ոչ թե ժամերով, այլ օրերով՝ երկու հաց գնելու համար․ ինչ-որ չգրված որոշմամբ բոլոր հացի փռերում մեկ մարդուն տալիս են  ոչ ավելի, քան երկու հաց։ Հացի հերթերը ամրագրվում են հաց թխել   սկսելուց մի քանի ժամ առաջ: Եվ դա կախված է նրանից, թե արդյոք ստացվում է ալյուր: Ցուցակները տեղ-տեղ հասնում են մի քանի հազար մարդու։

Ասում են՝ Ստեփանակերտի հացի փռերից մեկում դժգոհություններ են տեղի ունեցել. Մարդիկ վրդովված՝ պատրաստվում էին գնալ  և  իշխանություններից ու խաղաղապահներից պատասխան պահանջել, թե ո՞ւր է խոստացված արժանապատիվ կյանքը։ Ասում են՝ հերթում ինչ-որ հեղինակություն է համոզել մարդկանց հետ կանգնել։

Երեկ երեկոյան սոցցանցերում գրել էին, որ հացի մեծ հերթում կանգնած մադիկ որոշել են այլևս չսպասել, շրջվել է ու շարժվել դեպի կառավարության շենք։ Մարդիկ պահանջում էին կտրոնների ներդրում, իսկ իշխանության մեջ ոչ ոք չի ցանկանում բացատրել, թե ինչու է կառավարությունը հրաժարվում է դրանից։ Բայց դատելով գրառումներից՝  նախաձեռնությունը չկայացավ։

Մինչդեռ Ստեփանակերտի վարչակազմում  նյութեր են նախապատրաստվում բլոգեր Դավիթ Մինասյանի և նրա կողմնակիցների դեմ, որ նրանք խախտել են օրենքը, կազմակերպել և ռազմական դրության պայմաններում հանրահավաք են անցկացրել։

Ալվարդ Գրիգորյան

ԱՄՆ-ը պետք է ներկա լինի տարածաշրջանում Վիլսոնի դոկտրինով

Step1.am-ի հարցին պատասխանում է «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրիյանը․

Արցախից փախստականների իրավունքները պաշտպանող կազմակերպությունների ներկայացուցիչներն արդեն մի քանի հանդիպումներ են ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը։ Ի՞նչ է քննարկվում այս հանդիպումներում և ի՞նչ քայլեր եք ակնկալում ԱՄՆ-ից։

Մենք մանրամասն ներկայացնում ենք ամեն ինչ, քննարկում, այդ թվում՝ տարածաշրջանին վերաբերող քաղաքական հարցեր և առաջարկում ենք կոնկրետ քայլերի ճանապարհային քարտեզ։

Քանի որ Արցախում իրավիճակը հատել է թույլատրելիի սահմանը, և այսօր արցախյան դերակատարների կողմից իրավիճակը շտկելու առաջարկներ չկան, մենք ամերիկյան կողմին առաջարկել ենք այն լուծումները, որոնք ճիշտ ենք համարում.

1․ ԱՄՆ-ն և Արևմուտքը պետք է անհապաղ մարդասիրական ինտերվենցիա իրականացնեն Արցախում՝ ցեղասպանությունը կանխելու համար։
2․ Արդեն իսկ Արցախ մտած միջազգային և օտարերկրյա կազմակերպությունները պետք է արցախյան հիմնախնդրի համապարփակ ուսումնասիրություն իրականացնեն՝ քաղաքական, իրավական և հումանիտար, որի արդյունքում պետք է ճանաչվի Արցախի ժողովրդի ինքնորոշումը։
3․ Բայց ընդհանուր առմամբ խաղաղություն ու զարգացում ապահովելու համար ԱՄՆ-ը պետք է ներկա լինի տարածաշրջանում Վիլսոնի դոկտրինով։