Կարմիր Շուկայից՝ միրգ ու բանջարեղեն Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնին

Արցախի պաշարման պայմաններում Մարտունու շրջանի Կարմիր Շուկայի միջնակարգ դպրոցի և Թաղավարդի Կալերի դպրոցի կոլեկտիվների և մասնավորապես Կարմիր Շուկայի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն՝ Զավեն Բադասյանի ջանքերով հավաքվել է գյուղում մշակված միրգ և բանջարեղեն, ինչպես նաև այլ գյուղմթերքներ, որոնք ուղարկվել են «Քերոլայն Քոքսի անվան վերկանգնողական կենտրոն»-ի սաներին:

Նման նախաձեռնությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ նույնիսկ լիակատար շրջափակման և պաշարման պայմաններում ապրումակցումը և հոգատարությունը միմյանց համար անկոտրուն արժեքներ են:

Քրիստինե Ալահվերդյան

Նոր ուսումնական տարին հին տետրերով

Օգոստոսի վերջ է՝ մի քանի օրից արդեն սեպտեմբեր և նոր ուսումնական տարվա մեկնարկ է, որի կապակցությամբ ամեն տարի Արցախում յուրօրինակ ուրախությամբ եռուզեռ էր, նամանավանդ Ստեփանակերտի կենտրոնական փողոցում, որտեղ գտնում էր մայրաքաղաքի ամենահայտնի գրենական պիտույքների՝ «Կանցլեր»-ի տոնավաճառը:

Տոնավաճառը ոչ միայն մայրաքաղաքի բնակիչների համար էր, այլև Արցախի բոլոր դպրոցականների: Այդ օրերին Արցախի տարբեր գյուղերից ընտանիքներով գալիս էին Ստեփանակերտ, որպեսզի գնեն և՛ շորեր, և՛ գրենական պիտույքներ ամբողջ ուսումնական տարվա համար: Նամանավանդ դժվար էր դպրոցական պայուսակի ընտրությունը, որը պետք էր ընտրվեր այնպես, որ ամբողջ տարի ծառայեր:

Այդ հարցը իհարկե հայրիկներին էր վստահվում, որոնք մի հատ լավ ուսումասիրում էին պայուսակը, քաշում էին վերևից, ներքևից և ի վերջո, եթե պայուսակը անցնում էր որակի «թեստը», ընտրությունը կարող էին համարել փակված:

Թե՛ տոնավաճառը, թե՛ ընտանիքով նոր ուսումնական տարվան պատրաստվելը փոքրիկ ավանդույթ էր, որը մտել է մեր՝ արցախցիներիս կյանքը: Սակայն այս տարի շրջափակման պատճառով արցախցիները զրկվել են նաև այս ավանդույթից․ ո՛չ գյուղերից են գալիս, ո՛չ էլ գրենական պիտույքներ են առկա: Դպրոցականները և նրանց ծնողները մեծ դժվարությամբ են կարողանում որոշ գրենական պիտույքներ գտնել՝ այն էլ՝ հիմնականում օգտագործված:

Լ.Գ-ն սովորում է ավագ դասարանում, ասում է, որ անցած տարվա տետրերն է օգտագործելու, չնայած որ դրանք օգտագործված են արդեն, ուղղակի պոկելու է էջերը: Ուրախ է նաև, որ փոքր եղբայրը դեռ հաջորդ տարի է դպրոց հաճախելու, քանի որ խնդիրներն ավելի լուրջ կլինեին՝ պայուսակ, հատուկ տետրեր, նկարչության համար պարագաներ, որոնք անհնար է այս պայմաններում ձեռք բերել:

Քրիստինա Ալահվերդյան

Օկուպացված Քարվաճառում ավտովթարի հետեւանքով Թուրքիայի քաղաքացիներ են մահացել

Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառում։

Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ վթարը տեղի է ունեցել Օմարի լեռնանցքի հատվածում։ Mitsubishi մակնիշի մարդատար ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհից եւ ընկել ձորակը, ինչի հետեւանքով երկու մարդ մահացել է, մեկը՝ ստացել վնասվածքներ։

Նրանք բոլորը Թուրքիայի քաղաքացիներ են: Վթարի հետեւանքով զոհվել են Ի. Ջերգյուլօղլուն (ծնված 1977թ.) եւ Ս. Չելիքը (ծնված 1995թ.), տուժել է Մ. Օկումուշը (ծնված 1993թ.)

