Հայաստանի կառավարությունը շուրջ 54 մլրդ դրամի հատկացում է արել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար, այս պահի դրությամբ այս գումարից ծախսվել է 16 մլրդ դրամը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:
Վարչապետը նշեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության ծրագրերի մի մասը որոշակի արտահայտություն կգտնի նաև 2024 թվականի բյուջեում:
«Մենք արդեն իսկ այս պահին կայացրած որոշումներով շուրջ 54 մլրդ դրամի հատկացում ենք արել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին: Բայց այդ գումարից այս պահի դրությամբ ծախսվել է 16 մլրդ դրամը: Հասկանալիորեն դրա մի մասը ծախսվելու է 2024 թվականի պետական բյուջեում: Օրինակ՝ կեցության աջակցության ծրագիրը 6-ամսյա է և դեռ 6 ամիս պետք է շարունակվի»,-ասաց Փաշինյանը:
Հայաստանի կառավարությունն աշխատում է նաև միջազգային գործընկերների հետ՝ արձանագրելով, որ հումանիտար ճգնաժամը կառավարելու հարցում ունի միջազգային գործընկերների աջակցության կարիքը:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 հազար քաղաքացի արդեն ստացել է 100 հազարական դրամ աջակցությունը:
«Կարծում եմ, որ պարտադիր զինվորական ծառայության մասին գրելը կարևոր է: Եթե մեր երեխաներն էլ են փախստական, ապա ստացվում է, որ նրանք քաղաքացիություն չունեն կամ համարվում են օտարերկրյա քաղաքացիներ։ Դե, քաղաքացիություն չունեցող անձն էլ կամ օտարերկրյա քաղաքացին 18 տարին լրանալուց հետո ՀՀ-ում պարտադիր զինվորական ծառայություն անցնելու պարտավորություն չունի։ Ուստի, եթե նրանք չեն ընդունում ՀՀ քաղաքացիությունը, պարտավոր չեն ծառայել ՀՀ զինված ուժերում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Նա նշեց, որ «թեև ես հասկանում եմ, որ որոշ մարդկանց համար սա ավելի շուտ դրական, քան բացասական իրականություն է, բայց իմ կարծիքով դա հղի է վտանգավոր հետևանքներով»։
Արցախից եկած ընտանիքները բռնի տեղահանության արդյունքում ստիպված են եղել լքել իրենց հարազատների ու ընկերների գերեզմանները։ Այսօր առավոտյան ժամը 11.00-ին այս ընտանիքները հավաքվել էին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի մոտ՝ դիմելու առաքելությանը իրենց հարազատներին վերահուղարկավորելու հարցում օգնություն ստանալու խնդրանքով։ Մարդիկ հույս ունեն, որ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ կկարողանան աճյուններն Արցախից տեղափոխել Հայաստան։
Հանդիպման մասնակիցներից մեկի խոսքով. «Իրավիճակը պահանջում է քննարկում և լուծում։ Յուրաքանչյուր ընտանիք ունի մահացածներ ու պատերազմների զոհեր, և այդ ընտանիքները ցավով են մտածում իրենց երեխաների, ծնողների, հարազատների շիրիմների մասին։ Վերադարձի հույսերը կամ նույնիսկ գերեզմանները այցելելու հնարավորությունը, կամ որ դրանք կպահպանվեն, սակավ են: Օրեցօր այս հույսն ավելի ու ավելի քիչ է մնում»։
24-ամյա Աննա Հարությունյանը Երևանում թողնելով ծրագրավորողի աշխատանքը և հանգիստ կյանքը, շրջափակման օրերին նախընտրել է տեղափոխվել Արցախ՝ ընտանիքին մոտ լինելու համար:
Հարությունյանների 8 հոգուց բաղկացած ընտանիքը այգի էր մշակում և այդ բարիքներով օգնում էին հարազատներին, ընկերներին: Նրանք արդեն երկրորդ անգամ են տարհանվում և հաշտվում մարդկային կորուստների հետ:
Շուշին կորցնելուց հետո այն զգացողությունն ունեին, որ «տանը» չեն: Քաղցր մանկությունից շատ հուշեր ունի Աննան․« 3 աղջիկ, 3 տղա էինք՝ արկածախնդիր և հետաքրքիր: Մի անգամ մաման ապուր էր լցրել, իսկ մենք նստել ու խոսում էինք: Մայրս բարկանում էր, որ հացի ժամին չէինք ուտում, իսկ հարևանն ասում էր, որ այս պահերը վայելել է պետք, էսա մեծանալու են գնան: Մեր տանը միշտ եղանակն արևոտ էր, զրնգուն ծիծաղ էր: Մի անգամ էլ արևի տապին աշխատելուց հետո նայեցի կեղտոտ շորերիս, ցեխոտ ձեռքերիս և ասացի՝ մա՛մ, քո կարծիքով ինձ որ կյանքն է ավելի շատ դուր գալիս: Երևանի մի տաքուկ գրասենյակում աշխատելը, թե այստեղ ֆիզիկապես չարչարվելը, բայց ձեզ հետ միասին: Մաման գիտեր, որ ամենաիսկականը այն պահերն են, երբ իրար հետ ենք»:
Աննան Արցախում շատ ընկերներ ուներ նաև իր երկրորդ մասնագիտության՝ ֆիթնեսի շնորհիվ: Մարզադահլիճում անցկացնում էր օրական 3 պարապմունք տարբեր խմբերի հետ: «Շրջափակման օրերին ինձ վրա բարկանում էին, երբ ասում էի, որ երջանիկ եմ: Արցախում ամեն օրս վայելում էի, նպատակասլաց ու հաղթահարող էի», -հավելում է նա:
Այս անգամ էլ են կորցրել հայրենիք, տուն-տեղ: «Սեպտեմբերի 19-ին մաման ուրախանալու առիթ ուներ՝ կաթ էր գտել, պանիր էր պատրաստելու: Ես էլ սուրճ էի խմում, երբ լսվեցին պայթյունի ձայները: Երկու եղբայրներս անմիջապես մեկնեցին դիրքեր: Էգոիստաբար խնդրում էի, որ փախչեն, չկռվեն»,-ասում է Աննան՝ նշելով, որ չլսեցին:
Հայրենիքում են թողել միջնեկ եղբորը՝ 20-ամյա Գարեգինին: Գարեգինը նահատակվել է մարտերի դադարից հետո՝ սեպտեմբերի 20-ին, գյուղի խաղաղ բնակչության տարհանման ժամանակ վիրավորներին հանելիս: «Մի ամիս առաջ եմ նրան վերջին անգամ տեսել: Մաման մսով կարկանդակներ էր պատրաստել: Մեր բոստանի լոլիկը, վարունգը արագ փաթաթեցինք և դրեցինք հետը: Չեմ հասցրել գրկել, հրաժեշտ տալ»,-դժվարությամբ պատմում է Աննան:
«Գարեգինը մեր տան ամենաքաղցր երեխան էր: Ֆիզիկական և մտավոր ունակությունները բարձր էին: Շատ ընկերասեր էր: Ես չեմ ուզում Գարեգինի մասին անցյալով խոսել: Այնքան շատ պատմելու բան ունեմ: 10 տարեկանում գողանում էր հայրիկի մեքենայի բանալին և գիշերվա կեսին գնում էինք միասին մեքենա վարելու: Նրանից եմ սովորել սիրել արագությունը․․․»,-անվերջանալի հուշերից պատմում է Աննան:
Արցախում անցկացրած վերջին օրերին հաց էին թխում ու բաժանում ճամփա ընկնող մարդկանց: Անցակետն անցնելու պահին Աննան քնած էր, երբ ադրբեջանցի սահմանապահը բացել է մեքենայի դուռը և թխվածքաբլիթ հյուրասիրել: «Դժվար էր նրանից ուտելիք վերցնելը: Մտածեցի շպրտելու մասին, բայց նայեցի կողքին կանգնած հայրիկիս ու հասկացա, որ պետք չէ ռիսկի դիմել»,- ասում է նա:
Եղբոր գերեզմանին հրաժեշտ է տվել սեպտեմբերի 27-ին՝ Արցախից դուրս գալու օրը: Երևանում փորձում է բնության հետ կապը պահպանել: «Մարդ ինչքան հեռու է բնությունից, այնքան դժբախտ է: Գարեգինը սիրում էր ոտաբոբիկ քայլել հողի վրա», ասում է նա՝ նշելով, որ տեղափոխվելուց հետո ինքն էլ է այդպես անում Գարեգինին ու հողին ավելի մոտ զգալու համար:
Մախաչկալայի օդանավակայանում անկարգություններ են. այնտեղ հավաքված ամբոխը ներխուժել է տերմինալի շենք և օդանավակայան՝ փնտրելով «Իսրայելից փախստականներ»: Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը փակել է օդանավակայանը մեկնումների և ժամանման համար։
«Օդանավակայանը «ազատվել է քաղաքացիների կողմից չարտոնված մուտքից» Մոսկվայի ժամանակով ժամը 22:20-ին՝ փակվելուց մոտ մեկ ժամ անց», -ասվում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության հաղորդագրության մեջ: Գերատեսչությունն այն փակել է («նախնական») մինչև նոյեմբերի 6-ի առավոտ։
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, անկարգություններին մի քանի հարյուր մարդ է մասնակցել։ Ավելի ուշ Դաղստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ անկարգությունների ընթացքում տուժել է ավելի քան 20 մարդ։ Նրանցից 10-ը հոսպիտալացվել են, այդ թվում երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Զոհերի թվում կան ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ ոստիկաններ։
Կիրակի կեսօրին Դաղստանի տելեգրամ ալիքներում սկսեցին հաղորդագրություններ տարածվել այն մասին, որ փախստականները, իբր, պետք է ժամանեին Թել Ավիվից կանոնավոր չվերթով՝ հանրապետություն ապրելու համար։ Դրանից անմիջապես հետո տեղի բնակիչները սկսեցին հավաքվել Մախաչկալայի օդանավակայանում։ Ոմանք եկել էին պաղեստինյան դրոշներով։
Սկզբում, ինչպես գրում է «Tut Dagestan» ալիքը, Իսրայելի քաղաքացիներին փնտրող ցուցարարները սկսել են փաստաթղթեր պահանջել օդանավակայանի շենքից հեռացողներից։ Շուտով ամբոխը ներխուժեց շենք։
Հաղորդվում է, որ Մախաչկալայի ջարդերի ֆոնին նախատեսվում է սահմանափակել երթեւեկությունը Մախաչկալա-Կասպիյսկ մայրուղով։
Դաղստանում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակի եւ միջադեպի հետ կապված ստեղծվել է օպերատիվ շտաբ, հայտնում է հանրապետության կառավարությունը։ Շտաբը ղեկավարում է Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը, ով կորոշի շտաբի անդամների խնդիրներն ու գործողությունները։
Սերգեյ Մելիքովի անունից մոտ ապագայում տեղի կունենա Օպերատիվ շտաբի արտակարգ խորհրդակցություն պետական մարմինների, քաղաքապետարանների և իրավապահ մարմինների ղեկավարության հետ։
Պարզվել է Մախաչկալայի օդանավակայանում անկարգություններ կազմակերպած 510 մարդու ինքնությունը։ Ներքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության հենակետերի տեղադրումը շարունակվում է, հայտնում են հանրապետության իշխանությունները։
«Արդեն մասնակի զորահավաքի ենթակա 84 մարդ կա։ Հետախուզման մեջ գտնվող անձինք կան, իսկ բացահայտված սադրիչները 17-ն են»,- ասվում է տեղեկատվության մեջ։
Իր հերթին Չերքեսկում չարտոնված ցույցին մասնակցելու համար Կարաչայ-Չերքեզիայում ոստիկանական բաժանմունք է բերման ենթարկվել ավելի քան 30 մարդ։ Նախօրեին տարածաշրջանում տեղի է ունեցել ինքնաբուխ ցույց՝ ի պաշտպանություն Պաղեստինի։ Այս մասին հայտնում է ՆԳՆ տեղական վարչությունը։
«Հավաքվածների անօրինական գործողությունները կասեցվել են ոստիկանության աշխատակիցների կողմից։ 34 օրինախախտներ բերման են ենթարկվել Ռուսաստանի ՆԳՆ Չերքեսկի բաժին, որտեղ նրանց նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ»,- ասված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ, փոխանցում է «Կոմերսանտ»-ը:
Բազմաթիվ ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հրկիզվել է քաղաքում կառուցվող հրեական կենտրոնը. անհայտ անձինք այրել են մեքենաների անվադողերը և շպրտել շենքը։ Նրա պատերին վիրավորական գրություն է մնացել։ Միևնույն ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային գլխավոր վարչությունը, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, միջադեպը բնութագրել է որպես «շինարարական աղբի այրում անավարտ շենքում»։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։