Անջեյ Կասպրշիկը Լաչինի միջանցքում առկա իրավիճակի վերաբերյալ զեկույց կներկայացնի ԵԱՀԿ գործող նախագահին

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն այցելել է Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայր՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս՝ միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին ծանոթանալու և ԵԱՀԿ գործող նախագահին զեկույց ներկայացնելու համար։

Շուրջ մեկ ամիս է, ինչ Կոռնիձորի հատվածում Լեռնային Ղարաբաղ մուտքին են սպասում Հայաստանի կառավարության ուղարկած բեռնատարները՝ հումանիտար օգնությամբ։ Ավելի ուշ Հայաստանի կառավարության ուղարկած շարասյանն էին միացել նաև  «Գրանդ քենդի» ընկերության և Ֆրանսիայի մի շարք շրջանների կողմից ուղարկված բեռնատարները։  Բեռնատարները չեն կարողանում առաջ շարժվել, քանի որ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքն ու թույլ չի տալիս դրանց մուտքը։

Լրագրողների հետ զրույցում Կասպրշիկն ընդգծեց, որ Լաչինի միջանցքի սկզբնամաս է այցելել իր ղեկավարի՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հանձնարարականով։ «Այդ մասին հաղորդագրությունը մամուլում եղել է։ Հանձնարարվել է այցելել Լաչինի միջանցքի հարակից շրջաններ, ծանոթանալ իրավիճակին և զեկուցել իրեն։ Ես շատ հանդիպումներ եմ ունեցել նախորդ օրերին, իսկ այսօր, ինչպես տեսնում եք, այստեղ եմ, վերադառնալու եմ, որպեսզի զեկուցեմ իրավիճակի մասին»,- ասաց Կասպրշիկը։

Անջեյ Կասպրշիկն օգոստոսի 22-ին Երևանում հանդիպել էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Նա Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լաչինի միջանցք այցելելու և առկա իրավիճակի մասին զեկուցելու հանձնարարականի շրջանակներում:

ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին օգոստոսի 16-ին հայտնել էր, որ  իր անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին հանձնարարել է այցելել Լաչինի միջանցքի շրջակա տարածքներ և իրավիճակի վերաբերյալ իրեն զեկույցներ ներկայացնել։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է հասունացել։ Միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունն ամբողջովին զրկված է սննդի, դեղորայքի, վառելիք, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումներից։

Նորահայտ ժառանգություն․ Սարսանգի խաչքարը

Սարսանգի ջրամբարից շուրջ 700 մ հարավ-արևմուտք գտնվող այս խաչքարը նորահայտ է և գալիս է համալրելու մեր խաչքարային արվեստի գանձարանը:

175×77×31 չափերով այս հուշարձանի մասին պատմական աղբյուրները լռում են, սակայն, համադրելով նմանատիպ այլ հուշակոթողների հետ, Սարսանգի խաչքարը/պայմանական անվանում/ կարելի  է վերագրել XIIդ. վերջերին կամ XIIIդ․ սկզբներին: Հուշարձանի շրջակայքում մոտիկ բնակավայր չկա։ Մասնագետները չեն բացառում, որ խաչքարը տեղադրվել է երբեմնի սրբավայրի վրա ու ծառայել որպես սրբատեղի։