«Այդպես է» և «Կովկասյան հանգույց» (Ռուսաստանի իշխանությունների կողմից հայտարարված է որպես «օտարերկրյա գործակալ») կայքերն, իրենց հերթին, հայտնում են, որ Հյուսիսային Կովկասի մեկ այլ հանրապետությունում՝ Կարաչայ-Չերքեսիայում, մոտ հինգ հարյուր մարդ հավաքվել է Չերքեսկի կառավարական տանը՝ պահանջելով թույլ չտալ Իսրայելից այցելուներին տարածաշրջան մտնել։ Հետո ավելացավ ևս մեկ պահանջ՝ վտարել բոլոր հրեաներին Կարաչայ-Չերքեզական Հանրապետությունից։
Շաբաթ երեկոյան Դաղստանի մեկ այլ քաղաքի՝ Խասավյուրտի բնակիչները հավաք են կազմակերպել «Ֆլամինգո» հյուրանոցի մոտ՝ կապված այն լուրերի հետ, որ այնտեղ տեղավորում են «Իսրայելից փախստականներ»։ Հավաքից լուսանկարներ ու տեսանյութեր են հայտնվել սոցիալական ցանցերում։
Ըստ «ChP Dagestan» տելեգրամ ալիքի, Խասավյուրտի բնակիչները սկսել են հավաքվել հյուրանոցի մոտ այն բանից հետո, երբ ինչ-որ մեկը, իբր, դրա մոտ նկատել է «իսրայելի քաղաքացու արտաքինով նման դեմք»՝ երկար մորուքով և կիպայի նմանվող գլխարկով։
Հյուրանոց եկած ամբոխը պահանջում էր, որ բոլոր հյուրերը մոտենան պատուհաններին, որպեսզի նրանք կարողանան տեսնել իրենց։ Երբ դա տեղի չի ունեցել, հյուրանոցի վրա քարեր են նետվել։
ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որի ընդունումը հնարավորություն կտա 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով. «Սիրելի՛ հայրենակիցներ, շրջանառության մեջ եմ դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։ Նրանք այդ հնարավորությունը կունենան զինվորական ծառայության անցնելու կամ կրճատված ժամկետով ծառայության և ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով։
«Նախագծով 27-ից 37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում՝
1) զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով,
2) զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով և վճարել 2.5 միլիոն դրամ,
3) զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով և վճարել 5 մլն դրամ,
4) զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և վճարել 10 մլն դրամ,
5) զինվորական ծառայության փոխարեն վճարել 15 մլն դրամ:
Նախագծով առաջարկվող կարգավորումների կիրառմամբ՝ ակնկալվում են հետևյալ հիմնական արդունքները.
1) բազմաթիվ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք․
2) ՀՀ զինված ուժերը կհամալրվեն հայրենադարձ քաղաքացիներով, նրանք սահմանված կարգով ծառայության կանցնեն ՀՀ զինված ուժերում, կտան զինվորական երդում, իսկ ծառայությունից արձակվելուց հետո կհաշվառվեն պահեստազորում․
3) լրացուցիչ ֆինանսական միջոցներ կմուտքագրվեն ՀՀ պետական բյուջե․
4) կխնայվեն 27 տարին լրացած, զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին հայտնաբերելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, դատապարտելու, անազատության մեջ նրանց պահելու համար ծախսվող ֆինանսական և նյութական միջոցները․
5) որոշակի չափով կթոթափվի ոստիկանության, քննչական կոմիտեի, դատախազության, դատարանների, պրոբացիայի ծառայության և իրավասու մյուս մարմինների համապատասխան գործառութային ծանրաբեռնվածությունը․
6) բազմաթիվ երիտասարդներ՝ շատերն ընտանիքներով, կվերադառնան հայրենիք մշտական բնակության՝ իրենց հետ բերելով օտարերկրյա պետություներում կուտակած ֆինանսական միջոցները, որոնց հաշվին կկատարվեն ներդրումներ, կներգրավվեն աշխատանքում, ինչպես նաև կստեղծվեն նոր աշխատատեղեր․
7) այն երիտասարդները, ովքեր չեն տեղափոխվի ՀՀ մշտական բնակության, առնվազն՝ որպես զբոսաշրջիկ, հաճախակի անխոչընդոտ կայցելեն հայրենիք»։
Ըստ Հայկ Սարգսյանի՝ անկալվում է, որ օրենքի ընդունումով կամրապնդվեն ու կխորանան Սփյուռքի հետ բազմաբնույթ կապերը։
Այսօր Թուրքիայի Հանրապետությունը նշում է իր 100-ամյակը, և նախագահ Էրդողանը փորձում է իրեն դիրքավորել որպես նոր խալիֆ՝ բոլոր մահմեդականների, թուրքերի, օսմանցիների առաջնորդ: Թուրքիայի 100-ամյակի գլխավոր “բոնուսը” պետք է լինի Հայաստանը՝ օկուպացված Արցախով ու Սյունիքով և միջանցքներով մասնատված տարածքով։ Սակայն առայժմ Էրդողանը զբաղված է փոքր էկումենով, որի կենտրոնը Երուսաղեմն է։
Պաղեստինում Իսրայելի գործողությունների հետ կապված՝ Էրդողանը նշել է, որ իրենք բախվում են Արևելյան և Հարավարևելյան Անատոլիայի հայերին, իսկ Էգեյան, Մարմարա և Սև ծովերում՝ հույներին հրահրողների «ժամանակակից տարբերակներին»։
«Մենք կանգնած ենք նրանց չպարզված հաշիվների հետ, ովքեր վերջին երկու դարերի ընթացքում մեզ բաժանել են քաղաքական, աշխարհագրական, սոցիալ-տնտեսական մասերի», – հավելել է Էրդողանը։
«Մենք»-ը կա՛մ թուրքերն են, կա՛մ մահմեդականները, կա՛մ Օսմանյան կայսրությունը: Էրդողանը փորձում է «մասերը» համախմբել մեկ ամբողջության մեջ՝ օգտագործելով Հայաստանը որպես միջանցք կամ «խաչմերուկ», ինչպես խորամանկորեն ասում է Նիկոլ Փաշինյանը։
Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Թուրքիային 100-ամյակի կապակցությամբ․ առանց Մոսկվայի այսօրվա Թուրքիան գոյություն չէր ունենա։ Ռուսաստանից ստացված տոննաներով զենքը, ոսկին և պաշարները օգնեցին Աթաթուրքին պահել Օսմանյան կայսրության մնացորդները, իսկ 1921 թվականի ռուս-թուրքական նենգ պայմանագրերը դեռևս սահմանում են Թուրքիայի հյուսիսային սահմանները:
«Վստահ եմ, որ մենք կշարունակենք հետևողականորեն ավելացնել երկկողմ կապերի ողջ շրջանակը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների՝ ի շահ ավելի արդար և ժողովրդավարական աշխարհակարգ կառուցելու», – ասված է Պուտինի ուղերձում Էրդողանին։
Էրդողանը ելույթ է ունեցել շաբաթ օրը Ստամբուլում ի պաշտպանություն պաղեստինցիների բազմահազարանոց ցույցի ժամանակ։ «Իսրայել, մենք քեզ աշխարհի աչքում պատերազմական հանցագործ կհայտարարենք։ Մենք հենց հիմա պատրաստվում ենք դրան։ Հեյ Իսրայել! Ինչպե՞ս ես եկել այստեղ: Ինչպե՞ս մտար այստեղ: Դու օկուպանտ ես։ Դու կազմակերպություն ես: Թուրք ժողովուրդը դա գիտի։ Հեյ, Արեւմուտք! Ես խոսում եմ քեզ հետ։ Ցանկանու՞մ ես նորից պատերազմ սկսել խաչի և կիսալուսնի միջև։ Եթե դու դա անում ես, ուրեմն իմացիր, որ [թուրք] ժողովուրդը չի մահացել։ Մենք կանգնած ենք բարձունքում: Եվ նույն վճռականությամբ, ինչպես Լիբիայում, ինչպես Ղարաբաղում, մենք Մերձավոր Արևելքում ենք»,- ասել է Էրդողանը:
Նա Իսրայելը համառորեն անվանում է ոչ թե պետություն, այլ կազմակերպություն՝ ակնարկելով որոշակի հանգամանքներ, որոնցում ստեղծվել է այս երկիրը։ Էրդողանը չի թաքցնում նաեւ, որ Երուսաղեմը եղել է Օսմանյան կայսրության կազմում, եւ իրենք կարող են վերադառնալ։
«Երբ այն ուժերը, որոնց վրա այսօր հենվում է Իսրայելը, գնան, առաջին տեղը, որտեղ իսրայելցի ժողովուրդը կփնտրի անվտանգություն և ողորմություն, կլինի Թուրքիան, ինչպես 500 տարի առաջ», – ասել է Էրդողանը:
Սակայն, արեւմտյան փորձագետների կարծիքով, Հայաստանը «ամենացածր կախված պտուղն» է Էրդողանի համար, ով ուժի ցուցադրման խիստ կարիք ունի։
«Հոկտեմբերի 29-ը կարևոր իրադարձություն է երկրի համար՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը, առանց որևէ նշանակալի ծրագրված տոնակատարությունների: Էրդողանը, ով վերջերս երկարաձգեց իր երկու տասնամյա իշխանությունը, հուսահատորեն ցանկանում է տարեդարձը նվիրել բացառապես իրեն. հարյուրամյակին նվիրված ինը պաշտոնական պաստառներից հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը պատկերված է միայն մեկ անգամ։ Սա զարմանալի չէ. Էրդողանը վճռել էր պատմության մեջ մտնել որպես Աթաթուրքից ավելին հարգված մեծ գործիչ, բայց նա չկատարեց վեհ խոստումները: Հաջողակ ներխուժումը Հայաստան հնարավոր կդարձներ իրականացնել Հայոց ցեղասպանության ժամանակ դրված նպատակը՝ մշտական կապ ունենալ Ադրբեջանի և Թուրքիայի միջև, ինչին նույնիսկ Աթաթուրքը չկարողացավ հասնել»,- ընդգծում է վերլուծաբաններից մեկը։
Ինչ վերաբերում է նրան, որ մենք գումարներ էինք բաժանում, տներ էինք գնում, մեքենաներ էինք նվիրում, դա կեղծ է, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ պատասխանելով այն հարցին, որ շատ է խոսվում այն մասին, որ Արցախի բյուջեն դատարկ է, մինչև նրա պաշտոնավարումը ամեն ինչ բաժանված էր՝ պետական գույքը, մեքենաներ են սեփականաշնորհվել, սեփական տարածքներ են վաճառվել պետությանը։
«Ինչ վերաբերում է բյուջեն դատարկ լինելուն՝ մեր գանձապետական ծրագիրն այնպիսին է, որ իրականացված ցանկացած փոխանցում, որ չի համապատասխանում մեր օրենսդրությանը, չի կարող իրականացվել։
Նաև տեղյակ եմ այն հայտարարություններից, որ հնչում են մեր քաղաքացիների կողմից։ Ես նաև ՀՀ ուժային կառույցներին և համապատասխան մարմիններին կխնդրեմ դրանք ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում, զբաղվել դրանցով և պարզել իրողությունը։
Ինչ վերաբերում է նրան, որ մենք գումարներ էինք բաժանում, տներ էինք գնում, մեքենաներ էինք նվիրում, դա կեղծ է, չի համապատասխանում իրականությանը։ Իմ ընտրվելուց հետո որևէ մեկին վարկ չենք տվել, որևէ բնակարան չենք գնել, մեքենաներ չենք նվիրել։ Մինչև ինձ կատարվածին չեմ հասցրել ծանոթանալ, քանի որ ունեցել եմ շատ կարճ ժամանակահատված»։
Հարցին, թե նա պետնախարար է եղել և մինչ այդ էլ բարձր պաշտոններ է զբաղեցրել և տեղյակ է եղել այդ խոսակցություններին, Շահրամանյանը ասաց, որ որպես պետնախարար ինքը կարճ ժամանակ է պաշտոնավարել և հիմնականում զբաղված է եղել բնակչության հումանիտար կարիքները բավարարելու ուղղությամբ:
«Մենք սովորական հաց չունեինք։ Ալյուր ձեռք բերելու և մեր բնակչությանը սննդով ապահովելու ուղղությամբ մեծ աշխատանք էր իրականացվում։Ինչ վերաբերում է գրոծարքներին, եթե դրանց մեջ կան ֆինանսական խախտումներ կամ այդ գործընթացները հանցակազմ են պարունակում, պատրաստ եմ ինքս էլ հաղորդագրություն տալ, որ համապատասխան մարմինները դրանով զբաղվեն և պարզեն իրողությունը»։
Նախագահը հերքում է նաեւ փաստաթղթերը վառվելու մասին տեղեկությունը:
«Դա չի համապատասխանում իրականությանը․ մենք ունենք բոլոր կրիչները և ծրագրերը, որոնք պահում են բոլոր մարդկանց տվյալները, ովքեր օգտվել են հիմնադրամներից, այլ վարկային կազմակերպություններից և բոլոր պարտավորությունների վերաբերյալ մենք ունենք տեղեկություններ»,- նշում է նա։