Խաչքարը  կերտված է կրաքարից, արտաքուստ ունի մոխրագույն տեսք: Աչքի է ընկնում XII-XIII դդ. բնորոշ ուշագրավ զարդաքանդակներով: Քիվը լայն է ու սրաձև՝ բուսական ու երկրաչափական դրվագազարդումներո: Կենտրոնում  մեծադիր գեղազարդ խաչն է, ստորին մասում՝ խոյաեղջյուր, եզրամասերում՝ բուսական, հյուսկեն-մանվածո քանդակներ: Արձանագրություն չի պարունակում: Հուշարձանն ուշագրավ է նաև պատկերաքանդակներով՝ մեծադիր  խաչի ներքնամասում, որի աջ ու ձախ կողմերին առկա են մեկական փոքր չափերի խաչեր: Այն որոշակիորեն հիշեցնում  է Ասկերանի շրջանի Քարագլխի XIIIդ. զույգ  խաչքարերից աջակողմյան կոթողին, որտեղ ներկայացված են կնոջ ու տղամարդու պատկերներ և նրանց կողմից բռնած մատուցարան իր պարունակությամբ:

Ըստ  էության, կյանքի հարատևությունը խորհրդանշող գունդը (շրջանակը) այստեղ արտահայտվում է կենցաղային  մոտիվների պատկերմամբ, որն Արցախում հազվադեպ երևույթ չէ:

Արցախում անընդհատ նոր հուշարձաններ են հայտնաբերվում, որոնք ոչ միայն արվեստի գանձարանն են համալրում իրենց զարդանախշային, ճարտարապետական մոտիվներով, այլև գալիս են լրացնելու հայոց պատմության էջերը, երբեմն էլ նոր հարցեր առաջադրելու։ Եվ յուրաքանչյուր հուշարձան մի նոր կնիք է, մի նոր <<կադաստրի վկայական>>, տարածաշրջանում հայի հազարամյա լինելիության։

Ինչո՞ւ պետք է մարդիկ հեռանան: Հայը պետք է ապրի իր հողի վրա. Լենա Գրիգորյան

Ավետարանոց գյուղից Լենա Գրիգորյանը, ով կորցրել է ամեն ինչ՝ ամուսնուն, տունը, հայրենի գյուղը, կարծում է, որ պետք է պայքարել հայրենիքի համար.

«Մեր սրբավայրերն այստեղ են, դրանք թշնամուն չենք կարող հանձնել։ Մեր մահացած տղաները ցած են նայում ու նախատում մեզ, որ հանձնել ենք իրենց արյունով ցողվածը։ Ղարաբաղի հողի ամեն մի թիզ արյունով է ցողված. Ղարաբաղը հայկական հող է, և մենք պետք է պայքարենք։ Բայց մեր ղեկավարությունն այնքան է բոլորին ստել, որ մարդիկ կորցրել են հավատը»,- ասում է Լենա Գրիգորյանը։

Պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Աղդամի ճանապարհը բացելու առաջարկին, կինն ասում է. «Ինչո՞ւ հայերը պետք է ողորմության համար դիմեն Ադրբեջանին։ Եթե ​​ինչ-որ մեկն ուզում է օգնել, թող ճանապարհը բացի դեպի Հայաստան, ամեն ինչ կարող ենք այնտեղից ստանալ՝ մայր Հայաստանից»։

Մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի երեկվա այն հայտարարությունը, թե Լաչինի միջանցքը կարող է բացվել մեկ ուղղությամբ՝ Արցախից դուրս, ըստ երևույթին, որպեսզի մարդիկ հեռանան, Գրիգորյանը նշեց. «Ի՞նչ է նշանակում միակողմանի։ Ինչո՞ւ պետք է մարդիկ հեռանան: Եթե ​​մարդը հանձնում է իր հողը, ուրեմն դավաճանում է իր ընտանիքին, ծնողներին, երեխաներին։ Հայերը պետք է ապրեն սեփական հողի վրա։ Մենք պետք է սիրենք մեր հողը, մեր սրբավայրերը, ոչ թե տրորենք դրանք»։

Ալվարդ Գրիգորյան

Արայիկ Հարությունյանը կուսակցություններից պահանջել է ներկայացնել իրենց դիրքորոշումը «Աղդամի ճանապարհի» վերաբերյալ

«Այն, որ Լաչինի ճանապարհը աշխատելու է որպես ֆիլտրացիոն գոտի, արդեն վաղուց գրում են հայ վերլուծաբանները՝ նույն «Լրագիր»-ը, մեկնաբանելով «Լաչինի միջանցքի միակողմանի բացման» մասին Փաշինյանի հայտարարությունը, Step1.am – ին տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահի կից Հանրային խորհրդի անդամ Գագիկ Ավանեսյանը:

«Ինչ վերաբերում է Աղդամին (Աղդամի ճանապարհը բացելու առաջարկին – խմբ.), ապա առաջին “վբրոսը” եղել է ռուսական ալիքներով, բայց այստեղ վերցրել ու գովազդում են։ Մենք պետք է գտնենք, թե ով է այդ գաղափարը պտտացնում: Նախ խոսեց Սամվել Բաբայանը, հիմա բոլորը միմյանց վրա են գցում։ Եւ Արայիկ Հարությունյանը պահանջ է ներկայացրել, որքան գիտեմ, որ բոլոր կողմերը հստակ ներկայացնեն իրենց դիրքորոշումները Աղդամի ճանապարհի վերաբերյալ։ Ենթադրվում էր, որ օգոստոսի 23-ին պատասխան կլինի, բայց քանի որ Հարությունյանի հայտարարություն չի եղել, նշանակում է՝ պատասխաններ չեն եղել»,- ասաց Գագիկ Ավանեսյանը։

Իր հերթին, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Լեռնային Ղարաբաղի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը կարծում է, որ Աղդամի ճանապարհի համար նախադրյալներ են պետք։

«Լաչինի միջանցքն ամբողջությամբ բացվում է, անվտանգության երաշխիքներն ամբողջությամբ ապահովվում են, Լաչինի միջանցքով ԼՂ քաղաքացիների տեղաշարժին որևէ խոչընդոտ չի լինում, այնուհետև մենք կարող ենք քննարկել հաղորդակցությունների բացման բոլոր հնարավոր տարբերակները։ Բայց Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստ չէ դրան»,- ասաց նա:

Արդեն երրորդ ամիս սովի դատապարտված Լեռնային Ղարաբաղը, ըստ Բեգլարյանի, հակված չէ Աղդամի ճանապարհի օգտագործումը դիտարկել որպես փոխզիջումային տարբերակ։

Հայաստանը չի ցանկանում բանաձեւի նախագիծ ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, դա կանի Ֆրանսիան

Ֆրանսիան պատրաստվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բանաձեւ ներկայացնել Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցի վերաբերյալ։ Այս մասին իր հոդվածում գրել է ֆրանսիական հեղինակավոր Le Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուսոնը։

Բացի այդ, ըստ նրա, հաջորդ շաբաթ Փարիզը և Ֆրանսիայի խոշոր շրջանները մարդասիրական ավտոշարասյուն կուղարկեն Հայաստան։

Երկու գործողությունների «զուգահեռացումը» վկայում է այն մասին, որ Ֆրանսիան մտադիր է հասնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձեւի ընդունմանը եւ միջանցքի ամբողջական բացմանը, որպեսզի իր շարասյունը հասնի Արցախ։