Հարցին, թե փաստաթղթերը վառելու վերաբերյալ խոսակցությունները տարածվում էին այն պատճառով, որ զինվորական ծառայությունում գտնվող մարդիկ և շատ այլ անձինք չէին կարողանում իրենց փաստաթղթերը վերականգնել և նրանց ասում են, որ չկա ինֆորմացիա, արդյոք դա այդպես է, նախագահն ասաց. «Բոլոր այս հարցերը քննարկվում են Հայաստանի համապատասխան կառույցների հետ։ Մենք մեր բոլոր ծրագրերը և ունեցած էլեկտրոնային կրիչները տեղափոխել և հանձնել ենք ՀՀ Միգրացիայի ծառայությանը և համապատասխան կենտրոններ դիմելով մեր բնակությունը կարող է ստանալ իրենց հարցերի պատասխանները։ Այդ գործընթացները հնարավոր են և առաջիկայում պետք է կազմակերպվեն
Ադրբեջանական կողմը ցուցաբերում էր ընտրովի մոտեցում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ Ադրբեջանն առեւանգեց Արցախի երեք նախագահներին, իսկ իրեն ոչ, ինչպե՞ս է ինքը հասել Երեւան:
«Կարելի է այդ հարցը շարունակել, եւ հարցնել՝ ինչու որոշ գործող ղեկավարներ դուրս են եկել, եւ ձերբակալվել են նախկին ղեկավարներ, օրինակ, պաշտպանության նախկին նախարար, պաշտպանության նախկին նախարարի տեղակալ, բայց բոլոր գործողներն անվտանգ դուրս են եկել: Ես չեմ կարող պատասխանել, թե ինչու Ադրբեջանի կողմից կայացվեց նման որոշում, բայց նաեւ կարող եմ եզրակացնել, որ այդ մարդիկ, որոնք հայտնվել են Ադրբեջանում, ձերբակալվել եւ տեղափոխվել են Բաքու քաղաքական նպատակներով»,-ասաց Շահրամանյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է անցել հսկիչ անցագրային կետը, Շահրամանյանը պատասխանեց. «Ես տեղափոխվել եմ ուղղաթիռով: Ուղղաթիռով տեղափոխվել ենք ես, պաշտպանության նախարարը եւ իմ անվտանգության երկու աշխատակիցները: Մենք հասել ենք Սիսիան ուղղաթիռով»,- ասաց նա:
Արցախցիները Հայաստանում հյուր չեն, սա նաեւ արցախցիների հայրենիքն է, որի անվտանգության համար նաեւ 30 տարիների ընթացքում արցախցիները համապատասխան ծառայություն են իրականացրել, դժվարություններ են կրել եւ ՀՀ ժողովրդի հետ համատեղ ապահովել են մեր ընդհանուր հայրենիքի անվտանգությունը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանը երկու ճանապարհ է առաջարկել՝ ընդունել ՀՀ քաղաքացիություն եւ ինտեգրվել, կամ ստանալ փախստականի կարգավիճակ:
«Այսօր խոսել, որ մենք այստեղ պետք է պահպանենք մեր ինքնությունը, բնականաբար պետք է պահպանենք, եւ ինձ թվում է, նաեւ ՀՀ իշխանությունները եւ մեր հայրենակիցները ամեն ինչ կանեն, որ հնարավորություն տան այդ ինքնությունը պահպանել:
Փախստականի կարգավիճակ տալու վերաբերյալ որոշումները մեզ հետ չեն քննարկվել: Ինձ թվում է՝ այդ փախստականի հարցը շատ է քննարկվում, որ տարիներ շարունակ կրելով ՀՀ անձնագիր, այսօր մենք ունենք այդ կարգավիճակը: Ինձ թվում է՝ առաջիկայում ՀՀ պատասխանատուները կտան հիմնավոր պատասխաններ այս հարցերի շուրջ»,-ասաց նա:
Ասել, որ վերջին օրերին է Արցախի վրա հարձակման գաղափարը ծագել եւ Արցախում նախագահի ընտրությունների հետ է կապված Ադրբեջանի հարաձակումը, ճիշտ չէ եւ կեղծ թեզ է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:
«Ուզում եմ վստահեցնել, որ ադրբեջանական կողմը հաշվի չի առնում, թե ինչ գործընթացներ են իրականացվում Արցախում եւ պարզ է, որ վերջին իմ ընտրվելուց հետո չէ մշակվել այդ ռազմական գործողությունների պլանը: Դա նախօրոք մշակված, պատրաստված էր եւ դուք տեղյակ եք, որ մենք 9 ամիս եղել ենք բլոկադայի մեջ, վերջին 4 ամիսները՝ պաշարման մեջ: վերջին ամիսներին ես որպես ԱԽ քարտուղար, մշտապես ստանում էի այդ տեղեկությունը:
Մենք պարբերաբար քննարկում էինք ԱԽ նիստերում, թե ինչ կուտակումներ է իրականացնում Ադրբեջանի զինված ուժերը մեր շփման գծի ողջ երկայնքով: Նաեւ ծանր տեխնիկա, հրետանի, բավականինմեծ քանակի անձնակազմ, այդ թվում հատուկ նշանակության, գտնվում էր մեր բնակավայրերին շատ մոտ: Խոսել, որ վերջին օրերին է այդ գաղափարը ծագել եւ ընտրությունների հետ է կապված այդ հարևձակումը, ճիշտ չէ եւ կեղծ թեզ է»,-ասաց նա:
Թեզեր են շրջանառվում, որ որոշակի պադվալային պայմանավորվածությունների արդյունքում է իմ թեկնածությունը առաջադրվել Արցախի նախագահի պաշտոնում. Դա կեղծ օրակարգ է եւ չի համապատասխանում իրականությանը, նշեց Սամվել Շահրամանյանը:
«Իրականում հարցը հետեւյալն է, որ Արցախի ԱԺ-ում 4 քաղաքական ուժերից 4-ը դիմել են ինձ եւ մենք բավականին երկար քննարկումներ ենք ունեցել, որից հետո որոշել են առաջադրել իմ թեկնածությունը որպես Հանրապետության նախագահ: Դուք էլ եք հիշում, որ 2020-ի ընտրություններում մենք ունեցել ենք 14 թեկնածու, սակայն այս բարդ իրավիճակում մենք գրեթե չենք ունեցել ցանկացողներ այդ բեռը վերցնել իր վրա: Որպես թեկնածու շոշափվում էր իմ անձը, եւ ինչքան ես տեղյակ եմ եւ ինչպես հետո պարզվեց, նաեւ Սամվել Բաբայանի թեկնածությունը, որը նաեւ իրեն չի առաջադրել իր կուսակցությունը. Որը համարում է իրեն հանրապետությունում երկրորդ ուժը:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչու են կանգնել իմ թեկնածության վրա, ես ուզում եմ պարզ պատասխան տալ, որ ես իմ անցած ճանապարհով, Արցախում իմ ապրած տարիները երեւի թույլ են տվել այն ուժերին, որոնք առաջադրել են իմ թեկնածությունը, հաշվի առնել, որ ես չունեմ հանցավոր անցյալ, ես իմ աշխատանքի ընթացքում չեմ ունեցել քրեական գործեր իմ վրա հարուցված յուրացումների, պետությանը հասցրած վնասի կամ բարոյական այլ խնդիրներ: Երեւի հենց դա է եղել պատճառը, որ այդ քաղաքական ուժերի մեջ եղել է այդ կոնսենսուսը»,-ասաց նա:
Շահրամանյանի խոսքով, ինքը հասկանում էր, թե ինչ մեծ պատասխանատվություն է ընկնում իր վրա եւ ինքը գիտակցաբար է գնացել այդ քայլին՝ «հաշվի առնելով, որ ես չէի պատրաստվում լքել Արցախը, իմ ընտանիքը միշտ ապրում էր Արցախում, իմ տղան շարունակում էր ծառայել Արցախի բանակում»:
«Այս ամենը ինձ տալիս էր այն համոզմունքը, որ անհրաժեշտ է վերցնել այդ պատասխանատվությունը եւ փորձել դուրս գալ այս ծանր իրավիճակից»,-ասաց Շահրամանյանը:
Այո, սեպտեմբերի 19-ի ուշ երեկոյան Հայկ Խանումյանը զանգահարել է ինձ եւ հայտարարել որ Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել իշխանությունը, կանգնեցնել ռազմական գործողությունները եւ գնալ բանակցությունների ադրբեջանական կողմի հետ, նշեց Արցախի նախագահը:
«Ես իրեն առաջարկել եմ, որ դեմ չեմ, թող Սամվել Բաբայանը ներկայանա, ներկայացնի իր ծրագիըը, տեսլականը, եւ եթե այն մեզ համար ընդունելի է, ես պատրաստ եմ գնալ նաեւ այդ քայլերին: Ինքն ասաց՝ ոչ, պետք է իշխանությունը հանձնվի իրեն եւ ինքը իրականացնի մնացած գործընթացները:
Ճիշտն ասած, ինձ համար այդ առաջարկը տարօրինակ էր, եւ չնայած իմանալով, թե հետագայում ինչ ազդեցություն կարող է ունենալ այդ խոսակցությունը եւ ինչ ձեւի կարող էր մեկնաբանվել, ես սեպտեմբերի 19-ի երեկոյան կապ եմ հաստատել ադրբեջանական կողմի՝ մեզ հետ աշխատող պատասխանատու հետ եւ փորձել իրենից ճշտել, թե արդյոք կա՞ Արցախում ուրիշ այլ թեկնածու, ում հետ իրենք պատրաստ են վարել բանակցություններ եւ դրա ընթացքում ավելի շուտ հնարավոր կլինի դադարեցնել ռազմական գործողությունները եւ ավելի հեշտ բանակցություններ իրականացնել, քանի որ Արցախում կային քննարկումներ, որ հնարավոր է Սամվել Բաբայանը կամ Վիտալի Բալասանյանը ավելի ընդունելի թեկնածուներ լինեն որպես բանակցող»,-ասաց Շահրամանյանը:
Նա ընդգծեց, որ ադրբեջանական կողմից ստացել է բացասական պատասխան. «Ինձ համար պարզ է եղել, որ դա արկածախնդրություն էր եւ պետք է շարունակել բանակցությունները ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ»,- ասաց նա:
Իրականում մենք նման հնարավորություն չենք ունեցել առանց պատերազմի եւ զոհերի լքելու Արցախը:
«Դա հռետորական հարց է, որ կարելի է ասել, որ կար հնարավորություն: Բայց իրականում մենք նման հնարավորություն չենք ունեցել, եւ ես չէի տեսնում նման հնարավորություն, ինչը կստիպեր արցախցիներին հավատալ իրենց ղեկավարությանը եւ առանց որեւիցե դիմադրություն ցույց տալու թողնեինք ու դուրս գայինք մեր հայրենիքից: Իհարկե, հարձակումից հետո մենք բոլորս լծվել ենք մեր հայրենիքը պաշտպանելու գործին, եւ բոլոր հանգամանքները հաշվի առնելով մենք եկել ենք այդ եզրակացությանը, որ ճիշտ է դադարեցնել եւ փրկել կյանքեր»,- ասաց նա:
Սամվել Շահրամանյանը նշում է, որ առանց դիմադրության ոչ մի ժողովուրդ էլ դուրս չի գա իր հայրենիքից:
Ռազմական գործողությունների սկսվելուց հետո ես հասկացել եմ, որ մենք մենակ ենք ադրբեջանական ագրեսիայի դեմ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Արցախը, փաստացի, մենակ էր ու նախագահը գիտեր այդ մասին, այդ վիճակում օգնության ռեալ առաջարկներ, խոստումներ կայի՞ն և ո՞ւմ կողմից։
«Սեպտեմբերի 19-ի առավոտյան ես գտնվում էի ռուս խաղաղապահ զորակազմի հրամարատարի մոտ։ Առաջին ազդակը, որ հնարավոր է՝ սկսվի ռազմական գործողություն, եղել է այն, որ Շուշիի ներքևում գտնվող ադրբեջանական հենակետից մոտեցել են նույն վայրում գտնվող ռուսական հենակետին և զգուշացրել, որ թաքցնեն անձնակազմը, շուտով կաշխատի հրետանի։ Այդ փաստը մենք ներկայացրել ենք ռուս խաղաղապահներին, նրանք էլ էին տեղյակ դրա մասին և ճշտումներից հետո այդ փաստը հաստատվել է, և ինձ համար պարզ է դարձել, որ որոշ ժամանակ անց հնարավոր է, որ կսկսվեն ռազմական գործողություններ։
Տևական ժամանակ մեր զինված ուժերը և ուժային կառույցները բերված էին բարձր մարտական աստիճանի, տրված էին համապատասխան հրահանգները, այդ թվում՝ նաև քաղպաշտպանության հետ կապված։ Իմ՝ աշխատասենյակ բարձրանալուց կես ժամ անց սկսվել են ռազմական գործողությունները։ Գրեթե բոլոր շրջանները ենթարկվում էին ինտենսիվ հրետակոծության և մենք պետք է ամեն ինչ անեինք դիմադրելու համար։
Ռազմական գործողությունների սկսվելուց հետո ես հասկացել եմ, որ մենք մենակ ենք ադրբեջանական ագրեսիայի դեմ։
Ռուսական կողմը, կարելի է ասել, գտնվում էր դիտորդի կարգավիճակում, և մենք պետք է մեր հարցերը ինքնուրույն կարողանայինք կարգավորել։ Պաշտպանության բանակի, այլ ուժային կառույցների և մեր բնակչության հետ միասին սկսվել են պատասխան գործողությունները։ Հենց այդ գործողությունների շնորհիվ էր, որ հնարավոր եղավ Ադրբեջանի հետ սկսել բանակցություններ, որոնք տևել են 12 ժամ»,- ասել է նա։