Օգոստոսի 16-ին Բերձորի միջանցքի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը չհանգեցրեց բանաձեւի ընդունմանը։ Ինչպես պարզվեց, ոչ ոք չներկայացրեց նախագիծը։ Հայկական լրատվամիջոցներում արտահոսքի տեսքով տեղեկություններ հայտնվեցին, որ նախագիծն իբր տորպեդահարվել է ԱՄՆ-ի կողմից։ Հայաստանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատները անմիջապես հանդես եկան կոշտ հայտարարություններով՝ նշելով, որ ոչ մի նախագիծ չկա, ակնարկելով, որ Հայաստանը պետք է ներկայացներ նախագիծը, սակայն չի ներկայացրել։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի դիմումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին «կարող է հակառուսական քայլ համարվել»։ Միաժամանակ, օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո Բաքուն հայտարարեց, որ միակ երկիրը, որը պաշտպանել է Բաքվի դիրքորոշումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Ռուսաստանն էր։ Այսինքն, ըստ Փաշինյանի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված դիմումը կարելի է «դիտարկել որպես Բաքվի դեմ ուղղված քայլ»։

Նիստից հետո Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Երեւանն իրավունք չունի բանաձեւեր ներկայացնելու, քանի որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ չէ։ Սակայն, ինչպես ասում են միջազգային իրավունքի փորձագետները, Երեւանը, որպես հրավիրված կողմ, բոլոր իրավունքներն ուներ բանաձեւի նախագիծ ներկայացնելու։ Դա նախատեսված է ՄԱԿ-ի հատուկ կանոնակարգով։

Բայց Երեւանը չցանկացավ դա անել, ըստ երեւույթին, «խաղաղության օրակարգը» չփչացնելու համար։ Նա հիմա էլ չի պատրաստվում դա անել՝ արագացնելով «խաղաղության օրակարգի» իրականացումը։

Նիկոլ Փաշինյանը փորձում է խնդիրը «լուծել» մինչեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր նիստ. երեկ նա հայտարարեց, որ «Լաչինի միջանցքը կարող է միակողմանի բացվել, այսինքն՝ թույլ կտան միայն ելքը Արցախից»։ Ռուսաստանն իր հերթին մարդկանց խմբերով դուրս է բերում Արցախից՝ առանց վերադառնալու իրավունքի։

Բաքվում ասում են, որ Արցախում մնալու համար Ռուսաստանը հիմա պատրաստ է ամեն ինչի։ «Ի՞նչ նորություն կարող է առաջարկել Ռուսաստանը։ Ինձ թվում է, որ նրանք աստիճանաբար ընդունում են այս դիրքորոշումը. «Բաքվի բարեկամներ, դուք ուզո՞ւմ եք, որ մենք ճանաչենք, որ սա ձեր տարածքն է: Այո, սա ձեր տարածքն է։ Ուզու՞մ եք Ադրբեջանի դրոշը Խանքենդիի վրա։ Մենք կօգնենք բարձրացնել Ադրբեջանի դրոշը Խանքենդիի վրա։ Ցանկանու՞մ եք ադրբեջանցի փախստականների վերադարձը, խնդրեմ։ Ուզու՞մ եք, որ նրանք ապրեն ձեր օրենքներով։ Բարի»։ Կարծում եմ, որ խաղաղապահները մեզ կառաջարկեն ապահովել ադրբեջանցիների վերադարձածը եւ անվտանգությունը այն գյուղերում, որտեղ ապրելու են հայերը» (Ալիևի նախկին խորհրդական Էլդար Նամազովը Գելա Վասաձեի հետ հարցազրույցում):

Ֆրանսիան, փաստորեն, որոշել է ինքը ներկայացնել բանաձեւի նախագիծը եւ հույսը չդնել Հայաստանի վրա։ Հնարավոր է, որ Երեւանն անգամ չհրավիրվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, որպեսզի չխանգարի քաղաքական որոշումների ընդունմանը։ Չնայած՝ կլինի Ռուսաստան։

Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ՝ օգնելու ԼՂ 120 հազար բնակիչներին․ Le Figaro

Le Figaro պարբերականը հայտնում է, որ Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ օգնելու Ադրբեջանի շրջափակման պատճառով սովամահության եզրին կանգնած Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներին։

Մանրամասներ ֆրանսիական լրատվամիջոցը չի հաղորդում՝ միայն ընդգծելով, որ 120 հազար տղամարդկանց, կանանց և երեխաների կյանքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ձեռքում է:

Le Figaro-ն գրում է, որ դեկտեմբերի 12-ից՝ աշխարհի հետ կապող միակ երթուղու փակումից ի վեր, բացառապես հայ բնակչությամբ Լեռնային Ղարաբաղը ծանր դրության մեջ է. գյուղացիների և սահմանապահ զինվորների ուղղությամբ գրեթե ամենօրյա կրակոցներից բացի, արցախահայերը մահանում են՝ զրկված դեղորայքից, սննդից, վառելիքից, ինչպես նաև էլեկտրականությունից, ջրից ու ինտերնետից, որը պարբերաբար անջատում են իրենց շրջապատող ադրբեջանցիները։

Հաջորդ շաբաթ, ըստ Le Figaro-ի, Փարիզը և Ֆրանսիայի խոշոր շրջանները մարդասիրական օգնությամբ ավտոշարասյուն են ուղարկելու Հայաստան։

 

Արթուր Օսիպյան. Ամեն գնով պետք է հասնենք 5 կիլոմետրանոց միջանցքի բացմանը

Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել հերթական համաժողովրդական հավաքը, որի արդյունքները Step1.am-ին տված հարցազրույցում մեկնաբանել է հավաքի նախաձեռնող, Արցախի «Հեղափոխական կուսակցության» նախագահ Արթուր Օսիպյանը։

«Այսօրվա հանդիպումը շտաբային աշխատանքի մի մասն է, ժողովրդին պետք է անընդհատ բացատրենք մեր նպատակներն ու դրանց հասնելու ուղիները։ Խնդիրն այն է, որ բոլորը պետք է ոտքի կանգնեն այս հարցը լուծելու համար, այդ դեպքում այն կլուծվի»,- ասաց Օսիպյանը։

Այսօրվա հանդիպումը բավականին մարդաշատ էր։

«Ակտիվությունն ամեն անգամ տարբեր է և կապված է ներկա իրավիճակի հետ։ Մենք գիտենք, որ վաղ թե ուշ ժողովուրդը ոտքի է կանգնելու, բայց չէինք ուզենա, որ իրավիճակը հասներ աղետի, և միայն դրանից հետո արձագանքենք։ Փորձում ենք կանխատեսել և կանխարգելել անախորժությունները»,- ասաց Արթուր Օսիպյանը։

Աղդամի ճանապարհի և Լաչինի միջանցքի հավանական «միակողմանի» բացումը կարելի՞ է համարել աղետալի իրավիճակ։

Այն, ինչ ասում են միջանցքը միակողմանի բացելու մասին, ուղղակի խոսակցություն է։ «Լաչինի միջանցքի բացումը ոչ նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան, այսինքն՝ առանց 5 կիլոմետրանոց գոտու պահպանման, աղետ է»,- ասաց նա։

«Մենք ամեն գնով պետք է հասնենք միջանցքի բացմանը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն»,- նշել է Արթուր Օսիպյանը։

«Աղդամի ճանապարհը» բացելու իրավական որեւէ հիմք չկա. Արմինե Ավագիմյան

Աղդամից ճանապարհի բացումը միանշանակ անհնար է պատկերացնել, հետեւանքները հայտնի են բոլորին. Այս մասին Step1․am-ի հետ զրույցում ասաց «Գեն» ՀԿ հիմնադիր-նախագահ Արմինե Ավագիմյանը՝ մեկնաբանելով Աղդամից ճանապարհ բացելու «առաջարկները»։