Շահրամանյանը նշու է, որ իրենց համար պարզ էր, որ անհրաժեշտ է կանգնեցնել ռազմական գործողությունները, քանի որ ուժերը անհամեմատ էին և որքան երկար շարունակեին՝ այնքան զոհեր և կորուստներ կունենային:
«Իմ նպատակը՝ որպես Արցախի նախագահ, եղել է հնարավորինս շուտ կանգնեցնել պատերազմը, որ խուսափեինք ավելի շատ զոհերից։
Ստիպված էի կապ հաստատել Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, որոնք ինձ ծանոթ էին, նախկինում նաև Արայիկ Հարությունյանի հետ ունեցել են կապ և լիազորված էին մեզ հետ համապատասխան աշխատանք իրականացնել։ Սկսեցինք բանակցություններ ռազմական գործողությունները կանգնեցնելու համար։
Առաջինը ինձ ադրբեջանցիները փոխանցել են, որ ռազմական գործողություններն ունեն իրենց նպատակները, և դրանք չեն դադարի մինչև չհասնեն վերջնական նպատակին։ Նպատակը պարզ էր՝ ամբողջությամբ տիրապետել Արցախին։
Հաշվի առնելով, որ Ադրբեջանն էլ էր կրում զգալի կորուսներ և մեր շրջանները գտնում էին շրջափակման մեջ․ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումներն ու զինտեխնիկան մոտեցել էր Ստեփանակերտին՝ Կրկժանի տեղամասին շատ մոտ՝ այդ իրավիճակում մեզ այլ բան չէր նմում, քան գնալ ավելի մեծ զիջումների։ Եվ ես առաջարկել եմ, որ նրանք գրավոր ուղարկեն իրենց պահանջները՝ ռազմական գործողությունները անհապաղ դադարեցնելու համար։
Պարզ է, որ առաջին փաստաթուղթը մեր կողմից չի ընդունվել, և մենք մեծ կազմով, որի մեջ մտնում էին անվտանգության խորհրդի ողջ կազմը, նախկին նախագահներն ու գրեթե բոլոր քաղաքական ուժերը, մշտապես քննարկումներ էինք անում, փոփոխություններ մտցնում և տեղեկացնում ադրբեջանական կողմին»,-ասաց նա:
Շահրամանյանը, սակայն, չի ցանկանում անդրադառնալ առաջին փաստաթղթին, որին իրենք չեն համաձայնել, սակայն նշում է՝ դա կապիտուլացիայի փաստաթուղթ էր։
«Բանակցությունների արդյունքում մենք ընդունել ենք մի փաստաթուղթ, որը նախատեսում էր հոկտեմբերի 20-ին, ժամը 13։00-ին բոլոր ուղղություններով դադարեցնել ռազմական գործողությունները, երկրորդ կետով՝ պաշտպանական բանակի լուծարում, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մնացորդների դուրսբերում: Այդ թվում՝ հանձնվում էր ծանր զինտեխնիկան՝ հետագա ուտիլիզացիայի նպատակով»։
Անդրադառնալով ՀՀ զինված ուժեր վիճահարույց ձեւակերպմանընա նշում է, որ իհարկե, ՀՀ զինված ուժեր Արցախում չկային, դա Ադրբեջանի պահանջն է եղել:
«Պարզ է, որ մեզ համար անընդունելի էր այդ ձևակերպումը ՀՀ զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ, բայց դա Ադրբեջանի պնդումն էր, և մենք, հասկանալով որ այդ փաստաթղթի տակ չենք ստորագրում, ոչ մի իրավական պատասխանատվություն չենք վերցնում մեզ վրա և առաջիկայում էլ նրանց տեղեկացնում էինք և՛ բանավոր, և՛ գրավոր, որ ՀՀ զինված ուժերը ներկայացված չեն Արցախում։
Երրորդ կետը նախատեսում էր հանդիպում Եվլախում հոկտեմբերի 21-ին, որի ընթացքում պետք է քննարկվեին Ադրբեջանի կողմից ներկայացված ինտեգրացիայի հարցերը։ Այս կետը մեզ համար նորություն չէր, որովհետև մենք մինչև այդ էլ համաձայնել ենք Եվլախում հանդիպել՝ նպատակ ունենալով մեղմացնել և թուլացնել լարվածությունը։
Երկրորդ կետի հետ կապված տեղյակ եմ, որ կան բազմաթիվ հարցադրումներ, թե ինչու է սպառազինությունը հանձնվել և թողնվել Արցախում։ Սպառազինությունը Հայաստան տեղափոխելու հնաարվորությունը մենք կորցրել ենք Ադրբեջանական կողմից հսկիչ-անցագրային կետի տեղադրումից հետո, և պարզ էր, որ մենք ծանր տեխնիկայով չէինք կարող դուրս գալ Արցախից։ Այսինքն, այսօր անիմաստ է խոսել այդ տեխնիկայի դուրսբերման մասին։ Հայտարարության համաձայն՝ տեխնիկան հանձնել ենք ռուսական կողմին՝ հետագա ուտիլիզացիայի համար․ դա, ըստ պայմանավորվածության, պետք է ոչնչացվի»։
Շահրամանյանը նշում է, որ Արցախի Հանրապետության ղեկավարության և անձամբ իր կողմից կայացված որոշումների միակ նպատակը եղել է արցախցիների, բանակի, զինվորների, սպայակազմի կյանքերը փրկելը, ինչը, կարծում է, որ կարողացել են անել։
«Պաշտպանության բանակի ողջ անձնակազմը պատերազմի կանգնեցումից հետո հսկիչ-անցագրային կետով անցել է և որևէ մեկը չի ձերբակալվել։ Դա եղել է մեր պայամանվորվածության արդյունքը։
Հսկիչ-անցագրային կետը աշխատում էր ոչ թե 08։00-18։00, այլ 24 ժամ-յա ռեժիմով, և պայամանվորվել էինք, որ ստուգումները պետք է իրականացվեն շատ թեթև կամ գրեթե չիրականացվեն, ինչը սկզբնական շրջանում այդպես էլ կատարվում էր»,-ասաց նա:
Մենք կապի մեջ ենք եղել Հայաստանի ղեկավարության հետ, որոշ հարցեր քննարկել ենք, որոշ հարցեր հնարավոր չէր լինում քննարկել, քանի որ բացակայում էր կապը: Այս մասին Սամվել Շահրամանյանը ասել է՝ պատասխանելով հարցին, թե այս ողջ ընթացքում խոսե՞լ է Հայաստանի իշխանության որեւէ ներկայացուցչի կամ վարչապետի հետ, կապի մեջ եղե՞լ է, իր որոշումների մասին նրանց տեղյակ պահե՞լ է:
«Դուք գիտեք, որ պատերազմի հետեւանքով մենք կորցրել էինք Ղարաբաղ տելեկոմի հնարավորությունները համացանցը աշխատում էր շատ վատ, գրեթե խզված էր գծային կապը Հայաստանի հետ»,-ասաց Շահրամանյանը:
Հարցին, թե Հայաստանը տեղյա՞կ էր՝ Արցախն ինչ է ստորագրում, նա պատասխանեց. «Հայաստանը տեղյակ էր Արցախն ինչ է ստորագրում եւ մենք քննարկում էինք Հայաստանի իշխանությունների հետ հնարավոր վտանգները՝ կապված այդ փաստաթղթերի հետ, բայց մեր նպատակն այդ իրավիճակում արցախիցների կյանքերը փրկելն էր:
Մեր հաջորդ քայլը պետք է լինի այն, որ սկսենք զբաղվել այն հարցերով, որոնք թույլ կտան ամրագրել Արցախից տեղահանված մեր քաղաքացիների հետվերադարձը, ասել է Սամվել Շահրամանյանը:
«Դա մեր օրակարգային հարցերից մեկն է եւ պետք է սկսենք քննարկումներ ու ճանապարհների որոնումներ այդ հարցի լուծման համար»,-ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ կարգավիճակով վերադարձի մասին է խոսքը, Շահրամանյանը պատասխանեց. «Դա քննարկումների, բանակցությունների հարց է։ Բնակչության վերադարձի հարցում հետաքրքրված են տարբեր քաղաքական կենտրոններ՝ եվրոպական, ամերիկյան, ռուսական։ Դրանում շահագրգռված է, ինձ թվում է, նաև Ադրբեջանը։ Քանի որ միջազգային հանրությունից մեղադրանքներ են հնչում, որ իրենք նպաստել են մեր բնակչության բռնի տեղահանմանը»,-նշեց նա:
Դիտարկմանը, թե ոչ ազատ ու անկախ Արցախ ինքը կվերադառնա՞, Սամվել Շահրամանյանն արձագանքեց. «Ես ունեմ իմ պատկերացումները՝ ինչպիսին պետք է լինի Արցախի կարգավիճակը եւ ինչպիսին պետք է լինի Արցախը, որպեսզի եւ ես որպես արցախցի, եւ իմ ընտանիքը կարողանա վերադառնալ: Դրա մասին դեռ վաղ է խոսել, որովհետեւ մեզ մեծ աշխատանք է սպասվում առջեւում: Եթե առաջիկայում մեզ հաջողվի նման ձեւաչափ ստեղծել եւ գործը տեղափոխել քննարկումների փուլ, իհարկե, մենք խոսելու ենք դրա մասին նաեւ մեր հանրության հետ: Այս պահին նման գործընթաց չկա, բայց ես նախադրյալներ տեսնում եմ, որ հնարավոր կլինի առաջիկայում սկսել այդ գործընթացը»:
Վերջում Արցախի նախագահն արցախցիներին կոչ արեց ապրել արարել Հայաստանում,՝ չմոռանալով որ Հայաստանը մեր հայրենիքն է:
Եվրամիությունն աջակցել է Հայաստանի ամբողջ տարածքում պարեկային ծառայության ստեղծմանը թե՛ տեխնիկական աջակցության, թե՜ փորձագիտական ներուժի տրամադրման միջոցով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն, ով մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը:
«Եվրոպական միության անունից ցանկանում եմ մեր ամուր ներգրավվածությունն ու աջակցությունը հաստատել վերջին տարիների ընթացքում օրենքի գերակայությանն ուղղված բարեփոխումների շրջանակում, որը շարունակում է մնալ ժողովրդավարական կառավարման, համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմնական արդյունավետ իրականացման հենասյունը:
Մեզ համար Եվրոպական Միության ներսում իրավունքի գերակայությունը և հիմնարար իրավունքները շարունակելու են մնալ հիմքը մեր միության:
Որպես դրա էական վկայություն և այդ բարեփոխումների առաջընթաց՝ ուզում եմ ընդգծել այսօրվա պարեկային ծառայության մեկնարկը և ամբողջական գործարկումը, որի վերջին մասն իրականացվում է այսօր Սյունիքում և, իհարկե, Ներքին գործերի նախարարության ստեղծումը 2023 թվականի հունվարին:
ԵՄ-ն աջակցել է Հայաստանի ամբողջ տարածքում պարեկային ծառայության մեկնարկին՝ դրա իրականացմանն ու գործարկմանը տեխնիկական աջակցության միջոցով, ինչպես նաև փորձագիտական ներուժի տրամադրմամբ, որը ներառել է վերապատրաստումներ պարեկային ծառայողների համար: Իսկ այսօր մենք ներկայացնում ենք 75 նոր գնված մեքենաների մասնակցությունը պարեկային ծառայության գործունեության մեջ»,- ասաց ԵՄ դեսպանը։
Վասիլիս Մարագոսն ընդգծեց և ողջունեց Կառավարության ներգրավվածությունն ու մասնակցությունը Ներքին գործերի նախարարության բոլոր ոլորտներում:
«Իհարկե, կան մարտահրավերներ, և ես վստահ եմ, որ դրանց անպայման անդրադարձ է կատարվելու ավելի բարձր կարողությունների զարգացման, շարունակական կրթության միջոցով, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման միջոցով, որպեսզի նոր, բարեփոխված ոստիկանական ծառայության համակարգը կարողանա պատշաճ կերպով ծառայել քաղաքացիների կարիքներին:
Ինչպես նշեց ԵՄ դեսպանը՝ բոլորիս համար Սյունիքը Հայաստանի դիմակայության և ամրության խորհրդանիշն է:
«Ուզում եմ նաև մեջբերել Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքերը՝ Գրանադայում տեղի ունեցած հանդիպումից հետո արված հայտարարության ժամանակ. «Եվրոպական Միությունը Հայաստանի կողքին է, և լիարժեքորեն նվիրված է աջակցելու բանակցություններին»,-ասաց ԵՄ դեսպանը։
Վասիլիս Մարագոսը նաև ընդգծեց, որ բացի այս նախագծից, Եվրոպական Միությունը տարբեր այլ նախագծերի միջոցով աջակցում է Սյունիքի մարզի դիմակայունության բարձրացմանը:
«Եվ այդ նախաձեռնություններից մեկն է «Թիմ Եվրոպա» նախաձեռնությունը, որի շրջանակներում արդեն ավելի քան 100 հազար եվրո հատկացումներ է իրականացվել Սյունիքի մարզի զարգացման համար: Մենք ակնկալում ենք այս նախագծերն ու ծրագրերն իրականացնել այս մարզի բնակիչների համար՝ կառավարության հետ միասին»,-եզրափակեց ԵՄ դեսպանը։