«Սա բացարձակ անհույս գաղափար է։ Այս ճանապարհը բացելու իրավական հիմք չկա՝ ո՛չ Եռակողմ հայտարարությամբ, ո՛չ էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կանոնակարգով։ Նման ճշգրտումներ չկան։ Պարզապես Ադրբեջանը փորձում է նոր ստատուս քվո ստեղծել, դրա համար տեղեկատվական տարածություն է նետվել մի գաղափար, որպեսզի միաժամանակ իրավական հիմքեր ստեղծվեն, որոնք բացարձակապես գոյություն չունեն։ Հասկանալի է նաեւ, որ սա Բերձորի միջանցքին փոխարինող չէ»,- ասաց Արմինե Ավագիմյանը։

Նա նշեց, որ մեկ ամիս առաջ նման առաջարկ էր արել Շառլ Միշելը, «սակայն այս առաջարկը մերժելու համար մենք չկենտրոնացանք քաղաքական կամ անվտանգության բաղադրիչի վրա, այլ պնդեցինք շատ թույլ հումանիտար փաստարկներ»։

Ինչ վերաբերում է «Բերձորի միջանցքի միակողմանի բացման» մասին Փաշինյանի հայտարարությանը, ապա դա չի բացառվում, Ավագիմյանը նշեց. «Բաքուն դեռ փորձում է որոշակի երթևեկություն ապահովել միջանցքով։ Նրանց լրատվամիջոցներն ամեն օր տեղեկատվություն են փոխանցում, թե քանի մարդ է լքում Արցախը։ Նրանց տվյալներով՝ այսօր մեկնել է 113 մարդ։ Այսպիսով, խմբերով, ռուսների աջակցությամբ, նրանց դուրս կբերեն։ Ե՛վ Ադրբեջանին, և՛ Ռուսաստանին ձեռնտու է, որ այստեղ ավելի քիչ մարդիկ մնան, ցանկալի է՝ հավատարիմ, միջինից ցածր եկամուտներով և ցածր կրթական մակարդակով, որպեսզի չկարողանան միավորվել»,- ասաց Արմինե Ավագիմյանը։

Միջանցքը կարելի է «միակողմանի» բացել, բայց ո՞վ է դրանից օգտվելու

ՀՀ կառավարությունն այսօր Արցախին հերթական միջպետական ​​վարկ է տրամադրել՝ 4 մլրդ դրամի չափով։

Բաքվում ասում են, որ «Հայաստանի կառավարությունը պետք է հայտարարի, որ դադարեցնում է Ղարաբաղի ֆինանսավորումը»։

Ֆինանսական աջակցությունն այժմ միակ բանն է, որը կապում է Արցախը Հայաստանի հետ։ Նման աջակցության բացակայությունը կնշանակի, որ հայ ժողովուրդը՝ ի դեմս իր իշխանության, խաչ է քաշում Արցախի վրա։ Հարցն այն է՝ թե ինչի՞ վրա է ծախսվելու 4 միլիարդը բլոկադայի պայմաններում։

Փաշինյանն այսօր ազդարարեց Լաչինի միջանցքի “միակողմանի”բացումը։ Ավելին, նա չասեց, որ դա անընդունելի է, և որ Հայաստանը երբեք թույլ չի տա արցախցիների արտագաղթը։ Նա միայն ասաց, որ Բաքվին է փոխանցել մի քանի նոր առաջարկ «խաղաղության պայմանագրի» համար՝ չբացահայտելով մանրամասները։

Արցախում լարված լռություն է Փաշինյանի «հայտարարության» վերաբերյալ։ Ավելին, «Աղդամի ճանապարհի» բացման և «Բարդայում հանդիպման» հետ կապված շոկը դեռ չի անցել։ Բաքուն սպասում է Ստեփանակերտի պատասխանին, կարծելով, որ «ղարաբաղցիները չեն համաձայնի» կամ անընդունելի պայմաններ կառաջադրեն։

Միջանցքը, իհարկե, կարելի է բացել մեկ ուղղությամբ, բայց ո՞վ է դրանից օգտվելու։